124.02/1508.05.12.00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
05 դեկտեմբերի 2000 թ. |
N 02/1508 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70 ՀՈԴՎԱԾԻ, 96 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 117 ՀՈԴՎԱԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքի 70 հոդվածը, 96 հոդվածի 2-րդ կետը և 117 հոդվածը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել
ա). «Մաքսային մասնագետի որակավորում տալու» կարգը (կցվում է)
բ) հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում տրվող մերժման եզրակացության ձևը (կցվում է)
2. Սահմանել, որ մաքսային ձևակերպումը, ներառյալ փաստաթղթերի լրացումը, հայերեն լեզվից բացի կարող է իրականացվել անգլերեն լեզվով:
3. ՀՀ ՊԵՆ կադրերի բաժնին` մինչև 2001 թվականի հունվարի 1-ը ապահովել սույն հրամանի 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգով նախատեսված մաքսային մասնագետի որակավորում ունենալու մասին փաստաթղթի ձևի մշակումը և այնուհետև ըստ անհրաժեշտության դրանց տրամադրումը:
4. ՀՀ ՊԵՆ մաքսային վարչությանը` մինչև 2001 թվականի հունվարի 1-ը ապահովել մաքսային ձևակերպման, ներառյալ փաստաթղթերի լրացման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքում անգլերեն լեզվի կիրառումը:
5. Սահմանել, որ 2001 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ ՊԵՆ կողմից տրված մաքսային մասնագետի որակավորում ունենալու մասին փաստաթղթերը մնում են գործողության մեջ մինչև դրանցում նշված ժամկետի ավարտը:
6. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել մաքսային վարչության պետի վրա:
7. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
Ա. Մանուկյան
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մաքսային մասնագետի (այսուհետ` մասնագետ) որակավորում տալու հետ կապված հարցերը:
2. Մասնագետի որակավորում տալու համար, յուրաքանչյուր տարվա ապրիլ և հոկտեմբեր ամիսներին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի հրամանով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության ուսումնական կենտրոնում անցկացվում են մասնագետի որակավորման քննություններ: Մասնագետի որակավորման քննություններն ընդունվում են հատուկ այդ նպատակի համար Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի (այսուհետ` որակավորման հանձնաժողով) կողմից: Մասնագետի որակավորում տրվում է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք սույն կետում նշված քննություններում ստանում են դրական գնահատականներ:
3. Որակավորման քննությունների սկսման պահից առնվազն 20 օր առաջ նախարարության ուսումնական կենտրոնում կազմակերպվում են որակավորման քննությունների նախապատրաստական դասընթացներ, որոնց ծրագրում ներառվում է որակավորման քննությունների հարցաշարով նախատեսվող ամբողջ նյութը:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մաքսային վարչությունը, տարեկան մեկ անգամ մինչև մարտի 15-ը և երկրորդ անգամ մինչև սեպտեմբերի 15-ը, կազմում և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի հաստատմանն է ներկայացնում մասնագետի որակավորման քննություններ անցկացնելու մասին նախարարի հրամանի նախագիծ: Վերջինում նշվում են.
ա) որակավորման քննությունների անցկացման ժամկետները,
բ) որակավորման հանձնաժողովի կազմը,
գ) որակավորման քննությունների հարցաշարը:
դ) որակավորման քննություններին մասնակցելու համար դիմումների ընդունման ժամկետները,
ե) որակավորման քննությունների նախապատրաստական դասընթացների ժամկետները, դասախոսական կազմը և այդ դասընթացներին մասնակցելու պայմանները,
զ) որակավորման քննությունների, դրանց հարցաշարի և նախապատրաստական դասընթացների վերաբերյալ մասսայական լրատվամիջոցներով տեղեկատվություն հրապարակելու պատասխանատուն:
5. Որակավորման քննություններին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած, գործունակ, առնվազն միջնակարգ (լրիվ) կրթություն ունեցող քաղաքացիները (անկախ որակավորման քննությունների նախապատրաստական դասընթացներին մասնակցած լինելու կամ չլինելու հանգամանքից):
6. Որակավորման քննություններին մասնակցել ցանկացողները սույն կարգի 4-րդ կետի համաձայն սահմանված ժամկետում նախարարության կադրերի բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում` նախարարի անունով,
- անձնագրի, միջնակարգ դպրոցի կամ այլ ուսումնական (միջնակարգից բարձր) հաստատության ավարտական վկայականի պատճենները,
- 3x4 չափսի 2 լուսանկար,
- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրը:
7. Որակավորման քննությունների բոլոր մասնակիցները քննվում են միաժամանակ` որակավորման քննությունների հարցաշարից որակավորման հանձնաժողովի կազմած հարցաթերթիկներով (այսուհետ` գրավոր թեստ): Գրավոր թեստը գնահատվում է գնահատման 20 բալանոց համակարգով:
8. Որակավորման քննությունների արդյունքում դրական գնահատական են ստանում քննությունների այն մասնակիցները, որոնց լրացրած գրավոր թեստերը գնահատվում են ոչ պակաս քան 10 բալ:
9. Որակավորման քննությունների արդյունքներն ամփոփվում են ոչ ուշ, քան քննական օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ավարտը, որից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննությունների բոլոր մասնակիցներին քննությունների ամփոփ տվյալներին ծանոթանալու հնարավորություն է տրվում:
10. Քննությունների ավարտից հետո, քննությունների այն մասնակիցները, որոնց լրացրած գրավոր թեստերը գնահատվել են 10 բալից ցածր, 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող են որակավորման հանձնաժողովից ստանալ իրենց քննական աշխատանքների կրկնօրինակները` դրա համար դիմում ներկայացնելով հանձնաժողովի նախագահին:
11. Իր աշխատանքի գնահատականը բողոքարկելու նպատակով որակավորման քննությունների մասնակիցը կարող է իր աշխատանքի կրկնօրինակը որակավորման հանձնաժողովից ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում բողոք ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի անունով` բողոքին կցելով իր աշխատանքի կրկնօրինակը կամ սահմանված կարգով դիմել դատարան: Պետական եկամուտների նախարարին ուղղված բողոքները քննության են առնվում նախարարության մեթոդաբանության վարչությունում:
12. Սույն կարգի 11 կետում նշված բողոքը քննարկելով` մեթոդաբանության վարչությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով, պետք է նախարարին միջնորդություն ներկայացնի տվյալ աշխատանքի վերագնահատման կամ գնահատականն անփոփոխ թողնելու վերաբերյալ, որի հիման վրա նախարարը կայացնում է որոշում: Կայացված որոշման պատճեն մեկօրյա ժամկետում տրամադրվում է բողոքարկողին:
13. Քննությունների ավարտից հետո 8-րդ աշխատանքային օրը որակավորման հանձնաժողովը կազմում և նախարարի հաստատմանն է ներկայացնում քննությունների արդյունքում որակավորում ստացած մասնակիցների ցուցակը:
14. Որակավորում չստացած քննությունների մասնակիցներին իրենց կողմից վճարված պետական տուրքի գումարը հետ չի վերադարձվում:
15. Սույն կարգի 13 կետի համաձայն հաստատված ցուցակը ստանալուց հետո, նախարարության կադրերի բաժինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ցուցակում ընդգրկված քննությունների մասնակիցներին տրամադրում է մասնագետի որակավորում ունենալու մասին փաստաթուղթ, որում պարտադիր նշվում են.
- փաստաթղթի անվանումը և համարը,
- անձնագրի տվյալները,
- նախարարի հրամանի համարը,
- փաստաթղթի ուժի մեջ լինելու ժամկետը:
16. Մասնագետի որակավորում ունենալու մասին փաստաթղթի գործողության ժամկետը 1 տարի է:
17. Մասնագետի որակավորում ունենալու մասին փաստաթղթի կորստի դեպքում փաստաթղթի տերը այդ մասին հայտարարություն է տալիս մամուլում, ինչպես նաև գրավոր հայտնում է պետական եկամուտների նախարարությանը: Վերջինս, մամուլում համապատասխան հայտարարության հրապարակումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է մասնագետի որակավորում ունենալու մասին նոր փաստաթուղթ` «Կրկնօրինակ» նշագրումով:
18. Մասնագետի որակավորում ունենալու մասին փաստաթղթի ուժը կորցնելուց հետո (կամ մինչև ուժը կորցնելը), փաստաթղթի տերը կարող է ստանալ նոր փաստաթուղթ` սույն կարգով նախատեսված ձևով մասնակցելով որակավորման քննություններին:
Ձև
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մ Ե Ր Ժ Մ Ա Ն Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(Հիմք` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 96 հոդված)
1. Մաքսային մարմնի ստորաբաժանման անվանումը |
2. Հայտարարատուի տվյալները | |
3. Հիմնավորում. (մերժման պատճառները) | ||
4. Մերժումը բողոքարկելու համար` այս եզրակացությունը ստանալուց հետո տասն օրվա ընթացքում կարելի է դիմել_______________________________ __________________________________________ կամ դատարան (վերադաս մաքսային մարմնի անվանումը և հասցեն) | ||
5. Մերժման ամսաթիվը
_____________200 թ |
6. Տեսուչի ազգանուն, ստորագրություն և կնիք ______________ ______________ Կ.Տ. |
7. Մերժող մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարի
______________ ստորագրություն |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
28 դեկտեմբերի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12400169