«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հունիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10009227
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 ապրիլի 2009 թ. |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2-III-2.13 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,
Հրամայում եմ`
Հաստատել «Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.13 սանիտարական կանոնները և նորմերը՝ համաձայն հավելվածի։
Նախարար՝ |
Հ. Քուշկյան |
Հավելված
Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի 2009 թ. ապրիլի 16-ի N 06-Ն հրամանով |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Սանիտարական կանոններ և նորմեր N 2-III-2.13
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ՝ սանիտարական կանոններ) նախատեսված են այն իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, որոնք իրականացնում են հասարակական զուգարանների նախագծման, կառուցման և շահագործման հետ կապված գործունեություն:
2. Հասարակական զուգարանները տեղակայվում են հասարակական շենքերում (մշակույթի հանրային սննդի կազմակերպություններ, սպորտային կառույցներ և այլն), տոնավաճառներում, շուկաներում, կայարանամերձ հրապարակներում, երկաթուղային կայարաններում, ավտոկայաններում, միջպետական և հանրապետական նշանակության մայրուղիներում գործող բենզալցակայաններում, գազալցակայաններում, զբոսայգիներում, առողջարանային և հանգստի գոտիներում, լողափերում և այլն:
3. Հասարակական զուգարաններ են համարվում հանրության զանգվածային կամ սահմանափակ (կազմակերպությունների աշխատակիցների և/կամ այցելուների համար) այցելությունների համար նախատեսված զուգարանները: Հասարակական զուգարանները լինում են ստացիոնար (մշտական) և շարժական (երկարաժամկետ և կարճաժամկետ օգտագործման):
4. Ստացիոնար (մշտական) հասարակական զուգարանները տեղակայվում են առանձին վերգետնյա կամ ստորգետնյա կառույցներում կամ հասարակական շենքերում և նախատեսված են շուրջտարվա օգտագործման համար:
4.1 Սույն սանիտարական կանոնները նախատեսված չեն կազմակերպությունների աշխատողների սանիտարակենցաղուկների կազմում գտնվող, ինչպես նաև անհատական օգտագործման (հյուրանոցների համարների, հիվանդանոցների հիվանդասենյակների և այլն) զուգարանների համար:
(4.1 կետը լրաց. 01.10.10 N 20-Ն)
5. Շարժական (երկարաժամկետ և կարճաժամկետ օգտագործման) հասարակական զուգարանները շարժական կառույցներ են և հիմնականում նախատեսվում են սահմանափակ ժամկետով գործող կազմակերպությունների (սեզոնային սրճարաններ, շինարարական հրապարակներ, լողափեր, հանգստի գոտիներ և այլն) և զանգվածային միջոցառումների իրականացման ժամանակ բացօթյա տարածքներում ժամանակավոր տեղադրման համար:
6. Նոր կառուցվող կամ վերակառուցվող հասարակական զուգարանները ունենում են կեղտաջրերի մաքրման կառուցվածքների և սարքավորումների սահմանված կարգով հաստատված տեխնիկական փաստաթղթեր:
6.1 Հաշվի առնելով որ 1 սանիտարական սարքավորման առավելագույն թողունակությունը 1 ժամում 27 մարդ է, հասարակական զուգարանի հզորությունը սահմանվում է 500 մարդուն 1 սանիտարական սարքավորում (1 զուգարանակոնք և 2 միզաման):
(6.1 կետը լրաց. 01.10.10 N 20-Ն)
6.2 Նոր կառուցվող թատրոնների, կինոթատրոնների, սպորտային կառույցների (մարզադաշտեր, մարզահամալիրներ և այլն) հասարակական զուգարաններում սանիտարական սարքավորումների պահանջվող թիվը հաշվարկվում է ընդունելով դահլիճում 50-ական տոկոս կին-տղամարդ հարաբերակցությունից, յուրաքանչյուր 100 նստատեղի համար 1-ական լվացարան, 100 տղամարդու համար 1 զուգարանակոնք և 2 միզաման, 100 կնոջ համար 2 զուգարանակոնք:
(6.2 կետը լրաց. 01.10.10 N 20-Ն)
6.3 Մարդկանց զանգվածային կուտակման վայրերում ստացիոնար հասարակական զուգարանները տեղակայում են ապահովելով հասարակական և բնակելի շինություններից ոչ պակաս քան 50 մետր հեռավորությունը:
(6.3 կետը լրաց. 01.10.10 N 20-Ն)
2. Ստացիոնար (մշտական) հասարակական զուգարանների կառուցվածքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
7. Նորակառույց ստացիոնար (մշտական) հասարակական զուգարանները (այսուհետ` ստացիոնար զուգարաններ) հարմարեցված են լինում հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի պահանջներին:
8. Առանձին կառույցներում տեղակայված ստացիոնար զուգարանների մոտեցման ճանապարհները ապահովվում են արհեստական լուսավորությամբ և ունենում են համապատասխան ցուցատախտակներ:
9. Ստացիոնար զուգարանները ապահովվում են`
1) փակվող դռներով անհատական խցերով,
2) տղամարդկանց բաժնում միզամանների տեղադրման սենքով (հանրության զանգվածային այցելությունների համար նախատեսված զուգարաններում),
3) հերթապահ անձնակազմի սենքով (2-ականից ավելի խցերի դեպքում, հանրության զանգվածային այցելությունների համար նախատեսված զուգարաններում),
4) նախամուտքով, որտեղ տեղադրվում են լվացարանները և երեխաների տակդիրների փոխման սեղանը (տակդիրների փոխման սեղանը տեղադրվում է հանրության զանգվածային այցելությունների համար նախատեսված զուգարաններում),
5) սենքով կամ պահարանով մաքրման գույքի պահպանման համար,
6 ) անհատական խցերում և նախամուտքում պատի կախիչներով:
(9-րդ կետը փոփ. 01.10.10 N 20-Ն)
10. Ստացիոնար զուգարանները ունենում են արհեստական լուսավորություն, ջեռուցվում են:
11. Առանձին կառույցներում տեղակայված ստացիոնար զուգարանները ապահովվում են բնական օդափոխանակությամբ (պատուհաններ, վերնափեղկեր), ինչպես նաև արտաձիգ օդափոխականությամբ` օդի արտաձգման մղանցքների (խորշերի) միջոցով: Հասարակական շենքերում տեղակայված ստացիոնար զուգարանները ապահովվում են բնական օդափոխանակությամբ և օդի արտաձգման մղանցքներով, որի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար խորշի բացվածքում կարող է տեղադրվել առանցքային տիպի օդափոխիչ:
12. Սահմանափակ այցելությունների համար նախատեսված 1 տեղանոց հասարակական զուգարանը կարող է նախամուտք չունենալ, այդ դեպքում փակվող դռնով անհատական խցում տեղադրվում է լվացարանը:
13. Կանանց և տղամարդկանց բաժիններում 3-ականից ավելի սանիտարական սարքավորումներով ստացիոնար զուգարանները (ստադիոններում, թատրոններում և այլն) ապահովվում են ներհոս-արտաձիգ արհեստական օդափոխանակությամբ:
14. Ստացիոնար զուգարաններում պատերը և հատակը պատվում են հեշտ լվացվող, հարթ և ջրանթափանց նյութերով (կերամիկական և մետլախե սալիկներ, մարմարի փշրանքով մոզաիկ հատակ և այլն): Հատակի կառուցվածքը ապահովում է հեղուկների հոսքը դեպի կոյուղու ցանցին միացված տրապը:
15. Ստացիոնար զուգարանների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը համապատասխանում է ՍՆԻՊ 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», ՍՆԻՊ 2.04.02-84* «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և ՍՆԻՊ 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի և կանոնների (հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 82-Ն հրամանով, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2001 թվականի նոյեմբերի 12-ին, Պետ. գրանցման թիվ 11701172) պահանջներին:
16. Կենտրոնացված ջրահեռացման համակարգերի բացակայությամբ տարածքներում (մայրուղիներում, հանգստի գոտիներում և այլն) ստացիոնար զուգարանների կեղտաջրերը կուտակում են մաքրման սարքավորումներով ապահովված տեղային կառույցներում կամ ջրանթափանց հիմքով և պատերով (բետոնյա, ցեմենտյա կամ երկաթայնացմամբ սվաղված աղյուս) հորերում: Մաքրման կառուցվածքը կամ ջրանթափանց հիմքով հորը տեղակայում են բնակելի և հասարակական շենքերից ոչ պակաս 15մ հեռավորության վրա:
16.1 Կենտրոնացված կոյուղացանց չունեցող համայնքներում նոր կառուցվող օբյեկտներում (բազմաբնակարան, հասարակական և արտադրական շենքեր ու շինություններ) կոյուղաջրերը մաքրվում են մաքրման կայանների միջոցով` պահպանելով ՀՀ կառավարության 8 հոկտեմբերի 2009 թվականի «Կենտրոնացված կոյուղացանց չունեցող համայնքներում նոր կառուցվող օբյեկտների համար կոյուղաջրերի տեղային մաքրման կայանների պարտադիր տեղադրման նորմերը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման պահանջները:
(16.1 կետը լրաց. 01.10.10 N 20-Ն)
17. Ջրանթափանց հիմքով և պատերով հորերում 2/3-ից ավելի կեղտաջրերի կուտակում չի թույլատրվում: Կեղտաջրերը պարբերաբար հեռացվում են պայմանագրային կարգով` մասնագիտացված կազմակերպության կողմից, ասենիզացիոն մեքենայի միջոցով:
18. Ստացիոնար զուգարաններին տրվող խմելու ջրի որակը համապատասխանում է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
19. Նախամուտքում տեղադրված լվացարանները ունենում են արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներ կամ էլ առանց ծորակի կառավարման հարմարանքի` զգայական (սենսոր) կառավարմամբ:
3. Շարժական (ժամանակավոր) հասարակական զուգարանների կառուցվածքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
20. Շարժական (ժամանակավոր) հասարակական զուգարանները (այսուհետ` շարժական զուգարաններ), որոնք նախատեսված են կարճաժամկետ օգտագործման համար նախատեսվում են զանգվածային միջոցառումների, տոնախմբությունների իրականացման ժամանակ բացօթյա տարածքներում տեղադրման համար:
21. Շարժական զուգարանները տեղակայվում են բնակելի և հասարակական շենքերից առնվազն 15մ հեռավորության վրա:
22. Շարժական զուգարանները իրենցից ներկայացնում են 1 և ավելի տեղանոց, պոլիմերային նյութից պատրաստված տաղավարներ, որոնց կառուցվածքում նախամուտքի առկայությունը պարտադիր չէ: Դրանք ունենում են կեղտաջրերի կուտակման և տեղային մաքրման կառուցվածք (տարողություն): Շարժական զուգարանները կարող են նաև միացված լինել ջրմուղու և կոյուղու ցանցերին:
23. Տեղային մաքրման կառուցվածքը իրենից ներկայացնում է կեղտաջրերի ընդունման տարողություն, որը պարունակում է մանրէները քայքայող կենսաբանական ակտիվ հեղուկ և գարշահոտությունը վերացնող հեղուկ: Շահագործումը և կուտակված կեղտաջրերի հեռացումը իրականացվում է տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: Կեղտաջրերի վերջնական հեռացման համար կնքվում է պայմանագիր ջրահեռացման աշխատանքներ իրականացնող կազմակերպության հետ:
24. Շարժական զուգարանների լվացարանը տեղադրվում է նախամուտքում կամ դրա բացակայության դեպքում` անմիջապես խցում: Լվացարանի բացակայության դեպքում շարժական զուգարանը ապահովվում է ախտահանիչ նյութով տոգորված միանվագ օգտագործման անձեռոցիկներով: Հանգստի գոտիներում լվացարանը կարող է տեղակայվել բացօթյա` շարժական զուգարանին անմիջապես հարակից տարածքում:
4. Հասարակական զուգարանների սանիտարական պահպանումը
25. Հասարակական զուգարանների սենքերը ապահովվում են ամբողջական, հարթ մակերեսներով: Սենքերը և սարքավորումները պահվում են մաքուր վիճակում:
26. Հասարակական զուգարանները ապահովվում են հեղուկ օճառով, ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանվագ օգտագործման սրբիչներով, զուգարանի թղթով: Խցիկներում լինում են կեռիկներ` վերին հագուստների համար և աղբանոթներ:
27. Ճանճերից պաշտպանվելու համար, զուգարանների սենքերի լուսամուտների օդանցքները ցանցապատվում են:
28. Սպասարկող անձնակազմը առանձին սենքում կամ պահարանում պահում է մաքրման գույքը` խոզանակներ, փալասներ, ախտահանիչ լուծույթներ, դույլեր և այլն:
29. Հասարակական զուգարանների մաքրման և ախտահանման աշխատանքերի վերաբերյալ պատին փակցվում է ժամանակացույց, որտեղ աշխատակցի կողմից կատարվում են նշումներ` յուրաքանչյուր մաքրման աշխատանքից հետո:
30. Շարժական զուգարանները մաքրող անձնակազմի համար, ինչպես նաև մաքրման պարագաների, ախտահանիչ նյութերի, հիգիենայի պարագաների պահման և մաքրման պարագաների, ախտահանման համար հատկացվում են սենքեր:
31. Սանիտարական սարքավորումների, լվացարանների, երեխաների տակդիրների փոխման համար սեղանների, հատակի, պատերի ախտահանման (երկնվագ սրբում, ողողում ջրով) համար օգտագործվում է 1%-ոց քլորամին Բ, լվացող-ախտահանող միջոցներ` 5 գ. 100սմ2 մակերեսի հաշվարկով, 0.5-%-անոց լվացող նյութի և քլորամին Բ-ի խառնուրդ, կալցիումի հիպոքլորիդի (0.5%) կամ Առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով թույլատրված համարժեք այլ լուծույթներ:
32. Մաքրման պարագաները ախտահանում են աշխատանքային օրվա վերջում` նատրիումի հիպոքլորիդի (0.5%), քլորամին Բ-ի (1%) կամ Առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով թույլատրված համարժեք այլ լուծույթների մեջ 1 ժամ ընկղմելով, որից հետո` պարզաջրելով:
33. Հասարակական զուգարաններում իրականացվում է ամենօրյա սանիտարական մաքրում, ախտահանում և աղբահանություն: Տարին 2 անգամ (ինչպես նաև աղիքային վարակիչ հիվանդությունների հետ կապված համաճարակային լարված իրավիճակների դեպքերում) կատարվում են միջատասպան և կրծողասպան (դեզինսեկցիոն-դեռատիզացիոն) աշխատանքներ:
34. Հասարակական զուգարաններում ամենօրյա սանիտարական մաքրումը և ախտահանումը կատարվում է առնվազն 2 անգամ և ըստ անհրաժեշտության` եթե սենքերի պատերին, հատակին և սարքավորումների մակերեսներին կան տեսանելի աղտոտվածության հետքեր կամ հատակի մակերեսին կան ջրակուտակումներ կամ խոնավություն: Սանիտարական մաքրումը կատարվում է խոնավ եղանակով: Սանիտարական մաքրումը և ախտահանումը ընդգրկում է սենքերի պատերի, հատակի, դռների բռնակների և սարքավորումների մաքրումը և ախտահանումը:
(34-րդ կետը լրաց. 01.10.10 N 20-Ն)
35. Հասարակական զուգարաններում սենքերի հիմնական մաքրումը կատարվում է շաբաթը մեկ անգամ` ախտահանիչ նյութերի օգտագործմամբ (6%-անոց ջրածնի գերօքսիդի և 0.5%-անոց լվացող նյութի խառնուրդով): Հիմնական մաքրումը ընդգրկում է սենքերի պատերը, հատակը, առաստաղը, պատուհանները, դռները, աղբարկղները և սարքավորումները:
(35-րդ կետը լրաց. 01.10.10 N 20-Ն)
36. Հասարակական զուգարաններում կենցաղային աղբը կուտակում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղներում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում:
(36-րդ կետը լրաց. 01.10.10 N 20-Ն)
37. Բնակչության զանգվածային այցելությունների (այդ թվում ավտոբենզալցակայանների, ավտոգազալիցքավորման ճնշակայանների, մարզադաշտերի, մարզահամալիրների, թատրոնների, կինոթատրոնների, կայարանների, օդանավակայանների, զբոսայգիների, հանգստի գոտիների և այլն) ստացիոնար հասարակական զուգարանների սենքերի օդային միջավայրը հոտից և վնասակար մանրէներից զերծ մնալու համար ենթակա է ճառագայթման (օզոնացման միջոցով)` առնվազն 3 ամիսը 1 անգամ:
(37-րդ կետը լրաց. 01.10.10 N 20-Ն)
38. Հասարակական զուգարանների զուգարանակոնքերի և միզամանների ջրի տակառիկները և մյուս սարքավորումները շահագործվում են սարքին վիճակում: Կեղտաջրերի հեռացման համակարգի, լվացարանների, զուգարանակոնքերի և միզամանների, ջրի տակառիկների, օդափոխիչ համակարգերի և այլ սարքավորումների անսարքությունները վերացվում են անմիջապես:
(38-րդ կետը լրաց. 01.10.10 N 20-Ն)
39. Հասարակական զուգարանների զուգարանակոնքերի և միզամանների ջրի տակառիկները և լվացարանները ապահովվում են մշտական հոսող (առնվազն) սառը ջրով: Մշտական հոսող ջրի բացակայության դեպքում ջրի տակառիկների և լվացարանների ջրագծերը լրացուցիչ միացվում են անհրաժեշտ ծավալով խմելու ջրի տարողությունների:
(39-րդ կետը լրաց. 01.10.10 N 20-Ն)