«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10208259
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 սեպտեմբերի 2008 թ. ք. Երևան |
N 120-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 44-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 30-ի «Կալանավորվածների և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 44-Ն հրամանի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 12
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼԻՍ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԻՍ
66. Ռիսկային են համարվում այն կալանավորված անձինք և դատապարտյալները, որոնք հիմնարկի ներքին կանոնակարգը խախտելու, իրենց կամ այլ անձանց կյանքին, առողջությանը վնաս պատճառելու վարքագծային և անձնական հակում ունեն, ինչպես նաև այն դատապարտյալները, որոնք ունեն հանցածին դիրքորոշումներ և պատիժը կրելուց հետո կարող են վտանգավոր լինել հանրության համար:
67. Կալանավորված անձը և դատապարտյալը ռիսկային հաշվառման է վերցվում և հաշվառումից հանվում է հիմնարկի պետի որոշմամբ` անվտանգության ապահովման, սոցիալական, հոգեբանական և իրավական, բժշկական սպասարկման բաժինների կողմից տրված եզրակացությունների հիման վրա: Ռիսկային հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու վերաբերյալ որոշումները կցվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:
68. Կալանավորված անձինք և դատապարտյալները հաշվառման են վերցվում որպես ռիսկային, եթե նրանց մոտ առկա են փախուստի, ինքնավնասման, ալկոհոլի, թմրամիջոցների, ագրեսիվության և կոնֆլիկտայնության, ինչպես նաև հանցածին դիրքորոշումների հակումներից մեկը.
1) Կալանավորված անձին և դատապարտյալին որպես փախուստի հակում ունեցող հաշվառելու հիմք են հանդիսանում`
ա. նախկինում կատարած փախուստի փորձի կամ փախուստի փաստի վերաբերյալ գրառումները անձնական գործում,
բ. անվտանգության ապահովման բաժնի կողմից տրված եզրակացությունը։
2) Որպես ինքնավնասման հակում ունեցող հաշվառելու հիմք են հանդիսանում`
ա. մինչև 1 տարվա ընթացքում երկու և ավելի ինքնավնասման փորձի կամ փաստի վերաբերյալ գրառումները անձնական գործում,
բ. հոգեբանական եզրակացությունը:
3) Որպես ալկոհոլի, թմրանյութերի նկատմամբ հակում ունեցող հաշվառելու հիմք են հանդիսանում`
ա. դատավճռով տրված հարկադիր բուժման որոշումը,
բ. բժշկական եզրակացությունը,
գ. մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ ոգելից խմիչք պատրաստելու, օգտագործելու համար կարգապահական պատասխանատվության ենթարկվելը:
4) Որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցող հաշվառելու հիմք են հանդիսանում`
ա. մինչև 6 ամսվա ընթացքում երկու և ավելի կարգապահական խախտումների առկայությունը,
բ. հոգեախտորոշմամբ ագրեսիվության բարձր աստիճան ցուցանիշը,
գ. անձնական գործում առկա առանձին դաժանությամբ կամ բռնությամբ կատարված հանցագործության մասին տեղեկատվությունը:
5) Որպես հանցածին դիրքորոշումների հակում ունեցող հաշվառելու հիմք են հանդիսանում`
ա. նախկինում դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր երկու և ավելի հանցագործությունները,
բ. հիմնարկում մոլեխաղերի դրդելու, կազմակերպելու գործողությունները,
գ. անվտանգության ապահովման բաժնի կողմից տրված տեղեկատվությունը:
69. Կալանավորված անձը և դատապարտյալը որպես ռիսկային հակում ունեցող հաշվառվում է մատյանում (սույն կարգին կից ձև 9), կալանավորված անձի և դատապարտյալի անհատական քարտում սահմանվում և իրականացվում են ռիսկայնության նվազեցման աշխատանքները ըստ հակումի տեսակի:
70. Փախուստի հակում ունեցող կալանավորված անձինք և դատապարտյալները հաշվառումից կարող են հանվել հաշվառվելուց առնվազն 2 տարի հետո, եթե կատարված աշխատանքների արդյունքում նրանց ռիսկայնության աստիճանը նվազել և առկա է վարքագծի դրական փոփոխություն:
71. Ինքնավնասման հակում ունեցող կալանավորված անձինք և դատապարտյալները հաշվառումից կարող են հանվել, եթե նրանց նկատմամբ կատարված աշխատանքները տվել են դրական արդյունք, և պատժի կրման 1 տարվա ընթացքում նրանց կողմից չի կատարվել ինքնավնասում կամ ինքնավնասման փորձ:
72. Ալկոհոլի, թմրամիջոցների օգտագործման հակված կալանավորված անձինք և դատապարտյալները հաշվառումից կարող են հանվել համապատասխան բուժում ստանալուց հետո 1 տարվա ընթացքում, ոգելից խմիչք պատրաստելու, օգտագործելու համար կարգապահական պատասխանատվության չենթարկվելու դեպքում:
73. Ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակված կալանավորված անձինք և դատապարտյալները հաշվառումից կարող են հանվել, եթե 1 տարվա ընթացքում կարգապահական խախտումներ թույլ չեն տվել և ագրեսիվության աստիճանը նվազել է:
74. Հանցածին դիրքորոշում ունեցող կալանավորված անձինք և դատապարտյալները հաշվառումից կարող են հանվել, եթե կարգապահությունը և ուղղման գործընթացի ծրագրի կատարման արդյունքները գնահատվել են բարձր, իսկ ռիսկայնության աստիճանը` ցածր:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:
Գ. Դանիելյան |