ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.4-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 31.4
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 222.12. |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու որոշման վերաբերյալ գործերը և դրանց քննության ընթացակարգը |
1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի 31.2-րդ գլխով նախատեսված կանոնները՝ սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ:
2. Սույն հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել այն անձը, որի վերաբերյալ կայացվել է իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշում:
3. Հայցը կարող է վարչական դատարան ներկայացվել Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումը ստանալու պահից հնգօրյա ժամկետում:
4. Սույն հոդվածով նախատեսված գործերով դիմումը, ի թիվ սույն օրենսգրքի 222.5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված պահանջների, պետք է բովանդակի հիմնավորումներ առ այն, որ Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումն իրավաչափ չէ: Դիմումին կցվում է Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումը:
5. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում և լուծում է միանձնյա։
6. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.
1) Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ թողնելու մասին.
2) Հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. ապրիլի 19 Երևան ՀՕ-208-Ն |