ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ
14 հունիսի 2001 թ. |
N 147 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՆՈՐ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հետախուզված նոր շահագործվող հանքավայրերին մրցույթով լիցենզիաներ տալու 05.06.1995 թ. հաստատված կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով
Հրամայում եմ`
1. Հաստատել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հետախուզված նոր շահագործվող հանքավայրերի լիցենզիաների տրման մրցութային կարգը:
2. Մրցութային կարգը սահմանված կարգով ներկայացնել գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ Ա. Գրիգորյանի վրա:
Կ. Ճշմարիտյան |
Հաստատում եմ` ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյան 14.06.2001 թ . |
Հաստատում եմ` ՀՀ բնապահպանության նախարար Մ. Մուրադյան 01.06.2001 թ. |
Կ Ա Ր Գ
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՆՈՐ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ
1. Սույն մրցութային կարգը մշակված է ՀՀ կառավարության 1994 թ. օգոստոսի 15-ի N 374 («Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքից օգտվելու կարգի մասին») որոշման համաձայն և կարգավորում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հետախուզված նոր շահագործվող հանքավայրերի լիցենզիաների տրման մրցույթների կազմակերպումն ու անցկացումը, սահմանում է մրցույթի ժամկետներն ու պայմանները:
2. Մրցույթները կազմակերպում ու անցկացնում է ՀՀ արդյունաբերության և առևտրի ու ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը:
3. Մրցութային հանձնաժողովը համանախագահում են ՀՀ արդյունաբերության և առևտրի ու ՀՀ բնապահպանության նախարարների տեղակալները:
4. Հանձնաժողովի կազմը հաստատվում է երկու նախարարների համատեղ հրամաններով: Անհրաժեշտության դեպքում, լիցենզիաների տրման մրցույթին կարող են հրավիրվել փորձագետ մասնագետներ:
5. Վերոհիշյալ նախարարությունների ղեկավարներն իրավունք ունեն հրամանով փոփոխություններ կատարել հանձնաժողովի կազմում, նախապես այդ մասին տեղեկացնելով միմյանց:
6. Մրցութային հանձնաժողովն իր աշխատանքն իրականացնում է նիստերի միջոցով: Մրցութային հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե նրան մասնակցում է անդամների թվի ոչ պակաս քան երկու երրորդը: Հանձնաժողովի կայացած նիստի արդյունքների մասին կազմվում է արձանագրություն: Արձանագրությունը պարտադիր ստորագրվում է հանձնաժողովի նիստին մասնակից բոլոր անդամների կողմից:
7. Մրցութային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակից անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
8. Մրցութային հանձնաժողովի անհատական կազմի հաստատումից հետո 15- օրյա ժամկետում ՀՀ բնապահպանության նախարարությունը մրցութային հանձնաժողովին է ներկայացնում այն հանքավայրերի ցանկը և հիմնական տվյալները (ըստ օգտակար հանածոների տեսակների ընդունված դասակարգման), որոնց շահագործման համար լիցենզիան տրվում է սույն մրցութային կարգով, իսկ հետագայում այդպիսիք լինելու դեպքում` անմիջապես:
9. Մրցութային հանձնաժողովը կայացնում է որոշում տվյալ հանքավայրը մրցույթի ներկայացնելու ժամկետների վերաբերյալ:
10. Մրցույթի ձևը լինում է բաց: Բաց մրցույթը կարող է նաև ունենալ ընդամենը մեկ մասնակից:
11. Մրցույթը իրականացվում է հայտարարագրերի միջոցով:
12. Հայտարարագրերը հրապարակվում են առնվազն հազար և ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերում, ինչպես նաև կարող են տարածվել կապի այլ միջոցներով:
13. Հայտարարագրերում նշվում են մրցույթի ներկայացված հանքավայրի լրիվ անվանումը, արդյունահանման ենթակա օգտակար հանածոները, գտնվելու վայրը, մրցույթին մասնակցելու համար հայտի ներկայացման մեկամսյա ժամկետի սկիզբը և ավարտը, հաղթողին որոշելու կարգը, մրցույթի մասնակցության ձևակերպման կարգը, մրցութավճարը և բանկային հաշվի համարը:
Բացի այդ հայտարարագրերում նշվում են նաև մրցութային հանձնաժողովի գտնվելու վայրը, փոստային դասիչը, հեռախոսահամարները և այլն:
14. Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Ֆիզիկական անձինք մրցութային հանձնաժողովին ներկայացնում են`
● Անհատ ձեռնարկատիրոջ վկայականի պատճենը.
Իրավաբանական անձինք մրցութային հանձնաժողովին ներկայացնում են`
● Իրավաբանական անձի պետ. գրանցման վկայականի պատճենը,
● Իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.
15. Մրցույթին մասնակցելու համար ներկայանում են մրցութային հանձնաժողովին, լրացնում մրցույթի հայտը (ձևը կցվում է` հավելված 1), ներկայացնելով բազային տուրքի 20-պատիկ չափով ՀՀ պետական բյուջե մուծված մրցութավճարի անդորրագիրը:
16. Հայտը և անդորրագիրը ընդունելուց հետո այն համարակալվում է և ամրագրվում հայտերի գրանցամատյանում (ձևը կցվում է` հավելված 2):
17. Հայտատուի կողմից մրցույթին մասնակցելուց հրաժարվելու դեպքում (հայտը ետ պահանջելու դեպքում), ինչպես նաև անկախ մրցույթի արդյունքից, սույն կարգի 15-րդ կետում պետական բյուջե մուծված վարձաչափը ետ չի վերադարձվում:
18. Հայտերի ընդունման ժամկետն ավարտվելուց հետո, 5 օրվա ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարությունը մրցութային հանձնաժողովին է ներկայացնում մրցույթի ներկայացված հանքավայրի երկրաբանական-տեղեկատվական փաթեթը, որը հանձնաժողովը պատճենահանում է մասնակիցների թվաքանակի չափով և մեկ շաբաթվա ընթացքում տրամադրում նրանց: Փաթեթը ստանալուց և ուսումնասիրելուց ուղիղ մեկ ամիս հետո, մասնակիցները հանձնաժողովին են տրամադրում փակված և կնքված 2 փաստաթղթային ծրարներ: Առաջինում` հանքավայրի շահագործման վերաբերյալ իրենց մոտեցումները և հիմնավորումները: Երկրորդում` հայտատուի փաստաթղթերը ըստ` 14-րդ կետի պահանջներին համապատասխան: Երկու փաթեթներն էլ կրում են միևնույն ծածկագիրը: Առաջին ծրարի մեջ պետք է պարունակվի հետևյալ հարցերի պատասխանները`
ա) հանքավայրի հիմնական և ուղեկից օգտակար հանածոների համալիր օգտագործման ուղղությունները,
բ) տարեկան արտադրողականությունը ըստ հիմնական և ուղեկից օգտակար հանածոների ու թողարկվող հանքարտադրատեսակների (այդ թվում` հիմնական արտադրության թափոններից ստացվող),
գ) օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման համար նախատեսվող տեխնոլոգիական սխեման,
դ) հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ հիմնական արտադրության միջոցների առկայությունը կամ ձեռք բերման հնարավորություններն ներկայացված տեղեկանքի ձևով,
ե) նախատեսվող բնապահպանական միջոցառումները, նրան հատկացվելիք գումարի չափը` տարանջատելով հողերի ռեկուլտիվացիայի համար նախատեսվող գումարը,
զ) հանքավայրի շահագործման բիզնես-ծրագիրը, որը իր մեջ մասնավորապես պետք է ներառի` կատարվելիք ֆինանսական ներդրումների ծավալը, ակնկալվող եկամտաբերությունը և ստեղծվելիք աշխատատեղերը:
19. Հանձնաժողովը` 18-րդ կետի ա), բ), գ), ե), զ) ենթակետերի պատասխանները գնահատում է առավելագույնը 10 բալ, իսկ դ) ենթակետի պատասխանը առավելագույնը 6 բալ:
Ընդ որում նշված ենթակետերի գնահատման համար գործում են որոշակի չափանիշներ:
ա)- ենթակետի գնահատման համար`
● հիմնական և ուղեկից օգտակար հանածոների առավել նպատակային օգտագործման կոնկրետ ծրագրերի առկայությունը:
բ)- ենթակետի գնահատման համար
●ժամանակակից տեխնոլոգիաների և հոսքագծերի կիրառումը, թափոնների նպատակային օգտագործում:
գ)- ենթակետի գնահատման համար`
● մաքսիմալ էֆեկտիվությամբ և մինիմալ ծախսերով, առավել արդյունավետ և արտադրողականություն ապահովող տեխնոլոգիական սխեմայի առկայությունը:
դ) -ենթակետի գնահատման համար`
● սեփական հիմնական արտադրության միջոցների կազմը, անհրաժեշտ որակական չափանիշերը և հզորությունը:
ե) ենթակետի գնահատման համար`
● բնապահպանական կոնկրետ միջոցառումների ցանկը և ժամկետները, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներգրավվումը:
զ) ենթակետի գնահատման համար`
● ներկա ֆինանսական ակտիվները, նպատակային ներդրումների ժամանակացույցը:
20. Մրցույթի հաղթող է համարվում այն մասնակիցը, որը հանձնաժողովի կողմից ստանում է ամենաբարձր գնահատականը: Այն չպետք է փոքր լինի նիստին մասնակից հանձնաժողովի անդամների կողմից գնահատված ընդհանուր մաքսիմալ բալային գումարի հիսուն տոկոս պլյուս մեկ բալից: Եթե բալերի ընդհանուր գումարը չի համապատասխանում նշված պայմանին, ապա մրցույթը հաղթող չի ունենում:
21. Եթե միևնույն, ամենաբարձր գնահատական են վաստակում մրցույթի մեկից ավելի մասնակիցներ, ապա հաղթողը որոշվում է փակ գաղտնի քվեարկությամբ:
22. Մրցույթի հաղթողին որոշելուց հետո մրցութային հանձնաժողովը կազմում է մրցույթի ամփոփ արձանագրություն, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) շահագործման լիցենզիա տրված հանքավայրի անվանումը և գտնվելու վայրը,
բ) քվեարկողների կազմը,
գ) քվեարկության արդյունքները,
դ) մրցույթի հաղթողը,
ե) լիցենզիայի գործունեության ժամկետը,
զ) լիցենզիային վերաբերող հատուկ պահանջները:
23. Լիցենզիայի հատուկ պահանջներում պետք է հստակ ֆիքսվեն նախագծի ներկայացման և պայմանագրի կնքման ժամկետները:
24. Մրցույթի հաղթողին որոշելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հաղթողին է հանձնվում հանքավայրի շահագործման լիցենզիան` հաստատված ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության կնիքով:
25. Լիցենզիա ստացած կազմակերպությունն իրավունք ունի ՀՀ բնապահպանության նախարարությունից ստանալու շահագործման տրամադրված հանքավայրի վերաբերյալ համակողմանի տեղեկատվություն, որը հնարավորություն կընձեռի մշակելու հանքավայրի տեխնիկատնտեսական հիմնավորումը և շահագործման նախագիծը: Սահմանված կարգի համաձայն շահագործման նախագիծը ընդերքն օգտագործողը ներկայացնում է ՀՀ բնապահպանության նախարարություն պայմանագրի կնքման համար:
26. Եթե մրցույթի հաղթողը մինչև մեկամսյա ժամկետում չի ներկայանում ստանալու լիցենզիան, ապա հանձնաժողովը նրան զրկում է հաղթողի իրավունքից: Այսպիսի դեպքերում հանձնաժողովը մրցույթի հաղթող կարող է ճանաչել մրցույթի այն մասնակցին, որը վաստակել է առավել բարձր գնահատականը (20-րդ կետի պայմաններին համապատասխան):
27. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`
ա) հայտարարության տպագրման օրից մեկ ամսվա ընթացքում սահմանված ժամկետում չի ստացվել ոչ մի հայտ,
բ) հայտատուները 18-րդ կետում նշված ժամկետին համապատասխան չեն ներկայացրել անհրաժեշտ ծրարները,
գ) հաղթողը ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունից մեկ ամսվա ընթացքում չի ստացել լիցենզիան,
դ) եթե բալերի ընդհանուր գումարը չի համապատասխանում 20-րդ կետում նշված պայմանին:
28. Լիցենզիան չեղյալ է համարվում, եթե խախտվել է 23-րդ կետում նշված լիցենզիայի հատուկ պահանջները:
29. Մրցույթի մասնակիցները մրցույթի արդյունքները կարող են բողոքարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
30. Մրցույթի վերաբերյալ նյութերը (հայտարարագրի տեքստը, հայտերը, անդորրագրերը, գրանցամատյանները և հանձնաժողովի կողմից կազմված մրցույթին վերաբերող արձանագրությունները, մասնակիցներին տրված փաթեթի մեկ օրինակը (իսկականը) և նրանցից ստացված առաջարկությունները (ծրարները) հանձնաժողովը` ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արխիվ է հանձնում մրցույթի հաղթողի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև հանքավայրի շահագործման պայմանագրի կնքման պահից 15 օր հետո:
Հավելված 1
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն,
մրցութային հանձնաժողովին
(հայտատուի անունը կամ անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսը)
Հ Ա Յ Տ
200 թ.______ ի___-ի հայտարարագրին համապատասխան խնդրում
եմ ________________________________
(հայտատուի անունը կամ անվանումը)
գրանցել որպես մրցույթի մասնակից:
Մրցույթի պայմաններին ծանոթացել եմ և դրանք ընդունում եմ:
Կից ներկայացվում է մրցույթին մասնակցելու վարձավճարի մուծման
անդորրագիրը ___________________________________________________
(անդորրագրի համարը, մուծման ամսաթիվը, բանկի անվանումը և հաշվարկային հաշվի համարը):
Հայտատու` |
______________________ |
__ _________ 200 թ.
Հավելված 2
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Հայտի ընդունման ամսաթիվը |
Հայտի համարը |
Հայտատուի անունը կամ անվանումը |
Գտնվելու վայրը, հեռախոսը |
Մրցույթին մասնակցելու վարձավճարի մուծման անդորրագրի համարը և ամսաթիվը |
Մրցույթի մասնակիցներից ծրարների ստացման ամսաթիվը |
Լիցենզիայի տրման ամսաթիվը |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
6 օգոստոսի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 10301124