Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-110-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի մայիսի 12-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.29-րդ և 189.30-րդ հոդվածներով.

 

«Հոդված 189.29.

Բարձրագույն կրթության բնագավառում օրենսդրության պահանջները խախտելը

 

1. Բարձրագույն կրթության համապատասխան մակարդակներում կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման՝ օրենսդրությամբ սահմանված պայմանները խախտելը, ինչպես նաև բարձրագույն կրթության համապատասխան մակարդակի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորման համար լիցենզիայի տրման պայմանները խախտելը՝

առաջացնում է նախազգուշացում:

2. Բարձրագույն կրթության համապատասխան մակարդակներում կրթական ծրագրի իրականացման իրավունքից և յուրաքանչյուր աստիճանի ու որակավորման համար լիցենզիայի պայմաններից բխող՝ օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրից ավելի ժամկետով խախտելը՝

առաջացնում է տուգանք իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

3. Բարձրագույն կրթության համապատասխան մակարդակի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորման համար տրված լիցենզիայով սահմանված՝ սովորողների սահմանային թիվը գերազանցելը՝

առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

4. Մեկ ուսումնական տարվա ընթացքում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից օրենքով նախատեսված հիմքերով երկրորդ անգամ նախազգուշացվելը՝

առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով:

5. Օրենքով նախատեսված խախտման համար կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կիրառած նախազգուշացմամբ սահմանված ժամկետներում այդ խախտումը չվերացնելը՝

առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

7. Սույն հոդվածի 2-5-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանք՝ սույն հոդվածով սահմանված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:

 

Հոդված 189․30.

Ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների կողմից հաշվետվությունները չներկայացվելը

 

1. Ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների կողմից հաշվետվությունները օրենսդրությամբ սահմանված ժամկետում կրթության բնագավառի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին չներկայացվելը՝

առաջացնում է նախազգուշացում։

2․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.24-րդ հոդվածով.

 

«Հոդված 244.24.

Կրթության բնագավառի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

 

1. Կրթության բնագավառի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 189.29-րդ և 189.30-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեսչական մարմնի ղեկավարը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է 2026 թվականի հունվարի 31-ից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. մայիսի 29

Երևան

ՀՕ-110-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական: