Ոչ պաշտոնական թարգմանություն
ԵԱՀԽ-Ի ՄԱՐԴԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԿՈՊԵՆՀԱԳԵՆԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ
Փ Ա Ս Տ Ա Թ ՈՒ Ղ Թ Ը
ԿՈՊԵՆՀԱԳԵՆ, 1990
Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցության (ԵԱՀԽ) մասնակից պետությունների` Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի Դաշնապետական Հանրապետության, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության, Դանիայի, Թուրքիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, Կանադայի, Կիպրոսի, Հարավսլավիայի, Հունաստանի, Հունգարիայի, Մալթայի, Միացյալ Թագավորության, Մոնակոյի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Չեխոսլովակիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սան Մարինոյի, Սուրբ Աթոռի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները 1990 թվականի հունիսի 5-29-ը խորհրդակցություն անցկացրին Կոպենհագենում` ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի խորհրդաժողովին առնչվող դրույթներին համապատասխան, որոնք բովանդակում է ԵԱՀԽ-ի Վիեննայի հանդիպման ամփոփիչ փաստաթուղթը:
Ալբանիայի ներկայացուցիչը Կոպենհագենի խորհրդակցությանը ներկա էր որպես դիտորդ:
Խորհրդաժողովի առաջին խորհրդակցությունն անցկացվել էր Փարիզում` 1989 թվականի մայիսի 30-ից հունիսի 23-ը:
Կոպենհագենի խորհրդակցությունը բացեց և փակեց Դանիայի արտաքին գործերի նախարարը:
Կոպենհագենի խորհրդակցության պաշտոնական բացմանը ներկա էին Դանիայի Նորին մեծություն արքան և Նորին մեծություն արքայազնը:
Ներածական հայտարարություններ արեցին մասնակից պետությունների նախարարներն ու փոխնախարարները:
ԵԱՀԽ-ի մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների 1990 թվականի հունիսի 5-ի հատուկ նիստում, որը գումարվեց Դանիայի արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ, որոշվեց 1990 թվականի հուլիսի 10-ին Վիեննայում նախապատրաստական կոմիտե հրավիրել նրանց պետությունների ու կառավարությունների ղեկավարների Փարիզի բարձրագույն մակարդակի հանդիպումը նախապատրաստելու համար:
Մասնակից պետությունները մեծ գոհունակությամբ են ողջունում ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի խորհրդաժողովի 1989 թվականին Փարիզում առաջին խորհրդակցության անցկացումից հետո Եվրոպայում տեղի ունեցած արմատական քաղաքական փոփոխությունները: Նրանք նշում են, որ ԵԱՀԽ-ի գործընթացն էապես նպաստում էր այդ փոփոխություններին և որ այդ իրադարձություններն իրենց հերթին զգալիորեն առաջ մղեցին ԵԱՀԽ-ի Եզրափակիչ ակտի և մյուս փաստաթղթերի դրույթների կատարումը:
Նրանք ընդունում են, որ բազմակարծիք ժողովրդավարությունը և իրավական պետությունը էապես անհրաժեշտ են մարդու բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը, մարդկանց միջև շփումների զարգացումը և դրա հետ կապված հասարակական բնույթի մյուս հարցերի լուծումն ապահովելու համար: Ուստի նրանք ողջունում են մասնակից բոլոր պետությունների արտահայտած հավատարմությունը ժողովրդավարության իդեալներին և քաղաքական բազմակարծությանը, ինչպես նաև ազատ ընտրությունների և օրենքի գերակայության հիման վրա ժողովրդավարական հասարակություն կառուցելու նրանց ընդհանուր վճռականությունը:
Կոպենհագենի խորհրդակցությունում մասնակից պետությունները քննարկեցին մարդկային չափանիշի ոլորտում իրենց պարտավորությունների կատարման հարցը: Նրանք այն կարծիքը հայտնեցին, որ ԵԱՀԽ-ի փաստաթղթերի համապատասխան դրույթների բովանդակած պարտավորությունների կատարման աստիճանն էապես աճել է Փարիզի խորհրդակցության անցկացումից հետո: Նրանք, սակայն, նաև այն կարծիքը հայտնեցին, որ անհրաժեշտ է հետագա քայլեր ձեռնարկել մարդկային չափանիշին վերաբերող իրենց պարտավորությունների լրիվ կատարման համար:
Մասնակից պետություններն արտահայտում են իրենց այն համոզմունքը, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները լիովին հարգելը և բազմակարծային ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա հիմնված հասարակությունների զարգացումը անհրաժեշտ պայման են կայուն խաղաղության, անվտանգության, արդարության ու համագործակցության կայուն իրադրություն ստեղծելու գործում, որը նրանք ձգտում են հաստատել Եվրոպայում: Ուստի նրանք հավաստում են իրենց պարտավորությունը` լիովին կատարելու Եզրափակիչ ակտի և ԵԱՀԽ-ի մյուս փաստաթղթերի բոլոր դրույթները, որոնք վերաբերում են մարդկային չափանիշի ոլորտին, և պարտավորություն են ստանձնում այսուհետև էլ մեծացնել արդեն ձեռք բերված առաջընթացը:
Նրանք ընդունում են, որ իրենց փոխհամագործակցությունը, ինչպես նաև առանձին անձանց, խմբերի, կազմակերպությունների և հիմնարկների եռանդուն մասնակցությունը էապես անհրաժեշտ են իրենց ընդհանուր նպատակներին միտված մշտական առաջընթացն ապահովելու համար:
Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգմանը և դրանց իրականացմանը, մարդկանց միջև շփումների զարգացմանը և դրա հետ կապված հասարակական բնույթի այլ հարցերի լուծմանը նպաստելու նպատակով մասնակից պետությունները համաձայնության հանգեցին հետևյալի շուրջ.
I
(1) Մասնակից պետությունները արտահայտում են իրենց այն համոզմունքը, որ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանումն ու խրախուսումը կառավարման հիմնական նպատակներից մեկն են, և հաստատում են, որ այդ իրավունքներն ու ազատություններ ճանաչելը ազատության, արդարության և խաղաղության հիմքն է:
(2) Նրանք լի են վճռականությամբ պաշտպանելու և զարգացնելու արդարության այդ սկզբունքները, որոնք իրավական պետության հիմքն են կազմում: Նրանք այն կարծիքին են, որ իրավական պետությունը նշանակում է ոչ թե պարզապես ձևական օրինականություն, որն ապահովում է կանոնավորությունն ու հետևողականությունը ժողովրդավարական կարգերի հասնելու և պահպանելու խնդրում, այլև արդարություն` հիմնված մարդ անհատի բարձրագույն արժեքի ճանաչման ու լիովին ընդունման վրա և երաշխավորված այն կառույցները գոյացնող հաստատություններով, որոնք ապահովում են դրա առավել լիակատար դրսևորումը:
(3) Նրանք հաստատում են, որ ժողովրդավարությունը իրավական պետության անկապտելի տարրն է: Նրանք ընդունում են բազմակարծության կարևորությունը քաղաքական կազմակերպությունների առնչությամբ:
(4) Նրանք հավաստում են, որ կհարգեն մարդու իրավունքների բնագավառի միջազգային ստանդարտներին համապատասխան իրենց քաղաքական, տնտեսական ու մշակութային համակարգերն ազատորեն ընտրելու և զարգացնելու միմյանց իրավունքը: Իրականացնելով այդ իրավունքը` նրանք կապահովեն, որ իրենց օրենքները, վարչական կանոնները, գործունեությունն ու քաղաքականությունը համապատասխանեն միջազգային իրավունքով իրենց պարտավորությանը և ներդաշնակեն Սկզբունքների հռչակագրի դրույթներին ու ԵԱՀԽ-ի գծով մյուս պարտավորություններին:
(5) Նրանք հանդիսավորությամբ հայտարարում են, որ մարդ անհատին ներհատուկ արժանապատվության լիակատար դրսևորման համար էապես անհրաժեշտ արդարության տարրերի և բոլոր մարդկանց հավասար ու անկապտելի իրավունքների թվին են պատկանում հետևյալները.
(5,1) - ազատ ընտրությունները, որոնք խելամիտ ժամանակամիջոցներ անց անցկացվում են գաղտնի քվեարկությամբ կամ այնպիսի պայմաններում ազատ քվեարկության համարժեք ընթացակարգով, որոնք գործնականորեն ապահովում են ընտրողների կարծիքի ազատ արտահայտումը` իրենց ներկայացուցիչներին ընտրելիս.
(5,2) - կառավարման իր բնույթով ներկայացուցչական ձևը, որի դեպքում գործադիր իշխանությունը հաշվետու է ընտրված օրենսդիր մարմիններին կամ ընտրողներին.
(5,3) - սահմանադրությունը կիրառելու և օրենքի հետ համատեղելիորեն գործելու կառավարությունների և պետական իշխանությունների պարտականությունը.
(5,4) - պետության և քաղաքական կուսակցությունների հստակ բաժանում. մասնավորապես քաղաքական կուսակցությունները չեն միաձուլվի պետության հետ.
(5,5) - կառավարության և վարչակազմի, ինչպես նաև դատական մարմինների գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված համակարգին համապատասխան: Նման համակարգի հարգումը պետք է ապահովված լինի.
(5,6) - զինված ուժերն ու ոստիկանությունը գտնվում են քաղաքացիական իշխանությունների վերահսկողության ներքո և հաշվետու են նրանց.
(5,7) - մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները երաշխավորվելու են օրենքով և համապատասխանելու են միջազգային իրավունքին.
(5,8) - օրենքները` ընդունված համապատասխան հրապարակային ընթացակարգի ավարտին, և վարչական կանոնադրությունները տպագրվում են, ինչը դրանց կիրառման պայմանն է: Այդ տեքստերը մատչելի են լինելու բոլորին.
(5,9) - բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև և օրենքի կողմից` հավասար պաշտպանության իրավունք ունեն առանց որևէ խտրականության: Այդ առնչությամբ օրենքն արգելում է ամեն տեսակ խտրականություն և բոլոր անձանց երաշխավորում է հավասար արդյունավետ պաշտպանություն խտրականությունից` ըստ որևէ հատկանիշի.
(5,10) - ամեն մարդ ունենալու է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ ընդդեմ վարչական որոշումների, որպեսզի երաշխավորվի հիմնարար իրավունքների հարգումը և ապահովվի իրավական համակարգին վնաս չհասցնելը.
(5,11) - որևէ անձի դեմ ուղղված վարչական որոշումները ամբողջովին հիմնավորված են լինելու և որպես կանոն մատնանշելու են իրավական պաշտպանության առկա սովորական միջոցները.
(5,12) - ապահովվում են դատավորների անկախությունը և պետական դատական ծառայության անաչառ գործունեությունը.
(5,13) - փաստաբանների անկախությունը ճանաչվում և պաշտպանվում է մասնավորապես այն բանում, ինչ վերաբերում է նրանց աշխատանքի ընդունելու և գործունեության պայմաններին.
(5,14) - քրեական դատավարությանը վերաբերող նորմերը բովանդակելու են քննության և այն միջոցների նկատմամբ իրավասության հստակ բնորոշումը, որոնք նախորդում և ուղեկցում են նման քննությանը.
(5,15) - քրեական մեղադրանքով կալանավորված կամ ձերբակալված յուրաքանչյուր անձ ունի այն իրավունքը, որ հնարավոր լինի որոշում կայացնել նրա կալանավորման կամ ձերբակալման օրինականության վերաբերյալ, շտապ կարգով հասցվել դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է նման գործառույթ իրականացնելու.
(5,16) - ամեն մարդ իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանք քննելիս կամ որևէ քաղաքացիական դատավարությունում իր իրավունքներն ու պարտականությունները քննարկելիս իրավունք ունի արդարացի և դռնբաց քննության` օրենքի հիման վրա ստեղծված իրավասու, անկախ և անաչառ դատարանի կողմից.
(5,17) - դատական կարգով հետապնդվող ցանկացած անձ իրավունք ունի իրեն պաշտպանել անձամբ կամ առանց հապաղման` իր իսկ ընտրած դատապաշտպանի միջոցով կամ, եթե այդ անձը բավականաչափ միջոցներ չունի դատապաշտպանի ծառայությունների դիմաց վճարելու համար, նման ծառայություններ ստանալ անհատույց, երբ այդ են պահանջում արդարադատության շահերը.
(5,18) - ոչ ոք չի մեղադրվի, դատվի կամ դատապարտվի ինչ-որ քրեական հանցագործության համար, եթե միայն դա չի նախատեսված օրենքով, որը պարզորոշ ու հստակ սահմանում է այդ հանցագործության տարրերը.
(5,19) - ամեն ոք անմեղ է համարվում, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցված օրենքի համաձայն.
(5,20) - կարևոր համարելով միջազգային իրավական միջոցների ներդրումը մարդու իրավունքների բնագավառում` ապահովումն օրենքի գերակայության ազգային մակարդակով, մասնակից պետությունները հաստատում են, որ իրենք կքննարկեն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրին և մյուս համապատասխան միջազգային իրավական գործիքներին միանալու հարցը, եթե նրանք դեռևս չեն արել դա.
(5,21) - իրավական պաշտպանության ներքին միջոցները լրացնելու և մասնակից պետությունների ստանձնած միջազգային պարտավորությունների հարգումն ավելի լավ ապահովելու նկատառումով մասնակից պետությունները կքննարկեն մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարածաշրջանային կամ համապարփակ միջազգային կոնվենցիային միանալու հարցը, ինչպիսիք են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան կամ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից կամընտիր արձանագրությունը, որոնցով միջազգային մարմիններում առանձին անձանց իրավական պաշտպանության ընթացակարգեր են նախատեսվում:
(6) Մասնակից պետությունները հայտարարում են, որ պարբերական և իսկական ընտրությունների ընթացքում ազատորեն և ազնվորեն արտահայտվող ժողովրդի կամքը իշխանության և ցանկացած կառավարության օրինականության հիմքն է: Մասնակից պետությունները համապատասխանաբար հարգում են իրենց քաղաքացիների իրավունքը` մասնակցելու երկրի կառավարմանը անմիջականորեն կամ ներկայացուցիչների միջոցով, որոնց նրանք ազատորեն ընտրում են ազնիվ ընտրությունների ընթացքում: Նրանք ընդունում են իրենց պատասխանատվությունը իրենց օրենքներին, մարդու իրավունքների բնագավառի միջազգային իրավունքի գծով իրենց պարտավորություններին և իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան ժողովրդի կամքի ազատ արտահայտման միջոցով ազատորեն հաստատված ժողովրդավարական կարգերը այն առանձին անձանց, խմբերի կամ կազմակերպությունների գործունեությունից պաշտպանելու և պահպանելու համար, որոնք օգտագործում են կամ հրաժարվում են մերժել ահաբեկչությունը կամ բռնությունը` միտված այդ կարգերի կամ ուրիշ մասնակից պետության նման կարգերի տապալմանը:
(7) Որպեսզի ժողովրդի կամքը կառավարության իշխանության հիմք հանդիսանա, մասնակից պետությունները
(7,1) - ազատ ընտրություններ են անցկացնում խելամիտ պարբերականությամբ, ինչպես դա սահմանված է օրենքով.
(7,2) - հնարավոր են համարում, որ ազգային օրենսդիր մարմնի առնվազն մեկ պալատի բոլոր մանդատները թեկնածուների ազատ մրցակցության օբյեկտ լինեն համաժողովրդական ընտրությունների ընթացքում.
(7,3) - չափահաս քաղաքացիներին երաշխավորում են ընդհանուր և հավասար ընտրական իրավունք.
(7,4) - ապահովում են, որ քվեարկությունն անցկացվի գաղտնի կամ կիրառվի ազատ քվեարկության համարժեք ընթացակարգ և որ քվեների հաշվումն ու դրա մասին հաղորդումը լինեն ազնիվ, իսկ պաշտոնական արդյունքները հրապարակվեն.
(7,5) - հարգում են անձամբ կամ որպես քաղաքական կուսակցությունների կամ կազմակերպությունների ներկայացուցիչներ առանց խտրականության քաղաքական կամ պետական պաշտոնների հասնելու քաղաքացիների իրավունքը.
(7,6) - հարգում են լիակատար ազատության պայմաններում իրենց քաղաքական կուսակցությունները կամ քաղաքական այլ կազմակերպություններ ստեղծելու առանձին անձանց կամ անձանց խմբերի իրավունքը և անհրաժեշտ իրավաբանական երաշխիքներ են ընձեռում նման քաղաքական կուսակցություններին և կազմակերպություններին, որոնք` նրանց հնարավորություն են տալիս միմյանց հետ մրցել օրենքի և իշխանության մարմինների առջև հավասարության հիման վրա.
(7,7) - ապահովում են, որ օրենքն ու պետական քաղաքականությունը թույլ տան քաղաքական համաշարժումների անցկացում ազատության ու ազնվության մթնոլորտում, ոչ մի վարչական գործողություն, բռնություն կամ ահաբեկում կուսակցություններին ու թեկնածուներին հետ չեն պահի իրենց հայացքներն ու գնահատականներն ազատորեն շարադրելուց, ինչպես նաև ընտրողներին չեն խանգարի ծանոթանալ դրանց և քննարկել դրանք կամ քվեարկել ազատորեն, երկյուղ չկրելով պատժից.
(7,8) - ապահովում են, որ ինչ-ինչ իրավաբանական կամ վարչական արգելքներ չստեղծվեն անխտրականության հիման վրա զանգվածային լրատվության միջոցներից անարգել օգտվելու այն բոլոր քաղաքական խմբավորումների և առանձին անձանց առջև, որոնք ցանկանում են մասնակցել ընտրական գործընթացին.
(7,9) - ապահովում են, որ օրենքով սահմանված անհրաժեշտ քանակությամբ քվեներ ստացած թեկնածուները պատշաճ կերպով պաշտոնի անցնեն և կարողանան պաշտոնում մնալ մինչև իրենց լիազորությունների ժամկետի լրանալը կամ մինչև դրանց դադարեցումը այլ կերպ, որը կարգավորվում է օրենքով` ժողովրդավարական խորհրդարանական և սահմանադրական ընթացակարգերին համապատասխան:
(8) Մասնակից պետությունների կարծիքով ինչպես արտասահմանցի, այնպես էլ ազգային դիտորդների ներկայությունը կարող է բարձրացնել ընտրական գործընթացի հեղինակավորությունը այն պետությունների համար, որոնցում անցկացվում են ընտրությունները: Ուստի նրանք դիտորդներ են հրավիրում ԵԱՀԽ-ի ցանկացած այլ մասնակից պետություններից և ցանկացած համապատասխան մասնավոր հիմնարկներից ու կազմակերպություններից, որոնք կցանկանան դա, դիտարկելու իրենց ազգային ընտրությունների ընթացքն այն ծավալով, որ թույլատրվում է օրենքով: Նրանք նաև կձգտեն օժանդակել նույնպիսի ներկայությանը համազգայինից ցածր մակարդակով անցկացվող ընտրական գործընթացին: Նման դիտորդները պարտավորություն կստանձնեն չմիջամտել ընտրական գործընթացին:
II
(9) Մասնակից պետությունները հավաստում են, որ
(9,1) - յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, ներառյալ շփվելու իրավունքը: Այդ իրավունքը ներառում է իր կարծիքին մնալու և առանց պետական իշխանությունների միջամտության և պետական սահմաններից անկախ լրատվություն ու գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը: Այդ իրավունքի իրականացումը կարող է միայն այնպիսի սահմանափակումների առարկա լինել, որոնք սահմանված են օրենքով և համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Մասնավորապես ոչ մի սահմանափակում չի հաստատվի բոլոր տեսակի փաստաթղթերի բազմացման միջոցներից օգտվելու և դրանք օգտագործելու վրա, պահպանելով, այդուհանդերձ, այն իրավունքները, որոնք վերաբերում են մտավոր սեփականությանը, ներառյալ հեղինակային իրավունքը.
(9,2) - յուրաքանչյուր մարդ իրավունք ունի մասնակցելու խաղաղ ժողովների ու ցույցերի: Ցանկացած սահմանափակումներ, որոնք կարող են սահմանվել այդ իրավունքների իրականացման նկատմամբ, նախանշվում են օրենքով և համապատասխանում են միջազգային ստանդարտներին.
(9,3) - միավորման իրավունքը երաշխավորվում է: Արհմիություն ստեղծելու և արհմիության ընդհանուր իրավունքի համեմատ իր անդամակցությունը որոշելու իրավունքը երաշխավորվում է: Այդ իրավունքները բացառում են ամեն տեսակ նախնական վերահսկողություն: Բանվորների համար միավորվելու ազատությունը, ներառյալ գործադուլների ազատությունը, երաշխավորվում է այն սահմանափակումներով, որոնք նախանշված են օրենքով և համապատասխանում են միջազգային ստանդարտներին.
(9,4) - յուրաքանչյուր մարդ իրավունք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության: Այդ իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և իր կրոնը կամ հավատը ինչպես անհատապես, այնպես էլ ուրիշների հետ համատեղ, հրապարակայնորեն կամ մասնավոր կերպով դավանելու ազատությունը` կրոնական և ծիսական արարողություններ սովորելու և կատարելու միջոցով: Այս իրավունքների իրականացումը ենթակա է սոսկ այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և համապատասխանում են միջազգային ստանդարտներին.
(9,5) - նրանք կհարգեն ցանկացած, ներառյալ իր իսկ երկրից հեռանալու և իր երկիր վերադառնալու յուրաքանչյուր մարդու իրավունքը` միջազգային իրավունքի գծով պետության միջազգային պարտավորություններին և ԵԱՀԽ-ի գծով պարտավորություններին համապատասխան: Այս իրավունքի սահմանափակումները խիստ հազվադեպ բացառությունների բնույթ կկրեն, կհամարվեն անհրաժեշտ միայն այն դեպքերում, երբ կհամապատասխանեն կոնկրետ հասարակական պահանջմունքներին, օրինական նպատակ կհետապնդեն և համաչափ կլինեն այդ նպատակին և չարաշահման կամ կամայական կիրառման առարկա չեն լինի.
(9,6) - յուրաքանչյուր մարդ իրավունք ունի խաղաղ օգտագործել իր սեփականությունը` անհատապես կամ ուրիշների հետ համատեղ: Ոչ ոք չի կարող զրկվել իր սեփականությունից, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախորոշվում են հասարակական շահերով և այն պայմաններով, որ նախատեսված են օրենքով և համապատասխանում են միջազգային պարտավորություններին և միջազգային իրավունքի գծով պարտավորություններին:
(10) Հավաստելով մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն իմանալու և դրանց համապատասխան վարվելու և ինքնուրույն կամ ուրիշների հետ համատեղ դրանց զարգացման ու պաշտպանության գործում եռանդուն ավանդ ներդնելու առանձին անձի իրավունքն արդյունավետորեն ապահովելու իրենց պարտավորությունը, մասնակից պետությունները հայտարարում են, որ իրենք պարտավոր են
(10,1) - հարգել յուրաքանչյուրի իրավունքը` ինքնուրույնաբար կամ ուրիշների հետ համատեղ հարցում անելու, ստանալու և ազատորեն հաղորդելու կարծիքներ ու տեղեկություններ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին, ներառյալ նման կարծիքներ ու տեղեկություններ տարածելու իրավունքը.
(10,2) - հարգել յուրաքանչյուրի իրավունքը` ինքնուրույնաբար կամ ուրիշների հետ համատեղ ուսումնասիրելու և քննարկելու մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կիրառման հարցերը և նախապատրաստելու ու քննարկելու մարդու իրավունքների բարելավմանը և մարդու իրավունքների բնագավառում միջազգային ստանդարտների ապահովման ավելի կատարյալ միջոցներին վերաբերող նկատառումներ.
(10,3) - ապահովել, որպեսզի առանձին անձանց թույլատրվի իրականացնել միավորման իրավունքը, ներառյալ ոչ կառավարական այնպիսի կազմակերպություններ ստեղծելու, դրանց միանալու և դրանց գործունեությանը արդյունավետորեն մասնակցելու իրավունքը, որոնք ձգտում են խրախուսել ու պահպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ներառյալ արհմիությունները և մարդու իրավունքների կիրառմանը հետևող խմբերը.
(10,4) - նման խմբերի ու կազմակերպությունների անդամներին թույլ տալ անարգել մուտք ունենալու և կապ պահպանելու նման մարմինների հետ` իրենց երկրներում և նրա սահմաններից դուրս, և միջազգային կազմակերպությունների հետ, կարծիքներ փոխանակելու, շփումներ պահպանելու և համագործակցելու նման խմբերի ու կազմակերպությունների հետ և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խրախուսման և պաշտպանության նպատակով կամավոր ֆինանսական մուծումներ խնդրելու, ստանալու և օգտվելու ազգային ու միջազգային աղբյուրներից, ինչպես դա նախատեսված է օրենքով:
(11) Մասնակից պետությունները այնուհետև հայտարարում են, որ այն դեպքերում, երբ, ինչպես պնդվում է, տեղի է ունեցել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտում, իրավական պաշտպանության եղած արդյունավետ միջոցները ներառում են`
(11,1) - համարժեք իրավաբանական օգնություն պահանջելու և ստանալու առանձին անձի իրավունքը.
(11,2) - մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ուրիշներից օգնություն խնդրելու և ստանալու և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության խնդրում ուրիշներին օգնելու առանձին անձի իրավունքը.
(11,3) - մարդու իրավունքների խախտման պնդումներին վերաբերող տեղեկություններ ստանալու և քննարկելու իրավասությամբ օժտված միջազգային մարմինների հետ կապ պահպանելու առանձին անձանց կամ նրանց անունից գործող խմբերի իրավունքը:
(12) Մասնակից պետությունները, ցանկանալով ապահովել առավել մեծ բացահայտություն Վիեննայի Ամփոփիչ փաստաթղթի ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին վերաբերող բաժնում ստանձնած պարտավորությունների կատարման գործում, որոշում են որպես վստահությունն ամրապնդող միջոցներ ընդունել մասնակից պետությունների կողմից ուղարկվող դիտորդների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց ներկայությունը դատավարություններում, ինչպես դա նախատեսված է ազգային օրենսդրությամբ և միջազգային իրավունքով. ընդսմին ըմբռնվում է, որ դատավարությունները կարող են դռնփակ (in camera) լինել միայն օրենքով նախանշված և միջազգային պարտավորություններին համապատասխանող հանգամանքների առկայության դեպքում:
(13) Մասնակից պետությունները որոշում են ընդունում առանձնահատուկ ուշադրություն դարձնել երեխայի իրավունքների, նրա քաղաքացիական իրավունքների և անձնական ազատությունների, նրա տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների և բռնության ու շահագործման բոլոր ձևերից առանձնահատուկ պաշտպանության նրա իրավունքի ճանաչման վրա: Նրանք քննարկում են Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային միանալու հարցը, եթե դեռևս դա չեն արել, որը պետությունների ստորագրման համար բաց է 1990 թվականի հունվարի 26-ից: Նրանք իրենց ներքին օրենսդրության մեջ ճանաչում են երեխայի իրավունքները, որոնք հաստատված են միջազգային համաձայնագրերում, որոնց կողմերն են հանդիսանում նրանք:
(14) Մասնակից պետությունները համաձայնում են խրախուսել մասնակից այլ պետություններից ուսանողների և աշակերտների, ներառյալ պրոֆեսիոնալ պատրաստություն անցնող անձանց համար ուսուցման պայմաններ ստեղծելը իրենց երկրներում: Նրանք նաև համաձայնում են օժանդակել մյուս մասնակից պետություններում կրթություն ստանալու համար իրենց երկրներից երիտասարդության ուղևորություններին և այդ նպատակով խրախուսել, երբ դա անհրաժեշտ է, իրենց համապատասխան կառավարական հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների միջև երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի կնքմանը:
(15) Մասնակից պետությունները կգործեն այնպես, որ դյուրացնեն դատապարտված անձանց հանձնումը, և մասնակից այն պետություններին, որոնք 1983 թվականի նոյեմբերի 21-ին Ստրասբուրգում ստորագրված Դատապարտված անձանց հանձնելու մասին կոնվենցիայի կողմեր չեն, կմղեն այդ Կոնվենցիային միանալու հարցի քննարկմանը:
(16) Մասնակից պետությունները
(16,1) - հավաստում են խոշտանգումները և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վարվեցողության ու պատժի այլ ձևերն արգելելու, նման գործելակերպի կանխման և դրա համար պատժելու արդյունավետ օրենսդրական, դատական և այլ միջոցներ ձեռնարկելու, առանձին անձանց որևէ հոգեբուժական կամ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները խախտող բժշկական այլ գործունեությունից պաշտպանելու և նման գործունեության կանխման ու դրա համար պատժելու արդյունավետ միջոցներ ձեռնարկելու իրենց պարտավորությանը.
(16,2) - մտադիր են շտապ կարգով քննարկել Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վարվեցողության ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիային միանալու հարցը, եթե նրանք դեռևս չեն արել դա, և Խոշտանգումների դեմ կոմիտեի իրավասությունները Կոնվենցիայի 21 և 22 հոդվածներին համապատասխան ճանաչելու և նրա 20 հոդվածին համապատասխան Կոմիտեի իրավասության վերաբերյալ վերապահումները հանելու հարցը.
(16,3) - ընդգծում են, որ ոչ մի բացառիկ հանգամանք, լինի դա պատերազմական վիճակ թե պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունություն կամ որևէ այլ արտակարգ դրություն, չի կարող խոշտանգումների արդարացում հանդիսանալ.
(16,4) - կապահովեն, որպեսզի խոշտանգումների արգելման վերաբերյալ տեղեկատվությունը և կրթությունը լիովին ընդգրկվեն քաղաքացիական և զինվորական իրավապահ մարմինների աշխատողների, բուժանձնակազմի, պետական ծառայողների և այլ անձանց պատրաստման գործընթացում, որոնք կարող են գործ ունենալ կալանքի տակ պահելու, հարցաքննություն վարելու և կալանավորման, ձերբակալման կամ բանտարկման որևէ ձևի ենթարկված ցանկացած անձի նկատմամբ վարվեցողության հետ.
(16,5) - պարբերաբար կքննարկեն հարցաքննություն վարելու կանոնները, եղանակներն ու գործելակերպը, ինչպես նաև որևէ ձևով կալանավորված, ձերբակալված կամ բանտարկված անձանց կալանքի տակ պահելու կամ նրանց հետ վարվելու պայմանները` իրենց իրավասությանը ենթակա ցանկացած տարածքում, որպեսզի թույլ չտրվի խոշտանգումների որևէ դեպք.
(16,6) - ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին վերաբերող պարտավորությունների արդյունավետ կատարման համաձայնեցված միջոցներին և ընթացակարգերին համապատասխանող պատշաճ գործողություններ ձեռնարկելու համար առաջնահերթ կարգով քննարկման կընդունեն խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վարվեցողության ու պատժի այլ ձևերի ցանկացած դեպքեր, որոնց մասին նրանց հայտնի է դարձել պաշտոնական ուղիներով կամ տեղեկատվության որևէ այլ հուսալի աղբյուրից.
(16,7) - կգործեն այն ըմբռնումով, որ որևէ ձևով խոշտանգումների և անմարդկային կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնող վարվեցողության ու պատժի այլ ձևերի ենթարկվող ցանկացած անձի կյանքի ու անվտանգության պահպանումն ու երաշխիքը միակ չափանիշը կլինեն դրությունը շտկելու համար պատշաճ միջոցներ կիրառելու հրատապությունն ու առաջնահերթությունը որոշելիս. ուստի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վարվեցողության ու պատժի այլ ձևերի ցանկացած դեպքերի քննարկումը որևէ այլ միջազգային մարմնի կամ մեխանիզմի շրջանակներում չի կարող հիմք հանդիսանալ ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին վերաբերող պարտավորությունների արդյունավետ կատարման համաձայնեցված միջոցներին և ընթացակարգերին համապատասխան պատշաճ գործողությունների քննարկումից ու ձեռնարկումից ձեռնպահ մնալու համար:
(17) Մասնակից պետությունները
(17,1) - հիշեցնում են մահապատժի հարցը քննարկման թողնելու և համապատասխան միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցելու` Վիեննայի Ամփոփիչ փաստաթղթով ստանձնած պարտավորության մասին.
(17,2) - այդ համատեքստում հիշեցնում են 1989 թվականի դեկտեմբերի 15-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ընդունած Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից երկրորդ կամընտիր արձանագրության մասին, որը նպատակ ունի վերացնել մահապատիժը.
(17,3) - նշում են մահապատժի կիրառմանը վերաբերող սահմանափակումներն ու երաշխիքները, որոնք ընդունվել են միջազգային հանրության կողմից, մասնավորապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածում.
(17,4) - նշում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային կից վեցերորդ արձանագրության դրույթները, որոնք վերաբերում են մահապատժի վերացմանը.
(17,5) - նշում են վերջին ժամանակներս մահապատիժը վերացնելու նպատակով մի շարք մասնակից պետությունների ձեռնարկած միջոցները.
(17,6) - նշում են որոշ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը մահապատժի հարցի առնչությամբ.
(17,7) - Մարդկային չափանիշին նվիրված խորհրդաժողովի շրջանակներում տեղեկություններ կփոխանակեն մահապատիժը վերացնելու հարցի շուրջ և կշարունակեն քննարկել այդ հարցը.
(17,8) - հասարակայնությանը տեղեկություններ կտրամադրեն մահապատժի կիրառման վերաբերյալ:
(18) Մասնակից պետությունները
(18,1) - նշում են, որ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողովը ճանաչել է խղճի թելադրանքով զինվորական ծառայությունից հրաժարվելու յուրաքանչյուրի իրավունքը.
(18,2) - նշում են վերջին ժամանակներս մի շարք մասնակից պետությունների ձեռնարկած միջոցները` խղճի թելադրանքով հրաժարվելու հիման վրա պարտադիր զինծառայությունից ազատել թույլատրելու նպատակով.
(18,3) - նշում են որոշ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը խղճի թելադրանքով պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու առնչությամբ.
(18,4) - համաձայնում են քննարկել այլընտրական ծառայության տարբեր ձևեր մտցնելու հարցը, որտեղ դա դեռևս չի արված, որոնք համատեղելի են խղճի թելադրանքով հրաժարվելու դրդապատճառների հետ, ընդ որում այլընտրական ծառայության նման ձևերը սկզբունքորեն կապված չեն լինի մարտական զորամասերում ծառայելու հետ կամ քաղաքացիական բնույթ կունենան, կլինեն հանրօգուտ և որևէ պատժի բնույթ չեն կրի.
(18,5) - այդ հարցի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել հասարակայնությանը մատչելի.
(18,6) - Մարդկային չափանիշին նվիրված խորհրդաժողովի շրջանակներում քննարկման կթողնեն համապատասխան հարցերը` կապված խղճի թելադրանքով զինված ուժերում ծառայելուց հրաժարվելու հիման վրա առանձին անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հետ, որտեղ այդպիսին գոյություն ունի, և տեղեկատվություն կփոխանակեն այդ հարցի շուրջ:
(19) Մասնակից պետությունները հաստատում են, որ ավելի ազատ տեղաշարժվելը և իրենց քաղաքացիների շփումները կարևոր նշանակություն ունեն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու զարգացման համատեքստում: Նրանք կապահովեն, որ իրենց տարածք մուտք գործելու նկատմամբ իրենց քաղաքականությունը լիովին համապատասխանի այն նպատակներին, որոնք շարադրված են Եզրափակիչ ակտի, Մադրիդի ամփոփիչ փաստաթղթի համապատասխան դրույթներում: Հավաստելով ԵԱՀԽ-ի փաստաթղթի բովանդակած պարտավորություններից չընկրկելու իրենց վճռականությունը, նրանք պարտավորվում են լիովին կատարել և կատարելագործել ներկայիս պարտավորությունները մարդկանց շփումների ասպարեզում, այդ թվում` երկկողմ և բազմակողմ սկզբունքի հիման վրա: Այս համատեքստում նրանք
(19,1) - կձգտեն իրենց տարածք մուտք գործելու ընթացակարգերը, ներառյալ այցեհրավերներ տալը, անձնագրային և մաքսային վերահսկողությունը իրականացնել բարեխղճորեն և առանց չարդարացված ձգձգումների: Այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, նրանք կկրճատեն այցեհրավերներ տալու մասին որոշումներ ընդունելու ժամկետները, ինչպես նաև կպարզեցնեն գործելակերպը և կկրճատեն վարչական պահանջները այցեհրավերներ ստանալու խնդրագրերի հարցում.
(19,2) - այցեհրավերներ ստանալու դիմումները քննարկելիս կապահովեն, որ այդ գործընթացը հնարավորին չափ արագ լինի, որպեսզի մասնավորապես պատշաճ կերպով հաշվի առնվեն ընտանեկան, անձնական կամ մասնագիտական կարևոր նկատառումները, հատկապես մարդասիրական բնույթի հրատապ դեպքերում.
(19,3) - կջանան, որպեսզի այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, այցեհրավերներ տալու դիմումների հետ կապված տուրքերը նվազեցվեն մինչև ամենացածր հնարավոր մակարդակի:
(20) - Շահագրգիռ մասնակից պետությունները կխորհրդակցեն և, որտեղ դա նպատակահարմար է, կհամագործակցեն այն խնդիրները քննարկելիս, որոնք կարող են ծագել մարդկանց աճած տեղաշարժերի հետևանքով:
(21) Մասնակից պետությունները առաջարկում են ԵԱՀԽ-ի Հելսինկիում կայանալիք հաջորդ հանդիպմանը քննարկել հյուպատոսական թեմատիկայի գծով փորձագետների խորհրդակցություն անցկացնելու նպատակահարմարության հարցը:
(22) Մասնակից պետությունները հավատում են, որ տարագիր բանվորների իրավունքների պաշտպանությունն ու խրախուսումը ունեն իրենց մարդկային չափանիշը: Այս համատեքստում նրանք
(22,1) - համաձայնում են, որ տարագիր բանվորների պաշտպանությունն ու խրախուսումը բոլոր մասնակից պետությունների խնդիրն է, և դրանք, որպես այդպիսիք, պետք է քննարկվեն ԵԱՀԽ-ի գործընթացի շրջանակներում.
(22,2) - հավաստում են իրենց ներքին օրենսդրության մեջ տարագիր բանվորների իրավունքները լիովին ապահովելու իրենց պարտավորությունը, որոնք նախատեսված են միջազգային համաձայնագրերով, որոնց մասնակիցներն են իրենք.
(22,3) - այն կարծիքին են, որ տարագիր բանվորների իրավունքներին վերաբերող ապագա միջազգային միջոցներում իրենք պետք է հաշվի առնեն այն փաստը, որ տվյալ հարցը կարևոր է իրենց բոլորի համար.
(22,4) - պատրաստակամություն են հայտնում ԵԱՀԽ-ի ապագա խորհրդակցությունում ուսումնասիրել տարագիր բանվորների և նրանց ընտանիքների իրավունքների հետագա խրախուսման համապատասխան ասպեկտները:
(23) Մասնակից պետությունները հավաստում են Վիեննայի Ամփոփիչ փաստաթղթում իրենց արտահայտած այն համոզմունքը, որ տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների, ինչպես նաև քաղաքացիական ու քաղաքական իրավունքների խրախուսումը առաջնահերթ նշանակություն ունի մարդկային արժանապատվության ապահովման և յուրաքանչյուր մարդու օրինական իղձերի իրականացման համար: Նրանք նաև հավաստում են Եվրոպայի տնտեսական համագործակցության Բոննի խորհրդաժողովի փաստաթղթով իրենց ընդունած պարտավորությունը` նպաստելու սոցիալական արդարության խրախուսմանը և բարելավելու կյանքի ու աշխատանքի պայմանները: Հարկ եղած բոլոր միջոցներով տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների լիակատար իրականացմանը աստիճանաբար հասնելու նպատակով իրենց ջանքերը շարունակելու համատեքստում նրանք առանձնակի ուշադրություն կդարձնեն զբաղվածության, բնակարանով ապահովման, սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության ու մշակույթի բնագավառի խնդիրներին:
(24) Մասնակից պետությունները կապահովեն, որ մարդու բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացումը, որոնք շարադրված են վերը, չդառնա և ոչ մի սահմանափակման օբյեկտ, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և համապատասխանում են միջազգային իրավունքի, մասնավորապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի գծով իրենց պարտավորություններին և նրանց միջազգային պարտավորություններին, մասնավորապես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի գծով: Այդ սահմանափակումները բացառությունների բնույթ են կրում: Մասնակից պետությունները կապահովեն, որ այդ սահմանափակումները չչարաշահվեն և կիրառվեն ոչ թե կամայականորեն, այլ այնպես, որ ապահովվի այդ իրավունքների արդյունավետ իրականացումը: Ժողովրդավարական հասարակության մեջ իրավունքների և ազատությունների ցանկացած սահմանափակում պետք է շաղկապվի կիրառվող օրենքի նպատակներից մեկի հետ և պետք է խստիվ համապատասխանի այդ օրենքի նախանշմանը:
(25) Մասնակից պետությունները հավաստում են, որ արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին վերաբերող պարտավորություններից ցանկացած ընկրկում պետք է խստագույնս մնա այն շրջանակներում, որոնք նախատեսված են միջազգային գործիքներով, որոնց մասնակիցներն են իրենք, հատկապես այն իրավունքներին վերաբերող խնդրում, որոնցից շեղումներ լինել չեն կարող: Նրանք նաև հավաստում են, որ
(25,1) - նման պարտավորություններից շեղում հանդիսացող միջոցառումները պետք է ձեռնարկվեն այդ միջոցներում շարադրված ընթացակարգային պահանջներին խստիվ համապատասխան.
(25,2) - արտակարգ դրություն մտցնելը պետք է հայտարարվի պաշտոնապես, հրապարակայնորեն և օրենքով ամրագրված դրույթներին համապատասխան.
(25,3) - պարտավորություններից շեղում հանդիսացող միջոցառումները խստիվ կսահմանափակվեն այն շրջանակներում, որ պահանջում է դրության սրությունը.
(25,4) - նման միջոցառումները չեն հանգեցնի խտրականության` բացառապես ռասայական պատկանելության, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, սոցիալական ծագման կամ փոքրամասնությանը պատկանելու հիման վրա:
III
(26) Մասնակից պետությունները ընդունում են, որ կենսունակ ժողովրդավարությունը կախված է ժողովրդավարական արժեքների ու փորձի` որպես ազգային կյանքի բաղկացուցիչ մասի, ինչպես նաև ժողովրդավարական հաստատությունների լայն շրջանակի գոյությունից: Ուստի նրանք կխրախուսեն, կհեշտացնեն և այնտեղ, որտեղ դա նպատակահարմար է կպաշտպանեն համատեղ գործնական ջանքերն իրենց միջև տեղեկատվության, գաղափարների ու փորձի փոխանակումը այն բնագավառներում առանձին անձանց, խմբերի և կազմակերպությունների անմիջական շփումների ու համագործակցության շրջանակներում, որոնք ներառում են`
. սահմանադրական իրավունքը, բարենորոգումներն ու զարգացումը,
. ընտրությունների, դրանց անցկացման ու դիտարկման մասին օրենսդրությունը,
. դատարանների և իրավական համակարգերի ստեղծումն ու դրանց կառավարումը,
. անաչառ և արդյունավետ պետական ծառայության զարգացումը, որի շրջանակներում աշխատանքի ընդունելն ու ծառայության գծով առաջխաղացումը հիմնվում են աշխատողների անձնական արժանիքները հաշվի առնող համակարգի վրա,
. օրենքների կենսագործումը,
. տեղական կառավարումն ու ապակենտրոնացումը,
. տեղեկատվության մատչելիությունը և գաղտնիության ապահովումը,
. կազմավորվող քաղաքական կուսակցությունները և նրանց դերը բազմակարծ հասարակություններում,
. ազատ և անկախ արհմիությունները,
. կոոպերատիվ շարժումները,
. հասարակական շահեր հետապնդող ազատ միավորման և խմբերի այլ ձևերի զարգացումը,
. ժուռնալիստական, զանգվածային լրատվության անկախ միջոցները, մտավոր և մշակութային կյանքը,
. ժողովրդավարական արժեքների, հաստատությունների ու փորձի մասին գիտելիքների դասավանդումը ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ազատ ճանաչողության մթնոլորտի ապահովումը:
Նման ջանքերը կարող են ընդգրկել ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի շրջանակներում համագործակցության գունապնակը, ներառյալ ուսուցումը, տեղեկատվության, գրքերի և ուսումնական նյութերի փոխանակումը, համատեղ ծրագրերն ու նախագծերը, գիտական և մասնագիտական հետազոտությունների համար դրամական օժանդակությունները, փորձագետների գիտելիքների և խորհրդատվական սպասարկումների տրամադրումը, գործարարական և գիտական շփումներն ու ծրագրերը:
(27) Մասնակից պետությունները կօժանդակեն նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության բնագավառի ազգային անկախ հաստատությունների ստեղծմանն ու ամրապնդմանը, որոնք կարող են հանդես գալ նաև որպես մասնակից պետությունների նման հաստատությունների համագործակցության և փոխկապակցման կենտրոններ: Նրանք առաջարկում են խրախուսել մասնակից պետությունների խորհրդարանականների համագործակցությունը, այդ թվում` գոյություն ունեցող միջխորհրդարանական միավորումների միջոցով և մասնավորապես համատեղ հանձնաժողովների, խորհրդարանականների մասնակցությամբ հեռուստաբանավեճերի, «կլոր սեղանի» շուրջ հանդիպումների ու քննարկումների միջոցով: Նրանք նաև կխրախուսեն գոյություն ունեցող հիմնարկներին, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպության համակարգի կազմակերպությունները և Եվրախորհուրդը, շարունակելու և ընդլայնելու իրենց սկսած աշխատանքը այդ բնագավառում:
(28) Մասնակից պետությունները կարևոր են համարում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների բնագավառի Եվրախորհրդի փորձը և համաձայնում են ուսումնասիրել հետագա ուղիներն ու միջոցները, որոնք Եվրախորհրդին հնարավորություն կընձեռեն իր ավանդը ներդնելու ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի խնդրում: Նրանք համաձայնում են, որ այդ ներդրման բնույթը կարող է հետագայում ուսումնասիրվել ԵԱՀԽ-ի ապագա համաժողովներից մեկում:
(29) Մասնակից պետությունները կքննարկեն մասնակից պետությունների կենսունակ ժողովրդավարական հաստատությունները պահպանելու և զարգացնելու բնագավառի համագործակցության միջոցների քննության ու քննարկման համար փորձագետների խորհրդակցություն կամ սեմինար հրավիրելու գաղափարը, մասնավորապես օգտագործելով այդ բնագավառում Եվրախորհրդի կուտակած փորձը և «Ժողովրդավարություն օրենքի միջոցով» հանձնաժողովի գործունեությունը:
IY
(30) Մասնակից պետությունները ընդունում են, որ ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերը կարող են բավարար չափով լուծվել միայն օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական քաղաքական շրջանակներում, անկախ դատական համակարգի գործունեության պայմաններում: Այդ շրջանակները երաշխավորում են Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները լիովին հարգելը, բոլոր քաղաքացիների հավասար իրավունքներն ու դիրքը, նրանց բոլոր օրինական շահերի ու իղձերի ազատ արտահայտումը, քաղաքական բազմակարծությունը, սոցիալական հանդուրժողականությունը և այն իրավական նորմերի կատարումը, որոնք արդյունավետ արգելքներ են դնում պետական իշխանությունը չարաշահելու ճանապարհին:
Նրանք ճանաչում են նաև ոչ կառավարական կազմակերպությունների, ներառյալ քաղաքական կուսակցությունների, արհմիությունների, մարդու իրավունքների կազմակերպությունների և կրոնական խմբերի կարևոր դերը հանդուրժողականության, մշակութային բազմազանության խրախուսման և ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերի լուծման խնդրում:
Նրանք այսուհետև հաստատում են, որ ազգային փոքրամասնությունների թվին պատկանող անձանց իրավունքների` որպես մարդու հանրաճանաչ իրավունքների մի մասի հարգումը մասնակից պետությունների խաղաղության, արդարության կայունության և ժողովրդավարության էական գործոնն է:
(31) Ազգային փոքրամասնությունների թվին պատկանող անձինք իրավունք ունեն լիովին և արդյունավետորեն իրականացնելու մարդու իրենց իրավունքներն ու հիմնարար ազատությունները` առանց որևէ խտրականության և օրենքի առջև լիակատար հավասարության պայմաններում: Մասնակից պետությունները, անհրաժեշտության դեպքում, հատուկ միջոցներ կձեռնարկեն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացման և դրանցից օգտվելու խնդրում ազգային փոքրամասնությունների թվին պատկանող անձանց մյուս քաղաքացիների հետ լիակատար հավասարություն երաշխավորելու նպատակով:
(32) Ազգային փոքրամասնությանը անձի պատկանելությունը նրա անձնական ընտրության առարկան է, և ոչ մի տհաճ հետևանքներ չեն կարող ծագել նման ընտրություն կատարելուց:
Ազգային փոքրամասնությունների թվին պատկանող անձինք իրավունք ունեն ազատորեն արտահայտելու, պահպանելու և զարգացնելու իրենց էթնիկական, մշակութային, լեզվական կամ կրոնական ինքնատիպությունն ու պահպանել և զարգացնել իրենց մշակույթը նրա բոլոր կողմերով, չենթարկվելով իրենց կամքին հակառակ ձուլման որևէ փորձի: Մասնավորապես նրանք իրավունք ունեն
(32,1) - իրենց մայրենի լեզվից ազատորեն օգտվել անձնական ու հասարակական կյանքում.
(32,2) - ստեղծել և պահպանել իրենց սեփական կրթական, մշակութային ու կրոնական հաստատությունները, կազմակերպությունները կամ միավորումները, որոնք կարող են որոնել կամավոր ֆինանսական և այլ օգնություն, ինչպես նաև պետական աջակցություն` ազգային օրենսդրություններին համապատասխան.
(32,3) - դավանել իրենց կրոնը, այդ թվում` ձեռք բերել, ունենալ և օգտագործել կրոնական նյութեր և կրոնական գործունեություն իրականացնել իրենց մայրենի լեզվով կրթության բնագավառում.
(32,4) - անարգել շփումներ հաստատել ու պահպանել միմյանց միջև իրենց երկրի սահմաններում, ինչպես նաև սահմանից դուրս` ուրիշ պետությունների քաղաքացիների հետ, որոնց հետ նրանք ընդհանուր էթնիկական կամ ազգային ծագում, մշակութային ժառանգություն կամ կրոնական հավատալիքներ ունեն.
(32,5) - լրատվություն տարածել, դրանից օգտվելու հնարավորություն ունենալ և տեղեկություններ փոխանակել իրենց մայրենի լեզվով.
(32,6) - ստեղծել և պահպանել կազմակերպություններ կամ միավորումներ իրենց երկրի սահմաններում և մասնակցել միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությանը:
Ազգային փոքրամասնությունների թվին պատկանող անձինք կարող են իրենց իրավունքներն իրականացնել և դրանցից օգտվել անհատապես, ինչպես նաև իրենց խմբի այլ անդամների հետ համատեղ: Ազգային փոքրամասնությունների թվին պատկանող անձանց համար չի կարող ոչ մի տհաճ հետևանք ծագել այդ իրավունքներից ցանկացածի իրականացման կամ չիրականացման պատճառով:
(33) Մասնակից պետությունները կպաշտպանեն ազգային փոքրամասնությունների էթնիկական, մշակութային, լեզվական և կրոնական ինքնատիպությունը իրենց տարածքում և պայմաններ կստեղծեն այդ ինքնատիպության խրախուսման համար: Այդ նպատակով նրանք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն հարկ եղած խորհրդատվություններ անցկացնելուց հետո, ներառյալ այդ փոքրամասնությունների կազմակերպությունների կամ միավորումների հետ շփումները, յուրաքանչյուր պետության որոշումների կայացման ընթացակարգին համապատասխան:
Նման ամեն տեսակ միջոցառումները կհամապատասխանեն հավասարության և համապատասխան մասնակից պետությունների մյուս քաղաքացիների նկատմամբ անխտրականության սկզբունքներին:
(34) Մասնակից պետությունները կձգտեն երաշխավորել, որ ազգային փոքրամասնությունների թվին պատկանող անձինք, համապատասխան պետության պաշտոնական լեզուն կամ պաշտոնական լեզուները սովորելու անհրաժեշտությունից անկախ, պատշաճ հնարավորություններ ունենան սովորելու իրենց մայրենի լեզուն կամ իրենց մայրենի լեզվով, ինչպես նաև այնտեղ, որտեղ դա հնարավոր է ու անհրաժեշտ, պետական մարմիններում այդ լեզուն օգտագործելու` կիրառվող ազգային օրենսդրությանը համապատասխան:
Ուսումնական հաստատություններում պատմության ու մշակույթի դասավանդման համատեքստում նրանք նաև նկատի կունենան ազգային փոքրամասնությունների պատմությունն ու մշակույթը:
(35) Մասնակից պետությունները կհարգեն պետական գործերին արդյունավետորեն մասնակցելու, ներառյալ այդ փոքրամասնությունների ինքնատիպության պաշտպանությանն ու խրախուսմանը վերաբերող գործերին մասնակցելու` ազգային փոքրամասնությունների թվին պատկանող անձանց իրավունքը:
Մասնակից պետությունները նշում են որոշակի ազգային փոքրամասնությունների էթնիկական, մշակութային, լեզվական ու կրոնական ինքնատիպության խրախուսման համար պայմաններ ստեղծելու և պաշտպանելու նպատակով ձեռնարկված ջանքերը` որպես այդ նպատակներին հասնելու հնարավոր միջոցներից մեկը, շահագրգռված պետության քաղաքականությանը համապատասխան, կառավարման պատշաճ տեղական կամ ինքնավար մարմիններ ստեղծելու միջոցով, որոնք կհամապատասխանեն տվյալ փոքրամասնությունների պատմական և տարածքային կոնկրետ պայմաններին:
(36) Մասնակից պետություններն ընդունում են ազգային փոքրամասնությունների հարցերում նրանց կառուցողական համագործակցության զարգացման առանձնակի կարևորությունը: Նման համագործակցության նպատակն է նպաստել փոխըմբռնմանն ու վստահությանը, բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններին, միջազգային խաղաղությանը, անվտանգությանն ու արդարությանը:
Յուրաքանչյուր մասնակից պետություն կօժանդակի իր տարածքում ապրող բոլոր անձանց (առանց էթնիկական կամ ազգային ծագման կամ կրոնի խտրության) փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, համագործակցության ու համերաշխության մթնոլորտին և կխրախուսի խնդիրների կարգավորումը օրենքի գերակայության սկզբունքների վրա հիմնված երկխոսության միջոցով:
(37) Այս դրույթներից ոչ մեկը չի կարող մեկնաբանվել որպես ցանկացած գործունեությամբ զբաղվել կամ ցանկացած գործողություն իրականացնել ենթադրող իրավունք` ի հակասումն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության նպատակների ու սկզբունքների, միջազգային իրավունքի գծով մյուս պարտավորությունների կամ Եզրափակիչ ակտի դրույթների, ներառյալ պետության տարածքային ամբողջականության սկզբունքը:
(38) Մասնակից պետությունները ազգային փոքրամասնությունների թվին պատկանող անձանց իրավունքները պաշտպանելու և խրախուսելու իրենց ջանքերով լիովին կկատարեն իրենց պարտավորությունները` մարդու իրավունքների վերաբերյալ գոյություն ունեցող կոնվենցիաների և մյուս համապատասխան միջազգային միջոցների համաձայն, և կքննարկեն համապատասխան կոնվենցիաներին միանալու հարցը, եթե նրանք դա դեռևս չեն արել, ներառյալ առանձին անձանց գանգատվելու իրավունք նախատեսող կոնվենցիաները:
(39) Մասնակից պետությունները սերտորեն կհամագործակցեն իրավասու միջազգային կազմակերպություններում, որոնց անդամն են նրանք, ներառյալ Միավորված ազգերի կազմակերպությունը և համապատասխան դեպքերում` Եվրախորհուրդը, նկատի առնելով նրանց կողմից տարվող աշխատանքը այն հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են ազգային փոքրամասնություններին:
Նրանք քննության կառնեն ազգային փոքրամասնությունների հարցի համակողմանի քննարկման համար փորձագետների խորհրդակցություն գումարելու հարցը:
(40) Մասնակից պետությունները պարզորոշ և անվերապահորեն դատապարտում են ամբողջատիրությունը, ցեղային և էթնիկական ատելությունը, հրեատյացությունը, այլավախությունը և խտրականությունը որևէ մեկի նկատմամբ, ինչպես նաև կրոնական կամ գաղափարախոսական շարժառիթներով հալածելը: Այս համատեքստում նրանք ընդունում են նաև ռոմանների (գնչուների) առանձնահատուկ խնդիրները:
Նրանք հայտարարում են, որ հաստատ մտադիր են աշխուժացնել այդ երևույթների դեմ դրանց բոլոր դրսևորումներով հանդերձ պայքարելու իրենց ջանքերը, ուստի և
(40,1) - արդյունավետ միջոցներ կձեռնարկեն, ներառյալ իրենց սահմանադրական համակարգերին և իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան այնպիսի օրենքների ընդունումը, որոնք կարող են անհրաժեշտ լինել ապահովելու պաշտպանությունը ցանկացած ձեռնարկումներից, որոնք իրենցից ներկայացնում են բռնության հրահրում անձանց կամ խմբերի դեմ` հիմնված ազգային, ռասայական, էթնիկական կամ կրոնական խտրականության, թշնամանքի կամ ատելության վրա, ներառյալ հրեատյացությունը.
(40,2) - պարտավորություն կստանձնեն պատշաճ և համապատասխան միջոցներ ձեռնարկել պաշտպանելու համար այն անձանց կամ խմբերին, որոնք կարող են խտրականության, թշնամանքի կամ բռնության սպառնալիքների ենթարկվել իրենց ռասայական, էթնիկական, մշակութային, լեզվական կամ կրոնական ինքնատիպության հետևանքով, և պաշտպանելու համար նրանց սեփականությունը.
(40,3) - իրենց սահմանադրական համակարգերին համապատասխան արդյունավետ միջոցներ կձեռնարկեն ազգային, կրոնական և տեղական մակարդակներով փոխըմբռնմանն ու հանդուրժողականությանը նպաստելու համար, հատկապես կրթության, մշակույթի և լրատվության բնագավառներում.
(40,4) - կձգտեն ապահովել, որպեսզի կրթության խնդիրների շրջանակներում առանձնակի ուշադրություն դարձվի ռասայական նախապաշարմունքների ու ատելության խնդրին և տարբեր քաղաքակրթությունների ու մշակույթների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը.
(40,5) - կճանաչեն յուրաքանչյուր անձի իրավունքը իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների նկատմամբ և կձգտեն ազգային օրենսդրությանը համապատասխան ճանաչել խտրականության ձեռնարկումների, ներառյալ ցեղապաշտության և այլավախության ակտերի առթիվ գանգատներով հանդես գալու կամ գանգատները պաշտպանելու շահագրգիռ անձանց կամ խմբերի իրավունքը.(40,6) - կքննարկեն այն միջազգային փաստաթղթերին միանալու հարցը, եթե դա դեռևս չեն արել, որոնցում քննության է առնվում խտրականության խնդիրը, և կապահովեն դրանց գծով ստանձնած պարտավորությունների, ներառյալ այն պարտավորությունների լրիվ կատարումը, որոնք վերաբերում են պարբերաբար զեկուցագրեր ներկայացնելուն.
(40,7) - քննության կառնեն նաև այն միջազգային մեխանիզմները ճանաչելու հարցը, որոնք պետություններին և առանձին անձանց թույլ են տալիս խտրականությանը վերաբերող հաղորդումներ ուղարկել միջազգային մարմիններ:
Y
(41) Մասնակից պետությունները հավաստում են իրենց համախոհությունը ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին և ընդգծում դրա կարևորությունը որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության նկատմամբ հաշվեկշռված մոտեցման բաղկացուցիչ մաս: Նրանք համաձայն են, որ ԵԱՀԽ-ի Մարդկային չափանիշի խորհրդաժողովը և մարդկային չափանիշի մեխանիզմը, ինչպես դրանք սահմանված են Վիեննայի Ամփոփիչ փաստաթղթի ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի մասին բաժնում, ցուցադրեցին իրենց արժեքը որպես իրենց երկխոսությունն ու համագործակցությունն առաջ տանելու և համապատասխան կոնկրետ հարցերի լուծմանն օժանդակելու եղանակներ: Նրանք արտահայտում են իրենց այն համոզմունքը, որ այդ եղանակները պետք է շարունակվեն ու զարգացվեն` որպես ԵԱՀԽ-ի խորացող գործընթացի բաղկացուցիչ մաս:
(42) Մասնակից պետություններն ընդունում են ընթացակարգերի արդյունավետության հետագա բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես որ դրանք սահմանված են Վիեննայի Ամփոփիչ փաստաթղթի ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի մասին բաժնի 1-4 կետերում, և այդ նպատակով որոշում են.
(42,1) - հնարավորին չափ կարճ ժամկետում, բայց ոչ ուշ, քան չորս շաբաթ անց, գրավոր պատասխաններ տալ տեղեկությունների մասին հարցապնդումներին և դիմումներին, որ գրավոր նրանց են հասցեագրել մյուս մասնակից պետությունները 1-ին կետին համապատասխան.
(42,2) - որ 2-րդ կետով նախատեսված երկկողմ հանդիպումները կանցկացվեն հնարավորին չափ շուտ, որպես կանոն` հարցապնդման օրվանից սկսած երեք շաբաթվա ընթացքում.
(42,3) - 2-րդ կետին համապատասխան անցկացվող երկկողմ հանդիպումների ընթացքում ձեռնպահ մնալ այն իրավիճակների ու դեպքերի մասին հարց դնելուց, որոնք կապված չեն այդ հանդիպումների առարկայի հետ, եթե միայն երկու կողմերը չպայմանավորվեն դրա շուրջ:
(43) Մասնակից պետություններն ուսումնասիրել են գործնական առաջարկությունները նոր միջոցառումների մասին, որոնք նպատակամղված են ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին վերաբերող պարտավորությունների ավելի լավ կատարմանը: Այդ առնչությամբ նրանք քննության են առել այն առաջարկությունները, որոնք վերաբերում են դիտորդների գործուղմանը` իրավիճակներն ու կոնկրետ դեպքերն ուսումնասիրելու համար, զեկուցողների նշանակմանը` քննություն անցկացնելու և համապատասխան որոշումների վերաբերյալ առաջարկություններ անելու, ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի կոմիտեի ստեղծմանը, մարդկային չափանիշի մեխանիզմին առանձին անձանց, կազմակերպությունների ու հիմնարկների մասնակցության ընդլայնմանը և երկկողմ ու բազմակողմ ջանքերի բազմապատկման համապատասխան հարցերի լուծմանն օժանդակելու նպատակով:
Նրանք որոշում են ԵԱՀԽ-ի հետագա համապատասխան համաժողովներում շարունակել այդ և ուրիշ առաջարկությունների համակողմանի քննարկումը, որոնք նպատակամղված են մարդկային չափանիշի մեխանիզմի ամրապնդմանը, և քննության առնել ԵԱՀԽ-ի գործընթացի հետագա զարգացման համատեքստում անհրաժեշտ նոր միջոցներ ձեռնարկելու հարցը: Նրանք համաձայն են այն բանում, որ այդ միջոցները պետք է նպաստեն հասնելու հետագա արդյունավետ առաջընթացի, օժանդակեն հակամարտությունների կանխմանն ու վստահությանը ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշի բնագավառում:
* * *
(44) Մասնակից պետությունների ներկայացուցիչները իրենց խորին երախտագիտությունն են հայտնում Դանիայի ժողովրդին և կառավարությանը` Կոպենհագենի խորհրդակցության հիանալի կազմակերպման և Խորհրդակցությանը մասնակցած պատվիրակություններին ցույց տրված սրտագին հյուրընկալության համար:
ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին նվիրված խորհրդաժողովին վերաբերող դրույթներին համապատասխան, որ բովանդակում է Վիեննայի հանդիպման Ամփոփիչ փաստաթուղթը, Խորհրդաժողովի երրորդ խորհրդակցությունը տեղի է ունենալու Մոսկվայում` 1991 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 4-ը:
Կոպենհագեն, 29 հունիսի 1990 թվականի
Հավելված |
ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարդկային չափանիշի խորհրդաժողովի խորհրդակցություն
ոչ կառավարական կազմակերպությունների և զանգվածային
լրատվության միջոցների մուտք ունենալու հարցի առթիվ
Նախագահը նշում է, որ Մարդկային չափանիշի խորհրդաժողովի խորհրդակցության բացահայտության և մուտքի թույլտվության գործելակերպն այն տեսքով, ինչպես այն կիրառվել էր Վիեննայի հանդիպմանը և բովանդակում է այդ հանդիպման Ամփոփիչ փաստաթղթի XI հավելվածը, կարևոր է բոլոր մասնակից պետությունների համար: Այդ գործելակերպին հետևելու և Մարդկային չափանիշի խորհրդաժողովի ԵԱՀԽ-ի առաջիկա խորհրդակցություններում դրա կիրառումն ընդլայնելու նպատակով մասնակից պետությունները համաձայնում են պահպանել բացահայտության և մուտքի թույլտվության հետևյալ գործելակերպը.
. համապատասխան ոչ կառավարական կազմակերպությունների անդամների ազատ տեղաշարժ Խորհրդաժողովի հարկաբաժիններում, բացառությամբ շենքի այն մասերի, որոնք հատկացված են պատվիրակություններին և գործադիր քարտուղարության ծառայություններին: Այդ նպատակով նրանց խնդրանքով գործադիր քարտուղարության կողմից նրանց կտրվեն հավատարմագրական քարտեր.
. անարգել շփումներ համապատասխան ոչ կառավարական կազմակերպությունների անդամների և պատվիրակությունների միջև, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրված ներկայացուցիչների հետ.
. Խորհրդաժողովի պաշտոնական փաստաթղթերի (աշխատանքային բոլոր լեզուներով), ինչպես նաև ցանկացած փաստաթղթի մատչելիություն, որը պատվիրակները կցանկանան ուղարկել համապատասխան ոչ կառավարական կազմակերպությունների անդամներին.
. ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին վերաբերող հաղորդումները պատվիրակներին հանձնելու հնարավորություն` համապատասխան ոչ կառավարական կազմակերպությունների անդամների համար: Այդ նպատակով նրանց համար կապահովվի յուրաքանչյուր պատվիրակության թղթակցության դարակիկների մատչելիությունը.
. այն բոլոր փաստաթղթերից պատվիրակների ազատ օգտվելու թույլտվություն, որ թողարկում են համապատասխան ոչ կառավարական կազմակերպությունները և ուղարկում գործադիր քարտուղարություն` Խորհրդաժողովին իրազեկ պահելու համար: Այդ նպատակով գործադիր քարտուղարությունը պատվիրակների տրամադրության տակ կդնի նման փաստաթղթերի կանոնավոր կերպով նորացվող հավաքանին:
Այնուհետև նրանք պարտավորվում են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին երաշխավորել`
. ազատ տեղաշարժ Խորհրդաժողովի հարկաբաժիններում, բացառությամբ շենքի այն մասերի, որոնք հատկացված են պատվիրակություններին և գործադիր քարտուղարության ծառայություններին: Այդ նպատակով գործադիր քարտուղարության կողմից նրանց հավատարմագրական քարտեր կտրվեն անհրաժեշտ հավաստող փաստաթղթեր ներկայացնելուց հետո.
. անարգել շփումներ պատվիրակությունների հետ, ինչպես նաև համապատասխան ոչ կառավարական կազմակերպությունների անդամների հետ.
. Խորհրդաժողովի պաշտոնական փաստաթղթերի (աշխատանքային բոլոր լեզուներով) մատչելիություն:
Նախագահն այնուհետև նշում է, որ այս հայտարարությունը, որպես հավելված, կմտնի Կոպենհագենի խորհրդակցության փաստաթղթի մեջ և կհրապարակվի նրա հետ միասին: