Ոչ պաշտոնական թարգմանություն
ՄԱԿ-Ի ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍՏԱՆԴԱՐՏ
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր Ը
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(«ՊԵԿԻՆՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»)
ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 1985 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի 40/33 ԲԱՆԱՁԵՎՈՎ
Գլխավոր ասամբլեան`
ուշադրության առնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Տնտեսական, սոցիալական ու մշակութային կանոնների մասին միջազգային դաշնագիրը, ինչպես նաև մարդու իրավունքների մասին մյուս միջազգային փաստաթղթերը, որոնք վերաբերում են երիտասարդության իրավունքներին,
նկատի առնելով նաև, որ 1985 թվականը հայտարարված է Երիտասարդության միջազգային տարի` մասնակցություն, զարգացում, խաղաղություն, և որ միջազգային հանրակցությունը զգալի ուշադրություն է դարձնում երիտասարդության իրավունքների պաշտպանության և դրանց իրականացմանը նպաստելու հարցերին, որի վկայությունն է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային (62) տրվող նշանակությունը,
վկայակոչելով Հանցագործությունների կանխարգելմանը և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության վեցերորդ կոնգրեսի ընդունած 4 բանաձևը (63), որով կոչ է արվում մշակել անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացման և հոգատարության դրսևորման ստանդարտ կանոններ, որոնք կարող էին մոդել հանդիսանալ անդամ պետությունների համար,
վկայակոչելով նաև Տնտեսական ու սոցիալական խորհրդի 1984 թվականի մայիսի 25-ի 1984/153 որոշումը, որին համապատասխան կանոնների նախագիծը 1985 թվականի օգոստոսի 26-ի սեպտեմբերի 6-ը Միլանում (Իտալիա) կայացած Հանցագործությունների կանխարգելմանը և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության յոթերորդ կոնգրեսին էր ներկայացվել Միջտարածաշրջանային նախապատրաստական խորհրդակցության միջոցով, որը տեղի էր ունեցել 1984 թվականի մայիսի 14-18-ը Պեկինում (64),
ընդունելով, որ երիտասարդությունը, գտնվելով մարդկային անհատի զարգացման վաղ փուլում, կարիք ունի առանձնակի հոգատարության և օգնության ֆիզիկական, հոգևոր ու սոցիալական զարգացման ասպարեզում, ինչպես նաև իրավական պաշտպանության` խաղաղության, ազատության, արժանապատվության և անվտանգության պայմաններում,
համարելով, որ գոյություն ունեցող ազգային օրենսդրությունը, քաղաքականությունն ու գործելակերպը հավանաբար կարիք ունեն վերանայման ու փոփոխման` նկատի առնելով սույն կանոնների բովանդակած նորմերը,
այնուհետև համարելով, որ թեև նման նորմերը հավանաբար ներկայումս դժվար իրականանալի են թվում գոյություն ունեցող սոցիալական, տնտեսական, մշակութային, քաղաքական և իրավական առկա պայմանների պատճառով, դրանք, այդուհանդերձ, ինչպես թվում է, կարող են իրացվել որպես նվազագույն ծրագիր,
1. երախտագիտությամբ է նշում Անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացմանը վերաբերող Միավորված ազգերի կազմակերպության նվազագույն ստանդարտ կանոնների նախապատրաստման կապակցությամբ Հանցագործությունների կանխման և դրանց դեմ պայքարի կոմիտեի, Գլխավոր քարտուղարի, Հանցագործությունների կանխարգելման և իրավախախտների հետ վարվելաձևի Միավորված ազգերի կազմակերպության ասիական և հեռավորարևելյան ինստիտուտի և Միավորված ազգերի կազմակերպության այլ հաստատությունների կատարած աշխատանքը.
2. երախտագիտությամբ ի գիտություն է ընդունում Գլխավոր քարտուղարի զեկուցումը Միավորված ազգերի կազմակերպության նվազագույն ստանդարտ կանոնների նախագծի մասին, որոնք վերաբերում են արդարադատության իրականացմանը անչափահասների նկատմամբ (65).
3. հավանություն է տալիս Պեկինի Միջտարածաշրջանային նախապատրաստական խորհրդակցության արդյունքներին, որտեղ ավարտվեց կանոնների տեքստի մշակումը, որոնք ներկայացվեցին Հանցագործությունների կանխարգելման և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության յոթերորդ կոնգրեսին` քննարկելու և վերջնական որոշում կայացնելու համար.
4. հաստատում է Միավորված ազգերի կազմակերպության Նվազագույն ստանդարտ կանոնները, որոնք վերաբերում են արդարադատության իրականացմանը անչափահասների նկատմամբ և որոնք առաջարկվել են յոթերորդ Կոնգրեսի կողմից և շարադրված են սույն բանաձևի հավելվածում, և հավանություն է տալիս յոթերորդ Կոնգրեսի այն առաջարկությանը, որ այդ Կանոններն անվանվեն «Պեկինյան կանոններ».
5. առաջարկում է անդամ պետություններին անհրաժեշտ դեպքերում Պեկինյան կանոններին համապատասխանեցնել իրենց ազգային օրենսդրությունը, քաղաքականությունն ու գործելակերպը, հատկապես անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացման հետ կապված անձնակազմ պատրաստելիս, և Կանոնները հասցնել ի գիտություն համապատասխան մարմինների և լայն հասարակայնության.
6. կոչ է անում Հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի կոմիտեին Պեկինյան կանոնների արդյունավետ իրականացման միջոցներ մշակել Միավորված ազգերի կազմակերպության` հանցագործությունների կանխարգելման և իրավախախտների հետ վարվելաձևերի հաստատությունների օժանդակությամբ.
7. առաջարկում է անդամ պետություններին Գլխավոր քարտուղարին իրազեկ պահել Պեկինյան կանոնների իրականացման ընթացքի մասին և ձեռք բերած արդյունքների մասին կանոնավոր կերպով զեկուցագրեր ներկայացնել Հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի կոմիտեին.
8. խնդրում է անդամ պետություններին և Գլխավոր քարտուղարին ուսումնասիրություն կատարել և մշակել անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացման արդյունավետ քաղաքականության ու գործելակերպի վերաբերյալ տվյալների հավաքանին.
9. խնդրում է Գլխավոր քարտուղարին և անդամ պետություններին առաջարկում է ապահովել Պեկինյան կանոնների տեքստի հնարավորին չափ լայն տարածումը Միավորված ազգերի կազմակերպության բոլոր պաշտոնական լեզուներով, ներառյալ անչափահասների նկատմամբ արդարադատության բնագավառի տեղեկատվական գործունեության աշխուժացումը.
10. խնդրում է Գլխավոր քարտուղարին Պեկինյան կանոնների իրականացման փորձնական նախագծեր մշակել.
11. խնդրում է Գլխավոր քարտուղարին և անդամ պետություններին անհրաժեշտ միջոցներ տրամադրել Պեկինյան կանոնների հաջող իրականացումն ապահովելու համար, մասնավորապես կադրեր վարձելու և պատրաստելու, աշխատակիցներ փոխանակելու, հետազոտություններ անցկացնելու և գնահատականների, ինչպես նաև ուղղիչ հիմնարկներում կալանքի տակ պահելու նոր այլընտրանքների մշակման բնագավառում.
12. Հանցագործությունների կանխարգելման և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության ութերորդ Կոնգրեսին խնդրում է Պեկինյան կանոնների և սույն բանաձևում շարադրված հանձնարարականների իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքների ընդհանուր տեսություն ներկայացնել օրակարգի առանձին կետի շրջանակներում, որը վերաբերեր արդարադատության իրականացմանը անչափահասների նկատմամբ.
13. Միավորված ազգերի կազմակերպության համակարգի բոլոր համապատասխան մարմիններին, մասնավորապես տարածաշրջանային հանձնաժողովներին և մասնագիտացված հիմնարկներին, հանցագործությունների կանխարգելման և իրավախախտների հետ վարվելաձևի հարցերով զբաղվող հաստատություններին, մյուս միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին հաստատակամ կոչ է անում համագործակցել քարտուղարության հետ և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրենց մասնագիտական իրավասության համապատասխան բնագավառներում ապահովելու համաձայնեցված ու մշտական գործողություններ Պեկինյան կանոնների բովանդակած սկզբունքների իրականացման նպատակով:
96-րդ լիագումար նիստ, 29 նոյեմբերի, 1985 թվական
Հավելված
Միավորված ազգերի կազմակերպության նվազագույն ստանդարտ կանոնները անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ
(«Պեկինյան կանոններ»)
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
1. Հիմնական նպատակները:
1.1 Անդամ պետությունները պետք է իրենց ընդհանուր շահերին համապատասխան` ձգտեն նպաստել անչափահաս տղայի կամ աղջկա և նրա ընտանիքի բարեկեցությանը:
1.2 Անդամ պետությունները պետք է ձգտեն պայմաններ ստեղծել, որոնք հնարավորություն կտան դեռահասի համար բովանդակալից կյանք ապահովել, որը կյանքի այն փուլում, երբ տղան կամ աղջիկը առավել հակված են ոչ ճիշտ վարքագծի, բարերար ազդեցություն կունենա հանցագործությունների և իրավախախտումների հնարավորությունից առավել չափով զերծ անձի զարգացման և կրթություն ստանալու համար:
1.3 Անհրաժեշտ է բավականաչափ ուշադրություն նվիրել դեռահասի բարեհաջողությանն օժանդակելու նպատակով դրական միջոցների բոլոր հնարավոր աղբյուրներին, ներառյալ ընտանիքը, կամավորները և հասարակության ուրիշ խմբեր, ինչպես նաև դպրոցները, հասարակական այլ հաստատություններ, որպեսզի կրճատվի օրենքի կողմից միջամտության անհրաժեշտությունը, օրենքի հետ կոնֆլիկտի մեջ եղած դեռահասի հետ վարվելաձևը լինի արդյունավետ, արդարացի և մարդասիրական:
1.4 Անչափահասների նկատմամբ արդարադատությունը պետք է յուրաքանչյուր երկրի ազգային զարգացման ընթացքի հիմնական բաղադրիչ մասը հանդիսանա` բոլոր անչափահասների համար սոցիալական արդարությունը բազմակողմանիորեն ապահովելու շրջանակներում, այսպիսով միաժամանակ օժանդակելով երիտասարդության պաշտպանությանը և հասարակության մեջ ապահովելով խաղաղ կարգ ու կանոն:
1.5 Սույն կանոնները պետք է իրագործվեն յուրաքանչյուր անդամ պետությունում գոյություն ունեցող տնտեսական, սոցիալական և մշակութային պայմաններին համապատասխան:
1.6 Անհրաժեշտ է պարբերաբար զարգացնել ու կոորդինացնել անչափահասներին առնչվող արդարադատության ծառայությունները, այդ ծառայությունների անձնակազմերի որակավորումը, ներառյալ նրանց մեթոդները, մոտեցումները և վերաբերմունքը անհրաժեշտ մակարդակի բարձրացնելու ու պահելու նպատակով:
Մեկնաբանություն
Այս ընդարձակ հիմնական նպատակները լիովին վերաբերում են համապարփակ սոցիալական քաղաքականությանը և ուղղված են անչափահասների բարեհաջողությանը առավելագույն աջակցություն ապահովելուն, որը նվազագույնի կհասցնի անչափահասների նկատմամբ արդարադատության համակարգի միջամտությունների անհրաժեշտությունը, իր հերթին ընդհանրապես կնվազեցնի վնասները, որոնք կարող են հասցվել միամտաբար: Երիտասարդության նկատմամբ, մինչև իրավախախտում կատարելը, նման միջոցառումների ձեռնարկումը հանդիսանում է սույն կանոնների կիրառման անհրաժեշտության վերացմանը նպատակաուղղված քաղաքականության հիմնական էությունը:
1.1-1.3 Կանոններում մատնանշված է անչափահասների նկատմամբ հիմնարար սոցիալական քաղաքականությանը հատկացված դերի կարևորությունը, մասնավորապես անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների, իրավախախտումների կանխման գործում: 1.4 կանոնում անչափահասների նկատմամբ արդարադատությունը սահմանվում է որպես սոցիալական արդարության համակարգի ապահովման բաղկացուցիչ մաս, իսկ 1.6-ում մատնանշվում է անչափահասների նկատմամբ արդարադատության համակարգի անընդհատ կատարելագործման անհրաժեշտությունը, միաժամանակ անչափահասների վերաբերյալ սոցիալական առաջընթաց քաղաքականություն մշակելու համար միջոցառումների ձեռնարկումը` ամբողջությամբ հաշվի առնելով այդ համակարգի անձնակազմի աշխատանքների անընդհատ բարելավման անհրաժեշտությունը:
1.5 Կանոնի նպատակը այն է, որ արտացոլի անդամ պետություններում գոյություն ունեցող պայմանները, որոնցից կարող են կախված լինել կոնկրետ կանոնների կիրառման ձևերը. դրանք անխուսափելիորեն պետք է տարբերվեն ուրիշ պետությունների կողմից կիրառվող ձևերից:
2. Կանոնների կիրառման ոլորտը և օգտագործվող սահմանումները.
2.1 Հետևյալ նվազագույն ստանդարտ կանոնները անաչառ կերպով կիրառվում են անչափահաս իրավախախտների նկատմամբ, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, հավատքից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասակարգային կամ այլ դրության տարբերությունից:
2.2 Սույն Կանոնների նպատակների համար անդամ պետությունները, իրենց իրավական համակարգերին և ըմբռնումներին համապատասխան` կիրառում են հետևյալ սահմանումները.
ա) անչափահաս է համարվում այն երեխան կամ երիտասարդը, որը իրավախախտման համար, գործող իրավական համակարգի շրջանակներում, կարող է ենթարկվել պատասխանատվության մեծահասակի նկատմամբ գործադրվող պատասխանատվության ձևից տարբերվող ձևով,
բ) գործող իրավական համակարգի շրջանակներում օրենքով պատժվող յուրաքանչյուր արարք (գործողություն կամ գործողության բացակայություն) իրավախախտում է,
գ) անչափահաս իրավախախտ է երեխան կամ երիտասարդը, որը կասկածվում է իրավախախտում կատարելու մեջ կամ, ինչպես պարզվել է, կատարել է այն:
2.3 Պետք է ջանքեր գործադրել յուրաքանչյուր ազգային օրենսդրության շրջանակներում համալիր օրենքներ, կանոններ, դրույթներ ընդունելու համար, որոնք անմիջականորեն վերաբերեն անչափահաս իրավախախտներին և այն ատյաններին ու հիմնարկներին, որոնց իրավասությանն են վերաբերում անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացումը և որոնք կոչված են.
ա) բավարարելու անչափահաս իրավախախտների զանազան պահանջները, դրա հետ միասին պաշտպանելով նրանց հիմնական իրավունքները,
բ) բավարարելու հասարակության պահանջները,
գ) անշեղորեն և անաչառ կերպով կյանքում կիրառելու նշյալ կանոնները:
Մեկնաբանություն
Նվազագույն ստանդարտ կանոնները հատուկ ձևակերպված են այնպես, որպեսզի հնարավոր լինի դրանք կիրառել իրավական տարբեր համակարգերի շրջանակներում և միաժամանակ հաստատել անչափահաս իրավախախտի հետ վարվելաձևի մի քանի նվազագույն ստանդարտներ` անչափահասի գոյություն ունեցող ցանկացած սահմանման և անչափահաս իրավախախտների հետ վարվելաձևի ցանկացած համակարգի դեպքում: Կանոնները, բոլոր դեպքերում, պետք է գործածվեն անաչառ և առանց որևէ խտրականության: Այդ նպատակով 2.1 կանոնում ընդգծվում է Կանոնների անաչառ և առանց որևէ խտրականության կիրառման կարևորությունը: Այդ կանոնը հաջորդում է Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի 2-րդ սկզբունքի ձևակերպմանը:
2.2 Կանոնում տրված է «անչափահաս» և «իրավախախտում» հասկացությունների սահմանումը` որպես սույն Նվազագույն ստանդարտ կանոնների հիմնական նյութը հանդիսացող «անչափահաս իրավախախտող» հասկացության բաղադրիչ (տես նաև 3 և 4 կանոնները): Պետք է նշել, որ տարիքային սահմանները կախված կլինեն և ուղիղ կախման մեջ կդրվեն յուրաքանչյուր իրավական համակարգի դրույթներից, հաշվի առնելով անդամ պետությունների տնտեսական, սոցիալական, մշակութային և իրավական համակարգերը: Դրա համար «անչափահաս» հասկացությունը տարիքային լայն դիապազոն է ընդգրկում, 7-ից մինչև 18 տարեկան կամ ավելի մեծ: Այդպիսի դիապազոնը անխուսափելի է, նկատի ունենալով ազգային իրավական համակարգերի բազմազանությունը, և չի նվազեցնում սույն Նվազագույն ստանդարտ կանոնների նշանակությունը:
2.3 Կանոնում խոսվում է սույն Նվազագույն ստանդարտ կանոնները ինչպես օրենսդրության մեջ, այնպես էլ գործնականում լավագույն ձևով կյանքի կոչելուն ուղղված ազգային կոնկրետ օրենսդրության մշակման անհրաժեշտության մասին:
3. Կանոնների կիրառման ոլորտների ընդլայնումը.
3.1 Կանոնների համապատասխան դրույթները կիրառվում են ոչ միայն անչափահաս իրավախախտների, այլ նաև այն անչափահասների նկատմամբ, որոնք կարող են պատասխանատվության ենթարկվել ամեն մի կոնկրետ արարքի համար, որն անպատժելի է մեծահասակների կողմից կատարվելու դեպքում:
3.2 Պետք է ջանքեր գործադրել Կանոններում շարադրված սկզբունքների ազդեցությունը տարածելու բոլոր անչափահասների վրա, որոնց նկատմամբ սոցիալական ապահովության և խնամակալության հաստատման միջոցներ են ձեռնարկվում:
3.3 Պետք է ջանքեր գործադրել Կանոններում շարադրված սկզբունքների ազդեցությունը նաև չափահաս երիտասարդ իրավախախտների վրա տարածելու համար:
Մեկնաբանություն
3-րդ կանոնում նախատեսվում է անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացման ընթացքում նախատեսված Նվազագույն ստանդարտ Կանոններով պաշտպանության միջոցների գործադրումը հետևյալ դեպքերում.
ա) զանազան ազգային իրավական համակարգերում նախատեսված այսպես կոչված «կարգավիճակային խախտումները», երբ անչափահասների համար որպես իրավախախտում դիտվող գործողությունների շրջանակը ավելի լայն է, քան մեծահասակների համար (օրինակ` գործալքում, վատ վարք դպրոցում, ընտանիքում, հասարակական վայրերում անսթափ վիճակում հայտնվելը և այլն) (կանոն 3-1),
բ) անչափահասների սոցիալական ապահովության և խնամակալության հաստատման ուղղությամբ միջոցների ձեռնարկում (3.2 կանոն),
գ) չափահաս երիտասարդ իրավախախտների հետ վարվելակերպի ընթացակարգ, անշուշտ, կախված կոնկրետ տարիքային սահմանից (3.3 կանոն): Արդարացի է համարվում կանոնների տարածումը այդ երեք խմբերի վրա: 3.1 կանոնը նախատեսում է նվազագույն երաշխիքներ այդ ասպարեզներում, իսկ 3.2 կանոնը դիտվում է որպես օրենքի հետ հակասության մեջ գտնվող բոլոր անչափահասների համար ավելի արդարացի, իրավահավասար, մարդասիրական արդարադատության ուղղությամբ ցանկալի քայլ:
4. Քրեական պատասխանատվության տարիքը.
4.1 Այն իրավական համակարգերում, որոնցում ընդունվում է «անչափահասների քրեական պատասխանատվության տարիք» հասկացությունը, այդպիսի տարիքի ցածր սահմանը չպետք է հաստատվի շատ ցածր տարիքային մակարդակով, հաշվի առնելով զգացմունքային, հոգեկան և մտավոր հասունության գործոնները:
Մեկնաբանություն
Քրեական պատասխանատվության նվազագույն տարիքի սահմանները, կախված պատմական և մշակութային առանձնահատկություններից, միանգամայն տարբեր են: Ժամանակակից մոտեցման կիրառումը կայանում է երեխայի` քրեական պատասխանատվության հետ կապված բարոյահոգեբանական ասպեկտները կրելու ընդունակությունների որոշման մեջ, այսինքն բացահայտ հակահասարակական վարքագծի համար երեխային պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը որոշվում է անհատական ընդունակությունների, աղջկա կամ տղայի ըմբռնման, ընկալման կարողությամբ: Եթե քրեական պատասխանատվության տարիքային սահմանը հաստատված է չափից ցածր մակարդակի կամ ընդհանրապես չի հաստատված, պատասխանատվության գաղափարը դառնում է անմիտ: Ընդհանրապես փոխադարձ սերտ կապ կա իրավախախտման կամ հանցավոր վարքագծի համար պատասխանատվության և այլ սոցիալական իրավունքների ու պարտականությունների միջև (ինչպես ընտանեկան դրությունը, քաղաքացիական չափահասությունը և այլն):
Դրա համար պետք է ջանքեր գործադրել ցածրագույն տարիքային սահմանը խելացիորեն որոշելու համար, որը կարող է կիրառվել միջազգային մասշտաբով:
5. Արդարադատության նպատակները անչափահասների վերաբերյալ.
5.1 Անչափահասների վերաբերյալ արդարադատության համակարգը ուղղված է առաջին հերթին անչափահասի բարեկեցության ապահովմանը, որպեսզի անչափահաս իրավախախտների վրա ազդեցություն գործող ցանկացած միջոց միշտ համաչափ լինի ինչպես իրավախախտի անհատական առանձնահատկություններին, այնպես էլ իրավախախտման հանգամանքներին:
Մեկնաբանություն
5-րդ կանոնում արտացոլված են անչափահասների հանդեպ արդարադատություն իրականացնելու կարևորագույն նպատակները: Առաջին նպատակը անչափահասի բարեհաջողությանը նպաստելն է: Դա գլխավոր նպատակն է իրավական այն համակարգերում, որոնցում անչափահաս իրավախախտների գործերով զբաղվում են ընտանեկան գործերի դատարանները կամ վարչական իշխանությունները, բայց և միաժամանակ այն իրավական համակարգերում, որոնք հակված են քրեական հետաքննության մոդելին, անչափահասի բարեկեցությանը պետք է հատուկ ուշադրություն նվիրվի, ինչը կօգնի խուսափել զուտ պատժիչ սանկցիաներից: (Տես նաև 14 կանոնը):
Երկրորդ նպատակը «համաչափության սկզբունքի» պահպանումն է, որը լայնորեն հայտնի է որպես պատժիչ սանկցիաների օգտագործման սահմանափակման միջոց, որը հիմնականում արտահայտվում է արարքին համարժեք հատուցման սկզբունքով, համապատասխան իրավախախտման ծանրությանը:
Երիտասարդ իրավախախտների արարքների նկատմամբ հակազդեցությունը պետք է հիմնվի ոչ միայն իրավախախտման ծանրության, այլև անձի առանձնահատկությունների վրա: Իրավախախտի անհատական առանձնահատկությունները (օրինակ` սոցիալական ստատուսը, դրությունը ընտանիքում, պատճառած վնասը և այլ` իրավախախտի անձի հետ կապված գործոններ) պետք է ազդեցություն գործեն պատասխան գործողությունների համարժեքության վրա (օրինակ` ուշադրություն պետք է դարձնել իրավախախտի կողմից զոհին պատճառած վնասի փոխհատուցման ցանկությանը, աղջկա կամ տղայի լիարժեք և օգտակար կյանք վարելու կամքին):
Երիտասարդ իրավախախտի բարեհաջողության ապահովմանն ուղղված պատասխան գործողությունները կարող են նմանապես դուրս գալ անհրաժեշտության սահմաններից և դրանով վնաս հասցնել կոնկրետ երիտասարդի հիմնական իրավունքներին, ինչը նկատվում է անչափահասների նկատմամբ արդարադատության որոշ համակարգերում: Այդ դեպքում պետք է ապահովել պատասխան գործողության համարժեքությունը, հաշվի առնելով իրավախախտման հանգամանքների առանձնահատկությունները, իրավախախտի, ինչպես նաև զոհի անձը:
5-րդ կանոնում, ըստ էության, նախատեսվում են ընդամենը անչափահասի ցանկացած կոնկրետ իրավախախտման կամ հանցագործության համար արդարացի պատասխան գործողություններ: Այդ կանոնի մեջ զուգակցվող ասպեկտների բազմազանությունը կարող է նպաստել երկու մոտեցումների կիրառմանը, այն է` նոր և առաջադիմական պատասխան գործողությունները նույնքան են ցանկալի, որքան անչափահասների վրա պաշտոնական սոցիալական հսկողական ցանցի չարդարացված ընդլայնմանը ուղղված նախազգուշական միջոցները:
6. Դիսկրեցիոն լիազորությունների ծավալը.
