ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի սեպտեմբերի 29-ինՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 283-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 283. | Գործի վերաբերյալ որոշման հայտարարումը և որոշման պատճենի հանձնումը |
Որոշումը հայտարարվում է անհապաղ՝ գործի քննությունն ավարտելուն պես:
Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաև տուժողին` նրա խնդրանքով: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա ֆաքսով, էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով:
Որոշումը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրել է անձամբ հասցեատերը, կամ հասցեատերը որոշումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումն ստանալուց հրաժարվելու մասին։ Որոշումը համարվում է անձամբ հանձնված նաև այն դեպքում, երբ հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա այն ուղարկվել է ֆաքսով, էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, և դրանք հավաստում են պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցված լինելու փաստը: Որոշումը էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում ծանուցումն իրականացվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Եթե անձի (որին ուղարկվել է որոշումը) հայտնած հասցեով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը և ստորագրել հրաժարվելու մասին, ապա որոշումն ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով և տեղադրվում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումն ուղարկվում է անձի հաշվառման հասցեով և տեղադրվում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, անձը համարվում է պատշաճ ծանուցված որոշումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ օրը:
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ և մաքսանենգության վերաբերյալ գործերի որոշման պատճենը հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ որոշումը կայացվել է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:
Սույն օրենսգրքի 173 հոդվածով և 191 հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների գործերով, այն անձի նկատմամբ որոշման պատճենը, որին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից հրազենը, ինչպես նաև զինամթերքը վստահվել է պաշտոնեական պարտականությունները կատարելու կապակցությամբ, կամ այդպիսիք տրվել են ժամանակավոր օգտագործման նպատակով, ուղարկվում է համապատասխան ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը` ի գիտություն, և ոստիկանությանը` այդ անձին հրազենից օգտվելն արգելելու մասին հարցը քննելու համար:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հոկտեմբերի 17 Երևան ՀՕ-146-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|