«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հունվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11317023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 դեկտեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 15-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների 3-րդ կետերով
Հրամայում եմ`
1. Ստեղծել ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողով՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահին՝
1) (ենթակետը հանվել է 07.07.17 N 7-Ն)
2) ապահովել ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների 16-րդ կետերով սահմանված կարգով ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության պայմանագիր կնքելու վերաբերյալ եզրակացությունների, ինչպես նաև վերջնական օգտագործողի և վերջնական օգտագործման հավաստագրի նախապատրաստման ու դրանք ՀՀ պաշտպանության նախարարի ստորագրմանը ներկայացնելու գործընթացը,
3) ապահովել միջազգային պրակտիկային համապատասխան ռազմական նշանակության արտադրանքի ցանկի փոփոխությունների ներառումը ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում:
(3-րդ կետը փոփ. 07.07.17 N 7-Ն)
4. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետին՝
ապահովել լիցենզավորված անձանց գործունեությանը ներկայացվող պարտադիր պահանջներ և պայմաններ սահմանող ՀՀ օրենսդրության և միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների փոփոխությունների վերաբերյալ ծանուցումը լիցենզավորված անձանց:
ՀՀ պաշտպանության նախարար |
Վ. Սարգսյան |
Հավելված N 1 ՀՀ պաշտպանության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 15-Ն հրամանի |
ԿԱԶՄ
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դ. Փախչանյան (հանձնաժողովի նախագահ),
2. ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի վարչական ապարատի ղեկավար, քհծ 1-ին դասի խորհրդական Կ. Սողոմոնյան,
3. ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության շտաբի պետ-սպառազինության վարչության պետի տեղակալ, գնդապետ Ն. Ավետիսյան,
4. ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Հ. Հարությունյան,
5. ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Ա. Յաղմուրյան,
6. ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության վարչության տեխնիկական ապահովման բաժնի պետ, գնդապետ Ա. Հասրաթյան,
7. ՀՀ զինված ուժերի ռադիացիոն քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչության ՌՔԿՊ և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի պետ, գնդապետ Հ. Հարությունյան,
8. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության 1-ին բաժնի պետ, գնդապետ Ա. Զաքարյան,
9. ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ, քհծ 1-ին դասի խորհրդական Լ. Ավագյան։
(հավելվածը խմբ. 07.07.17 N 7-Ն)
Հավելված N 2 ՀՀ պաշտպանության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 15-Ն հրամանի |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հասարակական հիմունքներով գործող մարմին է, որը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ՀՀ պաշտպանության նախարարին եզրակացություններ է ներկայացնում ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման պահանջներով և սույն կանոնադրությամբ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի նպատակն է ապահովել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման գործընթացը:
4. Հանձնաժողովն իր գործունեության նպատակին համապատասխան՝
1) եզրակացություն է ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարարին` ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակներին համապատասխանության վերաբերյալ,
2) լիցենզավորման գործընթացի շրջանակներում համագործակցում է այլ պետական մարմինների հետ,
3) ՀՀ պաշտպանության նախարարին առաջարկներ է ներկայացնում ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման գործընթացի կատարելագործման վերաբերյալ:
(4-րդ կետը լրաց. 07.07.17 N 7-Ն)
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են Հանձնաժողովի նախագահի կողմից՝ լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտը ստանալու օրվանից հետո ոչ ուշ, քան 20, իսկ լիցենզիայի կասեցման կամ դադարեցման հիմքեր ի հայտ գալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Հանձնաժողովը կազմված է 9 անդամից:
(6-րդ կետը խմբ. 07.07.17 N 7-Ն)
7. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանձնաժողովի անհատական կազմում փոփոխությունները կատարվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
8. Հանձնաժողովի նախագահը՝
1) հրավիրում է Հանձնաժողովի նիստերը և վարում դրանք,
2) ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացնում Հանձնաժողովի եզրակացությունները, ստորագրման ենթակա լիցենզիաները, ինչպես նաև լիցենզավորման գործընթացին առնչվող այլ փաստաթղթերը:
9. Հանձնաժողովի նիստի վայրի, օրվա և ժամի մասին հանձնաժողովի անդամները տեղեկացվում են պատշաճ ձևով՝ նիստի հրավիրման օրվանից ոչ ուշ, քան յոթ օր առաջ:
10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
11. Հանձնաժողովի նիստին հայտատուների և լիցենզավորված անձանց մասնակցության հարցերը կարգավորվում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
12. Հանձնաժողովի նախագահը նիստը բացելիս հայտարարում է նիստի օրակարգը և հրավիրված անձանց կազմը, հրավիրված անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է լիցենզավորման հայտի, ինչպես նաև քննարկվող այլ հարցերի ու դրանց վերաբերյալ փաստաթղթերի բովանդակությունը:
13. Հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են դռնբաց:
14. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննարկումից հետո՝ դռնփակ: Քվեարկությանը կարող են մասնակցել միայն հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի:
15. Հանձնաժողովի նիստի արդյունքներով կազմվում է արձանագրություն, որը ներառում է`
1) Հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը,
2) Հանձնաժողովի նիստին ներկա անդամների անունները, ազգանունները, գերատեսչությունները,
3) հարցի քննարկմանը մասնակցած անձանց մասին տեղեկություններ,
4) Հանձնաժողովի նիստի օրակարգը,
5) քննարկվող հարցի բովանդակությունը,
6) հարցի քննարկմանը մասնակցած անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները, հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը,
7) Հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը:
16. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրում են Հանձնաժողովի նիստի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի եզրակացությունները ստորագրում են նիստին մասնակցող Հանձնաժողովի բոլոր անդամները:
17. Հանձնաժողովի եզրակացությունը ոչ ուշ, քան նիստի օրվան հաջորդող օրը Հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացվում է ՀՀ պաշտպանության նախարարին:
18. Հանձնաժողովի նիստերը նախապատրաստում է Հանձնաժողովի քարտուղարը, որի պարտականությունները կատարում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետը: Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ և չի կարող քվեարկել:
19. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը,
2) վարում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,
3) ընդունում է լիցենզավորման հայտերը և դրանք հանձնում Հանձնաժողովի նախագահին,
4) կազմում է լիցենզիաները, լիցենզավորման գործընթացին առնչվող այլ փաստաթղթերը և ներկայացնում Հանձնաժողովի նախագահին,
5) վարում է ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա ստացած անձանց գրանցամատյանը,
6) լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտը ստանալուց հետո ՀՀ կառավարության 2009 թ. նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշմամբ սահմանված կարգով հարցումներ է ուղարկում պետական կառավարման մարմիններ,
7) ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատվելուց հետո լիցենզիաները հանձնում է լիցենզավորված անձանց՝ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ պահպանման ենթակա նորմատիվ պահանջներ և պայմաններ սահմանող ցանկի և միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների ցանկի հետ միասին:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Հանձնաժողովը ստեղծվում և Հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
(հավելվածը լրաց., խմբ. 07.07.17 N 7-Ն)