«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 ապրիլի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 32016128
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
31 մարտի 2016 թ. |
N 53-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 52-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 10-ի «Աերոնավիգացիոն կապի և դիտարկման ապահովման կարգը հաստատելու մասին» N 52-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 1-ին հատորով` ռադիոնավիգացիոն միջոցների, 2-րդ հատորով` կապի կանոնների, 3-րդ հատորով` կապի համակարգերի, 4-րդ հատորով` դիտարկման և բախման նախազգուշացման համակարգերի, 5-րդ հատորով ավիացիոն ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման սահմանված միջազգային չափորոշիչների, առաջարկվող գործելաձևերի և աերոնավիգացիոն սպասարկման համար նախատեսված ընթացակարգերի, ինչպես նաև դրանցից բխող` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) կողմից հրատարակված տեխնիկական պահանջները: Նշված փաստաթղթերի գործող օրինակներում ԻԿԱՕ-ի կողմից կատարված փոփոխություններն ու լրացումները կիրառվում են, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) կողմից չկան սահմանված այլ պահանջներ ու որոշումներ,».
2) Հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Ավիացիոն «Երկինք-երկիր» ձայնային կապի միջոցների թվին են պատկանում բարձր և շատ բարձր հաճախականությունների հաղորդիչ և ընդունիչ ռադիոսարքավորումները, ինչպես նաև շատ բարձր հաճախականության անկախ վերահաղորդիչները:
Ավիացիոն «Երկինք-երկիր» ձայնային կապի միջոցները պետք է համապատասխանեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 3-րդ հատորի 2-րդ մասի 2-րդ գլխի, Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիացիոն կանոններ 170-ի 2-րդ հատորի 3.2 գլխի պահանջներին և պետք է աշխատեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 5-րդ հատորի սահմանած միջակայքերի համաձայն:
Շատ բարձր հաճախականության միջակայքի անտենային համակարգերը պետք է համապատասխանեն Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիացիոն կանոններ 170-ի 2-րդ հատորի 3.6 գլխի պահանջներին:
Շատ բարձր հաճախականության միջակայքի ավիացիոն շարժական կապի նոր ներդրվող միջոցների տեխնիկական և տակտիկական բնութագրերին վերաբերող ուղեցուցային առաջարկները ներկայացված են «Ներդրման ապահովման Եվրոկոնտրոլի ձեռնարկի» 5-րդ մասի 4-րդ գլխում:».
3) Հավելվածի 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«46. Բազմադիրքային համակարգի կենտրոնական պրոցեսորը կարող է իրականացնել ռադիոհեռարձակման ռեժիմում ավտոմատացված կախյալ դիտարկման տվյալների մշակման գործառույթ:
Կողային ընդունիչ կայանների թիվը չորսից պակաս չպետք է լինի:
Օդանավի կոորդինատների որոշման միջին քառակուսային սխալը աերոդրոմի շրջանում պետք է լինի 30 մետրից պակաս:
Թռիչքատեղեկատվական շրջանում օդանավի կոորդինատների որոշման միջին քառակուսային սխալը պետք է լինի 200 մետրից պակաս:
Համակարգի ելքում տվյալները պետք է լինեն Էյ Էս Թի Ի Ար Այ Էքս (ASTERIX) ձևաչափում` համաձայն «Ռադարային տվյալների փոխանակման Եվրոկոնտրոլի չափորոշիչ փաստաթուղթ» փաստաթղթի պահանջների:
Ռեժիմ-ԷՍ (S) ընդլայնված սքուիթերի ազդանշանների ADS-B (ԷՅ ԴԻ ԷՍ-ԲԻ) ընդունիչ կայանները կարող են օգտագործվել ինչպես առանձին, այնպես էլ մոնոիմպուլսային ռադարի կամ բազմադիրքային դիտարկման համակարգի (WAM, MLAT) կազմում:
ADS-B կայանների տեխնիկական բնութագրերը պետք է բավարարեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 4-րդ հատորի 5-րդ գլխով ներկայացվող պահանջներին:».
4) Հավելվածի 8-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 8.
ՌԱԴԻՈՃԱՌԱԳԱՅԹՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
67. ԻԿԱՕ-ի կարիքների համար հատկացված հաճախականությունների տիրույթում (սպեկտր) աշխատող (այսուհետ` ԻԿԱՕ-ի հաճախականությունների տիրույթ) ռադիոճառագայթող սարքավորումների հաճախականությունները նշված են Չիկագոյի կոնվենցիայի Փաստ. 9718 «Տեղեկատու քաղաքացիական ավիացիայի կարիքների համար ռադիոհաճախականությունների տիրույթը» փաստաթղթում: ԻԿԱՕ-ի հաճախականությունների տիրույթը ամբողջությամբ ընդգրկված է կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրում:
68. Կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարման նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 517-Ն որոշման համաձայն:
69. Եթե Հավելվածի 68-րդ կետում նշված որոշման համաձայն ներկայացված ռադիոհաճախականությունն ընդգրկված է Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 5-րդ հատորում, ապա Գլխավոր վարչությունն այն համաձայնեցնում է օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ:
70. Գլխավոր վարչությունն օտարերկրյա պետությունների հետ համաձայնեցումն իրականացնում է ԻԿԱՕ-ի Փաստ. 011 «Ռադիոհաճախականությունների կառավարման ձեռնարկի» համաձայն:
71. Ստանալով հաճախականությունը և անհրաժեշտության դեպքում ազդակոչը` քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը Գլխավոր վարչություն է ներկայացնում սարքավորումը շահագործման մեջ մտցնելու մասին փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության «Աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուի» մեջ հրատարակելու համար պահանջվող տվյալ սարքավորման մասին տեղեկատվություն` համաձայն Չիկագոյի կոնվենցիայի 15-րդ հավելվածի պահանջների:
72. Քաղաքացիական նշանակության տիրույթում ռադիոհաճախականությունների ստացումն ու գրանցումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշման:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |