«Գրանցված
է»ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10609043
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 հունվարի 2009 թ. |
N 6-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1509-Ն որոշման 2-րդ կետը.
Հրամայում եմ
Հաստատել`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին կից կոլեգիայի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին կից կոլեգիայի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
Նախարար | Ա. Գրիգորյան |
Հավելված N 1 ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի N 6-Ն հրամանի |
Կ Ա Զ Մ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ
Ա. Գրիգորյան | ՀՀ գյուղատնտեսության նախարար (նախագահ) |
Ս. Ավետիսյան | ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Լ. Ռուխկյան | ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ս. Գալստյան | ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Տ. Պետրոսյան | ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Կ. Միքայելյան | ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մովսիսյան | «Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն (գյուղատնտեսական գիտությունների դոկտոր) |
Ա. Թարվերդյան | Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր (տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) |
Ֆ. Հարությունյան | «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (գյուղատնտեսական գիտությունների դոկտոր) |
Կ. Եգանյան | «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական |
Գ. Սարգսյան | «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (գյուղատնտեսական գիտությունների դոկտոր) |
Հ. Ղազարյան | «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (գյուղատնտեսական գիտությունների դոկտոր) |
Ա. Եղոյան | «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Սարգսյան | «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության նախագահ (ԽՍՀՄ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր). (համաձայնությամբ)։ |
Մ. Գրիգորյան |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավոր խորհրդական |
(Հավելվածը լրաց. 06.03.09 N 83-Ն)
Հավելված N 2 ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի N 6-Ն հրամանի |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին կից կոլեգիան (այսուհետ` կոլեգիա) խորհրդակցական մարմին է:
II. ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2. Կոլեգիայի նախագահը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարն է (այսուհետ` կոլեգիայի նախագահ):
3. Կոլեգիայի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:
4. Կոլեգիայի կազմում կարող են ընդգրկվել նախարարի տեղակալները և նախարարության աշխատակազմի ղեկավարը, ինչպես նաև իրենց համաձայնությամբ գյուղատնտեսության ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, հեղինակություն վայելող ճանաչված գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք:
5. Կոլեգիան իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստ կարող է գումարվել կոլեգիայի նախագահի կամ անդամների պարզ մեծամասնության նախաձեռնությամբ:
6. Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին:
7. Կոլեգիայի նիստերը վարում է կոլեգիայի նախագահը:
8. Կոլեգիայի նիստերին կարող են հրավիրվել կոլեգիայի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող տվյալ նախարարության աշխատողները, Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների, ինչպես նաև իրենց համաձայնությամբ հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
9. Կոլեգիայի նիստերին մասնակցում են նաև նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը և համապատասխան աշխատողը, որոնք իրականացնում են սույն աշխատակարգով իրենց վերապահված գործառույթները:
III. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
10. Կոլեգիայի նիստերն անցկացվում են կոլեգիայի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Կոլեգիայի նախագահը որոշում է կոլեգիայի նիստի անցկացման վայրը և ժամը: Կոլեգիայի յուրաքանչյուր անդամ կոլեգիայի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող է նիստից առնվազն 3 օր առաջ հարց ներկայացնել:
11. Կոլեգիայի օրակարգում նշվում են`
1) կոլեգիայի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը.
3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:
12. Կոլեգիայի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը կոլեգիայի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ:
13. Կոլեգիայի աշխատանքային գործունեության կազմակերպչական–տեխնիկական ապահովումն իրականացնում է նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:
IV. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ, ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
14. Կոլեգիայի նպատակն է`
1) նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին օժանդակելը.
2) ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը.
3) նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ մշակելը և ներկայացնելը:
15. Կոլեգիայում քննարկվող հարցերի շրջանակն ընդգրկում է`
1) նախարարության համակարգի բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի, ազգային ռազմավարական ծրագրերի (ԱՀՌԾ, հակակոռուպցիոն, միջնաժամկետ ծախսերի և այլն) հիման վրա նախարարության գործունեության տարեկան ծրագրի ձևավորումը և գերակա ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
3) Հայաստանի Հանրապետության ազգային ռազմավարական ԱՀՌԾ, հակակոռուպցիոն, միջնաժամկետ ծախսերի և այլ ծրագրերի, նախարարության համապատասխան ոլորտների զարգացման ռազմավարությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
4) նախարարության տարեկան բյուջետային ծրագրերի պլանավորումը.
5) նախարարության քաղաքականության, ծրագրերի, ոլորտում իրականացվող բարեփոխումների և դրանց գործնական ազդեցության գնահատման և մոնիթորինգի ցուցանիշների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
6) նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից մատուցվող հանրային ծառայությունների մատուցման որակի և մատչելիության գնահատումը.
7) նախարարության համակարգում և համակարգից դուրս տեղեկատվության տրամադրման (հաղորդակցային) ռազմավարության քննարկումը.
8) կոլեգիայի նախագահի նախաձեռնությամբ ռազմավարական և քաղաքականությանն առնչվող այլ հարցեր:
16. Կոլեգիան բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ:
17. Կոլեգիայում անցկացվող քննարկումների կամ կոլեգիայի որոշումների հիման վրա կոլեգիայի նախագահը կարող է ընդունել որոշումներ:
V. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
18. Կոլեգիայի նիստերն արձանագրվում են:
19. Արձանագրությունը կազմում է նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի համապատասխան աշխատողը:
20. Կոլեգիայի նիստը կարող է տեսագրվել կամ ձայնագրվել, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում կոլեգիայի նիստի արձանագրության մեջ:
21. Նիստի արձանագրության մեջ նշվում է`
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը և վայրը, նիստը սկսելու և ավարտելու ժամերը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.
4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.
5) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:
22. Նիստի արձանագրությանը կցվում է քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` քննարկման ներկայացված իրավական և այլ փաստաթղթերի (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն) նախագծեր, գրավոր զեկույցների և ելույթների տեքստերը:
23. Կոլեգիայի նիստի արձանագրությունը ստորագրվում է կոլեգիայի նախագահի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
24. Կոլեգիայի նիստերի արձանագրությունները պահվում են նախարարության աշխատակազմում:
VI. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
25. Կոլեգիայի նախագահը`
1) նախագահում է կոլեգիայի նիստերը.
2) հաստատում է կոլեգիայի օրակարգը և ստորագրում կոլեգիայի նիստերի արձանագրությունները.
3) լսում է կոլեգիայի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ.
4) ընդունում է որոշումներ քննարկված քաղաքականության ծրագրերի իրականացման համար ֆինանսական, կրթական, տեղեկատվական, մարդկային և այլ ռեսուրսների բաշխման մասին.
5) որոշում է կոլեգիայի նիստերին հրավիրվող անձանց կազմը.
6) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություներ:
26. Կոլեգիայի անդամն իրավունք ունի
1) ներկայացնելու հարցեր` կոլեգիայի օրակարգում ընդգրկելու համար.
2) ներկայացնելու բանավոր կամ գրավոր կարծիք` կոլեգիայի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի շուրջ.
3) մասնակցելու որոշումների ընդունման համար քվեարկությանը:
27. Կոլեգիայի անդամը պարտավոր է մասնակցել կոլեգիայի նիստերին:
VII. ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
28. Կոլեգիայի անդամի լիազորությունները դադարեցվում են`
1) իր դիմումի համաձայն.
2) հարգելի պատճառով 3 անգամ անընդմեջ կոլեգիայի նիստերին չներկայանալու դեպքում:
VIII. ԿՈԼԵԳԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
29. Կոլեգիայի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները տրամադրվում են կոլեգիայի բոլոր անդամներին, իսկ ընդունված որոշումները տեղադրվում են նախարարության ինտերնետային կայքում:
30. Կոլեգիայի նիստերի արձանագրությունների կամ արձանագրության քաղվածքների տրամադրումը կոլեգիայի անդամներին ապահովում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: