Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.05.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2003.12.20/1(8)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2001
Ստորագրման ամսաթիվ
27.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2002

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքները  բնութագրվում են բարձր սեյսմիկ ակտիվությամբ, և ուժեղ երկրաշարժերը երկու երկրներում առաջ են բերում զանգվածային ավերածություններ և մեծաքանակ մարդկային կորուստներ, որը մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և զարգացման համար և պայմանավորված է երկրաշարժամետ տարածքների շարունակական քաղաքայնացմամբ, սեյսմոգեն աղբյուրներում ուժեղ երկրաշարժերի կրկնությամբ, ուժեղ սեյսմիկ իրադարձությունների բարձր հավանականությամբ, փաստացի սեյսմիկ վտանգի առնչությամբ գոյություն ունեցող շենքերի և կառույցների ցածր սեյսմիկ դիմադրողականությամբ, բնակչության, տեղական և պետական կառավարման մարմինների ոչ բավարար պատրաստվածությամբ և շատ այլ պատճառներով, որոնք հանգեցնում են երկու երկրների բարձր սեյսմիկ խոցելիությանը և ազդում նրանց կայուն զարգացման վրա,

ընդունելով երկու երկրների անվտանգության և կայուն զարգացման ապահովման նպատակով համակարգված աշխատանքների անցկացման անհրաժեշտությունը՝ Կողմերը պայմանավորվում են հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը պայմանավորվում են սույն Փոխըմբռնման հուշագրին, իրենց երկրների օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, իրականացնել համագործակցություն սեյսմիկ պաշտպանության բնագավառում:

 

Հոդված 2

 

Կողմերը սույն Փոխըմբռնման հուշագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացնեն մասնավորապես հետևյալ ոլորտներում՝

սեյսմիկ ռիսկի նվազեցման ընդհանուր ռազմավարություն,

սեյսմիկ ռիսկի նվազեցման գիտական, տեխնոլոգիական և սոցիալտնտեսական ուղղություններ,

սեյսմիկ պաշպանության վերաբերյալ օրենքների և կանոնակարգերի մշակում,

սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարում՝ ընդգրկելով տեղական համայնքները, պետական կառավարման մարմինները և միջպետական համաձայնագրերը,

սեյսմիկ ռիսկի նվազեցման և պաշտպանության տարածաշրջանային մարմնի հիմանդրում:

 

Հոդված 3

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի կատարման իրականացումը հանձնարարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին: Հայաստանի և Իրանի համապատասխան մարմինների համակարգման ժողովը պետք է կայանա առնվազն տարին մեկ անգամ:

Յուրաքանչյուր Կողմ նշանակում է մեկ պատասխանատու անձ, որը  վերահսկում է սույն Փոխըմբռնման հուշագրի կատարման ընթացքը: Նրանք պետք է ունենան տարեկան առնվազն մեկ հանդիպում Հայաստանում կամ Իրանում՝ սույն Փոխըմբռնման հուշագրի կատարման առաջընթացը և յուրաքանչյուր հաջորդ տարվա գործունեության հատուկ պլանը քննարկելու համար:

 

Հոդված 4

 

Կողմերը ձևավորում են մասնագետների համատեղ աշխատանքային խմբեր և մասնակցում Հայաստանի Հանրապետության մարզերի և Իրանի Իսլամական Հանրապետության երկրաշարժամետ նահանգների համար համատեղ հետազոտական նախագծերի և նորմատիվային փաստաթղթերի մշակմանը՝ հետևյալ ուղղություններով.

սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատում,

սեյսմիկ վտանգ և գեոտեխնիկական միկրոշրջանացում,

քաղաքային բնակավայրերում խոցելիության նվազեցում՝ ներառյալ գոյություն ունեցող շենքերի և շինությունների ուժեղացումն ու բարելավումը,

բնակչության իրազեկում, մարդկանց կրթություն և ուսուցում,

վաղ ահազանգում և տեղեկացում, ուժեղ երկրաշարժերի մասին տեղեկատվության արագ փոխանակում,

ռիսկի կառավարում՝ ներառյալ արագ արձագանքումը և փրկարարական գործողությունները,

աղետի հետևանքների վերացում և մարդկանց վերականգնողական աշխատանքներ,

ապահովագրություն,

գործընկերություն՝ պետական և մասնավոր կազմակերպությունների ներգրավմամբ,

ազգային ծրագրերի միջազգայնացում՝ միջազգային լայնածավալ համագործակցության հիման վրա:

 

Հոդված 5

 

Կողմերը սեյսմիկ վտանգի գնահատման և սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տեղեկատվություն են փոխանակում գիտական և տեխնիկական արդի նվաճումների վերաբերյալ (առանձին համաձայնագրերի համաձայն): Կողմերը կազմակերպում են համատեղ հետազոտությունների արդյունքների հրատարակում: Կողմերը մասնակցում են համատեղ միջազգային նախագծերին և ծրագրերին:

 

Հոդված 6

 

Կողմերը որոնում են համատեղ նախագծերի ֆինանսավորման աղբյուրներ միջազգային տարբեր հիմնադրամներից:

Սույն Փոխըմբռնման հուշագրով նախատեսված համատեղ գործողությունները կատարվում են համապատասխան անձնակազմի և ֆինանսավորման առկայությամբ: Կողմերը, յուրաքանչյուր նախագիծ սկսելուց առաջ պետք է գրավոր համաձայնեցնեն ֆինանսական պայմանավորվածությունները:

 

Հոդված 7

 

Համատեղ գործողություններից ստացված արդյունքները հանդիսանում են Կողմերի սեփականությունը և կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն երկու Կողմերի համաձայնության դեպքում:

 

Հոդված 8

 

Կողմերը համաձայնում են, որ իրենց մարմինների կողմից լիազորված ներկայացուցիչները կարող են առանձին համաձայնագրեր կնքել ինչպես միմյանց, այնպես էլ իրենց երկրների պետական կառավարման մարմինների հետ:

Սույն Փոխըմբռնման հուշագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին Արձանագրությամբ: Արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Փոխըմբռնման հուշագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:

 

Հոդված 9

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին երկրորդ ծանուցումը դիվանագիտական ուղիով ստանալու օրվանից:

Սույն Փոխըմբռնման հուշագիրը գործում է 5 տարի ժամկետով: Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը հետագայում ինքնաբերաբար կերկարաձգվի հնգամյա ժամկետներով, մինչև Կողմերից մեկը սույն Փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր ծանուցի դրա ործողությունը  դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը կարող է կասեցվել և դադարեցվել ցանկացած ժամանակ՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ նրանց ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ միմյանց պարտադիր  ծանուցելով  դադարեցման ժամկետի մասին:

Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը  կարող է դադարեցվել մի Կողմի դադարեցման մտադրության մասին ծանուցագիրը մյուս Կողմին հանձնելուց 12 ամիս հետո:

Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողության դադարեցումը չի ազդում նման դադարեցումից առաջ դրա համաձայն սկսված նախագծերի վավերականության կամ ընթացքի վրա:

 

Կատարված է Թեհրան քաղաքում 2001 թվականի դեկտեմբերի 27-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, պարսկերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթների մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում Կողմերը կդիմեն անգլերեն լեզվով տեքստին:

 

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 22-ից: