Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-287-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.11.2023-14.03.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.28/71(874) Հոդ.1699
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
30.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 30-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Սույն օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (այսուհետ` անձնագիր) տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը և դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման հիմունքները:

 

Հոդված 2.

Սույն օրենքի նպատակը

 

1. Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու սահմանադրական իրավունքի օգտագործման (կենսագործման) երաշխավորումն է:

 

Հոդված 3.

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) անձնագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացու) ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

2) կենսաչափական տվյալներ` օրենքով սահմանված կարգով հավաքվող, պահպանվող և օգտագործվող անձնական տվյալներ, որոնք բնութագրում են քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները և հնարավորություն են տալիս քաղաքացուն նույնականացնելու (լուսանկար, ստորագրություն, աջ և ձախ ձեռքերի բոլոր մատների մատնադրոշմներ).

3) տվյալների էլեկտրոնային պահոց` անձնագրի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է քաղաքացու` սույն օրենքով նախատեսված տվյալները, այդ թվում` կենսաչափական տվյալները.

4) լիազոր մարմին՝ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին։

(3-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-62-Ն, 29.06.16 ՀՕ-129-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-468-Ն)

(16.12.22 ՀՕ-468-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 4.

Անձնագիր ձեռք բերելու իրավունքը և անձնագրի վավերականության ժամկետը

 

1. Քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից:

2. Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 5 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:

3. 16 տարին լրացած քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ:

4. Առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիր ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:

5. Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է այլ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:

6. Մինչև 16 տարեկան երեխային մյուս ծնողի դիմումի հիման վրա անձնագիր չի տրամադրվում, եթե ծնողը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան, լիազոր մարմին նախապես ներկայացնում է անձնագիր տրամադրելու անհամաձայնության վերաբերյալ գրավոր հայտարարություն: Հայտարարությանը կցվում է երեխայի բնակության վայրը որոշելու` նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը:

7. Անգործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիր տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիրը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց, անձնագիր տրամադրվում է հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ: Սույն մասով նախատեսված դեպքերում դիմումներին կցվում է խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:

7.1. Առողջական վիճակի բերումով ժամանակավորապես անգիտակից վիճակում գտնվող կամ շարժվելու և (կամ) կոգնիտիվ ունակությունը ժամանակավորապես կամ մշտական կորցրած անձանց անձնագիր տրամադրվում է մերձավոր ազգականների (հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ ստացիոնար բուժման մեջ գտնվելու դեպքում՝ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա: Սույն մասով նախատեսված դեպքում մերձավոր ազգականի ներկայացրած դիմումին կցվում են ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության տված փաստաթուղթը՝ անգիտակից վիճակի կամ անձի կողմից ինքնուրույն գործողություն կատարելու անհնարինության կամ անձի հիվանդության հետևանքով առաջացած սահմանափակումների վերաբերյալ համապատասխան նշումով:

8. Քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում լիազոր մարմին, օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.11.13 ՀՕ-135-Ն, խմբ., փոփ., լրաց. 29.06.16 ՀՕ-129-Ն, խմբ., լրաց. 08.12.21 ՀՕ-376-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-468-Ն)

(16.12.22 ՀՕ-468-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և  անցումային դրույթներ)

 

Հոդված 5.

Անձնագրի բովանդակությունը, ձևը, տրամադրելու (փոխանակելու) կարգը և ժամկետները, տրամադրելու (փոխանակելու) մերժման հիմքերը

 

1. Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Գտնված անձնագրերը Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հանձնման լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

2. Անձնագրում հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետևյալ անձնական տվյալները.

1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում.

2) ծննդյան վայրը (պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը կամ շրջանը կամ քաղաքը կամ ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում), օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) քաղաքացիությունը.

5) ազգությունը` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.

