ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 15-ին
«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ռազմական դրություն հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում:».
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերացնել ռազմական դրությունը:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Հանրապետության Նախագահի հրամանագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման» բառերով.
2) 1-ին մասի «Հանրապետության Նախագահի հրամանագրում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով.
3) 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
4) 2-րդ մասի «Հանրապետության Նախագահի հրամանագիրը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում.
1) 1-ին մասի`
ա. «դ» կետում «տեղաշարժման ազատության» բառերը փոխարինել «ազատ տեղաշարժվելու իրավունքի» բառերով,
բ. «ը» կետում «հավաքներ և հանրային միջոցառումներ իրականացնելու արգելում կամ» բառերը փոխարինել «հավաքների ազատության իրավունքի» բառերով, իսկ «կուսակցությունների, հասարակական ու կրոնական կազմակերպությունների և միավորումների» բառերը՝ «կազմակերպությունների» բառով,
գ. «ժբ» կետում «խոսքի ազատության» բառերը փոխարինել «կարծիքի արտահայտման ազատության» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:»:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «Հանրապետության Նախագահի հրամանագրով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. |
Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները |
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) ղեկավարում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման կազմակերպման գործընթացը.
2) սույն օրենքի համաձայն` սահմանում է ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմիններն ու ուժերը, ինչպես նաև վերահսկում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների ու ժամանակավոր սահմանափակումների իրականացման գործընթացը.
3) որոշում է ընդունում ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի կիրառման մասին, ինչպես նաև սահմանում է նրանց խնդիրները.
4) կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք.
5) ռազմական դրություն հայտարարվելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու տեղեկանքը.
6) սահմանում է կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները.
7) վերահսկում է ռազմական դրության պայմաններում պետության և բնակչության կարիքների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը.
8) սահմանում է սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգ.
9) ապահովում է ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, սահմանային, մաքսային և բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացումը, սահմանում է ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ` ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումների շրջանակները.
10) սահմանում է ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ.
11) սահմանում է պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը.
12) սահմանում է ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ (անցագրեր) տալու (փոխանակելու) կարգը, ինչպես նաև հատուկ թույլտվությունների (անցագրերի) ձևերը.
13) սահմանում է ռազմական դրության ժամանակ ֆիզիկական անձանցից զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից` զենք, ռազմամթերք, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր ժամանակավորապես առգրավելու, ինչպես նաև ժամանակավորապես առգրավված զենքն ու ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկան զինված ուժերի ստորաբաժանումներին, այլ զորքերին ու զինվորական կազմավորումներին, իսկ թունավոր նյութերը և ռադիոակտիվ նյութերը՝ իրավասու պետական մարմիններին հանձնելու կարգը.
14) իրականացնում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով վերապահված այլ լիազորություններ:»:
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և 13-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետերում «և այլ իրավական ակտերով» բառերը հանել:
Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածը «որոնք» բառից հետո լրացնել «ապահովում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի պահանջները և» բառերով:
Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Հանրապետության Նախագահի հրամանագրով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով.
2) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված որևէ առանձին միջոցառման իրականացումն Ազգային ժողովի կողմից չեղյալ հայտարարվելու դեպքում դադարում է այդ միջոցառման հետագա իրականացումը, իսկ Ազգային ժողովի կողմից ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում ռազմական դրությունը դադարում է, որի մասին բնակչությունն անհապաղ իրազեկվում է մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:».
3) 2-րդ մասի «նախատեսող նորմատիվ իրավական ակտերը» բառերը փոխարինել «նախատեսող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները» բառերով:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 119-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից։
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2017 թ. նոյեմբերի 29 Երևան ՀՕ-197-Ն |