6.1 Նկատի առնելով անչափահասների զանազան հատուկ պահանջմունքները, նաև ունեցած միջոցների բազմազանությունը, դատաքննության բոլոր փուլերում, արդարադատություն իրականացնելու տարբեր մակարդակներում, այդ թվում հետաքննության, դատաքննության, դատավճռի որոշման և դատավճռի իրականացման հսկողության իրագործման փուլերում, անչափահասների վերաբերյալ պետք է նախատեսել դիսկրեցիոն լիազորությունների համապատասխան ծավալ:
6.2 Դրա հետ միասին պետք է ջանքեր գործադրել դիսկրեցիոն իրավասությունների իրագործման բոլոր փուլերում և մակարդակներում համապատասխան հաշվետվության ապահովման համար:
6.3 Դիսկրեցիոն լիազորություններն օգտագործող անձինք պետք է ունենան անհրաժեշտ որակավորում կամ պատրաստվածություն` իրենց պարտականություններին և լիազորություններին համապատասխան` դրանք խելացիորեն կիրառելու համար:
Մեկնաբանություն
6.1, 6.2, 6.3 կանոնները ներառում են անչափահասների նկատմամբ արդյունավետ, արդարացի և մարդկային արդարադատության իրագործման մի քանի կարևոր ասպեկտներ, ինչպես` որոշում ընդունող անձանց ամեն մի կոնկրետ դեպքից ելնելով գործելու հնարավորություն տալու նպատակով արդարադատության իրագործման բոլոր փուլերում դիսկրեցիոն լիազորությունների կիրառումը թույլատրելու անհրաժեշտությունը, մյուս կողմից` երիտասարդ օրինախախտի պաշտպանության նպատակով դիսկրեցիոն լիազորությունները ոչ ճիշտ օգտագործելու դեպքերի կանխման համար վերահսկման և հակազդեցության նախատեսման անհրաժեշտությունը: Հաշվետու լինելը և պրոֆեսիոնալիզմը դիսկրեցիոն լիազորությունների լայն օգտագործումը սահմանափակելու ամենակարևոր միջոցներն են:
Այդպիսով ընդգծվում է պրոֆեսիոնալ հմտությունների և պատրաստվածության նշանակությունը, որպես արժեքավոր միջոցներ այս դեպքում ապահովելու դիսկրեցիոն լիազորությունների ողջամիտ օգտագործումը անչափահաս իրավախախտների նկատմամբ գործերում (տես նաև 1.6 և 2.2 կանոնները): Այդ ենթատեքստում ընդգծվում է դիսկրեցիոն լիազորությունների օգտագործման, գործի վերանայման համակարգի ապահովման, բողոքարկման և այլ առումով ղեկավարման կոնկրետ սկզբունքների մշակման նշանակությունը, որպեսզի ապահովվի գործերի ստուգումը և հաշվետվությունը: Այդպիսի մեխանիզմները կոնկրետ չեն կանխանշվում միջազգային նվազագույն ստանդարտ կանոններում` արդարադատության համակարգերի բոլոր տարբերությունները հաշվի առնելու անհնարինության հետ կապված որոշակի դժվարությունների հետևանքով:
7. Անչափահասների իրավունքները.
7.1 Դատավարական հիմնական երաշխիքները, ինչպես անմեղության կանխավարկածը, առաջադրված մեղադրանքի մասին տեղյակ պահելու իրավունքը, ցուցմունքներ տալուց հրաժարվելու իրավունքը, ծնողների կամ խնամակալի մասնակցության իրավունքը, վկաների հետ առերեսման և նրանց խաչաձև հարցաքննության իրավունքը, բարձրագույն ատյաններին բողոքարկելու իրավունքը պետք է երաշխավորված լինեն դատաքննության բոլոր փուլերում:
Մեկնաբանություն
7.1 Կանոնում ընդգծվում են մի քանի կարևոր ասպեկտներ, որոնք արդարացի, անաչառ դատի էական տարրեր են հանդիսանում, ճանաչված են միջազգային իրավունքների, միջազգային մակարդակով գործող փաստաթղթերում: (Տես նաև 14 կանոնը): Անմեղության կանխավարկածի դրույթը, օրինակ, զետեղված է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածում և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14.2 հոդվածում:
Սույն նվազագույն ստանդարտ կանոնների 14-րդ կանոնում և այնուհետև կոնկրետ սահմանվում են հարցերը, որոնք կարևոր են, մասնավորապես, անչափահասների գործերի դատաքննության ժամանակ, իսկ 7.1 կանոնում ընդհանուր տեսքով հաստատվում են դատավարական ամենահիմնական երաշխիքները:
8. Գաղտնապահության ապահովումը.
8.1 Անչափահասների գաղտնիքի պահպանման իրավունքը պետք է հարգվի բոլոր փուլերում, աղջկա կամ տղայի` անհարկի հրապարակայնությունից կամ անվանարկելուց խուսափելու համար:
8.2 Սկզբունքորեն չպետք է հրապարակվի ոչ մի տեղեկատվություն, որը կարող է անչափահաս իրավախախտի անձը մատնանշել:
Մեկնաբանություն
8-րդ կանոնում ընդգծվում է անչափահասի գաղտնիքի պահպանման իրավունքի ապահովման կարևորությունը: Երիտասարդությունը հատկապես հիվանդագին է արձագանքում անվանարկմանը: Անչափահասների վարկին վնաս հասցնելու հարցով քրեաբանական հետազոտությունների արդյունքները վկայում են երիտասարդների նկատմամբ անընդհատ օգտագործվող «իրավախախտ» կամ «հանցագործ» սահմանման հետ կապված (տարբեր առումով) բացասական արդյունքների մասին: 8-րդ կանոնում ընդգծվում է նաև անչափահասներին նրանց գործերի մասին մասսայական տեղեկատվության միջոցներում տպագրելու կամ հաղորդելու բացասական հետևանքներից (օրինակ` կասկածվող կամ դատապարտված երիտասարդ իրավախախտների անունները) պաշտպանելու կարևորությունը: Անձի շահերը պետք է պաշտպանել և երաշխավորել, ծայրահեղ դեպքում` սկզբունքորեն: (8-րդ կանոնում զետեղված ընդհանուր դրույթները կոնկրետացվում են 21-րդ կանոնում):
9. Պաշտպանական վերապահություն.
9.1 Սույն կանոններում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես ՄԱԿ-ի կողմից ընդունված Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնների և միջազգային հանրության կողմից ընդունված և երիտասարդ անձանց պաշտպանությանը և նրանց խնամքին վերաբերող այլ փաստաթղթերի և ստանդարտների բացառում:
Մեկնաբանություն
9-րդ կանոնը նախատեսված է սույն կանոնները պարզաբանելիս և կյանքում իրագործելիս ցանկացած թերհասկացության բացառման համար, համաձայն սկզբունքների, որոնք պարունակվում են մարդու իրավունքների` գոյություն ունեցող համապատասխան միջազգային փաստաթղթերի և ստանդարտների մշակումներում, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Երեխայի իրավունքների հռչակագիրը (66) և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նախագիծը (68): Պետք է հաշվի առնել, որ սույն կանոնների կիրառումը չի վնասում միջազգային որևէ նմանատիպ փաստաթղթի կիրառմանը, որը կարող է ավելի լայն ոլորտներում կիրառություն ունեցող դրույթներ պարունակել (67) (տես նաև 27 կանոնը):
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
10. Նախնական շփում.
10.1 Անչափահասի ձերբակալման ժամանակ աղջկա կամ տղայի ծնողները կամ խնամակալը անմիջապես տեղյակ են պահվում, իսկ եթե հնարավոր չէ` ծնողները կամ խնամակալը տեղյակ են պահվում ավելի ուշ, բայց հնարավորին չափ կարճ ժամանակամիջոցում:
10.2 Դատավորը կամ այլ իրավասու պաշտոնական անձը կամ մարմինը ազատման հարցը քննարկում են անհապաղ:
10.3 Իրավակարգը պաշտպանող մարմինների և անչափահաս իրավախախտի միջև շփումը, իրավակարգը ապահովելու համար, իրագործվում է այնպես, որպեսզի պատշաճ կերպով հաշվի առնելով գործի հանգամանքները, հարգվի անչափահասի իրավական վիճակը, աջակցվի անչափահասի բարեհաջողությանը և խուսափվի աղջկան կամ տղային վնաս պատճառելուց:
Մեկնաբանություն
10.1 կանոնը սկզբունքորեն ներառված է Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտների 92-րդ կանոնում (69):
Ազատման հարցը (10.2 կանոն) քննարկվում է դատավորի կամ իրավասու պաշտոնական այլ անձի կողմից անհապաղ: Վերջինս ենթադրում է ցանկացած անձ կամ կազմակերպություն, որոնք ունեն բանտարկյալին ազատելու իրավասություններ, այդ հասկացության ամենալայն իմաստով, ներառյալ համայնքների կազմակերպությունները կամ ոստիկանական իշխանությունը (տես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և 9.3 հոդվածը):
10.3 կանոնը վերաբերում է ոստիկանների և այլ պաշտոնական անձանց ընթացակարգի և վարքագծի մի քանի հիմնական ասպեկտներին անչափահասների քրեական գործերում իրավակարգը ապահովելու համար: «Խուսափել վնաս պատճառելուց» արտահայտությունը խիստ ճկուն ձևակերպում է և, ընդհանուրի կարծիքով, ընդգրկում է հնարավոր գործողությունների շատ կողմեր (օրինակ` բանավոր կոպիտ վարվելակերպ, ֆիզիկական բռնություն, շրջապատողների կշտամբանք): Անչափահասների վերաբերյալ արդարադատության պրոցեսներին արդեն կարող է «վնաս պատճառել» նրանց, դրա համար «խուսափել վնաս պատճառելուց» տերմինը պետք է բացատրել լայնորեն, նախ որպես անչափահասին նվազագույն վնասի պատճառում, ապա և ցանկացած լրացուցիչ կամ ավելորդ ճնշումից խուսափում: Դա հատկապես կարևոր է իրավակարգը պաշտպանող մարմինների հետ անչափահասի նախնական շփման ժամանակ, որը խիստ որոշակի ազդեցություն կգործի պետության և հասարակության նկատմամբ անչափահասների վերաբերմունքի վրա: Ցանկացած հետագա միջամտության հաջողությունը շատ բանով կախված է նմանատիպ նախնական շփումներից: Ընդ որում հույժ կարևոր նշանակություն ունեն կարեկցանքը և նուրբ, բայց պահանջկոտ մոտեցումը:
11. Գործի կարճումը.
11.1 Անչափահաս իրավախախտների գործերի քննության ժամանակ հնարավորության սահմաններում չպետք է դիմել ստորև 14.1 կանոնում նշված իշխանության իրավասու մարմինների կողմից գործի պաշտոնական քննությանը:
11.2 Ոստիկանությունը, դատախազությունը, անչափահասների գործերը վարող մյուս մարմինները պետք է լիազորված լինեն այդպիսի գործերի կապակցությամբ վճիռ ընդունել իրենց հայեցողությամբ, առանց գործերի պաշտոնական լսումների` համապատասխան իրավական համակարգում այդ նպատակով սահմանված չափանիշների, ինչպես նաև սույն կանոններում ամփոփված սկզբունքների համաձայն:
11.3 Ցանկացած գործի կարճում, կապված այն համապատասխան համայնքին կամ այլ ծառայություններին հանձնելու հետ, պահանջում է անչափահաս աղջկա կամ տղայի և ծնողների կամ խնամակալի համաձայնությունը, պայմանով, որ գործի հանձնման մասին նման որոշումը, դիմումի համաձայն, ենթակա է վերանայման իշխանության իրավասու մարմնի կողմից:
11.4 Անչափահասների գործերի քննության ժամանակ դիսկրեցիոն բնույթի աջակցություն ապահովելու նպատակով, համայնքների շրջանակներում անհրաժեշտ է նախատեսել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ժամանակավոր հսկողության ու ղեկավարման իրագործումը, տուժողների իրավունքների վերականգնումը և փոխհատուցումը:
Մեկնաբանություն
Գործի կարճումը, այդ թվում` քրեական դատավարությունից գործը հանելը և հաճախ դրա հանձնումը համայնքների օժանդակ ծառայություններին, իրավական շատ համակարգերում սովորաբար գործածվում է պաշտոնական և ոչ պաշտոնական հիմունքներով: Այդ փորձը թույլատրում է սահմանափակել անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու գործողությունների բացասական հետևանքները (օրինակ` դատվածության ու դատավճռի խարանը): Շատ դեպքերում լավագույն արդյունքներ է տալիս իշխանության իրավասու մարմինների կողմից չմիջամտելը: Այսպիսով, լավագույն արդյունք կարող է տալ գործի կարճումը ամենասկզբում, առանց այն այլընտրանքային (սոցիալական) մարմիններին փոխանցելու: Դա հատկապես վերաբերում է ոչ լուրջ խախտումների հետ կապված գործերին, երբ ընտանիքը, դպրոցը և ոչ պաշտոնական սոցիալական վերահսկողություն իրականացնող այլ ինստիտուտներ ձեռնարկել են կամ մտադիր են ձեռնարկել ներգործության կոնստրուկտիվ պատշաճ միջոցներ:
Ինչպես նշվում է 11.2 կանոնում, գործերի կարճումը կարող է իրականացվել ոստիկանության, դատախազության կամ այլ մարմինների, օրինակ, դատարանների, տրիբունալների, խորհուրդների, հանձնաժողովների կողմից` վճիռ ընդունելու ցանկացած փուլում: Այն կարող է իրագործվել իշխանության մեկ, մի քանի կամ բոլոր մարմինների կողմից` համապատասխան համակարգերի քաղաքականությանը և սույն կանոններին համապատասխան: Գործերի կարճումը չպետք է սահմանափակվի միայն մանր գործերով, ուստի այն կարող է կարևոր միջոց հանդիսանալ:
11.3 կանոնում ընդգծվում է երաշխավորված ձևով գործը կարճելու համար` խախտում կատարող անչափահասի (կամ նրա ծնողների կամ խնամակալի) պարտադիր համաձայնության կարևոր նշանակությունը (առանց այդպիսի համաձայնության համայնքների ծառայություններին հանձնելու նպատակով գործի կարճումը կհակասի Հարկադիր աշխատանքի վերացման կոնվենցիային (70)): Սակայն այդպիսի համաձայնությունը չպետք է ընդունվի որպես անվիճարկելի, քանի որ այն երբեմն կարող է անչափահասի կողմից տրվել հուսահատ վիճակում: Կանոնում ընդգծվում է, որ պետք է նվազագույնի հասցնել ստիպողականությունն ու ահաբեկումը գործի կարճման բոլոր մակարդակներում: Անչափահասները չպետք է զգան, որ նրանց նկատմամբ գործադրվում է ճնշում (օրինակ` դատական քննությունից խուսափելու համար), կամ ճնշման ենթարկվեն այս կամ այն ձևով գործերը կարճելու համաձայնություն ստանալու նպատակով: Այդ նպատակով առաջարկվում է «դիմումի հիման վրա` իշխանության իրավասու մարմնի» (այդ «իրավասու մարմինը» կարող է տարբեր լինել 14-րդ կանոնում նշվածներից) կողմից երիտասարդ օրինախախտների նկատմամբ կայացրած վճիռների տեղին լինելու օբյեկտիվ գնահատման կանոններ մշակել:
11.4 կանոնում դրույթ է հանձնարարվում, որն իր մեջ պարունակում է անչափահասների վերաբերյալ արդյունավետ այլընտրանքային արդարադատության իրականացում, գործը կարճելով համայնքներին հանձնելու ձևով: Հատկապես հանձնարարվում են ծրագրեր, որոնցում նախատեսվում է տուժողների իրավունքները վերականգնելու և ժամանակավոր հսկողության ու ղեկավարման միջոցով հետագայում օրենքի խախտումները բացառելու միջոցների ձեռնարկում: Հաշվի առնելով կոնկրետ հանգամանքները` գործի կարճումը տեղին կլիներ անգամ լուրջ իրավախախտումների դեպքում (օրինակ` առաջին իրավախախտում, ճնշում գործադրելու հետևանքով արարք և այլն):
12. Ոստիկանության մասնագիտացումը.
12.1 Իրենց պարտականությունները լավագույն ձևով կատարելու համար ոստիկանության ծառայողները, որոնք հաճախակի կամ բացառապես զբաղվում են անչափահասների հանցագործությունների կանխումով կամ հիմնականում զբաղվում են անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելմամբ, պետք է հատուկ հրահանգավորվեն և նախապատրաստվեն: Այդ նպատակով խոշոր քաղաքներում պետք է ստեղծվեն ոստիկանական հատուկ ստորաբաժանումներ:
Մեկնաբանություն
12-րդ կանոնում ուշադրություն է դարձվում արդարադատության համակարգի հետ առաջին շփման ընթացքում անչափահասների նկատմամբ արդարադատության իրագործմանը մասնակցող բոլոր իրավապահ պաշտոնյաների հատուկ պատրաստվածությանը: Ծայրահեղորեն անհրաժեշտ է, որ իրագործումը լինի որակյալ և պատշաճ: Թեպետ ուրբանիզացիայի և հանցագործության միջև եղած կապը անկասկած բարդ է, անչափահասների հանցագործությունների աճը, անշուշտ, կապվում է խոշոր քաղաքների, մասնավորապես նրանց արագ և չպլանավորված աճի հետ: Այդ պատճառով ոստիկանական մասնագիտացված ստորաբաժանումներն անհրաժեշտ են ոչ միայն սույն փաստաթղթերում շարադրված կոնկրետ սկզբունքների պահպանումը ապահովելու համար (օրինակ` 1.6 կանոնը), այլև անչափահասների կատարած հանցագործությունների արդյունավետ կանխումը և պայքարը դրանց դեմ ավելի ընդհանուր պլանով ապահովելու, ինչպես նաև անչափահաս իրավախախտների նկատմամբ վարվելաձևը բարելավելու համար:
13. Կալանքի տակ պահելը մինչև դատը.
13.1 Մինչև դատը կալանքի տակ պահելը կիրառվում է միայն որպես ծայրահեղ միջոց և ամենակարճ ժամանակաընթացքի համար:
13.2 Մինչև դատը կալանքի տակ պահելը հնարավորին չափ փոխարինվում է այլընտրանքային միջոցներով, ինչպիսիք են մշտական հսկողությունը, դաստիարակչական ակտիվ աշխատանքը կամ ընտանիքում, դաստիարակչական հաստատությունում կամ ուղղիչ տանը տեղավորելը:
13.3 Մինչև դատը կալանքի տակ պահվող անչափահասը օգտվում է ՄԱԿ-ի կողմից ընդունված Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնների (67) բոլոր իրավունքներից և երաշխիքներից:
13.4 Մինչև դատը կալանքի տակ պահվող անչափահասները պետք է պահվեն մեծահասակներից առանձին, ինչպես նաև հատուկ հիմնարկներում կամ հիմնարկների հատուկ բաժանմունքներում, որտեղ պահվում են նաև մեծահասակները:
13.5. Կալանքի տակ գտնվելու ժամանակաշրջանում պետք է ապահովել անչափահասների խնամքը, պաշտպանությունը, անհրաժեշտ անհատական սոցիալական, հոգեբանական, բժշկական, ֆիզիկական օգնությունը, ինչպես նաև կրթության, պրոֆեսիոնալ պատրաստության ասպարեզներում օգնությունը, որոնք կարող են պահանջվել տարիքը, սեռը և անձը նկատի առնելով:
Մեկնաբանություն
Չի կարելի թերագնահատել «քրեական ազդեցության» վտանգավորությունը մինչև դատը կալանքի տակ վերցված անչափահասների վրա: Դրա համար ընդգծվում է այլընտրանքային միջոցների կիրառման անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ
13.1 կանոնում խրախուսվում է նոր և նորարարական միջոցների մշակումը, որպեսզի, անչափահասների բարեկեցության շահերից ելնելով, հնարավոր լինի մինչև դատը կալանավորելուց խուսափել:
Մինչև դատը կալանավորված անչափահասները պետք է օգտվեն Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոններից, նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով նախատեսված բոլոր իրավունքներից ու երաշխիքներից, մասնավորապես 9-րդ հոդվածում և 2 գ կետում, 3-րդ հոդվածի «թ» կետում նշվածներից:
13.4 Կանոնը չի խանգարում պետություններին` մեծահասակ իրավախախտների բացասական ազդեցությունների դեմ այլ միջոցներ կիրառել, որոնք առնվազն նույնքան արդյունավետ են, որքան տվյալ կանոնում հիշատակված միջոցները:
Օգնության տարբեր տեսակները, որոնք կարող են օգտագործվել, թվարկված են այնքանով, որպեսզի լայն շրջանակների ուշադրությունը դարձնեն կալանքի տակ պահվող երիտասարդ մարդկանց առանձնահատուկ պահանջներին (օրինակ` պատանիների կամ աղջիկների պահանջմունքները, որոնք թմրամոլներ, հարբեցողներ, մտավոր հիվանդներ, բանտարկելու կապակցությամբ հոգեբանորեն վնասվածներ են և այլն):
Կալանքի տակ գտնվող երիտասարդ մարդկանց զանազան ֆիզիկական և հոգեբանական առանձնահատկությունները կարող են հիմք ծառայել միջոցների դասակարգման համար, որոնց հիման վրա որոշ երիտասարդներ մինչև դատը կալանքի տակ պահվում են առանձին, ինչը հնարավորություն է տալիս խուսափել նրանց վնաս պատճառելուց և առավել հաջողությամբ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:
Հանցագործությունները կանխելու և իրավախախտների նկատմամբ վարվելաձևին նվիրված ՄԱԿ-ի 6-րդ Կոնգրեսը Անչափահասների նկատմամբ արդարադատության ստանդարտի մասին իր 4-րդ բանաձևում ցույց է տվել, որ կանոնը մասնավորապես պետք է արտացոլի հիմնական սկզբունքը, մինչև դատը կալանքի տակ պահելը պետք է օգտագործվի միայն որպես ծայրահեղ միջոց, որ անչափահաս իրավախախտներին չի կարելի պահել հաստատություններում, որտեղ նրանք բանտարկված մեծահասակների կողմից կարող են ենթարկվել բացասական ազդեցությունների և որ մշտապես պետք է հաշվի առնել նրանց զարգացման մակարդակին բնորոշ պահանջմունքները:
ԵՐՐՈՐԴ ՄԱՍ
ԴԱՏԱԿԱՆ ՎՃՌԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
14. Դատական վճռի կայացման համար իրավասու իշխանության մարմինը.
14.1 Եթե անչափահաս իրավախախտների գործը չի կարճվել (համաձայն 11 կանոնի), աղջկա կամ տղայի գործով, արդար և անաչառ դատի սկզբունքներին համապատասխան, զբաղվում է իշխանության իրավասու մարմինը (դատարանը, տրիբունալը, խորհուրդը, հանձնաժողովը և այլն):
14.2 Դատական քննությունը պետք է պատասխանի անչափահասի շահերին և իրագործվի ըմբռնողության մթնոլորտում, որն անչափահասին հնարավորություն կտա մասնակցելու դատաքննությանը և այնտեղ ազատ շարադրելու իր տեսակետները:
Մեկնաբանություն
Դժվար է տալ իրավասու մարմնի կամ անձի այնպիսի բնորոշում, որում համակողմանիորեն նկարագրվի դատավճիռ կայացնող իշխանության մարմինը: Իշխանության իրավասու մարմնի տակ հասկացվում են նաև այն անձինք, որոնք ղեկավարում են դատարանը կամ տրիբունալը (մեկ դատավոր կամ մի քանի անդամներ), ներառյալ պրոֆեսիոնալ և իրավաբան չհանդիսացող դատավորները, նաև վարչական հանձնաժողովները (օրինակ շոտլանդական և սկանդինավյան համակարգերում) կամ ուրիշ` համայնքների մարմինները, ավելի պակաս պաշտոնական և դատական բնույթի հաստատությունները, որոնք զբաղվում են կոնֆլիկտների լուծմամբ:
Անչափահաս իրավախախտների հետ վարվելաձևը ցանկացած դեպքում պետք է հետևի նվազագույն ստանդարտներին, որոնք կիրառվում են համարյա բոլոր մեղադրվողների նկատմամբ անխտիր` որպես «պատշաճ օրինական ընթացակարգ» ձևակերպմամբ հայտնի ընթացակարգին համապատասխան:
Պատշաճ ընթացակարգին համապատասխան` «արդարացի և անաչառ դատ» հասկացությունը ներառում է այնպիսի հիմնական երաշխիքներ, ինչպես անմեղության կանխավարկածը, ապացույցներ ներկայացնելը և ուսումնասիրելը, իրավական համընդհանուր պաշտպանությունը, ցուցմունքներ տալուց հրաժարվելու իրավունքը, գործի քննության ժամանակ վերջին խոսքի իրավունքը, բողոքարկելու իրավունքը և այլն (տես նաև 7.1 կանոնը):
15. Դատապաշտպանը, ծնողները և խնամակալը.
15.1 Դատաքննության ամբողջ ընթացքում անչափահասն իրավունք ունի ներկայացվելու իր դատապաշտպանի կողմից կամ դիմելու իրավական անվճար օգնության, եթե այդպիսի օգնության տրամադրումը նախատեսված է տվյալ երկրի օրենսդրությամբ:
15.2 Ծնողները կամ խնամակալը իրավունք ունեն մասնակցելու դատաքննությանը, և անչափահասների շահերից ելնելով իշխանության իրավասու մարմինը կարող է պահանջել նրանց մասնակցությունը: Սակայն իշխանության իրավասու մարմինը կարող է մերժել նրանց մասնակցությունը, եթե կան հիմքեր ենթադրելու, որ դա անհրաժեշտ է անչափահասի շահերի համար:
Մեկնաբանություն
15.1 կանոնում օգտագործվում է Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնների 93 կանոնին նմանօրինակ տերմինաբանություն: Եթե դատապաշտպանի մասին դրույթը և ձրի իրավական օգնությունը անհրաժեշտ է անչափահասին իրավական օգնությամբ ապահովելու համար, ուրեմն ծնողների կամ խնամակալի մասնակցությունը, ինչպես նշված է 15.2 կանոնում, պետք է դիտել որպես ընդհանուր հոգեբանական, զգացմունքային աջակցություն անչափահասին, ինչպես ֆունկցիա, որը պետք է կատարվի քննության ամբողջ ընթացքում:
Իշխանության իրավասու մարմինների համար, որոնք ջանում են պատշաճ կերպով քննել գործը օգտակար կլիներ, մասնավորապես, անչափահասի իրավաբանական ներկայացուցիչների (կամ որևէ ուրիշ օգնականի, որին անչափահասը կարող է հավատալ և իրոք հավատում է) հետ համագործակցելը: Այս դրույթն իր նշանակությունը կարող է կորցնել այն դեպքում, եթե ծնողների կամ խնամակալի ներկայությունը բացասաբար է ազդում գործի քննությանը, օրինակ, եթե նրանք անչափահասի նկատմամբ ցուցաբերում են թշնամական վերաբերմունք, դրա համար պետք է նախատեսել այդպիսի մասնակցությունը մերժելու հնարավորություն:
Ոչ պաշտոնական թարգմանություն
ՄԱԿ-Ի ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(«ՊԵԿԻՆՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»)
16. Սոցիալական հետազոտության արդյունքների մասին զեկույցներ.
16.1 Բոլոր դեպքերում, մանր իրավախախտումների բացառությամբ, իշխանության հեղինակավոր մարմնի կողմից վճռին նախորդող վերջնական որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել անչափահասի շրջապատն ու պայմանները կամ կատարած իրավախախտման հանգամանքները, այն հաշվով, որ դա նպաստի գործի կապակցությամբ բանական դատավճռի կայացմանը իրավասու մարմնի կողմից:
Մեկնաբանություն
Սոցիալական ուսումնասիրությունների արդյունքների մասին զեկույցները (մինչ դատավճռի կայացումը` սոցիալական եզրակացություն կամ զեկույցներ) մեծ մասամբ անփոխարինելի օգնություն են անչափահասների գործերի դատաքննության ժամանակ: Հեղինակավոր մարմինները պետք է իմանան անչափահասներին վերաբերող համապատասխան փաստերի մասին, օրինակ, անչափահասի սոցիալական և ընտանեկան շրջապատի, դպրոցում` նրա ուսման, դաստիարակության մասին և այլն: Այդ նպատակով մի քանի դատական համակարգերում օգտագործում են հատուկ սոցիալական ծառայություններ կամ դատարանների, հանձնաժողովների համար այդ պարտականությունները կատարող աշխատակիցներ: Այդ պարտականությունները կարող են կատարվել այլ աշխատակիցների` այդ թվում պրոբացիոն (հետազոտական) համակարգի պաշտոնական անձանց կողմից: Ուստի տվյալ կանոնում ցույց է տրվում համապատասխան սոցիալական ծառայությունների անհրաժեշտությունը սոցիալական հետազոտման մասին որակյալ զեկույցներ պատրաստելու համար:
17. Դատավճռի կայացման ղեկավար սկզբունքները և ներգործության միջոցների ընտրությունը`
17.1 Ներգործության միջոցների ընտրության ժամանակ իրավասու մարմինը պետք է ղեկավարվի հետևյալ սկզբունքներով.
ա) ներգործության միջոցները միշտ պետք է համարժեք լինեն ոչ միայն իրավախախտման հանգամանքներին և ծանրությանը, այլև անչափահասի դրությանը և պահանջներին, ինչպես նաև հասարակության պահանջներին.
բ) անչափահասի անձնական ազատության սահմանափակման մասին որոշումը պետք է ընդունվի միայն հարցի մանրազնին քննարկումից հետո, և սահմանափակումը հնարավորության սահմաններում պետք է հասցնել նվազագույնի.
գ) անչափահաս իրավախախտին պետք չէ ազատազրկել, եթե միայն նա մեղավոր չի ճանաչվում այլ անձի դեմ բռնությամբ լուրջ արարք գործելու կամ բազմաթիվ լուրջ իրավախախտումներ կատարելու մեջ, ինչպես նաև ներգործության ուրիշ համապատասխան միջոցի բացակայության դեպքում.
դ) անչափահասի գործի քննության ժամանակ նրա բարեհաջողության հարցը պետք է որոշիչ գործոն լինի:
17.2 Անչափահասի կատարած ոչ մի հանցագործության համար մահապատիժ չի կայացվում:
17.3 Անչափահասները չեն ենթարկվում մարմնական պատիժների:
17.4 Իշխանության իրավասու մարմինը պետք է իրավունք ունենա ցանկացած ժամանակ դադարեցնելու դատաքննությունը:
Մեկնաբանություն
Երիտասարդների նկատմամբ դատավճիռ կայացնելու համար ղեկավար սկզբունքների մշակման գլխավոր դժվարությունը բխում է փիլիսոփայական բնույթի անլուծելի հակասություններից.
ա) վերադաստիարակության և արարքի համար փոխհատուցման միջև`
բ) օգնության և կանխելու ու պատժելու միջև`
գ) կոնկրետ գործի բացառիկ հանգամանքներից ելնող ներգործության միջոցի և հասարակության շահերի պաշտպանության համար ամբողջությամբ ներգործության միջոցի միջև`
դ) ընդհանուր կանխարգելման և անհատական պատժի միջև:
Այս մոտեցումների միջև հակասությունը անչափահասների նկատմամբ դրսևորվում է ավելի հստակորեն, քան մեծահասակների: Անչափահասների գործերի ավելի յուրահատուկ պատճառների և հետևանքների գոյությամբ պայմանավորված այդ այլընտրանքների միջև բարդ փոխենթարկվածություն է առաջանում: Անչափահասների վերաբերյալ արդարադատություն իրականացնելու նվազագույն ստանդարտ կանոնները ոչ թե ինչ-որ մոտեցումների կիրառում են պարտադրում, այլ, ավելի շուտ, նշում են միջազգային ընդունված սկզբունքների ամենաբարձր մակարդակին համապատասխանող մոտեցում: Դրա համար 17.1 կանոնում շարադրված հիմնական դրույթները, մասնավորապես ա) և դ) ենթակետերում, գլխավորապես պետք է ընդունել որպես ղեկավարման գործնական սկզբունքներ, որոնք պետք է որպես ընդհանուր մեկնակետ օգտագործվեն, հաշվի առնվելով համապատասխան մարմինների կողմից (տես նաև 5-րդ կանոնը): Նրանք նշանակալից չափով կաջակցեն անչափահաս իրավախախտների հիմնական իրավունքների պաշտպանությունը, հատկապես անձնական և կրթության զարգացման հիմնարար իրավունքներին:
17.1 կանոնի բ) ենթակետում նշվում է, որ զուտ պատժիչ բնույթի մոտեցումն անընդունելի է: Եթե այդպիսի պատժող սանկցիաները կարող են դիտվել ինչ-որ չափով հիմնավորված մեծահասակների գործերում, հնարավոր է` նաև անչափահասների կողմից լուրջ իրավախախտումների դեպքերում, ապա անչափահասների գործերում ապագա երիտասարդների բարեկեցության ապահովումը պետք է գերակշռի նման միտումներին:
ՄԱԿ-ի 6-րդ Կոնգրեսի 8-րդ բանաձևին (63) համապատասխանելով `17.1 կանոնի բ) ենթակետը աջակցում է այլընտրանքային վճռի առավելագույն կիրառմանը, հաշվի առնելով երիտասարդության կոնկրետ պահանջմունքները բավարարելու անհրաժեշտությունը: Ուստի պետք է լիովին օգտագործել այլընտրանքային միջոցների ամբողջ գործող դիապազոնը և մշակել այլընտրանքային նոր միջոցներ, հաշվի առնելով հասարակության անվտանգության պահանջները: Առավելագույն ծավալով պետք է կիրառվի պրոբացիայի համակարգը, պայմանական վճիռների կայացման` դրանց իրականացման հետաձգման, խորհուրդների որոշումների և այլ տեսակի որոշումների միջոցով:
6-րդ Կոնգրեսի 4-րդ բանաձևի (63) ղեկավարման սկզբունքներից մեկին համապատասխանելով, 17.1` կանոնի գ) ենթակետը ուղղված է անչափահասներին բանտում կալանավորելուց խուսափելուն, բացառությամբ, երբ չկան համապատասխան այլ միջոցներ` հասարակության անվտանգությունն ապահովելու համար:
17.2 կանոնի մահապատժի արգելման դրույթը համապատասխանում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 6-7 հոդվածին: Մարմնական պատժի արգելման դրույթը համապատասխանում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածին և Խոշտանգումներից ու դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վարվելաձևից (71) և այլ պատժամիջոցներից բոլոր անձանց պաշտպանելու մասին հռչակագրին (72) և Երեխայի իրավունքների կոնվենցիայի նախագծին (68):
Ցանկացած ժամանակ դատաքննությունը դադարեցնելու իրավունքը (17.4 կանոն) տարբերիչ հատկանիշ է անչափահաս իրավախախտների հետ վարվելաձևի հատուկ պրակտիկայում` ի տարբերություն մեծահասակների: Ցանկացած ժամանակ իշխանության իրավասու մարմնին կարող են հայտնի դառնալ հանգամանքներ, որոնք կթույլատրեն գործի կապակցությամբ լավագույն վճիռը համարել միջամտության լրիվ ընդհատումը:
18. Ներգործության զանազան միջոցառումներ`
18.1 Առավել ճկունություն ապահովելու և ուղղիչ հիմնարկներում կալանավորումից հնարավորին չափ խուսափելու նպատակով, իշխանության իրավասու մարմինը, գործի որոշման ժամանակ, իր տրամադրության տակ պետք է ներգործության համալիր միջոցառումներ ունենա: Այդպիսի միջոցառումները, որոնք կարող են իրականացվել իրար հետ զուգակցելով, հանդիսանում են.
ա) խնամակալության մասին որոշումը, ղեկավարումը և հսկողությունը`
բ) պրոբացիան `
գ) ի բարօրություն համայնքի աշխատանքի մասին որոշումը`
դ) դրամական պատիժը, փոխհատուցումը և իրավունքների ռեստիտուցիան
ե) միջանկյալ և այլ կարգի միջոցառումների մասին որոշումը`
զ) խմբակային հոգեբուժությունը և նմանատիպ այլ միջոցառումների մասնակցության մասին որոշումը`
է) դաստիարակության հանձնելու, ապրելավայրի կամ այլ դաստիարակչական միջոցների վերաբերյալ որոշումը`
ը) համապատասխան այլ որոշումները:
18.2 Ոչ մի անչափահաս չի կարող մասնակիորեն կամ լրիվ հանվել ծնողների հսկողությունից, եթե դա չի արդարացվում նրա գործի հանգամանքներով:
Մեկնաբանություն
18.2 կանոնում փորձ է արվում թվարկել ներգործության մի քանի կարևոր միջոցներ և սանկցիաներ, որոնք հաջողությամբ կիրառվում են զանազան իրավական համակարգերում: Ընդհանրապես դրանք հեռանկարային են և արժանի են կիրառման ու հետագա զարգացման: Այդ կանոնում անձնակազմի վերաբերյալ պահանջներ չեն նշվում, քանի որ որոշ տարածաշրջաններում կարող է համապատասխան անձնակազմ չլինել: Այդ տարածաշրջաններում կարելի է մշակել և կիրառել միջոցառումներ, որոնց իրականացման համար փոքր անձնակազմ է պահանջվում:
18.1 կանոնում նշված օրինակների համար ընդհանուր է համարվում համայնքների վրա հետևյալը, որպես այլընտրանքային որոշումների արդյունավետ իրականացման գործիք: Համայնքների ներգրավումը վերադաստիարակման ավանդական միջոց է, որն իր մեջ ներառում է շատ ասպեկտներ: Համապատասխան իշխանությունները պետք է խրախուսեն իրենց ծառայությունը տրամադրող համայնքներին:
18.2 կանոնում նշվում է ընտանիքի կարևոր դերը, որը Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 10.1 հոդվածին համապատասխան համարվում է «հասարակության բնական և հիմնական բջիջը»: Ընտանիքի շրջանակներում ծնողները ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտավոր են ապահովել իրենց երեխաների նկատմամբ խնամքը և հսկողությունը: 18.2 կանոնի համաձայն երեխաների բաժանումը ծնողներից համարվում է ծայրահեղ միջոց: Դրան կարելի է դիմել միայն այն դեպքերում, երբ գործի փաստերն արդարացնում են այդ լուրջ քայլը (օրինակ` երեխաների հետ դաժան վարվելաձևը):
19. Ուղղիչ հիմնարկներում կալանք նախատեսող նվազագույն միջոցների օգտագործումը`
19.1 Անչափահասին որևէ ուղղիչ հիմնարկում ներփակելը միշտ պետք է ծայրահեղ միջոց լինի, անհրաժեշտ նվազագույն ժամկետի համար կիրառված:
Մեկնաբանություն
Առաջադեմ քրեագիտությունը հանդես է գալիս այնպիսի միջոցների օգտագործման գերադասելիության օգտին, որոնք չեն նախատեսում ուղղիչ հիմնարկներում ներփակումը: Հաստատված է, որ ուղղիչ հիմնարկներում ներփակելու միջոցով ձեռք բերված արդյունքները, լավագույն դեպքում, աննշան են այդ միջոցառման չկիրառման արդյունքների համեմատությամբ: Անհատականության համար բազմաթիվ աննպաստ հետևանքները անխուսափելի են ուղղիչ հիմնարկներում ներփակելու ցանկացած դեպքի համար և միանգամայն տեսանելի է, որ դրանք չեն փոխհատուցվում ուղղիչ աշխատանքով: Սա հատկապես արդարացի է անչափահասների նկատմամբ, որոնք ենթակա են բացասական ազդեցությունների: Բացի դրանից, ոչ միայն ազատազրկման, այլև հասարակությունից մեկուսացնելու հետ կապված բացասական հետևանքները անչափահասի վրա ազդում են ավելի շատ, քան մեծահասակի, քանի որ դրանց անչափահասները առնչվում են զարգացման սկզբնական շրջանում:
19-րդ կանոնի նպատակը ուղղիչ հիմնարկներում պահելը երկու առումով սահմանափակելն է քանակական («ծայրահեղ միջոց») և ժամանակավոր («նվազագույն ժամկետում»):
19-րդ կանոնում արտացոլված է ՄԱԿ-ի 6-րդ Կոնգրեսի բանաձևի ղեկավարման սկզբունքներից մեկը. անչափահաս իրավախախտը չպետք է փակվի բանտում, բացառությամբ այն դեպքերի, երբ չկան համապատասխան այլ միջոցներ: Դրա համար տվյալ կանոնում պարունակվում են կոչեր, որ եթե անչափահասը պետք է պահվի ուղղիչ հիմնարկում, ազատազրկումը պետք է սահմանափակվի նվազագույն անհրաժեշտ ժամկետով, իրականացվի անչափահասին պահելու հատուկ կազմակերպչական միջոցառումների առկայությամբ, հաշվի առնվեն իրավախախտների, իրավախախտման և հիմնարկների զանազան տիպերը: Փաստորեն նախապատվությունը «փակերից» առաջ պետք է տրվի «բաց» հիմնարկներին: Բոլոր հիմնարկները պետք է լինեն ոչ թե բանտային, այլ ուղղիչ կամ ուսուցողական տիպի:
20. Անհարկի ձգձգումների բացառումը.
20.1 Անչափահասի ցանկացած գործ սկզբից ևեթ պետք է վարել արագ, թույլ չտալով անհարկի ձգձգումներ:
Մեկնաբանություն
Անչափահասների գործերի պաշտոնական դատավարության արագ իրականացումը առաջնահերթ խնդիր է: Հակառակ դեպքում կարող է սպառնալիքի տակ հայտնվել այն ողջ դրականը, ինչին կարելի է հասնել դատաքննության և վճռի կայացման ընթացքում: Անչափահասին ժամանակի ընթացքում ավելի դժվար, երբեմն էլ անհնար կլինի տրամաբանորեն և հոգեբանորեն կապակցել դատաքննության ընթացակարգը և վճռի կայացումը հենց իրավախախտման հետ:
21. Արձանագրությունները`
21.1 Անչափահաս իրավախախտների գործերի նյութերը պետք է պահպանվեն խիստ գաղտնի և չփոխանցվեն երրորդ անձի: Այդպիսի նյութերին առնչվող անձանց շրջանակը պետք է սահմանափակվի անմիջապես տվյալ գործի քննությամբ զբաղվող կամ այլ` համապատասխան լիազորություններ ունեցող ատյանով:
21.2 Անչափահաս իրավախախտների գործերի նյութերը չպետք է օգտագործվեն մեծահասակ իրավախախտների գործերի` նույն իրավախախտի հետ կապված դեպքերի հետագա քննարկման ընթացքում:
Մեկնաբանություն
Այս կանոնում փորձ է արվում արձանագրությունների կամ գործերի նյութերի կապակցությամբ հավասարակշռություն սահմանել ընդհարվող շահերի միջև, հատկապես դատախազության, ոստիկանական և այլ մարմինների հսկողական պարտականությունների կատարման կատարելագործմանը նպատակաուղղված շահերի և անչափահաս իրավախախտի շահերի միջև (տես նաև 8 կանոնը):
«Համապատասխան լիազորություններ ունեցող այլ անձինք» արտահայտությունը սովորաբար այլ անձանց շարքում ենթադրում է նաև հետաքննիչներին:
22. Պրոֆեսիոնալիզմի և պատրաստվածության անհրաժեշտությունը`
22.1 Անչափահասների գործերով զբաղվող ամբողջ անձնակազմի պրոֆեսիոնալ հեղինակության ապահովման և պահպանման համար պետք է օգտագործել պրոֆեսիոնալ պատրաստությունը, աշխատանքի ընթացքում ուսուցումը, վերապատրաստման դասընթացները և կրթության համապատասխան այլ տեսակները:
22.2 Անչափահասների գործերով զբաղվող արդարադատության մարմինների անձնակազմը պետք է կազմվի անչափահասների գործերով զբաղվող արդարադատության համակարգին առնչվող անձանցից, անչափահասների տարբեր կարգերը նկատի առնելով: Անհրաժեշտ է ջանքեր ներդնել անչափահասների գործերով զբաղվող արդարադատության մարմիններում կանանց և ազգային փոքրամասնությունների ներկայացուցչություն ապահովելու համար:
Մեկնաբանություն
Անձինք, որոնց իրավասության մեջ մտնում է անչափահասների վերաբերյալ որոշում կայացնելը, կարող են ունենալ ամենատարբեր որակավորում (մագիստրոսներ` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և ընդհանուր իրավունքի համակարգի ազդեցության ոլորտում գտնվող տարածաշրջաններում, իրավաբանական կրթություն ունեցող դատավորներ` հռոմեական իրավունքը օգտագործող երկրներում և այն տարածաշրջաններում, որոնց վրա տարածվում է դրանց ազդեցությունը, այլ երկրներում` ընտրովի կամ նշանակված անձեր, որոնք կարող են լինել ոչ պրոֆեսիոնալ իրավաբաններ կամ իրավաբաններ, համայնքային խորհուրդների անդամներ և այլն): Դրանք բոլորը իրավունքի, սոցիոլոգիայի, հոգեբանության, քրեաբանության վարքի մասին գիտելիքների ասպարեզներում պետք է գոնե նվազագույն պատրաստություն ունենան: Այդ պահանջը ունի նույնքան կարևոր նշանակություն, որքան կազմակերպական մասնագիտացումը և իշխանության իրավասու մարմնի անկախությունը:
Դժվար թե հնարավոր լինի սոցիալական հատվածի աշխատողներից և պրոբացիոն համակարգի պաշտոնյաներից պրոֆեսիոնալ մասնագիտացում պահանջել, որպես անչափահաս իրավախախտների վերաբերյալ ցանկացած պարտականություններ հանձնառելու համար նախնական պայման: Այդ պատճառով նրանց աշխատանքի ընթացքում մասնագիտական հրահանգավորումը հանդիսանում է նվազագույն անհրաժեշտ մասնագիտացում:
Պրոֆեսիոնալ որակավորումն անչափահասների վերաբերյալ անաչառ և արդյունավետ արդարադատության իրականացումը ապահովելու համար անհրաժեշտ տարր է: Դրա համար անհրաժեշտ է բարելավել անձնակազմի ընտրությունը, վերապատրաստումը և պրոֆեսիոնալ պատրաստությունը, ապահովել անձնակազմին անհրաժեշտ պայմաններով, որոնք կթույլատրեն համապատասխան կերպով կատարել իրենց պարտականությունները: Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու ժամանակ անաչառության հասնելու նպատակով պետք է խուսափել քաղաքական, սոցիալական, սեռական, ռասայական, կրոնական, մշակութային կամ ցանկացած ուրիշ հիմքով անչափահասների գործերով արդարադատության համակարգի ընտրության, անձնակազմի նշանակման և առաջխաղացման գործում ցանկացած խտրականությունից: Այդպիսին էր 6-րդ Կոնգրեսի հանձնարարությունը: 6-րդ Կոնգրեսը անդամ պետություններին կոչ արեց քրեական արդարադատության համակարգում ապահովել կին աշխատակիցների արդարացի և իրավահավասար դիրքը ու երաշխավորեց հատուկ միջոցներ ընդունել անչափահասների վերաբերյալ արդարադատության համակարգում կին աշխատակիցների ընտրությանը, պատրաստությանը, առաջխաղացմանը աջակցելու համար:
ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ
ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ` ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱՁԵՎԸ
23. Որոշման արդյունավետ կատարումը`
23.1 Անհրաժեշտ է համապատասխան դրույթներ նախատեսել 14.1 կանոնում նշված իրավասու մարմնի որոշումը ըստ հանգամանքների, նույն այդ կամ մեկ այլ մարմնի կողմից իրագործելու մասին:
23.2 Այդպիսի դրույթները իրավասու մարմնին պետք է իրավունք վերապահեն պարբերաբար, անհրաժեշտության չափով փոփոխություններ մտցնելու որոշման մեջ, պայմանով, որ դրանք համապատասխանեն կանոններում ամփոփված սկզբունքներին:
Մեկնաբանություն
Անչափահասների գործով որոշումը կարող է անչափահասի կյանքի վրա ազդել ավելի երկար ժամանակաընթացքում, քան մեծահասակների: Ուստի կարևոր է իշխանության ղեկավար մարմնի կամ անկախ մարմնի (երաշխավորության գործերով հանձնաժողով, փորձարարական ծառայության համակարգ, երիտասարդության սոցիալական ապահովության հիմնարկներ) կողմից որոշման կատարման հսկողությունը, որի լիազորությունները գործով սկզբնական որոշում ընդունած իրավասու մարմնի լիազորություններին համապատասխան են: Այդ նպատակով մի քանի երկրներում հիմնված է juge de L' execution des peines պաշտոնը:
Իշխանության այդ մարմնի լիազորություններն ու պարտականությունները պետք է կրեն ճկուն բնույթ. 23-րդ կանոնում տրված է դրանց ընդհանուր նկարագրությունը, լայն ընդունելություն ապահովելու նպատակով:
24. Անհրաժեշտ օգնության տրամադրումը`
24.1 Պետք է ջանքեր գործադրել դատավարության բոլոր փուլերում անչափահասներին բնակության, կրթության կամ պրոֆեսիոնալ պատրաստություն ստանալու, աշխատանքի տեղավորելու և այդ տեսակի անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար, որն օգտակար և գործուն կլինի դաստիարակության ընթացքին նպաստելու գործում:
Մեկնաբանություն
Անչափահասների բարեկեցությանն աջակցելն ունի առաջնային նշանակություն: Դրա համար 24-րդ կանոնում ընդգծվում է անչափահասների դաստիարակության ողջ գործընթացում անչափահասների շահերի ապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, ծառայությունների և այլ անհրաժեշտ օգնության հատկացման կարևորությունը:
25. Կամավորների և համայնքային այլ ծառայությունների հավաքագրումը.
25.1 Պետք է ներգրավել կամավորների, կամավոր կազմակերպությունների, տեղական հիմնարկների, համայնքային այլ ծառայությունների, որպեսզի նրանք իրենց շոշափելի ավանդը մտցնեն անչափահասների վերադաստիարակության գործում` համայնքների և, որքան դա հնարավոր է, ընտանիքի շրջանակներում:
Մեկնաբանություն
Այդ կանոնը արտացոլում է անչափահաս իրավախախտների ողջ աշխատանքը` նրանց վերադաստիարակությունը կողմնորոշելու անհրաժեշտությունը: Իշխանության իրավասու մարմինների հրահանգները արդյունավետ կատարելու համար բացառիկ կարևոր նշանակություն ունի համայնքների հետ համագործակցությունը: Մասնավորապես, կամավորները և կամավոր կազմակերպությունները ցուցաբերում են չափազանց արժեքավոր ծառայություններ, բայց ներկայումս նրանց հնարավորությունները անբավարար են օգտագործվում: Որոշ դեպքերում զգալի օգնություն կարող են ցուցաբերել նախկին իրավախախտները (այդ թվում` նախկին թմրամոլները): 25-րդ կանոնը կառուցվում է 1.1-1.6 կանոններում շարադրված սկզբունքների հիման վրա և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի համապատասխան կանոնների նման:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍ
ԻՐԱՎԱԽԱԽՏՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱՁԵՎԸ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ
26. Իրավախախտների հետ վարվելաձևի նպատակները ուղղիչ հիմնարկներում
26.1 Ուղղիչ հիմնարկներում պահվող անչափահասների հետ դաստիարակչական աշխատանքների նպատակը խնամքի, պաշտպանության, կրթության, պրոֆեսիոնալ պատրաստության ապահովումն է, հասարակության մեջ նրանց սոցիալական-օգտակար և արդյունավետ դեր կատարելուն օգնելու համար:
26.2 Ուղղիչ հիմնարկներում անչափահասները պետք է ապահովվեն իրենց տարիքին, սեռին, անձին և լիարժեք զարգացման շահերին համապատասխան խնամքով, պաշտպանությամբ և սոցիալական, հոգեբանական, բժշկական, ֆիզիկական, կրթության և արհեստավարժության բնագավառների ողջ անհրաժեշտ օգնությամբ:
26.3 Ուղղիչ հիմնարկներում անչափահասները պետք է պահվեն մեծահասակներից առանձին, հատուկ ուղղիչ հիմնարկում կամ ուղղիչ հիմնարկի հատուկ բաժամմունքում, որտեղ պահվում են նաև մեծահասակները:
26.4 Ուղղիչ հիմնարկներում պահվող իրավախախտ երիտասարդ կանանց պետք է հատկացնել հատուկ ուշադրություն, հաշվի առնելով նրանց անձնական կարիքներն ու պրոբլեմները: Նրանք պետք է ապահովվեն նույնպիսի խնամքով, օգնությամբ, պրոֆեսիոնալ պատրաստությամբ, ինչպիսիք ապահովվում է երիտասարդ տղամարդ իրավախախտների համար: Նրանց նկատմամբ պետք է ապահովվի արդարացի վարվելաձև:
26.5 Ուղղիչ հիմնարկներում պահվող անչափահասների բարեկեցության շահերից ելնելով ծնողները կամ խնամակալները պետք է նրանց այցելելու իրավունք ունենան:
26.6 Անհրաժեշտ է խրախուսել միջնախարարական և միջգերատեսչական համագործակցությունը` ուղղիչ հիմնարկներում պահվող անչափահասներին համապատասխան ակադեմիական կրթություն կամ, հնարավորության դեպքում, արհեստավարժություն ապահովելու նպատակով, որպեսզի ուղղիչ հիմնարկից դուրս գալուց հետո նրանք լիարժեք կրթություն ունենան:
Մեկնաբանություն
26.1 և 26.2 կանոններում ձևակերպված, ուղղիչ հիմնարկներում պահվող իրավախախտների հետ վարվելաձևի նպատակները պետք է ընդունելի լինեն ցանկացած համակարգի և մշակույթի համար: Սակայն ամենուրեք չէ, որ նրանք կիրառվում են և այդ կապակցությամբ մեծ աշխատանք է սպասվում: Հատկապես ծայրահեղ կարևոր նշանակություն ունեն բժշկական և հոգեբանական ուղղիչ հիմնարկներում պահվող թմրամոլ, ագրեսիվ, հոգեկան հիվանդ երիտասարդների համար:
Անհրաժեշտ է խուսափել մեծահասակ իրավախախտների բացասական ազդեցությունից և պահպանել անչափահասների բարեհաջողությունը ուղղիչ հիմնարկի պայմաններում, ինչպես նախատեսված է 6-րդ Կոնգրեսի 4-րդ բանաձևում (63) շարադրված հիմնական ղեկավարման սկզբունքներից մեկին համապատասխանող 26.3 կանոնում: Այդ կանոնը չի խանգարում պետություններին ընդունելու այլ միջոցներ մեծահասակ իրավախախտների բացասական ազդեցությունների դեմ, որոնք առնվազն նույնքան արդյունավետ են, որքան տվյալ կանոնում նշվածները (տես` նաև 13.4 կանոնը): 26.4 կանոնը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինչպես նշվել է 6-րդ Կոնգրեսում, կին իրավախախտներին հատկացվում է ավելի քիչ ուշադրություն, քան տղամարդ իրավախախտներին: Մասնավորապես 6-րդ Կոնգրեսի 9-րդ բանաձևում (63) կոչ է արվում արդարացի վարվել կին իրավախախտների հետ քրեական արդարադատության իրականացման յուրաքանչյուր փուլում, նաև ազատազրկման ընթացքում հատուկ ուշադրությամբ քննարկել նրանց կոնկրետ պրոբլեմներն ու կարիքները: Դրանք պետք է քննարկվեն նաև 6-րդ Կոնգրեսի Կարակասյան հռչակագրի, որում, մասնավորապես, քրեական արդարադատություն իրականացնելիս հավասարարժեք մոտեցման կոչ է արվում (73), Կանանց հանդեպ խտրականության վերացման հռչակագրի (74) և Կանանց հանդեպ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի (75) լույսի ներքո:
Կալանավորներին այցելելու իրավունքը (26.5 կանոն) բխում է 7.1, 10.1, 15.2 և 18.2 կանոնների դրույթներից: Միջնախարարական և միջգերատեսչական համագործակցությունը (26.6 կանոն) հատուկ կարևոր նշանակություն ունի ուղղիչ հիմնարկներում անչափահասների հետ ընդհանուր վարվելաձևի և նրանց պրոֆեսիոնալ ուսուցման որակի բարձրացման համար:
27. ՄԱԿ-ի կողմից ընդունված Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնների կիրառումը 27.1 Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնները և համապատասխան հանձնարարականները կիրառելիության սահմաններում օգտագործվում են ուղղիչ հիմնարկներում պահվող անչափահաս իրավախախտների նկատմամբ, ներառելով ուղղիչ հիմնարկներում դատավճռի սպասելով կալանքի տակ պահվողներին: 27.2 Անհրաժեշտ է ջանքեր ներդնել` անչափահասների տարիքից, սեռից և անձից ելնող բազմազան կարիքները բավարարելու նպատակով առավել ամբողջականորեն կիրառելու Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոններում շարադրված համապատասխան սկզբունքները:
Մեկնաբանություն
ՄԱԿ-ի կողմից հռչակված` Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնները առաջիններից են այդ տեսակի փաստաթղթերի մեջ: Համընդհանուր խոստովանությամբ, նրանց ներգործությունը զգալի է ողջ աշխարհում: Թեև որոշ երկրներում դրանց կիրառությունը մինչև օրս մնում է որպես ցանկություն, այլ ոչ թե փաստ է դառնում, այնուամենայնիվ, ուղղիչ հիմնարկներում այդ կանոնների օգտագործումը շարունակում է մնալ որպես արդարացի և մարդասիրական կարևոր գործոններից մեկը:
Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոններում արտացոլված են ուղղիչ հիմնարկներում անչափահաս իրավախախտների հետ հիմնական վարվելաձևերից մի քանիսը (կառույցները և նրանց սարքավորումները, ննջարանային պարագաները, հագուստը, դիմումների և բողոքների քննարկումը, արտաքին աշխարհի հետ շփումները, սնունդը, բժշկական սպասարկումը, կրոնական ծեսերի կատարումը, ըստ տարիքային կատեգորիաների բաժանումը, անձնակազմի նկատմամբ պահանջները, աշխատանքը և այլն), նաև` պատժին, կարգապահությանը, վտանգավոր իրավախախտներին զսպելուն վերաբերող ցանկությունը: Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնների փոփոխությունը այն հաշվով, որպեսզի անչափահասների հանդեպ արդարադատության իրականացման վերաբերյալ Նվազագույն ստանդարտ կանոնների գործունեության ոլորտում արտացոլվեին անչափահաս իրավախախտների համար նախատեսված ուղղիչ հաստատություններին միայն բնորոշ հատկանիշները, աննպատակահարմար կլիներ:
27-րդ կանոնում շարադրված են ուղղիչ հաստատություններում գտնվող անչափահասների նկատմամբ անհրաժեշտ պահանջները (27.1 կանոն), ինչպես նաև հաշվի են առնված նրանց տարիքը, սեռը, անձը, զանազան կարիքների բավարարումը (27.2 կանոն): Տրված կանոնի նպատակն ու բովանդակությունը մի շարք առումով համընկնում են Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնների համապատասխան դրույթներին:
28. Պայմանով ազատման կանոնավոր կիրառումը սկզբնական փուլերում
28.1 Ուղղիչ հիմնարկներից պայմանով ազատումը համապատասխան մարմինների կողմից կիրառվում է հնարավորին չափ լայն ընդգրկումով և հնարավորին չափ վաղ ժամկետում:
28.2 Ուղղիչ հիմնարկներից պայմանով ազատված անչափահասները ստանում են համապատասխան մարմնի օգնությունը, գտնվում են հսկողության տակ և պետք է ստանան համայնքների աջակցությունը:
Մեկնաբանություն
Պայմանական ազատման որոշում կայացնելու իրավունքը կարող է տրվել 14.1 կանոնում նշված իշխանության իրավասու մարմնին կամ որևէ այլ մարմնի: Այս դեպքում նպատակահարմար է օգտագործել իշխանության «համապատասխան», քան թե «իրավասու» բնորոշումը:
Եթե հանգամանքները թույլատրում են, պետք է գերադասությունը տալ պայմանով ազատմանը, չպարտադրելով երիտասարդ իրավախախտին իր ժամկետը լրիվ կրելու: Վերադաստիարակության ընթացքը վկայող ցուցանիշների առկայության դեպքում, նույնիսկ ուղղիչ հիմնարկներում տեղավորվելիս, վտանգավոր խախտում կատարած համարվողները կարող են ազատվել պայմանով: Ինչպես և փորձարկման ժամկետի սահմանումը` պայմանով ազատումը կարող է պայմանավորվել համապատասխան մարմինների կողմից դրված պայմանների կատարումով, օրինակ իրավախախտի «լավ վարքագծի» պայման, համայնքների միջոցառումներին մասնակցության պայման, թուլացրած ռեժիմով ուղղիչ հիմնարկներում բնակության պայման և այլն: Իրավախախտին ուղղիչ հաստատությունից պայմանով ազատելու դեպքում անհրաժեշտ է օգնություն և վերահսկողություն նախատեսել պրոբացիայի համակարգի կամ մեկ այլ պաշտոնատար անձի (հատկապես այն երկրներում, ուր պրոբացիոն համակարգը չի գործում) կողմից, ինչպես նաև խրախուսել համայնքի կողմից աջակցություն ցուցաբերելը:
29. Աշխատանքի միջանկյալ ձևերը.
29.1 Պետք է ջանքեր գործադրել աշխատանքի միջանկյալ ձևերի օգտագործման համար, ինչպես թուլացրած ռեժիմով ուղղիչ հիմնարկները, դաստիարակության տները, ցերեկային պատրաստության կանոնները և համանման այլ ձևեր, որոնք կարող են նպաստել հասարակության մեջ անչափահասների ներգրավմանը:
Մեկնաբանություն
Չպետք է թերագնահատել խնամքի կարևորությունը ուղղիչ հիմնարկից ազատվելուց հետո: Տրված կանոնում հատուկ նշվում է միջանկյալ տիպի հիմնարկների ցանցի ստեղծման անհրաժեշտությունը: Այդ կանոնում ընդգծվում է հասարակություն վերադարձող երիտասարդ իրավախախտների զանազան կարիքներն ապահովող տարբեր հիմնարկների և ծառայությունների ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև ղեկավարման համակարգված աջակցության ապահովումը, որպես նրանց` հասարակության կյանքի մեջ վերաներգրավման համար կարևոր միջոց:
ՎԵՑԵՐՈՐԴ ՄԱՍ
ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ, ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
30. Հետազոտումը որպես պլանավորման, մշակման և քաղաքականության գնահատման հիմք.
30.1 Պետք է ջանքեր գործադրել արդյունավետ պլանավորման և քաղաքականության մշակման հիմք հանդիսացող հետազոտական աշխատանքները կազմակերպելու և ընդլայնելու համար:
30.2 Պետք է ջանքեր գործադրել անչափահասների շրջանում կատարվող իրավախախտման և հանցագործության պրոբլեմների և պատճառների, նաև կալանավորման մեջ գտնվող անչափահասների զանազան կոնկրետ կարիքների պարբերական գնահատման և դիտարկման համար:
30.3 Պետք է ջանքեր գործադրել անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացման շրջանակներում գնահատիչ հետազոտությունների կանոնավոր մեխանիզմի ստեղծման և համապատասխան տվյալների ու տեղեկությունների հավաքման և վերլուծության համար, նպատակ ունենալով պատշաճ գնահատել և առավել բարեփոխել ու կատարելագործել արդարադատության իրականացման մեխանիզմը:
30.4 Անչափահասների նկատմամբ արդարադատություն կիրառելիս ծառայությունների մատուցումը պետք է պլանավորել ու իրականացնել, որպես ազգային զարգացման միջոցառումների անբաժանելի մաս:
Մեկնաբանություն
Հետազոտությունների օգտագործումը անչափահասների վերաբերյալ արդարադատության բնագավառի նպատակահարմար քաղաքականության հիմք ստեղծելու համար լայնորեն ընդունվում է որպես գիտական ձեռքբերումների մակարդակին կոնկրետ գործունեության համապատասխանությանը և անչափահասների վերաբերյալ արդարադատության համակարգի մշտապես զարգացմանն ու կատարելագործմանն աջակցող կարևոր մեխանիզմ: Անչափահասների վերաբերյալ արդարադատության բնագավառում քաղաքականության և հետազոտական աշխատանքների միջև փոխադարձ հետադարձ կապը ունի հատուկ կարևոր նշանակություն: Երիտասարդների կյանքի ոճի, նաև անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների ձևերի ու չափերի արագ և հաճախ արմատական փոփոխությունների պայմաններում, հասարակության և արդարադատության հակազդեցությունը իրավախախտումներին և հանցագործություններին` արագորեն դառնում է հնացած ու անհամապատասխան:
Այդ նպատակով 30-րդ կանոնում մատնանշված են այն ստանդարտները, որոնց համապատասխան հետազոտական աշխատանքները կներառվեն անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացման քաղաքականության մշակման գործընթացում: Ներկա կանոնում հատուկ ուշադրություն է դարձվում պարբերական դիտարկումների և գոյություն ունեցող ծրագրերի ու միջոցների գնահատման անհրաժեշտությանը, ինչպես նաև զարգացման ընդհանուր խնդիրների առավել լայն ենթատեքստում կատարվող պլանավորմանը:
Անչափահասների կարիքների, նրանց շրջանակում իրավախախտների խնդիրների և միտումների մշտական գնահատումը` համապատասխան քաղաքականության մեթոդների միջամտության պատշաճ միջոցների մշակման լավացման նախնական պայման է ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական մակարդակներում: Պատասխանատու հիմնարկները պետք է աջակցեն անկախ անձանց և կազմակերպությունների կողմից իրագործվող հետազոտություններին: Նպատակահարմար կլիներ ստանալ ու հաշվառել անչափահասների կարծիքը և ոչ միայն նրանց, որոնք շփման մեջ են արդարադատության համակարգի հետ:
Պլանավորման ընթացքում, մասնավորապես, պետք է առաջ քաշվի անհրաժեշտ ծառայությունների ապահովման ավելի արդյունավետ և արդարացի համակարգի ստեղծումը: Այդ նպատակներով պետք է իրականացվի անչափահասների բազմազան կոնկրետ կարիքների և պրոբլեմների կանոնավոր և համալիր վերլուծություն, առաջնային խնդիրների վերհանմամբ: Դրա հետ կապված անհրաժեշտ է նաև համակարգել գոյություն ունեցող հնարավորությունների, այդ թվում` այլընտրանքների և հասարակական աջակցության օգտագործումը, որը կօժանդակի մշակված ծրագրերի կատարմանը և դրանց վերահսկողության իրականացմանը:
62. Բանաձև 1386 (XIY):
63. Տես` Հանցագործությունների կանխման և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության Վեցերորդ Կոնգրեսը: Կարակաս, 25 օգոստոսի - 5 սեպտեմբերի, 1980 թվական. քարտուղարության պատրաստած զեկույցը (Միավորված ազգերի կազմակերպության հրատարակություն, վաճառվում է R.81.IY.4 համարի տակ), գլուխ 1, բաժին Գ:
64. Տես` Հանցագործությունների կանխմանն ու իրավախախտների հետ վարվեցողությանը նվիրված Միավորված ազգերի կազմակերպության 7-րդ Կոնգրեսի միջտարածաշրջանային նախապատրաստական խորհրդակցության զեկույցը` IY թեմայի առնչությամբ. երիտասարդություն, հանցագործություն և արդարադատություն,, (A/CONF. 121/IPM1):
65. A/CONF. 121/14
66. Բանաձև 1386 (XIY): Տես նաև` Կանանց հանդեպ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Հռչակագիրը (բանաձև 34/180, հավելված); Ռասիզմի և ռասայական խտրականության դեմ պայքարի մասին միջազգային խորհրդակցության Հռչակագիրը, Միջազգային խորհրդակցության զեկույցը` նվիրված ռասիզմի և ռասայական խտրականության դեմ պայքարին, Ժնև, 14-25 օգոստոսի, 1978 թվականի (Միավորված ազգերի կազմակերպության հրատարակություն, վաճառվում է R.79.XIY.2 համարի տակ), գլուխ II); Կրոնի կամ համոզմունքի վրա հիմնված անհանդուրժողականության և խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Հռչակագիրը (բանաձև 36/55); Բանտարկյալների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնները (տես` Մարդու իրավունքները. միջազգային պայմանագրերի ժողովածու) (Միավորված ազգերի կազմակերպության հրատարակություն, վաճառվում է R.83.XIY.1 համարի տակ); Կարակասի Հռչակագիրը (բանաձև 35/171, հավելված); և 9-րդ կանոնը:
67. Տես` Մարդու իրավունքները. միջազգային փաստաթղթերի ժողովածու (Միավորված ազգերի կազմակերպության հրատարակություն, վաճառվում է R.83.XIY.1 համարի տակ):
68. Տես` Տնտեսական և սոցիալական խորհրդի 1985/42 բանաձևը:
69. Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնները և համապատասխան հանձնարարականները ընդունվել են 1955 թվականին [տես` Հանցագործությունների կանխմանն ու իրավախախտների հետ վարվեցողությանը նվիրված Միավորված ազգերի կազմակերպության առաջին Կոնգրեսը, Ժնև, 22 օգոստոսի - 3 սեպտեմբերի, 1955 թվականի. Քարտուղարության պատրաստած զեկույցը (Միավորված ազգերի կազմակերպության հրատարակություն, վաճառվում է 1956.IY.4)]: Տնտեսական և սոցիալական խորհուրդը 1957 թվականի հուլիսի 31-ի իր 663 C (XXIY) բանաձևով հավանություն տվեց նվազագույն ստանդարտ կանոններին, ինչպես նաև, մասնավորապես, պատժիչ և ուղղիչ հիմնարկների անձնակազմի ընտրությանն ու պատրաստմանը վերաբերող հանձնարարականներին և բաց և ուղղիչ հիմնարկներին վերաբերող հանձնարարականներին: Խորհուրդը պետություններին խորհուրդ տվեց դրականորեն քննարկել նվազագույն ստանդարտ կանոններն ընդունելու և կիրառելու հարցը և, ըստ հնարավորի, լիովին ուշադրության առնել հանձնարարականների հաջորդ երկու խումբ` պատժիչ և ուղղիչ հիմնարկների ղեկավարման ընթացքում: Նոր 95-րդ կանոնը մտցվեց` համաձայն Տնտեսական և սոցիալական խորհրդի որոշման` որը բովանդակում է 1977 թվականի մայիսի 13-ի նրա 2076 (LXII) բանաձևը: Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտ կանոնների լրիվ տեքստը զետեղված է Մարդու իրավունքների փաստաթուղթ. Միջազգային պայմանագրերի ժողովածուի մեջ:
70. Թիվ 105 Կոնվենցիան ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր կոնֆերանսը` 1957 թվականի հունիսի 25-ի իր նստաշրջանում: Կոնվենցիայի տեքստի մասին տես` 67-րդ ծանոթագրությունը:
71. Բանաձև 3452 (XXX)
72. Բանաձև 39/46
73. Տես` բանաձև 35/171
74. Բանաձև 2263 (XXII)
75. Բանաձև 34180
