ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
քաղ. Երևան |
29 հուլիսի 2025 թ. |
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 157-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. | ||
նախագահող` դատավորներ՝
|
Արման Դիլանյանի, Արտակ Զեյնալյանի, Հրայր Թովմասյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, (զեկուցող), Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի, |
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | ||
դիմող՝ | Դավիթ Հարությունյանի (այսուհետ՝ Դիմող), | |
պատասխանող՝ |
Ազգային ժողովի (այսուհետ՝ Պատասխանող), | |
ներկայացուցիչ՝ |
Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Մարի Ստեփանյանի, |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, վերլուծելով վիճարկվող և վերաբերելի այլ օրինադրույթներ՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Վարույթը Սահմանադրական դատարանում
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 10-ին, ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:
2. Օրենսգրքի՝ «Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով» վերտառությամբ 157-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է.
«1. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով»:
Օրենսգրքի վիճարկվող դրույթը չի փոփոխվել և/կամ լրացվել:
3. Գործի քննության առիթը Դավիթ Հարությունյանի՝ 2025 թվականի ապրիլի 21-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Գործի համառոտ նախապատմությունը
4. Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 2023 թվականի ապրիլի 14-ին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին է ներկայացրել թիվ Ն//9734-2023 զեկուցագիրը՝ զանգվածային լրատվության միջոցի հրապարակման առիթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը դիտարկելու վերաբերյալ:
5. Արդարադատության նախարարի (պարտականությունները կատարողի)՝ 2023 թվականի ապրիլի 20-ի N 31-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
6. Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը 2023 թվականի մայիսի 24-ին N 42-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ նշելով, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Դատավորի կողմից Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6 և 8-րդ կետերով նախատեսված՝ դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտումը, իսկ կարգապահական վարույթ հարուցելու առիթ՝ զանգվածային լրատվության միջոցի համապատասխան հրապարակումը:
7. Խորհրդի՝ 2023 թվականի հուլիսի 3-ի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշմամբ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարվել է: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են (որոշման եզրափակիչ մասի 1-ին կետ):
8. Սահմանադրական դատարանի դատական կազմը, քննության առնելով Դավիթ Հարությունյանի՝ 2024 թվականի հունվարի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումի ընդունելիության հարցը, 2024 թվականի հունվարի 18-ին որոշել է.
«1. Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի և դրա հետ փոխկապակցված նույն սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հաշվի առնելով նաև նշված դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. (…)»:
9. Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի մայիսի 21-ի ՍԴԱՈ-88 աշխատակարգային որոշմամբ վերոնշյալ գործի վարույթը մասամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և 50-րդ հոդվածի 2-րդ մասի մասերով, կարճվել է։
10. Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի մայիսի 21-ի ՍԴՈ-1729 որոշման եզրափակիչ մասի համաձայն՝
«1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը:
2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար:
3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանություններից տարբերվող մեկնաբանություններով:
4. (…)»:
11. Խորհրդի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» Բարձրագույն դատական [խորհրդի] 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցի վերաբերյալ» 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշման՝ «Գործի նախապատմությունը» վերտառությամբ 1-ին կետի 1.4-րդ ենթակետի համաձայն՝ Դավիթ Հարությունյանը 2024 թվականի օգոստոսի 20-ին դիմել է Խորհրդին՝ խնդրելով Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայել Խորհրդի 03.07.2023 թ. թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը:
12. Խորհուրդը 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշմամբ որոշել է.
«1․ Բարձրագույն դատական խորհրդի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 03․07․2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայել:
2. (...)»։
13. Խորհրդի՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշման մեջ, մասնավորապես, նշված է.
«Օրենսգրքի «Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով» վերտառությամբ 157-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերի համադրված վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ Խորհուրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու սահմանադրական օրենքի մակարդակով ամրագրված իրավունքն իր տրամաբանական շարունակությունը ստացել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը վերանայելու հիմքերի առկայության կամ բացակայության հանգամանքը գնահատելու արդյունքում իր որոշումը չվերանայելու կամ իր կայացրած որոշումը վերացնելու և նոր որոշում կայացնելու օրենսդրական հնարավորության գոյությամբ, հետևաբար կարգապահական վարույթով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթի Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված կամ կիրառված մեկնաբանությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչված լինելու պայմաններում, օրենսդիրը Բարձրագույն դատական խորհրդին Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև նույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի ուժով իրավունք է վերապահվել վերանայել կամ չվերանայել իր կայացրած որոշումը։
Օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է Բարձրագույն դատական խորհրդի՝ սահմանադրական կարգավիճակի առանձնահատկություններով, հաշվի առնելով Խորհրդի՝ որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու սահմանադրական առաքելություն ունեցող անկախ պետական մարմին հանդիսանալու հանգամանքը։
Հակառակ մեկնաբանման պարագայում, առարկայազուրկ և անբովանդակ կդառնա օրենսդրի կողմից Խորհրդին Օրենսգրքի 157-րդ հոդվածի 7-րդ մասով պատվիրակված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայությունը գնահատելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը չվերանայելու իրավակարգավորումը, ինչ[ն] էլ իր հերթին անխուսափելիորեն կհանգեցնի Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու իրավունքի գործնականում կենսագործման անհնարինությանը։ Հարկ է արձանագրել նաև, որ նույն տրամաբանությամբ է առաջնորդվել Խորհուրդը Դիմողի կողմից վկայակոչված՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցի վերաբերյալ» Բարձրագույն դատական խորհրդի կողմից 27.02.2020թ. ընդունված թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշմամբ: Մասնավորապես, Խորհուրդը հղում կատարելով Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասին՝ արձանագրելով, որ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով, գտել է, որ նշված դեպքում առկա է վերանայման անհրաժեշտություն, քանի որ Սահմանադրական դատարանը դատավորի լիազորությունների դադարեցման հիմքում դրված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր:
Տվյալ պարագայում հարկ է արձանագրել, որ Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշմամբ Դիմողի լիազորությունների դադարեցման համար հիմք է հանդիսացել Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված էական կարգապահական խախտումը, որը դրսևորվել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջների խախտումներով, մինչդեռ Դիմումի քննությունը պայմանավորված է ոչ թե 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշմամբ Դիմողի լիազորությունների դադարեցման համար անմիջական հիմք հանդիսացող՝ վերոնշյալ նորմերը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված լինելու, այլ միջնորդության քննության ընթացակարգին վերաբերվող՝ Օրենսգրքի 90-րդ հոդվածի 6-րդ մասին և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին Սահմանադրական դատարանի կողմից տրված այլ մեկնաբանությունների առկայությամբ:
Վերը նշվածի հաշվառմամբ, Սահմանադրական դատարանի կողմից Օրենսգրքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերաբերյալ Խորհրդի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ ընկալելու հանգամանքով պայմանավորված, Խորհուրդը սույն քննության շրջանակներում Դիմողի համար ստեղծել է «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիայի կիրառման արդյունքում չարտահայտված դիրքորոշումների գրավոր ներկայացման հնարավորություն, որի շրջանակներում սույն քննության ընթացքում Դիմողի կողմից Խորհրդին ներկայացված գրավոր դիրքորոշումները չեն բովանդակում այնպիսի փաստարկներ, որոնք Խորհրդին բավարար հիմք կտային նոր հանգամանքի առկայության հիմքով Օրենսգրքի 157-րդ հոդվածի իմաստով Խորհրդի 03.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը վերանայելու համար»։
Դիմողի դիրքորոշումը
14. Դիմողը գտնում է, որ վիճարկվող օրինադրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգեցրել է իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտմանը՝ վկայակոչելով Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի առնչությամբ Սահմանադրական դատարանի առանձին որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:
15. Դիմողը, մասնավորապես, նշում է. «(...) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասում տեղ գտած դրույթն օրենսդրի կողմից սահմանվել է իմպերատիվ կերպով՝ բացառելով այդ դատական ակտը կայացրած մարմնի կողմից որևէ հայեցողություն դրսևորելու ցանկացած հնարավորություն:
- Միևնույն ժամանակ (...) նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումը չի նշանակում, որ դատական ակտի վերանայման արդյունքում այդ ակտը կայացրած մարմինը միանշանակ պետք է հանգի այլ եզրակացության, օրինակ՝ եթե Բարձրագույն դատական խորհուրդը վերջնական դատական ակտով դատավորին ենթարկել է կարգապահական պատասխանատվության, ապա նոր հանգամանքի հիմքով այդ ակտի վերանայումը չի նշանակում, որ Բարձրագույն դատական խորհուրդն այդ դատական ակտը վերանայելով միանշանակ պետք է կայացնի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշում: (...) եթե վերջնական դատական ակտը նոր հանգամանքի առկայության պայմաններում չի վերանայվում, ապա ստացվում է, որ պետության իրավական համակարգում շարունակում են գործել 2 դատական ակտեր (վերջնական դատական ակտն ու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը), որոնք, ըստ էության, միմյանց հակասում են, իսկ նման իրավիճակն ուղղակի հակասում է իրավական որոշակիության սկզբունքին:
(...)
(...) նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերջնական դատական ակտի վերանայումը (...) նպատակ է հետապնդում վերականգնելու անձի խախտված հիմնարար իրավունքը, այսինքն՝ վերջնական դատական ակտի վերանայման միջոցով պետությունն անձի համար ապահովում է նրա իրավունքների դատական պաշտպանության իրավունքի իրացումը, քանի որ դատական ակտը վերանայելու միջոցով անձը կրկին ստանում է դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ վերջնական դատական ակտը նոր հանգամանքի առկայության պայմաններում չի վերանայվում, ամբողջությամբ իմաստազրկվում է սահմանադրական վերահսկողության ինստիտուտի էությունը, քանի որ նման պայմաններում այդ վերջնական դատական ակտը կայացրած մարմինը հրաժարվում է վերականգնել մինչև անձի իրավունքի խախտումը եղած դրությունը, իսկ նման պայմաններում չի կարող խոսք գնալ անձի խախտված իրավունքի վերականգնման մասին»:
16. Մեջբերելով Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի մայիսի 21-ի ՍԴՈ-1729 որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետը՝ Դիմողը նշում է. «Այսինքն՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի իմաստով առկա է եղել նոր հանգամանք, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված կարգով պետք է վերանայվեր ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը, սակայն ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը, վկայակոչելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած՝ «իրավունք ունի» բառակապակցությունը և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157 հոդվածի 1-ին մասը համադրելով նույն հոդվածի մյուս մասերի հետ, մերժել է վերջնական դատական ակտի վերանայման դիմումը՝ ըստ էության, արձանագրելով, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ մարմին է, ունի հատուկ սահմանադրաիրավական կարգավիճակ և այդ նպատակով ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն ինքն է որոշում նոր հանգամանքի հիմքով վերանայել կամ չվերանայել վերջնական դատական ակտը:
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «իրավունք ունի» նորմի նման մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (...), քանի որ նման մեկնաբանությունը խաթարում է սահմանադրական վերահսկողության էությունն ու բացառում է ՀՀ Սահմանադրության՝ որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող նորմի անմիջական գործողությունը»:
17. Դիմողը շեշտում է, որ Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր են բոլոր պետական մարմինների, այդ թվում՝ Խորհրդի համար, իսկ պետական մարմինների, այդ թվում՝ Խորհրդի կողմից Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերջնական դատական ակտի վերանայումը չի կարող մեկնաբանվել այնպես, որ այդ կերպ խաթարվի այդ մարմնի անկախությունը կամ դրա սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակը, քանի որ սահմանադրական արդարադատությունն ունի հատուկ առաքելություն, որը պայմանավորված կամ որևէ կերպ կապված չէ մյուս դատարանների կողմից լուծման ենթակա հարցերի հետ:
Դիմողը պնդում է, որ Խորհրդի կողմից վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը ոչ միայն հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, այլև լրացուցիչ ռիսկեր է ստեղծում իրավական անվտանգության տեսանկյունից՝ արհեստական «կոնֆլիկտ» հրահրելով երկու դատական մարմինների միջև:
Դիմողը եզրահանգում է, որ Խորհուրդը վերանայման հարցի կապակցությամբ չի ունեցել հայեցողություն և կաշկանդված է եղել Սահմանադրական դատարանի որոշմամբ, մինչդեռ հաջորդած դատավարությունն իրականացվել, չվերանայման մասին որոշումը կայացվել է գործող իրավակարգավորումների սխալ մեկնաբանմամբ և Սահմանադրական դատարանի որոշման անտեսմամբ:
18. Դիմողը խնդրում է.
«1. Սույն դիմումը բավարարել և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 79-րդ հոդվածներին հակասող ու անվավեր այնքանով, որքանով այդ նորմը թույլ է տալիս դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով չվերանայել»:
Պատասխանողի դիրքորոշումը
19. Պատասխանողը, մասնավորապես, նշում է. «Սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: Սույն հոդվածի իմաստով «իրավունք ունի վերանայելու» ձևակեր-պումը ենթադրում է, որ տվյալ մարմինը իրավասու է, լիազորված է վերանայել համապատասխան որոշումը, պայմանով, որ առկա են օրենսդրությամբ նախատեսված իրավական կամ փաստական հիմքեր:
Սահմանադրական օրենքի տվյալ դրույթի նպատակն է սահմանել Բարձրագույն դատական խորհրդի իրավասությունը՝ վերանայելու կարգապահական վարույթով կայացված որոշումները այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս նոր կամ նախկինում անհայտ հանգամանքներ, որոնք կարող են էապես ազդել գործի ելքի վրա: Դրույթը միաժամանակ ծառայում է որպես մեխանիզմ՝ ապահովելու կարգապահական վարույթի արդյունավետության և արդարադատության նկատմամբ վստահությունը՝ գործելով որպես սահմանափակող նորմ՝ կանխելու համար անհիմն կամ կամայական վերանայումների հնարավորությունը:
Համապատասխան իրավական հիմքերը շարադրված են նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում: Այդպիսի հիմք է համարվում, այդ թվում նաև, երբ Սահմանադրական դատարանը կարգապահական վարույթով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն անձի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը, ապա որոշում է ընդունում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը չվերանայելու վերաբերյալ»:
20. Պատասխանողը նշում է նաև. «Հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի՝ սահմանադրական կարգավիճակի առանձնահատկությունները, նրա՝ անկախ սահմանադրական մարմին հանդիսանալու հանգամանքը, օրենսդիրը ԲԴԽ-ին հնարավորություն է տվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը վերանայելու համար գնահատել՝ ինչքանով արձանագրված նոր երևան եկած կամ նոր հանգամանքը էական և բովանդակային առումով վերանայման վերաբերելի հիմք կարող է լինել. այսինքն արդյոք հենց այդ հակասահմանադրական մեկնաբանությունն է դրվել դատական ակտի հիմքում կամ արդյոք վեճի սխալ լուծման հիմքը հանդիսացել է հենց այդ հակասահմանադրական մեկնաբանությունը:
ԲԴԽ որոշման վերանայման հիմքը պետք է ոչ միայն ֆորմալ համապատասխանի «նոր հանգամանքների» չափանիշին, այլև բովանդակային առումով լինի վերաբերելի այն փաստական և իրավական հանգամանքներին, որոնց վրա հիմնված էր ԲԴԽ-ի նախորդ որոշումը, որի տրամաբանությամբ քննարկվող վերանայման գործընթացում գնահատման առարկա է դառնում այն հարցը, թե արդյոք կոնկրետ դեպքով առկա է վերանայման անհրաժեշտությունը, և գնահատման առարկա է դառնում վերանայման հիմքերի առկայության կամ բացակայության հանգամանք-ները»:
21. Պատասխանողը եզրահանգում է. «ԲԴԽ-ի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման՝ նոր հանգամանքներով վերանայման հնարավորության և անհրաժեշտության ուսումնասիրությունը, վերանայելու հիմքերի առկայության կամ բացակայության հանգամանքը գնահատելու գործընթացը բխում է այդ իրավահարաբերությունը կարգավորող վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից և Բարձրագույն դատական խորհրդի անկախու-թյան երաշխիքներից և անկախ սահմանադրական մարմին լինելու կարգավիճակից»:
22. Պատասխանողը գտնում է, որ Դիմողի պնդումն առ այն, որ պետության առանձնահատուկ սահմանադրական առաքելություն ունեցող մարմինների կողմից նոր հանգամանքի հիմքով վերջնական դատական ակտերը վերանայելուց հրաժարվելն ըստ էության չեզոքացնում է սահմանադրական վերահսկողությունը, լիովին անհիմն է, քանի որ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջն իմպերատիվ է և հանդիսանում է լիազորող նորմ, որը սահմանում է Խորհրդի իրավասությունը՝ վերանայելու իր կողմից կայացված որոշումները: Սակայն, միևնույն ժամանակ, Օրենսգրքի 157-րդ հոդվածի 7-րդ մասով ամրագրված կարգավորումը հնարավորու-թյուն է ընձեռում Խորհրդին գնահատելու վերանայման հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, վերանայման հնարավորությունը և անհրաժեշտությունը, ինչը բխում է իրավական որոշակիության, արդար դատաքննության սկզբունքներից և Խորհրդի անկախության երաշխիքներից:
23. Պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:
Սահմանադրական վեճի քննության շրջանակը
24. Սույն գործով սահմանադրական վեճը հանգում է Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցին՝ հաշվի առնելով Խորհրդի կողմից նշված դրույթին տրված այն մեկնաբանությունը, որին համապատասխան՝ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած «իրավունք ունի» ձևակերպումը ենթադրում է հայեցողություն՝ նոր հանգամանքի հիմքով վերանայելու կամ չվերանայելու Խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումն այն պայմաններում, երբ Դիմողի նկատմամբ այդ որոշմամբ կիրառված օրինադրույթը Սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ, այսինքն՝ համապատասխան օրինադրույթը Դիմողի նկատմամբ կիրառվել է Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
25. Վիճարկվող օրինադրույթի սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, ներքոնշյալ հարցադրմանը.
- Օրենսգրքի վիճարկվող դրույթը, հաշվի առնելով Խորհրդի կողմից դրան տրված՝ սույն որոշման 24-րդ կետում հիշատակված մեկնաբանությունը՝ կարգապահական վարույթով Դիմողի նկատմամբ կիրառված օրինադրույթների՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման, ըստ այդմ՝ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան՝ Խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշման վերանայման հիմքի՝ նոր հանգամանքի առկայության պայմաններում, բխո՞ւմ է արդյոք սահմանադրական վերահսկողության էությունից և ապահովո՞ւմ է արդյոք անձի՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված համապատասխանաբար՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներն արդյունավետ իրացնելու հնարավորությունը:
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
26. Որպես սահմանադրական վերահսկողության դատական ինքնուրույն ձև՝ սահմանադրական արդարադատությունն առանձնանում է իր մասնագիտացված և համընդգրկուն համակարգով, որն իր գործառույթներն իրականացնում է սահմանադրական դատավարության կառուցակարգերի միջոցով՝ նպատակ ունենալով պահպանել Սահմանադրության գերակայությունն ու կայունությունը, ամրապնդել հանրային իշխանության մարմինների գործունեության ոլորտներում սահմանադրականության հիմքերը, վերականգնել խախտված սահմանադրական հավասարակշռությունը, ինչպես նաև երաշխավորել մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանադրական պաշտպանությունը:
27. Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:
Սահմանադրության 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ: Դրանց դերը, նշանակությունն ու տեղը պետական կառավարման համակարգում պայմանավորում են Սահմանադրության նորմերի կիրառման արդյունավետությունն ու գերակայության երաշխավորումը:
Սահմանադրականության հաստատման և ամրապնդման, շարունակական զարգացման միտումների լույսի ներքո Սահմանադրական դատարանի որոշումները պետք է դիտարկվեն ոչ միայն որպես իրավադրույթների սահմանադրականության գնահատման իրավական արձանագրումներ, այլև որպես դրանցում ամրագրված իրավական դիրքորոշումների միջոցով միասնական սահմանադրական դոկտրինի, սահմանադրական մտածողության համակարգային ձևավորումը և սահմանադրականության ինստիտուցիոնալ զարգացումը խթանող միջոցներ:
Սահմանադրական դատարանի որոշումները՝ որպես սահմանադրական արդարադատության վերջնարդյունք, հանրային իշխանության մարմինների կողմից պետք է ընկալվեն և դիտարկվեն որպես իրավական պետության կենսական առանցք, դրա հիմնասյուներից մեկը՝ միտված նաև մարդու հիմնական իրավունքների և ազատությունների գերակայության երաշխավորմանը. հակառակ մոտեցումը ենթադրում է, որ հանրային կյանքում առկա է սահմանադրական արդարադատության էության վերաիմաստավորման և վերագնահատման անհրաժեշտություն:
28. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
Սահմանադրական դատարանի որոշումների պարտադիր կատարումն իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկն է: Այդ առնչությամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 61-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
Սահմանադրական դատարանի որոշումների իրավական բնույթի առնչությամբ Սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Սահմանադրական դատարանի որոշումն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իր լիազորությունների շրջանակներում ընդունված պաշտոնական գրավոր փաստաթուղթ, որով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություն, սահմանափակումներ, իրավաբանական տեսակետից անվիճարկելի (վերանայման ոչ ենթակա), առանց նախապայմանների, անվերապահ և անհապաղ (եթե այլ ժամկետ չի սահմանվել) կատարման ենթակա նորմատիվ կանոններ, այսինքն՝ վարքագծի կանոններ։ Դրանով է պայմանավորված սահմանադրական դատարանի որոշումների նորմատիվ բնույթը, ինչպես նաև այդ ակտերին անմիջականորեն հաջորդող իրավական առանձնահատուկ հետևանքները՝ կապված հակասահմանադրական ճանաչված իրավանորմի իրավաբանական ուժը կորցնելու, սահմանադրական նորմերի մեկնաբանման (իրավական դիրքորոշումների) շրջանակներում իրավանորմը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու, ինչպես նաև սահմանադրաիրավական նշանակություն ունեցող խնդիրներին լուծում ու փաստերին գնահատական տալու հետ (...)» (կետ 8)։
Սահմանադրական դատարանի հիշյալ որոշման մեջ նաև նշված է. «(...) Միջազգային պրակտիկան նույնպես միարժեք վկայում է, որ իրավունքի գերակայության, հետևաբար և՝ Սահմանադրության գերակայության, երաշխավորման գլխավոր նախապայմանը համապարտադիր, վերջնական և erga omnes բնույթ ունեցող դատական ակտերի կատարման երաշխավորումն է, ակտեր, որոնք իրավական բովանդակությունից զրկվում են առանց դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումները հաշվի առնելու։
Մասնավորապես, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առկա նախադեպային իրավունքի (Philis v. Greece, para. 59, Golder v. the United Kingdom, paras. 34-36, Hornsby v. Greece, p. 40, Di Pede v. Italy, paras. 20-24, Zappia v. Italy, paras. 16-20, Imobiliare Saffi v. Italy, p. 66) ուսումնասիրությունը վկայում է, որ Եվրոպական դատարանը ներպետական դատական ատյանների որոշումների կատարման վերաբերյալ նշում է. ««դատարանի իրավունքը» կլինի ոչ իրական, եթե պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգը թույլ տա, վերջնական, պարտադիր ուժ ունեցող դատական ակտին մնալ անկիրառելի ի վնաս կողմերից մեկի շահերի», «ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարումը պետք է դիտարկվի որպես դատաքննության անբաժանելի մաս՝ 6-րդ հոդվածի իմաստով»։
(...)
ՀՀ սահմանադրական դատարանը նաև հարկ է համարում վկայակոչել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000թ. Նախարարների ներկայացուցիչների 694 նստաշրջանում ընդունված՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների հիման վրա ներպետական մակարդակով գործերի վերանայման և վարույթի նորոգման մասին» N R (2000) 2 հանձնարարականը։ Վերջինս, մասնավորապես, ամրագրում է. «Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ... նկատի ունենալով, որ Դատարանի վճիռների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելուն ուղղված Նախարարների կոմիտեի պրակտիկան ցույց է տալիս, որ որոշակի հանգամանքներում գործերի վերանայումը կամ վարույթի նորոգումը հանդիսանում է ամենաարդյունավետ, եթե ոչ միակ միջոցը restitutio in integrum-ի հասնելու համար»։ Միաժամանակ, առաջարկվում է Պայմանավորվող պետություններին՝ համոզվել, որ ներպետական մակարդակում գոյություն ունեն համարժեք հնարավորություններ restitutio in integrum-ի հասնելու համար։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական ակտերի սահմանադրականության որոշման վերաբերյալ գործերով արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա անհրաժեշտ օրենսդրական ընթացակարգերով դատական ակտերի վերանայումը Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը երաշխավորող արդյունավետ միջոց է, հետևաբար՝ նաև սահմանադրաիրավական պահանջ» (կետեր 10, 11)։
29. Այսպիսով, սահմանադրական արդարադատության իրականացումը՝ ընդհանրապես, այդ թվում՝ Սահմանադրության 168-րդ հոդվածում նախանշված իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելը՝ մասնավորապես, Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է, հետևաբար՝ սահմանադրական արդարադատության արդյունքներով ընդունված համապատասխան ակտերը հանրային կարևորության առումով ևս բացառիկ բնույթ ունեն, քանզի ուղղված են ոչ միայն կոնկրետ գործով անձի հիմնական իրավունքի/ազատության, այլ նաև ողջ հանրության շահերի պաշտպանությանն ու իրավունքի գերակայության և սահմանադրական իրավակարգի ապահովմանը: Այդ հրամայականն անառարկելիորեն պայմանավորում է նաև Սահմանադրական դատարանի որոշումների կատարման կառուցակարգերի գործուն համակարգի ներդրումն ու կենսագործումը. ընդ որում՝ Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը բացառապես ձևականիրավական առումով դիտարկելն անթույլատրելի է: Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումներն անվերապահորեն պետք է կատարվեն՝ ի ապահովումն Հայաստանի Հանրապետությունում՝ որպես իրավական պետությունում, մարդու իրավունքների գերակայության:
30. Սահմանադրական դատարանը բարձրացված խնդիրը սույն սահմանադրական վեճի քննության շրջանակում հարկ է համարում դիտարկել Սահմանադրական դատարանի որոշումների՝ որպես սահմանադրական արդարադատության կենսագործմամբ անձանց խախտված հիմնական իրավունքների վերականգնման գործուն երաշխիք լինելու համատեքստում դատական ակտերի նոր հանգամանքի հիմքով վերանայման ինստիտուտի լույսի ներքո:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, իրավական պետությունում կարող են երաշխավորվել, ապահովվել և արդյունավետորեն պաշտպանվել, ի թիվս այլնի, անձի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան՝ սահմանադրական արդարադատություն հայցելու հնարավորության իրացմանը համարժեք սահմանադրական և օրենսդրական երաշխիքների ապահովման պայմաններում:
Որպես անհատական դիմումների հիման վրա գործերով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումների կենսագործմանն ուղղված գործուն կառուցակարգ է ծառայում Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը, որի համաձայն՝ «Uույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Uահմանադրությանը հակաuող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպեu նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով»։
Սահմանադրական օրենքի վերը մեջբերված նորմի վերլուծությունից հետևում է, որ ֆիզիկական/իրավաբանական անձի դիմումի հիման վրա կոնկրետ գործով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի (վերջինիս դրույթի) սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով, երբ՝
1) նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչվել է Uահմանադրությանը հակաuող և անվավեր,
2) նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրական դատարանը, իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման՝ հիշյալ իրավակարգավորման սահմանումը կոչված է լիարժեքորեն ապահովելու Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմի կիրառման կամ Սահմանադրական դատարանի կողմից նորմին տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառման արդյունքում ֆիզիկական և իրավաբանական անձանց խախտված իրավունքների վերականգնումը՝ երաշխավորելով Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված համապատասխանաբար՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացման հնարավորությունը:
31. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման ինստիտուտի (ուժի մեջ մտած դատական ակտերի վերջնականության սկզբունքից բացառություններին և դրանց կառուցակարգային առանձնահատկություններին առնչվող սահմանադրական վեճերի քննության արդյունքներով), այդ թվում՝ նոր հանգամանքի հիմքով, որպես մարդու խախտված իրավունքները Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին համապատասխան վերականգնելու բացառիկ արդարադատական միջոցի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման, դրա միակերպ ընկալման և կիրառման խնդիրներին Սահմանադրական դատարանը հանգամանորեն անդրադարձել է իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-701, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-984, ՍԴՈ-1099, ՍԴՈ-1573, ՍԴՈ-1645, ՍԴՈ-1769 և այլն): Մասնավորապես.
- «Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողությանը մասնավորապես բնորոշ է իրավական ակտի սահմանադրականության մասին որոշման տարածումը տվյալ գործին առնչվող իրավահարաբերությունների վրա։ Կոնկրետ վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում նաև անհատական շահերի պաշտպանության խնդիրը։ Այս բնորոշ գծերին համահունչ՝ ՀՀ ներպետական օրենսդրությունը նախատեսել է շահագրգիռ անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված՝ սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը, ինչը լիարժեքություն և արդյունավետություն է հաղորդում սահմանադրական դատարանում անհատական դիմումի հիման վրա անձի սահմանադրական իրավունքների՝ որպես անմիջականորեն գործող իրավունքների, պաշտպանությանը»: (2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշում, կետ 6).
- «Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտի ողջ բովանդակությունը հանգում է նրան, որ այդ ինստիտուտի միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական իրավունքների վերականգնումը։ Խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum):
(...)
- նոր հանգամանքների առկայության պարագայում, այսինքն, երբ առկա է իրավունքի կիրառման օբյեկտիվ անհրաժեշտություն՝ պայմանավորված հակասահմանադրական ճանաչված նորմատիվ դրույթի կիրառման իրավաբանորեն հավաստված փաստով, ապա «դատական ակտի վերանայման վարույթի» հարուցումը, դատական ակտը վերանայելու գործընթաց նախաձեռնելն իրավասու դատարանի կողմից իրավաբանական անհրաժեշտություն է, այդ դատարանի սահմանադրական պարտականությունը, որի նպատակն անձի խախտված սահմանադրական իրավունքների վերականգնումն է,
- օրինական ուժի մեջ մտած դատական համապատասխան ակտը նոր հանգամանքների հիմքով վերանայելու ծավալը, շրջանակները պայմանավորված են հակասահմանադրական ճանաչված նորմատիվ դրույթի կարգավորման առարկայով, հարաբերությունների բնույթով ու առանձնահատկություններով, կիրառման շրջանակներով և դրանցով պայմանավորված՝ նաև անձի կոնկրետ իրավունքների խախտման փաստով»: (2011 թվականի հուլիսի 15-ի ՍԴՈ-984 որոշում կետ 7).
- «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական սահմանադրական դիմում (գանգատ) ներկայացնելու վերջնական նպատակը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա` անձի խախտված հիմնական իրավունքների և ազատությունների վերականգնումն է, որն էլ կարող է երաշխավորվել Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա նոր հանգամանքի հիմքով վերջնական դատական ակտերի վերանայման միջոցով:
(...)
(...) Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով կայացված որոշումների հիման վրա անհրաժեշտ օրենսդրական ընթացակարգերով դատական ակտերի վերանայումը Սահմանադրության գերակայությունը երաշխավորող արդյունավետ միջոց է, հետևաբար՝ նաև սահմանադրաիրավական պահանջ, որն ուղղված է անձանց իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովմանը։ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայության պայմաններում դատական ակտի վերանայման անհրաժեշտությունը բխում է նաև կոնկրետ գործերով սահմանադրական վերահսկողության ինստիտուտի էությունից և նշանակությունից։ Ուստի այն դեպքում, երբ անձի նկատմամբ վերջնական դատական ակտը կայացվել է Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված դրույթի (ինչպես նաև Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ սահմանադրական ճանաչված, սակայն ըստ Սահմանադրական դատարանի՝ դիմողի նկատմամբ այլ մեկնաբանությամբ կիրառված դրույթի) կիրառմամբ, ապա նշված դեպքի հետևանքը պետք է լինի նոր հանգամանքի հիմքով այդ դատական ակտի վերանայումը՝ օրենքով սահմանված կարգով»: (2022 թվականի մարտի 29-ի ՍԴՈ-1645 որոշում, կետ 5.2):
32. Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը շեշտում է, որ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում անհատական դիմումի հիման վրա գործով Սահմանադրական դատարանի որոշմամբ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Uահմանադրությանը հակաuող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպեu նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտն անվերապահորեն նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման:
Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ որևէ իրավակարգավորում կամ իրավակիրառ պրակտիկայում վերջինիս տրված որևէ մեկնաբանություն չի կարող շրջանցել նշյալ սահմանադրաիրավական պահանջը՝ խոչընդոտ հանդիսանալով Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտի վերանայման համար: Ընդ որում՝ անթույլատրելի է ցանկացած տեսակի մեկնաբանողական գործիքակազմի կիրառմամբ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտի վերանայման վարույթը որպես իրավասու դատարանի հայեցողություն դիտարկելը՝ ի միտն ունենալով գաղափարն առ այն, որ գոյության իրավունքից զուրկ է այն դատական ակտը, որի հիմքում ընկած է Uահմանադրությանը հակաuող և անվավեր ճանաչված դրույթը կամ համապատասխան դրույթին տրված մեկնաբանությունը, որը տարբերվում է Սահմանադրական դատարանի կողմից դրան տրված մեկնաբանությունից: Հակառակ մոտեցումը ձևախեղում է սահմանադրական արդարադատության բուն էությունը՝ հանգեցնելով անձի՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված հիմնական իրավունքների խախտմանը և խարխլելով սահմանադրական արդարադատության ինստիտուտի նկատմամբ վստահությունը:
33. Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է.
Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի մայիսի 21-ի ՍԴՈ-1729 որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետում ուղղակիորեն նշվել է. ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանություններից տարբերվող մեկնաբանություններով»:
Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման առկայության պայմաններում Խորհուրդը 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշմամբ որոշել է Խորհրդի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 2023 թվականի հուլիսի 3-ի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայել՝ մասնավորապես, նշելով. «Օրենսգրքի «Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով» վերտառությամբ 157-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերի համադրված վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ Խորհուրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու սահմանադրական օրենքի մակարդակով ամրագրված իրավունքն իր տրամաբանական շարունակությունը ստացել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը վերանայելու հիմքերի առկայության կամ բացակայության հանգամանքը գնահատելու արդյունքում իր որոշումը չվերանայելու կամ իր կայացրած որոշումը վերացնելու և նոր որոշում կայացնելու օրենսդրական հնարավորության գոյությամբ, հետևաբար կարգապահական վարույթով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթի Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված կամ կիրառված մեկնաբանությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչված լինելու պայմաններում, օրենսդիրը Բարձրագույն դատական խորհրդին Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև նույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի ուժով իրավունք է վերապահվել վերանայել կամ չվերանայել իր կայացրած որոշումը»։
34. Վերոգրյալից պարզ է դառնում, որ վիճարկվող օրինադրույթում գործածված «իրավունք ունի» ձևակերպումը Խորհրդի կողմից մեկնաբանվել է որպես հայեցողություն: Այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է.
Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ Խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:
Օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան՝ նոր հանգամանքները հիմք են Խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը կարգապահական վարույթով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը՝
ա. ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ
բ. ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն անձի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Օրենսգրքի 157-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե Խորհուրդը գտնում է, որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը, ապա որոշում է ընդունում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը չվերանայելու վերաբերյալ:
Վերոնշյալից հետևում է, որ Խորհուրդն ընդունում է որոշում իր համապատասխան որոշումը չվերանայելու վերաբերյալ, եթե գտնում է, որ բացակայում են այդ որոշումը նոր հանգամանքներով վերանայելու՝ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասով (տվյալ դեպքում՝ 3-րդ մասի 1-ին կետով) սահմանված հիմքերը:
35. Սահմանադրական դատարանը կարևորում է «նոր հանգամանքներով վերանայման վարույթի հարուցում» և «նոր հանգամանքներով որոշման վերանայում» ձևակերպումների տարբերակումը: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 18-ի ՍԴՈ-1114 որոշման մեջ արձանագրված է. «(...) հարկ է տարբերակել «նոր հանգամանքների հիմքով վերանայման վարույթի հարուցում» և «նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայում» եզրույթները։ Այսպես. նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը տեղի է ունենում նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման բողոքի ընդունելիության հարցը լուծելիս, որի ընթացքում (...) չի կարող գնահատվել դիմողին առնչվող գործով կիրառված հակասահմանադրական նորմի ազդեցությունը դատարանի եզրահանգման վրա։ Տվյալ դեպքում սահմանադրական դատարանի՝ ՍԴՈ-984 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումների ուժով, եթե առկա չեն բողոքը վերադարձնելու հիմքեր, ապա դատական ակտը վերանայող դատարանը պարտավոր է ոչ միայն հարուցել վերանայման վարույթ, այլև դրա արդյունքում բեկանել վերանայվող դատական ակտը, այլապես դատական ակտի հիմքում կշարունակվի մնալ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված կամ սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված իրավական նորմը։ Ինչ վերաբերում է նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայմանը, ապա այն վերանայվող դատական ակտի բեկանումից հետո տեղի ունեցող ընթացակարգ է, որի ընթացքում միայն կարող է գնահատվել նոր հանգամանքի ազդեցությունը գործի ելքի վրա, ինչով էլ պայմանավորված է վերանայվող դատական ակտի եզրափակիչ մասը փոփոխելու կամ չփոփոխելու անհրաժեշտությունը։ Հակառակ պարագայում կխաթարվի կոնկրետ գործերով սահմանադրական վերահսկողության և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման ինստիտուտների էությունը» (կետ 7):
36. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայությունը՝ որպես նոր հանգամանք, հիմք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման վարույթ հարուցելու համար: Որպես այդ գործընթացին տրամաբանորեն հաջորդող կարգավորում՝ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ Խորհրդի որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում Խորհուրդը վերացնում է իր որոշումը և կայացնում է նոր որոշում:
Տվյալ դեպքում Խորհուրդը պարտավոր է վերացնել իր համապատասխան որոշումը և կայացնել նոր որոշում՝ հաշվի առնելով, որ Խորհրդի որոշումները պետք է համահունչ լինեն Սահմանադրությանը և դրանում ամփոփված սահմանադրական արժեբանությանը. հակառակ պարագայում՝ Խորհրդի համապատասխան որոշման հիմքում կշարունակի մնալ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված իրավական նորմը, ինչն անհամատեղելի է ինչպես սահմանադրական արդարադատության էության, այնպես էլ անձի՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված հիմնական իրավունքներից ածանցվող նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման իրավունքի հետ:
37. Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Խորհրդի՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա նոր հանգամանքի հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման արդյունքում կայացրած որոշման, ի մասնավորի, եզրահանգումը Սահմանադրական դատարանի՝ վերանայման հիմք հանդիսացած համապատասխան որոշմամբ կանխորոշված և ուղղորդված չէ՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու բացառիկ լիազորությունը վերապահված է Խորհրդին:
Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Սահմանադրական դատարանը 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ արձանագրել է. «(...) գործող սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում բացակայում է Հայաստանի Հանրապետությունում գործող դատարաններից որևէ մեկում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման իրավական հնարավորություն, քանի որ դա կհակասի Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ սահմանադրական մարմնի կարգավիճակին» (կետ 4.6):
Սահմանադրական դատարանի հիշյալ որոշման մեջ նշված է. «Մասնավորապես, 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների հիմնավորումների մեջ հստակ արտահայտված է այն գաղափարը, ըստ որի՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված` ոչ միայն դատավորի լիազորությունների դադարեցման, այլև նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու հարցերում վերջնական որոշման իրավասությունը տրամադրվել է միայն Բարձրագույն դատական խորհրդին: Բացի դրանից, նույն հիմնավորումների մեջ հատուկ շեշտվել է, որ (Բարձրագույն դատական) «(...) խորհրդին է վերապահվում վճռորոշ դերակատարություն դատավորների, այդ թվում դատարանների նախագահների նշանակման հարցում: Ընդսմին, ընտրվել է դատավորների նշանակման հարցում խորհրդի ինքնուրույն լիազորությունների մասնակի զսպման, իսկ դատավորների գործուղման, փոխադրման և հատկապես կարգապահական պատասխանատվության հարցերում՝ լիարժեք ինքնուրույնության ձևաչափը: Դա հատկապես կարևոր է խորհուրդը որպես բարձրագույն կարգապահական մարմին կառուցակարգելու տեսանկյունից, որի որոշումները պետք է լինեն վերջնական և անբողոքարկելի» (...):
Այսպիսով, ամփոփելով ամբողջ վերոգրյալը, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների, ձևավորման կարգի, գործունեության սկզբունքների վերաբերյալ վերլուծություններն ու մեջբերումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու դեպքում Սահմանադրությամբ և այլ օրենքներով նախատեսված են դատարաններին բնորոշ այնպիսի դատավարական երաշխիքներ, ինչպիսիք են, մասնավորապես, բայց ոչ միայն, ողջամիտ ժամկետում գործի քննությունը, օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարությունը, դատական վարույթի հրապարակայնությունը, դատական ակտերի պարտադիրությունը, որոնք իրենց ամբողջության մեջ ուղղված են Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացման ապահովմանը» (կետ 4.8):
Օրենսգրքի 156.1-ին հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման դեմ դատավորի բողոքը քննում է Խորհուրդը, եթե ի հայտ է եկել այնպիսի էական ապացույց կամ հանգամանք, որը բողոքարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, և որը ողջամտորեն կարող էր ազդել որոշման վրա։
38. Ողջ վերոգրյալի համատեքստում անդրադառնալով Խորհրդի՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշման շրջանակում Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած «իրավունք ունի» ձևակերպմանը (հաշվի առնելով նշված հոդվածի վերաբերելի այլ դրույթները) տրված այն մեկնաբանությանը, որի համաձայն՝ օրենսդիրը, Խորհրդի՝ սահմանադրական կարգավիճակի առանձնահատկություններով պայմանավորված, հաշվի առնելով Խորհրդի՝ որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու սահմանադրական առաքելություն ունեցող անկախ պետական մարմին հանդիսանալու հանգամանքը, նրան իրավունք է վերապահել վերանայելու կամ չվերանայելու իր կայացրած որոշումը, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «իրավունք ունի» օրենսդրական ձևակերպումը, մի դեպքում՝ կարող է նախանշել հանրային իշխանության մարմնի հայեցողությունը կամ այդ հայեցողության սահմանները. ընդ որում՝ հանրային իշխանության մարմնի հայեցողությունն օրենքով սահմանված հնարավոր լուծումներից ընտրության լիազորությունն է: Նշվածից հետևում է, որ հանրային իշխանության մարմինն ունի հայեցողություն բացառապես այն դեպքերում, երբ որևէ լիազորության իրականացման առնչությամբ իրավաստեղծը վերջինիս ընձեռել է հնարավորություն՝ ընտրելու հնարավոր լուծումներից որևէ մեկը, որը բխում է վերջինս սահմանադրաիրավական կարգավիճակից: Մեկ այլ դեպքում՝ նշված ձևակերպումը ենթադրում է Սահմանադրության 6-րդ հոդվածին համահունչ, հանրային իշխանության մարմնին վերապահված պարտադիր լիազորություն:
Սահմանադրական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1708 որոշմամբ արձանագրված է. «Առհասարակ հարկ է նկատի ունենալ, որ Սահմանադրությամբ ամրագրում ստացած նորմերով սահմանված պարտադիր պահանջների կենսագործումն ապահովող օրենսդրական կառուցակարգերը չեն կարող հիմնվել բացարձակ հայեցողական լիազորությունների վրա՝ անտեսելով այդպիսի լիազորություններով Սահմանադրությամբ նախանշված շրջանակի նկատմամբ հետևանքային ազդեցությունը։ Հանրային իշխանության մարմինների լիազորությունները բխում են վերջիններիս սահմանադրական գործառույթներից և ուղղված են դրանց իրականացմանը, հետևաբար՝ հանրային իշխանության մարմինների գործառույթների իրականացման ապահովմանն ուղղված լիազորությունները չեն կարող մեկնաբանվել այնպես, որ խաթարվի բուն սահմանադրական գործառույթի էությունն ու դրա կենսագործման նպատակը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հանրային իշխանության մարմնի սահմանադրական գործառույթի կենսագործումը չի կարող կախված լինել հանրային իշխանության որևէ մարմնի բացարձակ հայեցողությունից: Անգամ այն դեպքերում, երբ օրենսդրական ձևակերպումներն այնպիսին են, որ հանրային իշխանության մարմնին օրենքով վերապահված լիազորությունները կարող են մեկնաբանվել որպես հայեցողական, դրանք պետք է ընկալվեն որպես համապատասխան մարմնի սահմանադրական գործառույթների և առաքելության իրականացման նպատակով իրացվող պարտադիր լիազորություններ և իրացվեն այդ մարմնի սահմանադրական գործառույթների ոգուն համահունչ» (կետ 4.2):
39. Վերոշարադրյալի լույսի ներքո՝ հաշվի առնելով սահմանադրական արդարադատության հիմքում ընկած սահմանադրահեն գաղափարներն ու արժեբանությունը, Սահմանադրական դատարանի որոշումների սահմանադրաիրավական բովանդակությունն ու իրավական ազդեցությունը նաև անձի սահմանադրական իրավունքների երաշխավորման համատեքստում՝ Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ անթույլատրելի է Սահմանադրական դատարանի որոշումները հանրային իշխանության որևէ մարմնի կողմից «հայեցողության» պատրվակով անտեսելը կամ դրանք ընտրողաբար կատարելը:
Ավելին, վերոնշյալի համատեքստում հաշվի առնելով նաև Խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննարկելիս Խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու հանգամանքը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պարագայում Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած «իրավունք ունի» ձևակերպումը նախանշում է Խորհրդի հայեցողությունը՝ գնահատելու և որոշելու օրենքով սահմանված բավարար հիմքերի առկայությունը՝ վերանայման վարույթ հարուցելու համար, սակայն հիշատակված հիմքերի առկայությունը հավաստվելու դեպքում Խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը նոր հանգամանքի հիմքով ըստ էության վերանայելու պարագայում (ենթադրում է Խորհրդի՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված իրավական նորմը բովանդակող որոշման վերացում և նոր որոշման կայացում) Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասում գործածված «իրավունք ունի» ձևակերպումը միարժեքորեն նշանակում է Խորհրդին վերապահված պարտադիր կատարման ենթակա լիազորություն: Այդ առումով, Սահմանադրական դատարանը նշում է, որ Խորհրդին վերապահված իրավունքի իրականացումը չի կարող մեկնաբանվել այնպես, որ հանգեցնի անձանց սահմանադրական իրավունքների և ազատությունների էության խաթարմանը կամ դրանց իրացման անհարկի սահմանափակմանը: Այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը հիմք է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման համար, Խորհուրդն օրենքով իրեն վերապահված պարտադիր լիազորությունը չի կարող մեկնաբանել որպես հայեցողական լիազորություն՝ սեփական հայեցողությամբ պայմանավորելով դրա իրականացումը։ Նման մեկնաբանությունը խաթարում է սահմանադրական կարգի հիմքերը, վտանգում է իրավունքի գերակայության, սահմանադրական վերահսկողության ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովումը՝ կասկածի տակ դնելով Սահմանադրական դատարանի որոշումների պարտադիր ուժի հիմնարար բնույթը՝ վերջնարդյունքում հանգեցնելով անձի՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված հիմնական իրավունքների խախտմանը:
Հաշվի առնելով ողջ վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով ըստ էության վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Խորհրդի պարտադիր լիազորությունն է:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով ըստ էության վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Բարձրագույն դատական խորհրդի պարտադիր լիազորությունն է:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Ա. Դիլանյան |
29 հուլիսի 2025 թվականի ՍԴՈ-1791 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2025 թվական:
