Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-51-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.05.2023-14.06.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.31/7(531) Հոդ.139
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սնանկության գործերի քննության կարգը

1. Սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով:

2. Եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:

3. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

(1-ին հոդվածը լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 23.06.11 ՀՕ-235-Ն, փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն, 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 2. Օրենքի գործողության սահմանները

 

1. Սույն օրենքով սահմանված սնանկության վարույթի պարտապան կարող է լինել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, բացառությամբ`

ա) Հայաստանի Հանրապետության.

բ) համայնքի.

գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի.

դ) բանկի.

ե) վարկային կազմակերպության.

զ) ներդրումային ընկերության.

զ1.) ներդրումային ֆոնդի կառավարչի.

է) ապահովագրական ընկերության.

ը) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամի:

Սույն մասում օգտագործված «բանկ», «ապահովագրական ընկերություն», «ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ» կամ «վարկային կազմակերպություն» հասկացությունները չեն ներառում ինքնալուծարման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թույլտվությունն ստացած բանկը, ապահովագրական ընկերությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը կամ վարկային կազմակերպությունը:

2. Օրենքով կարող են սահմանվել ապահովագրական ընկերությունների, բարեգործական հիմնադրամների, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի, գրավատների, բնական մենաշնորհի և շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների, հասարակական կազմակերպությունների անվճարունակության և որպես պարտապան դրանց մասնակցությամբ սնանկության վարույթի այլ կանոններ, քան սահմանված են սույն օրենքով:

3. Որպես պարտապան` օտարերկրյա կամ քաղաքացիություն չունեցող անձի մասնակցությամբ անվճարունակության (սնանկության) հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի դրույթները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

4. Օտարերկրյա պետությունների դատարանների անվճարունակության (սնանկության) գործերով վճիռները (որոշումները) Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իսկ դրանց բացակայության դեպքում` փոխադարձության սկզբունքով:

5. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների անվճարունակության (սնանկության) բնագավառի հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(2-րդ հոդվածը լրաց. 11.10.07 ՀՕ-201-Ն, 25.05.08 ՀՕ-108-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-256-Ն, լրաց. 15.12.16 ՀՕ-256-Ն, փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 3. Պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերն ու անվճարունակության հատկանիշները

 

1. Պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

2. Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`

1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը.

2) սեփական նախաձեռնությամբ` (կամավոր սնանկության դիմում) եթե պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն)։ Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա օրենքի համաձայն բռնագանձում չի կարող տարածվել:

2.1) սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում)՝ եթե պարտապանի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն)։ Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա, օրենքի համաձայն, բռնագանձում չի կարող տարածվել:

2.2. Պարտապանն իրավունք ունի դիմելու դատարան կանխատեսվող սնանկության դեպքում, երբ ակնհայտ է, որ առաջանալու են սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-ին կետերով նախատեսված՝ պարտապանի սեփական սնանկությունը ճանաչելու հիմքերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող և այդ ֆոնդի միջոցների սեփականատեր չհամարվող ֆոնդի կառավարչի համար ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած պարտավորությունները սույն օրենքի իմաստով համարվում են պարտավորություն, եթե համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների` դրանք ենթակա են կատարման նրա հաշվին: Ընդ որում, այն պարտավորությունները, որոնք ենթակա են կատարման սույն մասով նախատեսված ֆոնդի կառավարչի հաշվին միայն ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում, այդ կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում միայն ֆոնդի ակտիվների չբավարարող մասով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող և այդ ֆոնդի միջոցների սեփականատեր համարվող ֆոնդի կառավարիչը համարվում է անվճարունակ նաև այն դեպքում, եթե իր կողմից կառավարվող ֆոնդի (ֆոնդերի) ակտիվների հաշվին կատարման ոչ ենթակա պարտավորությունները գերազանցում են ֆոնդի կառավարչի այն ակտիվների արժեքը, որոնք իր կողմից կառավարվող ֆոնդի ակտիվներ չեն:

(3-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-67-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-256-Ն, խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-253-Ն,17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-298-Ն, 18.09.20 ՀՕ-445-Ն)

(18.09.20 ՀՕ-445-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածի 25.02.08 ՍԴՈ-735 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 22.12.10 ՀՕ-13-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ)

Ներմուծեք նկարագրությունը_21507

 

Հոդված 4.

Սնանկության գործերի ենթակայությունը

(վերնագիրը խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

1. Սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ` դատարան): Սնանկության գործը վարվում է դատավորի կողմից միանձնյա:

2. Վերաբաշխման արդյունքում սնանկության գործն այլ դատավորի հանձնվելու դեպքում սնանկության գործի վարումը շարունակվում է ընդհատման պահից:

3. Սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և սնանկ ճանաչելու հարցի լուծման կամ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով կամ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնանկության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ` առանձին քաղաքացիական գործեր): Սույն մասով սահմանված՝ պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած վեճը ենթակա է քննության սնանկության դատարանում որպես առանձին քաղաքացիական գործ՝ անկախ պարտապանի սնանկ ճանաչված լինելու հանգամանքից:

4. Առանձին քաղաքացիական գործերը հարուցվում, քննվում և լուծվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

4.1. Սնանկության դատարանը վերադարձնում է սնանկության վարույթի շրջանակներում ներկայացված հայցադիմումը, եթե գործը սույն հոդվածի հիմքերով ենթակա չէ քննության սնանկության դատարանում։

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնների խախտմամբ դատարանի կողմից վարույթ ընդունված գործերը դատարանն իր որոշմամբ հանձնում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` ընդհանուր իրավասության դատարան) քննությանը:

6. Ընդհանուր իրավասության դատարանից քաղաքացիական գործ ստանալու դեպքում դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահը գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում է գործի ենթակայությունը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի որոշած դատարանը համարվում է իրավասու դատարան:

7. Սնանկության գործն ավարտվելու դեպքում առանձին քաղաքացիական գործերի քննությունը շարունակվում է, եթե առկա չեն այդ գործերի վարույթը կարճելու կամ այդ գործերով հայցը առանց քննության թողնելու հիմքեր:

8. Սնանկության գործը վարող դատավորի` առանձին քաղաքացիական գործով ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում առանձին քաղաքացիական գործը քննում է դատարանի այլ դատավորը:

9. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո սնանկության գործով կայացված դատական ակտը բեկանվելու (վերացվելու) և նոր քննության ուղարկվելու դեպքում գործը (հարցը) քննում է դատարանի նույն դատավորը, եթե առկա չեն ինքնաբացարկի հիմքեր:

10. Առանձին քաղաքացիական գործով կայացված` դատարանի դատական ակտը բեկանվելու և գործը նոր քննության ուղարկելու մասին դատական ակտ կայացվելու դեպքում գործն ուղարկվում է դատարան և քննվում է դատարանի այլ դատավորի կողմից:

(4-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-48-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, 17.06.16 ՀՕ-105-Ն, 12.12.19 ՀՕ-294-Ն, լրաց. 03.03.21 ՀՕ-89-Ն, 26.05.21 ՀՕ-222-Ն, 23.12.22 ՀՕ-580-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-27-Ն)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.02.22 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

 

Հոդված 5. Պարտապանի` դատարան դիմելու պարտականությունը

 

1. Պարտապանը սեփական սնանկության ճանաչման նպատակով պարտավոր է դիմել դատարան, եթե առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կամ 2.1-ին կետերով սահմանված հիմքերը։

2. Պարտապան իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) պարտավոր է պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնել դատարան, եթե լուծարման ժամանակ պարզվում է, որ լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջներն ամբողջովին բավարարելու համար:

3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը պետք է դատարան ներկայացվի ոչ ուշ, քան համապատասխան հիմքերի հայտնաբերումից հետո` երկամսյա ժամկետում:

(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 6. Պարտատիրոջ կամ այլ անձանց` դատարան դիմելու պարտականությունը

 

1. Հայաստանի Հանրապետության և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով (այդ թվում` հարկերի, տուրքերի, այլ վճարների գծով) համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան հետևյալ դեպքերում և ժամկետներում`

ա) լիազորված պետական համապատասխան մարմինը` հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում.

բ) համայնքի ղեկավարը` տեղական տուրքերի կամ պարտադիր վճարումների, ինչպես նաև համայնքի այլ դրամային պահանջներով պարտավորությունների կատարումն ուշացնելու դեպքում` պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում:

2. Եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում, պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում, պարզվում է, որ այդ գույքն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) և առաջարկել պարտատիրոջը և պարտապանին նրանցից որևէ մեկի նախաձեռնությամբ ոչ պակաս, քան 90-օրյա ժամկետում սնանկության դիմում ներկայացնել դատարան։

Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու որոշումը 2 աշխատանքային օրվա ընթացքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հրապարակվում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան էլեկտրոնային կայքէջում։

Եթե կատարողական վարույթը կասեցնելու որոշումը հրապարակելուց հետո ի հայտ են գալիս նոր պարտատերեր կամ արդեն հայտնի պարտատերը կամ պարտապանը դիմում են հարկադիր կատարողին կատարողական վարույթը չվերսկսելու դիմումով, ապա հարկադիր կատարողն առաջարկում է նրանց սնանկության դիմում ներկայացնել դատարան և կատարողական վարույթ չի վերսկսում։

Եթե սույն մասով սահմանված ժամկետում պարտապանի կամ պարտատիրոջ կողմից սնանկության դիմում չի ներկայացվում դատարան կամ ի հայտ չեն գալիս նոր պարտատերեր, ապա հարկադիր կատարողը վերսկսում է կատարման վարույթը։

Սույն մասի իմաստով գույքն անբավարար է համարվում, եթե կատարողական վարույթով (վարույթներով) իրացման ենթակա արգելանք դրված և գնահատված գույքի առաջիկա իրացման գնահատված կամ մեկնարկային գինն ավելի ցածր է պահանջի (պահանջների) չափից։ Պահանջի (պահանջների) չափի մեջ հաշվարկվում են նաև կատարողական վարույթի իրականացման հետ կապված ծախսերը և գույքի իրացումից ծագող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, շրջանառության հարկի, բնապահպանական հարկի պարտավորությունները (սույն օրենքի իմաստով՝ գույքի իրացումից ծագող հարկային պարտավորություններ):

3. Սույն հոդվածի առաջին մասում նշված պետական մարմինների սահմանված ժամկետում սնանկության դիմում չներկայացնելու դեպքում դրանք ներկայացնում են դատախազության մարմինները` սույն օրենքով սահմանված կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին կառավարության որոշումը:

4. Սույն հոդվածով նախատեսված պետական մարմինները և պաշտոնատար անձինք կարող են հրաժարվել պահանջից, եթե պարտավորության կատարման հետևանքով դրա չափը նվազել է սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված չափից:

5. Սույն հոդվածի առաջին մասում նշված պետական մարմինների կողմից սնանկության դիմում կարող է չներկայացվել, եթե առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) որոշումը:

(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-298-Ն, փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն, 18.09.20 ՀՕ-445-Ն)

(18.09.20 ՀՕ-445-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 7. Անձնական գույքային պատասխանատվությունը` դատարան դիմելու պարտականությունը չկատարելու համար

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված անձանց կողմից նույն հոդվածում սահմանված դեպքերում և ժամկետում չներկայացնելու դեպքում դիմում ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք պարտատերերի առջև սուբսիդիար պատասխանատվություն են կրում պարտապանի այն պարտավորությունների համար, որոնք առաջացել են սույն օրենքի 5-րդ հոդվածի երրորդ մասում սահմանված ժամկետը լրանալուց հետո: Նույն պատասխանատվությունն առաջանում է նաև հարկադիր կատարողի համար` սույն օրենքի 6-րդ հոդվածով վերջինիս համար սահմանված պարտականությունը չկատարելու դեպքում:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձինք նույն հոդվածում նախատեսված դեպքերում և ժամկետում պարտապանին սնանկ ճանաչելու դիմում չներկայացնելու դեպքում անձնական գույքային պատասխանատվություն են կրում դրա հետևանքով` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությանը և համայնքին պատճառված վնասի համար:

 

Հոդված 8. Կանխամտածված սնանկությունը

 

Եթե պարտապանը սնանկ է ճանաչվել պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող կամ նրան կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում` պարտապանի ղեկավարի մեղքով (ուղղակի կամ անուղղակի գործողություններով պարտապանի գործունեությունն ուղղորդելը և այլն (կանխամտածված սնանկություն), ապա պարտապան իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ այդ անձինք կրում են համապարտ պատասխանատվություն պարտապանի պարտավորություններով` վերջինիս գույքի անբավարարության դեպքում:

 

Հոդված 9. Պարտապանի հետ փոխկապակցված անձինք

 

1. Պարտապանի հետ փոխկապակցված են համարվում`

ա) պարտապանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական, դուստր կամ կախյալ իրավաբանական անձը.

բ) պարտապանի ղեկավարը, ինչպես նաև տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) անդամը, պարտապանի կոլեգիալ գործադիր մարմնի անդամը, գլխավոր հաշվապահը (հաշվապահը), ինչպես նաև սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու պահից վերջին մեկ տարվա ընթացքում նշված պաշտոններից ազատված անձը.

գ) պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի 20 և ավելի տոկոսին տիրապետող անձը.

դ) պարտապանին կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը կամ մարմնի անդամը:

Պարտապանի նկատմամբ փոխկապակցված է համարվում նաև անձը, որը սույն մասում նշված ֆիզիկական անձանց հետ գտնվում է սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված հարաբերությունների մեջ, իսկ սույն մասի «գ» կամ «դ» կետերի հիմքով իրավաբանական անձի փոխկապակցվածության դեպքում` նաև այդ անձի` սույն մասի «բ» կետում նշված պաշտոն զբաղեցնող ֆիզիկական անձը:

2. Ֆիզիկական անձ պարտապանի հետ փոխկապակցված են համարվում նրա ամուսինը, նրանց հետ երկու աստիճան ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, եղբայրը, քույրը և նրանց հետ ուղիղ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, ամուսնու եղբայրը, քույրը:

3. Կառավարչի և պարտատերերի հետ փոխկապակցված անձինք որոշվում են սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԸ ԵՎ ԱՅՆ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

Հոդված 10. Դիմումը ներկայացնելը և հետ վերցնելը

 

1. Հարկադրված սնանկության դիմում կարող են ներկայացնել`

ա) մեկ կամ մի քանի պարտատերերը համատեղ.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)

2. Կամավոր սնանկության դիմում ներկայացնելու և այն հետ վերցնելու իրավունք ունեն`

ա) իրավաբանական անձանց անունից` օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները (այսուհետ` պարտապանի ղեկավար).

բ) ֆիզիկական անձի անունից` տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ներկայացուցիչը:

3. Մեկից ավելի պարտատերերի համատեղ ներկայացրած դիմումը կարող է հետ վերցվել միայն բոլոր դիմած պարտատերերի գրավոր համաձայնությամբ:

Կամավոր սնանկության դիմումը կարող է հետ վերցվել դիմումը դատարան մուտքագրվելուց հետո` եռօրյա ժամկետում: Հարկադրված սնանկության դիմումը կարող է հետ վերցվել դիմումը դատարան մուտքագրվելուց հետո` 15-օրյա ժամկետում, իսկ դիմումի քննությունը դատական նիստում իրականացվելու դեպքում այն կարող է հետ վերցվել մինչև դատական նիստն սկսելը:

4. Դիմումը հետ վերցնելու դեպքում տվյալ դիմումի հիման վրա դատական վարույթ ընդունված սնանկության գործի վարույթը կարճվում է։

(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն, խմբ., փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 11. Դիմումի ձևը և բովանդակությունը

 

1. Դիմումը դատարան է ներկայացվում քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ձևով և բովանդակությամբ:

2. Դիմումում պետք է նշվեն նաև`

ա) պարտատիրոջ դրամական պահանջի չափը, պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.

բ) պարտավորության կամ դրա մասի (մասերի) կատարման ժամկետը.

գ) հարկադրված սնանկության դիմում ներկայացվելու կամ կամավոր սնանկության դիմումը պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվելու դեպքում առաջարկ՝ ժամանակավոր կառավարչի թեկնածության կամ համաձայնություն՝ ընտրությունը դատարանին թողնելու վերաբերյալ:

2.1. Կամավոր սնանկության դիմումը ֆիզիկական անձի կողմից ներկայացվելու դեպքում պարտապանը ժամանակավոր կառավարչի թեկնածություն չի առաջարկում, և թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով:

3. Դիմումին կցվում են նաև`

ա) իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 30 օրից ոչ ավելի վաղեմություն ունեցող պետական գրանցման տվյալները.

բ) հարկային մարմինների կողմից դիմումը ներկայացվելու դեպքում` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող պարտապանի ներկայացրած վերջին հարկային հաշվարկները.

գ) դիմումում ժամանակավոր կառավարչի թեկնածության առաջարկ ներկայացնելու դեպքում` այդ թեկնածուի գրավոր համաձայնությունը` որպես ժամանակավոր կառավարչի թեկնածու հանդես գալու վերաբերյալ:

4. Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:

Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենը ներկայացնելու անհնարինությունը պետք է հիմնավորվի դիմողի կողմից:

5. Պարտատիրոջ դիմումը կարող է հիմնվել տարբեր պարտավորություններով միավորված պահանջների վրա:

6. Պարտատերերը կարող են միավորել իրենց պահանջները պարտապանի նկատմամբ և մեկ դիմում ներկայացնել դատարան: Նման դիմումը ստորագրում են պահանջները միավորած բոլոր պարտատերերը:

7. Հարկադրված սնանկության դիմում ներկայացնելիս դիմումին կցվում են դիմումի օրինակը և դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի պատճենները` պարտապանների թվին համապատասխան: Մինչև հարկադրված սնանկության դիմում ներկայացնելը դիմումը և կից փաստաթղթերը դիմողը չի ուղարկում պարտապանին:

8. Հարկադրված սնանկության դիմում ներկայացնելիս պարտատերը կարող է միջնորդել դատարան` պարտապանին սնանկ ճանաչելուց հետո դիմումը դիտարկել նաև որպես պահանջ, եթե դիմումը համապատասխանում է նաև սույն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին: Նման միջնորդություն ներկայացվելու դեպքում ներկայացվում է դիմումի և կից փաստաթղթերի ևս երկու օրինակ, իսկ սույն պահանջը չպահպանելու դեպքում միջնորդությունը չի քննարկվում, որի մասին դիմումը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը: Միջնորդություն ներկայացնելը չի սահմանափակում դիմողի` սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջ ներկայացնելու իրավունքը:

(11-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-298-Ն, խմբ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն, 23.12.22 ՀՕ-580-Ն)

 

Հոդված 12. Պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերը

 

1. Պարտապանի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու կամ սնանկության վտանգի նպատակով դիմում ներկայացնելու դեպքում դիմումին կից ներկայացվում են (իսկ սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «զ» կետով սահմանված դեպքերում պարտապանը պարտավոր է ներկայացնել) հետևյալ փաստաթղթերը`

ա) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկը` համաձայն վերջին գույքագրման արդյունքների (դրա առկայության դեպքում), ներառյալ` կապիտալ և ֆինանսական ներդրումները, հիմնական և շրջանառու միջոցները, ինչպես նաև ոչ նյութական ակտիվները և նշված կազմին չպատկանող այլ միջոցները.

բ) պարտապանի պարտատերերի և պարտապանների (այդ թվում` այն քաղաքացիների, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու համար) ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և առանձին պարտավորությունների, ներառյալ` արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը և չափը: Նշված տեղեկությունները պետք է ներառեն նաև այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաև պարտապանի տված երաշխիքները և ստանձնած այլ պարտավորությունները.

գ) պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները.

դ) եթե պարտապանը տնտեսական ընկերակցություն է, ապա մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և պետական գրանցման տվյալները.

ե) պարտապանի հայտարարությունը` ֆինանսական առողջացման մտադրության մասին.

զ) տեղեկություններ (ապացույցներ) այլ գույքային իրավունքների մասին.

է) կամավոր սնանկության կամ սնանկության վտանգի մասին դատարան ներկայացվող դիմումի և կից փաստաթղթերի պատճենները բոլոր պարտատերերին ուղարկելու մասին ապացույցները.

ը) սնանկության վտանգի դիմումի դեպքում՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը:

2. Եթե պարտապանը մտադիր է ֆինանսական առողջացման ենթարկվել, ապա նա կարող է դիմումին կից ներկայացնել նաև սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը:

3. Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում պարտապանը պարտավոր է դրա վերաբերյալ պատճառաբանված հիմնավորում ներկայացնել դատարան: Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու հետ կապված բոլոր ռիսկերը կրում է պարտապանը։

(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, 12.12.19 ՀՕ-294-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-89-Ն)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 

Հոդված 13. Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը

 

1. Սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը դատավորն ընդունում է վարույթ` դիմումն ստանալու օրը: Եթե պարտապանի նկատմամբ սնանկության գործ կա դատարանում, ապա նոր դիմողի ներկայացրած սնանկության դիմումը քննվում է որպես առանձին վարույթ:

2. Դիմումը վարույթ ընդունելու մասին դատավորը կայացնում է որոշում: Դատարանը սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով նշանակում է սնանկության ժամանակավոր կառավարիչ: Եթե դատարանում առկա սնանկության գործով արդեն նշանակված է ժամանակավոր կառավարիչ, ապա նոր ժամանակավոր կառավարիչ չի նշանակվում: Ներդրումային ֆոնդի սնանկության վերաբերյալ գործով սնանկության ժամանակավոր կառավարիչ չի նշանակվում, և ժամանակավոր կառավարչի` սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնում է այդ ներդրումային ֆոնդի պահառուն` սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններով, եթե այլ կարգավորում չի նախատեսված կամ չի բխում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից:

2.1. Դատարանը հարկադրված սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` պարտատիրոջ (մի քանի պարտատերերի դեպքում` բոլոր պարտատերերի), իսկ կամավոր սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած ժամանակավոր կառավարչի թեկնածուին դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ նշանակում է որպես ժամանակավոր կառավարիչ` ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Եթե թեկնածու ներկայացված չէ, կամ նա չի համապատասխանում սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, և նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով:

3. Դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է`

ա) պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին.

բ) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին, ինչպես նաև կենտրոնական դեպոզիտարիա.

գ) այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է.

դ) մաքսային պետական մարմիններին.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` կենտրոնական բանկ).

զ) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը.

է) պարտապանին լիցենզիա տված պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա ունենալու մասին.

ը) աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին.

թ) Մրցակցության պաշտպանության հանձնաժողով.

ժ) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:

3.1. Դատարանի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու սնանկության կառավարչի միջև փաստաթղթաշրջանառությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով, որի կարգը սահմանում է կառավարությունը:

4. Ժամանակավոր կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ դատարանի որոշմամբ կարող է կիրառվել պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում, եթե դրանց չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը:

5. Սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կասեցնում է պարտապանի գույքի բռնագանձման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները:

(13-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-256-Ն, 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ., լրաց. 23.06.11 ՀՕ-235-Ն, լրաց. 23.03.18 ՀՕ-252-Ն, փոփ., խմբ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն, լրաց. 03.03.21 ՀՕ-89-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-102-Ն, 23.12.22 ՀՕ-580-Ն)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 13.1.

Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկություններ ձեռք բերելը

 

1. Դատարանը միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող է գործի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել այլ մարմիններից և անձանցից:

2. Դատարանին անհրաժեշտ տեղեկատվությունն էլեկտրոնային տեղեկատվական համակարգում ինքնաշխատ գեներացվում է հարցմամբ ներկայացված տեղեկությունների հիման վրա: Հարցման պատասխանն ինքնաշխատ պատրաստվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով, որը հավաստվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգի կողմից: Էլեկտրոնային տեղեկատվական համակարգից հարցման պատասխանի արտատպված օրինակը հավասարեցվում է տեղեկությունը տնօրինող համապատասխան մարմնից դիմումի կամ որոշման հիման վրա ստացված պատասխանին:

(13.1-ին հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-580-Ն)

 

Հոդված 14.

Սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումի ընդունումը մերժելը

(վերնագիրը խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

1. Դատավորը մերժում է սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը, եթե`

ա) պարտապանի նկատմամբ առկա է սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ.

բ) սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմում է բերվել այն անձի դեմ, որը սույն օրենքի համաձայն պարտապան չի կարող լինել:

1.1. Դատավորը մերժում է սնանկության վտանգի դիմումը վարույթ ընդունել՝

ա) սույն հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված դեպքում.

բ) եթե առկա չեն սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետով նախատեսված հիմքերը:

2. Դիմումի ընդունումը մերժելու մասին դատավորը կայացնում է որոշում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

3. Դատավորի որոշումը, դիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկվում են դիմողին:

4. Դիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան` դիմողի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում։

5. Որոշումը վերացվելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։

(14-րդ հոդվածը փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, խմբ., լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 15. Սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը վերադարձնելը

(վերնագիրը խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

1. Դատավորը վերադարձնում է սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը, եթե`

ա) չեն պահպանվել սույն օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների պահանջները, և դատավորը հիմնավոր չի համարել համապատասխան փաստաթղթերի ներկայացման անհնարինությունը.

բ) մեկ դիմումում միացված են մի քանի պարտապաններին սնանկ ճանաչելու վերաբերյալ պահանջներ, բացառությամբ եթե պարտապաններն ամուսիններ են և դիմողի նկատմամբ օրենքի ուժով համապարտ են.

գ) քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

1.1. Դատավորը վերադարձնում է սնանկության վերաբերյալ դիմումը, եթե պարտապանը ներկայացրել է սնանկության վտանգի մասին դիմում, բացառությամբ սույն օրենքի 15.6-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

2. Դիմումը վերադարձնելու մասին դատավորը որոշում է կայացնում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

3. Դիմումը վերադարձնելն արգելք չէ թույլ տված խախտումները վերացնելուց հետո կրկին դատարան դիմելու համար:

4. Դիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան` դիմողի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում։

5. Որոշումը վերացվելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։

(15-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, խմբ., լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.1

(գլուխը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 15.1. Սնանկության վտանգի դիմումի քննության կարգը

 

1. Դատարանը պարտապանի կողմից ներկայացված սնանկության վտանգի դիմումի քննությունն իրականացնում է սույն օրենքով նախատեսված՝ սնանկության վարույթի կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով։

 

Հոդված 15.2. Սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը

 

1. Սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված սնանկության վտանգի դիմումը դատավորն այն ստանալու օրն ընդունում է վարույթ և նշանակում է դատական նիստ մեկամսյա ժամկետում, եթե առկա չեն սույն օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածներով սահմանված՝ սնանկության վտանգի դիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը։

2. Դիմումը վարույթ ընդունելու և դատական նիստ հրավիրելու մասին դատավորը կայացնում է որոշում: Դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կառավարիչ է նշանակում պարտապանի ներկայացրած թեկնածուին` ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Ներկայացված կառավարչի թեկնածուի` սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, և նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-7-րդ մասերով սահմանված կարգով:

3. Դատարանը սնանկության վտանգի վերաբերյալ դիմումի վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է պարտապանին, պարտապանի կողմից դիմումում ներկայացված պարտատերերին և կառավարչին։

(15.2-րդ հոդվածը խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 15.3. Պարտապանի սնանկության վտանգի դիմումի քննարկումը

 

1. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի, պարտատերերի կամ կառավարչի չներկայանալն արգելք չէ պարտապանի սնանկության վտանգի դիմումի քննության համար:

2. Ֆինանսական առողջացման ծրագիրը քննարկելու (լրամշակելու, փոփոխելու և այլն) նպատակով պարտատիրոջ միջնորդությամբ դատարանը կարող է երկարաձգել դիմումի քննարկումը մինչև 90 օր ժամկետով։

3. Դատական նիստում դիմումի, ինչպես նաև առկայության դեպքում` պարտատերերի առարկությունների և առաջարկությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին, եթե պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին, առկա է ֆինանսական առողջացման ծրագրում առկա տեղեկությունների արժանահավատության և ծրագրի կատարման հավանականության վերաբերյալ կառավարչի դրական եզրակացությունը, և

1) պարտատերերը միաձայն համաձայնություն են տվել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրին.

2) պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն են տվել պարտապանի նկատմամբ պահանջների ընդհանուր ծավալով առնվազն 60 տոկոս պահանջի իրավունք ունեցող պարտատերերը, առկա է կառավարչի և պարտապանի համաձայնությունը, և պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված է ծրագրին համաձայնություն չտված պարտատերերի պահանջների բավարարում առնվազն այն չափով և ժամկետով, ինչը պարտատերերը ողջամտորեն կարող էին ստանալ պարտապանի լուծարման դեպքում:

4. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված է ապահովված պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի օգտագործումը, դատարանը կայացնում է վճիռ պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին, եթե ապահովված պարտատիրոջը տրամադրվել է համարժեք պաշտպանություն (հոդված 41), որի վերաբերյալ կնքվել է պայմանագիր:

5. Դատական նիստում դիմումի քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ պարտապանի սնանկության վտանգի դիմումը մերժելու մասին, եթե դրա բավարարման համար սույն օրենքով նախատեսված հիմքերն առկա չեն։

6. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ դիմումը մերժելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով վճիռը կայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում։

 

Հոդված 15.4. Պարտապանի սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու հետևանքները

 

1. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը`

1) պարտապանի սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու և կառավարիչ նշանակելու մասին անհապաղ տեղեկացնում է`

ա) պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին.

բ) անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին.

գ) այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է.

դ) մաքսային պետական մարմիններին.

ե) կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության բանկերին և այլ վարկային կազմակերպություններին և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին ծանուցելու համար.

զ) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը.

է) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին ծանուցելու համար.

ը) պարտապանին լիցենզիա տված պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա ունենալու մասին.

թ) աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին.

ժ) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:

Սույն կետով նախատեսված տեղեկացումն ուղարկվում է գրավոր, իսկ առկայության դեպքում` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործադրմամբ.

2) կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան սնանկության վտանգի դիմումը բավարարելու մասին վճռի ուժի մեջ մտնելու պահից հինգ օրվա ընթացքում պարտապանի սնանկության վտանգի դիմումի բավարարման մասին տեղեկություններ հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ պարտապանի հաշվին, և փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում:

2. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից և պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամանակահատվածում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ստուգման կամ ուսումնասիրության իրականացման համար դատարանի որոշում չի պահանջվում:

3. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում մասնակցություն ունեցող անձանց` օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված գույքի կառավարման և տնօրինմանը վերաբերող այն լիազորությունները, որոնք պայմանավորված են այդ մասնակցությամբ: Նշված լիազորությունների իրականացումը կարող է թույլատրվել դատարանի որոշմամբ` ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում:

4. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի հսկողության ներքո, իսկ պարտապանի կառավարման մարմինների` պարտապանի գույքը կառավարելու և տնօրինելու իրավազորությունները կասեցվում են ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամկետով։ Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի համաձայնության։

(15.4-րդ հոդվածը փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն, լրաց. 03.03.21 ՀՕ-89-Ն)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 15.5. Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը (մորատորիումը) սնանկության վտանգի վարույթում

 

1. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից՝

1) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը այլ կերպ, քան ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով.

2) արգելվում է պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով որևէ քաղաքացիական կամ վարչական գործի վարույթը սկսելը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով.

3) կարճվում է սնանկության վտանգի վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:

Սույն կետում նշված քաղաքացիական գործը կարող է վերսկսվել սնանկության վտանգի վարույթի ավարտից հետո.

4) կասեցվում է դրամական պարտավորությունների և վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը.

5) կարճվում է գույքային բռնագանձումներով կամ ոչ գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ, որն ազդում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի և իրավունքների վրա, բացառությամբ սույն օրենքով սահմանված այլ դեպքերի։

2. Մորատորիումի գործողությունը չի տարածվում`

1) ալիմենտների բռնագանձման վրա.

2) ի ապահովումն պարտապանի պարտավորությունների կատարման` երաշխիք կամ երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխիքի կամ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա.

3) սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը կայացնելուց հետո ընկած ժամանակահատվածում պարտապանի ստանձնած պարտավորությունների վրա.

4) ապահովված իրավունք ունեցող պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի վրա, եթե դատարանը սույն օրենքով սահմանված կարգով պարտատիրոջը թույլատրել է դրա իրացումն արտադատական կարգով: Ապահովված իրավունքի առարկայի արտադատական կարգով իրացման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 39.1-ին և 39.2-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները.

5) սույն օրենքի 40.1-ին հոդվածով նախատեսված դեպքերում:

3. Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պարտապանի սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ շարունակում է ներկայացնել պարտապանի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը և կրում է դրանք չներկայացնելու կամ ոչ պատշաճ ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը:

4. Մորատորիումը շարունակվում է մինչև տվյալ սնանկության վտանգի վարույթով ֆինանսական առողջացման ծրագրի ավարտի օրը։

(15.5-րդ հոդվածը լրաց. 27.10.16 ՀՕ-192-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-298-Ն, խմբ. 26.05.21 ՀՕ-222-Ն)

Հոդված 15.6. Պարտապանին սնանկ ճանաչելը սնանկության վտանգի դիմումի հիման վրա

 

1. Եթե սնանկության վտանգի դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ պարտապանի մոտ առկա են սույն օրենքին համապատասխան պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերը, ապա դատարանը կարող է սնանկ ճանաչել պարտապանին, եթե պարտապանը համապատասխան դիմում է ներկայացնում։

 

Հոդված 15.7.

Ֆինանսական առողջացման ծրագրի պարտադիր պայմանները

 

1. Սույն օրենքով նախատեսված պայմաններից բացի, սնանկության վտանգի վարույթում ներկայացվող պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներառի նաև`

1) կառավարչի լիազորությունները.

2) պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի իրականացումը ֆինանսավորող անձի պահանջների արտահերթ բավարարման պայման, ընդ որում՝ այդ պահանջին պետք է տրվի մնացած բոլոր պարտատերերի պահանջների, կառավարչի վարձատրության, վարչական ծախսերի նկատմամբ գերակայություն՝ սույն օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան։

 

Հոդված 15.8. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցումը

 

1. Սույն օրենքով նախատեսված ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերի առկայության դեպքում դատարանը կառավարչի միջնորդությամբ վաղաժամկետ դադարեցնում է ֆինանսական առողջացման ծրագիրը և վճիռ է կայացնում պարտապանի սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին։

 

Հոդված 15.9. Ֆինանսական առողջացման ծրագրի ավարտը

 

1. Եթե սույն օրենքով սահմանված կարգով սնանկության վտանգի վարույթով ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը դատարանը մերժում է, ապա վճիռ է կայացվում սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին։

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Հոդված 16.

Սնանկ ճանաչելը կամավոր սնանկության դիմումի հիման վրա

(վերնագիրը լրաց., փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

1. Պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կամ 2.1-ին կետով կամ 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը:

2. (մասն ուժը կորցրել է 12.12.19 ՀՕ-294-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 12.12.19 ՀՕ-294-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)

(16-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց., փոփ., խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 17. Պարտապանին սնանկ ճանաչելը հարկադրված սնանկության դիմումի հիման վրա

(վերնագիրը փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

1. Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի պատճենները:

Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը։

Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

2. Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը վիճարկում է իր սնանկությունը` այդ մասին գրավոր առարկություններ ներկայացնելով դատարան, ապա դատավորն առարկությունները ստանալու պահից` 10 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցվում են դիմում ներկայացրած անձը (անձինք) և պարտապանը:

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

3. Եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:

4. (մասն ուժը կորցրել է  22.12.10 ՀՕ-13-Ն)

5. Սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

6. Դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե`

1) սնանկության գործի վարույթը կարճվել է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով.

2) սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, և դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը.

3) դա նախատեսված է դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ:

7. Սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքում ժամանակավոր կառավարչի (կառավարչի) դիմումի հիման վրա ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության մասով կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման:

(17-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 17.1. Դատարանի` սնանկության գործով կայացված դատական ակտերի ուժի մեջ մտնելը

(վերնագիրը փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

1. Դատարանի` սնանկության գործով կայացված վճիռներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բացառությամբ սնանկության գործն ավարտելու մասին վճռի, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո:

2. Դատարանի` սնանկության գործով առանձին ակտի ձևով կայացված որոշումներն ուժի մեջ են մտնում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու պահից:

3. Դատարանի` սնանկության գործով առանձին ակտի ձևով կայացված դատական ակտերն ուղարկվում են նաև համապատասխանաբար ժամանակավոր կառավարչին կամ կառավարչին:

(17.1-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ., խմբ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 18. Կողմերի հաշտության համաձայնությունը

 

1. Կողմերը սնանկության դիմումը հետ վերցնելու համար սահմանված ժամկետում կարող են կնքել հաշտության համաձայնություն: Կողմերի միջնորդությամբ նշված ժամկետը դատարանի որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև երկշաբաթյա ժամկետով: Եթե դատարանը երկարաձգել է կողմերի միջև հաշտության համաձայնություն կնքելու ժամկետը, և այդ ժամկետում հաշտության համաձայնություն չի կնքվել, ապա դատարանի սահմանած ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է վճիռ։

2. Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր։

3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները։

4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը։

5. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո հաշտություն կնքելու բոլոր պարտատերերի իրավունքը կարող է իրականացվել բացառապես սույն օրենքի պահանջներին համապատասխան առողջացման ծրագրի հաստատման միջոցով։ Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո առողջացման ծրագրի շրջանակներում առանձին պարտատիրոջ և պարտապանի միջև հաշտություն կնքելու իրավունքը կարող է իրականացվել տվյալ պարտատիրոջ կողմից միակողմանի պարտքի լրիվ կամ մասնակի ներմամբ կամ կատարման ժամկետի միակողմանի երկարաձգմամբ։

(18-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 19. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու հետևանքները

(վերնագիրը փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը`

ա) սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով անհապաղ նշանակում է սնանկության գործով կառավարիչ (այսուհետ` կառավարիչ)` դադարեցնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները: Ներդրումային ֆոնդի սնանկության վերաբերյալ գործով կառավարիչ չի նշանակվում, և կառավարչի` սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնում է այդ ներդրումային ֆոնդի պահառուն` սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններով, եթե այլ կարգավորում չի նախատեսված կամ չի բխում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից.

բ) պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշմամբ նշանակում է պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը և վայրը: Պարտատերերի առաջին ժողովը նշանակվում է պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կայացնելու օրվանից ոչ ուշ, քան 40 օրվա, և ոչ շուտ, քան 30 օրվա ընթացքում:

Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշման բողոքարկումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ պարտատերերի առաջին ժողովի անցկացման համար, բացառությամբ եթե բողոքարկվում են որոշմամբ հաստատված բոլոր պահանջները.

գ) պարտապանին սնանկ ճանաչելու, դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին անհապաղ տեղեկացնում է`

- պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին,

- անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին,

- այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է,

- մաքսային պետական մարմիններին,

- կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության բանկերին և այլ վարկային կազմակերպություններին և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին ծանուցելու համար,

- Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը,

- Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին ծանուցելու համար,

- պարտապանին լիցենզիա կամ ընդերքօգտագործման իրավունք տրամադրած պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա կամ ընդերքօգտագործման իրավունք ունենալու մասին.

- աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին.

- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին.

- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:

Սույն կետով նախատեսված տեղեկացումն ուղարկվում է գրավոր, իսկ առկայության դեպքում` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործադրմամբ.

դ) կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան համապատասխան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից` 5 օրվա ընթացքում, պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում.

ե) սույն օրենքով նախատեսված դեպքերում` կառավարչի, պարտատերերի խորհրդի, պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ հրավիրում է դատական նիստ.

զ) պարտապանին պարտավորեցնում է 10 օրվա ընթացքում կառավարչին ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը, եթե դիմումը ներկայացրել է պարտատերը կամ պարտապանի կողմից դիմում ներկայացնելու դեպքում դրանք ներկայացվել են թերի.

է) պարտապանին լուծարելու մասին որոշում կայացնելու պահից անհապաղ որոշում է կայացնում պարտապանի գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքները կասեցնելու մասին.

ը) արգելանք է դնում պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, բացառությամբ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

թ) (կետն ուժը կորցրել է 12.12.19 ՀՕ-294-Ն)

ժ) պարտապանին գրավոր պարզաբանում է սույն օրենքով սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականության և դրա խախտման հետևանքների մասին` միաժամանակ պարզաբանումը հրապարակելով դատական իշխանության պաշտոնական կայքում:

1.1. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու մասին վճիռ կայացնելու դեպքում նույն պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով այլ դիմումներով դատարանի վարույթում առկա գործերի վարույթը կարճվում է վճռի բողոքարկման ժամկետը լրանալուց, իսկ վճռի բողոքարկված լինելու դեպքում` օրինական ուժի մեջ մնալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ: Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի գործողության և լուծարման վարույթում գտնվող պարտապանի գործունեության վերսկսման ժամանակահատվածում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ստուգման կամ ուսումնասիրության իրականացման համար դատարանի որոշում չի պահանջվում:

Ստուգման կամ ուսումնասիրության իրականացումը թույլատրելու կամ մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով:

Պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն արգելվում է, բացառությամբ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության և հանդիպակաց ուսումնասիրությունների:

3. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում մասնակցություն ունեցող անձանց` օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված գույքի կառավարման և տնօրինմանը վերաբերող այն լիազորությունները, որոնք պայմանավորված են այդ մասնակցությամբ: Նշված լիազորությունների իրականացումը կարող է թույլատրվել դատարանի որոշմամբ` ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում:

Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանը (ղեկավարը) գործում է սույն օրենքի 47-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված կարգով:

4. Սույն հոդվածի առաջին մասի «գ» կետով նախատեսված` պետական մարմինները պարտավոր են տասնհինգօրյա ժամկետում դատարան ներկայացնել պարտապանի գույքի (այդ թվում` իրավաբանական անձանց բաժնեհավաք, փայահավաք կամ այլ կապիտալում մասնակցության), ինչպես նաև իրավունքների (այդ թվում` պարտապանի գրավառուի իրավունքների) գրանցման մասին, իսկ բանկերը և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան` պարտապանի` բանկային հաշիվների և դրանց մնացորդների, ինչպես նաև արժեթղթերի նկատմամբ ունեցած իրավունքների մասին տեղեկություններ:

5. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր պարտատեր կարող է ծանոթանալ սնանկության վարույթի նյութերին, ինչպես նաև կառավարչից պահանջելու տեղեկություններ պարտապանի գործունեության, ֆինանսական վիճակի, ներառյալ` գույքագրված ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ:

6. Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հիմք է սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումները և հինգերորդ մասով նախատեսված կասեցումները վերացնելու համար:

7. Սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ դիմումի մերժումը չի արգելում նույն անձին նույն դիմումով նույն պարտապանի դեմ դիմել դատարան` սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ դառնալու պայմաններում:

 Ներմուծեք նկարագրությունը_21507(19-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-48-Ն, լրաց. 22.10.08 ՀՕ-191-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-256-Ն, 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-143-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-298-Ն, լրաց. 23.03.18 ՀՕ-252-Ն, փոփ., խմբ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն, լրաց., փոփ. 16.07.20 ՀՕ-398-Ն, լրաց. 03.03.21 ՀՕ-89-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-102-Ն)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 

Հոդված 20. Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկումը

 

1. Դատարանի` սնանկության գործով վճիռները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով: Վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել վճռի հրապարակման օրվանից հետո՝ 15-օրյա ժամկետում:

2. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն պարտապանը, պարտատերը (պարտատերերը):

3. Սնանկ ճանաչելու դիմումը մերժելու կամ սնանկության գործի վարույթը կարճելու մասին դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունի նաև սնանկության ժամանակավոր կառավարիչը (կառավարիչը)` իր վարձատրության մասով:

4. Դատարանի վճռի բողոքարկումը չի կասեցնում սնանկության վերաբերյալ գործի վարույթը, ինչպես նաև դատարանի նշանակած կառավարչի գործողությունները, եթե վերաքննիչ դատարանը չի կասեցրել դատական ակտի կատարումը:

5. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվելու և նոր քննության ուղարկվելու դեպքում սնանկության վարույթի ընթացքում բոլոր գործողությունները և ժամկետները կասեցվում են և շարունակվում են պարտապանին սնանկ ճանաչելու պահից:

6. Սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի: Որոշումների բողոքարկումը չի կասեցնում այդ որոշումներից բխող գործողությունների կատարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանի, կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ կասեցնում է այդ գործողությունների կատարումը, եթե այդ միջնորդությամբ հիմնավորվում է, որ դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ պարտապանի կամ պարտատիրոջ համար:

7. Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, ինչպես նաև առանձին պահանջները հաստատելու մասին դատարանի որոշումը կարող են բողոքարկվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` առանձին պահանջների կամ դրանց մի մասով: Որոշումը մասնակիորեն բողոքարկվելու դեպքում պահանջների վերջնական ցուցակը, ինչպես նաև առանձին պահանջները հաստատելու մասին դատարանի որոշումը՝ չբողոքարկված պահանջների կամ առանձին պահանջի չբողոքարկված մասով, մնում է ուժի մեջ:

8. Սնանկության գործի ընթացքում կայացվող որոշման դեմ բերված բողոքը քննվում և որոշում է կայացվում միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:

9. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված որոշման դեմ բերված բողոքը վերաքննիչ դատարանը քննում և որոշում է կայացնում կոլեգիալ` երեք դատավորի կազմով, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

 Ներմուծեք նկարագրությունը_21507(20-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-48-Ն, խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 20.1. Սնանկության գործով առանձին պահանջների քննության կասեցման հիմքերը և կարգը

 

1. Սնանկության գործի վարույթը առանձին պարտատերերի պահանջների մասով կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ կասեցման հիմքերի առկայության դեպքում, եթե այդ իրավակարգավորումները կիրառելի են սնանկության վարույթում առանձին պահանջների քննության նկատմամբ:

2. Առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը:

3. Առանձին պահանջի քննությունը կասեցնելու դեպքում հետագա վարույթի ընթացքում նույն հերթի մնացած պահանջները բավարարելուց հետո կասեցված պահանջի չափի համամասնությամբ դրամական միջոցներ են սառեցվում սնանկության հատուկ հաշվին: Վարույթը կասեցնելու հիմքը վերանալուց և պահանջը հաստատվելուց հետո դատարանի որոշմամբ սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները փոխանցվում են պարտատիրոջը: Եթե պահանջի քննության կասեցման հիմքերը վերանալուց հետո կասեցված պահանջը չի հաստատվում, ապա այդ հիմքով սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ դատարանի որոշման հիման վրա:

4. Այն պարտատերը, որի պահանջի քննությունը կասեցվել է, կարող է մասնակցել պարտատերերի ժողովներին միայն խորհրդակցական ձայնի իրավունքով: Պահանջի քննության կասեցման հիմքերը վերանալու և դատարանի կողմից այդ պահանջը հաստատվելու դեպքում պարտատերը մասնակցում է պարտատերերի ժողովին քվեարկության իրավունքով՝ սույն օրենքով սահմանված կարգով:

(20.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

Ներմուծեք նկարագրությունը_21507

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ

 

Հոդված 21. Ժամանակավոր կառավարիչը

 

1. (մասն ուժը կորցրել է 12.12.19 ՀՕ-294-Ն)

2. Սնանկության ժամանակավոր կառավարիչը`

ա) միջնորդություն է ներկայացնում դատարան` սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումների կիրառման համար.

բ) մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահն իրականացնում է սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի «ե», «զ» և «ժա.1» կետերով նախատեսված լիազորությունները:

3. Ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարեցվում են կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշմամբ: Ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են սնանկության գործի վարույթը կարճվելու և սնանկության դիմումը մերժվելու դեպքերում: Ժամանակավոր կառավարչի` կառավարիչ չնշանակվելու դեպքում ժամանակավոր կառավարչի վարձատրությունը կատարվում է սնանկ ճանաչված պարտապանի հաշվին:

4. Սնանկության գործի վարույթը կարճվելու, սնանկության դիմումը մերժվելու, ինչպես նաև ժամանակավոր կառավարչի` կառավարիչ չնշանակվելու դեպքերում ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է դատարանի կողմից համապատասխան վճիռը (որոշումը) կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի` վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չունենալու դեպքում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:

5. Ժամանակավոր կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելու կարգը և ժամանակավոր կառավարչի պատասխանատվությունը որոշվում են կառավարչի համար սահմանված կանոններով:

(21-րդ հոդվածը խմբ. 08.12.10 ՀՕ-231-Ն, խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ., լրաց., խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 22.

Կառավարչի ընտրությունը և նշանակումը

 

1. Սնանկության գործով կառավարիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որպես կառավարիչ հաշվառված և գործունեությունը չկասեցված անձը:

2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, գործին որպես դիմող մասնակցած պարտատերը (եթե պարտատերերը մի քանիսն են, ապա բոլոր պարտատերերը միասին), իսկ կամավոր սնանկության դեպքում պարտապանը ժամանակավոր կառավարչին տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակելու դեմ կարող են ներկայացնել առարկություններ` սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքերի առնչությամբ: Առարկություններ ներկայացնելու հետ միաժամանակ համապատասխանաբար պարտատերը կամ պարտապանը կարող է ներկայացնել կառավարչի իր թեկնածուին` կցելով վերջինիս գրավոր համաձայնությունը` որպես կառավարչի թեկնածու հանդես գալու վերաբերյալ:

3. Ժամանակավոր կառավարչին որպես կառավարիչ նշանակելու դեմ սահմանված կարգով չառարկելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում ժամանակավոր կառավարչին կառավարիչ նշանակելու մասին, եթե նա համապատասխանում է սույն հոդվածով սահմանված պահանջներին:

4. Ժամանակավոր կառավարչին որպես կառավարիչ նշանակելու դեմ սահմանված կարգով առարկելու և կառավարչի թեկնածության վերաբերյալ առաջարկ ներկայացվելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում կառավարիչ նշանակելու մասին` ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն հոդվածով սահմանված պահանջներին:

5. Ժամանակավոր կառավարչին որպես կառավարիչ նշանակելու դեմ սահմանված կարգով առարկելու և կառավարչի թեկնածության վերաբերյալ առաջարկ չներկայացվելու կամ ներկայացված թեկնածուի` սույն հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պահանջագիրն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, հատուկ համակարգչային ծրագրի միջոցով տարածքային սկզբունքով ընտրում է կառավարչի թեկնածուին` այդ մասին անհապաղ տեղյակ պահելով կառավարչին, և դատարան է ներկայացնում նրա թեկնածությունը: Կառավարչի կողմից սպասարկման որևէ տարածք ընտրելու դեպքում վերջինս որպես ժամանակավոր կառավարիչ (կառավարիչ) կարող է նշանակվել միայն այդ տարածքում: Կառավարչի ընտրությունը տարածքային սկզբունքով չի կատարվում, եթե տվյալ տարածքն սպասարկող կառավարիչ ընտրել հնարավոր չէ:

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից կառավարչի թեկնածությունն ստանալուց հետո դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում կառավարիչ նշանակելու մասին` ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն հոդվածով սահմանված պահանջներին: Թեկնածուի համար սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքեր հայտնաբերվելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, և նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն հոդվածի 6-րդ և սույն մասերով սահմանված կարգով:

8. Կառավարիչը կարող է առարկել իր թեկնածությունը դատարան ներկայացնելու դեմ միայն այն դեպքում, երբ նրա գործունեությանը խոչընդոտում են անհաղթահարելի ուժի (ֆորսմաժորային) հանգամանքները, առկա են սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքերը կամ դատարանի կողմից հարգելի ճանաչված այլ դեպքերում: Կառավարչի առարկությունը հիմնավոր համարելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, և նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով:

9. Կառավարչի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, իսկ նշանակված լինելու դեպքում վաղաժամկետ դադարեցվում են այն կառավարչի լիազորությունները, որը`

1) փոխկապակցված է պարտատերերի կամ պարտապանի հետ.

2) պարտապանի կամ նրա հետ փոխկապակցված անձի նկատմամբ ունի պահանջ կամ պարտավորություն:

10. Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, և նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով:

11. Կառավարչի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

12. Կառավարիչը յուրաքանչյուր հաջորդ տարվա համար մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սպասարկման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

(22-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 23.

Կառավարչի որակավորումը

(վերնագիրը խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

1. Որպես կառավարիչ կարող է որակավորվել 63 տարին չլրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում:

2. Անձը որպես կառավարիչ չի կարող որակավորվել, եթե`

1) հանրային ծառայող է.

2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը մարված կամ վերացված չէ.

3) դիմելու օրվան նախորդող վերջին հինգ տարիների ընթացքում ճանաչվել է սնանկ.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ:

3. Որակավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Որակավորումն իրականացվում է որակավորման ստուգման միջոցով, որն անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից խորհրդակցական մարմին հանդիսացող որակավորման հանձնաժողովը:

4. Որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է որակավորման ստուգումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

5. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար դիմումը և պահանջվող փաստաթղթերը, ներառյալ` որակավորման ստուգմանը մասնակցելու համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ներկայացվում որակավորման ստուգում անցկացնելու մասին հրապարակված հայտարարության մեջ նշված ժամկետում:

6. Դիմումի մեջ կամ դրան կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում որակավորման ստուգման անցկացման օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ դիմողը տեղեկացվում է այդ մասին` նրան հնարավորություն ընձեռելով տեղեկացվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, շտկելու դրանք:

7. Որակավորման ստուգմանը դիմողի մասնակցության դիմումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մերժում է, եթե`

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) դիմողի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները.

3) դիմողը հայտարարության մեջ նշված ժամկետում կամ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում նույն մասով սահմանված ժամկետում չի ներկայացրել պահանջվող բոլոր փաստաթղթերը:

8. Որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

(23-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն, լրաց., փոփ. խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-225-Ն)

 

Հոդված 23.1. Կառավարչի վարքագծի կանոնները

 

1. Կառավարիչը պարտավոր է առաջնորդվել վարքագծի հետևյալ կանոններով.

1) ապահովել հարգալից և անկողմնակալ վերաբերմունք պարտապանի և պարտատերերի նկատմամբ.

2) կողմերին պարզաբանել սնանկության գործընթացի բնույթը.

3) պահպանել սնանկության գործի ընթացքում իրեն հայտնի դարձած օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները.

4) սնանկության գործընթացում իրեն վերապահված լիազորություններն իրականացնել հնարավոր սեղմ ժամկետներում, ողջամիտ և նվազ ծախսատարության սկզբունքով` առանց սնանկության վարույթին, պարտապանի և պարտատիրոջ շահերին վնասելու.

5) նպաստել կառավարիչների նկատմամբ վստահության ձևավորմանը։

(23.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 24. Կառավարչի հաշվառումը դատարանում

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 24.1.

Կառավարչի հաշվառումը և նրան հաշվառումից հանելը

 

1. Անձը որպես կառավարիչ հաշվառման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում սնանկության գործով կառավարչի որակավորման վկայականի և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը ներառող դիմում, որին կից ներկայացվում են կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունը հավաստող փաստաթուղթը, սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի պատճենը և այդ պատճենը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակելու վերաբերյալ գրավոր թույլտվությունը, ինչպես նաև հաշվառման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը: Անձը չի կարող հաշվառվել որպես կառավարիչ, եթե լրացել է նրա 63 տարին:

2. Որպես կառավարիչ հաշվառվելիս անձը կարող է նշել այն սպասարկման տարածքը (մարզը, Երևան քաղաքը) կամ տարածքները, որոնցում ցանկանում է գործունեություն ծավալել, իսկ սպասարկման տարածք չնշելու դեպքում կառավարչի սպասարկման տարածք է համարվում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հաշվառված կառավարիչների ցանկը, կառավարիչների սպասարկման տարածքների վերաբերյալ տեղեկությունները և յուրաքանչյուր կառավարչի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի պատճենը հրապարակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:

4. Կառավարչի հաշվառված լինելու պահանջը դատարանը ստուգում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքի միջոցով:

5. Կառավարիչը հանվում է հաշվառումից իր դիմումի համաձայն, ինչպես նաև որակավորումը կասեցվելու կամ դադարեցվելու դեպքերում:

6. Կառավարչին հաշվառումից հանելու մասին որոշումն ուղարկվում է կառավարչին այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:

7. Կառավարչին հաշվառումից հանելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

8. Կառավարչին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

(24.1-ին հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 25.

Կառավարչի գույքային պատասխանատվությունը

 

1. Կառավարիչը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում պարտապանին և պարտատիրոջը իր մեղքով պատճառված վնասի համար:

2. Կառավարիչը պարտավոր է առնվազն նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով ապահովագրական գումարով ապահովագրել սնանկության գործերին մասնակցող անձանց պատճառված վնասի համար իր քաղաքացիական պատասխանատվությունը: Կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր նոր ապահովագրության պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի պատճենը, ինչպես նաև այդ պատճենը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակելու վերաբերյալ գրավոր թույլտվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, բացառությամբ այն դեպքերի, երբ կառավարչի գործունեությունը սույն օրենքով սահմանված կարգով կասեցվել է:

3. Առաջին ապահովագրության պայմանագիրը կնքվում է որպես կառավարիչ հաշվառման համար դիմում ներկայացնելուց առնվազն հինգ օր առաջ, իսկ հաջորդ յուրաքանչյուր նոր պայմանագիրը` նախորդ պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ:

4. Կառավարչի մեղքով վնաս կրած պարտապանը և պարտատերը համարվում են ապահովագրական գումարի շահառու:

5. Կառավարչի մեղքով շահառուներին պատճառված վնասի փոխհատուցումն իրականացվում է ապահովագրական հատուցման հաշվին, իսկ դրա անբավարարության դեպքում` կառավարչի գույքից: Եթե ապահովագրական հատուցման չափը բավարար չէ վնաս կրած բոլոր շահառուների` վնասով պայմանավորված պահանջները բավարարելու համար, ապա պահանջների բավարարումն իրականացվում է հետևյալ կարգով.

1) առաջին փուլում վնասների հատուցումն իրականացվում է ապահովագրական հատուցումից` տվյալ գումարը վնաս կրած բոլոր շահառուների միջև` իրենց կրած վնասով պայմանավորված պահանջներին համամասնորեն բաշխելու միջոցով.

2) երկրորդ փուլում վնասների փոխհատուցումն իրականացվում է կառավարչի կողմից` վնաս կրած բոլոր շահառուների միջև իրենց կրած վնասով պայմանավորված պահանջի ապահովագրական հատուցմամբ չծածկված մասով` իրենց պահանջներին համամասնորեն ապահովագրական հատուցման վճարման օրվանից՝ եռամսյա ժամկետում:

(25-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 26. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը

 

1. Սույն օրենքի համաձայն` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է համարվում ոչ առևտրային իրավաբանական անձը, որի հիմնադիր է հանդիսանում ոչ պակաս, քան 20 կառավարիչ: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետք է մշտապես ունենա կառավարիչ հանդիսացող ոչ պակաս, քան 20 անդամ: Կառավարիչը կարող է լինել միայն մեկ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ:

2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցումն իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցման համար բացի օրենքով սահմանված փաստաթղթերից ներկայացվում են նաև տեղեկություններ նրա անդամների մասին: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը կամ «ԻԿԿ» հապավումը:

3. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետական գրանցման պահից` 10-օրյա ժամկետում, պարտավոր է հաշվառվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` ներկայացնելով սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված փաստաթղթերի պատճենները: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների փոփոխության դեպքում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ հայտնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

4. Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև իր կանոնադրության և կանոնների բազմակի կամ կոպիտ խախտումների համար կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է լուծարվել դատարանի որոշմամբ` շահագրգիռ անձանց դիմումով:

5. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նպատակն իր անդամների գործունեության թափանցիկությանը և արդյունավետության բարձրացմանը նպաստելն է, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների վարքագծի կանոնների մշակումն ու կիրառումը սույն օրենքի 23.1-ին հոդվածով սահմանված կանոնների հիման վրա, ինչպես նաև սույն օրենքով սահմանված լիազորությունների իրագործումը:

6. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի`

ա) ներկայացնելու և պաշտպանելու կառավարիչների շահերը.

բ) ընդունելու կարգեր և կանոններ մասնագիտական էթիկայի կանոնների կիրառումն ապահովելու, կառավարչի դիմումով խորհրդատվական պարզաբանում տալու կառավարիչների վարքագծի կանոնների կիրառման վերաբերյալ.

գ) օրենքով սահմանված կարգով իր անդամների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և տույժեր կիրառելու.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)

ե) իրականացնելու օրենսդրությամբ չարգելված այլ գործառնություններ և գործունեություն:

(26-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, 17.06.16 ՀՕ-105-Ն, խմբ., փոփ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 26.1.

Կառավարիչների վերապատրաստումը

 

1. Կառավարիչների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելու նպատակով կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կազմակերպում և իրականացնում է կառավարչի որակավորում ունեցող անձանց ամենամյա պարտադիր վերապատրաստումներ` նվազագույնը 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ:

2. Անձը կարող է համարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր վերապատրաստումներն անցած, եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով նախատեսված դեպքերում մասնակցել է այլ համարժեք դասընթացների, կուրսերի կամ վերապատրաստումների:

3. Ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»:

(26.1-ին հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 27. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գույքը, կառավարման մարմինները

 

1. Անդամների (հիմնադիրների) կողմից կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը փոխանցվող գույքը հանդիսանում է նրա սեփականությունը: Անդամները պատասխանատվություն չեն կրում ինքնակարգավորվող կազմակերպության պարտավորությունների համար: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար: Անդամները պարբերական վճարներ են կատարում անդամության համար։ Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն անդամավճարի կամ իր անդամներից գանձվող ցանկացած այլ վճարի չափը սահմանում է` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ և ներկայացնելով վճարի չափի սահմանումը հիմնավորող համապատասխան հաշվարկներ, եթե միանվագ վճարի չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը, իսկ պարբերական վճարի դեպքում ամսական վճարի չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մերժում է այն, եթե հիմնավորված չէ առաջարկվող չափով վճարի սահմանումը:

2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է, որը կազմակերպության ղեկավարումն իրականացնում է տարեկան կամ արտահերթ ժողովների գումարման միջոցով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների երկու երրորդը: Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերով` բոլոր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով: Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`

ա) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրության, կանոնների, կարգերի ընդունումը և դրանցում փոփոխությունների կատարումը.

բ) ինքնակարգավորվող կազմակերպության անդամին անդամությունից զրկելը.

գ) ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի, վերահսկիչ ծառայության անդամների և ղեկավարի ընտրությունը և նրանց լիազորությունների դադարեցումը.

դ) ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը.

ե) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ հարցեր.

զ) ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարի չափը սահմանելը:

3. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդն ընտրում կամ նշանակում է գործադիր մարմին, իրականացնում է կանոնադրությամբ և ժողովի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ: Դիտորդ խորհրդի անդամների քանակը և գործունեության կարգը սահմանվում է կանոնադրությամբ: Դիտորդ խորհրդի իրավասության հարցերը չեն կարող փոխանցվել գործադիր մարմիններին: Դիտորդ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել գործադիր տնօրեն կամ գործադիր մարմնի անդամ (ղեկավար), կարգապահական հանձնաժողովի անդամ (ղեկավար):

4. Գործադիր տնօրենը կամ վարչությունը և վարչության ղեկավարը կազմակերպում են ինքնակարգավորվող կազմակերպության աշխատանքները և հաշվետու են դիտորդ խորհրդին: Գործադիր մարմնի իրավասությունները սահմանվում են ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ: Գործադիր տնօրենը, վարչության անդամը կամ ղեկավարը պետք է ունենա պետական լիազոր մարմնի կողմից տրված որակավորման վկայական, սակայն չի կարող միաժամանակ լինել կարգապահական հանձնաժողովի անդամ:

5. Կարգապահական հանձնաժողովը սույն օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայության դեպքում կառավարչի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ և կիրառում կարգապահական տույժեր: Կարգապահական հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել դիտորդ խորհրդի անդամ, գործադիր տնօրեն կամ վարչության անդամ կամ գործադիր մարմնի աշխատակից:

(27-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն, խմբ., լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ., լրաց., խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 27.1.

Կառավարիչների և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության վերահսկողությունը

 

1. Կառավարիչների և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի, իրավական այլ ակտերի և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

2. Կառավարիչը և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրենց գործունեության վերաբերյալ վիճակագրական բնույթի տարեկան հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը:

3. Կառավարչի կողմից ներկայացվող վիճակագրական հաշվետվությունը ներառում է տեղեկություններ կառավարչի կողմից վարվող գործերի, դրանց քանակի, այդ թվում` ֆինանսական առողջացման դեպքերի, ֆինանսական վերլուծությամբ իր կողմից հայտնաբերված կեղծ և կանխամտածված սնանկության հատկանիշների, իր աշխատավայրի և աշխատակիցների վերաբերյալ և այլ վիճակագրական տեղեկատվություն:

4. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից ներկայացվող հաշվետվությունը ներառում է տեղեկություններ կազմակերպության կողմից հարուցված կարգապահական վարույթների, անցկացվող վերապատրաստումների, անդամների թվի և անդամների տվյալների վերաբերյալ:

5. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

(27.1-ին հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 27.2.

Կառավարչի կարգապահական պատասխանատվությունը

 

1. Կառավարչի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման հիմքերն են`

1) իր լիազորություններն իրականացնելիս օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների ակնհայտ խախտում թույլ տալը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) կառավարիչների մասնագիտական վարքագծի կանոնները խախտելը:

2. Սույն հոդվածի իմաստով`

1) ակնհայտ է կառավարչի կողմից իր գործունեությունն իրականացնելիս օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով.

2) խախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե կառավարիչը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը.

3) խախտումը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե կառավարիչը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը:

5. Կառավարչին վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը և հակառակը:

(27.2-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 27.3.

Կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը

 

1. Կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են`

1) վարույթ հարուցող անձանց կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտման հայտնաբերումը.

2) կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիմումը.

3) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը:

2. Անանուն հաղորդումները քննարկման ենթակա չեն:

3. Կարգապահական վարույթը կարող է հարուցվել`

1) կառավարչի` իր լիազորություններն իրականացնելիս օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների ակնհայտ խախտում թույլ տալու հիմքով` ենթադրյալ խախտման մասին վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալուց հետո` մեկ տարվա ժամկետում: Եթե ենթադրյալ խախտումը հայտնաբերվել է մինչև սնանկության գործի ավարտը, ապա սույն կետով նախատեսված ժամկետը հաշվարկվում է սնանկության գործն ավարտվելու պահից.

2) մասնագիտական վարքագծի կանոնները խախտելու հիմքով` ենթադրյալ խախտման մասին վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե ենթադրյալ խախտման, իսկ եթե խախտումը տեղի է ունեցել մինչև սնանկության գործի ավարտը` սնանկության գործն ավարտվելու պահից անցել է երկու տարի:

5. Մինչև կարգապահական վարույթի ավարտը կառավարիչը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի ծանոթանալու վարույթի նյութերին, ներկայացնելու բացատրություններ, հարուցելու միջնորդություն՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու համար:

6. Հարուցված վարույթի ընթացքում կարգապահական վարույթ հարուցողը կառավարչից պահանջում է կարգապահական վարույթի համար անհրաժեշտ նյութեր, որոնք պետք է տրամադրվեն մեկ շաբաթվա ընթացքում: Կառավարչի միջնորդությամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ շաբաթով:

7. Կարգապահական վարույթն իրականացվում է եռամսյա ժամկետում:

8. Բացառիկ դեպքերում կարգապահական վարույթի ժամկետը կարգապահական վարույթ հարուցած մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան երեք ամսով, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում` փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:

9. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման դեպքում վարույթի հարուցման, ինչպես նաև դրա արդյունքների մասին կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

(27.3-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-89-Ն)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 27.4.

Կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթը բացառող հանգամանքները

 

1. Կարգապահական վարույթ հարուցող մարմինը չի հարուցում կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ, իսկ հարուցված վարույթը կարճում է, եթե`

1) բացակայում են կարգապահական խախտման հիմքերը և հատկանիշները.

2) լրացել են սույն օրենքի 27.3-րդ հոդվածով սահմանված ժամկետները, եթե կառավարիչը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով.

3) կառավարչի որակավորումը դադարեցվել է.

4) սնանկության գործը դեռևս ավարտված չէ, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է սույն օրենքի 27.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը, ինչպես նաև այն դեպքերի, երբ կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են.

5) դատարանը սնանկության գործի շրջանակում, անդրադառնալով կարգապահական պատասխանատվության կիրառման հիմք հանդիսացող հանգամանքին, հաստատել է դրա առկայությունը կամ բացակայությունը.

6) առկա է նույն անձի դեմ նույն հիմքով հարուցված կարգապահական վարույթ կամ կարգապահական վարույթ չհարուցելու, կարճելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ սնանկության գործն ավարտված չլինելու պատճառով կարգապահական վարույթ չի հարուցվել, կամ հարուցված վարույթը կարճվել է.

7) մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնելը կառավարիչը վերացրել է կարգապահական վարույթ հարուցելու հիմք հանդիսացած հանգամանքները:

2. Կարգապահական վարույթ հարուցող մարմինը վարույթ հարուցելու հիմքերին վերաբերող համապատասխան նյութերը փոխանցում է կարգապահական վարույթ հարուցող մյուս մարմին, եթե գտնում է, որ առկա են այդ մարմնի իրավասությանը վերաբերող հիմքեր:

3. Եթե կարգապահական վարույթ չի հարուցվում կամ կարգապահական վարույթը կարճվում է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, ապա կարգապահական վարույթ հարուցող մարմինը վարույթ հարուցելու հիմքերին վերաբերող համապատասխան նյութերը փոխանցում է դատարան կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունների շրջանակներում քննարկելու նպատակով:

4. Ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդման հիման վրա կարգապահական վարույթ չհարուցելու դեպքում վարույթ հարուցող մարմինն իր պատասխանում նշում է վարույթ չհարուցելու հիմքերը:

(27.4-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն, 03.03.21 ՀՕ-89-Ն)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 27.5.

Կառավարչի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Սույն օրենքի 27.2-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կառավարչի նկատմամբ կարող է կիրառվել հետևյալ կարգապահական տույժերից մեկը`

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) որակավորման դադարեցում:

2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է կիրառել միայն սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կարող է կիրառվել երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող կառավարչի կողմից կարգապահական խախտում կատարվելու դեպքում:

4. Կառավարչի նկատմամբ նախազգուշացում, նկատողություն և խիստ նկատողություն կիրառվելուց հետո համապատասխանաբար երեք ամսվա, վեց ամսվա և մեկ տարվա ընթացքում կարգապահական պատասխանատվության չենթարկվելու դեպքում կառավարիչը համարվում է կարգապահական տույժ չունեցող:

5. Կառավարչի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս հաշվի են առնվում խախտման հետևանքները, կառավարչի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը և կառավարչին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

6. Կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն ուղարկվում է կառավարչին այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:

7. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

(27.5-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 28.

Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից կառավարչին հեռացնելը

(վերնագիրը խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

1. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը հեռացնում է կառավարչին կազմակերպությունից, եթե կառավարչի նկատմամբ վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ որպես կարգապահական տույժի տեսակ կիրառվել է խիստ նկատողություն:

2. Կառավարչին ինքնակարգավորվող կազմակերպությունից հեռացնելու մասին որոշումն այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է կառավարչին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

3. Կառավարչին ինքնակարգավորվող կազմակերպությունից հեռացնելուց հետո կարգապահական տույժ չունենալու դեպքում կառավարիչը կարող է դառնալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ:

(28-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն, խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 29. Կառավարչի լիազորությունները

 

1. Սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը`

ա) դատարանի պահանջով, իր նախաձեռնությամբ կամ պարտապանի նկատմամբ գրանցված պահանջների 5 տոկոսից ավելի ունեցող պարտատերերի պահանջով հրավիրում է պարտատերերի ժողով և նախագահում է այն:

Եթե պարտատերերի ժողով է հրավիրվում կառավարչին ազատելու մասին դատարանին միջնորդություն ներկայացնելու հարցով, ապա այն նախագահում է ժողովին ներկա, ձայնի իրավունք ունեցող ամենախոշոր պարտատերը.

բ) սնանկության գործով դիմում է դատարան` սույն օրենքով նախատեսված դեպքերում.

գ) պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից.

դ) իր լիազորությունների կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ներգրավում է, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական ակտով սահմանված չափանիշներին համապատասխանող պարտապանի դեպքում պարտատերերի ժողովի որոշմամբ պարտավոր է ներգրավել համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ կամ մասնագետների և այլ աշխատակիցների և նրանց վարձատրել պարտապանի հաշվին.

ե) կազմակերպում է գույքագրում, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար.

զ) վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում.

է) վարում է պարտատերերի պահանջների գրանցամատյանը.

ը) ստուգում է պարտապանին ներկայացվող պահանջների հիմնավորվածությունը.

թ) Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկում պարտապանի անունով բացում է սնանկության հատուկ հաշիվ և դրան է հաշվեգրում պարտապանի անունով ստացվող բոլոր դրամական միջոցները.

ժ) պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դատարանի որոշման հիման վրա արգելանք է դնում կամ հանում արգելանքը.

ժ.1) միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին՝ կցելով գույքի հայտնաբերման անհնարինության հիմքերը.

ժա) հսկողություն է իրականացնում պարտապանի ղեկավարի պարտականությունների կատարման նկատմամբ.

ժա.1) օրենքով սահմանված կարգով դիմում է շարժական գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները գրանցելու համար.

ժա.2) պատասխանում է պարտապանի կամ պարտատիրոջ դիմումներին և հարցումներին դիմումը կամ հարցումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ, ինչպես նաև պարտապանի կամ պարտատերերի կամ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով ներգրավված ֆինանսավորողի պահանջով վերջիններիս տրամադրում է տեղեկություններ պարտապանի սնանկության վարույթի կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ պահանջը գրավոր ստանալուց հետո՝ առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում.

ժա.3) յուրաքանչյուր եռամսյակ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հաշվետվություն է ներկայացնում դատարան սնանկության գործով իր կողմից նախորդ ժամանակահատվածում ձեռնարկված գործողությունների և սնանկության գործի ընթացքի վերաբերյալ` անհրաժեշտության դեպքում կցելով համապատասխան փաստաթղթերը,

ժա.4) պարտատիրոջ պահանջով վերջինիս տրամադրում է տեղեկություններ պարտապանի գործունեության, ֆինանսական վիճակի, ներառյալ` գույքագրված ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ.

ժբ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Սույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար կառավարիչն ազատվում է պետական տուրքի վճարումներից:

3. Սույն օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում իր լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:

4. (մասն ուժը կորցրել է 12.12.19 ՀՕ-294-Ն)

5. Կառավարիչը սնանկության գործը, այդ թվում` պարտատերերի պահանջների գրանցամատյանը, վարում է նաև էլեկտրոնային եղանակով` ապահովելով սնանկության գործի նյութերի հասանելիությունը պարտապանին, պարտատերերին և դատարանին:

6. Սնանկության գործը կառավարչի կողմից վարելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

7. Կառավարիչն իր լիազորություններն իրականացնելիս միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող է տեղեկատվություն ձեռք բերել այլ մարմիններից և անձանցից:

8. Միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը սահմանում է կառավարությունը:

9. Կառավարիչը պարտապանին և պարտատերերին, ինչպես նաև բոլոր այն անձանց (գրավատու, երաշխավոր, երաշխիք տված անձ և այլն), որոնց իրավունքներին ու օրինական շահերին առնչվում կամ կարող է առնչվել սնանկության վարույթը, սույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում ծանուցումներն ուղարկում է պատվիրված նամակով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգով, հանձնում է առձեռն կամ ուղարկում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով: Սույն մասով նախատեսված անձինք կառավարչին կարող են գրավոր ներկայացնել իրենց հաղորդակցության միջոցները, այդ թվում` էլեկտրոնային փոստի հասցեն` միջնորդելով ծանուցումը կատարել այդ միջոցով, և կրում են իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկված ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետևանքները: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու, կամ անձի հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվելու կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը) չստանալու, կամ անձի հասցեն անհայտ լինելու դեպքում ծանուցումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով: Սույն մասով նախատեսված դրույթները գործում են, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

Ներմուծեք նկարագրությունը_21507 (29-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն,  փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, լրաց., փոփ., խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-580-Ն)

 

Հոդված 29.1.

Կառավարչի գործունեության կասեցումը

 

1. Կառավարչի գործունեությունը կասեցվում է, եթե կառավարիչը`

1) անցել է հանրային ծառայության` հանրային ծառայության մեջ գտնվելու ժամկետով, բայց ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով.

2) զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մինչև ծառայության ժամկետը լրանալը.

3) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով.

4) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ.

6) սահմանված ժամկետում չի կնքել ապահովագրության պայմանագիրը.

7) իր դիմումի համաձայն դուրս է եկել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից և մեկամսյա ժամկետում չի դարձել կառավարիչների որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ.

8) կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովի որոշմամբ հեռացվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից.

9) որպես անհատ ձեռնարկատեր հանվել է հաշվառումից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 5-9-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին կառավարիչը պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը` կցելով կասեցման հիմքերը հավաստող համապատասխան փաստաթղթերը:

3. Կառավարչի գործունեությունը կասեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Կառավարչի գործունեությունը կասեցնելու մասին որոշումն այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է համապատասխան կառավարչին, կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն, ինչպես նաև Դատական դեպարտամենտ` դատարաններին ծանուցելու համար և հրապարակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:

4. Կառավարչի գործունեությունը կասեցնելու դեպքում կառավարչի որակավորման վկայականի գործողությունը համարվում է կասեցված:

5. Կառավարչի գործունեության կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո կառավարիչը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն իր գործունեությունը վերականգնելու համար` կցելով համապատասխան փաստաթղթերը: Կառավարչի գործունեությունը վերականգնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

(29.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 29.2.

Կառավարչի որակավորումը դադարեցնելը

(վերնագիրը խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը դադարեցնում է կառավարչի որակավորումը, եթե`

1) կառավարիչը դիմել է այդ մասին.

2) լրացել է կառավարչի 65 տարին, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում` նաև կառավարչի գործունեությունը շարունակելու համար տրամադրված լրացուցիչ ժամկետը.

3) կառավարիչը մահացել է, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ մահացած.

4) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, կամ որով նախատեսված է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ.

5) կառավարչի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառվել է որակավորման դադարեցումը.

6) կառավարչի պարտականությունների կատարման հետևանքով պարտատիրոջը կամ պարտապանին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ դատական ակտը երեք ամսվա ընթացքում չի կատարվել.

7) վերջին մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված կարգով դատարանի կողմից երեք անգամ կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են` սույն օրենքով սահմանված իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով.

8) վերջին մեկ տարվա ընթացքում կառավարիչ ընտրվելու դեպքում առնվազն երեք անգամ սույն օրենքով չնախատեսված հիմքով հրաժարվել է իր պարտականությունները կատարելուց.

9) սնանկության գործով կառավարչի որակավորումն ստացել է օրենքի պահանջների խախտմամբ.

10) որակավորվելուց հետո երեք տարի անընդմեջ չի հանդիսացել կառավարիչների որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ.

11) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո սահմանված ժամկետում կասեցման հիմքերը չեն վերացել.

12) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, կառավարչին անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը չի վերացվել.

13) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո` երեք տարվա ընթացքում, սնանկության վարույթը չի ավարտվել.

14) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կառավարիչը չի կնքել ապահովագրության պայմանագիր.

15) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կամ 8-րդ կետով նախատեսված հիմքերով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո` համապատասխանաբար մեկ տարվա կամ երկու տարվա ընթացքում, կառավարիչը չի դարձել կառավարիչների որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ.

16) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կառավարիչը չի հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր:

2. Կառավարչի որակավորումը դադարեցվում է`

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-16-րդ կետերով նախատեսված դեպքերում որակավորումը դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում համապատասխանաբար կառավարչի 65 տարին կամ իր գործունեությունը շարունակելու համար տրամադրված լրացուցիչ ժամկետը լրանալու օրվանից.

3) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում` համապատասխանաբար կառավարչի մահվան կամ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Կառավարչի գործունեությամբ զբաղվելու պաշտոնավարման տարիքը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ կառավարչի ներկայացրած դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը թույլատրում է կառավարչին մինչև հինգ տարի ժամկետով շարունակել զբաղվել կառավարչի գործունեությամբ, եթե կառավարիչը մասնակցում է դեռևս չավարտված սնանկության վարույթի: Սույն մասով նախատեսված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի թույլտվությամբ կառավարչի գործունեությունը շարունակելու իրավունք ունեցող անձը նշված թույլտվությունն ստանալուց հետո չի կարող մասնակցել կառավարչի ընտրությանը և նշանակվել սնանկության ժամանակավոր կառավարիչ կամ կառավարիչ:

4. Կառավարչի որակավորումը դադարեցնելու դեպքում ուժը կորցրած է ճանաչվում նրան տրամադրված որակավորման վկայականը:

5. Որակավորումը դադարեցված կառավարիչը պարտավոր է տվյալ սնանկության գործով նոր կառավարիչ նշանակվելուց հետո՝ ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում, իր մոտ պահպանվող` ընթացիկ սնանկության գործերով փաստաթղթերը հանձնել նոր կառավարչին:

6. Կառավարչի որակավորումը դադարեցնելու մասին որոշումն ուղարկվում է կառավարչին այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:

7. Կառավարչի որակավորումը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում։

(29.2-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 30.

Կառավարչի վարձատրությունը

 

1. Կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքումից գոյացած միջոցներից, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ միջոցներից` չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը:

2. Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում կառավարչի վարձատրության այլ չափ նախատեսված չէ, ապա կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատական ակտով` պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով`

1) մինչև 25 միլիոն դրամ` 10 տոկոս.

2) 25-50 միլիոն դրամ` 2 500 000 դրամին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը.

3) 50-100 միլիոն դրամ` 4 500 000 դրամին գումարած 50 միլիոն դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը.

4) 100-500 միլիոն դրամ` 6 000 000 դրամին գումարած 100 միլիոն դրամը գերազանցող գումարի 2 տոկոսը.

5) 500 միլիոն դրամից ավելին` 14 000 000 դրամին գումարած 500 միլիոն դրամը գերազանցող գումարի 1 տոկոսը:

3. Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրության չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման չափի հինգից տասը տոկոսի չափով, իսկ ֆինանսական առողջացման ծրագիրը հաջողությամբ ավարտելու և պարտապանի առողջացման դեպքում կառավարչին վճարվում է հինգից տասը տոկոսի չափով պարգևավճար` ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով:

4. Սնանկության գործով վարույթի տևողությունը՝ սկսած պարտապանի լուծարման վարույթ սկսելու մասին որոշում կայացնելու պահից մինչև սնանկության գործն ավարտելու մասին վճիռ կայացնելը` մինչև վեց ամիս տևելու, իսկ ֆիզիկական անձի սնանկության դեպքում` սկսած պարտատերերի առաջին ժողովի անցկացման օրվանից մինչև սնանկության գործն ավարտելու մասին վճիռ կայացնելը` մինչև վեց ամիս տևելու դեպքում (չհաշված ֆինանսական առողջացման ծրագրի ժամանակահատվածը) կառավարիչն ստանում է պարգևավճար`

1) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված բավարարման չափի դեպքում` հաշվարկվող վարձատրության 20 տոկոսի չափով.

2) սույն հոդվածի 2-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված բավարարման չափի դեպքում` հաշվարկվող վարձատրության 50 տոկոսի չափով:

5. Վարույթի տևողությունը սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված պարգևավճարի տոկոսադրույքը յուրաքանչյուր հաջորդ վեց ամսվա համար նվազում է 5 տոկոսի չափով, իսկ սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պարգևավճարի տոկոսադրույքը` 10 տոկոսի չափով:

6. Եթե սնանկության գործն ավարտվում է պարտատերերի պահանջների բավարարմամբ, և կառավարչի կողմից հավաքվել են պարտատերերի պահանջների չափը գերազանցող ակտիվներ, ապա կառավարիչն ստանում է նաև պարգևավճար հավաքված ակտիվների` պարտատերերի գրանցված պահանջների չափը գերազանցող մասի 5 տոկոսի չափով:

7. Սույն օրենքով սահմանված կարգով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու (բացառությամբ եթե կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են կառավարչի կողմից իր լիազորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև սույն օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 5-9-րդ կետերով նախատեսված դեպքերում որակավորման դադարեցման հիմքով), սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու, պարտատերերի կողմից պահանջներից հրաժարվելու, դրանց կատարման ժամկետը երկարաձգվելու, ինչպես նաև պահանջներ չներկայացվելու դեպքում, որի արդյունքում պարտավորությունների չափը նվազել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից կամ առկա չէ որևէ պարտավորության գծով 90 օրից ավելի կետանց, կառավարչի աշխատած ժամանակահատվածին համապատասխան վարձատրության տրամադրման և վարձատրության չափին վերաբերող հարցերը որոշում է դատարանը` սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:

8. Սույն օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված հիմքերով սնանկության գործն ավարտվելու դեպքում, ինչպես նաև այլ հիմքով սնանկության գործն ավարտվելու և պարտապանի գույքի արժեքը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից պակաս լինելու դեպքում սնանկության գործի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:

9. Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում նրա վարձատրությունը և վարչական ծախսերի փոխհատուցումը կատարվում է, եթե սնանկության վարույթին առնչվող բոլոր փաստաթղթերը հանձնման-ընդունման ակտի հիման վրա հանձնվել են նոր կառավարչին:

(30-րդ հոդվածը լրաց., խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-298-Ն, խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն, փոփ. 18.09.20 ՀՕ-445-Ն, 03.03.21 ՀՕ-89-Ն)

(18.09.20 ՀՕ-445-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 31. Կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելը

 

1. Պարտապանը և պարտատերը (պարտատերերը) կարող են սնանկության գործը վարող դատավորին բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը: Բողոքը կարող է դատարան ներկայացվել այն օրվանից սկսած 10 օրվա ընթացքում, երբ բողոքարկողը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

2. Բողոքարկողը բողոքը դատարան ներկայացնելիս ներկայացնում է նաև բողոքի պատճենը կառավարչին ուղարկած լինելու փաստը հավաստող ապացույցը: Կառավարիչը բողոքի պատճենն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է բողոքի կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարան: Բողոքն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, դատարանը քննում է այն և կայացնում որոշում բողոքը մերժելու կամ բողոքը լրիվ կամ մասնակի բավարարելու և կառավարչի գործողությունը (անգործությունը) լրիվ կամ մասնակի ոչ իրավաչափ ճանաչելու մասին: Դատարանը կայացրած որոշման մասին տեղեկացնում է բողոքարկողին և կառավարչին: Դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման բողոքարկողի կամ կառավարչի կողմից:

3. Բողոքարկումը չի կասեցնում կառավարչի գործողությունները:

4. Կառավարչի գործողությունները չեն կարող բողոքարկվել այլ դատարաններում:

5. Կառավարչի գործողությունների (անգործության) վիճարկման շրջանակներում չի կարող անդրադարձ կատարվել այդ գործողությունների (անգործության) հետևանքների վերացմանը:

6. Կառավարչի գործողությունների (անգործության) հետևանքների վերացման պահանջը կարող է ներկայացնել շահագրգիռ անձը` առանձին հայցի շրջանակներում:

(31-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն, խմբ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 32.

Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը

(վերնագիրը խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

1. Դատարանն իր նախաձեռնությամբ պարտատերերի խորհրդի, պարտատերերի ժողովի, պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ վաղաժամկետ դադարեցնում է կառավարչի լիազորությունները, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն օրենքով սահմանված իր լիազորությունները, նրա որակավորումն օրենքով սահմանված կարգով դադարեցվել է, կամ նրա գործունեությունը կասեցվել է, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Կառավարչի կողմից իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցի մասին որոշում կայացնելուց առաջ դատարանն այդ մասին ծանուցում է կառավարչին` առաջարկելով ծանուցումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնել իր դիրքորոշումը և միաժամանակ այդ խախտումները վերացնելու համար որոշմամբ սահմանված ողջամիտ ժամկետ տրամադրելով, եթե հնարավոր է վերացնել այդ խախտումները: Սահմանված ժամկետում կառավարչի կողմից խախտումները վերացվելու և դրա վերաբերյալ դատարան համապատասխան ապացույցներ ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ չեն դադարեցվում:

3. Դատարանի կողմից կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում համապատասխան որոշումն անհապաղ ուղարկվում է տվյալ կառավարչին, պարտապանին և պարտատերերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

(32-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն, խմբ., լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն, խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԸ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

Հոդված 33. Պարտատերերի ժողովը

 

1. Պարտատերերի ժողովին (այսուհետ` ժողով) քվեարկության ձայնի իրավունքով կարող են մասնակցել պարտատերերի առաջին ժողովին ներկայացած բոլոր պարտատերերը: Մնացած պարտատերերը հետագա ժողովներին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով, բացառությամբ առաջին ժողովին չներկայացած, սակայն պահանջների ընդհանուր ծավալում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատիրոջ` սույն հոդվածի հինգերորդ մասի երկրորդ պարբերությունում սահմանված դեպքերի:

Եթե պարտատիրոջ պահանջն առարկվել է մասնակի, ապա նա կարող է մասնակցել առաջին ժողովին: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ ձայնը հաշվարկվում է պահանջի չառարկված մասով:

Ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է ձայնի իրավունք ունեցող պարտատերերի առնվազն կեսը:

Եթե սնանկության գործով առկա է մեկ պարտատեր, ապա ժողովի իրավասությանը վերաբերող հարցերով որոշումները կայացնում է այդ պարտատերը:

2. Ժողովում պարտապանը պարտավոր է պատասխանել կառավարչի և պարտատերերի ցանկացած հարցին` կապված իր ֆինանսատնտեսական գործունեության հետ:

3. Ժողովը հրավիրում և նախագահում է կառավարիչը, բացառությամբ 29-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետով նախատեսված դեպքերի:

4. Ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`

ա) ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն տալը և ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման մասին դատարանին առաջարկություն ներկայացնելը.

բ) պարտատերերի խորհրդի կազմի հաստատումը և խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

գ) իր կանոնակարգի ընդունումը.

դ) սույն օրենքով ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված այլ որոշումների ընդունումը:

5. Ժողովի ձայների 100 տոկոսը պատկանում է առաջին ժողովին ներկայացած պարտատերերին (պարտատիրոջը), որը բաշխվում է նրանց միջև` իրենց հաստատված և գրանցամատյանում հաշվառված պահանջներին համամասնորեն:

Առաջին ժողովին չներկայացած և պահանջների ընդհանուր ծավալում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատիրոջ կողմից հետագա ժողովներին ներկայանալու դեպքում համապատասխան ժողովում ձայների 100 տոկոսը պատկանում է առաջին ժողովին ներկայացած պարտատերերին և այդ պարտատիրոջը` նրանց պահանջներին համամասնորեն:

Պարտատիրոջ (պարտատերերի) քվեարկության ձայնի իրավունքը պահպանվում է չբավարարված պահանջի մասով: Եթե քվեարկության ձայնի իրավունք ունեցող պարտատիրոջ պահանջը լրիվ բավարարվել է, ապա պարտատերը կորցնում է քվեարկության ձայնի իրավունքը: Այդ դեպքում ժողովի ձայների 100 տոկոսը պատկանում է սույն մասի առաջին և երկրորդ պարբերություններում նշված չբավարարված պահանջներով պարտատերերին, որը նրանց միջև բաշխվում է նրանց հաստատված կամ գրանցամատյանում հաշվառված պահանջներին համամասնորեն:

6. Առաջին ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցման դեպքում ժողովն իրավասու է` անկախ դրանում ներկայացված պարտատերերի (պարտատիրոջ) ձայների քանակից:

Հետագա ժողովներն իրավասու են, եթե դրանց մասնակցում են քվեարկության իրավունք տվող ձայների պարզ մեծամասնություն ունեցող պարտատերերը (պարտատերը):

7. Ժողովի նիստերն արձանագրվում են: Ժողովի արձանագրությունն ստորագրում է կառավարիչը, և դրա մեկ օրինակը ժողովի անցկացման հաջորդ օրը ներկայացվում է դատարան:

8. Ժողովի արձանագրությանը կցվում են`

ա) ժողովի անցկացման օրվա դրությամբ պարտատերերի պահանջների գրանցամատյանը (միայն առաջին ժողովի արձանագրության).

բ) ժողովի մասնակիցների գրանցման թերթիկները.

գ) քվեաթերթիկները.

դ) ժողովի մասնակիցների լիազորագրերը կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթեր.

ե) ժողովի մասնակիցների կողմից ժողովի քննարկմանը ներկայացված փաստաթղթերը.

զ) ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին պարտատերերի պատշաճ ծանուցումը հավաստող ապացույցները.

է) այլ փաստաթղթեր:

9. Ժողովը կարող է անցկացվել նաև հեռակա կարգով` տեսակապի կամ էլեկտրոնային այլ միջոցների օգտագործմամբ: Նշված դեպքում ժողովի արձանագրությունը և դրանց կից ներկայացվող փաստաթղթերը կարող են կազմվել և ներկայացվել էլեկտրոնային տարբերակով: Ժողովի մասնակիցների կողմից ստորագրման ենթակա փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային ստորագրության առկայությամբ, իսկ այլ փաստաթղթերը` սկանավորված տարբերակով:

(33-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 34. Ժողովի մասին ծանուցումը

 

1. Ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող պարտատերերին և պարտապանին կառավարիչը պետք է պատշաճ ծանուցի:

Ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով, իսկ պարտատերերի առաջին ժողովի մասին նաև պատվիրված նամակով ծանուցում է այն քաղաքացիներին, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար (առկայության դեպքում):

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող պարտատերերի թիվը 10-ից ավելի լինելու կամ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձի ծանուցումն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների բացակայության դեպքում, ինչպես նաև ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող (խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) պարտատերերի համար պատշաճ ծանուցում է համարվում http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված հայտարարությունը:

2. Ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք պետք է ծանուցվեն ոչ ուշ, քան ժողովի հրավիրման օրվանից 3 օր առաջ, իսկ սույն հոդվածի առաջին մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում հայտարարությունը պետք է հրապարակվի ժողովի հրավիրման օրվանից 5 օր առաջ:

3. Ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի`

ա) պարտապանի անվանումը (անունը) և գտնվելու (բնակության) վայրը.

բ) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը և վայրը.

գ) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը.

դ) ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին ծանոթանալու կարգը.

ե) ժողովի մասնակիցների գրանցման կարգը.

զ) պարզաբանում սույն օրենքի 33-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված հետևանքների մասին:

(34-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-143-Ն, լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 35. Ժողովի գումարման կարգը

 

1. Ժողովը գումարվում է կառավարչի կողմից` իր նախաձեռնությամբ կամ 5 և ավելի տոկոս ձայն ունեցող պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով: Պարտատիրոջ նախաձեռնությամբ ժողովը հրավիրվում է, եթե պարտատերը վճարում է ժողովի կազմակերպման և անցկացման ծախսերը: Կառավարչի նախաձեռնությամբ հրավիրված ժողովների ծախսերը վճարվում են պարտապանի հաշվին:

2. Ժողով անցկացնելու պահանջում պետք է նշվեն ժողովի օրակարգում առաջարկվող հարցերը, որոնք ընդգրկվում են ժողովի օրակարգում առանց քվեարկության:

Կառավարիչն իրավունք չունի փոխելու պարտատերերի պահանջով հրավիրվող ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի ձևակերպումները:

3. Կառավարիչն անցկացնում է պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով գումարվող ժողովը ոչ ուշ, քան ժողովի անցկացման պահանջն ստանալուց երկու շաբաթվա ընթացքում: Ժողովի անցկացումը պահանջող պարտատերը (պարտատերերը) պարտավոր է փոխհատուցել իր պահանջով անցկացվող ժողովի ծախսերը ոչ ուշ, քան ժողովի անցկացման պահանջ ներկայացնելուց մեկ շաբաթվա ընթացքում` ըստ կառավարչի ներկայացրած նախահաշվի: Պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով հրավիրված ժողովի համար փոխանցված և չօգտագործված միջոցները վերադարձվում են պարտատիրոջը (պարտատերերին)` ժողովի ավարտման օրվանից 3 օրվա ընթացքում:

 

Հոդված 36. Ժողովի որոշումների ընդունման կարգը

 

1. Ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին ներկայացած, քվեարկության ձայնի իրավունք ունեցող պարտատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Կառավարիչը, պարտատերերն ու պարտապանն իրավունք ունեն եռօրյա ժամկետում դատարան բողոքարկելու սույն օրենքի, իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ ընդունված ժողովի որոշումը: Դատարանն իրավունք ունի անվավեր ճանաչելու ժողովի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատարանը դիմումը մերժում է:

Դատավորը բողոքը քննում է մեկշաբաթյա ժամկետում: Դատավորն իրավունք ունի ուժի մեջ թողնելու ժողովի որոշումը, եթե այդ պարտատիրոջ քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, և թույլ տրված խախտումներն էական չեն:

 

Հոդված 37. Քվեարկության քվեաթերթիկը

 

1. Ժողովում քվեարկությունն իրականացվում է քվեաթերթիկների օգտագործման միջոցով:

2. Քվեաթերթիկները կազմում է կառավարիչը և տրամադրում է ժողովին մասնակցող` քվեարկության ձայնի իրավունք ունեցող պարտատերերին:

3. Քվեաթերթիկը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը և վայրը.

բ) քվեարկության դրվող յուրաքանչյուր հարցի ձևակերպումը և հարցերի քննարկման հերթականությունը.

գ) քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության տարբերակները` «կողմ», «դեմ».

դ) ցուցում այն մասին, որ քվեաթերթիկը պետք է ստորագրի պարտատերը.

ե) քվեաթերթիկը լրացնելու կարգի պարզաբանումը:

4. Քվեարկությունների անցկացման և կազմակերպման կարգը որոշվում է ժողովի կանոնակարգով:

 

Հոդված 38. Պարտատերերի խորհուրդը

 

1. Պարտատերերի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ներկայացնում է պարտատերերի շահերը և սույն օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում կառավարչի գործունեության նկատմամբ: Հաստատված պահանջներով պարտատերերի թիվը 10-ից պակաս լինելու դեպքում խորհուրդ չի ձևավորվում: Նման դեպքում, ինչպես նաև այլ պատճառներով խորհրդի չձևավորման դեպքերում խորհրդի լիազորություններն իրականացնում է ժողովը:

2. Խորհուրդը ձևավորվում է պարտատերերի առաջին ժողովում: Խորհրդի կազմում ընդգրկվում են առավել խոշոր հինգ չապահովված պահանջներ ունեցող պարտատերերը` հաստատված պահանջների մեծությանը համապատասխան, անկախ ժողովում քվեարկության իրավունք ունենալու հանգամանքից:

3. Խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցող չապահովված պարտատերերի քանակը հինգից պակաս լինելու դեպքում հաջորդ առավել խոշոր չապահովված պահանջ ունեցող պարտատերերն ընդգրկվում են խորհրդի կազմում:

4. Խորհուրդն իրավունք ունի`

ա) կառավարչից պահանջելու տեղեկություններ պարտապանի ֆինանսական վիճակի և սնանկության վարույթի մասին.

բ) օրենքով նախատեսված դեպքերում բողոքարկելու կառավարչի գործողությունները.

գ) իրականացնելու սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

5. Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայն: Խորհրդի անդամի ձայնի փոխանցումն այլ անձի չի թույլատրվում:

6. Խորհրդի որոշումն ընդունված է համարվում, եթե դրա օգտին քվեարկել է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Խորհրդի կողմից հարցեր քննարկելու և որոշումներ ընդունելու կարգը որոշվում է խորհրդի ընդունած կանոնակարգով: Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի անդամները` նշելով տվյալ որոշմանն իրենց կողմ կամ դեմ լինելը: Եթե տվյալ որոշմանը դեմ քվեարկած խորհրդի անդամը հրաժարվում է ստորագրելուց, ապա որոշման մեջ նշագրում է կատարվում այդ մասին: Նշագրման իսկությունը հավաստվում է խորհրդի մյուս անդամների ստորագրություններով: Խորհրդի որոշմանը դեմ քվեարկած խորհրդի անդամը կարող է որոշմանը կցել իր կարծիքը:

7. Խորհրդի նիստերը նախագահում է կառավարիչը` առանց քվեարկության ձայնի իրավունքի:

8. Կառավարիչը, պարտատերերն ու պարտապանն իրավունք ունեն եռօրյա ժամկետում գործը վարող դատավորին բողոքարկելու սույն օրենքի, իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ ընդունված խորհրդի որոշումը: Դատարանն իրավունք ունի անվավեր ճանաչելու խորհրդի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատարանը դիմումը մերժում է:

Դատավորը բողոքը քննում է եռօրյա ժամկետում: Դատավորն իրավունք ունի ուժի մեջ թողնելու խորհրդի որոշումը, եթե այդ պարտատիրոջ քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, և թույլ տված խախտումներն էական չեն:

(38-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 39. Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը (մորատորիում)

 

1. Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից`

ա) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների.

բ) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի գույքի, ինչպես նաև նրա մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը, բացառությամբ սույն օրենքի 55-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի.

գ) կասեցվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները.

դ) արգելվում է պարտատիրոջ` մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը` պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ, բացառությամբ սույն օրենքի 40.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից`

1) պարտապանի պարտավորությունների կատարման ժամկետները համարվում են սկսված.

2) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի.

3) դադարում է պարտապանի վճարային, ներառյալ` հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը.

4) կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով.

5) կարճվում է պարտապանի վերաբերյալ գույքային բռնագանձումներով կամ ոչ գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ, որն ազդում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի և իրավունքների վրա, բացառությամբ սույն օրենքով սահմանված այլ դեպքերի․

6) վերանում են պարտապանի գույքի վրա դրված արգելանքներն ու սահմանափակումները:

3. Մորատորիումի գործողությունը չի տարածվում`

ա) ալիմենտների բռնագանձման վրա.

բ) միջանկյալ բաշխման ծրագրերով ժամանակավոր կառավարչի վարձատրության, վարչական և պարտապանի ընթացիկ գործունեության համար անհրաժեշտ այլ ծախսերի վրա.

գ) ապահովված իրավունք ունեցող պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի վրա, եթե դատարանը սույն օրենքով սահմանված կարգով պարտատիրոջը թույլատրել է դրա իրացումը արտադատական կարգով.

դ) ի ապահովումն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի պարտավորությունների կատարման` երաշխիք կամ երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխիքի կամ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա: Ընդ որում, պարտապանի սնանկության գործընթացը չի ազդում ի ապահովումն պարտապանի պարտավորությունների կատարման երաշխիք կամ երաշխավորություն տված անձի` երաշխիքով կամ երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա.

ե) սույն օրենքի 40.1-ին հոդվածով նախատեսված դեպքերում.

զ) սույն օրենքի 40-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքում պարտապանի ստանձնած պարտավորությունների նկատմամբ.

է) պարտապանի կողմից իր հարկային պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցի կնքման գործընթացի նկատմամբ, եթե սնանկության վարույթի միակ պարտատերը հարկային մարմինն է: 

4. Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ շարունակում է ներկայացնել պարտապանի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը և կրում է դրանք չներկայացնելու կամ ոչ պատշաճ ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը:

5. Պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարիչը ներկայացնում է`

ա) սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային մարմնի սահմանած ձևով տեղեկատվության, այդ թվում` ապահովված պարտատիրոջ կողմից ներկայացված տեղեկատվությունը (որի հիման վրա հաշվարկվում են պարտապանի հարկային պարտավորությունները), և դրանք գրանցում է պարտատերերի գրանցամատյանում` համապատասխան հերթում.

բ) պարտապանի գործունեությունը վերսկսվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ:

6. Մորատորիումը շարունակվում է մինչև տվյալ սնանկության գործի ավարտը:

(39-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, 23.06.11 ՀՕ-235-Ն, խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն, լրաց. 27.10.16 ՀՕ-192-Ն, փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-298-Ն, խմբ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն, խմբ. 26.05.21 ՀՕ-222-Ն)

 

Հոդված 39.1. Ապահովված իրավունքի առարկայի իրացման մասին դիմումը

 

1. Այն պարտատերը, որ պարտապանի նկատմամբ ունի ապահովված իրավունքներ, և նրանց միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրով առկա են այդ իրավունքների արտադատական իրականացման պայմաններ, կարող է սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, դիմում ներկայացնել դատարան՝ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի արտադատական կամ սույն օրենքով նախատեսված կարգով իրացում թույլատրելու խնդրանքով:

2. Ապահովված պարտատիրոջ դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով։ Ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը մերժվելու դեպքում դիմումն ընդունվում է որպես սույն օրենքի 46-րդ հոդվածով ներկայացված պահանջ:

3. Սույն հոդվածով սահմանված իրավունքից օգտվում է նաև այն անձը, որի նկատմամբ պարտապանը հանդես է գալիս որպես երրորդ անձ գրավատու:

(39.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 39.2. Ապահովված իրավունքի առարկայի իրացման և ապահովված պահանջի չափը հաստատելու մասին դիմումի քննության կարգը

 

1. Դատարանը, ստանալով ապահովված պարտատիրոջ դիմումը, դիմումի օրինակը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է պարտապանին և կառավարչին, որոնք դիմումի օրինակն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կարող են հայտնել գրավոր դիրքորոշում դիմումի կապակցությամբ:

2. Եթե պարտապանը կամ կառավարիչը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիրքորոշում չեն ներկայացնում կամ ներկայացված դիրքորոշմամբ չեն առարկում դիմումին, ապա դատարանը դիրքորոշում ներկայացնելու ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, կայացնում է որոշում ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի իրացում թույլատրելու մասին:

3. Եթե պարտապանը կամ կառավարիչը դատարան ներկայացված դիրքորոշմամբ առարկում է դիմումին, ապա դատարանը առարկությունը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատական նիստ է հրավիրում, որի մասին պատշաճ կարգով ծանուցվում են դիմողը, պարտապանը և կառավարիչը: Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունը:

4. Եթե պարտապանի կամ կառավարչի առարկությունը պայմանավորված է ապահովված իրավունքի առարկայի՝ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրում օգտագործելու անհրաժեշտությամբ, ապա առարկությանը կից պետք է ներկայացվեն ֆինանսական առողջացման ծրագիրը և ապահովված պարտատիրոջը համարժեք պաշտպանություն տրամադրելու մասին հայտարարությունը:

5. Ապահովված պարտատիրոջ՝ ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը կարող է դատարանը մերժել, եթե՝

1) պարզվում է, որ ապահովված պարտատերը չունի արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք.

2) առանց ապահովված իրավունքի առարկայի օգտագործման պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող իրականացվել, պայմանով, որ ապահովված պարտատիրոջը տրամադրվել է համարժեք պաշտպանություն, որի վերաբերյալ կնքվել է պայմանագիր.

3) ապահովված պարտատիրոջ պահանջի քննությունը ենթակա է կասեցման:

6. Ապահովված պարտատերն իրավունք ունի կրկին դիմելու ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումով, եթե գույքն արտադատական կարգով իրացնելու մերժման հիմքերը վերացել են։ Ապահովված պարտատիրոջ կրկին ներկայացված դիմումի քննարկումը և լուծումը կատարվում են սույն հոդվածով սահմանված կարգով:

7. Արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք չունեցող ապահովված պարտատիրոջ կողմից դատական կարգով ապահովված իրավունքի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու մասին դիմումը ներկայացվում և քննվում է սույն օրենքի 39.1-ին և 39.2-րդ հոդվածներով սահմանված կարգով, եթե այդ հոդվածների իրավակարգավորումները կիրառելի են տվյալ դիմումի քննության համար՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների պահանջները: Սույն մասի հիմքով դատարանի վճռով ապահովված իրավունքի առարկայի վրա բռնագանձում տարածելու դեպքում ապահովված իրավունքի առարկայի իրացումը կատարվում է սնանկության գործի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված կարգով:

(39.2-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն, խմբ., փոփ., լրաց. 03.03.21 ՀՕ-89-Ն)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 39.3.

Ապահովված իրավունքի առարկայի իրացումը

 

1. Ապահովված պարտատերը կարող է արտադատական կարգով իրացնել ապահովված իրավունքի առարկան, եթե առկա է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու մասին դատարանի որոշումը:

2. Ապահովված իրավունքի առարկան արտադատական կարգով իրացնելու իրավունք ունեցող ապահովված պարտատերը երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկան իրացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, իսկ պարտապանին պատկանող ապահովված իրավունքի առարկան կարող է իրացնել բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձևով ուղարկելուց անմիջապես հետո: Ապահովված պարտատերը բռնագանձման ծանուցման օրինակներն ուղարկում է նաև դատարան և կառավարչին:

3. Ապահովված իրավունքի առարկայի իրացումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ապահովված պարտատերը պատշաճ ձևով ծանուցում է կառավարչին ապահովված իրավունքի առարկայի իրացման օրվա և գնի, ապահովված պարտավորության մարման չափի, ինչպես նաև առկայության դեպքում` ապահովված իրավունքի առարկայի իրացման արժեքի և ապահովված պահանջի տարբերության չափի, իսկ պարտավորությունը լրիվ մարված չլինելու դեպքում` պարտքի մնացորդի մասին:

4. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացման արժեքն ավելի մեծ է ապահովված պարտատիրոջ պահանջից, ապա ապահովված պարտատերն ապահովված իրավունքի առարկան իրացնելուց հետո` 10-օրյա ժամկետում, պարտավոր է իրացման արժեքի և ապահովված պահանջի տարբերության չափով գումարը փոխանցել սնանկության հատուկ հաշվին, իսկ երրորդ անձ գրավատուին պատկանող ապահովված իրավունքի առարկայի իրացման դեպքում` երրորդ անձ գրավատուին:

5. Սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով դատարանի կողմից ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացում թույլատրելու մասին որոշում կայացնելուց հետո արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք չունեցող ապահովված պարտատիրոջ կողմից դատական կարգով ապահովված իրավունքի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջը քննվում է առանձին քաղաքացիական գործի շրջանակում:

(39.3-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 40. Մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների թույլատրումը

 

1. Շահագրգիռ անձի դիմումով դատարանը որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու վերաբերյալ, եթե`

ա) առաջանում է համարժեք պաշտպանություն տալու անհրաժեշտություն.

բ) տվյալ գույքը վաճառքի (իրացման) ենթակա չէ:

2. Պարտատիրոջ կամ պարտապանի դիմումով դատարանը մորատորիումի ընթացքում թույլատրում է պարտապանի և պարտատիրոջ միատեսակ հանդիպական պարտավորությունների հաշվանցի կատարումը: Ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող պարտավորությունների հաշվանցի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 40.1-ին հոդվածով:

3. Հաշվանց չի թույլատրվում, եթե`

ա) պարտապանի նկատմամբ ունեցած պահանջը պարտատիրոջն է փոխանցվել այլ անձի կողմից` սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում, և այդ ընթացքում պարտապանը անվճարունակ էր.

բ) պարտատերը պարտապանի նկատմամբ պարտավորությունն ստանձնել է սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում` պարտապանի նկատմամբ իր ունեցած պահանջի հետ հաշվանց կատարելու նպատակով.

գ) հաշվանցի արդյունքում կխախտվի պահանջների բավարարման` օրենքով սահմանված հերթականությունը և համամասնությունը:

3.1. Մինչև պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումը կառավարչի, պարտատիրոջ կամ պարտապանի դիմումով դատարանը կարող է թույլատրել պարտապանին ստանձնելու նոր ֆինանսական պարտավորություններ: Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելուց հետո դատարանը կարող է թույլատրել պարտապանին ստանձնելու նոր ֆինանսական պարտավորություններ պարտատիրոջ (պարտատերերի ժողովի) համաձայնությամբ:

4. Մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու մասին դիմումն ստանալու հաջորդ օրը դատարանը դիմումի պատճենն ուղարկում է պարտապանին և կառավարչին` պարտատիրոջ կողմից դիմում ներկայացնելու դեպքում, իսկ եթե դիմումը ներկայացվել է պարտապանի (պարտատիրոջ հետ իր ունեցած փոխադարձ պարտավորությունների հաշվանցի կատարման նպատակով) կամ կառավարչի կողմից, ապա համապատասխանաբար պարտատիրոջը (պարտատերերին) և կառավարչին կամ պարտատիրոջն ու պարտապանին:

Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը (պարտատերը) գրավոր չի վիճարկում ներկայացված դիմումը, ապա դիմումի վիճարկման ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու մասին:

Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը (պարտատերը) գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, նշանակում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կողմերը ծանուցվում են պատշաճ ձևով:

Առարկությունների քննարկման արդյունքում նույն օրը դատարանը որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու կամ դիմումը մերժելու մասին:

(40-րդ հոդվածը լրաց. 27.10.16 ՀՕ-192-Ն, լրաց., փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-89-Ն)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 
Հոդված 40.1. Ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող պարտավորությունների զուտացումը

 

1. Սույն օրենքի իմաստով զուտացում է համարվում՝

ա) զուտացման համաձայնության ներքո մեկ կամ մի քանի ֆինանսական գործարքներով և ապահովության պայմանագրով վճարման կամ մատակարարման պարտավորության վաղաժամկետ կատարման ենթարկելը կամ վաղաժամկետ դադարեցնելը.

բ) սույն մասի «ա» կետով նախատեսված յուրաքանչյուր վճարման կամ մատակարարման պարտավորության կատարման այդպիսի դադարեցման կամ վաղաժամկետ կատարում պահանջելու ուժով առաջացած արժեքի, շուկայական արժեքի, լիկվիդացիոն արժեքի կամ այդ պարտավորությունը փոխարինելու արժեքի գնահատումը և հաշվարկը.

գ) սույն մասի «բ» կետով հաշվարկված կամ գնահատված արժեքների փոխարկումը մեկ արժույթի.

դ) սույն մասի «բ» կետով հաշվարկված և «գ» կետով նույն արժույթի փոխարկված արժեքների զուտ հաշվեկշռի որոշումը՝ հաշվանցի կամ այլ միջոցներով։

2. Սույն օրենքի իմաստով զուտացման համաձայնություն է հանդիսանում կողմերի համաձայնությունը, որը`

ա) նախատեսում է գլխավոր համաձայնագրի շրջանակներում կնքվող մեկ կամ մի քանի ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող վճարման կամ մատակարարման ներկա կամ ապագա իրավունքների կամ պարտավորությունների զուտացման իրավունք.

բ) նախատեսում է զուտացման իրավունք երկու և ավելի գլխավոր համաձայնագրերի միջև.

գ) «ա» և «բ» կետերով նախատեսված համաձայնագրերի հետ կապված կամ դրանց մաս կազմող ապահովության համաձայնագիրը։

3. Սույն օրենքի շրջանակներում զուտացման նպատակով ֆինանսական գործարք են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 252.1-ին հոդվածով նախատեսված գործարքները։

4. Սույն օրենքի շրջանակներում զուտացման նպատակով ապահովության պայմանագրեր են համարվում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրերի հետ կապված՝

ա) հետևյալ ապահովված իրավունքները.

1) արժեթղթերի և դրամական միջոցների նկատմամբ ապահովված իրավունքը,

2) երաշխավորությունը և երաշխիքը,

3) մարժայի և նույնաբնույթ այլ պայմանագիրը,

4) գրավչության գործիքները.

բ) այն գործարքները, որոնց պարտադիր բաղկացուցիչ մաս է կազմում, որպես ապահովման միջոց, արժեթղթերի կամ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը, ներառյալ՝ ռեպո գործարքները, արժեթղթերի փոխառության գործարքները, արժեթղթերը գնելու և հետ վաճառելու հետ կապված գործարքները:

5. Սույն օրենքի շրջանակներում թույլատրվում է զուտացման համաձայնության շրջանակներում զուտացման իրականացումը՝ անկախ սույն օրենքի 15.5-րդ և 39-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումներից:

6. Կառավարիչն իրավասու է միակողմանիորեն պահանջելու իրականացնել զուտացումը, եթե զուտացման համաձայնության կողմը պարտատերերի պահանջների բավարարման սառեցման պահից 45 օրվա ընթացքում չի իրականացրել զուտացման համաձայնությամբ կողմին տրված իրավունքները, եթե կողմերի միջև կնքված պայմանագրով այլ ժամկետ նախատեսված չէ:

7. Սույն հոդվածի կանոնները տարածվում են զուտացում նախատեսող համայնությունների և ապահովության պայմանագրերի վրա բացառապես այն մասով, որը վերաբերում է ֆինանսական գործարքներին:

8. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ կառավարչի իրավունքները չեն տարածվում զուտացման համաձայնության շրջանակներում պարտապանից պահված կամ պարտապանի փոխանցած գումարների կամ ապահովության առարկայի վրա, ինչպես նաև ֆինանսական գործարքների և ապահովության պայմանագրերի վրա:

(40.1-ին հոդվածը լրաց. 27.10.16 ՀՕ-192-Ն)

 

Հոդված 41. Համարժեք պաշտպանությունը

 

1. Համարժեք պաշտպանությունը ֆինանսական առողջացման ծրագրի գործողության կամ մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարման թույլատրումն է, որն ուղղված է սույն օրենքով նախատեսված դեպքերում ապահովված պարտատիրոջ` պահանջի դիմաց գրավադրված գույքի արժեզրկման արդյունքում պահանջի ապահովվածության պահպանմանը:

Համարժեք պաշտպանությունը տրվում է այն դեպքերում, երբ ֆինանսական առողջացման ծրագրի կամ պարտապանի գործունեության վերսկսման շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում օգտագործելու ապահովված պարտատիրոջ` ապահովված իրավունքի առարկա հանդիսացող գույքը:

2. Համարժեք պաշտպանությունը (տրվում) իրականացվում է ցանկացած եղանակով, որը կապահովի ապահովված պարտատիրոջ շահերի պաշտպանությունը: Մասնավորապես այն կարող է իրականացվել հետևյալ ձևերով `

ա) կառավարչի կողմից իրականացվող կանխիկ վճարումներ` գույքի արժեզրկման չափով.

բ) պարտապանի ապահովված իրավունքի առարկա հանդիսացող գույքի ավելացում կամ առավել արժեքավոր գույքով փոխարինում.

գ) պարտատիրոջ ապահովված պահանջների ամբողջական բավարարում` գույքի հնարավոր իրացման գնի ամբողջ մասով (առանց գույքի պահպանման և այլ վարչական ծախսերի վճարման):

3. Համարժեք պաշտպանություն տալու մասին դիմումն ստանալու հաջորդ օրը դատարանը դիմումի պատճենն ուղարկում է պարտապանին:

Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում ներկայացված դիմումը, ապա ութերորդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում համարժեք պաշտպանություն տալու մասին:

Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալու հաջորդ օրը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցվում են դիմում ներկայացրած անձը և պարտապանը:

Առարկությունների քննարկման արդյունքում նույն օրը դատարանը որոշում է կայացնում համարժեք պաշտպանություն տալու կամ տալը մերժելու մասին:

5. Համարժեք պաշտպանություն կարող է տրվել միայն վարչական ծախսերի ամբողջական վճարման դեպքում, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի «գ» կետով սահմանված դեպքերի:

6. Ֆինանսական առողջացման ծրագրում ապահովված իրավունքի առարկան օգտագործելու համար համարժեք պաշտպանությունը տրամադրվում է մինչև ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը:

(41-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-235-Ն, լրաց., փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 42. Պահանջների հաշվառումը և հաշվարկումը

 

Կառավարիչն իր կողմից վարվող գրանցամատյանում հաշվառում և հաշվարկում է պարտապանի նկատմամբ ներկայացված պահանջների չափերը և առաջնահերթությունը: Պարտատերերի պահանջների գրանցամատյանի վավերապայմանները և վարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

(42-րդ հոդվածը փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն) 

 

Հոդված 43. Ապահովված պահանջները և դրանց բավարարումը

(վերնագիրը խմբ. 23.06.11 ՀՕ-235-Ն)

 

1. Ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք` այդ պահանջների մասով:

2. Ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշմամբ ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար ապահովված իրավունքի առարկայի իրացման հաշվին: Այդ դեպքում ապահովված պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ: Ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման հաշվին ապահովված պարտատիրոջ բավարարված պահանջը չի հաշվարկվում կառավարչի վարձատրության հաշվարկման համար հիմք հանդիսացող բավարարման չափի մեջ:

3. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտատիրոջ պահանջները, այդ թվում` ապահովված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանված տուժանքները, տուգանքները և վճարման ենթակա տոկոսները կարող են բավարարվել երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին: Երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցները բավարար չլինելու կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձին պահանջ չներկայացնելու դեպքում ապահովված պարտատերը սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում և իր պահանջների բավարարումն ստանում է սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Ընդ որում, երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարները չեն կարող պահանջվել պարտապանից:

4. Եթե ապահովված պարտատերն ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում, ապա նա իր ապահովված պահանջների բավարարումը ստանում է սույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով:

5. Պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը կարող է պահանջել` ապահովված պարտավորությունը առաջնահերթ կերպով բավարարել ապահովված իրավունքի առարկայի վաճառքից ստացված միջոցների հաշվին:

6. Պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև ապահովված իրավունքի առարկայի իրացումը, քանի դեռ ապահովված իրավունքի առարկայի ընթացիկ արժեքը (գնահատված արժեքը կամ ընթացող աճուրդների մեկնարկային գինը) ավելի է ապահովված պարտատիրոջ պահանջից կամ հավասար է դրան, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանություն տրամադրելու դեպքերի: Եթե ապահովված իրավունքի առարկայի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի (ոչնչացման, հափշտակության) կամ վնասելու արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ապա ապահովված պարտատերը ձեռք է բերում քվեարկության ձայնի իրավունք` ապահովված պահանջի չափի և գույքի արժեքի տարբերության չափով:

7. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները բավարար չեն պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջովին մարելու համար, ինչպես նաև երաշխիքով (երաշխավորությամբ) ապահովված պահանջների չբավարարված (այդ թվում` երաշխիք կամ երաշխավորություն տված անձից պարտավորության կատարում չպահանջելու հետևանքով չբավարարված) մասը (բացառությամբ այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարների) համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով:

8. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները գերազանցում են համապատասխան ապահովված պահանջի գումարը, ապա գերազանցող գումարի մասով այդ միջոցների նկատմամբ տարածվում է մորատորիում, և այդ միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ, իսկ եթե ապահովված իրավունքի առարկան այլ անձի սեփականություն է` փոխանցվում են այդ անձին:

9. Եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու ապահովված իրավունքի առարկան` փոխհատուցելով այդ ապահովված իրավունքի առարկայի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գնի երեք տոկոսի, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում ապահովված իրավունքի առարկայի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

10. Եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և իրացման համար հաշվարկված ծախսերը.

 2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

10.1. Պարտատիրոջ և երրորդ անձ գրավատուի կողմից համապատասխանաբար սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով սահմանված իրավունքներից օգտվելու ցանկություն հայտնելու դեպքում առաջնահերթությունը տրվում է երրորդ անձ գրավատուին:

10.2. Եթե պարտապանը և երրորդ անձ գրավատուն ճանաչվել են սնանկ, ապա սույն հոդվածի 10-րդ մասում նշված գույքի իրացումը կատարվում է պարտապանի սնանկության վարույթում, իսկ եթե գույքը ծանրաբեռնված է տարբեր պարտապանների սնանկության վարույթներով ապահովված պահանջներով, ապա այն իրացվում է սնանկության այն վարույթում, որտեղ այդ գույքով ապահովված իրավունքն առաջնային է: Սնանկության որևէ վարույթում գույքի իրացվելուց և ապահովված պահանջները բավարարելուց հետո պահանջների չափի և գույքի իրացման արժեքի տարբերությունը փոխանցվում է երրորդ անձի սնանկության վարույթի հատուկ հաշվին:

10.3. Եթե պարտապանը հանդես է գալիս որպես երրորդ անձ գրավատու, ապա կառավարիչը այդ մասին տեղեկանալու օրվանից հնգօրյա ժամկետում ծանուցում է այդ գրավով գրավառուին պարտապանի չմարված պարտավորությունների մասին: Գրավառուի կողմից գրավի առարկան իրացնելու իրավունքից չօգտվելու և գրավի առարկան սնանկության վարույթում իրացվելու դեպքում գրավի առարկան համարվում է գրավառուի պարտավորություններով ծանրաբեռնված նույն պայմաններով, որոնք առկա էին մինչև այդ առարկայի իրացումը:

10.4. Երրորդ անձ գրավատուն, երաշխավորը կամ երաշխիք տվող անձը համապատասխան պահանջի մասով ունեն պարտապանի համար սահմանված բոլոր իրավունքները և պարտականությունները:

11. Երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով նախատեսված պահանջ:

(43-րդ հոդվածը խմբ. 23.06.11 ՀՕ-235-Ն, 17.06.16 ՀՕ-105-Ն, լրաց., խմբ., փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 44. Չապահովված պահանջները

 

Գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ) չապահովված բոլոր պահանջները կամ ապահովված պահանջների չապահովված մասերը համարվում են չապահովված պահանջներ, այդ թվում` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պահանջները և պարտապանի գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները, որոնց առաջնահերթությունը սահմանված է սույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասով:

(44-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-235-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-298-Ն)

 

Հոդված 45. Կատարման ժամկետը չլրացած պարտավորությունները

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` 2 ամսվա ընթացքում, կառավարչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ կարող են լուծվել պարտապանի կողմից կնքված և կատարման ժամկետը չլրացած պայմանագրերը, որոնք երկու կողմից էլ ամբողջությամբ դեռ չեն կատարվել, ներառյալ` պարտապանի գույքի և ակտիվների վրա էականորեն ազդող այն պայմանագրերը, որոնք պարտապանը ստիպված կնքել է ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը: Նշված պայմանագրերը չլուծվելու դեպքում գործում են մինչև պարտապանի գործունեության կասեցումը:

2. Պայմանագրի լուծման դեպքում մինչև լուծման պահը կատարում ստացած կողմը պարտավոր է հատուցել չվճարված մասը` պայմանագրով որոշված գնով:

(45-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 46. Պահանջների հաստատումը

 

1. Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

1.1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված միջնորդության առկայության և պարտատիրոջ կողմից սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով պահանջ ներկայացվելու դեպքում դատարանը դիտարկում է միայն այդ պահանջը:

2. Պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն`

ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ`

- իրավաբանական անձի համար` անվանումը և գտնվելու վայրը,

- ֆիզիկական անձի համար` անունը և բնակության վայրը.

բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը.

գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.

դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:

Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը: Պահանջը ներկայացնելու ժամկետից հետո պահանջը հիմնավորող փաստաթղթեր կարող են ներկայացվել, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է սահմանված ժամկետում նման փաստաթուղթ ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:

Պահանջը և նրանց կից փաստաթղթերը ներկայացվում են 3 օրինակից:

2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված պահանջը չի դիտարկվում, որի մասին պարտատերը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:

3. Պահանջը սահմանված կարգով ներկայացվելու դեպքում գրանցվում է դատարանում:

4. Պահանջի գրանցումից ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դատարանը պահանջի և նրան կից փաստաթղթերի օրինակներն ուղարկում է կառավարչին` դրա մեկ օրինակը պարտապանին հանձնելու համար:

5. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետում ներկայացրած բոլոր պահանջները կառավարիչն ընդգրկում է պարտատերերի պահանջների նախնական ցուցակում` սույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան:

6. Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

7. (մասն ուժը կորցրել է 12.12.19 ՀՕ-294-Ն)

8. Եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանը առարկությունն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:

Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

9. Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումից հետո դատարան ներկայացրած նոր պահանջները և պահանջների փոփոխությունները դատարանը հանձնում է կառավարչին: Կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դրա պատճենն ուղարկում է պարտապանին, պարտատերերին կամ այդ մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում:

Եթե պահանջի փոփոխության պատճենն ստանալուց կամ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տեղեկատվություն հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը պահանջի, պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունը գրանցում է պահանջների գրանցամատյանում` սույն օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան:

10. Եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով որոշում է պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը:

Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

11. Սույն հոդվածով նախատեսված առարկությունները դրանք ներկայացնելու ժամկետի ավարտից հետո ներկայացվելու և ժամկետի բացթողումը հարգելի ճանաչվելու դեպքերում քննարկվում են դատարանի կողմից: Առարկությունները քննարկելուց հետո դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը` ըստ անհրաժեշտության փոփոխություն կատարելով պահանջի վերաբերյալ կայացված դատական ակտում:

(46-րդ հոդվածը խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն, լրաց., խմբ., փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԸ

 

Հոդված 47. Պարտապանի գույքն ու դրա տնօրինումը

 

1. Պարտապանի գույքի կազմում ներառվում են պարտապանին պատկանող ցանկացած գույքը, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ կամ այլ գույքային իրավունքներ, ինչպես նաև երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկաները: Ապահովված իրավունքի այն առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող), որի վերաբերյալ դատարանը սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացում թույլատրելու մասին որոշում, չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում ընդգրկվում են սույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում:

2. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի թույլտվության:

3. Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը` սույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի ղեկավարը լուծարումից հետո զրկվում է գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքներից:

4. Պարտապանի կողմից սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջների խախտումով կնքված ցանկացած գործարք առոչինչ է:

Ներմուծեք նկարագրությունը_21507 (47-րդ հոդվածը փոփ. 23.06.11 ՀՕ-235-Ն, 17.06.16 ՀՕ-105-Ն, խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 48. Պարտապանի համագործակցելու պարտավորությունը

 

1. Պարտապանի ղեկավար մարմինները պարտավոր են կառավարչին տրամադրել պարտապանի գործունեության և միջոցների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և հավաստի տեղեկությունները, այդ թվում` պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդած երեք տարվա ընթացքում պարտապանի գույքի օտարման կամ ակտիվների այլ ձևով նվազեցման մասին:

2. Սույն հոդվածով նախատեսված համագործակցելու պարտականությունը պարտապանի ղեկավարը, ինչպես նաև նյութական պատասխանատու անձինք կրում են մինչև սնանկության գործի ավարտը: Նշված պահանջը չկատարելու դեպքում համապատասխան անձինք պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 49. Պարտապանի կոմունալ ծառայությունների դիմաց վճարումը և պարտապանի համար կենսական ապրանքների և ծառայությունների մատուցման պայմանագրերի գործողությունը

(վերնագիրը խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

1. Պարտապանին կոմունալ ծառայություններ (էլեկտրաէներգիա, բնական գազ, ջուր, հեռախոսակապ և այլն) մատուցող կազմակերպությունները չեն կարող հրաժարվել, մերժել, դադարեցնել իրենց ծառայությունների մատուցումը պարտապանին դատարանի կողմից նրան սնանկ ճանաչելու պատճառով, եթե պարտապանը սնանկ ճանաչվելուց հետո ժամանակին կատարում է նշված ծառայությունների դիմաց ընթացիկ վճարումները:

2. Մինչև պարտապանին սնանկ ճանաչելն առաջացած պարտքի առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ կոմունալ ծառայությունների տրամադրման պայմանագրի լուծման կամ ծառայությունների դադարեցման համար:

3. Կառավարչի պահանջով և դատարանի որոշմամբ պարտապանի գործունեությունը շարունակելու համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների մատուցմանն ուղղված պայմանագրերը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով չեն ընդգրկվում սույն օրենքի 15.5-րդ և 39-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումների ներքո, և դրանցից բխող վճարումները կատարում է կառավարիչը` որպես վարչական ծախսեր:

4. Կառավարիչը պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության մեջ ներառում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանող պայմանագրերի մասին տեղեկություններ` հիմնավորելով այդ պայմանագրերի` պարտապանի համար կենսական նշանակություն ունենալու հանգամանքը և պայմանագրերի օրինակների հետ միասին ներկայացնում է դատարանի հաստատմանը: Դատարանն իր որոշմամբ կարող է հաստատել յուրաքանչյուր պայմանագրի` սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանությունը: Դատարանի որոշումը հիմք է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրերի գործողությունը շարունակելու համար:

(49-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 50. Պարտապանի պայմանագրերը

 

1. Գույքն օտարելու պայմանագրային պարտավորությունները պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից չեն կարող կատարվել:

Բացառիկ դեպքերում գույքն օտարելու պարտապանի պարտավորության կատարումը, ելնելով պարտապանի գործունեության, գույքի, գործարքի առանձնահատկություններից և այլ հանգամանքներից, կառավարչի միջնորդության հիման վրա կարող է թույլատրվել դատարանի որոշմամբ:

Գույքն օտարելու վերաբերյալ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով:

2. Եթե պարտապանի գույքը գնած անձը մինչև վաճառքի գումարի ամբողջական մարումն ստացել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, ապա կառավարչի պահանջն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, իր պարտավորության լրիվ կատարման դեպքում գործարքը համարվում է ավարտված:

2.1. Եթե պարտապանը հանդիսացել է բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի կառուցապատող, և պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ավարտված (ավարտական ակտի հիմքով պետական գրանցում ստացած) շենքը կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերի հիման վրա ծանրաբեռնված է այլ անձանց իրավունքներով, ապա կառավարչի պահանջն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրային գնի վերջնահաշվարկի գումարը սնանկության հաշվին վճարվելու դեպքում կառավարիչը կառուցապատողի անունից կնքում է օրենքով սահմանված պահանջներին համապատասխան փոխանցման ակտ և անձին փոխանցում առանձնացված միավորի սեփականության իրավունքը:

3. Պարտապանի աշխատանքային պայմանագրերը լուծվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Պայմանագրի կողմը կարող է պահանջել պայմանագրի վաղաժամկետ լուծմամբ իրեն պատճառված իրական վնասի հատուցում` իր պահանջը ներկայացնելով սույն օրենքով սահմանված կարգով:

5. Եթե պայմանագրով նախատեսվում են (պարտապանի կողմից) պարբերական վճարումներ, ապա կառավարիչը կարող է դրանք կատարել միայն սույն օրենքով սահմանված պահանջների ցուցակը և դրանց բավարարման հերթականությունը դատարանի կողմից հաստատվելուց հետո:

6. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում դատարանի կողմից բավարարված արտադատական կարգով իրացման համար նախատեսված գործարքների կամ այդ գործարքի կատարման վրա: Այդ գործարքները կնքվում և կատարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով ու պայմաններով:

(50-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-48-Ն, լրաց. 23.06.11 ՀՕ-235-Ն, 19.06.15 ՀՕ-90-Ն, խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 51. Տարանցման վիճակում գտնվող գույքը

 

1. Եթե պարտատիրոջ կողմից պարտապանին վաճառված գույքի նկատմամբ պահանջը գրանցելու պահին պարտապանը ձեռք չի բերել սեփականության իրավունք, ապա պարտատերը կարող է այն հետ ստանալ կամ չհանձնել պարտապանին: Այդ դեպքում հետ ստանալու կամ չհանձնելու հետ կապված բոլոր ծախսերը կրում է պարտատերը` վերադարձնելով նաև պարտապանի կատարած վճարները:

2. Եթե պարտատերն այնուամենայնիվ հանձնում է գույքը պարտապանին կամ մինչև պահանջը գրանցելու պահը գույքը հետ ստանալու պահանջ չի ներկայացնում, ապա նրա դրամական պահանջը կարող է ընդգրկվել ընդհանուր պահանջների ցանկում:

 

Հոդված 52. Երրորդ անձանց պատկանող գույքի իրացումը

 

1. Եթե պարտապանն իրացնում է երրորդ անձին պատկանող գույքը կամ այդ գույքը նրա մոտ է գտնվում այլ պայմանագրային հիմունքներով (այսուհետ` երրորդ անձանց պատկանող գույք), ապա պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երրորդ անձն իրավունք ունի պարտապանից հետ պահանջելու իր գույքը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Եթե պարտապանին սնանկ ճանաչելուց հետո երրորդ անձանց պատկանող գույքի կամ դրա մի մասի վերադարձը հնարավոր չէ, այդ թվում` գույքն իրացված լինելու պատճառով, կամ վերադարձի արդյունքում դրա որակական հատկանիշները կարող են էապես վատանալ (արագ փչացող ապրանքներ և այլն), ապա այդ գույքի սեփականատիրոջ դիմումով նրա պահանջն ընդգրկվում է պահանջների գրանցամատյանում` գույքի պայմանագրային արժեքով, իսկ վերջինիս որոշման անհնարինության դեպքում` դրա շուկայական արժեքով:

3. (մասն ուժը կորցրել է 23.06.11 ՀՕ-235-Ն)

(52-րդ հոդվածը փոփ. 23.06.11 ՀՕ-235-Ն)

 

Հոդված 53. Մասնագիտական ծառայությունների մատուցումը

 

1. Եթե պարտապանին սնանկ ճանաչելուց հետո պայմանագրի մյուս կողմը համաձայն է պարտապանի` ծառայություններ մատուցելու պայմանագրային պարտավորություններն ընդունել, ապա պարտապանը կարող է կառավարչի հսկողությամբ իրականացնել այդ ծառայությունները` մինչև պարտապանի լուծարումը:

2. Եթե կառավարիչը գտնում է ոչ նպատակահարմար պարտապանի` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պայմանագրային պարտավորությունների կատարումը, ապա այդ պայմանագրերից բխող պահանջները բավարարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 54. Երրորդ անձանց կատարված փոխանցումները և գույքի օտարումը

 

1. Կառավարիչը պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմում է դատարան դատական կարգով հետ ստանալու`

ա) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում.

բ) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում.

գ) սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում (մեկ տարվա ընթացքում, եթե փոխանցումը կատարվել է փոխկապակցված անձին) պարտապանի` պարտատիրոջը կամ վերջինիս օգտին նախկինում ստանձնած պարտավորության դիմաց կատարած ցանկացած փոխանցում (այդ թվում` ոչ դրամային), որը կատարելու պահին պարտապանը անվճարունակ էր, և պարտատերը ստացել է էապես ավելին, քան կստանար սնանկության վարույթում` պարտապանի լուծարման դեպքում.

դ) պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը, որը հետևանք է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության, բացառությամբ եթե գործարքը կնքվել է հրապարակային սակարկության հիման վրա.

ե) պարտապանի և պարտատիրոջ միջև զուտացման համաձայնության և (կամ) ապահովության պայմանագրերի համաձայն բռնագանձված ապահովության առարկան, եթե միաժամանակ բավարարվել են հետևյալ պայմանները.

1) զուտացման համաձայնությունը և (կամ) ապահովության պայմանագիրը կնքվել է սնանկության դիմում դատարան ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում,

2) կնքման պահին պարտապանի համար սնանկությունը կամ սնանկության հնարավորությունը կանխատեսելի էր,

3) այդպիսի զուտացման համաձայնություն և (կամ) ապահովության պայմանագիր կնքելը չէր բխում պարտապանի շահերից և հետապնդում էր բացառապես ակտիվները սնանկության գործընթացից դուրս բերելու նպատակ։

1.1. Կառավարիչը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջով դիմում է դատարան, եթե առկա չէ կոնկրետ պահանջով դատարան դիմելուց ձեռնպահ մնալու մասին պարտատերերի ժողովի որոշումը: Նման որոշում կարող է կայացվել, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջով դատարան դիմելու արդյունքում կառավարչի կողմից կատարվելիք ծախսերը ողջամտորեն կարող են գերազանցել հետ ստացվող փոխանցման արժեքը (գինը):

2. Սույն հոդվածի առաջին մասի «գ» կետով նախատեսված դեպքերում փոխանցված գույքը կամ դրա արժեքը չի կարող հետ պահանջվել, եթե`

ա) փոխանցման հետ միաժամանակ պարտատերը պարտապանին է փոխանցում համարժեք այլ գույք.

բ) պարտապանի կողմից պարտատիրոջ նկատմամբ նախկինում ստանձնած պարտավորության կատարումից հետո պարտատերը գրավի առարկա չհանդիսացող նոր գույք է փոխանցել պարտապանին.

գ) պարտապանն իր բնականոն գործունեության իրականացման ընթացքում կատարել է պարտատիրոջ նկատմամբ այդ ընթացքում ստանձնած պարտավորությունը, եթե այն կատարվել է գործարար շրջանառության սովորույթներին համապատասխան.

դ) փոխանցմամբ կատարվել է պարտատիրոջ նկատմամբ ստանձնած 200.000 դրամը չգերազանցող պարտավորություն.

ե) պարտապանի գույքի գրավի այն պայմանագրերը, որի արդյունքում չեն խախտվում չապահովված պարտատերերի իրավունքները (որի արդյունքում պարտապանի չապահովված պարտավորությունների արժեքը չի գերազանցի նրա գրավով չծանրաբեռնված գույքի արժեքից).

զ) փոխանցմամբ կատարվել են հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները, վարչական տուգանքի վճարումները:

3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում փոխանցված գույքը կամ դրա արժեքը չի կարող հետ պահանջվել, եթե դրանք փոխանցվել են բանկի կամ վարկային կազմակերպության ապահովված պահանջների բավարարման համար այդ գույքի հետ կապված գործարքների կատարման արդյունքում:

Ներմուծեք նկարագրությունը_21507(54-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-235-Ն, խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն, լրաց. 27.10.16 ՀՕ-192-Ն, խմբ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 54.1.

Պարտապանի գույքի հայտարարագրումը

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից 20 օրվա ընթացքում պարտապանը պարտավոր է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների, այդ թվում` պահանջի իրավունքի, կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնել կառավարչին: Պարտապանը պարտավոր է հայտարարագրում տեղեկություններ ներկայացնել նաև իր դեբիտորական պարտավորությունների, դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի և գույքային իրավունքների, ինչպես նաև սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքների մասին:

2. Պարտապանի կողմից ներկայացվող` գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի ու գտնվելու վայրի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

3. Գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի ու գտնվելու վայրի մասին հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

(54.1-ին հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 55. Պարտապանին պատկանող գույքի պահպանումը և իրացումը

 

1. Կառավարիչը ձեռնարկում է պարտապանին պատկանող գույքի պահպանման համար անհրաժեշտ բոլոր միջոցները:

2. Կառավարիչը, մինչև դատարանի կողմից պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի կամ պարտապանի լուծարման մասին որոշման ընդունումը, դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղակի գործարքով կարող է վաճառել միայն`

ա) պարտապանին պատկանող արագ փչացող ապրանքները.

բ) պարտապանին պատկանող գույքի պահպանման էական ծախսեր պահանջող գույքը: Պահպանման էական ծախսեր են համարվում մեկ ամսվա ընթացքում այդ գույքի արժեքի 5 տոկոսը գերազանցող ծախսերը:

Պարտապանի ղեկավարը, մինչև վերջինիս գործունեության կասեցումը, կառավարչի առաջարկությամբ և դատարանի որոշմամբ կարող է շարունակել պարտապանի գործունեության արդյունք հանդիսացող գույքի իրացումը, ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը, եթե նման գործառնությունների դադարեցումը կհանգեցնի պարտապանի գործունեության խաթարման, դադարման կամ կարող է առաջացնել պարտապանի համար այլ անբարենպաստ հետևանքներ: Նման իրացման դեպքերի վրա չեն տարածվում սույն օրենքով նախատեսված գույքի օտարման սահմանափակումները:

3. Պարտապանի գույքի պահպանությունն իրականացնելու համար կարող են օգտագործվել պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցված միջոցները: Եթե պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցված միջոցները բավարար չեն պարտապանի գույքի պահպանությունն իրականացնելու համար, ապա կառավարիչը, դատարանի թույլտվությամբ, ուղղակի գործարքով կարող է վաճառել պարտապանին պատկանող այլ գույքը: Այդ նպատակով վաճառվող գույքի արժեքը չի կարող գերազանցել պարտապանին պատկանող ամբողջ գույքի արժեքի 10 տոկոսը:

4. Սույն հոդվածով նախատեսված գործարքներից ստացված միջոցները փոխանցվում են պարտապանի` սնանկության հատուկ հաշվին:

5. Եթե սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում վաճառվում է գրավի առարկա հանդիսացող գույքը, ապա պարտապանի գույքի պահպանությունն իրականացնելու համար կարող է օգտագործվել պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցված այդ գույքի վաճառքից գոյացած միջոցների ոչ ավելի, քան 5 տոկոսը, իսկ գրավառուի համաձայնությամբ` 5 տոկոսից ավելի:

 

Հոդված 56.

Պարտապանի գույքի գույքագրումը

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրվա ընթացքում, կառավարիչն իրականացնում է պարտապանի գույքի գույքագրում: Գույքի մեծ ծավալների կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել գույքագրման ժամկետը ողջամիտ ժամկետով: Կառավարչի պահանջով պարտապանը (պարտապանի ներկայացուցիչը) պարտավոր է ներկա լինել և աջակցել գույքագրմանը:

2. Գույքագրումը պետք է ընդգրկի պարտապանին պատկանող ամբողջ գույքը, ներառյալ` երրորդ անձանց համար կատարված, սակայն չվճարված աշխատանքները և ծառայությունները, ինչպես նաև պարտապանի տիրապետման ներքո գտնվող իրերը: Վերջիններս չեն կարող օտարվել մինչև դրանց սեփականության իրավունքի հարցի պարզումը: Գույքագրման փաստաթղթերում նշվում է գույքագրման պահին գույքի հաշվեկշռային արժեքը (հայտնի լինելու դեպքում):

3. Պարտապանի գույքի գույքագրման ժամանակի և վայրի մասին կառավարիչը ծանուցում է պահանջներ ներկայացրած` առավել մեծ պահանջներ ունեցող հինգ հայտնի պարտատերերին, բացառությամբ այն պարտատերերի, որոնց դիմումով դատարանը սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու մասին որոշում: Ծանուցված պարտատերերը կարող են ներկա լինել գույքագրման աշխատանքներին, սակայն նրանց չներկայանալն արգելք չէ գույքագրումն իրականացնելու համար:

4. Պարտապանի գույքի գույքագրման ժամանակ պարտապանը պարտավոր է գրավոր տեղեկացնել կառավարչին գույքի այն տեսակների մասին, որոնք հանդիսանում են բաժնային կամ համատեղ սեփականություն` նշելով համասեփականատերերի տվյալները (անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը): Պարտապանը պարտավոր է ներկայացնել նաև համասեփականատերերի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր:

5. Գույքագրման նպատակով կառավարիչն իրավունք ունի մուտք գործելու պարտապանին պատկանող բնակարան կամ այլ անշարժ գույքի տարածք պարտապանի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի որոշմամբ: Այլ անձանց պատկանող բնակարան կամ այլ անշարժ գույք կառավարիչը կարող է մուտք գործել այդ բնակարանի կամ այլ անշարժ գույքի սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի որոշմամբ, որի հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման:

6. Պարտապանի գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում կառավարիչը անհրաժեշտության դեպքում կարող է հարցում ուղղել անշարժ գույքի պետական ռեգիստրին, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին, հարկային և մաքսային մարմիններին, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությանը և Սոցիալական ապահովության ծառայությանը: Պետական մարմինները պարտավոր են կառավարչի հարցումներին պատասխանել յոթնօրյա ժամկետում, եթե օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հարցումներին պատասխանելու համար այլ ժամկետ սահմանված չէ:

7. Գույքագրման արդյունքներն ամփոփվում են գույքագրման ակտում, որն ստորագրում են կառավարիչը և գույքագրմանը մասնակցած այլ անձինք: Պարտապանի (պարտապանի ներկայացուցչի) ստորագրությունը վկայում է, որ նա ներկա է եղել գույքագրմանը և երաշխավորում է, որ պարտապանին պատկանող ամբողջ գույքը գույքագրվել է: Գույքագրման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում պարտապանը (պարտապանի ներկայացուցիչը) ստորագրում է գույքագրման ակտը` կցելով դրան իր գրավոր առարկությունը: Գույքագրման ակտն ստորագրելուց խուսափելու դեպքում կառավարիչն այդ մասին նշում է կատարում գույքագրման ակտում:

8. Գույքագրման ակտի կազմումից հետո պարտապանին պատկանող գույք հայտնաբերվելու դեպքում կառավարիչը համապատասխան փոփոխություններ է կատարում գույքագրման ակտում:

(56-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն, խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 57. Պարտապանի գույքի գնահատումը

 

Պարտապանի գույքի գնահատումն իրականացնում է կառավարիչը: Պարտապանի միջոցների հաշվին կառավարիչն իրավունք ունի հրավիրելու անկախ գնահատող պարտապանին պատկանող գույքի գնահատման համար` այդ մասին նախօրոք տեղյակ պահելով խորհրդին, իսկ այն ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 5 հայտնի պարտատերերին:

 

Հոդված 58.

Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` 35 օրվա ընթացքում, կառավարիչը դատարան է ներկայացնում պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը: Պարտապանի գործունեությունը բազմաբնույթ լինելու և մեծ ծավալներ ունենալու կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել ֆինանսական վիճակի վերլուծությունը ներկայացնելու ժամկետը ողջամիտ ժամկետով:

2. Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունն առնվազն պետք է պարունակի`

1) տեղեկություններ`

ա. սնանկության պատճառների մասին,

բ. դատական ծախսերի փոխհատուցման և կառավարչի վարձատրության համար պարտապանի միջոցների բավարար լինելու մասին,

գ. պարտապանի վճարունակության վերականգնման հնարավորությունների մասին,

դ. պարտապանի դեբիտորական պարտավորությունների հավաքման հնարավորության մասին,

ե. սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրերի մասին,

զ. սույն օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված գործարքների մասին,

է. կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության, ինչպես նաև սնանկության վարույթը ֆինանսական առողջացմամբ ավարտելու հնարավորության մասին:

3. Կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կառավարիչը պարտավոր է անհապաղ հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ:

4. Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

5. Յուրաքանչյուր պարտատեր իրավունք ունի սնանկության վարույթի ընթացքում ցանկացած պահի ծանոթանալու պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությանը:

(58-րդ հոդվածը խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-225-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Հոդված 59. Ֆինանսական առողջացման ծրագիրը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիր է համարվում պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող, օրենքով չարգելված միջոցառումների համալիրը, որի իրականացման դեպքում պարտապանը չի լուծարվելու կամ չի կայացվելու ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճիռ:

2. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը, եթե սույն օրենքով սահմանված կարգով դրա գործողության ժամկետը չի երկարաձգվել:

3. Ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կարող են իրականացվել հետևյալ միջոցառումները`

ա) պարտապանի ամբողջ գույքի կամ դրա մի մասի վաճառքը.

բ) պարտապանի գույքը պարտատերերին հաշվանցով փոխանցելը.

գ) պարտապանի գույքի գրավադրումը.

դ) շահութաբերություն չապահովող գործունեության դադարեցումը և ձեռնարկատիրական գործունեության ոլորտի փոփոխությունը.

ե) անշահավետ գործարքների փոփոխումը կամ դադարեցումը.

զ) պարտքի վերակառուցումը (պարտքի մարման ժամկետների հետաձգում, վերաձևակերպում, պարտավորությունների կատարումից ազատում).

է) պարտքի փոխարինումը արժեթղթերով.

ը) դեբիտորական պարտավորությունների բռնագանձումը.

թ) նոր վարկի ստացումը.

ժ) նոր ներդրումների իրականացումը.

ժա) պարտապանի վերակազմակերպումը.

ժբ) նոր բաժնետոմսերի թողարկումը կամ հետգնումը.

ժբ.1) պարտապան կազմակերպության մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը.

ժգ) օրենքով չարգելված այլ միջոցառումներ:

4. Դատարանի կողմից ներդրումային ֆոնդի սնանկության վերաբերյալ գործի քննության ժամանակ կիրառվում է միայն լուծարային վարույթ:

(59-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-256-Ն, խմբ., լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 60. Ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացումը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիր կարող են ներկայացնել պարտապանը, կառավարիչը, ապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, չապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, ինչպես նաև պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի առնվազն 1/3-ին տիրապետող անձինք:

2. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներկայացվի մինչև առաջին ժողովը: Ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու իրավունք ունեցող անձի միջնորդությամբ դատարանը կարող է երկարաձգել ծրագրի ներկայացման ժամկետը ևս 30 օրով: Ֆինանսական առողջացման ծրագրի հետ մեկտեղ պարտատերերին, ինչպես նաև առողջացման ծրագրով նախատեսված ծրագրի հնարավոր ֆինանսավորողներին ըստ պահանջի ներկայացվում են բոլոր այն տեղեկությունները, այդ թվում՝ ֆինանսական, որոնք հիմք են ծառայել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի համար:

 3. Պարտատիրոջ, պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի 1/3-ին տիրապետող անձանց առաջարկած ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ծախսերը և դրա ընդունման համար անհրաժեշտ դատական ծախսերը կատարվում են առաջարկողի հաշվին: Կառավարչի կամ պարտապանի առաջարկած ֆինանսական առողջացման ծրագրի ծախսերը կատարվում են պարտապանի գույքի հաշվին:

(60-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 61. Ֆինանսական առողջացման ծրագրի պարտադիր պայմանները

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներառի`

ա) ապահովված, չապահովված և այլ խմբերի պարտատերերի նկատմամբ պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումների կատարման կարգը, այդ թվում` պահանջների բավարարման կարգը պարտապանին պատկանող անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքով.

բ) պարտապանին պարտավորություններից ազատելու, դրանք հետաձգելու կամ վերաձևակերպելու կարգը և չափերը.

գ) պարտապանի վճարունակությունը վերականգնելու համար սույն օրենքի 59-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների բովանդակությունը և իրականացման կարգն ու ժամկետները, դրանց իրականացման արդյունքում պարտապանի գործունեությունը շարունակելիս պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունների ավելացման հիմնավորումները, պարտապանին պատկանող գույքի վաճառքի դեպքում` վաճառվող գույքի կազմը.

դ) ֆինանսական առողջացման ծրագրի կատարման համար անհրաժեշտ` կառավարչի և այլ մասնագետների, պարտապանի ղեկավարի վարձատրության և վարչական ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը:

2. Առանց պարտատիրոջ գրավոր համաձայնության, ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող նախատեսել այդ պարտատիրոջ պահանջների բավարարման այլ հերթականություն, քան նախատեսված է սույն օրենքով։ Եթե տվյալ պարտատերը գրավոր այլ համաձայնություն չի տվել, ապա պարտատերերից որևէ մեկը չպետք է ֆինանսական առողջացման ծրագրի նախատեսված արդյունքում նվազ նպաստավոր պայմաններում հայտնվի, քան եթե պարտապանը լուծարվեր։

3. Ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և խախտել այլ անձանց շահերը:

4. Եթե ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պետք է օգտագործվի ապահովված պարտատիրոջ (պարտատերերի) պահանջի դիմաց գրավադրված գույքը, ապա ապահովված պարտատիրոջ (պարտատերերի) համաձայնությունը ֆինանսական առողջացման ծրագրի քննարկման կամ հաստատման համար պարտադիր է:

5. Եթե ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսվում է այլ անձանց կողմից պարտապանին ֆինանսավորման տրամադրում, ապա տվյալ ծրագրի հաստատման համար ֆինանսավորողի համաձայնությունը պարտադիր է: Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում ֆինանսավորում տրամադրած կամ պարտապանի պարտատոմսեր կամ մուրհակներ ձեռք բերած անձանց պահանջներն ունեն բավարարման առաջնահերթություն պարտապանի հանդեպ մյուս բոլոր պահանջների նկատմամբ և բավարարվում են ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտապանի գործունեությունից ստացած զուտ շահույթից (զուտ եկամտից), եթե այլ բան նախատեսված չէ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով կամ ֆինանսավորողի և պարտատերերի գրավոր համաձայնությամբ:

(61-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 62. Ֆինանսական առողջացման ծրագրի քննարկումը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց հետո` երկու օրվա ընթացքում, դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննարկման թողնելու մասին, եթե այն չի համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջներին: Մինչև որոշում ընդունելը դատարանը կարող է ծրագիր ներկայացնող անձից պահանջել ներկայացնել ծրագրի վերաբերյալ փորձագետի եզրակացություն:

2. Եթե ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, դատարանը որոշում չի ընդունել ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննարկման թողնելու մասին, ապա կառավարչին, պարտապանին և իրեն հայտնի բոլոր պարտատերերին ծանուցում է դատարանում ֆինանսական առողջացման ծրագրի առկայության և ծրագրին նրանց ծանոթանալու իրավունքի մասին:

3. Կառավարիչը ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու` սույն օրենքով կամ երկարաձգման մասին դատարանի որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ոչ ուշ, քան 20 օրվա ընթացքում հրավիրում է ժողով ֆինանսական առողջացման ծրագիրը (ծրագրերը) քննարկելու նպատակով, որին հրավիրվում է պարտապանը:

Ժողովի հրավիրման մասին տեղեկությունը պետք է հրապարակվի իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նշելով ծրագիրը (ծրագրերը) ներկայացնողի անունը (անվանումը) և ժողովի հրավիրման տարին, ամիսը, ամսաթիվը:

 

Հոդված 63. Ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությունը

 

1. Մեկից ավելի ֆինանսական առողջացման ծրագրեր քննարկվելու դեպքում բոլոր ծրագրերի քվեարկությունը պետք է կատարվի մեկ ժողովի ընթացքում:

2. Քվեարկությանը կարող են մասնակցել միայն հաստատված պահանջներով պարտատերերը, բացառությամբ ապահովված պահանջներով պարտատերերի և սույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասի «թ» կետով նախատեսված պահանջներով պարտատերերի: Ֆինանսական առողջացման ծրագիրը քվեարկում են ապահովված պարտատերերը, եթե տվյալ սնանկության գործով բոլոր պարտատերերը հանդիսանում են ապահովված պարտատերեր: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերը կառավարության սահմանած դեպքերում և կարգով կարող են մասնակցել ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը: Համայնքային բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերը կարող են մասնակցել ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը և կողմ քվեարկել, եթե այդ մասին առկա է համայնքի ավագանու որոշումը:

3. Ֆինանսական առողջացման ծրագիրը համարվում է ընդունված, եթե դրա ընդունման օգտին քվեարկել է պարտատերերի ձայների պարզ մեծամասնությունը, ինչի մասին ժողովը կայացնում է որոշում:

4. Եթե քվեարկվում են մեկից ավելի ծրագրեր, ապա դրանք քվեարկվում են ըստ ներկայացման առաջնայնության: Սույն հոդվածի առաջին մասի համաձայն` ֆինանսական առողջացման ծրագրի ընդունումից հետո մնացած ծրագրերը չեն քվեարկվում:

(63-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-246-Ն, խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 64. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիրը` ժողովի որոշմամբ ընդունվելու և սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում, հաստատվում է դատարանի որոշմամբ: Հակառակ դեպքում դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրը մերժելու և պարտապանին լուծարելու մասին:

2. Ֆինանսական առողջացման ծրագիրը պարտատերերի ժողովի կողմից ընդունվելուց հետո դատարանի հաստատմանը ներկայացնելիս պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել պահանջներ չներկայացրած պարտատերերի ցուցակը։ Պահանջներ չներկայացրած պարտատերերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են պարտապանի սնանկության և պարտատերերի պահանջները մեկամսյա ժամկետում դատարան ներկայացնելու անհրաժեշտության մասին: Ծանուցագրում նշվում է պահանջ չներկայացնելու իրավական հետևանքների մասին:

Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված պահանջները դատարանը քննարկում է սույն օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

Եթե ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո դատարան են ներկայացվում պարտատերերի նոր պահանջներ, ապա ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու իրավունք ունեցող անձը մեկամսյա ժամկետում կարող է դատարան ներկայացնել նոր ֆինանսական առողջացման ծրագիր կամ հաստատված ծրագրի փոփոխություններ: Նոր ֆինանսական առողջացման ծրագիրը կամ հաստատված ծրագրի փոփոխությունները դատարան են ներկայացվում և հաստատվում սույն օրենքով սահմանված կարգով:

Եթե ծանուցված պարտատերը պահանջ չի ներկայացնում, ապա պարտապանի ֆինանսական առողջացման հիմքով սնանկության գործն ավարտելուց հետո պարտապանն ազատվում է պարտավորությունից։ Չծանուցված պարտատերերը պահպանում են պարտապանի դեմ պահանջ ներկայացնելու իրավունքը:

(64-րդ հոդվածը խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 65. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման հետևանքները

 

1. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո պարտապանի գործունեությունն իրականացվում է միայն ծրագրի շրջանակներում, իսկ պարտատերերի պահանջների բավարարումը` ծրագրով սահմանված կարգով:

2. Պարտապանը կառավարչի վերահսկողությամբ պարտավոր է կատարել ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:

3. Ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ընթացքում պարտապանի կառավարման մարմինները, այդ թվում` ղեկավարը, գործում են ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված իրավասության շրջանակներում:

4. Կառավարիչն առնվազն երեք ամիսը մեկ դատարան է ներկայացնում հաշվետվություն` ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

 

Հոդված 66. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի երկարաձգումը

 

1. Պարտատերերի ժողովը պարտավոր է քննարկել և որոշել ֆինանսական առողջացման ծրագիրը երկարաձգելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցը սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից դիմելու դեպքում:

2. Դատավորը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը մինչև 12 ամիս երկարաձգելու կամ դրա մեջ փոփոխություններ մտցնելու մասին, եթե այդ որոշումն ընդունվել է ֆինանսական առողջացման ծրագրի ընդունման վերաբերյալ սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

3. Ֆինանսական առողջացման ծրագրի ընդհանուր տևողությունը դատարանի կողմից դրա սկզբնական հաստատումից հետո չի կարող գերազանցել 72 ամիսը, իսկ սկզբնական հաստատվող ֆինանսական առողջացման ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել 36 ամիսը:

(66-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 67. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ ավարտը

 

1. Մինչև ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտը պարտատերերի պահանջների բավարարման դեպքում կառավարիչը դատարան է ներկայացնում ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ ավարտի մասին հաշվետվություն: Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ ավարտման հաշվետվությունը հաստատելու դեպքում սնանկության գործը ենթակա է ավարտման:

2. Եթե պարտատերերի պահանջները հաշվետվության ներկայացման պահին բավարարված չեն, ապա դատարանը մերժում է կառավարչի հաշվետվության հաստատումը, և ֆինանսական առողջացման ծրագիրը շարունակվում է:

 

Հոդված 68. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցումը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիրը դատարանը կարող է վաղաժամկետ դադարեցնել: Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերն են`

ա) ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցի էական խախտումը.

բ) այն հանգամանքների առկայությունը, որոնք վկայում են, որ պարտապանն ի վիճակի չէ կատարել պարտավորությունների մարման ժամանակացույցը.

գ) ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո դատարան են ներկայացվել նոր պահանջներ և մեկամսյա ժամկետում չեն ներկայացվել ծրագրի փոփոխություններ, որոնք նախատեսում են նաև նոր ներկայացված պահանջների բավարարում, կամ այդ փոփոխությունները ներկայացվել են դատարան և դատարանի որոշմամբ մերժվել են:

2. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման պահանջով դատարան կարող են դիմել կառավարիչը, պարտապանը, առավել խոշոր պահանջներ ունեցող 5 չապահովված պարտատերերից յուրաքանչյուրը, ինչպես նաև սույն օրենքի 61-րդ հոդվածի չորրորդ մասում նշված ապահովված պարտատերը (պարտատերերը):

3. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերի առկայության դեպքում դատարանը վաղաժամկետ դադարեցնում է ֆինանսական առողջացման ծրագիրը և որոշում է կայացնում պարտապանին լուծարելու մասին: Հակառակ դեպքում ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցումը մերժվում է:

 

Հոդված 69. Ֆինանսական առողջացման ծրագրի ավարտը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 15 օր առաջ կառավարիչը պետք է դատարան ներկայացնի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվություն:

2. Կառավարչի հաշվետվությանը կցվում են`

ա) պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը.

բ) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.

գ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:

3. Դատավորը ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունն ստանալուց ոչ ուշ, քան երկու և ոչ շուտ, քան մեկ շաբաթվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին, պարտապանին և պարտատերերին:

Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի և ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը: Ամենախոշոր 5 պարտատերերին ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Կառավարչի, պարտապանի և որևէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

4. Ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության և ֆինանսական առողջացման ծրագրի կատարման վերաբերյալ պարտատերերի առարկությունների քննության արդյունքներով դատարանը կայացնում է`

ա) վճիռ` ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը հաստատելու և սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարվել են.

բ) որոշում` ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժելու և պարտապանին լուծարելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարված չեն:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 70. Պարտապան իրավաբանական անձի լուծարման և պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման վարույթները

 

1. Սույն օրենքով սահմանված ժամկետում ֆինանսական առողջացման ծրագիր չներկայացվելու, ներկայացված ծրագրի հաստատումը մերժվելու, ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվելու, ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման վարույթ սկսելու մասին (այսուհետ` պարտապանի լուծարում):

2. Պարտապանի լուծարման մասին որոշման կայացումից հետո` 5 օրվա ընթացքում, կառավարիչն այն հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Պարտապանին լուծարելու մասին որոշման մեկ օրինակը դատարանն ուղարկում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին` համապատասխան գրառում կատարելու համար:

3. Պարտապանին լուծարելու մասին որոշման հրապարակումից հետո կառավարիչը սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է պարտապանի գույքի վաճառքը:

 

Հոդված 71. Պարտապանի գույքի արգելադրումը

 

1. Դատավորի կողմից պարտապանի լուծարման վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո` 7 օրվա ընթացքում, կառավարիչը դատարանի որոշման հիման վրա արգելադրում է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը, բացառությամբ այն գույքի, որի վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, բռնագանձում չի կարող տարածվել:

2. Եթե պարտապանը սեփականության իրավունքով գույք ունի այլ երկրներում, ապա կառավարիչը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում, Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանի որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով դիմում է այդ երկրների դատարաններին` նշված գույքն արգելադրելու մասին հանձնարարությամբ: Այլ երկրներում պարտապանին պատկանող գույքի արգելադրումը կարող է իրականացվել միայն տվյալ երկրների օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ արգելադրումն իրականացվում է նրան պատկանող այդ ֆոնդի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի) փայի (փայերի) նկատմամբ արգելադրում իրականացնելու միջոցով:

(71-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-67-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-256-Ն)

 

Հոդված 72. Պարտապանի գործունեության կասեցումը

 

1. Եթե դատարանը կայացրել է պարտապանին լուծարելու մասին որոշում, ապա գույքը կառավարելու կամ տնօրինելու` պարտապանի բոլոր իրավունքները կասեցվում են դատարանի որոշմամբ:

2. Դատավորի որոշմամբ պարտապանի` գույքը կառավարելու կամ տնօրինելու իրավունքները կարող են կասեցվել նաև մինչև պարտապանի լուծարումը, եթե պարտապանի գործունեությունն ակնհայտորեն անշահավետ է, կարող է բերել պարտապանին պատկանող գույքի արժեքի նվազեցմանը, կամ ակնհայտ է, որ պարտապանը չի կարող ներկայացնել պարտատերերի համար ընդունելի ֆինանսական առողջացման ծրագիր:

 

Հոդված 73. Պարտապանի գործունեության վերսկսումը

 

1. Եթե պարտապանի գործունեությունը կասեցվել է սույն օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված կարգով, ապա կառավարչի միջնորդության հիման վրա կայացված դատարանի որոշմամբ պարտապանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսել իր գործունեությունը մինչև մեկ տարի ժամանակով, եթե պարտապանի գործունեության վերսկսումը կարող է ավելացնել պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը:

2. Պարտապանի գործունեությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսելու մասին բոլոր պարտատերերը պատշաճ կերպով ծանուցվում են:

Եթե դատարանի համապատասխան որոշման մասին տեղեկացվելուց հետո` 7 օրվա ընթացքում, պարտատերերից որևէ մեկը գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա կառավարիչը հրավիրում է խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի կամ ժողովի որոշումը և նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան:

3. Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին:

Դատավորի որոշումը եռօրյա ժամկետում կառավարիչն ուղարկում է պարտատերերին և հարկային համապատասխան մարմնին:

(73-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 74. Կառավարչի հաշվետվությունը պարտապանի գործունեության վերսկսման դեպքում

 

1. Կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր ամիս դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի վերսկսած գործունեության վերաբերյալ:

2. Կառավարչի հաշվետվությունները պարտատերերի ժողովում կամ խորհրդում քննարկվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ: 

3. Եթե պարտապանի գործունեության վերսկսման արդյունքում բավարարվում են պարտատերերի բոլոր պահանջները, ապա կառավարիչը դատարան է ներկայացնում վերջնական հաշվետվություն, որում պարունակվում է հիմնավորված միջնորդություն գործն ավարտելու մասին: Կառավարչի վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ: Հաշվետվությանը կցվում է պարտապանի վերջնական հաշվեկշիռը:

4. Դատարան ներկայացվող պարտապանի վերջնական հաշվեկշռին կցվում են`

ա) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.

բ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:

5. Վերջնական հաշվեկշիռը և հաշվետվությունը դատարան ներկայացնելու մասին կառավարիչը ծանուցում է բոլոր պարտատերերին` առաջարկելով տասնօրյա ժամկետում ծանոթանալ այդ փաստաթղթերի` իր մոտ դեպոնացված օրինակին, որից հետո վերջնական հաշվեկշիռը և հաշվետվությունը ներկայացնում է դատարան:

6. Դատավորը վերջնական հաշվեկշիռն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, առանց դատական նիստ հրավիրելու քննում է գործն ավարտելու մասին միջնորդությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ միջնորդության քննարկումն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում:

6.1. Միջնորդությունը դատական նիստում քննարկելու անհրաժեշտության դեպքում դատարանը վերջնական հաշվեկշիռն ստանալուց հետո ոչ ուշ, քան 15, և ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին և պարտատերերին: Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի և ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը: Որևէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

7. Դատավորը, հաստատելով վերջնական հաշվեկշիռը, վճիռ է կայացնում լուծարման վարույթը դադարեցնելու և պարտապանի սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին: Հակառակ դեպքում դատարանը մերժում է վերջնական հաշվեկշռի հաստատումը և գործն ավարտելու միջնորդությունը` նշելով մերժման պատճառները:

(74-րդ հոդվածը լրաց., խմբ. 23.12.22 ՀՕ-580-Ն)

 

Հոդված 75. Պարտապանի գույքի վաճառքը

 

1. Պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:

1.1. Գույքի վաճառքի ծրագիրը պետք է ներառի պարտապանի ամբողջ գույքի, ներառյալ՝ պահանջի իրավունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ (անվանումները, նկարագրությունը, քանակը, հաշվեկշռային արժեքը), վաճառքի նախատեսվող ձևը, նախնական գնահատված արժեքները` ըստ գույքի տեսակի։ Գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից չհաստատվելու դեպքում կառավարիչն իրավունք ունի դիմելու դատարան և պահանջելու հաստատել գույքի վաճառքի ծրագիրը` կցելով պարտատերերի ժողովի կամ խորհրդի որոշումները կամ ժողովի կամ խորհրդի նիստի անցկացման անհնարինության (չկայացման) հիմքերը։ Ծրագրի փոփոխությունները կատարվում են ծրագրի ընդունման համար սահմանված կարգով։

2. Պարտապանի գույքի վաճառքը թույլատրվում է միայն պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելուց հետո, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

2.1. Եթե սույն օրենքի 39.1-ին հոդվածով սահմանված կարգով ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու և պահանջի չափը հաստատելու մասին որոշման առկայության դեպքում ապահովված պարտատերը դեռևս չի սկսել ապահովված իրավունքի առարկայի իրացման, այդ թվում` դատական բռնագանձման գործընթաց, իսկ պարտապանը չունի գույք, և առկա են դեռևս չբավարարված պահանջներ, ապա կառավարիչը վերջին գույքի իրացումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, դիմում է դատարան` ապահովված իրավունքի առարկան վաճառելու միջնորդությամբ:

3. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման դեպքում պարտապանի գույքի վաճառքն իրականացվում է այդ ծրագրով նախատեսված կարգով:

4. Վճարահաշվարկային կազմակերպություններին պատկանող գույքի` սույն օրենքով սահմանված վաճառքի կամ այլ ձևով օտարման, վարձակալության տալու կամ գրավադրման առանձնահատկությունները սահմանվում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի վաճառքն իրականացվում է նրան պատկանող այդ ֆոնդի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի) փայը (փայերը) օրենքով սահմանված կարգով օտարելու միջոցով:

(75-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-256-Ն, 17.06.16 ՀՕ-105-Ն, 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 76. Լուծարման ընթացքում պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով

 

1. Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին սույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը:

Միջնորդությանը կից ներկայացվում է գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում` եզրակացությունը):

2. Պարտատերերն իրավունք ունեն հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնելու դատարան և առաջարկելու աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին` գույքի վաճառքի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ վճարելով սնանկության հատուկ հաշվին: Առարկությանը կցվում է դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Եթե առարկություն են ներկայացրել մեկից ավելի պարտատերեր, ապա հրապարակային սակարկություններով գույքի իրացումը թույլատրվում է առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով:

3. Կառավարչի միջնորդության դեմ առարկություն ներկայացնելու ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) գույքի վաճառքը թույլատրելու մասին` բավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.

բ) գույքի վաճառքը պարտատիրոջ առաջարկած գնով թույլատրելու մասին` չբավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.

գ) կառավարչի միջնորդությունը մերժելու մասին, եթե կառավարչի կողմից չեն պահպանվել սույն օրենքով սահմանված պահանջները:

4. Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով չվաճառվելու դեպքում կառավարչի կողմից գույքի իրացումը հրապարակային սակարկություններով (կրկնաճուրդ) շարունակելու վերաբերյալ դատարանի լրացուցիչ որոշում չի պահանջվում: Եթե պարտապանի գույքի վաճառքը թույլատրվել է պարտատիրոջ առաջարկած գնով և այդ սակարկություններով չի վաճառվել, ապա պարտատիրոջ վճարած դեպոզիտի գումարը չի վերադարձվում:

Կառավարչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ ընդհատվում է հրապարակային սակարկություններով գույքի իրացումը, եթե տեղի է ունեցել վաճառվող գույքի կազմի (նախորդ աճուրդների նկատմամբ), ինչպես նաև շուկայական գների կտրուկ փոփոխություն:

Հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու մասին դատարանի որոշման վերաբերյալ կառավարիչն անհապաղ տեղեկացնում է ամենախոշոր 5 պարտատերերին:

Պարտապանի գույքի հրապարակային սակարկություններով իրացումն ընդհատվելու դեպքում այն կրկին հրապարակային սակարկություններով կարող է իրացվել սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով տրված դատարանի որոշմամբ:

5. Կառավարիչն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակում է հայտարարություն` պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին, որը փակցվում է նաև դատարանի շենքում` հատուկ հատկացված տեղում:

Կառավարիչը պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին տեղեկությունները կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով:

Պարտապանին պատկանող գույքի վաճառքը կազմակերպվում է ոչ շուտ, քան մամուլի միջոցներով տրված վերջին հայտարարությունից 15 օր հետո` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

6. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո գույքը (ներառյալ դեբիտորական պարտքերը, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերը և այլ պահանջի իրավունքները) չիրացվելու դեպքում տվյալ պահի դրությամբ բավարարում չստացած` պահանջների բավարարման առաջիկա հերթում ընդգրկված պարտատերերն իրավունք ունեն պահանջելու կառավարչից` չկայացած աճուրդի մեկնարկային գնով գույքը հանձնել իրենց, որպես տվյալ խմբի բոլոր պարտատերերի ընդհանուր բաժնային սեփականություն, ըստ իրենց գրանցված պահանջներին համամասնական բաժինների, պայմանով, որ պարտատերերը նախքան գնման գործարքի կնքումն անվճարունակության հաշվին կկատարեն գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները, տվյալ գույքի պահպանության, իրավունքի ճանաչման (գրանցման), գնահատման ու իրացման համար կատարված ծախսերը, կառավարչի հավելյալ վարձատրությունը մեկ տոկոսի չափով և գույքի մեկնարկային գնի ու այդ պարտատերի մասով գրանցված պահանջների գումարի տարբերությունը, եթե այն առկա է։

7. Կառավարիչը պարտավոր է պարտապանի գույքի կազմում ընդգրկված պահանջի իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերի) աճուրդները սկսել ոչ ուշ, քան լուծարման որոշումից 2 ամիս հետո և 15-օրյա պարբերականությամբ յուրաքանչյուր հերթական աճուրդը կազմակերպել չկայացած աճուրդի մեկնարկային գնի 10 տոկոս նվազեցմամբ։

8. Պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացվում է հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով:

9. Սնանկության գործով հրապարակային սակարկությունների համար նախատեսված կայքում հրապարակվում է հրապարակային սակարկություններով վաճառքի ենթակա ողջ գույքի ցանկը:

10. Եթե աճուրդով կամ ուղղակի վաճառքով իրացվել է գույք, կամ գույքը օրենքով սահմանված կարգով հանձնվել է պարտատիրոջը, ապա գույքի իրացումը թույլատրելու մասին դատարանի որոշումը և գույքի առք ու վաճառքի պայմանագիրը հիմք են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:

(76-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-298-Ն, փոփ., խմբ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 77. Պարտապանին պատկանող գույքի վաճառքն ուղղակի գործարքով

 

1. Եթե կառավարիչը մտադիր է պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնել ուղղակի գործարքով, ապա նա հրավիրում է խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի կամ ժողովի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ, և խորհրդի նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, վաճառքի գինը և հնարավոր գնորդը:

Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին:

Դատավորը մերժում է միջնորդությունը, եթե առկա է խորհրդի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն չտալու մասին:

2. Պարտապանի` տվյալ պահին առկա գույքի արժեքի մեկ տոկոսը չգերազանցող արժեք ունեցող գույքի ուղղակի գործարքով վաճառքի համար խորհրդի նիստի, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում ժողովի հրավիրումը պարտադիր չէ, բացառությամբ եթե վաճառվող գույքի արժեքը հինգ միլիոն դրամից ավելի է:

3. Կառավարչի կամ որևէ պարտատիրոջ նկատմամբ փոխկապակցված անձին գույքի ուղղակի գործարքով վաճառքն արգելվում է:

(77-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 77.1.

Կառավարչի կողմից վտարման պահանջ ներկայացնելը

 

1. Պարտապանին պատկանող անշարժ գույքը, ինչպես նաև երրորդ անձանց պատկանող` անշարժ գույք հանդիսացող ապահովված իրավունքի առարկան վաճառելու թույլտվության միջնորդության մեջ կառավարիչը ներառում է պահանջ` վտարելու անշարժ գույքը զբաղեցնող սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով` միջնորդությանը կցելով վտարման պահանջը հիմնավորող, ինչպես նաև միջնորդության պատճենն այդ անձանց ուղարկելու մասին ապացույցներ: Միջնորդության պատճենն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, այդ անձինք կարող են միջնորդության կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարան: Կառավարչի պահանջը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելու` վաճառքի թույլտվության հարցի լուծման որոշմամբ: Միջնորդության բավարարման դեպքում դատարանի որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման:

2. Կառավարիչը միջնորդությամբ կարող է դիմել դատարան նաև իրացված անշարժ գույքն առանց օրինական հիմքերի տիրապետող անձանց վտարելու պահանջով` միջնորդությանը կցելով վտարման պահանջը հիմնավորող, ինչպես նաև միջնորդության պատճենն այդ անձանց ուղարկելու մասին ապացույցներ: Միջնորդության պատճենն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, այդ անձինք կարող են միջնորդության կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարան: Կառավարչի պահանջը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելու: Միջնորդության բավարարման դեպքում դատարանի որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման:

(77.1-ին հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 78. Գույքի օգտագործումից ստացված եկամուտը

 

Պարտապանին պատկանող գույքի կառավարումից և տնօրինումից ստացված եկամուտը փոխանցվում է պարտապանի սնանկության հատուկ հաշվին և բաշխվում է պարտատերերի միջև` գույքի վաճառքից ստացված միջոցների հետ միասին:

 

Հոդված 79. Պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցների փոխանցումը

 

Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին:

 

Հոդված 80. Գույքի վաճառքից ստացված միջոցների բաշխումը

 

1. Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և սույն հոդվածով սահմանված կարգով ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

2. Պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:

3. Միջանկյալ բաշխման ծրագրի` իր կողմից հաստատված երկու օրինակ կառավարիչը ներկայացնում է դատարան, մեկական օրինակ` պարտապանին և պարտատերերին: Պարտատերերի թիվը 10-ից ավելի լինելու դեպքում կառավարիչը բաշխման ծրագիրը դատարան է ներկայացնում այն դեպոնացնելու միջնորդությամբ և այդ մասին հայտարարություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում:

4. Եթե պարտատերերը բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելու հաջորդող 7 օրվա ընթացքում բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարչի հաստատած բաշխման ծրագիրը համարվում է ընդունված:

Դատավորը կառավարչի ներկայացրած բաշխման ծրագրի մեկ օրինակը վերադարձնում է կառավարչին` օրենքով սահմանված ժամկետում առարկված չլինելու նշագրմամբ և կնքված իր կնիքով:

5. Եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալուց կամ հայտարարությունը հրապարակվելուց հետո` յոթ օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է (են) ներկայացնում դատարան, ապա դատարանն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:

5.1. Եթե դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ պարտատիրոջ կողմից ներկայացված միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ առկա է առարկությունը դատական նիստում քննարկելու անհրաժեշտություն, ապա դատարանը յոթ օրվա ընթացքում հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Ամենախոշոր հինգ պարտատերերին ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Առարկությունների քննարկման արդյունքով դատարանը որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:

6. (մասն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-580-Ն)

(80-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-89-Ն, խմբ., լրաց., փոփ. 23.12.22 ՀՕ-580-Ն)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Ներմուծեք նկարագրությունը_21507

 

Հոդված 81. Պարտատերերի պահանջների բավարարման մասին հաշվետվությունը

 

1. Կառավարիչը պարտավոր է պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին:

2. Յուրաքանչյուր ամսվա համար հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաջորդ ամսվա 10-ը ներառյալ:

 

Հոդված 82. Չապահովված պահանջների բավարարման հերթականությունը

(վերնագիրը փոփ. 23.06.11 ՀՕ-235-Ն)

 

1. Պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`

ա) կառավարչի (ժամանակավոր կառավարչի) վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`

- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները),

- վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները,

- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,

- պարտադիր սոցիալական վճարները,

- աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը.

բ) այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման հաշվարկի միջոցով, ինչպես նաև պարտապան քաղաքացու նկատմամբ ալիմենտների գծով պահանջները (երեխա, անաշխատունակ ծնող, անաշխատունակ ամուսին).

գ) աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները (ներառյալ` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև լուծարումն առաջացած), բայց ոչ ավելի, քան պարտապանին սնանկ ճանաչելու պահին նախորդող 6 ամիսը, հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումները և սույն հերթի պահանջների բավարարումից առաջացած եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների գումարները.

դ) դատական ծախսերը.

ե) պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները.

ե.1) չապահովված պահանջները, որոնք առաջացել են պարտապանի կողմից սույն օրենքի 40-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքում ստանձնած պարտավորությունների նկատմամբ.

զ) չապահովված պահանջները, որոնք առաջացել են պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` սույն օրենքով սահմանված կարգով իրականացված գործառնությունների (այդ թվում` գործունեության վերսկսման) հետևանքով.

է) չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկերի և (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների.

ը) ստորադաս չապահովված պարտատերերի պահանջները` համաձայն սույն օրենքի 83-րդ հոդվածի.

ը.1) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավասու մարմնի պահանջները.

թ) պարտապանի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների) պահանջները:

2. Սույն հոդվածի առաջին մասի «բ» ենթակետով նախատեսված վնասի հետ կապված պարբերական վճարումների կապիտալացման միջոցով իրականացվող վճարումները, ինչպես նաև անաշխատունակ ծնողի ու ամուսնու օգտին ալիմենտները հաշվարկվում են մինչև քաղաքացու 70 տարեկանը լրանալը, սակայն ոչ պակաս, քան 10 տարվա համար, իսկ երեխայի օգտին ալիմենտը հաշվարկվում է մինչև չափահաս դառնալը: Եթե քաղաքացու տարիքը գերազանցում է 70-ը, ապա վճարումների կապիտալացման ժամանակահատվածը կազմում է 10 տարի: Վնասի, ալիմենտի հատուցման համար կապիտալացված գումարը վճարվում է պարբերական վճարումների ձևով, իսկ հատուցման իրավունք ունեցող անձի համաձայնության դեպքում` միանվագ:

Հատուցման համար գումարների կապիտալացման, ինչպես նաև դրանց վճարման չափերը և կարգը սահմանում է կառավարությունը:

3. (մասն ուժը կորցրել է 23.06.11 ՀՕ-235-Ն)

4. Սույն հոդվածի առաջին մասի «ա» կետում են ներառվում այն անձանց պահանջները, որոնք վարկ են տրամադրել կամ պարտապանի պարտատոմսեր կամ մուրհակներ են ձեռք բերել դատարանի հաստատած ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման շրջանակներում, եթե ֆինանսական առողջացման ծրագրով տվյալ պահանջը ապահովված չէ գույքի գրավով, կամ նախատեսված չէ այդ պահանջի բավարարման առաջնահերթություն` կառավարչի աշխատավարձի և վարչական ծախսերի նկատմամբ: 

5. Ֆոնդի կառավարչի լուծարման դեպքում նրա կողմից կառավարվող և նրա սեփականությունը համարվող ֆոնդի (ֆոնդերի) ակտիվների հաշվին բավարարվում են միայն տվյալ ֆոնդի կառավարման հետ կապված այն պարտավորություններով պարտատերերի պահանջները, որոնք օրենքի համաձայն ենթակա են կատարման ֆոնդի ակտիվների հաշվին: Ֆոնդի մնացորդային ակտիվները օրենքով սահմանված կարգով փոխանցվում են այլ ֆոնդի կառավարչի:

5. Եթե առկա միջոցները բավարար չեն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ վճարելու համար, ապա աշխատավարձի վճարումը կատարվում է համամասնորեն կամ աշխատավարձի վճարումն իրականացվում է` հիմք ընդունելով աշխատավարձի չափի մեծությունը` փոքրից դեպի ավելի մեծ առաջնահերթությամբ։

(82-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-246-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-67-Ն, 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-235-Ն, լրաց., խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-256-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-72-Ն, լրաց., խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-298-Ն, լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն, 03.03.21 ՀՕ-89-Ն)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 83. Ստորադաս չապահովված պահանջները

 

Ստորադաս չապահովված պահանջների խմբին դասվում են`

ա) իրավաբանական անձ պարտապանին իր հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների) կողմից տրամադրված վարկերից, փոխառություններից կամ այլ ներդրումներից առաջացած չապահովված պահանջները, եթե այդ վարկերը, փոխառությունները տրամադրվել, կամ այլ ներդրումները կատարվել են դրանք տրամադրելու կամ կատարելու պահին իրավաբանական անձ պարտապանի հիմնադիր (մասնակից, բաժնետեր, անդամ կամ գործընկեր) հանդիսացող անձի կողմից.

բ) պարտապանի կողմից տեղաբաշխված տասը տարի և ավելի ժամկետ ունեցող պարտատոմսերով, ինչպես նաև արտոնյալ արժեթղթերով ներկայացված պահանջները.

բ.1) ստորադաս փոխառություններից բխող պահանջները.

գ) աշխատավարձի գծով այլ պահանջներ.

դ) սույն օրենքի 82-րդ և 83-րդ հոդվածներով չնախատեսված այլ պահանջներ:

(83-րդ հոդվածը լրաց. 28.02.11 ՀՕ-56-Ն, խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 84. Պահանջների բավարարման կարգը

 

1. Պարտապանի դրամական միջոցներն անբավարար լինելու դեպքում համապատասխան հերթի պարտատերերի միջև դրանք բաշխվում են բավարարման ենթակա պահանջների գումարներին համամասնորեն:

2. Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարվելուց հետո:

 

Հոդված 85. Սահմանված ժամկետում դատարան չներկայացված պահանջների բավարարումը

 

1. Սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ:

2. Պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը և պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատարանն առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում՝ պահանջն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, որը կարող է բողոքարկվել։

2.1. Եթե դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ պարտատիրոջ ներկայացրած միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ առկա է պահանջը դատական նիստում քննարկելու անհրաժեշտություն, ապա 15 օրվա ընթացքում հրավիրում է դատական նիստ՝ այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին, պարտապանին, պարտատերերին։ Ծանուցվող անձանց թիվը 10-ից ավելի լինելու դեպքում պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը: Պատճառների հարգելիության և պահանջների հիմնավորվածության քննարկման արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

3. Սույն հոդվածով սահմանված պահանջները ստորադաս չապահովված բոլոր պահանջների բավարարումից հետո ներկայացվելու դեպքում բավարարման ենթակա չեն:

(85-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն, խմբ., լրաց. 23.12.22 ՀՕ-580-Ն)

 

Հոդված 86. Պահուստավորվող գումարները

 

Դատավորի որոշմամբ կարող են միջոցներ պահուստավորվել չապահովված պահանջների դիմաց բաշխման ենթակա միջոցների 5 տոկոսը չգերազանցող գումարի չափով: Նշված պահուստավորված միջոցներից կարող են բավարարվել`

ա) պարտատերերի այն պահանջները, որոնք վիճարկելի են և դատարանի կողմից դեռ չեն հաստատվել.

բ) գույքի պահպանման հետ կապված հետագա ծախսերի փոխհատուցման համար անհրաժեշտ գումարները:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ԱՎԱՐՏԸ

 

Հոդված 87. Սնանկության գործի ավարտը պարտապանի լուծարումով

 

1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո կառավարիչը դատարան է ներկայացնում վերջնական հաշվետվությունը:

2. Դատարան ներկայացվող վերջնական հաշվետվությանը կցվում են`

ա) պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը.

բ) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.

գ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:

Կառավարչի վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն` պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ, և հիմնավորված միջնորդություն` սնանկության գործն ավարտելու վերաբերյալ:

3. Վերջնական հաշվետվությունը դատարան ներկայացնելու մասին կառավարիչը ծանուցում է բոլոր պարտատերերին` առաջարկելով տասնօրյա ժամկետում ծանոթանալ դրանց` իր մոտ դեպոնացված օրինակին, որից հետո վերջնական հաշվետվությունը ներկայացնում է դատարան:

4. Դատարանը վերջնական հաշվետվությունն ստանալուց 15 օրվա ընթացքում առանց դատական նիստ հրավիրելու քննում է գործն ավարտելու մասին միջնորդությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ միջնորդության քննարկումն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում։

4.1. Միջնորդությունը դատական նիստում քննարկելու անհրաժեշտության դեպքում դատարանը ոչ ուշ, քան 15, և ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին և պարտատերերին: Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի և ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը: Որևէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

5. Դատավորը, քննելով վերջնական հաշվետվությունը, վճիռ է կայացնում պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, կամ մերժում է գործն ավարտելու միջնորդությունը` նշելով մերժման պատճառները:

6. Եթե ֆինանսական առողջացման ծրագիրն ավարտվել է պարտապանի լուծարմամբ, ապա այն ավարտվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

(87-րդ հոդվածը լրաց., խմբ. 23.12.22 ՀՕ-580-Ն)

 

Հոդված 88. Կառավարչի պարտականությունները պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտվելու դեպքում

 

1. Կառավարիչը պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան 45 օրվա ընթացքում պարտապանի` օրենքով և իրավական այլ ակտերով պահպանման ենթակա արխիվային փաստաթղթերը կարգավորված վիճակում հանձնում է Հայաստանի Հանրապետության պետական արխիվ և իրականացնում է օրենքով սահմանված բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի սնանկության հետևանքով գործունեության դադարման պետական գրանցման համար:

2. Պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի սնանկության հետևանքով գործունեության դադարման պետական գրանցման համար կառավարիչը պետական գրանցումն իրականացնող մարմին է ներկայացնում`

ա) դիմում, որում պետք է նշվի նաև իրավաբանական անձի պետական գրանցման (հաշվառման) համարը.

բ) պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի պատճենը.

գ) (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-78-Ն)

դ) (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-143-Ն)

ե) պարտապանի` արխիվացման ենթակա փաստաթղթերը արխիվ հանձնելու մասին փաստաթուղթ:

3. Կառավարիչը գույքային պատասխանատվություն է կրում սույն հոդվածի երկրորդ մասում նշված պարտականությունները չկատարելու հետևանքով երրորդ անձանց պատճառած վնասի համար:

4. Իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի սնանկության հետևանքով գործունեության դադարման գրանցման պահից դադարեցվում են կառավարչի` սույն օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

(88-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-78-Ն, խմբ. փոփ. 19.03.12 ՀՕ-143-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 89. Սնանկության վերաբերյալ գործի ավարտը պարտատերերի կողմից պահանջներից հրաժարվելու, պահանջներ չներկայացվելու կամ պահանջների բավարարման դեպքում

 

1. Սնանկության գործի ցանկացած փուլում կառավարչի կամ պարտապանի միջնորդության հիման վրա գործը կարող է ավարտվել, եթե պարտատերերի պահանջները բավարարվել են (այդ թվում` հիմնադիրների, մասնակիցների, բաժնետերերի, փայատերերի կողմից պարտապանի պարտավորությունների կատարման համար սնանկության հատուկ հաշվին անհատույց դրամական միջոցներ փոխանցելու միջոցով), կամ նրանք հրաժարվել են իրենց պահանջներից կամ երկարաձգել են դրանց կատարման ժամկետը, կամ պահանջներ չեն ներկայացվել, որի արդյունքում պարտավորությունների չափը նվազել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից և առկա չէ որևէ պարտավորության գծով 90 օրից ավելի կետանց։ Կառավարչի հաշվետվությունը և վերջնական հաշվեկշիռը քննարկվում և դատարանի կողմից վճիռ է կայացվում սույն օրենքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով։

2. (մասն ուժը կորցրել է 12.12.19 ՀՕ-294-Ն)

(89-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն, 18.09.20 ՀՕ-445-Ն)

(18.09.20 ՀՕ-445-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 90. Սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետևանքները

 

1. Իրավաբանական անձ պարտապանը համարվում է լուծարված, իսկ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը` դադարած սույն օրենքի 88-րդ հոդվածով նախատեսված պետական գրանցման պահից:

2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի առաջին մասով, 69-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» կետով, ինչպես նաև 74-րդ և 89-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում պարտապանը համարվում է ֆինանսապես առողջացած և կարող է շարունակել իր գործունեությունը:

Այդ դեպքում գործն ավարտելու պահից վերանում են սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով և 19-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված կասեցումները: Միաժամանակ առողջացած անձն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերի:

3. Եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ապա պարտապանը չի ազատվում բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում:

4. Պարտապանը չի կարող ազատ ճանաչվել`

ա) ալիմենտների վճարումից.

բ) սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից.

գ) կյանքի և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից.

դ) հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից.

ե) այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել պարտատերերից անկախ պատճառներով` հարգելի ճանաչված դեպքերում: 

5. Սնանկության վերաբերյալ գործն ավարտելու վերաբերյալ դատարանի վճիռը կարող է բողոքարկվել:

(90-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

Ներմուծեք նկարագրությունը_21506(90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «...և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերի» դրույթը` համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 4-րդ մասի հետ, այն մասով, որով դատարանի կողմից հարգելի ճանաչված դեպքերում բացառություն չի նախատեսում նաև ավարտված սնանկության գործի շրջանակներում պահանջ չներկայացրած պարտատերերի համար, նրանց նկատմամբ սահմանելով իրավունքի պաշտպանության ոչ համաչափ սահմանափակում, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր 27.01.2015 ՍԴՈ-1189 որոշմամբ)

 

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 91. Ֆիզիկական անձանց սնանկության կարգավորումը

 

Ֆիզիկական անձանց սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի դրույթները, եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 92. Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին դիմումը

 

1. Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարան կարող է ներկայացնել տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ներկայացուցիչը կամ պարտատերը:

2. Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ալիմենտների բռնագանձման պահանջներով պարտատերերն իրենց պահանջները կարող են ներկայացնել դատարան` սույն օրենքով սահմանված կարգով: Նշված պահանջները չներկայացվելու դեպքում ֆիզիկական անձի սնանկության գործի ավարտից հետո պահպանում են իրենց ուժը:

 

Հոդված 93. Դատարանի կողմից սնանկության մասին գործի քննությունը

 

1. Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճռով դատարանն արգելանք է դնում տվյալ անձի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

2. Ֆիզիկական անձի միջնորդությամբ դատարանը կարող է ֆիզիկական անձի գույքը (գույքի մասը) ազատել արգելանքից, երրորդ անձանց կողմից երաշխավորության կամ ֆիզիկական անձի պարտավորությունների կատարման այլ ապահովում ներկայացնելու դեպքում:

Դատարանն ազատում է ֆիզիկական անձի գույքն արգելանքից, եթե վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրվում է պարտապանի պարտավորությունները գերազանցող (առնվազն 30 տոկոսով) արժեքով գույք, ներկայացվում է երաշխիք կամ սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ մուտքագրվում են պարտավորությանը համարժեք դրամական միջոցներ:

3. Ֆիզիկական անձի դիմումով, հայտնի պարտատերերի համաձայնությամբ, դատարանը կարող է մինչև մեկ ամիս ժամկետով հետաձգել սնանկության մասին գործի քննությունը` ֆիզիկական անձի կողմից պարտատերերի հետ վերջնահաշվարկներ կատարելու կամ հաշտության համաձայնության հասնելու նպատակով:

4. Ֆիզիկական անձի օգտին ժառանգության բացման մասին տեղեկությունների առկայության դեպքում դատարանի որոշմամբ կարող է կասեցվել սնանկության մասին գործի վարույթը` մինչև օրենքով սահմանված կարգով ժառանգության հարցի լուծումը:

5. Եթե սույն հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետում ֆիզիկական անձը չի ներկայացրել պարտատերերի պահանջները բավարարելու ապացույցներ և նշված ժամկետում հաշտության համաձայնություն չի կնքել, ապա դատարանը վճիռ է կայացնում ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին:

6. Ֆիզիկական անձի սնանկության մասին տեղեկությունների հրապարակումն իրականացնում է տվյալ ֆիզիկական անձը, եթե սնանկ ճանաչելու դիմումը ներկայացրել է ինքը:

(93-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 94. Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը

 

1. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

2. Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատում է դատարանը, եթե այն համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին, և առկա է պարտապանի և գրանցված պարտատիրոջ համաձայնությունը: Ֆիզիկական անձի առողջացման ծրագիրը ներկայացնելու, հաստատելու հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են իրավաբանական անձանց համար սույն օրենքով սահմանված իրավակարգավորումները, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով։

Ֆիզիկական անձի առողջացման ծրագրի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել չորս տարին:

3. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

(94-րդ հոդվածը փոփ., խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 95. Պարտապանի գույքը

 

1. Ֆիզիկական անձի առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում վերջինիս վաճառքի ենթակա գույքի կազմում ներառվում է նաև այն գույքը, որը նա ձեռք է բերել սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, սակայն մինչև գործի ավարտը կամ 68-րդ հոդվածով նախատեսված դեպքի վրա հասնելը:

2. Ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում պարտապան ֆիզիկական անձի վաճառքի ենթակա գույքի կազմում չի ներառվում վերջինիս սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված գույքը, բացառությամբ դրան հաջորդող 180 օրվա ընթացքում ժառանգությամբ ստացված կամ ժառանգություն բացելու դեպքում ստացման ենթակա գույքի, ինչպես նաև այն գույքի, որը ստացվել է մինչև սնանկության դիմում ներկայացնելը պարտապանի կնքած գործարքի արդյունքում:

3. Սույն հոդվածը չի տարածվում պարտապանի աշխատավարձից կատարվող գանձումների վրա:

(95-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 96. Իրացման ոչ ենթակա պարտապանի գույքը

 

1. Պարտատերերի պահանջների բավարարման նպատակով իրացման (օտարման) ենթակա չէ պարտապանի այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել:

2. Պարտապանի կամ այլ անձանց պահանջով դատարանի որոշմամբ բռնագանձում կարող է չտարածվել բռնագանձման ենթակա պարտապանի այն գույքի վրա, որի արժեքը էական ազդեցություն չի կարող ունենալ պարտատերերի պահանջների բավարարման համար:

3. Եթե հարկադիր կատարման օրենսդրության իմաստով` պարտապանի միակ բնակարանն իրացվում է կառավարության սահմանած գումարը գերազանցող գնով, ապա կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին և ենթակա չէ բռնագանձման:

(96-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 97. Ֆիզիկական անձին պարտավորություններից ազատելը

 

Ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձն ազատվում է բոլոր դրամական պարտավորությունների կատարումից, բացառությամբ`

ա) սույն օրենքի 90-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված պարտավորությունների.

բ) սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում ստանձնած և 100.000 դրամը գերազանցող պարտավորությունների.

գ) ուսման վարկավորման գումարը վերադարձնելու պարտավորության.

դ) պարտատերերի պահանջներից սնանկության վարույթի ընթացքում գույք թաքցրած լինելու դեպքում` թաքցված գույքի արժեքի չափով:

(97-րդ հոդվածը փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 98. Կառավարչի լիազորությունների դադարեցումը

 

Ֆիզիկական անձի սնանկության գործն ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկության գործով կառավարչի լիազորությունները դադարում են:

 

Հոդված 99. Ֆիզիկական անձի կրկնակի սնանկության սահմանափակումը

 

1. Ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` հինգ տարվա ընթացքում, նույն ֆիզիկական անձը չի կարող կամավոր սնանկության դիմում ներկայացնել սնանկ ճանաչվելու համար, իսկ նման դիմում ներկայացնելու դեպքում դիմումի ընդունումը ենթակա է մերժման սույն օրենքով սահմանված կարգով:

2. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

(99-րդ հոդվածը փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 100. Անհատ ձեռնարկատիրոջ սնանկության առանձնահատկությունները

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ սնանկության վարույթում ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված պարտավորություններով նրա պարտատերերը, ինչպես նաև անձնական բնույթի այլ պահանջներով պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները սույն օրենքով սահմանված կարգով: Եթե սնանկ ճանաչված ֆիզիկական անձը նաև անհատ ձեռնարկատեր է, ապա նրա՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հետ կապված պարտավորություններով պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները սույն օրենքով սահմանված կարգով:

2. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

(100-րդ հոդվածը խմբ., փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

 

Հոդված 101. Ֆիզիկական անձի սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետևանքները, սնանկ ճանաչված ֆիզիկական անձանց հրապարակային ռեգիստրը

(հոդվածն ուժը կորցրել է 29.11.11 ՀՕ-298-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

Հոդված 102. Լուծարվող պարտապանի գործի քննության առանձնահատկությունները

 

1. Եթե լուծարվող իրավաբանական անձ-պարտապանի գույքի արժեքը բավարար չէ պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա իրավաբանական անձը լուծարվում է սույն օրենքով սահմանված կարգով:

2. Եթե լուծարման հանձնաժողովն իրականացրել է օրենքով սահմանված բոլոր միջոցառումները պարտատերերի հայտնաբերման ուղղությամբ, ապա նրա ներկայացրած պարտատերերի ցուցակը հիմք է դատարանի կողմից պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու համար:

3. Եթե ապահովված չէ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պայմանը, ապա պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները լուծարվող պարտապանի նկատմամբ` լուծարվող պարտապանին սնանկ ճանաչելու մասին հայտարարության հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում: Այս դեպքում պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատվում է սույն օրենքով սահմանված ընթացակարգով:

4. Լուծարման հանձնաժողովը չի կարող ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր:

5. Լուծարման հանձնաժողովի լիազորությունները դադարում են լուծարվող պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Լուծարման հանձնաժողովը պարտավոր է սնանկության գործով կառավարչին հանձնել պարտապանի ողջ գույքը, հաշվապահական և այլ փաստաթղթերը:

(102-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 103. Բացակայող պարտապանի սնանկությունը

 

1. Եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:

2. Բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար:

3. Եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:

4. Բացակայող պարտապանի և (կամ) նրա գույքի հայտնաբերման դեպքում կառավարչի միջնորդությամբ դատարանը կարող է որոշում կայացնել` սնանկության պարզեցված ընթացակարգի դադարեցման և սույն օրենքով նախատեսված սնանկության ընդհանուր ընթացակարգերին անցնելու մասին:

(103-րդ հոդվածը փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 104. Վերագրանցում չանցած իրավաբանական անձանց սնանկության առանձնահատկությունները

 

Իրավաբանական անձինք, որոնք օրենսդրության պահանջներին համապատասխան չեն անցել վերագրանցում, և որոնց վերագրանցման ժամկետը լրացել է սնանկության վերաբերյալ գործը հարուցելու պահին, ենթակա չեն ֆինանսական առողջացման և պետք է լուծարվեն սույն օրենքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով` առանց 70-րդ հոդվածի առաջին մասի պայմանների:

 

Հոդված 105. Սնանկության վերաբերյալ գործի ավարտը կառավարչի ներկայացմամբ

 

1. Սնանկության վարույթի ցանկացած փուլում դատավորը, կառավարչի կամ պարտատիրոջ ներկայացմամբ և պարտատերերի առարկությունների բացակայության դեպքում, առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում սնանկության վերաբերյալ գործի ավարտի մասին, եթե`

ա) պարտապանը չունի որևէ գույք կամ պարտապանի գույքի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել.

բ) պարտապանի գույքը հայտնաբերել հնարավոր չէ.

գ) պարտապանի գույքն այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը.

դ) պարտապանի գույքի հայտնաբերման կամ ակտիվների հավաքման ուղղությամբ իրականացվելիք ծախսերը չեն արդարացնում սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը:

2. Եթե պարտատերը (պարտատերերը) առարկում է սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեմ, ապա սնանկության վերաբերյալ գործը կարող է շարունակվել առարկող պարտատիրոջ (պարտատերերի) հաշվին: Նման դեպքերում առարկող պարտատերը (պարտատերերը) պարտավոր է դատարանի որոշմամբ սահմանված չափով դեպոզիտ վճարել սնանկության հատուկ հաշվին` ի ապահովումն սնանկության գործի վարույթի հետ կապված ծախսերի հատուցման:

(105-րդ հոդվածը փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն, լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

 

ԳԼՈՒԽ 12.1

(գլուխը լրաց. 03.03.21 ՀՕ-89-Ն)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ՝ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Հոդված 105.1. Օրենքի կիրառելիությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերությունների նկատմամբ

 

1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա հայցի ներկայացման և գործի քննության նկատմամբ չեն կիրառվում սույն օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված սահմանափակումները, իսկ տվյալ գործի շրջանակներում կիրառված ապահովման միջոցների առնչությամբ՝ սույն օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները։

 

Հոդված 105.2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով իրավասու մարմնի կարգավիճակը սնանկության վարույթի ընթացքում

 

1. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավասու մարմինը (այսուհետ սույն հոդվածում՝ իրավասու մարմին) պարտավոր է դատարան ներկայացնել տեղեկատվություն պարտապանի գույքի առնչությամբ` ծանուցումն ստանալու պահին ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի, հարուցված քաղաքացիական գործերի, կատարողական վարույթների և կիրառված ապահովման միջոցների մասին։ Պարտապանի գույքի առնչությամբ` ծանուցումն ստանալուց հետո ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի, հարուցված քաղաքացիական գործերի, կատարողական վարույթների և կիրառված ապահովման միջոցների մասին իրավասու մարմինը դատարան է ներկայացնում տեղեկատվություն համապատասխան հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ 15-օրյա ժամկետում։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում իրավասու մարմինը դատարան է ներկայացնում նաև տեղեկատվություն պարտատերերի այն պահանջների մասին, որոնք վիճարկվում են իրավասու մարմնի կողմից և կարող են չհաստատվել դրա արդյունքներով։

3. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրավասու մարմինը կարող է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակներում ծանոթանալ սնանկության վարույթի նյութերին, այդ թվում՝ պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությանը, ինչպես նաև կառավարչից պահանջել տեղեկություններ պարտապանի գործունեության, ֆինանսական վիճակի, ներառյալ` գույքագրված ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ: Պահանջվող տեղեկատվությունն իրավասու մարմին է ներկայացվում անհապաղ, բայց ոչ ուշ, քան իրավասու մարմնի պահանջն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում։

4․ Եթե սնանկության գործի քննությունը կարող է ազդել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի վրա, ապա իրավասու մարմինը սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո իր նախաձեռնությամբ կարող է դիմել դատարան՝ միջնորդելով ճանաչել իրավասու մարմինը՝ որպես շահագրգիռ անձ։ Դատարանի կողմից միջնորդությունը բավարարվելու դեպքում իրավասու մարմինը սույն օրենսգրքի 39.2-րդ, 40-րդ, 46-րդ և 80-րդ հոդվածներով նախատեսված հարցերով ձեռք է բերում պարտատերերի և պարտապանի կարգավիճակից բխող իրավունքներ, ներառյալ՝ դիմումների պատճենները, պահանջների փոփոխությունները, միջանկյալ բաշխման ծրագրերը և դատարանի որոշումներն ստանալու, ներկայացված դիմումները վիճարկելու, առարկություններ և դիրքորոշումներ ներկայացնելու, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվելու և նիստին մասնակցելու իրավունքներ։

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 106. Անցումային դրույթներ

 

1. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)

2. Մինչև իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի հրապարակումը սույն օրենքով սահմանված հրապարակումները և ծանուցումները հրապարակվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված մամուլի միջոցով, իսկ այդպիսին չլինելու դեպքում` առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով:

3. Սույն օրենքի 90-րդ հոդվածի երրորդ մասի պահանջը գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ավարտված գործերով պարտապանների նկատմամբ:

4. 2007 թվականի հուլիսի 1-ից հետո կարող է լինել պետական գրանցում ստացած կառավարիչների մեկ ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կառավարիչների ինքնակարգավորվող մեկից ավելի կազմակերպություններ գրանցված լինելու դեպքում սույն օրենքի ուժով դրանք ենթակա են միաձուլման: Միաձուլվող ինքնակարգավորվող կազմակերպությունների հիմնադիր ժողովը հրավիրում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, որը ժողովը վարում է մինչև ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի ընտրվելը:

Հիմնադիր ժողովն իրավասու է սկսելու աշխատանքներն ինքնակարգավորվող կազմակերպությունների անդամների ընդհանուր թվի առնվազն կեսի առկայության դեպքում:

(106-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն, 22.12.10 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 107. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով հարուցված և դատարանի վարույթում գտնվող սնանկության վերաբերյալ գործերի քննությունը շարունակվում է սույն օրենքով սահմանված կարգով:

3. Սույն օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով և 83-րդ հոդվածի «ա» կետով սահմանված կանոնները Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառվում են 2010 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-17-Ն օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 22
Երևան
ՀՕ-51-Ն