Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-310-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1336
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին

 

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գինը վճարելու կարգը:»:

 

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում տասներորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում, եթե պարտապանն ունի այլ գույք, իսկ եթե պարտապանն այլ գույք չունի, ապա հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում քսաներորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում: Տասներորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հարկադիր աճուրդի է ներկայացվում նաև պարտապանին պատկանող այլ գույք:»:

 

Հոդված 3. Օրենքի 35.1-ին հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում հրապարակվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու վերաբերյալ հարկադիր կատարողի որոշման մասին պարտապանին և պահանջատիրոջը պատշաճ ծանուցելուց հետո` տասնօրյա ժամկետում` աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ և 12-րդ կետերով սահմանված տեղեկությունները:».

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 35.2-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը: Աճուրդում հաղթած մասնակիցը լոտի գնման գինը մուծելու դեպքում հաշվանցում է նաև նախօրոք որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը` ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Հաղթողի կողմից գնման գինը չմուծվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվում: Ծառայությունը ֆիզիկական անձանց պատկանած գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով հարկային գործակալներին օտարելու վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, որի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:»:

 

Հոդված 5. Օրենքի 35.3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետը «գնման գինը» բառերից հետո լրացնել «կամ չի ներկայացրել եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.

«3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առք ու վաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում գնած գույքի նկատմամբ դատարանի վճռի հիման վրա վերականգնվում են պարտապանի սեփականության իրավունքը, իրացման հետևանքով գույքի նկատմամբ դադարած այլ իրավունքները և արգելանքները, իսկ պահանջատերը, հարկադիր կատարողը և պարտապանը լոտի վաճառքից ստացված գումարներն իրենց ստացած չափով վերադարձնում են գնորդին:

4. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առք ու վաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում հարկադիր կատարողը տասնօրյա ժամկետում իրականացնում է օրենքով նախատեսված լոտի գնահատմանն ուղղված գործողություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջատերերի պահանջները բավարարվել են, կամ պարտապանն ունի իրացման գործընթացում գտնվող այլ գույք:»:

 

Հոդված 6. Օրենքի 35.4-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում տասներորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում, եթե պարտապանն ունի այլ գույք, իսկ եթե պարտապանն այլ գույք չունի, ապա հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում քսաներորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում: Տասներորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հարկադիր աճուրդի է ներկայացվում նաև պարտապանին պատկանող այլ գույք:».

2) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գույքը (լոտը) պահանջատիրոջը հանձնվում է պահանջատիրոջ կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելուց հետո, իսկ գույքի (լոտի) հանձնման կապակցությամբ հարկեր վճարելու պարտականություն առաջացնելու դեպքում` նաև դրա կատարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան
ՀՕ-310-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան