Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-59-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.07.2020-01.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.02/24(758) Հոդ.583
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2010 թվականի ապրիլի 29-ին

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի նպատակները

 

1. Սույն օրենքը կարգավորում է ապրանքային և սպասարկման նշանների (այսուհետ՝ ապրանքային նշան) գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները։

 

 Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ապրանքային նշան՝ նիշ, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար.

անձ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

հանրահայտ ապրանքային նշան՝ ապրանքային նշան, որը հանրահայտ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու կամ դրա մեջ նշված ավելի վաղ թվականի դրությամբ լայն ճանաչում է ստացել Հայաստանի Հանրապետության տարածքում հանրության համապատասխան շրջանակներում այն ապրանքների և (կամ) ծառայությունների համար, որոնց նկատմամբ օգտագործվել է ապրանքային նշանը.

կոլեկտիվ նշան՝ արտադրողների կամ ծառայություններ մատուցողների տնտեսական ընկերակցության կամ օրենքով սահմանված կարգով՝ անձանց ստեղծած այլ կամավոր միավորման (այսուհետ՝ միության) ապրանքային նշան, որն օգտագործվում է այդ անձանց ապրանքները և (կամ) ծառայությունները մակնշելու համար.

հավաստագրային նշան՝ ապրանքային նշան, որն օգտագործվում է ապրանքների կամ ծառայությունների որոշակի բնութագրերի համապատասխանության հավաստման համար.

աշխարհագրական նշում՝ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում.

ծագման տեղանուն՝ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի աշխարհագրական անվանում, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, և որի յուրահատուկ որակը կամ այլ բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են տվյալ աշխարհագրական բնապայմաններով (ներառյալ` բնական և մարդկային գործոնները), և որի արտադրությունը, վերամշակումը և պատրաստումը տեղի են ունենում տվյալ աշխարհագրական վայրում.

հայտ՝ սույն օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանի գրանցման նպատակով պետական լիազոր մարմին ներկայացվող փաստաթղթերի փաթեթ.

հայտատու՝ անձ կամ անձինք, որի (որոնց) անունից ներկայացվել է հայտը.

ապրանքային նշանի իրավատեր՝ անձ կամ անձինք, որի (որոնց) ապրանքային նշանին սույն օրենքի համաձայն պահպանություն է տրամադրված Հայաստանի Հանրապետությունում.

պետական գրանցամատյան՝ ապրանքային նշանների գրանցումների վերաբերյալ տվյալներ պարունակող պաշտոնական հավաքածու, որը սույն օրենքի համաձայն վարում է պետական լիազոր մարմինը, անկախ կրիչից, որի վրա դրանք պահպանվում են.

լիցենզիա՝ ապրանքային նշանի իրավատիրոջ (լիցենզատու) կողմից լիցենզային պայմանագրով այլ անձին (լիցենզառու) տրված ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն.

ենթալիցենզիա՝ լիցենզառուի կողմից ենթալիցենզային պայմանագրով այլ անձին տրված ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն.

դիսկլամացիա՝ ապրանքային նշանի որևէ տարրի իրավական պահպանությունից հրաժարվելու մասին հայտատուի կամ ապրանքային նշանի իրավատիրոջ հայտարարություն.

Փարիզյան կոնվենցիա՝ Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիան, որն ստորագրվել է 1883 թվականի մարտի 20-ին՝ հետագա փոփոխություններով և լրացումներով.

ԹՐԻՓՍ (TRIPS) համաձայնագիր՝ Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիր, որն ստորագրվել է 1994 թվականի ապրիլի 15-ին Մարաքեշում.

Մադրիդյան համաձայնագիր՝ Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագիր, որն ստորագրվել է 1891 թվականի ապրիլի 14-ին՝ հետագա փոփոխություններով և լրացումներով.

Մադրիդյան համաձայնագրի արձանագրություն՝ Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի արձանագրություն, որն ստորագրվել է 1989 թվականի հունիսի 28-ին.

Ընդհանուր հրահանգ՝ Մադրիդյան համաձայնագրի և Մադրիդյան համաձայնագրի արձանագրության կիրարկման Ընդհանուր հրահանգ.

Նիցցայի դասակարգիչ՝ դասակարգիչ, որը հիմնադրված է նշանների գրանցման համար ապրանքների և ծառայությունների Միջազգային դասակարգման Նիցցայի համաձայնագրով, որն ստորագրվել է 1957 թվականի հունիսի 15-ին՝ հետագա փոփոխություններով և լրացումներով.

միջազգային հայտ՝ ապրանքային նշանի միջազգային գրանցման հայտ, որը ներկայացված է Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության կամ անհրաժեշտության դեպքում՝ դրանց երկուսի համաձայն.

միջազգային գրանցում՝ ապրանքային նշանի գրանցում, որն իրականացվել է Մադրիդյան համաձայնագրի և (կամ) Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն.

Միջազգային բյուրո՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո.

միջազգային գրանցամատյան՝ Միջազգային գրանցումների վերաբերյալ տվյալների պաշտոնական հավաքածու, որը Մադրիդյան համաձայնագրի և Մադրիդյան համաձայնագրի արձանագրության սահմանած կարգով վարում է Միջազգային բյուրոն, անկախ կրիչից, որի վրա դրանք պահվում են.

թվական՝ օր, ամիս, տարի.

մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis)՝ համապատասխան փոփոխություններով (Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրում ԹՐԻՓՍ (TRIPS) ունեցած իմաստով).

պետական լիազոր մարմին՝ մտավոր սեփականության բնագավառի՝ օրենքով լիազորված պետական կառավարման համակարգի մարմին, որի՝ մտավոր սեփականության պահպանության հետ կապված, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ գործառույթները սույն օրենքով նախատեսված կարգով իրականացնում է այդ մարմնի մտավոր սեփականության գրասենյակը.

բողոքարկման խորհուրդ՝ պետական լիազոր մարմնում ստեղծված խորհուրդ, որը լուծում է ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը.

ծանուցում՝ ծանուցագրի հանձնում, որը կատարվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ կապի այլ միջոցների օգտագործմամբ, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով կամ առձեռն՝ ստացականով.

հայտերի հիմնապաշար՝ ապրանքային նշանների հայտերի հիմնական տվյալների բազմություն, որի կազմը հաստատում է պետական լիազոր մարմինը:

(2-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-25-Ն, խմբ. 18.06.20 ՀՕ-326-Ն)

 

 Հոդված 3.

Ապրանքային նշանների մասին օրենսդրությունը

 

1. Ապրանքային նշանների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից։

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։

 

 Հոդված 4.

Օտարերկրյա անձանց իրավունքները

 

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օտարերկրյա անձինք օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց համահավասար։

2. Փոխադարձության սկզբունքից օգտվելու համար փոխադարձության առկայությունն ապացուցում է դրանից օգտվել ցանկացող անձը։

 

 Հոդված 5.

Պետական լիազոր մարմնի գործառույթները

 

1. Սույն օրենքի շրջանակներում պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթներն են՝

1) ապրանքային նշանների հայտերի ընդունումը և քննարկումը, դրանց փորձաքննության անցկացումը, ապրանքային նշանների պետական գրանցումը, պետության անունից գրանցման վկայագրերի հանձնումը.

2) ապրանքային նշանների միջազգային գրանցումների մասին Միջազգային բյուրոյի ծանուցագրերի ստացումը, դրանց փորձաքննության անցկացումը և Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքային նշաններին իրավական պահպանության տրամադրումը.

3) ապրանքային նշանները հանրահայտ ճանաչելու մասին դիմումների ընդունումը, քննարկումը և որոշումների ընդունումը.

4) պետական գրանցամատյանի վարումը.

5) ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների փոխանցման, ապրանքային նշանների լիցենզիայի և օրենքով սահմանված դեպքերում ֆրանչայզինգի գրանցումը.

6) ապրանքային նշաններին վերաբերող տեղեկատվական ծառայությունների մատուցումը.

7) մտավոր սեփականության բնագավառում օտարերկրյա և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացումը.

8) Մադրիդյան համաձայնագրի և Մադրիդյան համաձայնագրի արձանագրության ընթացակարգերով ներկայացվող հայտերի համար որպես ստացող պետական մարմին հանդես գալը.

9) ապրանքային նշանների գրանցման և վկայագրերի տրման հետ կապված գործընթացների անցկացումը.

10) իր իրավասությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան և օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերի շրջանակներում պետական լիազոր մարմինն իրականացնում է ապրանքային նշանների փորձաքննություն: Այդ պայմանագրերի շրջանակներում գոյացած միջոցներն ուղղվում են պետական բյուջե:

3. Պետական լիազոր մարմինն իր «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում է տեղեկություններ ապրանքային նշանների հայտերի և գրանցված ապրանքային նշանների վերաբերյալ, ինչպես նաև իր գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ։

4. Պետական լիազոր մարմինն ապահովում է ապրանքային նշանների հայտերի և գրանցված ապրանքային նշանների մասին տվյալների էլեկտրոնային եղանակով մատչելիությունը հանրության համար:

5. Պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատում է կառավարությունը: Բողոքարկման խորհրդի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում: Բողոքարկման խորհրդի ցանկացած որոշում կարող է բողոքարկվել դատարանում։

(5-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-272-Ն, 28.09.16 ՀՕ-155-Ն, խմբ. 20.12.17 ՀՕ-26-Ն, 14.11.19 ՀՕ-236-Ն)

 

 Հոդված 6.

Պետական տուրքերը

 

1. Սույն օրենքի համաձայն` իրավունքների ձեռքբերման և պահպանման հետ կապված որոշ գործողություններ կատարելու համար գանձվում են պետական տուրքեր։ Պետական տուրքերի տեսակները, չափերն ու վճարման ժամկետները, պետական տուրքերը վերադարձնելը, դրանց չափերը նվազեցնելը, պետական տուրքից ազատելու հիմքերը և կարգը սահմանվում են օրենքով։

 

Հոդված 6.1. Ծանուցման ժամկետները

 

1. Պետական լիազոր մարմինը որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով, որոշումն ուղարկում է հայտատուին: Որոշումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած՝ սույն մասում նշված եղանակներից մեկով: Անկախ հայտատուի նախընտրած եղանակից՝ հայտատուն կարող է նաև սույն մասում նշված ժամկետում պետական լիազոր մարմնում որոշումն ստանալ առձեռն:

2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումներն ուղարկվում, իսկ հարցումները կատարվում են օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով:

(6.1-ին հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-155-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 Հոդված 7.

Ապրանքային նշանի իրավական պահպանությունը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է՝

1) սույն օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա.

2) սույն օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա.

3) Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն` միջազգային գրանցման հիման վրա:

2. Ապրանքային նշանի իրավական պահպանությունը տարածվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների վրա, որոնց համար գրանցվել է ապրանքային նշանը։

3. Ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար գրանցվել է ապրանքային նշանը, կարող է ընդարձակվել միայն սույն օրենքով սահմանված կարգով նոր հայտ ներկայացնելու միջոցով։

 

 Հոդված 8.

Նիշեր, որոնք կարող են գրանցվել որպես ապրանքային նշաններ

 

1. Որպես ապրանքային նշաններ` կարող են գրանցվել գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը, մասնավորապես`

1) բառերը, բառակապակցությունները, անունները կամ կարգախոսները.

2) տառերը կամ թվերը.

3) նկարները, պատկերները կամ խորհրդանշանները.

4) եռաչափ պատկերները, մասնավորապես ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը.

5) հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները.

6) ձայնային ազդանշանները.

7) սույն մասի 1-6-րդ կետերում թվարկված նիշերի ցանկացած համակցություն։

 

 Հոդված 9.

Ապրանքային նշանի գրանցումը մերժելու բացարձակ հիմքերը

 

1. Որպես ապրանքային նշան` գրանցման ենթակա չէ այն նիշը, որը՝

1) չի համապատասխանում սույն օրենքի 8-րդ հոդվածի պահանջներին.

2) չունի տարբերակիչ հատկություն.

3) բացառապես բաղկացած է այնպիսի նշումներից, որոնք առևտրում ծառայում են ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակը, ապրանքի կամ ծառայության տեսակը, որակը, քանակը, ստեղծման նպատակը, արժեքը, աշխարհագրական ծագումը կամ այլ բնութագրերը նշելու համար.

4) բացառապես բաղկացած է այնպիսի նշումներից կամ ցուցումներից, որոնք համընդհանուր են դարձել խոսակցական պրակտիկայում կամ առևտրային պրակտիկայում.

5) բացառապես ներկայացնում է ապրանքի արտաքին ձևը, որը բխում է զուտ ապրանքի բնույթից (հատկություններից), տեխնիկական արդյունքի հասնելու անհրաժեշտությունից կամ բնորոշում է ապրանքի նշանակությունը (գործառնությունը) կամ ապրանքին տալիս է էական արժեք.

6) հակասում է հասարակական կարգին, մարդասիրության կամ բարոյականության սկզբունքներին, ինչպես նաև անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին.

7) սպառողներին կարող է մոլորության մեջ գցել ապրանքների կամ ծառայությունների աշխարհագրական ծագման, դրանց որակի, բնույթի կամ արտադրողի վերաբերյալ հարցերում.

8) վերարտադրում կամ պարունակում է պետական զինանշաններ, դրոշներ կամ խորհրդանիշեր, պետությունների պաշտոնական անվանումներ կամ դրանց կրճատ ձևեր, միջազգային և միջպետական կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշեր, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգևներ ու այլ տարբերանշաններ (Փարիզյան կոնվենցիայի 6ter հոդվածի համաձայն) կամ շփոթելու աստիճան նման է դրանց.

9) վերարտադրում է նշաններ կամ խորհրդանիշեր, որոնք չեն պահպանվում Փարիզյան կոնվենցիայի 6ter հոդվածով, սակայն ներկայացնում են հատուկ հասարակական հետաքրքրություն.

10) պարունակում է մեծ նշանակություն ունեցող հոգևոր կամ մշակութային ժառանգություն համարվող խորհրդանիշեր, մասնավորապես կրոնական, եթե այն պարունակում է կրոնական կամ բարոյական արժեքները նսեմացնող տարրեր.

11) վերարտադրում կամ պարունակում է տարրեր, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են Հայաստանի Հանրապետության կամ համաշխարհային մշակութային ժառանգության պատկերներին կամ դրանց պաշտոնական անվանումներին, ինչպես նաև ֆոնդերում և հավաքածուներում պահպանվող մշակութային արժեքների պատկերներին, եթե գրանցումը հայտարկվում է այն անձի անունով, որը դրա իրավատերը չէ կամ չունի համապատասխան թույլտվություն.

12) բաղկացած կամ պարունակում է աշխարհագրական նշում և գրանցման է ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, եթե այդ ապրանքային նշանի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում մոլորության մեջ է գցում հանրությանն ապրանքների իրական ծագման վայրի հարցում: Նշված դրույթը կիրառվում է նաև այն աշխարհագրական նշման նկատմամբ, որը, չնայած նշում է ապրանքների իրական ծագումը, սակայն մոլորեցնում է հանրությանը` իբր ապրանքները ծագել են մեկ այլ տարածքից.

13) բաղկացած կամ պարունակում է գինիներ անհատականացնող աշխարհագրական նշում այն գինիների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, կամ սպիրտային խմիչքներ անհատականացնող աշխարհագրական նշում այն սպիրտային խմիչքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, նույնիսկ եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերը չեն կիրառվում, եթե հայտատուն բավարար ապացույցներ է ներկայացնում այն մասին, որ օգտագործման արդյունքում մինչև հայտի ներկայացման թվականը տվյալ ապրանքային նշանը տարբերակիչ հատկություն է ձեռք բերել այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման է ներկայացվել:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերում նշված նիշերը, բացառությամբ պետությունների պաշտոնական անվանումների, դրանց կրճատ ձևերի և շփոթելու աստիճան նման նիշերի, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե նրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում, և եթե առկա է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը։

3.1. Պետությունների պաշտոնական անվանումները, դրանց կրճատ ձևերը կամ դրանց շփոթելու աստիճան նման նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե դրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում, և այդ ապրանքային նշանի օգտագործումն անհարիր չէ պետության հեղինակության համար և չի նսեմացնի այն:

4. Աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները, որոնք պահպանվում են Հայաստանի Հանրապետությունում, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ միայն այն դեպքում, երբ հայտատուն օրենքով սահմանված կարգով ստացել է դրանց օգտագործման իրավունք: Այլ երկրների աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները թույլատրվում է օգտագործել գրանցվող ապրանքային նշանում, եթե դա չի հակասում սույն օրենքի պահանջներին, գրանցված է ծագման երկրում, և հայտատուն ունի դրա օգտագործման իրավունք։ Ապրանքային նշանում ներառված գրանցված աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները ապրանքային նշանի չպահպանվող տարրեր են։

(9-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.05.11 ՀՕ-184-Ն)

 

 Հոդված 10.

Ապրանքային նշանի գրանցումը մերժելու հարաբերական հիմքերը

 

1. Որպես ապրանքային նշան` գրանցման ենթակա չէ այն նիշը, որը՝

1) նույնական է ավելի վաղ ապրանքային նշանին, որը գրանցված է նույն ապրանքների և (կամ) ծառայությունների համար.

2) նույնական կամ նման է ավելի վաղ ապրանքային նշանին, և դրանով մակնշվող ապրանքների և (կամ) ծառայությունների նույնական կամ նույնատիպ լինելը հանրության մեջ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ ավելի վաղ ապրանքային նշանին զուգորդվելը (շփոթելու աստիճան նմանությունը).

3) նույնական կամ նման է ավելի վաղ ապրանքային նշանին և գրանցման է ներկայացված ապրանքների և (կամ) ծառայությունների համար, որոնք նույնատիպ չեն այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ավելի վաղ ապրանքային նշանը, եթե ավելի վաղ ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում ունի բարի համբավ, և եթե հայտարկված ապրանքային նշանի օգտագործումն անհիմն առավելությունների կհանգեցնի՝ ավելի վաղ ապրանքային նշանի տարբերակիչ հատկության կամ բարի համբավի շնորհիվ կամ վնաս կհասցնի ավելի վաղ ապրանքային նշանի տարբերակիչ հատկությանը կամ բարի համբավին.

4) նույնական կամ շփոթելու աստիճան նման է այլ անձի ֆիրմային անվանմանը, որը Հայաստանի Հանրապետությունում այդ անվանման նկատմամբ իրավունք է ձեռք բերել մինչև ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականը կամ առաջնության թվականը, և որը մինչև այդ թվականն իրական գործունեություն է իրականացրել նույն կամ նույնատիպ ապրանքների (որոնց համար գրանցման է ներկայացվել ապրանքային նշանը) արտադրության կամ ծառայությունների մատուցման բնագավառում, և որ այդ նույնականությունը կամ նմանությունը կվնասի ֆիրմային անվանման բարի համբավին.

5) նույնական կամ նման է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող աշխարհագրական նշմանը կամ ծագման տեղանվանը, բացառությամբ այն դեպքի, երբ գրանցման ներկայացված ապրանքային նշանում դրանք ներառված են որպես չպահպանվող տարրեր, և հայտը ներկայացված է աշխարհագրական նշման կամ ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձի կողմից.

6) վերարտադրում կամ ներառում է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ավելի վաղ առաջնության թվական ունեցող արդյունաբերական նմուշ, օգտակար մոդել կամ արդյունաբերական սեփականության ցանկացած այլ օբյեկտ.

7) վերարտադրում կամ ներառում է հեղինակային իրավունքով պահպանվող գրականության, գիտության կամ արվեստի ստեղծագործություններ, դրանց անվանումներ կամ դրանցից մեջբերումներ ու հատվածներ, դրանց հերոսներ, եթե այդ իրավունքները ձեռք են բերվել մինչև տվյալ ապրանքային նշանի հայտի ներկայացման կամ առաջնության թվականը (եթե այդպիսին կա).

8) վերարտադրում կամ ներառում է որևէ հայտնի անձի անուն կամ ազգանուն կամ կեղծանուն կամ որևէ անձի պատկեր, եթե դրանց հետ նմանությունը շփոթություն է առաջացնում։

2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով ավելի վաղ ապրանքային նշաններն իրենցից ներկայացնում են՝

1) ապրանքային նշաններ, որոնց հայտի ներկայացման թվականը, կամ եթե սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկվել է առաջնություն՝ այդ առաջնության թվականը նախորդում է քննարկվող հայտի ներկայացման թվականին, կամ եթե սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկվել է առաջնություն՝ այդ առաջնության թվականին, և հանդիսանում են՝

ա. Հայաստանի Հանրապետությունում գրանցման հիման վրա պահպանվող ապրանքային նշաններ,

բ. միջազգային գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող ապրանքային նշաններ.

2) սույն մասի 1-ին կետում նշված ապրանքային նշանների հայտեր, այդ ապրանքային նշանների հետագա գրանցման (իրավական պահպանություն տրամադրելու) պայմանով.

3) ապրանքային նշաններ, որոնք սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ են ճանաչված հայտարկված ապրանքային նշանի հայտի ներկայացման կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկված առաջնության թվականի դրությամբ։

3. Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա նիշի գրանցումը որպես ապրանքային նշան չի կարող մերժվել, եթե ավելի վաղ ապրանքային նշանի կամ ավելի վաղ իրավունքի տիրապետողը կամ նրա իրավահաջորդը կամ օրենքով նախատեսված դեպքերում համապատասխան լիազորություն ունեցող պետական մարմինը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ նույնական ապրանքային նշանների, որոնք հայտարկվել են նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների համար։

4. Ապրանքային նշանի գրանցումը ենթակա է մերժման, եթե այն՝

1) խնդրարկվել է Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ երկրում ապրանքային նշանի իրավատեր հանդիսացող անձի գործակալի կամ ներկայացուցչի կողմից առանց իրավատիրոջ թույլտվության, բացառությամբ այն դեպքերի, երբ գործակալը կամ ներկայացուցիչը կապացուցեն իրենց գործողությունների արդարացված լինելը.

2) նույնական կամ շփոթելու աստիճան նման է ավելի վաղ ապրանքային նշանին, որը գրանցվել է նույն կամ նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների համար, և չերկարաձգման պատճառով այդ գրանցման գործողությունը դադարեցվել է ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականին նախորդող երկամյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ավելի վաղ ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությունը, կամ վերջինս չի օգտագործում իր ապրանքային նշանը.

3) կարող է շփոթություն առաջացնել հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ նրա տարածքից դուրս օգտագործվող ապրանքային նշանի նկատմամբ, որը դեռևս օգտագործման մեջ է, պայմանով, որ հայտը ներկայացնելիս հայտատուն գործել է անբարեխիղճ: Հայտատուի գործողությունը համարվում է անբարեխիղճ, եթե հայտը ներկայացնելու պահին հայտատուն գիտեր կամ կարող էր իմանալ այդպիսի ապրանքային նշանի առկայության մասին: Հայտատուի գործողությունը համարվում է անբարեխիղճ նաև, եթե ապրանքային նշանի գրանցման նպատակներով հայտատուն ներկայացրել է այնպիսի կեղծ և անհիմն փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, առանց որոնց հնարավոր չէ ապրանքային նշանի գրանցումը:

(10-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-155-Ն)

(հոդվածը 03.03.21 ՀՕ-113-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.21 թվականին)

 

 Հոդված 11.

Դիսկլամացիաները

 

1. Ապրանքային նշանը չի կարող բաղկացած լինել միայն այնպիսի տարրերից, որոնք ենթակա չեն գրանցման որպես առանձին ապրանքային նշաններ։

2. Եթե ապրանքային նշանը պարունակում է սույն հոդվածի 1-ին մասում նշված տարրեր, և եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ այդ տարրերը կարող են ազդել ապրանքային նշանի գրանցման վավերականության վրա, ապա հայտատուի կամ ապրանքային նշանի իրավատիրոջ խնդրանքով այդ տարրերը պետական լիազոր մարմնի կամ դատարանի որոշմամբ կարող են ճանաչվել դիսկլամացված, որոնք, ներառված լինելով ապրանքային նշանի մեջ, ինքնուրույն իրավական պահպանություն չեն ստանում:

3. Եթե հիմքերը, որոնցով ապրանքային նշանի տարրերը ճանաչվել են դիսկլամացված, վերացել են, ապա կարող է ներկայացվել այդ տարրերը պարունակող ապրանքային նշանի գրանցման նոր հայտ՝ առանց սույն հոդվածի 2-րդ մասում նշված սահմանափակման։

4. Դիսկլամացիան չի ազդում ապրանքային նշանի նկատմամբ դրա իրավատիրոջ բացառիկ իրավունքի վրա։

(11-րդ հոդվածը փոփ. 26.05.11 ՀՕ-184-Ն)

 

 Հոդված 12.

Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը

 

1. Գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց առանց իր թույլտվության առևտրային գործունեության ընթացքում օգտագործել ցանկացած նիշ, որը՝

1) նույնական է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը.

2) նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այնպիսի ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նիշի օգտագործումը հանրության մեջ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանին զուգորդումը.

3) նույնական կամ նման է ապրանքային նշանին, որը գրանցված է այլ ապրանքների և (կամ) ծառայությունների համար, եթե վերջինս Հայաստանի Հանրապետությունում ունի բարի համբավ, և այդ նիշի օգտագործումն անհիմն առավելությունների կհանգեցնի կամ վնաս կհասցնի ապրանքային նշանի տարբերակիչ բնույթին կամ բարի համբավին:

2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքային նշանի իրավատերը կարող է երրորդ անձանց արգելել կատարելու հետևյալ գործողությունները՝

1) նիշի զետեղումն ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա, ինչպես նաև դրա օգտագործումը որպես այդ ապրանքների փաթեթավորում՝ եռաչափ ապրանքային նշանի դեպքում.

2) ապրանքների վաճառքի առաջարկը, դրանց վաճառքը կամ այդ նպատակով պահեստավորումը կամ այդ նիշով ծառայության մատուցումը կամ դրա առաջարկը.

3) այդ նիշով ապրանքների ներմուծումը կամ արտահանումը.

4) նիշի օգտագործումը փաստաթղթերի վրա կամ գովազդի նպատակով.

5) նիշի օգտագործումն ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, մասնավորապես հասցեագրման ցանկացած միջոցներով, այդ թվում՝ ինտերնետային դոմեն անվանումներում.

6) սույն մասի 1-4-րդ կետերում նշված նպատակներով նիշի բազմացումը, պահեստավորումը կամ վաճառքը։

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված ապրանքային նշանի տարբերակիչ հատկության, ի թիվս այլոց (inter alia), խախտում է համարվում, եթե՝

1) նիշն օգտագործվում է ֆիրմային անվանման մեջ, և այդ նիշի և գրանցված ապրանքային նշանի նմանության պատճառով ֆիրմային անվանման օգտագործումը հանրությանը շփոթության մեջ է գցում այն ապրանքների և (կամ) ծառայությունների հարցում, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը.

2) նիշի վերարտադրությունը կամ ներկայացումը գովազդում կամ լրատվամիջոցում տպավորություն է ստեղծում, որ այն որոշակի ապրանքների կամ ծառայությունների համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում է։

4. Երրորդ անձանց համար ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը գործում է պետական լիազոր մարմնի կողմից ապրանքային նշանի գրանցման մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակման թվականից կամ ապրանքային նշանին Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն տրամադրելու մասին միջազգային գրանցամատյանում կատարված գրառման հրապարակման թվականից։

Ապրանքային նշանի իրավատերը կարող է հատուցում պահանջել պատճառած վնասի սահմաններում՝ հայտի պաշտոնական հրապարակումից կամ ապրանքային նշանի միջազգային գրանցման մասին տեղեկությունների հրապարակումից հետո՝ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված գործողությունների կատարման դիմաց, որոնք արգելվում են ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունների կամ ապրանքային նշանին Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն տրամադրելու մասին միջազգային գրանցամատյանում կատարված գրառման հրապարակումից հետո: Համապատասխան հայցի հիման վրա դատարանը չի կարող ըստ էության որոշում կայացնել մինչև ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունների կամ ապրանքային նշանին Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն տրամադրելու մասին միջազգային գրանցամատյանում կատարված գրառման հրապարակումը:

5. Ապրանքային նշանի իրավատերը կարող է ապրանքային նշանի հետ կիրառել նախազգուշական մակնշում՝ շրջանագծի մեջ ներառված R տառի տեսքով, կամ գրառում այն մասին, որ ապրանքային նշանը պահպանվում է Հայաստանի Հանրապետությունում։

Նախազգուշական մակնշման կիրառումը չգրանցված ապրանքային նշանի հետ համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

6. Ապրանքները, որոնց վրա կամ որոնց փաթեթավորման կամ պիտակների վրա ապրանքային նշանն օգտագործված է ապօրինի, համարվում են կոնտրաֆակտ (կեղծ, նմանակված)։

 

 Հոդված 13.

Բացառիկ իրավունքի սահմանափակումը

 

1. Բացառիկ իրավունքը չի տարածվում ապրանքային նշանի այն տարրերի վրա, որոնք սույն օրենքի համաձայն չեն կարող գրանցվել որպես առանձին ապրանքային նշան, մասնավորապես նկարագրական բնույթի տարրերի վրա, դրանք բարեխիղճ օգտագործելու և ապրանքային նշանի իրավատիրոջ և երրորդ անձանց օրինական շահերը չխախտելու պայմանով։

2. Բացառիկ իրավունքն ապրանքային նշանի իրավատիրոջը թույլ չի տալիս արգելել երրորդ անձանց իրենց արտադրական կամ առևտրային գործունեության մեջ հանրության կողմից ընդունված բարեխիղճ ավանդույթների համաձայն օգտագործել՝

1) իրենց անունը (անվանումը) կամ գտնվելու վայրը (հասցեն).

2) ցուցումներ, որոնք վերաբերում են ապրանքի կամ մատուցվող ծառայության տեսակին, որակին, քանակին, նպատակին, արժեքին, ինչպես նաև ապրանքի արտադրության կամ մատուցվող ծառայության աշխարհագրական ծագմանը կամ այլ բնութագրերին.

3) ապրանքային նշան, եթե դա անհրաժեշտ է ապրանքի արտադրության և (կամ) ծառայության մատուցման նպատակը նշելու համար, մասնավորապես, որպես օժանդակ կամ համալրող մասեր, եթե դրանք օգտագործվում են առանց ապրանքային նշանի իրավատիրոջ կամ երրորդ անձանց օրինական շահերին վնաս պատճառելու և հանրությանը մոլորության մեջ գցելու.

4) ապրանքային նշանի համեմատական գովազդում, եթե այդպիսի գովազդն օրենքով արգելված չէ։

 

 Հոդված 14.

Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների սպառումը

 

1. Գրանցված ապրանքային նշանի իրավատերն իրավունք չունի արգելելու երրորդ անձանց կողմից տվյալ ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ այդ նշումով տնտեսական շրջանառության մեջ են դրվել որևէ երկրում։

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն կիրառվում, եթե ապրանքային նշանի օգտագործման արգելքը պայմանավորված է ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից կառավարության հաստատած ներդրումային ծրագրի իրականացմամբ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն կիրառվում, եթե իրավատերը ներկայացնում է հիմնավոր առարկություններ ապրանքների հետագա վաճառքի վերաբերյալ, մասնավորապես, եթե այդ ապրանքների բնութագրերը շուկայավարման ընթացքում բնականոն կերպով կամ միջամտությամբ փոփոխության են ենթարկվել։

 

 Հոդված 15.

Ապրանքային նշանի հիշատակումը բառարաններում

 

1. Եթե գրանցված ապրանքային նշանի զետեղումը բառարանում կամ հանրագիտարանում տպավորություն է ստեղծում, որ այն համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում է այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, ապա ապրանքային նշանի իրավատիրոջ պահանջով համապատասխան հրատարակիչը պարտավոր է ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից նշված Հայաստանի Հանրապետության որևէ զանգվածային լրատվամիջոցով տեղեկատվություն հրապարակել այն մասին, որ այն գրանցված ապրանքային նշան է, իսկ հաջորդ հրատարակման մեջ ապրանքային նշանի զետեղումը զուգորդել նշված տեղեկատվությամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները տարածվում են նաև էլեկտրոնային եղանակով կատարված հրատարակումների վրա։

 

 Հոդված 16.

Ապրանքային նշանի գրանցումն առանց ապրանքային նշանի իրավատիրոջ թույլտվության

 

1. Եթե Փարիզյան կոնվենցիայի անդամ երկրներից մեկում ապրանքային նշանի իրավատեր հանդիսացող անձի գործակալը կամ ներկայացուցիչն առանց ապրանքային նշանի իրավատիրոջ թույլտվության հայտ է ներկայացնում տվյալ ապրանքային նշանն իր անունով գրանցելու համար, ապա իրավատերն իրավունք ունի բողոքելու հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ կամ պահանջելու գրանցման չեղյալ ճանաչումը կամ նշված գրանցումն իրեն փոխանցելը, քանի դեռ այդպիսի գործակալը կամ ներկայացուցիչը չի ապացուցել իր գործողությունների արդարացված լինելը։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում ապրանքային նշանի իրավատերն իրավունք ունի առանց իր թույլտվության իր գործակալի կամ ներկայացուցչի կողմից ապրանքային նշանի օգտագործումն արգելելու նպատակով դիմելու դատարան։

 

 Հոդված 17.

Ապրանքային նշանի օգտագործումը և այն չօգտագործելու հետևանքները

 

1. Սույն հոդվածի իմաստով ապրանքային նշանի օգտագործում է համարվում՝

1) դրա զետեղումն այն ապրանքների վրա, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, կամ դրանց փաթեթավորման վրա.

2) դրա կիրառումը գովազդներում, հրատարակություններում, պաշտոնական ձևաթղթերում, ցուցանակներում միայն այն դեպքերում, երբ ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա նշանի կիրառումն անհնար է.

3) սույն մասի 2-րդ կետում նշված գործողությունների կատարումը ծառայությունների համար:

2. Ապրանքային նշանի գրանցումը կարող է ցանկացած անձի կողմից ներկայացված հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա չեղյալ հայտարարվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված` հինգ տարի անընդմեջ, կամ հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում՝ դրան անմիջականորեն նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանն ընդհանրապես չի օգտագործվել կամ իրական օգտագործման մեջ չի դրվել ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն` այդ իրավունքն ունեցող անձի կողմից: Ապրանքային նշանի օգտագործման ապացույցները ներկայացնում է դրա իրավատերը կամ սույն օրենքի համաձայն` տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը:

3. Ապրանքային նշանը համարվում է իրական օգտագործման մեջ դրված, եթե դրա իրավատերը կամ սույն օրենքի համաձայն` տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը ապրանքային նշանն օգտագործել է որոշակի ժամանակահատվածում անընդհատ կամ որոշակի պարբերականությամբ արտադրվող կամ տնտեսական շրջանառության մեջ դրվող ապրանքի կամ ծառայության նկատմամբ, որի համար գրանցված է տվյալ ապրանքային նշանը, պայմանով, որ նշված օգտագործումը համապատասխանում է տվյալ ապրանքի կամ ծառայության իրացման մակարդակին:

4. Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին հայցը կամ հակընդդեմ հայցը չի կարող բավարարվել, եթե նշված ժամանակահատվածի ավարտից մինչև համապատասխան հայց կամ հակընդդեմ հայց ներկայացնելը ապրանքային նշանը դարձել է զիջման կամ լիցենզային պայմանագրի առարկա, կամ սկսվել կամ վերականգնվել է ապրանքային նշանի իրական օգտագործումը։ Ընդ որում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործման սկիզբը կամ վերականգնումը տեղի է ունեցել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին հայց կամ հակընդդեմ հայց ներկայացնելուց երեք ամիս առաջ, իսկ այդ ժամկետն սկսվում է հինգ տարի անընդմեջ չօգտագործման ժամանակահատվածի ավարտից ոչ շուտ, ապա օգտագործումը հաշվի չի առնվում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործումն սկսելու կամ վերականգնելու նախապատրաստումն իրականացվել է միայն այն բանից հետո, երբ ապրանքային նշանի իրավատիրոջը հայտնի է դարձել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին հայց կամ հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորության մասին:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով ապրանքային նշանի գրանցման գործողությունը չի կարող դադարեցվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե՝

1) ապրանքային նշանի իրավատերը կամ սույն օրենքի համաձայն` այն օգտագործելու իրավունք ունեցող անձը փաստարկներ է ներկայացնում, որ ապրանքային նշանն իրական օգտագործման մեջ չդնելը պայմանավորված է իրենից անկախ, անհաղթահարելի, չնախատեսված հանգամանքներով.

2) ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն` այն օգտագործելու իրավունք ունեցող անձի կողմից ապրանքային նշանն օգտագործվել է այնպիսի ձևով, որը տարբերվում է գրանցվածից դրա տարբերակիչ բնույթը չփոփոխող միայն առանձին տարրերով.

3) Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանը զետեղվել է ապրանքների և (կամ) դրանց փաթեթավորման վրա բացառապես արտահանման նպատակով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

 Հոդված 18.

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը

 

1. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը տասը տարի է՝ հայտի ներկայացման թվականից հաշված:

 

 Հոդված 19.

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը

 

1. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է բազմակի երկարաձգվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար յուրաքանչյուր անգամ տասը տարի ժամկետով:

2. Ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգվում է դրա իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի դիմումի հիման վրա, որը ներկայացվում է պետական լիազոր մարմին և քննարկվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։

3. Դիմումը տրվում է ապրանքային նշանի գրանցման գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում:

4. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել նաև ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացված դիմումի հիման վրա՝ լրացուցիչ պետական տուրք վճարելու դեպքում:

5. Ապրանքային նշանի գրանցման գործողության երկարաձգված ժամկետը հաշվարկվում է նախորդող տասը տարվա ժամանակահատվածին հաջորդող օրվանից։

6. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին պետական լիազոր մարմինը գրառում է կատարում պետական գրանցամատյանում, ապրանքային նշանի վկայագրում (իրավատիրոջ ցանկությամբ) և տեղեկություններ է հրապարակում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

7. Դիմումի ձևը, դրա ձևակերպման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը:

8. Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգելու օգտին:

9. Սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումի որևէ նշման կամ ցուցումի հավաստիությունը հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:

10. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտի մասին պետական լիազոր մարմինը ծանուցում է դրա իրավատիրոջը՝ ապրանքային նշանի գրանցման գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա իններորդ ամսվա ընթացքում:

(19-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-155-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

 Հոդված 20.

Ապրանքային նշանից հրաժարվելը

 

1. Ապրանքային նշանի իրավատերը կարող է հրաժարվել ապրանքային նշանից բոլոր այն ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ, որոնց համար գրանցված է տվյալ ապրանքային նշանը։

2. Ապրանքային նշանից հրաժարվելն իրականացվում է ապրանքային նշանի իրավատիրոջ կամ նրա լիազորված անձի կողմից պետական լիազոր մարմին գրավոր դիմում ներկայացնելու միջոցով։ Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները դադարում են ապրանքային նշանից հրաժարվելու մասին տեղեկությունները պետական գրանցամատյան մուտքագրելու օրվանից։

3. Լիցենզային պայմանագիր գրանցված լինելու դեպքում ապրանքային նշանից հրաժարվելու մասին տեղեկությունները մուտքագրվում են պետական գրանցամատյանում, եթե ապրանքային նշանի իրավատերն ապացույցներ է ներկայացնում, որ ապրանքային նշանից հրաժարվելու մասին ծանուցել է լիցենզառուին։

 

 Հոդված 21.

Ապրանքային նշանի գրանցման չեղյալ հայտարարումը

 

1. Ապրանքային նշանի գրանցումը կարող է չեղյալ հայտարարվել դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա, եթե՝

1) ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված հինգ տարի անընդմեջ կամ հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում դրան անմիջականորեն նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես չի օգտագործվել կամ իրական օգտագործման մեջ չի դրվել ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն` տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը` հաշվի առնելով սույն օրենքի 17-րդ հոդվածի դրույթները.

2) ապրանքային նշանի իրավատիրոջ գործունեության կամ անգործության հետևանքով ապրանքային նշանը դարձել է համընդհանուր օգտագործման անվանում այն ապրանքի կամ ծառայության համար, որի համար այն գրանցված է.

3) ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից անմիջականորեն կամ նրա համաձայնությամբ ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ ապրանքային նշանի օգտագործումը կարող է հանրությանը մոլորության մեջ գցել, մասնավորապես այն ապրանքների և (կամ) ծառայությունների բնույթի, որակի կամ աշխարհագրական ծագման հարցում, որոնց համար այն գրանցված է։

2. Եթե ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու հիմքը առկա է միայն ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, ապա ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է հայտարարվում մասնակիորեն՝ միայն համապատասխան ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ։

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները կիրառվում են միջազգային գրանցման ուժով Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանների նկատմամբ մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis):

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերին համապատասխան` դատարանի վճռի հիման վրա ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու դեպքում դրա իրավատերը զրկվում է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներից ամբողջովին կամ մասնակիորեն՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից։

 

 Հոդված 22.

Ապրանքային նշանի գրանցման անվավերության բացարձակ հիմքերը

 

1. Ապրանքային նշանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա, եթե ապրանքային նշանի գրանցումը չի համապատասխանում սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

2. Ապրանքային նշանի գրանցումը, որը չի համապատասխանում սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերի դրույթներին, չի կարող անվավեր ճանաչվել, եթե գրանցումից հետո օգտագործման արդյունքում ապրանքային նշանը տարբերակիչ հատկություն է ձեռք բերել այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցվել է:

3. Եթե անվավեր ճանաչելու հիմքերը վերաբերում են այն ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասին, որոնց համար գրանցված է տվյալ ապրանքային նշանը, ապա գրանցումը կարող է անվավեր ճանաչվել միայն ապրանքների և (կամ) ծառայությունների այդ մասի համար:

4. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հայց կարող է ներկայացնել ցանկացած անձ` ապրանքային նշանի իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում:

(22-րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-184-Ն)

 

 Հոդված 23.

Ապրանքային նշանի գրանցման անվավերության հարաբերական հիմքերը

 

1. Ապրանքային նշանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա, եթե՝

1) առկա է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ավելի վաղ ապրանքային նշան, և առկա են նաև նույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերից որևէ մեկով նախատեսված պայմանները.

2) առկա է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-8-րդ կետերից որևէ մեկում նշված ավելի վաղ իրավունքը, և առկա են նաև տվյալ կետով նախատեսված համապատասխան պայմանները.

3) առկա են սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի կետերից որևէ մեկով նախատեսված հիմքերը:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հայց կարող է ներկայացնել ավելի վաղ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի կամ նույն մասում նշված ավելի վաղ այլ իրավունքի տիրապետողը` ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից կամ սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` առանց գրանցման պահպանություն տրամադրելու օրվանից հետո` 5 տարվա ընթացքում:

2. Ապրանքային նշանի օգտագործումը կարող է արգելվել այլ ավելի վաղ իրավունքի հիմքով, մասնավորապես հեղինակային իրավունքի, անվան կամ պատկերի նկատմամբ իրավունքի, պահպանվող աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան իրավունքի, պահպանվող գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքի:

3. Ապրանքային նշանը չի կարող անվավեր ճանաչվել, եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքներից որևէ մեկի տիրապետողը կամ նրա իրավահաջորդը կամ համապատասխան դեպքում իրավասու պետական մարմինն իր համաձայնությունն է տվել ապրանքային նշանի գրանցման համար մինչև տվյալ ապրանքային նշանն անվավեր ճանաչելու մասին հայց կամ հակընդդեմ հայց ներկայացնելը։

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքներից որևէ մեկի տիրապետողը, որն ապրանքային նշանն անվավեր ճանաչելու մասին ավելի վաղ հայց կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան, դրա հիմնավորման նպատակով չի կարող վկայակոչել նշված իրավունքներից որևէ մեկ այլ իրավունք:

5. Եթե անվավերության հիմքերը վերաբերում են միայն որոշակի ապրանքների և (կամ) ծառայությունների, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, ապա ապրանքային նշանի գրանցումն անվավեր է ճանաչվում միայն համապատասխան ապրանքների և (կամ) ծառայությունների մասով:

6. Ապրանքային նշանի իրավատիրոջ միջնորդությամբ ավելի վաղ ապրանքային նշանի իրավատերը, որը, սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան, հայց կամ հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան, հակադրելով իր ավելի վաղ ապրանքային նշանը, պետք է ապացույցներ ներկայացնի, որ ապրանքային նշանի գրանցման մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակման թվականին նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածում ավելի վաղ ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում իրական օգտագործման մեջ է դրվել այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է եղել ապրանքային նշանը, և որ հակադրումը վերաբերում է այդ ապրանքներին և (կամ) ծառայություններին, կամ որ ապրանքային նշանն իրական օգտագործման մեջ չդնելը պայմանավորված է իրենից անկախ, անհաղթահարելի, չնախատեսված հանգամանքներով, պայմանով, որ ապրանքային նշանի գրանցման մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակման թվականից ավելի վաղ ապրանքային նշանը գրանցված է եղել առնվազն հինգ տարի։ Այսպիսի ապացույցների բացակայության դեպքում հայցը մերժվում է։ Եթե ավելի վաղ ապրանքային նշանն օգտագործվել է ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի նկատմամբ, որոնց համար նշանը գրանցված է եղել, ապա հայցի քննարկման ժամանակ ավելի վաղ ապրանքային նշանը կարող է հակադրվել միայն ապրանքների և (կամ) ծառայությունների համապատասխան մասի նկատմամբ։

(23-րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-184-Ն)

(հոդվածը 03.03.21 ՀՕ-113-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.21 թվականին)

 

 Հոդված 24.

Իրավունքների սահմանափակումը իրավատիրոջ անգործունեության հետևանքով

 

1. Եթե ավելի վաղ ապրանքային նշանի կամ ավելի վաղ որևէ իրավունքի իրավատերը հինգ հաջորդական տարիների ընթացքում գիտակցաբար հանդուրժել է ավելի ուշ գրանցված ապրանքային նշանի օգտագործումը, այլևս չի կարող սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հայց կամ հակընդդեմ հայց ներկայացվել դատարան ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին կամ արգելելու ավելի ուշ ապրանքային նշանի օգտագործումը այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար ավելի ուշ ապրանքային նշանը օգտագործվել է, պայմանով, որ ավելի ուշ ապրանքային նշանի գրանցումը չի կատարվել անբարեխիղճ նպատակներով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում ավելի ուշ ապրանքային նշանի իրավատերն իրավունք չունի բողոքելու ավելի վաղ իրավունքի օգտագործման դեմ:

 

 Հոդված 25.

Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու և անվավեր ճանաչելու հետևանքները

 

1. Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է ճանաչվել ամբողջովին կամ մասնակիորեն, ապա ապրանքային նշանի գրանցման գործողությունն ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցվում է այդ մասին հայցը կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցը դատարան ներկայացնելու թվականից: Կողմերից մեկի դիմումի հիման վրա դատարանը կարող է սահմանել ավելի վաղ թվական, երբ ծագել է ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու հիմքերից որևէ մեկը։

2. Եթե ապրանքային նշանի գրանցումն անվավեր է ճանաչվել ամբողջովին կամ մասնակիորեն, ապա համարվում է, որ հայտի ներկայացման թվականից սկսած` ապրանքային նշանը համապատասխան չափով չի ունեցել սույն օրենքով նախատեսված գրանցման գործողություն:

3. Ապրանքային նշանի իրավատիրոջ անփույթ կամ անբարեխիղճ գործունեության արդյունքում հասցված վնասի հատուցման, ինչպես նաև անհիմն հարստացման վերաբերյալ դրույթների կիրառման դեպքում ապրանքային նշանի գրանցման չեղյալ կամ անվավեր ճանաչումը չի ազդում՝

1) իրավունքների խախտման վերաբերյալ վերջնական որոշումների վրա, որոնք ի կատար են ածվել մինչև ապրանքային նշանի գրանցումը չեղյալ կամ անվավեր ճանաչելու մասին որոշման ընդունումը.

2) ապրանքային նշանի գրանցումը չեղյալ կամ անվավեր ճանաչելու մասին որոշման ընդունումից առաջ կնքված պայմանագրերի վրա այն չափով, որով դրանք կատարվել են մինչև համապատասխան որոշման ընդունումը: Միաժամանակ, արդարացի հանգամանքներից ելնելով, կարող է պահանջվել որոշակի գումարի հատուցում, որը վճարվել է պայմանագրի համաձայն։

 

 Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

 Հոդված 26.

Գրանցված կամ հայտարկված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը

 

1. Գրանցված կամ հայտարկված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներն իրավահաջորդության կարգով կամ իրավատիրոջ կողմից պայմանագրով կարող են փոխանցվել այլ անձի ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ անկախ իրավատեր իրավաբանական անձի նկատմամբ իրավունքների փոխանցումից։

2. Գրանցված կամ հայտարկված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները կարող են փոխանցվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ, որոնց համար այն գրանցված կամ հայտարկված է։

3. Գրանցված կամ հայտարկված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցմամբ պայմանավորված ապրանքային նշանի նոր իրավական կարգավիճակը երրորդ անձանց նկատմամբ գործում է պետական գրանցամատյանում կամ ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում համապատասխան գրանցում կատարելու օրվանից։

4. Պետական գրանցամատյանում ապրանքային նշանի իրավունքների փոխանցումը գրանցելու համար փոխանցումն իրականացնող կողմերից մեկը պետական լիազոր մարմին է ներկայացնում՝

1) դիմում իրավունքների փոխանցման գրանցում կատարելու մասին.

2) իրավունքների փոխանցումը հավաստող փաստաթուղթը.

3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

4) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (ներկայացուցչի առկայության դեպքում).

5) աշխատողների թվի մասին տեղեկանքը պետական տուրքի վճարման օրվա դրությամբ, եթե պետական տուրքը վճարվել է զեղչով՝ համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի:

5. Պետական լիազոր մարմինը սույն հոդվածի 4-րդ մասում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է դրանց փորձաքննությունը և սույն հոդվածի պահանջներին համապատասխանելու դեպքում իրավունքների փոխանցումը գրանցում է պետական գրանցամատյանում կամ ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում։

6. Պետական լիազոր մարմինը մերժում է իրավունքների փոխանցման գրանցումը, եթե ակնհայտ է, որ փոխանցման հետևանքով ապրանքային նշանը կարող է հանրությանը մոլորության մեջ գցել, մասնավորապես այն ապրանքների և (կամ) ծառայությունների բնույթի, որակի, աշխարհագրական ծագման վերաբերյալ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, բացառությամբ, եթե իրավունքներն ստացող կողմը համաձայնում է սահմանափակել ապրանքային նշանի գրանցումն այն ապրանքներով և (կամ) ծառայություններով, որոնց համար մոլորության մեջ գցելու վտանգը բացակայում է։

7. Եթե ապրանքային նշանը գրանցված է Փարիզյան կոնվենցիայի անդամ որևէ երկրի ապրանքային նշանի իրավատիրոջ գործակալի կամ ներկայացուցչի անունով առանց նրա համաձայնության, ապա վերջինս իրավունք ունի պահանջելու իրավունքների փոխանցումն իր օգտին, բացառությամբ, եթե գործակալը կամ ներկայացուցիչը կապացուցեն իրենց գործողությունների օրինականությունը։

8. Գրանցված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման մասին տեղեկությունները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

9. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պետական լիազոր մարմնի գործողություններն ապրանքային նշանի իրավունքների փոխանցման կողմերը կամ երրորդ անձինք կարող են վիճարկել բողոքարկման խորհրդում իրավունքների փոխանցումը գրանցելու մասին տեղեկությունները հրապարակելու օրվանից՝ եռամսյա ժամկետում։

(26-րդ հոդվածը լրաց., փոփ. 28.09.16 ՀՕ-155-Ն)

 

 

 Հոդված 27.

Լիցենզիայի տրամադրումը

 

1. Ապրանքային նշանի իրավատերը (լիցենզատու) կարող է լիցենզային պայմանագրով այլ անձի (լիցենզառու) թույլատրել օգտագործել ապրանքային նշանը բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը։

2. Լիցենզիան կարող է լինել՝

1) բացառիկ, եթե այն տրված է միայն մեկ լիցենզառուի և բացառում է ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից ապրանքային նշանի օգտագործումը և այլ անձանց լիցենզիայի տրամադրումը.

2) ոչ բացառիկ, եթե այն չի բացառում դրա իրավատիրոջ կողմից ապրանքային նշանի օգտագործումը և ցանկացած այլ անձի լիցենզիայի տրամադրումը.

3) եզակի, եթե տրված է միայն մեկ լիցենզառուի, ինչը բացառում է ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից այլ անձանց լիցենզիայի տրամադրումը, սակայն չի բացառում ապրանքային նշանի օգտագործումը դրա իրավատիրոջ կողմից:

3. Լիցենզիան պետք է գրանցվի պետական գրանցամատյանում, որի համար լիցենզային պայմանագրի կողմերից մեկը պետական լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում` լիցենզիան գրանցելու մասին.

2) լիցենզային պայմանագիրը, լիցենզային պայմանագրից քաղվածք կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարություն՝ ստորագրված լիցենզատուի և լիցենզառուի կողմից.

3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

4) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (ներկայացուցչի առկայության դեպքում)։

4. Լիցենզային պայմանագիրը, լիցենզային պայմանագրից քաղվածքը և լիցենզիայի տրամադրման մասին հայտարարությունը պետք է պարունակեն հետևյալ տվյալները՝

1) լիցենզատուի ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն).

2) լիցենզառուի ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն).

3) ապրանքային նշանի գրանցման համարը, որի համար տրամադրվում է լիցենզիան.

4) լիցենզիայի տեսակը.

5) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար տրամադրվում է լիցենզիան.

6) լիցենզիայի գործողության ժամկետը.

7) լիցենզիայի գործողության տարածքը։

5. Պետական լիազոր մարմինը սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է դրանց փորձաքննությունը և սույն հոդվածի պահանջներին համապատասխանելու դեպքում լիցենզիան գրանցում է պետական գրանցամատյանում։

6. Լիցենզիան երրորդ անձանց նկատմամբ գործում է պետական գրանցամատյանում դրա գրանցման թվականից։ Գրանցված լիցենզիայի մասին տեղեկությունները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

7. Լիցենզային պայմանագրի որևէ պայման չկատարելու դեպքում լիցենզատուն սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն կարող է պահանջ ներկայացնել լիցենզառուին, որը չի պահպանել լիցենզային պայմանագրի որևէ պայման:

8. Չխախտելով լիցենզային պայմանագրի դրույթները` լիցենզառուն կարող է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված հայց ներկայացնել դատարան միայն լիցենզատուի համաձայնությամբ։ Բացառիկ լիցենզիայի դեպքում լիցենզառուն կարող է այդպիսի հայց ներկայացնել, եթե ծանուցվելուց հետո ապրանքային նշանի լիցենզատուն ողջամիտ ժամկետում համապատասխան պահանջ չի ներկայացրել։

9. Պատճառած վնասի հատուցման համար ցանկացած լիցենզառու իրավունք ունի մասնակից դառնալու ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից սկսված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների պաշտպանության գործին։

10. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված լիցենզիայի պայմանների հետագա փոփոխությունները, ինչպես նաև լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցվում են պետական գրանցամատյանում, որի համար լիցենզային պայմանագրի կողմերից մեկը պետական լիազոր մարմին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում լիցենզիայի փոփոխությունը կամ չեղյալ հայտարարումը գրանցելու մասին.

2) լիցենզիայի փոփոխությունը կամ չեղյալ հայտարարումը հաստատող փաստաթուղթ կամ լիցենզիայի փոփոխության կամ չեղյալ հայտարարման մասին հայտարարություն՝ ստորագրված լիցենզատուի և լիցենզառուի կողմից:

11. Սույն հոդվածում նշված դիմումների ձևերը, դրանց լրացման, ներկայացման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը:

12. Սույն հոդվածով նախատեսված դիմումները չեն կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել լիցենզիայի կամ դրա փոփոխությունների գրանցման օգտին:

13. Սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումների որևէ նշման կամ փաստաթղթի հավաստիությունը հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:

14. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են ենթալիցենզիաների և օրենքով սահմանված դեպքերում՝ ֆրանչայզինգի նկատմամբ մութաթիս մութանդիս (mutatis mutandis)։

(27-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-155-Ն)

 

 Հոդված 28.

Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների գրավադրումը և դրանք արգելանքի տակ դնելը

 

1. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են հանդիսանալ ապահովված իրավունքի առարկա, կամ դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարող է կիրառվել սահմանափակում:

2. Ապրանքային նշանի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

(28-րդ հոդվածը խմբ. 17.12.14 ՀՕ-272-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ

 

 Հոդված 29.

Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը

 

1. Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում կարող է հանրահայտ ճանաչվել, եթե օգտագործման արդյունքում այն լայն ճանաչում է ստացել Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության համապատասխան շրջանակների համար այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար օգտագործվել է ապրանքային նշանը։

2. Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում կարող է հանրահայտ ճանաչվել և իրավական պահպանություն ստանալ անկախ գրանցված լինելու հանգամանքից։

3. Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ է ճանաչվում բողոքարկման խորհրդի կողմից։

4. Հանրահայտ ճանաչված ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է անժամկետ։

 

 Հոդված 30.

Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանության ծավալը

 

1. Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավատերը, սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքներից բացի, իրավունք ունի նաև արգելելու այլ անձանց՝ առանց իր թույլտվության արդյունաբերական կամ առևտրային գործունեության ընթացքում օգտագործել նիշ, որն իրենից ներկայացնում է հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի վերարտադրությունը, նմանակումը կամ թարգմանությունը, կարող է շփոթություն առաջացնել վերջինիս հետ և օգտագործվում է նույնական և (կամ) նույնատիպ ապրանքների նկատմամբ։

2. Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավատերը, սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքներից բացի, իրավունք ունի արգելելու այլ անձանց՝ առանց իր թույլտվության օգտագործել արդյունաբերական կամ առևտրային գործունեության մեջ ոչ նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ այնպիսի նիշ, որը կարող է ընկալվել որպես հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի վերարտադրություն, նմանակում կամ թարգմանություն, և կարող է շփոթություն առաջացնել, եթե տվյալ նիշի օգտագործումն այդ ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ կապ է ենթադրում այդ ապրանքների և (կամ) ծառայությունների և այն ապրանքների և (կամ) ծառայությունների միջև, որոնց նկատմամբ օգտագործվում է հանրահայտ ապրանքային նշանը, և այդպիսի օգտագործումը կարող է վնաս հասցնել հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավատիրոջ շահերին։

 3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված իրավունքների իրագործման համար հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավատերն իրավունք ունի դիմելու դատարան։ Եթե հանրահայտ ճանաչված ապրանքային նշանին հակադրվող ապրանքային նշանը դատարան դիմելու թվականին նախորդող հինգ անընդմեջ տարվա ընթացքում իրական օգտագործման մեջ է դրվել արդյունաբերական կամ առևտրային գործունեության ընթացքում, ապա այդ հանգամանքը հիմք է ծառայում դատարան ներկայացված հայցի մերժման համար։

 

 Հոդված 31.

Ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելը

 

1. Ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու համար ցանկացած շահագրգիռ անձ կարող է դիմում ներկայացնել բողոքարկման խորհուրդ։ Դիմումը պետք է վերաբերի միայն մեկ ապրանքային նշանի։

2. Դիմումը պետք է պարունակի ապրանքային նշանի վերարտադրությունը և նկարագրությունը, ինչպես նաև թվականը, երբվանից հայտարկվում է ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելը։

3. Դիմումին կցվում են՝

1) ապրանքային նշանի իրավատիրոջ կամ օգտագործողի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր.

2) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ օգտագործվում է ապրանքային նշանը.

3) փաստաթղթեր, որոնք վկայում են համապատասխան անձանց շրջանակում այն ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանի հայտնի լինելու մակարդակի մասին, որոնց նկատմամբ օգտագործվում է ապրանքային նշանը.

4) ապրանքային նշանի օգտագործման սկիզբն ու ժամանակահատվածը վկայող փաստաթղթեր.

5) Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի օգտագործման աշխարհագրական տարածքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր.

6) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

4. Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումը բողոքարկման խորհուրդը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում դիմումն ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում։

5. Ապրանքային նշանը չի կարող ճանաչվել հանրահայտ, եթե՝

1) սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը լիարժեք կամ հավաստի չեն կամ բավարար համոզիչ չեն, որ իրոք Հայաստանի Հանրապետությունում հասարակության համապատասխան շրջանակների համար ապրանքային նշանը լայն ճանաչում է ստացել այն ապրանքների և (կամ) ծառայությունների համար, որոնց նկատմամբ օգտագործվել է.

2) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հասարակության համապատասխան շրջանակների համար լայն ճանաչում է ստացել նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների համար այլ անձի նույն կամ շփոթելու աստիճան նման գրանցված ապրանքային նշանի առաջնության թվականից հետո։

6. Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու մասին որոշման մեջ նշվում է՝

1) հանրահայտ ապրանքային նշանի իրավատիրոջ ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն).

2) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար ապրանքային նշանը հանրահայտ է ճանաչվել.

3) թվականը, երբվանից ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ է ճանաչվել։

7. Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին որոշման հիման վրա պետական լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում համապատասխան գրառում է կատարում հանրահայտ ապրանքային նշանների տվյալների բազայում, դրա իրավատիրոջը հանձնում է հանրահայտ ապրանքային նշանի վկայագիր և ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու մասին տեղեկություններ է հրապարակում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆՆԵՐ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ

 

 Հոդված 32.

Կոլեկտիվ նշանները

 

1. Կոլեկտիվ նշաններն օգտագործվում են մեկ միավորման (անձանց խմբի, այսուհետ՝ միավորում) անդամների ապրանքները և (կամ) ծառայությունները այլ անձանց ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար։ Կոլեկտիվ նշան գրանցելու իրավունք ունեն պատրաստողների, արտադրողների, ծառայություններ մատուցողների, վաճառողների միավորումները, ովքեր օրենքով սահմանված կարգով կարող են ունենալ իրավունքներ և պարտավորություններ, կնքել պայմանագրեր և կազմել այլ իրավաբանական փաստաթղթեր, ներկայացնել դատական հայցեր։

2. Անկախ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներից` սույն հոդվածի 1-ին մասի իմաստով կոլեկտիվ նշաններ կարող են լինել նիշեր կամ ցուցումներ, որոնք առևտրում կարող են ծառայել որպես ապրանքների և (կամ) ծառայությունների աշխարհագրական ծագման նշում։ Կոլեկտիվ նշանի իրավատերն իրավունք չունի արգելելու երրորդ անձանց առևտրում այդպիսի նիշերի կամ ցուցումների օգտագործումը, պայմանով, որ երրորդ անձանց կողմից դրանց օգտագործումը համապատասխանում է արդյունաբերական կամ առևտրային գործունեության մեջ բարեխիղճ օգտագործման պայմաններին։ Մասնավորապես՝ այդպիսի ապրանքային նշանի առկայությունը չի կարող արգելել երրորդ անձանց օգտագործել աշխարհագրական նշումը։

3. Հաշվի առնելով սույն օրենքի 33-38-րդ հոդվածների դրույթները` կոլեկտիվ նշանների նկատմամբ հավասարապես կիրառվում են ապրանքային նշաններին վերաբերող սույն օրենքի դրույթները։

4. Կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը կառավարության սահմանած կարգով կարող է համապատասխանաբար փոխակերպվել անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը:

 

 Հոդված 33.

Կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգը

 

1. Կոլեկտիվ նշանի հայտատուն հայտի հետ միաժամանակ պետական լիազոր մարմին է ներկայացնում միավորման հաստատած կոլեկտիվ նշանի կանոնակարգը։

2. Կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգը սահմանում է ապրանքային նշանն օգտագործելու իրավունք ունեցող անձանց միավորմանն անդամակցելու պայմանները, որոնք պետք է լինեն հավասար միավորման բոլոր անդամների համար, ինչպես նաև ապրանքային նշանն օգտագործելու պայմանները, ներառյալ` սանկցիաները, եթե այդպիսիք կան։ Կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգը սույն օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի համար պետք է իրավունք տա ցանկացած անձի, ում ապրանքները և (կամ) ծառայությունները համապատասխան աշխարհագրական վայրից են, դառնալ կոլեկտիվ նշանի իրավատեր հանդիսացող միավորման անդամ։

3. Կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգը պետական լիազոր մարմինը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում կոլեկտիվ նշանի գրանցման մասին տեղեկությունների հետ միաժամանակ։

 

 Հոդված 34.

Կոլեկտիվ նշանի գրանցման մերժումը

 

1. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու` սույն օրենքով նախատեսված հիմքերից բացի, կոլեկտիվ նշանի գրանցումը կարող է մերժվել նաև, եթե պահպանված չեն սույն օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների պահանջները, կամ եթե կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգը հակասում է հասարակության շահերին կամ բարոյականության սկզբունքներին:

2. Կոլեկտիվ նշանի գրանցումը մերժվում է նաև այն դեպքում, երբ վտանգ կա հանրությանը մոլորության մեջ գցելու նշանի բնույթի կամ նշանակության վերաբերյալ և հատկապես, երբ այն չի ընկալվում որպես կոլեկտիվ նշան։

3. Կոլեկտիվ նշանի գրանցումը չի մերժվում, եթե հայտատուն կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգում փոփոխություններ կատարելու միջոցով վերացնում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների անհամապատասխանությունը։

 

 Հոդված 35.

Կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգի փոփոխությունը

 

1. Կոլեկտիվ նշանի իրավատերը պետական լիազոր մարմնին պետք է հայտնի կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգի ցանկացած փոփոխության մասին։

2. Փոփոխությունները չեն մուտքագրվում ապրանքային նշանների գրանցամատյանում, եթե կոլեկտիվ նշանի օգտագործման փոփոխված կանոնակարգը չի համապատասխանում սույն օրենքի 33-րդ հոդվածի պահանջներին կամ պարունակում է սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված մերժման հիմք։

3. Կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգի փոփոխություններն ուժի մեջ են մտնում ապրանքային նշանների պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու թվականից։

 

 Հոդված 36.

Կոլեկտիվ նշանի նկատմամբ իրավունքների պահպանության համար հայց ներկայացնելը

 

1. Կոլեկտիվ նշանի իրավատերը կարող է կոլեկտիվ նշանն օգտագործելու իրավունք ունեցող անձանց անունից պահանջել ապրանքային նշանի ապօրինի օգտագործման արդյունքում հասցված վնասի հատուցում։

2. Լիցենզառուի իրավունքների մասին սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի դրույթները կիրառվում են կոլեկտիվ նշանի օգտագործման իրավունք ունեցող բոլոր անձանց նկատմամբ։

 

 Հոդված 37.

Կոլեկտիվ նշանի նկատմամբ իրավունքներից զրկելու հիմքերը

 

1. Բացի սույն օրենքով նախատեսված հիմքերով իրավունքներից զրկվելուց, իրավունքների պաշտպանության հետ կապված դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կոլեկտիվ նշանի իրավատերը կարող է զրկվել իրավունքներից, եթե՝

1) իրավատերը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել կանխելու կոլեկտիվ նշանի այնպիսի օգտագործումը, որը չի համապատասխանում կոլեկտիվ նշանի օգտագործման` կանոնակարգով նախատեսված պայմաններին.

2) կոլեկտիվ նշանի իրավատիրոջ կողմից դրա օգտագործման եղանակը սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով կարող է մոլորության մեջ գցել հանրությանը.

3) կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգի փոփոխությունները պետական գրանցամատյան են մուտքագրվել սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ, բացառությամբ, եթե կոլեկտիվ նշանի իրավատերը կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգի նոր փոփոխությամբ վերացրել է այդ անհամապատասխանությունը։

 

 Հոդված 38.

Կոլեկտիվ նշանի գրանցման անվավերության հիմքերը

 

Բացի սույն օրենքով նախատեսված ապրանքային նշանների անվավերության հիմքերից, կոլեկտիվ նշանի գրանցումը կարող է իրավունքների պաշտպանության գործով ներկայացված հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա անվավեր ճանաչվել, եթե այն չի համապատասխանում սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված պահանջներին, բացառությամբ, եթե կոլեկտիվ նշանի իրավատերը կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգի նոր փոփոխությամբ վերացրել է այդ անհամապատասխանությունը։

 

 Հոդված 39.

Հավաստագրային նշանները

 

1. Հավաստագրային նշանները կարող են գրանցվել պետական լիազոր մարմնում այն հավատարմագրված հավաստագրման մարմինների կողմից, որոնք օրենքով սահմանված կարգով իրականացնում են ապրանքների և (կամ) ծառայությունների համապատասխանության հավաստագրում: Հավաստագրային նշանները չեն կարող գրանցվել ապրանքներ արտադրող, ներմուծող, իրացնող կամ ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց անունով։

2. Հաշվի առնելով սույն հոդվածի դրույթները` հավաստագրային նշանների նկատմամբ հավասարապես կիրառվում են ապրանքային նշաններին վերաբերող սույն օրենքի դրույթները:

3. Հայտատուն, բացի սույն օրենքի 40-րդ հոդվածով պահանջվող փաստաթղթերից, հավաստագրային նշանի գրանցման հայտ ներկայացնելու հետ միաժամանակ ներկայացնում է՝

1) հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգը.

2) թույլտվություն կամ փաստաթուղթ, որը հաստատում է հայտատուի՝ հավաստագրման գործունեություն իրականացնելու իրավասությունը կամ համապատասխան դեպքում ծագման երկրում հավաստագրային նշանի գրանցված լինելը։

4. Հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգով որոշվում են անձինք, որոնք իրավունք ունեն օգտագործելու հավաստագրային նշանը, տարրերն ու բնութագրերը, որոնք պետք է հավաստագրային նշանով հավաստվեն, հավաստագրման մարմնի կողմից այդ բնութագրերի ստուգումն անցկացնելու կարգն ու հավաստագրային նշանի օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը, կանոնակարգի խախտման համար նախատեսված պատժամիջոցները, հավաստագրային նշանի օգտագործման համար սահմանված վճարները, տարաձայնությունների կարգավորման ընթացակարգերը։

5. Հավաստագրային նշանի օգտագործումը թույլատրվում է ցանկացած անձի, որն առաջարկում է ապրանքներ կամ մատուցում ծառայություններ, որոնք համապատասխանում են հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգի դրույթներով սահմանված բնութագրերին և դրա պահանջներին։

6. Հավաստագրային նշանի իրավատերն իրավասու անձանց թույլատրում է հավաստագրային նշանի օգտագործումն այն ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ, որոնք համապատասխանում են հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգի դրույթներով սահմանված բնութագրերին։

7. Եթե հավաստագրային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը չի պահպանում հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգի դրույթները, ապա դրա իրավատերն իրավունք ունի հետ կանչելու տվյալ անձի՝ հավաստագրային նշանի օգտագործման թույլտվությունը կամ կիրառելու դրա կանոնակարգով սահմանված այլ պատժամիջոցներ։

8. Բացի ապրանքային նշանի գրանցման մերժման հիմքերից, հավաստագրային նշանի գրանցումը կարող է մերժվել նաև, եթե նշանը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներին, ինչպես նաև հավաստագրման մասին օրենսդրության նորմերին։

9. Հավաստագրային նշանը չի կարող լինել իրավունքների փոխանցման, գրավադրման պայմանագրի, ինչպես նաև հարկադիր կատարման միջոցների առարկա։ Հավաստագրային նշանի իրավատեր հանդիսացող իրավաբանական անձի լուծարման դեպքում այդ նշանը կարող է օրենքով սահմանված կարգով փոխանցվել այլ իրավաբանական անձի։

10. Բացի սույն օրենքով նախատեսված ապրանքային նշանների անվավերության հիմքերից, հավաստագրային նշանի գրանցումը կարող է ցանկացած անձի ներկայացրած հայցի քննարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա անվավեր ճանաչվել, եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի 1-9-րդ մասերով սահմանված պայմաններին։

11. Եթե հավաստագրային նշանի պահպանությունը դադարել է, ապա այդ թվականից հետո` տասը տարվա ընթացքում, այն ենթակա չէ գրանցման կամ օգտագործման այլ նպատակների համար։

12. Հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգը պետական լիազոր մարմինը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում՝ հավաստագրային նշանի գրանցման մասին տեղեկությունների հետ միաժամանակ։

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

 Հոդված 40.

Ապրանքային նշանի հայտը

 

1. Ապրանքային նշանի հայտը պետական լիազոր մարմին ներկայացվում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով: Հայտը ներկայացնում է հայտատուն՝ անմիջականորեն կամ իր ներկայացուցչի միջոցով:

2. Ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության վայր չունեն, և օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն գործող առևտրային կամ արդյունաբերական հաստատություն, հայտը ներկայացնում և դրա քննարկման ընթացակարգով նախատեսված գործերը պետական լիազոր մարմնում վարում են ապրանքային նշանների հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի միջոցով: Ապրանքային նշանների հավատարմատարների նկատմամբ կիրառվում են արտոնագրային հավատարմատարների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis):

3. Հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի։

4. Հայտը ներկայացվում է հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները՝ հայտը ներկայացնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում:

5. Հայտի ձևը, լրացման և ներկայացման կարգը (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) սահմանում է կառավարությունը։

6. Հայտին կցվում են՝

1) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) հայտատուի ներկայացուցչի իրավասությունները հաստատող փաստաթուղթը, եթե հայտը ներկայացվել է ներկայացուցչի միջոցով.

3) դիմում` առաջնություն խնդրարկելու մասին (համապատասխան դեպքում).

4) թույլտվություն՝ տրված իրավասու մարմնի կողմից, սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում (համապատասխան դեպքում).

5) համաձայնություն՝ տրված իրավատիրոջ կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերով նախատեսված դեպքերում (համապատասխան դեպքում).

6) կոլեկտիվ նշանի կանոնակարգը (համապատասխան դեպքում).

7) հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգը (համապատասխան դեպքում).

8) աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ, եթե պետական տուրքը վճարվել է զեղչով՝ համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի:

7. Հայտը պետք է պարունակի՝

1) տեղեկություններ, որոնք նույնականացնում են հայտատուին և նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում).

2) հայտարկված նիշի հստակ պատկերը (վերարտադրությունը, այդ թվում` ձայնային ապրանքային նշանի դեպքում՝ նոտագրված տեսքով) և նկարագրությունը.

3) այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկվում է ապրանքային նշանի գրանցումը, որոնք խմբավորված են հայտը ներկայացնելու թվականին գործող Նիցցայի դասակարգչի դասերին համապատասխան` ըստ դասերի համարների աճման.

4) նշում, որ հայտարկված նիշը եռաչափ է (համապատասխան դեպքում).

5) նշում, որ հայտարկված նիշը հոլոգրաֆիկ է (համապատասխան դեպքում).

6) նշում, որ հայտարկված նիշը ձայնային է (համապատասխան դեպքում).

7) նշում, որ գունային համակցությունը ապրանքային նշանի տարբերակիչ հատկանիշն է (համապատասխան դեպքում).

8) նշում հայտարկված նիշի այն տարրերի մասին, որոնք համարվում են չպահպանվող (համապատասխան դեպքում).

9) նիշի կամ դրա բառային տարրերի տառադարձությունը և դրանց հայերեն թարգմանությունը (համապատասխան դեպքում).

10) նշում, որ հայտարկված նիշը կոլեկտիվ նշան է (համապատասխան դեպքում).

11) նշում, որ հայտարկված նիշը հավաստագրային նշան է (համապատասխան դեպքում).

12) նշում` խնդրարկվող առաջնության թվականի և դրա հիմքերի մասին (համապատասխան դեպքում):

8. Մեկ հայտով ապրանքային նշանի գրանցումը կարող է հայտարկվել մեկ կամ ավելի դասերի ապրանքների և (կամ) ծառայությունների համար։ Հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար վճարվում է օրենքով սահմանված լրացուցիչ պետական տուրք։

(40-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-155-Ն)

 

 

 Հոդված 41.

Հայտի ներկայացման թվականը

 

1. Հայտի ներկայացման թվականը սահմանվում է այն թվականով, որով պետական լիազոր մարմին ներկայացվել են՝

1) նշում, որից ակնհայտորեն կամ ենթադրաբար պարզ է, որ հայտարկվում է ապրանքային նշանի գրանցում.

2) նշում, որը հնարավորություն է տալիս նույնականացնելու հայտատուին.

3) նշումներ, որոնք հնարավորություն են տալիս պետական լիազոր մարմնին կապ հաստատելու հայտատուի կամ նրա ներկայացուցչի հետ (ներկայացուցչի առկայության դեպքում).

4) գրանցման ներկայացված նիշի բավականին հստակ պատկերը (վերարտադրությունը).

5) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկվում է ապրանքային նշանի գրանցումը.

6) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

2. Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը դրանք ստանալու օրվանից հետո` չորս աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով երկամսյա ժամկետում կատարել այդ պահանջները։

3. Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին, և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չեն կատարվել պետական լիազոր մարմնի պահանջները, ապա հայտի ներկայացման թվական չի սահմանվում, հայտը համարվում է չներկայացված, և ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հայտատուին:

4. Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին, սակայն սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում կատարվել են պետական լիազոր մարմնի պահանջները, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարրերից և նշումներից վերջինի ստացման թվականով:

(41-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-155-Ն)

 

 Հոդված 42.

Ապրանքային նշանի առաջնությունը և առաջնության իրավունքը

 

1. Ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականով:

2. Եթե անձը կամ նրա իրավահաջորդը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներից մեկում սահմանված կարգով ապրանքային նշանի հայտ է ներկայացրել (առաջին հայտ), ապա դրա ներկայացման թվականից հետո` վեց ամսվա ընթացքում, նույն ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելիս հայտատուն օգտվում է առաջին հայտի ներկայացման թվականով ապրանքային նշանի առաջնության (միջազգային առաջնություն) սահմանման իրավունքից:

3. Եթե անձը կամ նրա իրավահաջորդը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներից մեկում անցկացված միջազգային ցուցահանդեսում որևէ ապրանքային նշանի ներքո ապրանքներ և (կամ) ծառայություններ է ցուցադրել (առաջին ցուցադրում), ապա դրանից հետո` վեց ամսվա ընթացքում, նույն ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար պետական լիազոր մարմին նույն ապրանքային նշանի հայտ ներկայացնելիս նա օգտվում է առաջին ցուցադրման թվականով ապրանքային նշանի առաջնության (ցուցահանդեսային առաջնություն) սահմանման իրավունքից:

Ցուցահանդեսը համարվում է միջազգային, եթե այն կազմակերպվել է պաշտոնապես, և դրան մասնակցել են արտադրողներ, ծառայություն մատուցողներ մի քանի երկրներից, ինչպես նաև այդ ցուցահանդեսի մասին տեղեկությունը համապատասխան ձևով մատչելի է դարձել հանրությանը։

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթների համաձայն` առաջնության իրավունքից օգտվել ցանկացող հայտատուն պետական լիազոր մարմին է ներկայացնում համապատասխանաբար առաջին հայտի պատճենը, որը վավերացված է առաջին հայտի ներկայացման մարմնի կողմից, և դրա հայերեն թարգմանությունը կամ միջազգային ցուցահանդեսի կազմակերպչի տված հավաստագիրը (վկայագիրը), որտեղ առաջին անգամ այդ ապրանքային նշանի ներքո ցուցադրվել են ապրանքները և (կամ) ծառայությունները։ Առաջնության իրավունքից օգտվել ցանկացող հայտատուն պարտավոր է այդ մասին դիմում ներկայացնել հայտի հետ կամ հայտի ներկայացման թվականից հետո` երկու ամսվա ընթացքում, և նշված փաստաթղթերը ներկայացնել հայտի ներկայացման թվականից հետո` երեք ամսվա ընթացքում՝ վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը։

5. Եթե պետական լիազոր մարմինը համարում է, որ սույն հոդվածի 4-րդ մասի պահանջները պահպանված չեն, ապա սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված առաջնության իրավունքից օգտվելու մասին դիմումը համարվում է չներկայացված։

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

 Հոդված 43.

Հայտի նախնական փորձաքննությունը

 

1. Սույն օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը՝

1) գրանցում է հայտը՝ դրան տալով հերթական համար, և տեղեկությունները մուտքագրում է ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում.

2) կառավարության սահմանած կարգով անցկացնում է հայտի նախնական փորձաքննություն, որի ընթացքում ստուգում է հայտի փաստաթղթերի և դրանց ներկայացման պայմանների համապատասխանությունը սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված պահանջներին։

2. Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտը չի համապատասխանում սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ծանուցում է փաստաթղթերի անհամապատասխանությունները երկամսյա ժամկետում վերացնելու անհրաժեշտության, ինչպես նաև հայտի համարի և դրա ներկայացման թվականի մասին:

3. Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտը համապատասխանում է սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված պահանջներին, կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում վերացվել են ծանուցման մեջ նշված բոլոր անհամապատասխանությունները, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտի հրապարակման և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին: Նշված որոշման մասին պետական լիազոր մարմինը հայտատուին ծանուցում է՝ հայտնելով նաև հայտի համարի և դրա ներկայացման թվականի մասին:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանուցման համաձայն` անհամապատասխանությունները սահմանված ժամկետում չվերացվելու դեպքում պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտը հետ կանչված համարելու մասին և այդ մասին ծանուցում հայտատուին։

5. Սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված՝ առաջնության իրավունքից օգտվելու մասին դրույթները չպահպանելու դեպքում հայտատուն զրկվում է տվյալ հայտով առաջնություն խնդրարկելու իրավունքից։

6. Հայտի քննարկման ցանկացած փուլում հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է հետ կանչել հայտը կամ սահմանափակել դրանում ընդգրկված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը։

7. Հայտի քննարկման ցանկացած փուլում, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, հայտատուն կարող է դիմում ներկայացնել հայտում փոփոխություններ կատարելու մասին, որոնք պայմանավորված են հայտատուի անունը, ազգանունը (անվանումը) և (կամ) գտնվելու վայրը ճշգրտելու, ձևակերպումները հստակեցնելու կամ վրիպակները վերացնելու անհրաժեշտությամբ, պայմանով, որ դրանք էապես չեն փոխում հայտարկված ապրանքային նշանի պատկերը և հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը: Դիմումով առաջարկվող փոփոխությունները պետական լիազոր մարմնի կողմից հաշվի չեն առնվում, եթե դրանք էապես փոխում են հայտարկված ապրանքային նշանի պատկերը կամ հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը ոչ նույնատիպ ապրանքներով և (կամ) ծառայություններով համալրելու անհրաժեշտություն են առաջացնում:

8. Ապրանքները կամ ծառայությունները չեն կարող նույնատիպ համարվել այն հիմքով, որ պետական լիազոր մարմնի որևէ գրանցման կամ հրապարակման մեջ դրանք ներառված են Նիցցայի դասակարգչի նույն դասում:

9. Ապրանքները կամ ծառայությունները չեն կարող ոչ նույնատիպ համարվել այն հիմքով, որ պետական լիազոր մարմնի որևէ գրանցման կամ հրապարակման մեջ դրանք ներառված են Նիցցայի դասակարգչի տարբեր դասերում:

(43-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-155-Ն)

 

 Հոդված 44.

Հայտի հրապարակումը, երրորդ անձանց դիտողությունները և առարկությունները

 

1. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` ընդունված հայտի հրապարակման և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին որոշման հիման վրա դրա կայացման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը հայտը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում, որտեղ զետեղում է հայտի համարը և ներկայացման թվականը, հայտատուի անունը, ազգանունը կամ անվանումը և գտնվելու վայրը, հայտարկված ապրանքային նշանի պատկերը և այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկված է ապրանքային նշանի գրանցումը:

2. Հայտի հրապարակման թվականից հետո` երկամսյա ժամկետում, ցանկացած անձ կարող է հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ գրավոր դիտողություն ներկայացնել պետական լիազոր մարմին այն մասին, որ դրա գրանցումը ենթակա է մերժման սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստացված դիտողության մասին պետական լիազոր մարմինը այն ստանալու օրվանից հետո գրավոր ծանուցում է հայտատուին՝ նշված ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում հայտատուի կողմից նկատառումներ չներկայացնելու դեպքում դիտողությունը քննարկվում է առկա նյութերի հիման վրա:

4. Հայտի հրապարակման թվականից հետո` երկամսյա ժամկետում, ավելի վաղ ապրանքային նշանի կամ հանրահայտ ապրանքային նշանի իրավատերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պահպանվող, աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան, պահպանվող արդյունաբերական նմուշի կամ օգտակար մոդելի, անվան կամ ազգանվան, կեղծանվան, պատկերի նկատմամբ ավելի վաղ ծագած իրավունքների տիրապետողները, գրականության, գիտության կամ արվեստի պահպանվող ստեղծագործությունների նկատմամբ ավելի վաղ ծագած հեղինակային իրավունքի իրավատերերը և ցանկացած այլ շահագրգիռ անձ կարող են հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ գրավոր առարկություն ներկայացնել պետական լիազոր մարմին այն մասին, որ դրա գրանցումը ենթակա է մերժման սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված հիմքերով:

5. Առարկությունը համարվում է ներկայացված, եթե դրան կցված է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

6. Առարկությունն ստանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինն ստուգում է այն և սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ներկայացման պայմաններին դրա համապատասխանության դեպքում առարկության մասին գրավոր ծանուցում է հայտատուին՝ նշված ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում հայտատուի կողմից նկատառումներ չներկայացվելու դեպքում առարկության հետագա քննարկումն իրականացվում է առկա նյութերի հիման վրա:

7. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմաններին չհամապատասխանող առարկությունը համարվում է չներկայացված, ինչի մասին դրա ստացման օրվանից հետո պետական լիազոր մարմինը գրավոր ծանուցում է այն ներկայացնողին:

(44-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-155-Ն)

(հոդվածը 03.03.21 ՀՕ-113-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.21 թվականին)

 

Հոդված 45.

Հայտի ըստ էության փորձաքննությունը

 

1. Պետական լիազոր մարմինը հայտի հրապարակման օրվանից հետո` եռամսյա ժամկետում, կառավարության սահմանած կարգով անցկացնում է հայտի ըստ էության փորձաքննություն՝ ստուգելու համար հայտարկված ապրանքային նշանի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահպանության պայմաններին։

2. Նշված ժամկետի ընթացքը կասեցվում է տվյալ հայտի վերաբերյալ սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին համապատասխան դիտողության կամ առարկության ստացման կապակցությամբ, նույն հոդվածի 3-րդ և 6-րդ մասերում նշված ժամկետներով: Ընդ որում, նույն հայտի վերաբերյալ մեկից ավելի դիտողություն և (կամ) առարկություն ստանալու դեպքում նշված ժամկետի կասեցման սկիզբ է համարվում դրանցից առաջինի ուղարկման թվականը, իսկ ավարտը՝ դրանցից վերջինի ստացման հետ կապված` սույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ կամ 6-րդ մասում նշված ժամկետի ավարտը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական լիազոր մարմինն ստուգում է՝

1) սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված մերժման բացարձակ հիմքերի առկայությունը.

2) սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված մերժման հարաբերական հիմքերի առկայությունը (իր տրամադրության տակ գտնվող տեղեկությունների հիման վրա).

3) սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին համապատասխան ստացված դիտողությունները և առարկությունները:

4. Պետական լիազոր մարմինը փորձաքննությունն անցկացնում է և հայտարկված ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ որոշում է կայացնում սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն կատարված ստուգման արդյունքների հիման վրա` հաշվի առնելով սույն օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասում նշված որոշումը (դրա առկայության դեպքերում): Փորձաքննության արդյունքում կայացրած որոշման մասին պետական լիազոր մարմինը գրավոր ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում), ինչպես նաև սույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ դիտողություն կամ առարկություն ներկայացրած անձին։

5. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ՝

1) հայտարկված ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար սույն օրենքի 9-րդ և (կամ) 10-րդ հոդվածներով սահմանված մերժման բացարձակ և (կամ) հարաբերական հիմքերով, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին.

2) հայտարկված ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար սույն օրենքի 9-րդ և (կամ) 10-րդ հոդվածներով սահմանված մերժման բացարձակ և (կամ) հարաբերական հիմքերով, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտում նշված մնացած ապրանքների և (կամ) ծառայությունների համար հայտարկված ապրանքային նշանը գրանցելու մասին (մասնակի գրանցում).

3) հայտարկված ապրանքային նշանի գրանցումը ենթակա չէ մերժման հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների համար սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված մերժման բացարձակ և հարաբերական հիմքերի բացակայության պատճառով, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտարկված ապրանքային նշանը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար գրանցելու մասին:

6. Պետական լիազոր մարմնի՝ ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշումները պետք է լինեն հիմնավորված։ Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կայացված որոշումներում պետք է նշվեն պատճառները և հիմքերը։

7. Եթե հայտարկված ապրանքային նշանը պարունակում է տարրեր, որոնք տարբերակիչ հատկություն չունեն և սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերով չեն կարող առանձին գրանցվել որպես ապրանքային նշան, և դրանց ներառումն ապրանքային նշանում կարող է կասկածներ առաջացնել ապրանքային նշանի պահպանության ծավալի վերաբերյալ, իսկ հայտատուն չի հայտարարել դրանց ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, ապա պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին` առաջարկելով ծանուցումն ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, հայտարարություն ներկայացնել այդ տարրերի նկատմամբ բացառիկ իրավունքի հայտարկումից հրաժարվելու մասին։

8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուն՝

1) հայտարարություն չի ներկայացնում, կամ

2) հայտարարություն ներկայացնում է միայն նշված տարրերից մի մասի նկատմամբ, կամ

3) հայտարարություն ներկայացնում է նշված տարրերից մի մասի նկատմամբ, իսկ մյուս մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն, կամ

4) նշված բոլոր տարրերի կամ դրանց մի մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն,

ապա պետական լիազոր մարմինը որոշում է ընդունում ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին:

9. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուն՝

1) հայտարարություն ներկայացնում է նշված բոլոր տարրերի նկատմամբ, կամ

2) հայտարարություն ներկայացնում է նշված տարրերից մի մասի նկատմամբ, իսկ մյուս մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն, կամ

3) նշված բոլոր տարրերի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն,

ապա պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցման կամ մասնակի գրանցման մասին որոշման մեջ նշում է կատարում միայն այն տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, որոնց նկատմամբ հայտարարություն է ներկայացվել՝ այդ նշումը ներառելով ապրանքային նշանի գրանցման մասին հրապարակվող պաշտոնական տեղեկությունների մեջ։ Այն տարրերի մասին, որոնց նկատմամբ ներկայացվել է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն, ապրանքային նշանի գրանցման կամ մասնակի գրանցման մասին որոշման մեջ որևէ գրառում չի կատարվում, և դրանք պահպանություն ստանում են ապրանքային նշանի գրանցման փաստի ուժով:

10. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին որոշումն ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին՝ բերելով հիմնավոր փաստարկներ։

11. Պետական լիազոր մարմինը կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին դիմումն ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, քննարկում է ներկայացված փաստարկները և որոշում է կայացնում չեղյալ ճանաչել նախորդ որոշումը և գրանցել ապրանքային նշանը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար կամ ուժի մեջ թողնել ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին որոշումը։

12. Կրկնական փորձաքննության արդյունքում ընդունված որոշման մասին պետական լիազոր մարմինը գրավոր ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում)։

13. Ապրանքային նշանի գրանցումը չի կարող մերժվել առանց հայտատուին հնարավորություն ընձեռելու հետ կանչել կամ փոփոխություններ կատարել հայտի մեջ կամ փաստարկներ ներկայացնել ապրանքային նշանի գրանցման օգտին։

(45-րդ հոդվածը խմբ. 26.05.11 ՀՕ-184-Ն, փոփ. 28.09.16 ՀՕ-155-Ն)

 

 Հոդված 46.

Դիտողությունների և առարկությունների քննարկումը

 

1. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի համաձայն` սահմանված ժամկետում դիտողության և առարկության վերաբերյալ հայտատուի ներկայացրած նկատառումները պետական լիազոր մարմինն ըստ էության քննարկում է սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված ապրանքային նշանի փորձաքննության անցկացման կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

2. Հայտատուի կողմից հիմնավոր դիմում ներկայացնելու դեպքում դիտողության քննարկումը կասեցվում է մինչև դիմումում նշված ժամկետի ավարտը:

3. Առարկության քննարկումը կասեցվում է հետևյալ դեպքերում և ժամկետներով՝

1) հակադրվել է ավելի վաղ առաջնությամբ ապրանքային նշանի կամ արդյունաբերական նմուշի գրանցման հայտ մինչև դրա վերաբերյալ վերջնական որոշման կայացումը.

2) առարկության հիմքում դրված ավելի վաղ ապրանքային նշանը կամ արդյունաբերական նմուշը գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու գործընթացում է՝ մինչև տվյալ գործով վերջնական որոշման ընդունումը.

3) կողմերից մեկը հիմնավորված դիմում է ներկայացրել մինչև դրա մեջ նշված ժամկետի ավարտը։

Առարկության քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերի վերանալուց հետո:

4. Դիտողության և առարկության քննարկման արդյունքում պետական լիազոր մարմինը համապատասխանաբար կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) դիտողությունը կամ առարկությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ապրանքային նշանի գրանցումը հայտի մեջ նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու մասին.

2) դիտողությունը կամ առարկությունը մերժելու մասին:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված որոշումները հաշվի են առնվում սույն օրենքի 45-րդ հոդվածի համաձայն ապրանքային նշանի փորձաքննության որոշման կայացման համար, որի մասին ծանուցվում է նաև դիտողություն կամ առարկություն ներկայացրած անձը: Նշված որոշմանը չհամաձայնելու դեպքում դիտողություն կամ առարկություն ներկայացրած անձը կարող է վիճարկել տվյալ ապրանքային նշանի գրանցումը սույն օրենքի 22-րդ կամ 23-րդ հոդվածներով սահմանված կարգով:

(46-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-155-Ն)

(հոդվածը 03.03.21 ՀՕ-113-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.21 թվականին)

 

 Հոդված 47.

Ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին որոշման բողոքարկումը

 

1. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում որոշումն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է բողոք ներկայացնել բողոքարկման խորհուրդ։

2. Բողոքը համարվում է ներկայացված օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում։

3. Բողոքի քննարկման արդյունքում բողոքարկման խորհուրդը որոշում է ընդունում՝

1) բողոքը բավարարել ամբողջությամբ կամ մասնակիորեն և գրանցել ապրանքային նշանը հայտարկված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար կամ

2) բողոքը մերժել և ուժի մեջ թողնել ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին կրկնական փորձաքննության որոշումը։

4. Բողոքարկման խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման թվականից։ Բողոքարկման խորհրդի որոշումը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում կամ հանձնվում է բողոք ներկայացնողին։

5. Հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է բողոքարկման խորհրդի որոշումը վիճարկել դատական կարգով դրա ստացման օրվանից հետո` վեցամսյա ժամկետում։

(47-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-155-Ն)

 

 Հոդված 48.

Ապրանքային նշանի գրանցումը

 

1. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ և 11-րդ մասերի, ինչպես նաև 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապրանքային նշանը հայտում նշված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար գրանցելու մասին որոշում կայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, ապրանքային նշանի գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու և վճարման անդորրագիրը ներկայացնելու անհրաժեշտության մասին։

2. Օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը նշված ժամկետում կամ օրենքով նախատեսված ավելի ուշ ժամկետում չստանալու դեպքում պետական լիազոր մարմինը հայտը համարում է հետ կանչված, ինչի մասին ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին:

3. Օրենքով սահմանված համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալու օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը ապրանքային նշանը հերթական համարի տակ գրանցում է պետական գրանցամատյանում: Պետական գրանցամատյան մուտքագրվում են ապրանքային նշանի պատկերը, դրա իրավատիրոջ մասին տեղեկությունները, ապրանքային նշանի առաջնության և գրանցման թվականները, այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար գրանցվում է ապրանքային նշանը և սույն օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սահմանված այլ տեղեկություններ:

4. Ապրանքային նշանը պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

(48-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-155-Ն)

 

 Հոդված 49.

Ապրանքային նշանի գրանցման վկայագիրը

 

1. Սույն օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տեղեկությունների հրապարակումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի իրավատիրոջը կամ նրա ներկայացուցչին հանձնում է (անհրաժեշտության դեպքում` փոստով ուղարկում է) ապրանքային նշանի գրանցման վկայագիրը։ Գրանցման վկայագրի ձևը և տեղեկությունների ցանկը սահմանում է կառավարությունը։

2. Ապրանքային նշանի գրանցման վկայագիրը իրավական փաստաթուղթ է, որը հաստատում է պետական գրանցամատյանում ապրանքային նշանի գրանցման փաստը և դրա իրավատիրոջ բացառիկ իրավունքը գրանցված ապրանքային նշանի նկատմամբ` վկայագրում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների համար։

3. Ապրանքային նշանի գրանցման վկայագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում դրա կրկնակն ստանալու համար ապրանքային նշանի իրավատերը կարող է դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին` կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Պետական լիազոր մարմինը վկայագրի կրկնակը տալիս է հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Ապրանքային նշանը մեկից ավելի անձանց անունով գրանցվելու դեպքում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքների տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը կարգավորվում են այդ անձանց միջև կնքված պայմանագրով: Պայմանագրի բացակայության դեպքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

5. Ապրանքային նշանի գրանցումը դատարանի կողմից չեղյալ կամ անվավեր ճանաչվելու դեպքում ապրանքային նշանի գրանցման վկայագիրն ուժը կորցրած է ճանաչվում։

(49-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-155-Ն)

 

 Հոդված 50.

Պետական գրանցամատյանը

 

1. Պետական գրանցամատյանը, որտեղ մուտքագրվում են սույն օրենքով և կառավարության կողմից նախատեսված տեղեկությունները, վարում է պետական լիազոր մարմինը։ Պետական գրանցամատյանում կատարված ցանկացած գրառման և դրա հետագա փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:

2. Պետական գրանցամատյանում ընդգրկվող տվյալների ցանկը և գրանցամատյանի վարման կարգը սահմանում է կառավարությունը։

3. Ցանկացած անձ իրավունք ունի օգտվելու պետական գրանցամատյանի տվյալներից, որոնց մատչելիությունն ապահովում է պետական լիազոր մարմինը։

4. Ցանկացած անձի դիմումի համաձայն` օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով պետական լիազոր մարմինը կառավարության սահմանած կարգով քաղվածքներ է տրամադրում պետական գրանցամատյանից:

 

 Հոդված 51.

Հայտի կամ ապրանքային նշանի գրանցման բաժանումը (զատումը)

 

1. Ցանկացած հայտ, որը ներկայացված է երկու կամ ավելի ապրանքների և (կամ) ծառայությունների համար, հայտատուի դիմումի հիման վրա կարող է բաժանվել երկու կամ ավելի հայտերի (այսուհետ՝ զատված հայտեր)՝ սկզբնական հայտում թվարկված ապրանքները և (կամ) ծառայությունները բաշխելով այդ հայտերի միջև։ Այդպիսի դիմում պետական լիազոր մարմին կարող է ներկայացվել՝

1) մինչև պետական լիազոր մարմնի կողմից ապրանքային նշանի գրանցման մասին կամ գրանցումը մերժելու մասին որոշման ընդունումը՝ հայտի քննարկման ցանկացած փուլում.

2) ապրանքային նշանի գրանցման մասին որոշման դեմ բողոքների քննարկման ցանկացած փուլում:

2. Ապրանքային նշանի ցանկացած գրանցում, որը կատարվել է երկու կամ ավելի ապրանքների և (կամ) ծառայությունների համար, իրավատիրոջ դիմումի հիման վրա կարող է բաժանվել երկու կամ ավելի գրանցումների (այսուհետ՝ զատված գրանցումներ)` բաշխելով նախնական գրանցման մեջ թվարկված ապրանքները և (կամ) ծառայությունները այդ գրանցումների միջև։ Այդպիսի զատումը թույլատրվում է՝

1) պետական լիազոր մարմնում իրականացվող ցանկացած գործընթացի ժամանակ, որը կապված է ապրանքային նշանի գրանցման դեմ երրորդ անձանց կողմից ներկայացված բողոքների քննարկման հետ.

2) ցանկացած գործընթացի ժամանակ, որը կապված է նախորդող ընթացակարգով պետական լիազոր մարմնի ընդունած որոշման բողոքարկման հետ։

3. Զատված հայտերը և զատված գրանցումները պահպանում են սկզբնական հայտի կամ ապրանքային նշանի գրանցման թվականը և առաջնության թվականը, եթե այդպիսին կա։

4. Հայտի կամ ապրանքային նշանի զատման մասին դիմումի հետ ներկայացվում է նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ եթե պետական տուրքը, համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաև աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ:

5. Հայտը կամ ապրանքային նշանի գրանցումը համարվում է զատված՝ հայտերի հիմնապաշարում կամ պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու թվականից։

6. Զատված գրանցումների մասին տեղեկությունները պետական լիազոր մարմինը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

7. Հայտի կամ ապրանքային նշանի գրանցման զատման մասին դիմումի ձևը և ներկայացման կարգը սահմանում է կառավարությունը։

8. Սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումի որևէ նշման կամ ցուցումի հավաստիությունը հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:

9. Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել հայտի կամ ապրանքային նշանի գրանցման զատման օգտին:

(51-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-155-Ն)

 

 Հոդված 52.

Հայտում և պետական գրանցամատյանում փոփոխություններ կատարելը

 

1. Հայտատուն կամ ապրանքային նշանի իրավատերը պետական լիազոր մարմնին պետք է տեղեկացնի՝

1) իր անվան, ազգանվան կամ գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության մասին.

2) իր ներկայացուցչի և (կամ) նրա գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության մասին.

3) հայտարկված կամ գրանցված ապրանքային նշանի առանձին ոչ էական տարրերի փոփոխության մասին, եթե պետական լիազոր մարմնի կարծիքով դրանք չեն ազդի ապրանքային նշանի տարբերակիչ հատկության վրա.

4) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի կրճատման մասին.

5) հայտատուի կամ ապրանքային նշանի իրավատիրոջ փոփոխության մասին.

6) տեխնիկական վրիպակներն ուղղելու մասին։

2. Հայտում կամ պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումին կից պետական լիազոր մարմին է ներկայացվում օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ եթե պետական տուրքը, համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաև աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ:

3. Հայտում կամ պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումի ձևը և ներկայացնելու կարգը սահմանում է կառավարությունը։

4. Պետական լիազոր մարմինը հայտում կամ պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումն ստանալու օրվանից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է այն և սույն հոդվածի 1-3-րդ մասերի պահանջներին համապատասխանելու դեպքում գրառում է կատարում հայտերի հիմնապաշարում կամ պետական գրանցամատյանում։

5. Պետական գրանցամատյանում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրա մեջ գրառում կատարելու թվականից, և պետական լիազոր մարմինը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

6. Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել հայտում կամ պետական գրանցամատյանում փոփոխությունների կատարման օգտին:

7. Պետական լիազոր մարմինն իր սխալներն ուղղում և հայտերի հիմնապաշարում և պետական գրանցամատյանում համապատասխան գրառումներ է կատարում սեփական նախաձեռնությամբ կամ դիմումի հիման վրա՝ առանց պետական տուրք գանձելու:

8. Եթե սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումը հիմնավոր կասկածներ է հարուցում սխալի իրական լինելու կամ կատարվող փոփոխության հարցում, ապա պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:

(52-րդ հոդվածը լրաց., փոփ. 28.09.16 ՀՕ-155-Ն)

 

 Հոդված 53.

Ապրանքային նշանը պետական գրանցամատյանից հանելը

 

1. Ապրանքային նշանը հանվում է պետական գրանցամատյանից, եթե՝

1) դատարանի վճռով ապրանքային նշանի գրանցումը չեղյալ կամ անվավեր է ճանաչվել.

2) սույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը չի երկարաձգվել.

3) ապրանքային նշանի իրավատերը դիմել է ապրանքային նշանը պետական գրանցամատյանից հանելու համար.

4) լուծարվել է ապրանքային նշանի իրավատերը։

2. Պետական լիազոր մարմինն ապրանքային նշանը հանում է պետական գրանցամատյանից, եթե ստացել է՝

1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ կամ անվավեր ճանաչելու մասին.

2) ապրանքային նշանի իրավատիրոջ գրավոր դիմումը՝ ապրանքային նշանը պետական գրանցամատյանից հանելու մասին.

3) իրավասու մարմնի տված տեղեկանքն այն մասին, որ լուծարվել է ապրանքային նշանի իրավատերը։

3. Սույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում ապրանքային նշանը հանվում է պետական գրանցամատյանից պետական լիազոր մարմնի նախաձեռնությամբ։

4. Պետական գրանցամատյանից ապրանքային նշանը հանելու մասին տեղեկությունները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

 

 Հոդված 54.

Իրավունքների վերականգնումը

 

1. Ապրանքային նշանի իրավատիրոջ, հայտատուի կամ պետական լիազոր մարմնում որևէ գործընթացի ցանկացած կողմ, որը, չնայած բարեխիղճ ձեռնարկած միջոցներին, չի կարողացել պահպանել պետական լիազոր մարմնում գործընթացի իրականացման ժամկետները, կարող է իր իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնել, եթե ժամկետի բացթողումը հանգեցնում է սույն օրենքի համաձայն որևէ իրավունքի կամ բողոքարկման հնարավորության ուղղակի կորստի։

2. Իրավունքների վերականգնման մասին դիմումը պետական լիազոր մարմին ներկայացվում է գրավոր, ժամկետների բացթողնմանը հանգեցնող հանգամանքների դադարման թվականից հետո` երկամսյա ժամկետում, որի ընթացքում իրականացվում է նաև չկատարված գործողությունը: Իրավունքների վերականգնման մասին դիմումը կարող է ներկայացվել ոչ ուշ, քան բաց թողնված ժամկետը լրանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում։

3. Իրավունքների վերականգնման մասին դիմումը պետք է լինի հիմնավորված և պարունակի փաստեր և ապացույցներ, որոնք կարդարացնեն ժամկետները չպահպանելը։ Դիմումը համարվում է ներկայացված՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում։

4. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում այն ժամկետների նկատմամբ, որոնք սահմանված են սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, 63-րդ հոդվածով, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով։

5. Իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե հայտի կամ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի դադարեցման թվականից մինչև իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու թվականն ընկած ժամանակահատվածում ապրանքային նշանի գրանցման այլ հայտ է ներկայացվել, որը սույն օրենքի համաձայն կարող է հակադրվել։

6. Իրավունքները վերականգնած ապրանքային նշանի իրավատերը չի կարող պահանջներ ներկայացնել երրորդ անձանց, ովքեր ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի դադարեցման թվականից մինչև իրավունքների վերականգնման մասին տեղեկությունների պաշտոնական հրապարակումը բարեխիղճ կերպով շուկա են հանել ապրանքներ կամ մատուցել են ծառայություններ՝ ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման նշումով:

7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված երրորդ անձն իրավունքների վերականգնման մասին տեղեկությունների հրապարակման թվականից հետո` երկու ամսվա ընթացքում, կարող է ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների վերականգնման մասին որոշումը բողոքարկել բողոքարկման խորհրդում` օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով։

8. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված երրորդ անձի դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել իրավունքների վերականգնման օգտին:

9. Սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումի որևէ նշման կամ ապացույցի հավաստիությունը հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:

 

 Հոդված 55.

Ժամկետների երկարաձգումը և բաց թողնված ժամկետների վերականգնումը

 

1. Ապրանքային նշանի իրավատերը կամ հայտատուն կամ պետական լիազոր մարմնում որևէ գործընթացի ցանկացած կողմ կարող է`

1) նախքան սահմանված ժամկետի ավարտը պետական լիազոր մարմին դիմում ներկայացնել սույն օրենքով սահմանված և (կամ) դրանից բխող գործողության իրականացման համար նախատեսված ժամկետի երկարաձգման մասին.

2) որևէ գործողության իրականացման համար նախատեսված ժամկետը չպահպանելու դեպքում սահմանված ժամկետի ավարտի թվականից հետո` երկու ամսվա ընթացքում, պետական լիազոր մարմին դիմում ներկայացնել բաց թողնված ժամկետի վերականգնման և գործընթացը շարունակելու համար՝ չկատարված գործողությունը երկամսյա ժամկետում իրականացնելու պայմանով։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ժամկետի երկարաձգման ժամանակահատվածը չպետք է գերազանցի սահմանված ժամկետի ավարտի թվականից հետո` վեց ամիսը։

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունների իրականացման համար դիմումը համարվում է ներկայացված միայն օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում։

4. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում այն ժամկետների նկատմամբ, որոնք սահմանված են սույն հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով, 41-րդ հոդվածի 2-րդ մասով, 42-րդ հոդվածի 2-4-րդ մասերով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով, 47-րդ հոդվածի 5-րդ մասով, 44-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, 46-րդ հոդվածի 5-րդ մասով, 62-րդ հոդվածով և 65-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

5. Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել ժամկետի երկարաձգման կամ բաց թողնված ժամկետի վերականգնման օգտին:

 

 Հոդված 56.

Ապրանքային նշանի գրանցումն օտարերկրյա պետություններում

 

1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձինք իրավունք ունեն ապրանքային նշանը գրանցելու օտարերկրյա պետություններում կամ կատարելու դրա միջազգային գրանցում:

 

Գ Լ ՈՒ Խ 10

 

 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

 Հոդված 57.

Հիմնական դրույթներ

 

1. Սույն օրենքի դրույթները կիրառվում են մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis) Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն կատարված միջազգային գրանցումների նկատմամբ, որոնց ծագման երկիր է համարվում Հայաստանի Հանրապետությունը, կամ որոնց գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ, եթե միջազգային պայմանագրերով այլ բան է նախատեսված։

 

 Հոդված 58.

Միջազգային հայտը

 

1. Ապրանքային նշանների պետական գրանցամատյանում գրանցված ապրանքային նշանի՝ Մադրիդյան համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան` միջազգային հայտը կամ համապատասխան դեպքում ապրանքային նշանների հայտերի հիմնապաշար մուտքագրված կամ պետական գրանցամատյանում գրանցված ապրանքային նշանի՝ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության 3-րդ հոդվածին համապատասխան միջազգային հայտը, որի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, Միջազգային բյուրո ներկայացվում է պետական լիազոր մարմնի միջոցով։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված միջազգային հայտը կարող է ներկայացնել ցանկացած անձ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի գործող արդյունաբերական կամ առևտրային հաստատություն կամ դրա բացակայության դեպքում՝ բնակության վայր Հայաստանի Հանրապետությունում կամ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կամ ծագումով Հայաստանի Հանրապետությունից է։

3. Գրանցված ապրանքային նշանի վրա հիմնված միջազգային հայտի ներկայացման թվական է համարվում ապրանքային նշանը պետական գրանցամատյանում գրանցելու թվականը, եթե միջազգային հայտը պետական լիազոր մարմին է ներկայացվել մինչև ապրանքային նշանի գրանցման թվականը։

4. Միջազգային հայտը պետք է կազմված լինի Ընդհանուր հրահանգին համապատասխան և պարունակի հատուկ նշումներ երկրների վերաբերյալ, որոնց համար հայտարկվում է միջազգային գրանցումից բխող պահպանություն կամ պահպանության տարածքային ընդարձակում։

 

 Հոդված 59.

Միջազգային գրանցման համար վճարները

 

1. Միջազգային հայտ ներկայացնելու համար վճարվում են օրենքով սահմանված պետական տուրքեր և Մադրիդյան համաձայնագրով և (կամ) Մադրիդյան համաձայնագրի արձանագրությամբ նախատեսված վճարներ։ Օրենքով սահմանված պետական տուրքերը հայտատուի կողմից փոխանցվում են պետական բյուջե, իսկ Մադրիդյան համաձայնագրով և Մադրիդյան համաձայնագրի արձանագրությամբ նախատեսված վճարները՝ Միջազգային բյուրո։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պետական տուրքերը չվճարելու և վճարները չկատարելու դեպքում միջազգային հայտը համարվում է չներկայացված։

 

 Հոդված 60.

Միջազգային հայտի ստուգման գործընթացը պետական լիազոր մարմնում

 

1. Միջազգային հայտն ստանալու թվականից հետո` քսան աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը քննարկում և ստուգում է դրա փաստաթղթերը՝ որոշելու համար սույն օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին դրանց համապատասխանությունը, ինչպես նաև միջազգային հայտում նշված տեղեկությունների համապատասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին կամ համապատասխան դեպքերում՝ ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարի տվյալներին։

2. Եթե միջազգային հայտը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին և Ընդհանուր հրահանգի պայմաններին, ապա պետական լիազոր մարմինը նշում է միջազգային հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականը, որից հետո միջազգային հայտի մեկ օրինակն ուղարկում է Միջազգային բյուրո, իսկ մյուսը՝ հայտատուին` որպես հայտի ընդունված լինելու հավաստում։

3. Միջազգային գրանցման թվականը, որի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, Մադրիդյան համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով կամ համապատասխան դեպքում՝ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության 3-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով համարվում է միջազգային հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականը, պայմանով, որ Միջազգային բյուրոն հայտն ստացել է երկամսյա ժամկետում։ Այլ դեպքում միջազգային գրանցման թվականը կհամարվի Միջազգային բյուրոյի կողմից միջազգային հայտի ստացման թվականը։

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան` հայտնաբերվում են սխալներ կամ անճշտություններ, որոնց ուղղումը պահանջում է հայտատուի համաձայնությունը, մասնավորապես ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի ճշգրտում, ապա պետական լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում ուղղել սխալները կամ անճշտությունները՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները։

(60-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-155-Ն)

 

 Հոդված 61.

Հետագա նշումների մասին դիմումը

 

1. Միջազգային գրանցման իրավատերը, որի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, կարող է հետագայում հայտարկել տվյալ գրանցման պահպանության տարածքային ընդլայնում մեկ կամ ավելի երկրների նկատմամբ, որոնք սկզբնական միջազգային հայտում նշված չեն եղել, միջազգային գրանցման մեջ թվարկված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար՝ պետական լիազոր մարմնի միջոցով Միջազգային բյուրո համապատասխան դիմում ներկայացնելով։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումին կից ներկայացվում է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

3. Հետագա նշումների մասին դիմումի նկատմամբ սույն օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի և 64-րդ հոդվածի դրույթները կիրառվում են մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis)։

4. Պահպանության հետագա տարածքային ընդլայնումն ուժի մեջ է մտնում Միջազգային գրանցամատյանում այդ մասին գրառում կատարելու թվականից և դադարում է համապատասխան միջազգային գրանցման գործողությունը դադարելու հետ միաժամանակ։

 

 Հոդված 62.

Միջազգային բյուրոյի կողմից ծանուցված միջազգային գրանցման հետ կապված գործընթացը

 

1. Միջազգային բյուրոյից ստացված միջազգային գրանցման մասին ցանկացած ծանուցման նկատմամբ, որում նշված է Հայաստանի Հանրապետությունը, կամ համապատասխան դեպքերում՝ որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ պահպանության հետագա տարածքային ընդլայնմանը, կիրառվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` դիտողության և առարկության ներկայացման և 45-րդ հոդվածի համաձայն` հայտի ըստ էության փորձաքննության անցկացման գործընթացները, այն նույն պայմաններով, որոնք սույն օրենքով նախատեսված են անմիջականորեն պետական լիազոր մարմին ներկայացված հայտերի համար։

2. Միջազգային գրանցման դեմ, որում նշված է Հայաստանի Հանրապետությունը, կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ միջազգային գրանցման տարածքային ընդլայնման դեմ դիտողությունները և առարկությունները կարող են ներկայացվել պետական լիազոր մարմին՝ տվյալ միջազգային գրանցման կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրա տարածքային ընդլայնման վերաբերյալ տեղեկությունները Միջազգային բյուրոյի կողմից պաշտոնական հրապարակման թվականից հետո` վեցամսյա ժամկետում։ Ներկայացված դիտողություններն ու առարկությունները քննարկվում են սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` փորձաքննության արդյունքում պարզվում է, որ միջազգային գրանցումը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, կամ եթե տվյալ միջազգային գրանցման դեմ առարկություն կամ դիտողություն է ներկայացված, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարվել է, ապա պետական լիազոր մարմինը բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ համապատասխան դեպքում դրանց մի մասի համար ապրանքային նշանին Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանության տրամադրման նախնական մերժման որոշում է կայացնում, որի մասին ծանուցում է Միջազգային բյուրոյին։

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված նախնական մերժման մասին որոշումից հետո սույն օրենքով նախատեսված ցանկացած գործընթաց պետական լիազոր մարմնի և ապրանքային նշանի իրավատիրոջ միջև իրականացվում է վերջինիս ներկայացուցչի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

5. Միջազգային գրանցման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց հետո պետական լիազոր մարմինը Միջազգային բյուրոյին ծանուցում է՝

1) միջազգային գրանցման մեջ նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանին պահպանության տրամադրումը մերժելու մասին կամ

2) միջազգային գրանցման մեջ նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար ապրանքային նշանին պահպանություն տրամադրելու մասին կամ

3) միջազգային գրանցման մեջ նշված ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանին պահպանություն տրամադրելու մասին։

6. Պետական լիազոր մարմինը սահմանված կարգով Միջազգային բյուրոյին ծանուցում է միջազգային գրանցման վերաբերյալ դատարանների բոլոր վերջնական որոշումների մասին։

 

 Հոդված 63.

Միջազգային գրանցման գործողությունը Հայաստանի Հանրապետությունում

 

1. Ցանկացած միջազգային գրանցում, որի մեջ նշված է Հայաստանի Հանրապետությունը, սկսած միջազգային գրանցման թվականից կամ համապատասխան դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հետագա նշման թվականից, ունի նույն գործողությունը, որը կունենար, եթե ապրանքային նշանը սույն օրենքով սահմանված կարգով գրանցման ներկայացված լիներ պետական լիազոր մարմին։

2. Եթե պետական լիազոր մարմինը չի ծանուցել Միջազգային բյուրոյին սույն օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան գրանցման մերժման մասին, կամ եթե ծանուցված մերժումը մասնակիորեն կամ ամբողջությամբ հետ է կանչվել, ապա սկսած սույն հոդվածի 1-ին մասում նշված թվականից` ապրանքային նշանի պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում կլինի նույնը, որը կունենար, եթե ապրանքային նշանը սույն օրենքով սահմանված կարգով գրանցված լիներ պետական լիազոր մարմնի կողմից։

3. Եթե ապրանքային նշանի պահպանությունը մերժվել է սույն օրենքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` համարվում է, որ Հայաստանի Հանրապետությունում տվյալ միջազգային գրանցումը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված գործողություն չի ստացել։

 

 Հոդված 64.

Ապրանքային նշանի ազգային գրանցման փոխարինումը միջազգային գրանցումով

 

1. Ապրանքային նշանների ազգային գրանցամատյանում ավելի վաղ գրանցված ապրանքային նշանի իրավատիրոջ պահանջով պետական լիազոր մարմինը, Մադրիդյան համաձայնագրի 4bis հոդվածին և Մադրիդյան համաձայնագրի արձանագրության 4bis հոդվածին համապատասխան, ի գիտություն է ընդունում այդ ապրանքային նշանի գրանցման փոխարինումը նույն ապրանքների և (կամ) ծառայությունների համար, նույն իրավատիրոջ անունով, Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածված հետագա միջազգային գրանցումով: Փոխարինման մասին տեղեկությունները մուտքագրվում են պետական գրանցամատյան` առանց իրավատիրոջ ավելի վաղ ձեռք բերած իրավունքները վնասելու։

 

 Հոդված 65.

Միջազգային գրանցման փոխակերպումն ազգային հայտի

 

1. Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն` Հայաստանի Հանրապետության նշմամբ միջազգային գրանցման իրավատերը, նշված արձանագրության 9 քվինքվիս (quinquis) հոդվածին համապատասխան, միջազգային գրանցումը նույն ապրանքային նշանի հայտի փոխակերպելու խնդրանքով կարող է դիմել պետական լիազոր մարմին, եթե ծագման երկրի լիազոր մարմնի պահանջով միջազգային գրանցման գործողությունը դադարեցվում է համապատասխան գրանցման մեջ թվարկված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը քննարկվում է նույն ընթացակարգով, ինչը կկիրառվեր, եթե այն անմիջականորեն պետական լիազոր մարմին ներկայացված լիներ միջազգային գրանցման թվականին կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ հետագա տարածքային ընդլայնման թվականին, և եթե միջազգային գրանցում ունեցող ապրանքային նշանն առաջնություն է ունեցել, ապա այդ հայտով ներկայացված ապրանքային նշանը կօգտվի նույն առաջնությունից, պայմանով, որ՝

1) հայտը ներկայացվել է երեք ամսվա ընթացքում, հաշված այն թվականից, երբ միջազգային գրանցումը հանվել է Միջազգային գրանցամատյանից.

2) հայտում թվարկված ապրանքները և (կամ) ծառայությունները ներառում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ միջազգային գրանցման մեջ նշված ապրանքները և (կամ) ծառայությունները.

3) հայտը համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին.

4) հայտին կից ներկայացված է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

3. Փոխակերպման հայտին կից պետք է ներկայացվի Միջազգային բյուրոյի կողմից տրված փաստաթուղթ, որը պետք է պարունակի ապրանքային նշանի պատկերը և ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար Հայաստանի Հանրապետությունը նշված է եղել մինչև Միջազգային գրանցամատյանից միջազգային գրանցումը հեռացնելը։

4. Եթե Միջազգային գրանցամատյանից միջազգային գրանցման հեռացման թվականի դրությամբ լրացել է Մադրիդյան համաձայնագրի արձանագրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն նախնական մերժման մասին ծանուցելու ժամկետը, և եթե տվյալ թվականի դրությամբ պետական լիազոր մարմինը մերժման մասին որոշում չի կայացրել, և չկա տվյալ ապրանքային նշանի նկատմամբ պահպանության դադարեցման դատական որևէ գործ, ապա սույն օրենքի 62-րդ հոդվածի համաձայն` մերժման գործընթացը չի կիրառվում, իսկ պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցումն իրականացնում է` համաձայն սույն օրենքի 48-րդ հոդվածի։

(65-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-155-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 11

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

 Հոդված 66.

Անցումային դրույթներ

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքային նշանների գրանցումները շարունակում են գործել սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

2. Ապրանքի ծագման տեղանուն պարունակող ապրանքային նշանները, որոնց գրանցումն իրականացվել է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տվյալ ապրանքի ծագման տեղանվան գրանցումից հետո, մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է համապատասխանեցվեն սույն օրենքով և «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` չհամապատասխանեցված ապրանքային նշանների գրանցման գործողությունները դադարեցվում են 2011 թվականի հունվարի 1-ից:

4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական լիազոր մարմին ներկայացված հայտերի քննարկումը, որոնց նախնական փորձաքննությունն ավարտված չէ, իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական լիազոր մարմին ներկայացված հայտերի քննարկումը, որոնց նախնական փորձաքննությունն ավարտված է, իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով` առանց սույն օրենքի 44-րդ հոդվածով, 45-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 46-րդ հոդվածով նախատեսված դրույթների կիրառման:

6. Ուժը կորցրած ճանաչել «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մարտի 20-ի ՀՕ-41 օրենքը:

 

 Հոդված 67.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. մայիսի 22
Երևան
ՀՕ-59-Ն