ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա ՆԱ Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանադրական դատարանի աշխատակազմում առանձին պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` պաշտոնները զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով սահմանված կարգով:
4. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Սահմանադրական դատարանի նախագահը: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը պետական վարչական պաշտոն է:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 9
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ
Հոդված 87. | Ծառայության առանձնահատկությունները |
1. Սահմանադրական դատարանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է: Աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, իսկ դատավորի օգնականը՝ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող: Դատավորի օգնականի անմիջական ղեկավարը համապատասխան դատավորն է:»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-47-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|