6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը):

2.1. Անձնագրում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Անձնագրում ամրագրվում են նաև քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, ինչպես նաև արյան խումբը և ռեզուսը` առողջապահության մարմինների կողմից (քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ): Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից նշում է կատարվում ամուսնության և ամուսնալուծության գրանցման մասին` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ, պաշտպանության ոլորտի համապատասխան պետական մարմնի կողմից նշում է կատարվում պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու մասին (զինապարտների համար)` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ: Անձնագիրը ներառում է անձնագիրը տրամադրած ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաև անձնագրի տրամադրման և վավերականության ժամկետները, անձնագրի համարը:

3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի համարի ձևավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Անձնագիրը ներառում է տեխնիկական մաս` տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվում են սույն հոդվածի 2-3-րդ մասերով նախատեսված պարտադիր տվյալները, աջ և ձախ ձեռքերի բոլոր մատների մատնադրոշմները: Եթե անձնագրում քաղաքացու կենսաչափական տվյալների ոչ լրիվությունը կամ ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը պայմանավորված է քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին անձնագրում կատարվում է համապատասխան նշում:

5. Երեխաների մատնադրոշմները վերցվում են 6 տարեկանից, իսկ լուսանկարը` անձնագիր տալու յուրաքանչյուր դեպքում` անկախ տարիքից:

6. Անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող անձնագիրը: Նոր անձնագիրը տրամադրվում է հին անձնագիրը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Քաղաքացուն չվերադարձված կամ անձնագրային ծառայությունում գտնվող՝ օգտագործման համար ոչ պիտանի, անվավեր, սխալ տրված, խոտանված կամ օրենքով սահմանված այլ դեպքերում և կարգով անձնագրային ծառայություն վերադարձված անձնագրերի ոչնչացման կարգը սահմանում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը:

7. Եթե օտարերկրյա պետությունում գտնվող անձը կորցրել է իր անձնագիրը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, կամ լրացել է անձնագրի վավերականության ժամկետը, և քաղաքացին չունի վավերական այլ ճամփորդական փաստաթուղթ, ապա օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը քաղաքացուն տրամադրում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական կամ անձնագիր:

8. Եթե օտարերկրյա պետությունում, որտեղ գտնվում է անձը, Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա քաղաքացին իրավունք ունի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից փոստով ստանալու վերադարձի վկայական կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ունեցող որևէ պետություն մուտք գործելու իրավունք վերապահող փաստաթուղթ:

9. Անձնագիր ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) նույնականացման քարտ, իսկ 16 տարին լրացած չլինելու դեպքում՝ ծննդյան վկայական: Եթե 16 տարին չլրացած քաղաքացին ստացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր, ապա ծննդյան վկայականի փոխարեն ներկայացվում է անձնագիրը.

3) 16 տարին լրացած չլինելու դեպքում՝ ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ.

4) 18 տարին լրացած չլինելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ծնողների և երեխայի գրավոր համաձայնությունները (եթե երեխան չի ստացել նույնականացման քարտ): Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր` սույն մասի 2-րդ կետով նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում (միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար).

6) նախազորակոչային տարիքի քաղաքացիների դեպքում՝ նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների դեպքում՝ զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք.

7) պետական տուրքի վճարման անդորրագիր:

10. Անձնագիրը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա անձնագիրը.

3) նախազորակոչային տարիքի քաղաքացիների դեպքում՝ նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների դեպքում՝ զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք.

3.1) Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում` իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթ.

4) պետական տուրքի վճարման անդորրագիր:

11. Անձնագիր ստանալու (փոխանակելու) համար քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում լուսանկարվում և հանձնում է մատնադրոշմները լիազոր մարմնում, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով անձնագիր ստանալու (փոխանակելու) համար դիմող անձի լուսանկարահանումն իրականացվում, և մատնադրոշմները վերցվում են իր բնակվելու (գտնվելու) վայրում՝ առանց իրավասու մարմին ներկայանալու: 

12. Անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց անձնագիր տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից անձնագիրը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից հետո` 60-օրյա ժամկետում:

13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում հանձնում է լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Անձի ցանկությամբ հին անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո:

14. (մասն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-129-Ն)

15. Անձնագիր տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`

1) դիմումատուն չի ներկայացրել օրենքով պահանջվող փաստաթղթերը.

2) դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.

3) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.

4) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.

5) առկա է մինչև 16 տարեկան անչափահասի այն ծնողի գրավոր առարկությունը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան.

6) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ և (կամ) հակասություններ.

7) դիմումատուն հետախուզվում է քրեորեն պատժելի արարք կատարելու համար.

8) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ունեն էական նշանակություն (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն):

15.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ այլ պետության կողմից հետախուզում հայտարարված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրվում (փոխանակվում) է լիազոր մարմնի ղեկավարի (տեղակալի) որոշմամբ, եթե հետախուզում հայտարարած պետության հետ Հայաստանի Հանրապետությունը չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հանձնելու մասին վավերացված միջազգային պայմանագիր, կամ նման պայմանագրի առկայության դեպքում քաղաքացու արտահանձնումը չի իրականացվել:

15.2. Սույն հոդվածի 15-րդ մասի 1-2-րդ և 4-8-րդ կետերով նախատեսված հիմքերը անձնագիրը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված անձնագիրը չի տրամադրվում քաղաքացուն մինչև նշված հիմքերի վերանալը, իսկ անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում այն սույն օրենքով սահմանված կարգով ճանաչվում է անվավեր: Սույն հոդվածի 15-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը անձնագիրը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված անձնագիրը քաղաքացուն հանձնելու կամ անվավեր ճանաչելու հարցը լուծվում է կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար օրենքով սահմանված պատասխանատվության հարցը լուծվելուց հետո:

16. Անձնագիրը տրամադրելիս քաղաքացուն վերադարձվում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով (բացառությամբ դիմումի և գրավոր համաձայնության), սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, տրամադրելը մերժելիս` սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 9-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելիս` սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով (բացառությամբ դիմումի և գրավոր համաձայնության), սույն հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելը մերժելիս` սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 10-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ակնհայտ կեղծ փաստաթղթերը չեն վերադարձվում քաղաքացուն:

17. Անձնագրի, վերադարձի վկայականի ձևը և վերադարձի վկայականի տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված դիմումների ձևերը` լիազոր մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով:

18. Սույն օրենքով սահմանված անձնագրից բացի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կարող է տրամադրվել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ կենսաչափական տվյալներ չպարունակող այլ անձնագիր մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդնումն ու գործարկումը։ Սույն մասով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(5-րդ հոդվածը լրաց. 20.03.12 ՀՕ-86-Ն, փոփ. 18.05.15 ՀՕ-62-Ն, լրաց., խմբ., փոփ. 29.06.16 ՀՕ-129-Ն, լրաց. 31.05.19 ՀՕ-42-Ն, լրաց., խմբ. 08.12.21 ՀՕ-376-Ն, փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-468-Ն, լրաց. 16.11.23 ՀՕ-352-Ն)

(16.12.22 ՀՕ-468-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և  անցումային դրույթներ)

 

Հոդված 6.

Անձնագիրը փոխանակելու հիմքերը

 

1. Անձնագիրը փոխանակվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են ամրագրման քաղաքացու անձնագրում.

2) լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը.

3) լրացել է անձնագրի վավերականության ժամկետը.

4) անձնագրի մեջ առկա են ոչ ճիշտ տվյալներ.

5) քաղաքացին նման ցանկություն է հայտնել:

 

Հոդված 7.

Անձնագիրը անվավեր ճանաչելու հիմքերը

 

1. Անձնագիրը անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) լրացել է դրա վավերականության ժամկետը.

2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.

3) անձնագիրը կորել է.

4) անձնագիրը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.

5) անձնագիրը կեղծվել է.

6) անձնագիրը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

7) (կետն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-129-Ն)

8) անձը մահացել է.

9) տպագրված անձնագիրը չի տրամադրվել քաղաքացուն սույն օրենքով նախատեսված դեպքերում.

10) անձնագիր և նույնականացման քարտ ունեցող քաղաքացին տվյալների փոփոխության կամ անճշտության հիմքով դիմել է միայն նույնականացման քարտը փոխանակելու համար:

2. Անձնագիրը կորցնելու դեպքում քաղաքացին այդ մասին հայտնում է լիազոր մարմին, այլ պետությունում գտնվելու դեպքում` տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում անձնագիրը ճանաչվում է անվավեր` անձնագրային համակարգի ավտոմատացված համալիրի պահոցում ծրագրային ապահովմամբ համապատասխան նշում կատարելու եղանակով:

4. Մահացած քաղաքացու անձնագիրը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:

(7-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 29.06.16 ՀՕ-129-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-468-Ն)

(16.12.22 ՀՕ-468-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և  անցումային դրույթներ)

 

Հոդված 8.

Անձնագիրը վերցնելը

 

1. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են անձնագիրը վերցնել, եթե առկա են անձնագիրը անվավեր ճանաչելու` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-6-րդ կետերով նախատեսված հիմքերը, կամ քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող անձնագիր: Անձնագիրը վերցնելուց հետո անմիջապես քաղաքացուն տրվում է անձնագիրը վերցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձևը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացու անձնագիրը վերցնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:

3. Վերցված անձնագիրը փոխանցվում է այն տրամադրած լիազոր մարմին, բացի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերից:

4. Մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է նախաքննության մարմինը: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագիրը վերցնում է զինկոմիսարիատը և ուղարկում զորակոչված անձի հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձի անձնագիրը վերադարձվում է պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելիս՝ զինկոմիսարիատում զինվորական հաշվառման կանգնելուց և զինվորական գրքույկը ներկայացնելուց հետո անմիջապես: Ազատազրկման դատապարտված անձի անձնագիրը պահվում է պատիժը կատարող մարմնում և քաղաքացուն վերադարձվում է պատիժը կրելուց հետո անմիջապես:

5. Արգելվում է անձնագիրը վերցնելը (բացառությամբ սույն հոդվածում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը:

Ներմուծեք նկարագրությունը_21507 (8-րդ հոդվածը լրաց., խմբ. 29.06.16 ՀՕ-129-Ն, փոփ. 08.12.21 ՀՕ-376-Ն, 09.06.22 ՀՕ-181-Ն, 16.12.22 ՀՕ-468-Ն)

(16.12.22 ՀՕ-468-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և  անցումային դրույթներ)

 

Հոդված 9.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

2. (մասն ուժը կորցրել է 16.11.23 ՀՕ-352-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 16.11.23 ՀՕ-352-Ն)

3.1. 2023 թվականի հունվարի 1-ից մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդնումն ու գործարկումը դադարեցվում է սույն օրենքով նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը): Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրերը համարվում են վավեր, բացառությամբ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի:

4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ և 17-րդ մասերով և 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո` եռամսյա ժամկետում:

5. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ և 7.1-ին մասերի, 5-րդ հոդվածի 15-րդ մասի, 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ անձնագիր տալու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, անձնագիրը վերցնելու հետ կապված հարաբերությունների վրա:

(9-րդ հոդվածը խմբ. 20.03.12 ՀՕ-86-Ն, 11.11.13 ՀՕ-135-Ն, փոփ., լրաց. 29.06.16 ՀՕ-129-Ն, փոփ. 23.04.19 ՀՕ-28-Ն, 10.12.20 ՀՕ-496-Ն, փոփ., լրաց. 08.12.21 ՀՕ-376-Ն, 08.12.22 ՀՕ-509-Ն, փոփ. 16.11.23 ՀՕ-352-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-287-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան