«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11217285
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
20 հուլիսի 2017 թ. ք. Երևան |
թիվ 5-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասնագիտացված հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ոստիկանության գեներալ-գնդապետ
Վ. Գասպարյան
Հավելված |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) մասնագիտացված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ձևավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Հանձնաժողովը ոստիկանությունում մշտապես գործող մարմին է, որի նպատակը ոստիկանության գլխավոր կամ ավագ խմբերի թափուր պաշտոններում նշանակման համար ներկայացվող` ծառայողական գերազանց ցուցանիշներ ունեցող և անձնական (բարոյական) բարձր որակներով բնութագրվող, մինչև նշանակումն առնվազն երեք տարի ոստիկանության միջին խմբի պաշտոն զբաղեցնող ոստիկանության ծառայողի (այսուհետ՝ թեկնածու ծառայող) թեկնածության քննարկումը և նրան կոնկրետ պաշտոնին նշանակելու համապատասխանության հարցի որոշումն է:
3. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից և ինն անդամից:
4. Հանձնաժողովի նախագահը ոստիկանության պետի առաջին տեղակալն է, անդամները` ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության շտաբի պետը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը, ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետը, ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը և ոստիկանության կադրերի վարչության պետը, իսկ հանձնաժողովի քարտուղար է նշանակվում ոստիկանության կադրերի վարչության ավագ խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներից:
5. Հանձնաժողովի քարտուղարի թեկնածությունը ներկայացվում է ոստիկանության կադրերի վարչության պետի կողմից և հաստատվում հանձնաժողովի նախագահի կողմից` նիստի արձանագրությամբ:
6. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը,
2) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և վարում դրանք,
3) կազմակերպում է հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները,
4) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանը վերաբերող մյուս փաստաթղթերը,
5) հանձնաժողովի եզրակացությունները զեկուցում է ոստիկանության պետին:
7. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի անդամներից մեկը:
8. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի կողմից:
9. Թեկնածու ծառայողի պաշտոնի նշանակման հարցը հանձնաժողովում քննարկելու նպատակով ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարը տվյալ ոլորտը սպասարկող գլխադասային ստորաբաժանման ղեկավարի կարծիքի հիման վրա, իսկ ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ինքնուրույն, հիմնավորված զեկուցագիր (միջնորդություն) են ներկայացնում ոստիկանության պետին:
10. Ոստիկանության պետի կողմից զեկուցագրի կատարումը հանձնարարվում է հանձնաժողովի նախագահին և ոստիկանության կադրերի վարչության պետին:
11. Ոստիկանության կադրերի վարչության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունից և անհրաժեշտ նյութերի նախապատրաստումից հետո դրանք ներկայացվում են հանձնաժողովի նախագահին` 7 աշխատանքային օրվա ընթացքում նիստ հրավիրելու համար:
12. Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի անդամները, միջնորդություն ներկայացրած ստորաբաժանման ղեկավարը և թեկնածու ծառայողը ծանուցվում են նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
13. Հանձնաժողովի նախագահի որոշմամբ հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նաև ոստիկանության այլ շահագրգիռ ծառայությունների ներկայացուցիչները:
14. Հանձնաժողովի նիստերի հետ կապված կազմակերպական աշխատանքներն իրականացվում են ոստիկանության կադրերի վարչության կողմից:
15. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
16. Հանձնաժողովը նիստերի ընթացքում ներկայացված նյութերը քննարկում է թեկնածու ծառայողի անմիջական մասնակցությամբ: Նյութերը հանձնաժողովին զեկուցում է միջնորդություն ներկայացրած ստորաբաժանման ղեկավարը:
17. Քննարկման արդյունքում հանձնաժողովը տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը`
1) համապատասխանում է ներկայացված պաշտոնին,
2) չի համապատասխանում ներկայացված պաշտոնին:
18. Հանձնաժողովի եզրակացությունն ընդունվում է տվյալ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ և ամրագրվում է նիստի արձանագրության մեջ: Հավասար ձայների դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը: Հանձնաժողովի քարտուղարը քվեարկելու իրավունք չունի:
19. Հանձնաժողովի կողմից սույն կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված եզրակացություն տալու դեպքում թեկնածու ծառայողին պաշտոնի նշանակելու վերաբերյալ հրամանի նախագիծը 5 աշխատանքային օրվա ընթացքում զեկուցվում է ոստիկանության պետին` վերջնական որոշում կայացնելու համար:
20. Որոշում կայացնելուց հետո հանձնաժողովի արձանագրությունը և ներկայացված այլ փաստաթղթերը կցվում են ոստիկանության ծառայողի անձնական գործին: