Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հնդկաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ձգտելով ամրապնդել համագործակցությունը, բարեկամական կապերը և համագործակցության զարգացումը գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում, համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Պայմանավորվող կողմերը կխթանեն երկկողմ համագործակցության զարգացումը գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում հավասարության, փոխադարձության և փոխշահավետության հիման վրա, համաձայն սույն Համաձայնագրի դրույթների և Պայմանավորվող կողմերի գոյություն ունեցող օրենքների և կանոնակարգերի, հաշվի առնելով երկու երկրների գիտնականների և մասնագետների փորձն ու հնարավորությունները:
ՀՈԴՎԱԾ 2
Պայմանավորվող կողմերի միջև համագործակցությունը գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում կիրագործվի հետևյալ ճանապարհներով.
1) հետազոտությունների իրականացման և գիտական մտքերի փոխանակման նպատակով գիտնականների, գիտաշխատողների, մասնագետների և ուսանողների փոխանակում,
2) գիտական և տեխնիկական տեղեկության, հրապարակումների և այլ գիտական փաստաթղթերի փոխանակում,
3) երկու երկրներին հետաքրքրող հիմնախնդիրներին, ինչպես նաև գիտության և տեխնոլոգիայի բնագավառներին նվիրված երկկողմ գիտական և տեխնիկական սեմինարների, գիտաժողովների կազմակերպում,
4) գիտական և տեխնոլոգիական ցուցահանդեսների և ներկայացումների կազմակերպում,
5) գիտական նվաճումների օգտագործում` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացումը դյուրացնելու նպատակով,
6) գիտական և տեխնիկական հիմնախնդիրների համատեղ նույնացում, համատեղ հետազոտական ծրագրերի ձևակերպում և իրագործում, որոնց արդյունքները կարող են կիրառվել արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում, համատեղ հետազոտություններ իրականացնող հաստատությունների հիմնում և արդյունքում ձեռք բերված փորձի և նոու-հաուների փոխանակում,
7) Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ` գիտական և տեխնոլոգիական համագործակցության ցանկացած այլ ձև:
ՀՈԴՎԱԾ 3
1. Սույն Համաձայնագրի նպատակները կկենսագործվեն պարբերաբար համաձայնեցված համագործակցության ծրագրերի իրականացման միջոցով: Այդպիսի ծրագրերում կպարզաբանվեն համագործակցության բնույթն ու ձևերը, ներառյալ ֆինանսական պայմանները և դրույթները:
2. Սույն Համաձայնագրի իրականացումը դրվում է հայկական կողմից` գիտության և բարձրագույն կրթության նախարարության, իսկ հնդկական կողմից` գիտության և տեխնոլոգիայի նախարարության վրա:
ՀՈԴՎԱԾ 4
1. Պայմանավորվող կողմերը կհիմնեն գիտական և տեխնոլոգիական համագործակցության Համատեղ կոմիտե, որը բաղկացած կլինի նախագահից և երկու կողմից Պայմանավորվող կողմերի նշանակած անդամներից: Համատեղ կոմիտեի պարտավորությունների մեջ կմտնի սույն Համաձայնագրի իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը և արդյունաբերական ու առևտրական բնագավառներում սույն Համաձայնագրով իրականացվող համագործակցության արդյունքների կիրառման ապահովումը:
2. Համատեղ կոմիտեն կհանդիպի ամեն տարի կամ, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության, հաջորդաբար Հայաստանում և Հնդկաստանում:
3. Սույն Համաձայնագրի իրականացման համար Համատեղ կոմիտեն պատշաճ ձևով կարող է մշակել իր ներքին կանոնակարգերը:
4. Համատեղ կոմիտեն նաև որոշումներ կկայացնի սույն Համաձայնագրի կետերի կամ հարցերի վերաբերյալ` դրանց շուրջ տարակարծություններ ծագելու դեպքում:
ՀՈԴՎԱԾ 5
1. Համաձայն վերը նշվածի` Պայմանավորվող կողմերը կզարգացնեն գոյություն ունեցող պայմանագրերը ու կնպաստեն Հայաստանի և Հնդկաստանի գիտական հաստատությունների և կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը: 2. Նման պայմանագրերը կամ արձանագրությունները, ըստ անհրաժեշտության, կընդգրկեն ընդհանուր և ֆինանսական դրույթներ համագործակցության արդյունքների իրականացման համար:
ՀՈԴՎԱԾ 6
Պայմանավորվող կողմերը միջոցներ կձեռնարկեն գրքեր, պարբերականներ և բիբլիոգրաֆիա փոխանակելու նպատակով գիտական գրադարանների, գիտատեխնիկական տեղեկատվական կենտրոնների և գիտական հաստատությունների միջև համագործակցությունը խթանելու համար:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության առնչությամբ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, համաձայն իր օրենքների և կանոնակարգերի, ջանքեր կներդնի`
1) հեշտացնելու համար իր տարածքում սարքավորումների և տեխնիկական միջոցների արագ և արդյունավետ մուտքն ու ելքը,
2) հեշտացնելու համար իր տարածքում սույն Համաձայնագրի իրականացմանը մասնակից անձանց արագ և արդյունավետ մուտքն ու ելքը, երկրի ներսում տեղաշարժվելու հնարավորությունը և աշխատանքը, ներառյալ համապատասխան աշխարհագրական տեղանքներ և հաստատություններ մուտք գործելը, անհրաժեշտ տվյալների ու նյութերի մատչելիությունը և սույն Համաձայնագիրն իրականացնող անձանց հետ շփումները,
3) քննարկելու սույն Համաձայնագիրն իրականացնող անձանց անվճար վիզա տրամադրելու հնարավորությունը, և
4) առաքելու համար սույն Համաձայնագրի կենսագործման նպատակով համատեղ հետազոտությունների և փորձնական արտադրությունների ուսումնասիրության համար անհրաժեշտ սարքավորումները, ինչը յուրաքանչյուր առանձին դեպքում կիրականացվի համաձայն երկու Պայմանավորվող կողմերի որոշման:
ՀՈԴՎԱԾ 8
1. Սույն Համաձայնագրով իրագործվող համագործակցության արդյունքում ստացված գիտական և տեխնոլոգիական տեղեկությունը, բացառությամբ առևտրական կամ արդյունաբերական պատճառներով չբացահայտված տեղեկության, պետք է մատչելի լինի համաշխարհային գիտական հանրությանը ընդունված կարգով և համաձայն մտավոր սեփականության և իրավունքի պաշտպանության մասին օրենքների, ինչպես նաև համաձայն համագործակցող կազմակերպությունների սովորական պրակտիկայի և կանոնակարգերի, եթե 2-րդ հոդվածում նախատեսվող միջոցառումների իրականացման ընթացքում գրավոր ձևով այլ պայմանավորվածություն չլինի:
2. Երկու երկրների համաձայնությամբ սույն Համաձայնագրով իրականացվող նախագծերում և ծրագրերում կարող են ընդգրկվել գիտնականներ, տեխնիկական փորձագետներ և երրորդ երկրների հաստատություններ կամ միջազգային կազմակերպություններ: Նման մասնակցության հետ կապված ծախսերը, որպես կանոն, կհոգա երրորդ երկիրը, եթե երկու երկրները գրավոր չեն եկել այլ համաձայնության` հաշվի առնելով նյութական միջոցների առկայությունը:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագրի դրույթները չեն վնասի ինչպես երկու կառավարությունների միջև ստորագրված այլ համաձայնագրերին և համաձայնություններին, այնպես էլ նրանց կողմից կնքված բազմակողմ համաձայնագրերին:
Սույն Համաձայնագիրն սկզբնապես ուժի մեջ կլինի 3 տարի և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ 3 տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից մեկը ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ գրավոր չծանուցի մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի սույն Համաձայնագրի համաձայն արդեն սկսված, բայց սույն Համաձայնագրի դադարեցման կամ ժամկետի ավարտի ժամանակ ամբողջապես չկատարված որևէ գործունեության կամ ծրագրի վրա:
Ի հավաստումն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը և հաստատեցին իրենց կնիքով: Կատարված է Նյու Դելի քաղաքում 1994 թվականի մարտի 25-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, հնդկերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Կասկածի դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի մարտի 25-ից:
