ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2017 թվականի N 572-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԻՍ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ N 1595-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի և 11.1-ին հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս վերջիններիս կողմից ստեղծված և շահագործվող էլեկտրոնային համակարգերի տեխնիկական ընդհանուր պահանջները` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ պետական մարմիններն էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց «Ինտերնետ» ցանցով էլեկտրոնային ծառայությունների մատուցման հասանելիություն ապահովելու նպատակով մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է իրենց տեղեկատվական համակարգերում ներդնեն և համապատասխան պայմանագրեր կնքեն N 2 հավելվածով սահմանված բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորների հետ՝ ֆինանսական միջոցների բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը մանրամասն հաշվարկներով հիմնավորված ֆինանսավորման հայտ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։ Ներկայացված հայտը պետք է ներառի առաջարկություն անհրաժեշտ ծախսերը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով համապատասխան մարմնին հատկացված ընդհանուր միջոցների հաշվին իրականացնելու վերաբերյալ կամ նշում դրա անհնարինության մասին:
3․1. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածի 13-րդ կետով նախատեսված կարգավորումները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ և կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր կացության քարտ, մշտական կացության քարտ, հատուկ անձնագիր) կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ունեցող օտարերկրացիների նկատմամբ, եթե նշված անձինք դիմում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելու համար։
(3.1-ին կետը լրաց. 23.04.25 N 459-Ն, փոփ. 24.07.25 N 1026-Ն)
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) սույն որոշման 3-րդ կետի համաձայն կնքված պայմանագրերի ֆինանսավորման նպատակով մինչև 2017 թվականի օգոստոսի 15-ն ամփոփել պետական մարմինների կողմից սույն որոշման կատարման պահանջներից ելնելով ներկայացված ծախսերի նախահաշիվների հայտերը, և առաջարկություն ներկայացնել 2017 թվականի երկրորդ կիսամյակում ծախսերի ֆինանսավորման համար.
2) պետական մարմինների համար հաջորդող բյուջետային տարիների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսել Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի պլանավորումը նախատեսող օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) հաշվի առնելով գանձապետական համակարգի առանձնահատկությունները՝ գերատեսչական նորմատիվ իրավական ակտով հաստատել գանձապետարանի տեղեկատվական համակարգերում սույն որոշման N 2 հավելվածի պահանջների կիրառման ապահովումը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:
5. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների սույն որոշմամբ հաստատված պահանջներին չհամապատասխանող տեղեկատվական համակարգերը պետք է մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը համապատասխանեցվեն սույն որոշմամբ հաստատված պահանջներին և համապատասխան պայմանագրեր կնքվեն բջջային թվային էլեկտրոնային ստորագրության օպերատորների հետ։
(5-րդ կետը խմբ. 11.01.18 N 25-Ն)
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված և օրենքներով ստեղծված պետական կառավարման մարմինների աշխատակազմերին «Ինտերնետ» ցանցի հետ համակցումն իրականացնել սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի համաձայն, իսկ վերջիներիս կողմից ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով մատուցելիս տեղեկատվական համակարգերում ներդնեն և համապատասխան պայմանագրեր կնքեն N 2 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխանող բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորների հետ։
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու մասին» N 1595-Ն որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 30 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պարտավոր են օրենքով նախատեսված ծառայություններն էլեկտրոնային համակարգերի միջոցով մատուցելու դեպքում էլեկտրոնային հարթակներում կամ ինտերնետային կայքերում ապահովել առցանց եղանակով անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ տեղեկատվական համակարգեր մուտք գործելու, նման համակարգերում էլեկտրոնային փաստաթղթեր (այդ թվում՝ դիմումներ, հարցումներ և հայտեր) ներկայացնելու, ինչպես նաև նման էլեկտրոնային փաստաթղթերն էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստելու տեխնիկական հնարավորություն:
3. Պետական մարմինների կողմից և պատվիրակված լիազորությունների շրջանակներում այլ անձանց կողմից տեղեկատվական համակարգերում էլեկտրոնային փաստաթղթեր կազմելու նպատակով անձնական տվյալների փոխանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով:
4. Պետական մարմինների տեղեկատվական համակարգերում անհատի խիստ նույնականացման գործիքների շարքին են դասվում հավաստագրման կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտում, ժամանակավոր կացության քարտում, մշտական կացության քարտում, հատուկ անձնագրում, Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքում զետեղված անհատական հավաստագրի վավերությունը հավաստագրման կենտրոնի կողմից սահմանված ծրագրային եղանակներից որևէ մեկով, կամ բջջային կապի ծառայություններ մատուցող օպերատորի կողմից տրամադրված նյութական կրիչի (շարժական բջջային կապի հեռախոսաքարտի) տվյալների էլեկտրոնային պահոցի կամ բաժանորդի նույնականացման տվյալների ներկառուցված թվային մոդուլի (eSIM) վրա բջջային ստորագրության օպերատորի մշակած ծրագրային գործիքով կամ խելացի սարքերի հիման վրա անհատական հավաստագիրն ստուգելու տեխնիկական հնարավորությունը:
2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
5. Պետական մարմիններն իրենք են ապահովում իրենց տնօրինած տեղեկատվական համակարգերում պահպանվող էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանվածությունը՝ իրականացնելով տեղեկատվական համակարգերի ենթակառուցվածքների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ծրագրային և ապարատային պաշտպանության միջոցներ։
6. Պետական մարմինների կողմից «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող պետական գաղտնիքի շարքը դասվող գաղտնագրված տեղեկություններ պարունակող կամ էլեկտրոնային փաստաթղթեր պահպանող և մշակող տեղեկատվական համակարգերի կիրառումը համաձայնեցվում է ազգային անվտանգության ծառայության հետ: Այդ տեղեկատվական համակարգերի համակցումն էլեկտրոնային հաղորդակցության ցանցերին, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետության պետական սահմաններից դուրս տեղեկատվություն հաղորդելու, և «Ինտերնետ» միջազգային համակարգչային ցանցին, իրականացվում է միայն ազգային անվտանգության ծառայության կողմից կիրառման թույլտվություն ստացած և հատուկ այդ նպատակների համար նախատեսված տեղեկատվության պաշտպանության, այդ թվում` նաև էլեկտրոնային եղանակով կրիպտոգրաֆիկական փոխակերպման միջոցների օգտագործմամբ։
7. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն է շահագործում «Ինտերնետ» միջազգային համակարգչային ցանցի (այսուհետ՝ «Ինտերնետ» ցանց) հատուկ հանգույց, որը նախատեսված է պետական մարմինների «Ինտերնետ» ցանցում տեղակայված կամ ներկայացված հանրամատչելի տեղեկատվության պաշտպանությունն ու «Ինտերնետ» ցանցին պետական մարմինների տեղեկատվական համակարգերի անվտանգ համակցումն ապահովելու համար։ Հատուկ հանգույցի սարքավորումները տեղակայվում են ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի այլ մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների շինություններում, ինչպես նաև այն օպերատորների տեխնոլոգիական տարածքներում, որոնց ենթակառուցվածքներն օգտագործվում են հանգույցի կազմակերպման համար։
8. «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններ պարունակող կամ կազմող էլեկտրոնային փաստաթղթերի նկատմամբ պետական մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրությունների ստեղծման և ստուգման ապարատային և ծրագրային միջոցներն ընտրվում և այդ էլեկտրոնային թվային ստորագրությունների հետ կապված ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից սահմանված կարգով:
9. Բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքերի` պետական մարմիններն իրենց տեղեկատվական համակարգերով էլեկտրոնային ծառայություններ մատուցելիս կիրառում են անձի խիստ նույնականացման գործիքներ՝ օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրություններ թողարկող և սպասարկող հավաստագրման կենտրոնի հավաստագրերը և դրանց իսկությունը որոշելու համար վերջինիս կողմից սահմանված ծրագրային միջոցները:
3. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ
10. Պետական մարմիններում «Ինտերնետ» ցանցի միջոցով տեղեկատվական համակարգերում ստացվող էլեկտրոնային փաստաթղթերը համարվում են պատշաճ ստորագրված, եթե տվյալ փաստաթղթին այն ստորագրող անձի կողմից կցված է հավաստագրման կենտրոնի կողմից նույնականացման քարտում զետեղված, ժամանակի դրոշմով թողարկված վավեր հավաստագիրը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագիր ստացած հավաստագրման կենտրոնների կողմից թողարկված ժամանակի դրոշմով վավեր հավաստագրերը, եթե հավաստագրման կենտրոնն ինտեգրված է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող «Ես եմ» ազգային նույնականացման հարթակին (այսուհետ՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ)։ Սույն կետով սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված փաստաթղթերը հավասարեցվում են թղթային կրիչի վրա ստորագրված փաստաթղթի հետ:
11. Պետական մարմիններում շրջանառվող փաստաթղթերը կարող են ստորագրվել անմիջապես տեղեկատվական համակարգի ծրագրային միջավայրում, եթե տվյալ համակարգն ինտեգրված է էլեկտրոնային թվային ստորագրության էլեկտրոնային ժամանակի և վավերության դրոշմակնիք կիրառելու հնարավորությամբ կամ տեղեկատվական համակարգի միջավայրից դուրս այլ ծրագրային միջավայրում, որի դեպքում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված ֆայլը ներբեռնվում է տեղեկատվական համակարգ: Պետական մարմիններում շրջանառվող փաստաթղթերը ստորագրելու արդյունքում հավաստագրման կենտրոնի տեղեկատվական համակարգերում ստորագրված փաստաթղթերը չպետք է պահպանվեն։
12. Էլեկտրոնային փաստաթղթում այն ստորագրող անձի զուտ ձեռագիր ստորագրության տեսանելի արտապատկերի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ տվյալ էլեկտրոնային փաստաթուղթն էլեկտրոնային թվային ստորագրության վավերությունը վիճարկելու համար, եթե տվյալ էլեկտրոնային փաստաթղթում զետեղված է այն ստորագրող անձի վավերապայմաններով հավաստագրման կենտրոնի կողմից հավաստված հավաստագիրը: Էլեկտրոնային թվային հավաստագրի իսկությունն ստուգելու կարգը սահմանվում է հավաստագրման կենտրոնի կողմից:
13. Նույն փաստաթուղթը կարող է ունենալ տարբեր անձանց պատկանող մեկից ավելի էլեկտրոնային թվային ստորագրություններ, որոնց վավերապայմանները կարող են տարբերվել մեկը մյուսից:
4. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
14. Պետական մարմիններում պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով այլ պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի տվյալների բազային անձնական տվյալներ պարունակող տեղեկատվության հարցումներ կատարելիս պետք է կիրառվի տվյալ հարցումը կատարող անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիք:
15. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրինականության կամ համաչափության սկզբունքների հնարավոր խախտման դեպք հայտնաբերելու կամ դրա վտանգի առաջացման մասին պետական մարմինը 72 ժամվա ընթացքում ծանուցում է անձնական տվյալների պաշտպանություն իրականացնող լիազոր մարմնին։
(հավելվածը փոփ. 24.03.22 N 370-Ն, լրաց. 23.04.25 N 459-Ն, խմբ. 24.07.25 N 1026-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման |
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԻՍ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն տեխնիկական ընդհանուր պահանջները կիրառվում են էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս վերջիններիս կողմից ստեղծված և շահագործվող էլեկտրոնային համակարգերի նկատմամբ, ինչպես նաև այդ համակարգերի միջոցով տեղեկատվության փոխանակման կամ նման համակարգերին ինտեգրման հայտ ներկայացրած այլ անձանց կողմից շահագործվող կամ ստեղծված էլեկտրոնային համակարգերի նկատմամբ:
2. Ստորև սահմանված տեխնիկական ընդհանուր պահանջները ենթակա են կիրառման նոր ստեղծվող տեղեկատվական համակարգերում, ինչպես նաև արդեն իսկ գործող տեղեկատվական համակարգերում:
2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
3. Սույն տեխնիկական ընդհանուր պահանջները մեկնաբանելիս այսուհետ կիրառվում են հետևյալ հասկացությունները`
1) հավաստագրման կենտրոն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրման կենտրոնի հավատարմագիր ստացած իրավաբանական անձ.
2) նույնականացման քարտի կիրառմամբ էլեկտրոնային թվային ստորագրություն՝ Հայաստանի Հանրապետության կողմից անհատներին տրամադրված նույնականացման քարտում զետեղված և հավաստագրման կենտրոնի կողմից թողարկված անհատական հավաստագիրը դրա հետ զուգորդված հանրային հավաստագրի հետ համադրելու հնարավորությամբ օժտված էլեկտրոնային թվային ստորագրության տեսակ, որի ընդունման հնարավորությունն առցանց տեղեկատվական համակարգերում նշված է ձևում պատկերված և հավաստագրման կենտրոնին պատկանող «Նույնականացման քարտի կիրառմամբ էլեկտրոնային թվային ստորագրություն» ապրանքային նշանով.
3) բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող շարժական բջջային կապի ծառայություններ մատուցող օպերատորի կողմից կամ վերջինիս հավելում հանդիսացող՝ բաժանորդի տվյալների նույնականացման ներկառուցված թվային մոդուլի (այսուհետ՝ ներկառուցված թվային մոդուլ (eSIM) վրա անհատական հավաստագիրն ստուգելու համար բջջային ստորագրության օպերատորի մշակած ծրագրային գործիքով հավաստիանալու հնարավորությամբ օժտված էլեկտրոնային թվային ստորագրության տեսակ, որի ընդունման հնարավորությունն առցանց տեղեկատվական համակարգերում նշված է ձևում պատկերված և հավաստագրման կենտրոնին պատկանող «Բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն» ապրանքային նշանով.
4) խելացի սարքերի վրա հիմնված էլեկտրոնային թվային ստորագրություն՝ հավատարմագրված հավաստագրման կենտրոնի թողարկած անհատական հավաստագրերը հեռավար սարքավորումների անվտանգության մոդուլում ստուգելու (HSM-ում) հնարավորությամբ օժտված էլեկտրոնային թվային ստորագրություն։ Սարքավորումների անվտանգության մոդուլում պաշտպանվում և կառավարվում են օգտատիրոջ թվային բանալիները, կատարվում են գաղտնագրման և գաղտնազերծման գործառույթներ թվային ստորագրությունների կիրառման համար: Խելացի սարքերի վրա հիմնված էլեկտրոնային թվային ստորագրության ընդունման հնարավորությունն առցանց տեղեկատվական համակարգերում նշված է ձևում պատկերված և հավաստագրման կենտրոնին պատկանող «Խելացի սարքի վրա հիմնված էլեկտրոնային թվային ստորագրություն» ապրանքային նշանով.
5) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատոր՝ հավաստագրման կենտրոնի պաշտոնական կայքում գրանցված և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման համար հավաստագրերի վավերականությունն ստուգելու հետ կապված տվյալների մշակում և հաշվառում իրականացնող իրավաբանական անձինք, որոնց ներդրած ծրագրային լուծումները համապատասխանում են հավաստագրման կենտրոնի կողմից սահմանված անհատի խիստ նույնականացում իրականացնելու համար սույն հավելվածի 4-րդ և 5-րդ գլուխներով սահմանված տեխնիկական պահանջներին.
6) «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ՝ ապահովում է միջազգայնորեն ընդունված «Օփըն ԻԱյԴի Քընեքթ» (OpenID Connect) նույնականացման արձանագրության վրա կառուցված Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի, բջջային հեռախոսի և խելացի սարքերի վրա հիմնված Հայաստանի Հանրապետությունում թվային խիստ նույնականացման տեխնոլոգիական լուծումների հասանելիությունը.
7) պետական մարմինների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից կամ օրենքով նախատեսված այլ ծառայություններ մատուցելու «Ինտերնետ» ցանցի առցանց համակարգերում (էլեկտրոնային հարթակներում, փաստաթղթաշրջանառության ծրագրային միջավայրում և ինտերնետային կայքերում) հաղորդակցվելու, էլեկտրոնային փաստաթղթեր լրացնելու, ներբեռնելու կամ ուղարկելու, նման փաստաթղթերն ստորագրելու ծրագրային հնարավորություն նախատեսող գործընթացներ.
8) անհատի խիստ նույնականացում՝ հավաստագրման կենտրոնի կողմից հանրային բանալիների ենթակառուցվածքի (PKI) ծրագրային և ապարատային գործիքների կիրառմամբ տվյալ անձի համար նախկինում անհատապես թողարկված հավաստագիրը տվյալ անձի ինքնության հետ հստակ նույնականացնելու ավտոմատացված գործընթաց.
9) խելացի սարք՝ սարք, որը կարող է միանալ ցանցին, գործարկել ծրագրային ապահովում և օգտագործվել տվյալների մշակման, փոխանցման կամ հաղորդակցության նպատակով (սմարթֆոն, պլանշետ և այլն)։
3. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Սկսած 2024 թվականի հունվարի 1-ից առցանց հանրային ծառայությունների մատուցման համակարգերում մուտքն իրականացվում է բացառապես «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով:
5. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների տեղեկատվական համակարգերում միաժամանակ պետք է ինտեգրված լինեն նույնականացման քարտի կիրառմամբ էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ և խելացի սարքերի վրա հիմնված էլեկտրոնային թվային ստորագրությամբ էլեկտրոնային ծառայություններ հայցելու և ստանալու տեխնիկական հնարավորություն և հասանելիություն: Ծրագրային ինտեգրման աշխատանքները կատարվում են առցանց տեղեկատվական համակարգը կառավարող պետական մարմնի կամ վերջինիս կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակներում գործող կառավարչի միջոցներով:
6. Պետական մարմինն իր առցանց տեղեկատվական համակարգում նույնականացման քարտի էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ խելացի սարքերի վրա հիմնված էլեկտրոնային թվային ստորագրությամբ ծրագրային ինտեգրում կատարելու համար դիմում է համապատասխան ծառայությունը մատուցող հավաստագրման կենտրոնին, իսկ նույնականացման քարտի կիրառմամբ հավելյալ արժեքով ծառայությունների կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ ծրագրային ինտեգրում կատարելու համար բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորին՝ ծրագրային ինտեգրման տեխնիկական պայմաններն ստանալու համար: Պետական մարմինն իր տեղեկատվական համակարգում «Ես եմ» ազգային նույնականացման հարթակն ինտեգրելու համար համապատասխան դիմումը ներկայացնում է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամ։
7. Ծրագրային ինտեգրման տեխնիկական պայմանների համաձայն ինտեգրման աշխատանքները կատարելուց հետո առցանց համակարգի կառավարիչը դիմում է ներկայացնում հավաստագրման կենտրոնին՝ ինտեգրված համակարգի աշխատունակության թեստային փորձարկումներ իրականացնելու և վերջիններիս հետ ծառայությունների մատուցման և անհատի խիստ նույնականացման համակարգի սպասարկման պայմանագրեր կնքելու համար:
4. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԲՋՋԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8. Էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձը (այսուհետ՝ օգտատեր) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի տեղեկատվական համակարգում խիստ նույնականացման գործընթաց կամ էլեկտրոնային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն պետք է ունենա «Ինտերնետ» ցանցում գործող տվյալ տեղեկատվական համակարգի տեսանելի մասում «Նույնականացման քարտի կիրառմամբ էլեկտրոնային թվային ստորագրություն» կամ «Բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն» կամ «Խելացի սարքերի վրա հիմնված էլեկտրոնային թվային ստորագրություն» ապրանքային նշանների առկայության դեպքում:
9. Բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատոր կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և հավաստագրման կենտրոնի տեխնիկական պահանջները բավարարող ցանկացած իրավաբանական անձ, որի կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումը բավարարում է սույն պահանջներով սահմանված նվազագույն տեխնիկական պահանջները:
10. Բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորների ծրագրասարքավորումային համալիրները պետք է գտնվեն Հայաստանի Հանրապետության տարածքում:
11. Հավաստագրման կենտրոնն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է Հայաստանի Հանրապետությունում բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորների, ինչպես նաև վերջիններիս հետ ամբողջական ծրագրային ինտեգրում իրականացրած բջջային հեռախոսակապի օպերատորների ցանկը, որոնց կողմից սպասարկվող հեռախոսահամարների համար առկա է բջջային էլեկտրոնային թվային ստորագրության ծառայության ակտիվացման հնարավորությունը:
12. Բջջային էլեկտրոնային թվային ստորագրության ծառայություններից օգտվելու համար Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ունեցող ցանկացած անձ նախ պետք է ձեռք բերի նոր սերնդի շարժական բջջային կապի հեռախոսաքարտ (USIM) կամ ներկառուցված թվային մոդուլ (eSIM) կամ հնարավորություն ունենա դիմելու իր բջջային կապի օպերատորին՝ շարժական բջջային կապի հեռախոսաքարտը (SIM) նորով փոխարինելու համար: Հեռախոսաքարտի ստացումը կամ փոխարինումը կամ ներկառուցված թվային մոդուլի (eSIM) ձեռքբերումը պետք է կատարվի այն բջջային կապի օպերատորների գրասենյակներում, որոնց հետ տվյալ բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորն ունի կնքված պայմանագիր, և որոնց մասին տվյալներն առկա են հավաստագրման կենտրոնի պաշտոնական կայքում:
13. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողությունները բջջային էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող վավեր փաստաթուղթ (ժամանակավոր կացության քարտ, մշտական կացության քարտ, հատուկ անձնագիր) կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ունեցող օտարերկրացին (այսուհետ՝ օտարերկրացի օգտատեր) նշված փաստաթղթով և անձնագրով օտարերկրացիների հաշվառման համակարգում նույնականացման վերաբերյալ համապատասխան նշում կատարելու նպատակով անձամբ ներկայանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ օտարերկրացիների հաշվառման համակարգում նույնականացման վերաբերյալ համապատասխան նշում կատարելու համար։ Նշված գործընթացն իրականացվելուց հետո օտարերկրացի օգտատերը կարող է ձեռք բերել նոր սերնդի շարժական բջջային կապի հեռախոսաքարտ (USIM) կամ դիմել իր բջջային կապի օպերատորին՝ շարժական բջջային կապի հեռախոսաքարտը (SIM) նորով փոխարինելու համար: Հեռախոսաքարտի ստացումը կամ փոխարինումը կատարվում է այն բջջային կապի օպերատորների գրասենյակներում, որոնց հետ տվյալ բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորն ունի կնքված պայմանագիր, և որոնց մասին տվյալներն առկա են հավաստագրման կենտրոնի պաշտոնական կայքում:
14. Փոխարինված կամ նոր ձեռք բերված շարժական բջջային կապի հեռախոսաքարտը կամ ներկառուցված թվային մոդուլը (eSIM) պետք է ներառի հանրային բանալիների ենթակառուցվածքի ծրագրային մոդուլ, որը համատեղելի է սույն հավելվածի 18-րդ կետում նշված բիզնես գործընթացներն ապահովելու համար:
15. Բջջային էլեկտրոնային թվային ստորագրության ծառայության հետ համատեղելի շարժական բջջային կապի հեռախոսաքարտը կամ ներկառուցված թվային մոդուլը (eSIM) ստանալուց հետո օգտատերը պետք է հնարավորություն ունենա առցանց ակտիվացնելու իր բջջային էլեկտրոնային թվային ստորագրությունը բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի պաշտոնական կայքում՝ օգտագործելով թվային խիստ նույնականացման որևէ միջոց: Եթե բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի լուծումը նախատեսում է նաև ծառայության ոչ առցանց ակտիվացում, ապա օգտատերը կարող է ակտիվացնել ծառայությունը շարժական բջջային կապի համապատասխան օպերատորի գրասենյակում՝ ներկայացնելով անձնագիրը կամ նույնականացման քարտը, իսկ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունենալու դեպքում՝ անձնագիրը և կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը, հատուկ անձնագիրը) կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը:
16. Բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից օգտագործվող տեխնիկական լուծումը պետք է համապատասխանի ԻԹիԷսԱյ ԹիԷս (ETSI TS) 102 204, ԻԹիԷսԱյ ԹիԱր (ETSI TR) 102 203, ԻԹիԷսԱյ ԹիԱր (ETSI TR) 102 206 ստանդարտներով սահմանված չափանիշներին և իր կողմից տրամադրվող ծառայությունների մատուցման դեպքում ի լրումն բջջային օպերատորի կողմից սահմանված բջջային քարտի պաշտպանության համար սահմանված անձնական նույնականացման համարների վերջնական օգտատիրոջ բջջային քարտում տեղադրված բջջային ստորագրության ծրագրային տիրույթը նույնպես պետք է պաշտպանված լինի անձնական նույնականացման PIN 1 կամ PIN 2 կոդով՝
1) PIN 1 տեսակի կոդ՝ անհատի խիստ նույնականացում իրականացնելու համար.
2) PIN 2 տեսակի կոդ՝ էլեկտրոնային թվային ստորագրության համար:
17. Բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորը պետք է ապահովի PIN 1 կամ PIN 2 տեսակի կոդերն ապաբլոկավորելու համար նախատեսված օգտատերի սպասարկման հստակ գործընթաց՝ անվտանգ հեռավար եղանակով, հետևելով բջջային ԱյԴի Մենյուի (ID Menu) հրահանգներին կամ այցելելով բջջային կապի իրեն սպասարկող օպերատորի գրասենյակ:
18. Նվազագույն տեխնիկական պահանջները բավարարելու նպատակով բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի ներդրած բջջային էլեկտրոնային թվային ստորագրության ծրագրային համակարգը պետք է ապահովի հետևյալ ավտոմատացված գործողությունների տրամաբանական հերթականություն՝ համաձայն սույն կետում ներկայացված բիզնես գործընթացների սխեմայի և նկարագրության.
Բիզնես գործընթացների սխեմա
1) «Ինտերնետ» ցանցում որոշակի կայքով տեղեկատվական համակարգ մուտք գործելու համար օգտատերը (անհատը) պետք է հնարավորություն ունենա մուտքագրելու Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորի կողմից թողարկված բջջային կապի այն հեռախոսահամարը, որի հետ կատարված է բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի ամբողջական տեխնոլոգիական ինտեգրում.
2) սպասարկվող բջջային հեռախոսահամարը օգտատիրոջ կողմից տվյալ տեղեկատվական համակարգում մուտքագրվելուց հետո տեղեկատվական համակարգը պետք է հնարավորություն ունենա բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի հետ հաստատված փակ կամ կոդավորված կապի և ինտեգրված ծրագրային ապահովման միջոցով (API) ուղարկելու համապատասխան ֆորմատով հաղորդագրություն: Տեղեկատվական համակարգը, որն ինտեգրված է բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կենտրոնական համակարգին, անմիջապես ավտոմատ կերպով պետք է իրականացնի ստացված համապատասխան ստորագրվող էլեկտրոնային փաստաթղթի հեշ ֆունկցիայի հաշվարկ՝ հեշ արժեքը որոշելու նպատակով, որն ուղարկվում է բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կենտրոնական համակարգին ինտեգրված ծրագրային ապահովման (API) միջոցով.
3) տվյալ ստորագրության հավաստագրի համար նախապես սահմանված հեշ («HASH») արժեքի համընկնման դեպքում բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կենտրոնական համակարգը ծրագրային հրահանգ՝ քառանիշ կոդ է ձևավորում և այն բջջային հեռախոսակապի օպերատորին, որն սպասարկում է տվյալ բջջային հեռախոսահամարը, և միաժամանակ ծրագրային հրահանգ՝ նույն քառանիշ կոդն է ձևավորում էլեկտրոնային ծառայությունը մատուցող տեղեկատվական համակարգում ծառայությունը հայցող օգտատիրոջ համար՝ կիրառելով լրացուցիչ ծառայությունների կարճ հաղորդագրության (USSD Unstructured Supplementary Service Data կամ Encripted SMS - Encrypted Short Message Service` USIM քարտի կամ ներկառուցված թվային մոդուլի (eSIM) առկայության պարագայում) համակարգերի միջոցով տվյալներ հաղորդելու տեխնոլոգիան.
4) նախապես սահմանված համապատասխանաբար անձնական նույնականացման կոդ PIN 1-ի կամ անհատական նույնականացման կոդ PIN 2-ի ճշտությամբ մուտքագրելու դեպքում շարժական բջջային կապի հեռախոսաքարտի կամ ներկառուցված թվային մոդուլի (eSIM) վրա զետեղված հանրային բանալիների ենթակառուցվածքի ծրագրային մոդուլն իրականացնում է անհատի ստորագրության գաղտնագրված ծրագրային հեշ հաշվարկ և նույն բջջային օպերատորի կարճ հաղորդագրության (USSD - Unstructured Supplementary Service Data կամ Encripted SMS - Encrypted Short Message Service, USIM քարտի կամ ներկառուցված թվային մոդուլի (eSIM) առկայության պարագայում) տեխնոլոգիական հենքով բջջային կարճ հաղորդագրություն է ուղարկում բջջային օպերատորի համակարգին՝ տվյալները բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կենտրոնական համակարգին փոխանցելու համար.
5) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կենտրոնական համակարգը ծրագրային հարցում է կատարում հավաստագրման կենտրոն՝ հավաստագրի հանրային բանալին ստանալու և օգտատիրոջ անհատական հավաստագրի կարգավիճակն ստուգելու նպատակով.
6) հավաստագրման կենտրոնն իրականացնում է ստացված անհատական հավաստագրի ստուգում և տվյալ պահին այն վավեր և գործող լինելու դեպքում ծրագրային պատասխան է ուղարկում բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորին՝ միաժամանակ հաղորդագրությանը կցելով ժամանակի դրոշմ (TSA) և իրական ժամանակում ստորագրության վավերության հավաստում (OCSP).
7) վավեր ստորագրության դեպքում բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորը համապատասխան ծրագրային հրահանգ է ուղարկում էլեկտրոնային ծառայություն մատուցող տեղեկատվական համակարգին՝ օգտատիրոջը խիստ նույնականացումը հաջողությամբ իրականացնելու վերաբերյալ.
8) տեղեկատվական համակարգն անհատի խիստ նույնականացումը հաջողված իրականացնելու դեպքում օգտատիրոջը հնարավորություն է ընձեռում ստանալու մատուցվող էլեկտրոնային ծառայությունը: Հակառակ դեպքում ծառայության մատուցումը տեղեկատվական համակարգի կողմից մերժվում է.
9) տվյալների փոխանցումը պետք է կատարվի «ԹիԷլԷս» (TLS) անվտանգ պրոտոկոլի միջոցով առնվազն «ԹիԷլԷս 1.2» (TLS 1.2) կամ բարձր տարբերակով և «ԱրԷսԷյ» (RSA) ստանդարտի գաղտնագրմամբ և հավաստագրմամբ՝ կիրառելով «RSA» կրիպտոգրաֆիկ բանալիների 2048 բիտ կամ բարձր տարբերակ։
19. Բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ստորագրման ներդրված համակարգը պետք է ապահովի առնվազն հետևյալ ստանդարտների կիրառումը՝
1) ETSI EN 319 132-1 V0.0.4 (2013-11) - XML Advanced Electronic Signatures (XAdES).
2) ETSI EN 319 132-2 V0.0.4 (2013-11) - XAdES Baseline Profile.
3) ETSI EN 319 162-1V0.0.3 (2013-11) - Associated Signature Containers (ASiC).
4) ETSI EN 319 162-2V 0.0.4 (2013-11) - ASiC Baseline Profile.
5) ETSI TS 102 176-1 V2.1.1 (2011-07) - Algorithms and Parameters for Secure Electronic Signatures.
6) Xades BES profile.
7) HASH ալգորիթմեր SHA1 մինչև SHA512.
8) RSA և ECDSA բանալիների ալգորիթմեր:
20. Բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորը տվյալների փոխանակումը բջջային կապի օպերատորի և հավաստագրման կենտրոնի հետ պետք է իրականացնի փակ կամ կոդավորված կապուղիներով՝ ապահովելով էլեկտրոնային տվյալների փոխանցման անվտանգության համար հանրորեն ճանաչված միջազգային չափանիշները՝ կապուղիները պետք է առանձնացված լինեն «Ինտերնետ» ցանցից և պաշտպանված լինեն արտաքին միջավայրի հարձակումներից: Տվյալների փոխանակման համար ձևավորված կապուղիները պետք է ունենան հետևյալ պրոտոկոլները՝ «Layer 2» կամ «Layer 3» պարտադիր օժտված գաղտնագրման ալգորիթմերով առնվազն «3DES», «AES», «RC5», «Blowfish» կամ «IPSec, AES with 256 bit keys»:
21. Բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի ծրագրային լուծումը պետք է համատեղելի լինի վերջնական օգտագործողի համար առնվազն հետևյալ օպերացիոն միջավայրերում կիրառելու տեսանկյունից՝
1) Windows օպերացիոն ծրագրի միջավայրում՝
ա. Windows XP 32bit,
բ. Windows Vista 32bit և 64bit,
գ. Windows 7 SP1 32bit և 64bit,
դ. Windows 8 32bit և 64bit,
ե. Windows 8.1 32bi bit և 64bit,
զ. Windows 10 32bit և 64bit.
2) MacOS X օպերացիոն ծրագրի միջավայրում՝
ա. Mac OS X 10.8, 10.9, 10.10 (Intel).
3) Linux օպերացիոն ծրագրի միջավայրում՝
ա. Ubunutu 12.04LTS, 13.10, 14.04LTS, 14.10:
5. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԽԵԼԱՑԻ ՍԱՐՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
22. Խելացի սարքի հիման վրա էլեկտրոնային թվային ստորագրության ծառայություններից օգտվելու համար օգտատերը հավաստագրման կենտրոնի պաշտոնական կայքից կամ ԱյՕԷս (iOS) կամ Անդրոիդ (Android) հարթակներից ներբեռնում է հավաստագրման կենտրոնի պաշտոնական հավելվածը:
23. Հավաստագրման կենտրոնի պաշտոնական հավելվածը ներբեռնելուց հետո օգտատիրոջը պետք է այցելի հավաստագրման կենտրոնի պաշտոնական կայքում հրապարակված հասցեներում գտնվող որևէ կետ՝ անձը հաստատող փաստաթղթի հետ նույնականացում անցնելու համար։ Սույն կետում նշված նույնականացման պատշաճ իրականացման պատասխանատվությունը կրում է հավաստագրման կենտրոնը։
24. Խելացի սարքի հիման վրա էլեկտրոնային թվային ստորագրության ծրագրային տիրույթը պետք է պաշտպանված լինի առնվազն հետևյալ տեսակի անձնական նույնականացման կոդերով (PIN 1 և PIN 2) և էլեկտրոնային ծառայություն ստացող անձի նոր գրանցմամբ՝
1) PIN 1 տեսակի կոդ՝ անհատի խիստ նույնականացում իրականացնելու համար.
2) PIN 2 տեսակի կոդ՝ էլեկտրոնային թվային ստորագրության համար.
3) էլեկտրոնային ծառայություն ստացող անձի նոր գրանցում համապատասխանաբար PIN 1 կամ PIN 2 տեսակի կոդերն ապաբլոկավորելու համար:
25. Խելացի սարքի հիման վրա էլեկտրոնային թվային ստորագրության՝
1) կիրառվող տեխնոլոգիական լուծումը պետք է նախագծված լինի այնպես, որ անձը, ում պատկանում է էլեկտրոնային նույնականացման միջոցը, կարող է հուսալիորեն պաշտպանել այն երրորդ անձանց կողմից օգտագործումից.
2) կիրառվող տեխնոլոգիական լուծումը պետք է մշակված լինի այնպես, որ էլեկտրոնային նույնականացման միջոցը ենթադրաբար պետք է օգտագործվի բացառապես այն անձի վերահսկողության կամ տիրապետության ներքո, ում պատկանում է.
3) կիրառվող տեխնոլոգիական լուծումը էլեկտրոնային նույնականացման միջոցը պետք է պաշտպանի կրկնօրինակումից և կեղծումից, ինչպես նաև բարձր ներուժ ունեցող հարձակումներից.
4) մասնավոր բանալին (private key) կամ բանալու մասը պետք է լինի օգտատիրոջ տիրապետման և հսկողության ներքո:
26. Նվազագույն տեխնիկական պահանջները բավարարելու նպատակով հավաստագրման կենտրոնի ներդրած խելացի սարքի հիման վրա էլեկտրոնային թվային ստորագրության ծրագրային համակարգը պետք է ապահովի ստորև ներկայացված ավտոմատացված գործողությունների տրամաբանական հերթականություն՝
: |
27. Հավաստագրման կենտրոնի կողմից ներդրված խելացի սարքի հիման վրա գործող էլեկտրոնային թվային ստորագրության ծրագրասարքավորումային համալիրները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։
28. Խելացի սարքերի հիման վրա փաստաթղթերի ստորագրման ներդրված համակարգը պետք է ապահովի առնվազն հետևյալ ստանդարտների կիրառումը՝
1) ETSI TS 119 431-1.
2) ETSI TS 119 431-2 V1.1.1 (2018-12).
3) ETSI TS 119 432.
4) ETSI TS 119 312.
5) ETSI TS 419 241-1.
6) ETSI TS 419 241-2:
29. Սույն հավելվածի 28-րդ կետում նշված ստանդարտներին համապատասխանությունը գնահատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ հավաստագրման կենտրոնի՝ օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով հավատարմագրման փուլում։
30. Սույն հավելվածի 28-րդ կետում նշված ստանդարտներին համապատասխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է լիազոր մարմինը՝ օրենքով սահմանված կարգով։ Հավաստագրման կենտրոնը երկու տարին մեկ անգամ իրականացնում է սույն որոշմամբ նշված ստանդարտներին և փաստաթղթերին համապատասխանության անկախ գնահատում և գնահատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում արդյունքները ներկայացնում է լիազոր մարմին։
31. Լիազոր մարմինն իրավունք ունի իր միջոցների հաշվին իրականացնել սույն հավելվածի 28-րդ կետում նշված ստանդարտներին համապատասխանության գնահատում, եթե ունի հիմնավորված կասկածներ համապատասխանության վերաբերյալ։ Այդ դեպքում լիազոր մարմինը հիմնավորում է իր դիրքորոշումը գրավոր։
32. Սույն հավելվածի 29-րդ, 30-րդ և 31-րդ կետերում նշված գործընթացներին լիազոր մարմինը կարող է ներգրավել համապատասխան մասնագիտական կարողություններ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց։
Ձև
«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ»
ապրանքային նշանի պատկեր
«ԲՋՋԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ»
ապրանքային նշանի պատկեր
«ԽԵԼԱՑԻ ՍԱՐՔԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ»
ապրանքային նշանի պատկեր
(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 11.01.18 N 25-Ն, 09.02.23 N 165-Ն, լրաց. 23.04.25 N 459-Ն, խմբ. 24.07.25 N 1026-Ն)
