ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Քաղ. Երևան |
11 նոյեմբերի 2025 թ. |
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
| Սահմանադրական դատարանը` կազմով. | |
|
նախագահող` |
Արման Դիլանյանի, |
| դատավորներ` |
Արտակ Զեյնալյանի, |
| մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | |
|
դիմողի՝ |
Ալեքսանդր Սահակյանի (այսուհետ նաև՝ Դիմող) |
| ներկայացուցիչ՝ |
փաստաբան Առնոլդ Վարդանյանի, |
| պատասխանող՝ | Ազգային ժողովի (այսուհետ նաև՝ Պատասխանող) |
| ներկայացուցիչ՝ |
Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Էլեն Մնացականյանի, |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ալեքսանդր Սահակյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, Դիմողի և Պատասխանողի գրավոր բացատրությունները, ինչպես նաև վերլուծելով վիճարկվող և վերաբերելի այլ օրինադրույթներ՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:
2. Օրենսգրքի՝ «Բողոքարկման ենթակա որոշումները» վերտառությամբ 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է.
«1. Վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները`
(...)
3) հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները.
(...)»:
3. Օրենսգրքի վերոնշյալ վիճարկվող դրույթը չի փոփոխվել/լրացվել:
4. Գործի քննության առիթը Դիմողի՝ 2025 թվականի օգոստոսի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
5. Սահմանադրական դատարանի 2025 թվականի նոյեմբերի 11-ի ՍԴԱՈ-152 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը մասամբ՝ Օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի, 203-րդ հոդվածի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության մասով, կարճվել է:
Գործի դատավարական նախապատմությունը
6. 2023 թվականի ապրիլի 6-ին Դիմողի կողմից հայցադիմում է ներկայացվել ընդդեմ պատասխանողի՝ Կարինե Հակոբյանի, երրորդ անձ՝ իրավասու մարմնի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Դատարան)՝ երեխային մշտական բնակության վայր վերադարձնելուն կարգադրելու/պարտավորեցնելու պահանջի մասին։
7. Դատարանի 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԴ/13854/02/23 որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել գործի քննությունն իրականացնել հատուկ հայցային վարույթի կարգով։ Միաժամանակ, նշյալ որոշմամբ Դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց, մասնավորապես՝
«(...) Հայցվորի՝ Ալեքսանդր Բաբկենի Սահակյանի Հայաստանի Հանրապետու- թյունում չգտնվելու ժամանակ սահմանել նրա և որդու՝ (...) միջև տեսակցության կարգ՝ պարտավորեցնելով պատասխանող Կարինե Վարուժանի Հակոբյանին ապահովել, որևէ եղանակով չխոչընդոտել երեխայի և հայցվորի միջև շփումները հեռավար կապի՝ տեսազանգի միջոցով՝ յուրաքանչյուր շաբաթվա յուրաքանչյուր օր՝ ՀՀ ժամանակով երեկոյան ժամը 18:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Ալեքսանդր Բաբկենի Սահակյանի (...) հեռախոսահամարի միջոցով՝ օգտագործելով WhatsApp, Viber հավելվածները։
(...)
(...) Արգելել պատասխանող Կարինե Վարուժանի Հակոբյանին փոխել երեխայի (...) ՀՀ-ում բնակության վայրը, (...) և Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային տեղեկատվական (ՍԵԿՏ) համակարգում փակելով՝ արգելել (...) առանց Հայցվորի՝ Ալեքսանդր Բաբկենի Սահակյանի համաձայնության Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատումը՝ մինչև սույն քաղաքացիական գործով կայացվելիք վճռի օրինական ուժի մեջ մտնելը»։
8. 2023 թվականի մայիսի 19-ի վճռով Դատարանը մերժել է Դիմողի՝ երեխային մշտական բնակության վայր վերադարձնելուն կարգադրելու/պարտավորեցնելու պահանջի մասին հայցադիմումը։ Նշված վճռի դեմ Դիմողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ ներկայացված բողոքը բավարարվել է, Դատարանի 2023 թվականի մայիսի 19-ի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան ամբողջ ծավալով նոր քննության։
9. Վերոնշյալ որոշման դեմ Կարինե Հակոբյանի վճռաբեկ բողոքը Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)՝ 2024 թվականի մայիսի 2-ի որոշմամբ վարույթ ընդունելը մերժվել է։
10. Դատարանի 2024 թվականի հունիսի 21-ի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ։
11. 2024 թվականի սեպտեմբերի 3-ին Դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է միջնորդություն` Դատարանի 2023 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ:
12. Դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ ներկայացված միջնորդությունը մերժվել է։ Նշյալ որոշման դեմ Դիմողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
13. Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հունվարի 20-ի որոշմամբ Դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ Դիմողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ․
«Տվյալ դեպքում, Բողոքաբերը բողոքարկում է Դատարանի 16.09.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը, մինչդեռ, նշված որոշումն ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով, այնպես էլ որևէ օրենքով բողոքարկման ենթակա չէ, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերի կողմից բողոքարկվել է Դատարանի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով, ուստիև Վերաքննիչ դատարանը, վերը նշված նորմերի իրավակարգավորումների ներքո իրավասու չլինելով գնահատելու Դատարանի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման օրինականությունը և իրավաչափությունը և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իրավակարգավորումները, գտնում է, որ Բողոքաբերի վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման, քանի որ հայցի ապահովման միջոցը ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ՀՀ օրենսդրությամբ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ»:
14. Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հունվարի 20-ի որոշման դեմ 2025 թվականի ապրիլի 18-ին ներկայացվել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը մերժվել է Վճռաբեկ դատարանի 2025 թվականի հունիսի 4-ի որոշմամբ։
15. Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշման կապակցությամբ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի երեք դատավորների հատուկ կարծիքով՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու դեպքում, ըստ էության, դատարանը կիրառում է հայցի ապահովման նոր միջոց, իսկ ձևափոխելու դեպքում՝ արդեն իսկ կիրառված հայցի ապահովման միջոցն է ձևափոխում՝ պայմանավորված, մի դեպքում, հայցի ապահովման նոր միջոց կիրառելու, իսկ մյուս դեպքում՝ կիրառված հայցի ապահովման միջոցը ձևափոխելու անհրաժեշտությամբ, ուստի` նույն իրավակարգավորումը, որը սահմանված է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման բողոքարկման համար, հավասարապես կիրառելի է նաև հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումների համար:
Դիմողի դիրքորոշումները
16. Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. «(...) Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասը, 203-րդ հոդվածը, 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ու իրավակիրառ պրակտիկայում դրանց դատարանների կողմից տրված մեկնաբանությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով, 36-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով, 86-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված երաշխիքներին, այնքանով որքանով, որ ի հակադրումն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Հաագայի կոնվենցիայի և դրա մեկնաբանությունների, Միավորված ազգերի կազմակերպության «Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի և Երեխայի իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի դիրքորոշումների, դատարաններն անհամաչափորեն սահմանափակել են Ալեքսանդր Սահակյանի՝ դատարանի մատչելիության, արդար դատաքննության և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքները՝ զրկելով Ալեքսանդր Սահակյանին իր երեխայի հետ կապ պահպանելու որևէ այլընտրանքային իրական հնարավորությունից, այդպիսով օրեցօր նպաստելով ծնողական օտարացմանը, երեխայի հետ հարաբերություններ պահպանելու հնարավորության աստիճանական նվազմանը և դրանց վերջնական խաթարմանը՝ իրավիճակը դարձնելով անդառնալի»։
17. Դիմողը գտնում է․ «(...) նկատի ունենալով, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածում նախատեսել է հայցի ապահովման մեկ միջոցը մյուսով փոխարինելու, հայցի ապահովման միջոցը ձևափոխելու հնարավորություն, ապա նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը չի կարող այն աստիճանի չափազանցված ձևական (excessive formalism) մեկնաբանության ենթարկվել, որ հայցի ապահովման միջոցի կիրառումը կամ վերացումը լինի վերաքննիչ բողոքարկման ենթակա, իսկ փոփոխությունը՝ ոչ»։
18. Դիմողը նշում է, որ «(...) նույնիսկ խիստ ձևական մեկնաբանման պայմաններում ստացվում է, որ տվյալ պարագայում Հայցվորի ներկայացուցչի կողմից փաստացի ներկայացվել էր հայցի ապահովման նոր միջոցի կիրառման միջնորդություն՝ նոր վայրում, որի մերժումը չէր կարող բողոքարկման ենթակա չլինել վերաքննության կարգով, այն էլ ՀՀ միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված հարցով»։
19. Ըստ Դիմողի՝ «(...) սույն գործի անհիմն ձգձգումների, չպատճառաբանված, ՀՀ Սահմանադրությանը և միջազգային փաստաթղթերին հակասող դատական մեկնաբանությունների պատճառով ավելի քան երկու տարի Ալեքսանդր Սահակյանը զրկված է իր որդու հետ որևէ կերպ տեսակցելու իրավունքի իրացման հնարավորությունից։ Ավելին, նշված հարցի իրավաչափությունը վերաքննության և վճռաբեկության կարգով քննության չառնելու հնարավորություն չընձեռելը հանգեցնում է Դիմողի՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով երաշխավորված՝ դատարանի մատչելիության, դատական պաշտպանության, արդար դատաքննության, արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու, ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի և անձեռնմխելիության, ծնողի և երեխայի իրավունքների պաշտպանության, հիմնական իրավունքների իրականացման կազմակերպական կառուցակարգեր նախատեսելու, համաչափության, որոշակիության, հիմնական իրավունքների էության անխախտելիության, միջազգային իրավական պրակտիկան հաշվի առնելու, երեխաների համար բարենպաստ պայմանների ստեղծման պետական քաղաքականության ապահովման խախտմանը»։
20. Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող՝ «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասը, 203-րդ հոդվածը, 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ու իրավակիրառ պրակտիկայում դրանց դատարանների կողմից տրված մեկնաբանությունը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով, 36-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով, 86-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված երաշխիքներին, այնքանով որքանով, որ ի հակադրումն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Հաագայի կոնվենցիայի և դրա մեկնաբանությունների, Միավորված ազգերի կազմակերպության «Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի և Երեխայի իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի դիրքորոշումների, դատարաններն անհամաչափորեն սահմանափակել են Ալեքսանդր Սահակյանի՝ դատարանի մատչելիության, արդար դատաքննության և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքները՝ զրկելով Ալեքսանդր Սահակյանին իր երեխայի հետ կապ պահպանելու որևէ այլընտրանքային իրական հնարավորությունից, այդպիսով օրեցօր նպաստելով ծնողական օտարացմանը, երեխայի հետ հարաբերություններ պահպանելու հնարավորության աստիճանական նվազմանը և դրանց վերջնական խաթարմանը՝ իրավիճակը դարձնելով անդառնալի»։
Պատասխանողի դիրքորոշումները
21. Պատասխանողը, ներկայացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների վերաբերելի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Օրենսգրքի վիճարկվող դրույթները, նշում է. «(...) նույն հայցի շրջանակներում կիրառված հայցի ապահովման միջոցի` անձի կողմից այն մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը չպետք է մեկնաբանել, այնպես որի շրջանակներում անձը հնարավորություն չունենա ներկայացնելու հայցի ապահովման միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու միջնորդություն։ Հիմքում ունենալով անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությանն ուղղված երաշխիքների ապահովումը՝ օրենսդրի կողմից նախատեսվել է Օրենսգրքի 361-րդ հոդվածը, որի ուժով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են դառնում հայցի ապահովման միջոց կիրառելու, այդ թվում՝ հայցի ապահովման միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին որոշումները։ Հակառակ մեկնաբանման պայմաններում՝ անձը կարող է զրկվել դատարանի մատչելիության իրավունքից»:
22. Պատասխանողը նշում է, որ «(...) Օրենսդրի կողմից սահմանվել է նաև հայցի ապահովման միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, ինչպես նաև այն ձևափոխելու իրավական կառուցակարգ, որը նպատակ ունի ապահովելու հայցի ապահովման արդյունավետ միջոցի կիրառման արդյունքում կողմերի իրավունքների պաշտպանության արդյունավետ ընթացակարգերի և մեխանիզմների երաշխավորումը»։
23. Ըստ Պատասխանողի՝ «(...) Oրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասը, 203-րդ հոդվածը և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը խնդրահարույց չեն Սահմանադրության 31-րդ հոդվածի, 36-րդ հոդվածի 1-ին մասի, 37-րդ հոդվածի հետ և համապատասխանում են Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին»:
24. Պատասխանողն արձանագրում է, որ «(...) անձը զրկված չէ հայցի ապահովման կիրառված միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորությունից, քանի որ Օրենսգրքի 131-րդ, 133-րդ, 203-րդ և 361-րդ հոդվածների համակարգային համատեքստում հայցի ապահովման կիրառված միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով և դուրս է Օրենսգրքի 372-րդ հոդվածի կարգավորման շրջանակից»։
25. Ամփոփելով՝ Պատասխանողը խնդրում է. ««Ալեքսանդր Սահակյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի, 203-րդ հոդվածի, 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»։
Սահմանադրական վեճի քննության շրջանակը
26. Սույն գործով սահմանադրական վեճը հանգում է Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության խնդրին, ըստ որի՝ hայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա չէ վերաքննության կարգով բողոքարկման:
27. Հաշվի առնելով հայցի ապահովման միջոցը ձևափոխելու և հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու ինստիտուտների դատավարական նպատակների միասնականությունն ու դրանց կիրառման արդյունքում վրա հասնող նույնաբովանդակ հետևանքային ազդեցությունը՝ սույն սահմանադրաիրավական վեճի բովանդակությունն անհրաժեշտաբար պայմանավորում է հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշման՝ վերաքննության կարգով անբողոքարկելիության սահմանադրականության գնահատման անհրաժեշտու-թյունը՝ խնդրո առարկա հարցադրումները դիտարկելով նույն սահմանադրա-իրավական հարթության վրա:
Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
28. Սույն դիմումով վիճարկվող դրույթի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, սահմանադրականությունը գնահատելու նպատակով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, հետևյալ հարցադրմանը.
- արդյո՞ք hայցի ապահովման միջոցը ձևափոխելու (փոխարինելու) վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման անբողոքարկելիության վերաբերյալ իրավակիրառի՝ Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին տրված մեկնաբանությունը համահունչ է Սահմանադրության՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքն ամրագրող 61-րդ հոդվածի 1-ին մասին՝ 75-րդ հոդվածի համակցությամբ:
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
29. Սահմանադրության՝ «Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը» վերտառությամբ 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
30. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը սահմանադրական հիմնարար երաշխիք է, որով կենսագործվում են իրավական պետության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքները: Այն ներկայանում է իբրև մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման առանցքային մեխանիզմ, որը ոչ միայն ապահովում է այդ իրավունքների պաշտպանությունը, այլև հանրային իշխանության սահմանափակման և հավասարակշռման գործիք է: Ընդ որում՝ սույն սահմանադրական իրավունքը չի բնութագրվում լոկ դատական պաշտպանության ձևական հասանելիությամբ. այն ենթադրում է նաև դատարանի՝ իբրև անկախ և անաչառ դատական իշխանության կրող պետական մարմնի գործունեության արդյունավետությունը, որի առկայության պարագայում է միայն հնարավոր անձի իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովումը:
31. Վերոգրյալը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ սույն սահմանադրական իրավունքի սահմանադրաիրավական իմաստը պետք է վերհանվի ոչ թե նորմատիվ ձևականության, այլ դրա իրագործելիության և գործնական արդյունավետության տեսանկյունից:
32. Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում բազմիցս անդրադարձել է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությանը, մասնավորապես, արձանագրելով.
- «Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս: Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը` լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը` առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց` օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից» (2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719),
- «(...) դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը (...)» (2015 թվականի դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-1249),
- «Դատարան դիմելն անձի իրավունքն է, որի իրացումն օրենքով նախատեսված իրավական գործընթաց է, պայմանավորված չէ դատական կամ հանրային իշխանության այլ մարմնի հայեցողությամբ, և որի իրացմամբ առաջացած իրավական հետևանքները պարտադիր են ինչպես դիմող անձի, դատավարության մյուս մասնակիցների, այնպես էլ դատարանի համար (…):
(…) Դատարան դիմելու` անձի իրավունքի իրացման երաշխավորումն իրավական առաջնահերթ նախապայման է անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու համար» (2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257 որոշում):
33. Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արժևորում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումն առ այն, որ մարդու հիմնարար իրավունքները սահմանափակող միջոցները պետք է քննության առարկա դարձվեն անկախ մարմնում` մրցակցային դատավարության պայմաններում, որն իրավասու է քննել որոշման իրավաչափությունը և համապատասխան ապացույցները (Al-Nashif v. Bulgaria, Application no. 50963/99, 20.06.2022, Final 20.09.2002, §123), իսկ դատավարության մասնակիցները պետք է ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ (Běleš and others v. The Czech Republic, Application no. 47273/99, 12.11.2002, FINAL 12.02.2003, § 49):
34. Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործմամբ է, որ երաշխավորվում է այլ սահմանադրական իրավունքների ու ազատությունների լիարժեք պաշտպանությունը՝ ապահովելով դրանց կենսունակությունը՝ թույլ չտալով, որ դրանք վերածվեն ձևական արժեքների:
35. Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետության սահմանադրաիրավական որակը երաշխավորող բաղադրիչը, ի թիվս այլնի, նաև դատական ակտի բողոքարկման իրավունքն է, որը մի կողմից՝ ապահովում է դատական սխալների բացահայտման և շտկման գործիքակազմի կիրառմամբ անձի իրավունքների լիարժեք դատական պաշտպանությունը՝ իբրև խախտված իրավունքների վերականգնման գործնական միջոց, մյուս կողմից՝ երաշխավորում է դատական իշխանության ներսում ինքնավերահսկման մեխանիզմի գործունակությունը:
36. Բացի դրանից, բողոքարկման իրավունքը պայմանավորում է դատական համակարգի հիերարխիկ կառուցվածքի տրամաբանական արդարացումը՝ նպաստելով դատական սխալների շտկմանը, դատական պրակտիկայի միասնականությանը՝ վերջնարդյունքում նպաստելով արդարադատության համակարգի հանդեպ հանրային վստահության աճին:
37. Վերահաստատելով դատական ակտի բողոքարկման իրավունքի սահմանադրաիրավական նշանակության վերաբերյալ Սահմանադրական դատարանի դիրքորոշումներն առ այն, որ.
- «(...) սահմանադրորեն նախատեսված է խախտված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության (դրա արդյունավետության) երաշխավորման առանձնահատուկ այնպիսի ինստիտուտ, ինչպիսին վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման՝ անձի իրավունքն է (դատական բողոքարկումը (...))։ Վերջինս նաև անձի իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրականացման խնդրում պետության առաջնային պարտականություն է՝ որոշակի ընթացակարգի, այդ թվում՝ դատական հնարավոր սխալների ուղղման միջոցով արդարադատության նպատակների իրագործումը» (2011 թվականի փետրվարի 8-ի ՍԴՈ-936 որոշում),
- «(...) Դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից» (2012 թվականի հուլիսի 18-ի ՍԴՈ-1037 որոշում),
- «(...) Դատական բողոքարկման ինստիտուտն այն առանցքային իրավական գործիքակազմն է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը, որպիսի պայմաններում դատավարության կողմը կարող է ակնկալել իր իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական ակտի վերանայում վերադաս դատարանի անկախ դատավորի կամ դատավորների կազմի կողմից: Այս իմաստով՝ դատական բողոքարկման իրավունքի առանցքային գործառույթը հանգում է, ի թիվս այլնի, նաև նրան, որ դատական բողոքարկմամբ համապատասխան սխալները շտկելու հնարավորություն ընձեռելը նպաստում է նաև արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն այն հաշվառմամբ, որ անձը ձեռք է բերում վերադաս դատարանում իր նկատմամբ կայացված դատական ակտի վերաքննության իրական հնարավորություն՝ վերջնարդյունքում ակնկալելով ստանալ օրինական և հիմնավորված դատական ակտ» (2024 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1725 որոշում),
Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ դատական ակտի բողոքարկման հնարավորությունը, լինելով դատական համակարգի «ներքին վերահսկող» յուրօրինակ մեխանիզմ, ապահովում է իրավունքահեն արդարադատության նկատմամբ շարունակական վերահսկողություն, որի կենսագործմամբ խախտված իրավունքի վերականգնումը ստանում է իր ավարտուն սահմանադրաիրավական բովանդակությունը:
38. Այս համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելու նպատակով համապատասխան ճյուղային դատավարական օրենսդրությամբ սահմանվում են բողոքարկելիությամբ օժտված որոշումների շրջանակը, ինչպես նաև բողոքարկման սահմանները, կարգն ու դրանց վերաբերելի այլ դատավարական առանձնահատկություններ:
39. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ բողոքարկման իրավունքը գործում է օրենսդրի կողմից նախանշված ակտերի նկատմամբ՝ սահմանափակվելով վերջիններիս օրենսդրական շրջանակներով, ինչը, ի թիվս այլնի, ուղղված է իրավակարգում իրավական կայունությանն ու դատական պաշտպանության պատշաճ և արդյունավետ ապահովմանը:
40. Վերոնշյալից ելնելով` Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ բողոքարկման ենթակա ակտերի շրջանակի օրենսդրական որոշակիացումը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց մեկնաբանումն ու կիրառումը, մշտապես պետք է խարսխվեն մարդու իրավունքների պաշտպանության, դատական պաշտպանության արդյունավետության ապահովման և արդար դատաքննության իրավունքի կենսագործման վրա: Հետևաբար` բողոքարկման իրավունքի սահմանափակումները (թե՛ օրենսդրական մակարդակում, և թե՛ իրավակիրառ պրակտիկայում), հետապնդելով իրավական պետության գաղափարաբանությանը համահունչ իրավաչափ նպատակներ, պետք է լինեն սահմանադրաչափ:
41. Հաշվի առնելով սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակները՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել հայցի ապահովման ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը:
42. Այսպես` Օրենսգրքի՝ «Հայցի ապահովումը» վերտառությամբ 13-րդ գլխի ներքո սահմանված են հայցի ապահովման միջոցների համակարգը, դրանց կիրառման հիմքերը, համապատասխան միջնորդության ներկայացման և քննության կարգը, այդ թվում՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովման միջոցը ձևափոխելու, հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ իրավակարգավորումները:
43. Սահմանադրական դատարանը փաստում է, որ քաղաքացիական դատավարությունում հայցի ապահովման ինստիտուտը հիմնարար երաշխիքային մեխանիզմներից մեկն է, որը կոչված է ապահովել դատարանի կողմից կայացվելիք դատական ակտի փաստացի իրագործելիությունը՝ երաշխավորելով դրա իրավական արդյունավետությունը:
44. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
45. Վերոնշյալ իրավակարգավորումից բխում է, որ սույն ինստիտուտը դատարանի կողմից կիրառվող ժամանակավոր բնույթ ունեցող դատավարական միջամտություն է՝ ուղղված կայացվելիք դատական ակտի անխաթար կատարման նախադրյալների ստեղծմանը և գործին մասնակցող համապատասխան անձանց իրավունքների հնարավոր խախտման կանխարգելմանը: Այն, ըստ էության, արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի գործնական դրսևորումներից մեկն է, որն ապահովում է կողմերի շահերի միջև ողջամիտ հավասարակշռությունը, ինչից ուղղակիորեն բխում է, որ հայցի ապահովման միջոցները պետք է կիրառվեն այնպես, որ մի կողմից՝ երաշխավորեն ներկայացված հայցապահանջների իրագործվելիությունը՝ համապատասխան դատական ակտ կայացվելու պարագայում, մյուս կողմից՝ չվերածվեն պատժիչ կամ ճնշող մեխանիզմի՝ խարխլելով այն անձի դատավարական կարգավիճակի դիրքերը, որի նկատմամբ կիրառվել են:
46. Այս առումով օրենսդիրը, ընտանեկան վեճերով գործերի առանձնա- հատկությունները հաշվի առնելով և երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով, նախատեսել է հատուկ կարգավորում, այն է՝ Օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով՝ դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ հայցի ապահովման կարգով կարող է գործին մասնակցող կամ այլ անձանց արգելել կամ պարտավորեցնել կատարելու որոշակի գործողություններ, թեկուզև հայցի ապահովման կիրառված միջոցն առերևույթ հանգեցնում է ներկայացված պահանջի փաստացի կատարման:
47. Սահմանադրական դատարանն իր՝ 2020 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-1561 որոշման շրջանակներում անդրադարձել է հայցի ապահովման ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը՝ նշելով.
«Հայցի ապահովման՝ որպես դատավարական ինստիտուտի նշանակությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն դիտարկվում է մի կողմից՝ օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքներից մեկը, որով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը, իսկ մյուս կողմից՝ որպես դատարանի կողմից կատարվող դատավարական գործողություն, այն հետապնդում է գործով կայացվելիք վճռի կատարման երաշխիքներ ապահովելու նպատակ»:
48. Այսպիսով, հայցի ապահովման միջոցների կիրառմամբ ապահովվում է ոչ միայն գործին մասնակցող անձանց դատավարական շահերի պաշտպանությունը, այլև արդարադատության արդյունավետ իրականացումը, քանզի առանց նման դատավարական երաշխիքների, արդարադատությունը մարմնավորող դատական ակտը կդառնա անիրագործելի:
49. Օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են հայցի ապահովման հետևյալ միջոցները.
1) պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.
3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.
4) պատասխանողին կամ այլ անձանց վեճի առարկային վերաբերող որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը.
5) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց ներկայացնելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը.
6) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը.
7) օրենքով նախատեսված հայցի ապահովման այլ միջոցներ:
50. Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդիրը դատավարական հավասարակշռության ու գործին մասնակցող անձանց դատավարական իրավահավասարության և մրցակցության սկզբունքի ապահովման նպատակով ամրագրել է հայցի ապահովման առնչությամբ գործին մասնակցող անձանց շահերի պաշտպանության մի շարք դատավարական մեխանիզմներ՝ նախատեսելով նաև հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովման միջոցը ձևափոխելու, հայցի ապահովման միջոցը վերացնելու օրենսդրական կառուցակարգեր:
51. Մասնավորապես` Օրենսգրքի 134-րդ հոդվածը սահմանում է հայցի ապահովման միջոցը վերացնելու հիմքերը և դատավարական կարգը, այն է՝ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ Օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կարող է վերացնել հայցի ապահովման միջոցը: Հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե՝
1) բացակայում են կամ վերացել են Օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը.
2) առկա է հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու վերաբերյալ գործին մասնակցող այն անձի գրավոր համաձայնությունը, որի միջնորդությամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց.
3) Օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
52. Հայցի ապահովման միջոց կիրառելուն, ինչպես նաև այն վերացնելուն զուգահեռ՝ Օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանի որոշմամբ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու դատավարական հնարավորությունը:
53. Հայցի ապահովման միջոցի ձևափոխման պարագայում որոշակի փոփոխության է ենթարկվում արդեն իսկ Օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված և դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման կոնկրետ միջոցը, մասնավորապես՝ փոփոխվում է դրա, օրինակ՝ չափը, բովանդակությունը, բնույթը՝ համապատասխանեցվելով փոփոխվող հանգամանքներին:
54. Հիշատակված երկու դատավարական գործողությունների շրջանակներում, ըստ էության, դատարանը՝
1) վերացնում է ի սկզբանե կիրառված հայցի ապահովման միջոցը և կիրառում մեկ այլ՝ նոր հայցի ապահովման միջոց (հայցի ապահովման մեկ միջոցի փոխարինումը մեկ այլ միջոցով),
2) վերացնում է ի սկզբանե կիրառված հայցի ապահովման միջոցի որևէ բաղադրիչը (չափը, բովանդակությունը, բնույթը) և փաստացի կիրառում նույն հայցի ապահովման միջոցը՝ այլ բաղադրիչով՝ այլ չափով, բովանդակությամբ, բնույթով (հայցի ապահովման ձևափոխում):
55. Սահմանադրական դատարանը գտնում է, որ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու դատավարական գործողությունն ինքնին, հիշատակված առանձնահատկություններով հանդերձ, միավորում է և՛ հայցի ապահովումը վերացնելու, և՛ հայցի ապահովում կիրառելու դատավարական գործողությունները:
56. Վերոշարադրյալի լույսի ներքո՝ անդրադառնալով սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում բարձրացված հարցադրմանը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 361-րդ հոդվածը՝ «Բողոքարկման ենթակա որոշումները» վերտառությամբ, սահմանում է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի որոշումների շրջանակը, որոնց շարքին, ի թիվս այլ որոշումների, դասվում են հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները:
57. Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդրի կողմից բողոքարկման ենթակա որոշումների շարքում հիշատակված որոշումների նախատեսումը, նկատի ունենալով հայցի ապահովման ինստիտուտի նպատակային նշանակությունն ու հետևանքային ազդեցությունը, կոչված է երաշխավորելու խնդրո առարկա որոշումների իրավաչափությունը՝ դատական ստուգման ընթացակարգերի շրջանակներում:
58. Վերոհիշյալ դրույթների համադրումից պարզ է դառնում, որ հայցի ապահովման միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշման բողոքարկումն ուղղակիորեն (բառացի) չի ներառվել Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման առարկայում՝ չարտացոլվելով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շարքում:
59. Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է` նկատի ունենալով, որ ինչպես արդեն իսկ շեշտադրվել է հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու դատավարական գործողությունը բովանդակում է և՛ հայցի ապահովումը վերացնելու, և՛ հայցի ապահովում կիրառելու դատավարական գործողությունները՝ օրենսդիրը, որպես այդպիսին, խնդրո առարկա որոշումներն Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման տիրույթում բառացիորեն հիշատակելու անհրաժեշտություն չի ունեցել, մինչդեռ իրավակիրառ պրակտիկայում Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին դատարանների կողմից տրված տառացի մեկնաբանությունը ստեղծել է իրավիճակ, որի պայմաններում հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշման վերաքննության կարգով բողոքարկումը բացառվում է՝ հաշվի առնելով Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգավորումը, այն է՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով:
60. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկայում խնդրո առարկա դրույթին տրված մեկնաբանության արդյունքում անձը զրկվել է օրենսդրի կողմից արդեն իսկ բողոքարկման ենթակա դատական ակտը փաստացի բողոքարկելու իրավունքից, ինչը հանգեցրել է վերջինիս՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման:
61. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթով նախատեսված իրավակարգավորումը պետք է դատարանների կողմից մեկնաբանվի և կիրառվի նաև հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումների նկատմամբ՝ խնդրո առարկա որոշումները դիտարկելով որպես վերաքննության կարգով բողոքարկելի։
62. Բացի դրանից, օրենսդրական կարգավորումների նման ճկուն ընկալումն ու կիրառումը հնարավորություն է ստեղծում այն անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար, որոնք, ակնկալելով նմանօրինակ նպատակ, ինչն ապահովվում է հայցի ապահովման միջոց կիրառելու/հայցի ապահովումը վերացնելու մասին միջնորդությամբ, դատարան են ներկայացրել կիրառված հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու մասին միջնորդություն:
63. Վերոնշյալ եզրահանգումների և Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի (հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) համադրման արդյունքում պարզ է դառնում, որ վիճարկվող դրույթը դատարանի կողմից կիրառվել է նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը հակասող մեկնաբանությամբ, որի արդյունքում ոչ իրավաչափ միջամտություն է տեղի ունեցել կողմի՝ Սահմանադրությամբ երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկա միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման վերաքննության կարգով բողոքարկումը Վերաքննիչ դատարանի կողմից մերժվել է:
64. Վերոշարադրյալի լույսի ներքո` Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով:
65. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով սահմանադրաիրավական վեճը դիտարկել նաև Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ապահովման սահմանադրաիրավական պահանջի ապահովման լույսի ներքո՝ Սահմանադրության 75-րդ հոդվածի համատեքստում:
66. Սահմանադրության՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը» վերտառությամբ 75-րդ հոդվածն ամրագրում է, որ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
67. Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արտահայտել է, մասնավորապես, հետևյալ դիրքորոշումները.
«Սահմանադրության վերոնշյալ պահանջն ուղղված է Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ և իրական կենսագործմանը, քանի որ իրավունքի կամ ազատության միայն ամրագրումը բավարար չէ տրված իրավական հնարավորության լիարժեք իրացման համար, ուստի համապատասխան կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրական ամրագրումն անհրաժեշտ երաշխիք է հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացումն ապահովելու հարցում» (2021 թվականի նոյեմբերի 30-ի ՍԴՈ-1618 որոշում):
«(...) Սահմանադրության 75-րդ հոդվածի բովանդակությունից անմիջականորեն բխում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ օրենքով սահմանելու իրավունքի պաշտպանությանը միտված իրավական այնպիսի միջոցներ, որոնք կապահովեն անկախ, անաչառ և մատչելի արդարադատության միջոցով անձանց հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ, արդար պաշտպանություն՝ ինչպես գործի ըստ էության քննության, այնպես էլ դատական ակտերի հետագա բողոքարկման շրջանակներում:
(…)
Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջն է, որ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանեն այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Հետևաբար, այս տեսանկյունից Սահմանադրական դատարանը կարևորում է ոչ միայն իրավունքի իրացման կարգի օրենքով նախատեսման փաստը սոսկ, այլև նման կարգի արդյունավետությունը, այսինքն՝ օրենքի նորմերում բովանդակվող իրավակարգավորիչ այնպիսի միջոցների, ձևերի առկայությունը և դրանց գործադրման հնարավորությունը, որոնք կերաշխավորեն սահմանադրորեն կանխորոշված նպատակի լիարժեք իրացումը՝ կոնկրետ դեպքում հաշվի առնելով նաև Սահմանադրության 78, 79, 80 և 81-րդ հոդվածների պահանջները» (2018 թվականի հունիսի 19-ի ՍԴՈ-1420 որոշում):
«Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները» (2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշում):
68. Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական պետության կենսագործունեության հիմնարար բաղադրիչը ոչ միայն հիմնական իրավունքների և ազատությունների սահմանադրորեն ճանաչումն ու ամրագրումն է, այլև դրանց արդյունավետ իրականացման և պաշտպանությանը միտված մեխանիզմների ամբողջական համակարգի սահմանումը և իրագործումը, որը լիարժեք կարող է կյանքի կոչվել մի կողմից՝ օրենսդրի կողմից՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորող և դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանող օրենքներ ընդունելով, մյուս կողմից՝ իրավակիրառի կողմից դրանք՝ սահմանադրաիրավական արժեբանությանը և դրան համահունչ՝ նաև օրենսդրի կամքին ներդաշնակ մեկնաբանելով և կիրառելով: Այս երկու բաղադրիչները միասնաբար կազմում են այն սահմանադրահեն միջավայրը, որի շրջանակներում սահմանադրական արժեքները տեղափոխվում են նորմատիվ իրականություն:
69. Այս առումով Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն դրանց ամրագրման ինստիտուցիոնալ կառուցվածքով, այլև դրանց՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և իրավակիրառման մշակույթի որակով:
70. Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված սահմանադրաիրավական պատվիրանը կարող է լիարժեք կենսագործվել նաև իրավակիրառ պրակտիկայում հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորող և դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանող օրենքների՝ սահմանադրաիրավական գաղափարներին և արժեքներին համահունչ՝ դրանց ոգուն և տառին ներդաշնակ մեկնաբանություն հաղորդելու պայմաններում, ընդ որում՝ իրավակիրառը պետք է ստեղծի այն ինտեգրատիվ հարթությունը, որտեղ օրենքի ոգին ու տառը ներդաշնակորեն հավասարակշռում են միմյանց՝ երաշխավորելով իրավական կանխատեսելիությունը և արժեքային զուգակշռությունը:
71. Այսպիսով, Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում հաղորդվել է նեղ մեկնաբանություն՝ այդպիսով խոչընդոտելով Սահմանադրության 75-րդ հոդվածով երաշխավորված սահմանադրաիրավական պահանջի լիարժեք իրացմանը. իրավակիրառը հաշվի չի առել հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն ձևափոխելու դատավարական գործողությունների իրավական բովանդակությունը, դրանց սահմանման հիմքում օրենսդրի դրած նպատակային նշանակությունը:
72. Այս առումով Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ օրենսդիրը խնդրո առարկա որոշումներն Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման տիրույթում բառացիորեն հիշատակելու անհրաժեշտություն չի ունեցել՝ հաշվի առնելով, որ դրանք, ըստ էության, ներառում են և՛ հայցի ապահովումը վերացնելու, և՛ հայցի ապահովում կիրառելու դատավարական գործողությունները:
73. Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է մշտապես խարսխվի այն ողջամիտ տրամաբանության վրա, որ նորմերի սահմանադրահեն մեկնաբանությունը կարող է իրականացվել այն պայմաններում, երբ այն սահմանափակված չէ նորմատիվ տեքստի բառացի իմաստով, այլ ընդգրկում է դրա արժեհամակարգային շերտը՝ երաշխավորելով իրավանորմերի իմաստի բացահայտումը՝ դրա օրենսդրական նպատակին և սահմանադրական արժեբանությանը համահունչ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 170-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող 11 նոյեմբերի 2025 թվականի ՍԴՈ-1802
Ա. Դիլանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2025 թվական: