ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական վերահսկողական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-279-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության (այսուհետ նաև` Ծառայություն) կողմից պետական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Ծառայության լիազորությունները, կառուցվածքը, կառավարման և ղեկավարման հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) պետական վերահսկողություն՝ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովմանն ուղղված սույն օրենքով սահմանված գործունեություն.
2) վերահսկողություն՝ Ծառայության կողմից ուսումնասիրությունների (այդ թվում՝ հանդիպակաց), մշտադիտարկումների իրականացում.
3) արդյունավետություն՝ նախատեսված արդյունքին կամ նպատակին հասնելու համար օգտագործված նյութական և ոչ նյութական միջոցների համարժեքությունը ձեռք բերված արդյունքին.
4) օրինականություն՝ վերահսկվող օբյեկտի գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, ինչպես նաև կնքված գործարքներով սահմանված պահանջներին.
5) պետական միջոցներ՝ վերահսկվող օբյեկտի կողմից կառավարվող, ձևավորվող կամ ձևավորման ենթակա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր մուտքերը և ելքերը, նյութական ու ոչ նյութական ակտիվները.
6) պետական միջոցների կառավարում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի և ելքերի, նյութական ու ոչ նյութական ակտիվների տնօրինում, տիրապետում կամ օգտագործում.
7) պետական միջոցների ձևավորում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի և ելքերի, նյութական ու ոչ նյութական ակտիվների հավաքում, հասցեագրում.
8) վերահսկվող օբյեկտ՝ սույն օրենքով սահմանված մարմիններ, հիմնարկներ և իրավաբանական անձինք, որոնց նկատմամբ Ծառայության կողմից, սույն օրենքով սահմանված լիազորություններին համապատասխան, իրականացվում է վերահսկողություն.
9) ուսումնասիրություն՝ վարչապետի հանձնարարությամբ կամ վարչապետի հետ համաձայնեցված՝ Ծառայության ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա Ծառայությունում կամ վերահսկվող օբյեկտում սույն օրենքով Ծառայությանը վերապահված իրավասությունների իրականացման ամբողջություն.
10) հանդիպակաց ուսումնասիրություն՝ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով իրականացվող վերահսկողություն.
11) մշտադիտարկում՝ Ծառայությանը հասանելի կամ Ծառայությունում` սույն օրենքով սահմանված կարգով ստացված տեղեկությունների հիման վրա ուսումնասիրություն (այդ թվում՝ հանդիպակաց) սկսելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունն ստուգելու նպատակով Ծառայության ղեկավարի հրամանով սահմանված առանձին հարցերի պարզաբանման համար Ծառայությունում սույն օրենքով Ծառայությանը վերապահված իրավասությունների իրականացման ամբողջություն.
12) պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողություն՝ պետական բյուջեով նախատեսված բյուջետային ծրագրերի կարգադրիչ, բյուջետային եկամուտների հավաքագրման պատասխանատու հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ մարմիններ)՝ օրենքներով և այլ իրավական ակտերով բյուջեի կատարման ոլորտում վերապահված լիազորությունների պատշաճ կատարման ճշտությունը պարզելուն ուղղված գործառույթ, որի նպատակն է՝
ա. պարզել մարմինների` բյուջեի եկամուտների (մուտքերի) ձևավորմանը և ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, մարմիններում հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվություններ կազմելու ու ներկայացնելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանությունը,
բ. ուսումնասիրել բյուջեի կատարումը, հայտնաբերել այն թերությունները, որոնք ծագել են բյուջեի կատարման ընթացքում։
Հոդված 3. | Պետական վերահսկողական ծառայությունը |
1. Ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով սահմանված վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է վարչապետի վերահսկողական լիազորությունները սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման միջոցով:
2. Ծառայության կողմից վարչապետի վերահսկողական լիազորություններն իրացվում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-12-րդ կետերով Ծառայությանը վերապահված լիազորությունների իրականացմամբ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 4. | Պետական վերահսկողական ծառայության գործունեության խնդիրը |
1. Ծառայության գործունեության խնդիրը պետական միջոցների և պետական սեփականության օրինական ու արդյունավետ կառավարման, ինչպես նաև պետական կառավարման ոլորտում օրինականության պահպանման նպատակով վարչապետին սույն օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անկողմնակալ և ամբողջական տեղեկատվություն կամ մասնագիտական դիրքորոշում ներկայացնելն է:
Հոդված 5. | Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները |
1. Սույն օրենքով սահմանված նպատակով Ծառայությունը սույն օրենքով սահմանված կարգով՝
1) պետական կառավարման համակարգի մարմիններում, տարածքային կառավարման մարմիններում (մարզպետ, մարզպետի աշխատակազմ) և պետական հիմնարկներում իրականացնում է վերահսկողություն՝
ա. Կառավարության որոշումների, վարչապետի որոշումների կամ հանձնարարականների, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի, այդ թվում` հակակոռուպցիոն ծրագրերի կամ միջոցառումների կատարման նկատմամբ,
բ. դրանց գործունեության, այդ թվում՝ պետական միջոցների կառավարման կամ ձևավորման օրինականության կամ արդյունավետության նկատմամբ․
2) վարչապետի աշխատակազմում իրականացնում է վերահսկողություն պետական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ․
3) տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողություն տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության կամ դրանց տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով.
4) հարյուր տոկոս պետական սեփականություն հանդիսացող իրավաբանական անձանց մոտ իրականացնում է վերահսկողություն դրանց գործունեության օրինականության նկատմամբ.
5) իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ իրավաբանական անձանց մոտ Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորությունների կատարման նկատմամբ.
6) Հայաստանի Հանրապետության կամ պետական ոչ առևտրային կազմակերպության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքների կողմ հանդիսացող անձանց մոտ, իսկ գործարքի կողմ հանդիսացող անձի իրավունքները և պարտականություններն այլ անձի վերապահված լինելու դեպքում՝ վերջինիս մոտ, իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության կամ պետական ոչ առևտրային կազմակերպության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքներից բխող և դրանց պայմանների կատարման նկատմամբ, բացառությամբ պայմանագրից բխող ցուցումներ տալու, որն իրականացվում է պայմանագրով Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող լիազոր մարմնի միջոցով: Ընդ որում, օտարերկրյա իրավաբանական անձանց և, օտարերկրյա իրավունքին համապատասխան, իրավաբանական անձ չհամարվող կազմակերպությունների մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքների դեպքում վերահսկողությունն իրականացվում է համապատասխան կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված (հաշվառված) մասնաճյուղի կամ ներկայացուցչության մոտ՝ դրանց առկայության դեպքում․
7) պետությունից, համայնքից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, պետության, համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց կամ այլ անձանց (այդ թվում՝ մարմինների) մոտ իրականացնում է վերահսկողություն դրանց շրջանակներում կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ.
8) տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական կամ համայնքային հիմնարկներում իրականացնում է վերահսկողություն գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.
9) պետական կառավարման համակարգի մարմինների, ինչպես նաև դրանց ենթակա կազմակերպությունների կողմից տրամադրված հատկացումների, վարկային միջոցների, փոխառությունների և նվիրաբերությունների նպատակային օգտագործման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.
10) վերահսկվող օբյեկտների կողմից, այդ թվում՝ պետական միջոցների կառավարման կամ ձևավորման, հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի կամ հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով իրավասու է առաջարկելու կասեցնել գործողությունները, գործարքների կատարումը, ինչպես նաև դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները.
11) իրականացնում է հանդիպակաց ուսումնասիրություններ՝ սույն օրենքով սահմանված դեպքերում.
12) ներկայացնում է վերահսկողության արդյունքներից բխող պահանջվող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ և իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
13) ստացված դիմումները, բողոքները կամ առաջարկություններն ըստ անհրաժեշտության հասցեագրում է իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին.
14) համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ.
15) կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ սույն օրենքով սահմանված դեպքերում.
16) իրականացնում է վարչապետին այլ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորություններ:
2. Սույն օրենքով նախատեսված պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում սույն օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումների միջոցով՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:
Հոդված 6. | Պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացման կարգը |
1. Ծառայության կողմից ուսումնասիրություններն իրականացվում են վարչապետի գրավոր հանձնարարությամբ կամ համաձայնությամբ՝ Ծառայության ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա:
2. Ուսումնասիրության իրականացման հանձնարարագրով, ի թիվս իրավական ակտի համար օրենքով սահմանված վավերապայմանների, սահմանվում են նաև՝
1) ամսաթիվը, ամիսը, տարին և համարը,
2) վերահսկվող օբյեկտի լրիվ անվանումը, գտնվելու վայրը,
3) ուսումնասիրության ենթակա ոլորտը կամ դրա համապատասխան մասը,
4) ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը,
5) ուսումնասիրություն կատարելու ժամկետը՝ օրերով, և վայրը,
6) ուսումնասիրություն կատարող պաշտոնատար անձի (անձանց), այդ թվում՝ խմբի ղեկավարի տվյալները (պաշտոնի անվանումը, անունը և ազգանունը), սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նաև ուսումնասիրությանը մասնակցող այլ անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը (կարգավիճակը)):
3. Ուսումնասիրություն իրականացնելու հանձնարարագրում փոփոխություններ, լրացումներ կատարելիս սույն հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ կետերի փոփոխությունները կատարվում են վարչապետի գրավոր համաձայնությամբ։
4. Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են համապատասխան տեղեկանքով: Տեղեկանքի նախագիծը տրամադրվում է վերահսկվող օբյեկտին Ծառայության սահմանած ժամկետում դրա վերաբերյալ Ծառայությանը կարծիք ներկայացնելու նպատակով: Վերահսկվող օբյեկտի սահմանած ժամկետում կարծիք չտրամադրելը դիտարկվում է որպես դրա բացակայություն: Կարծիքի տրամադրմամբ ըստ անհրաժեշտության տեղեկանքի նախագիծը կարող է լրամշակվել: Ուսումնասիրության արդյունքով կազմված տեղեկանքը, կարծիքի առկայության պարագայում՝ դրա հիման վրա կազմված ամփոփաթերթը, անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ հիմնավորող փաստաթղթեր զեկուցվում կամ ներկայացվում են վարչապետին և կարող են հիմք հանդիսանալ վարչապետի կողմից համապատասխան հանձնարարականներ տալու համար:
5. Ծառայության կողմից մշտադիտարկումներն իրականացվում են Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա:
6. Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվում են տեղեկանքով և կարող են ներկայացվել վարչապետին՝ համապատասխան հանձնարարականներ տալու համար, որը կարող է հիմք հանդիսանալ վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ ուսումնասիրություն իրականացնելու համար:
7. Ուսումնասիրության և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանվում են վարչապետի որոշմամբ:
8. Վերահսկվող օբյեկտների տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիության ստացումն ապահովվում է վարչապետի սահմանած կարգով:
9. Ուսումնասիրության իրականացման օբյեկտիվ անհնարինության կամ դրա իրականացման նպատակահարմարության բացակայության դեպքում վարչապետի գրավոր համաձայնությամբ ուսումնասիրությունը կարող է դադարեցվել, որի դեպքում կազմվում է տեղեկանք՝ անկախ խախտումներ կամ անհամապատասխանություններ հայտնաբերված լինելու հանգամանքից:
Հոդված 7. | Պետական վերահսկողական ծառայության իրավասությունները |
1. Ծառայությունն ուսումնասիրություններ, այդ թվում՝ հանդիպակաց ուսումնասիրություններ իրականացնելիս սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում`
1) վարչապետի սահմանած կարգով ստանում է անհատույց և ազատ հասանելիություն վերահսկվող օբյեկտում կամ դրա պաշտոնատար անձի մոտ գտնվող և իրականացվող ուսումնասիրությանն առնչվող բոլոր թղթային կամ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններին ու համակարգերին, տեղեկություններին և փաստաթղթերին.
2) իրավասու է պահանջելու նյութեր, առարկաներ, փաստաթղթեր ու տեղեկատվություն, ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում՝ առանց վերահսկվող օբյեկտի բնականոն գործունեությունը խաթարելու.
3) ունի մուտքի հնարավորություն վերահսկվող օբյեկտի տարածքներ՝ առանց վերջիններիս ներքին իրավական ակտերով սահմանված սահմանափակումների.
4) իրավասու է վերահսկվող օբյեկտներից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու Ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, տեղեկանքներ, պարզաբանումներ, այդ թվում՝ պետական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ, բացառությամբ այլ օրենքներով սահմանված առանձնահատկությունների.
5) իրավասու է վերահսկողությանը մասնակից դարձնելու վերահսկվող օբյեկտի վերահսկողության ենթակա ոլորտի կամ համապատասխան բնագավառի հանրային ծառայողների (վերահսկվող օբյեկտի ղեկավարի համաձայնությամբ և միայն տեխնիկական աջակցության նպատակով), ներքին աուդիտորների (տվյալ վերահսկվող օբյեկտի ղեկավարի համաձայնությամբ), մասնագետների, փորձագետների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև կազմավորելու ժամանակավոր աշխատանքային խմբեր.
6) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ հավաքում է տեղեկատվություն էլեկտրոնային կամ թղթային կրիչներով, կատարվող հարցումների կամ օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով, ինչպես նաև առկա տեղեկատվական էլեկտրոնային բազաներին վարչապետի սահմանած կարգով առցանց հասանելիության միջոցով ստանում և դասակարգում է հավաքված տեղեկությունները.
7) առցանց ստացվող, հարցումների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով հավաքվող տեղեկատվությունը համակարգված ամփոփում և համադրում է վերլուծության առարկայի կամ վերլուծության ենթակա երևույթի փաստացի վիճակի հետ առկա իրողությունները պարզելու և դրանց համապատասխան գնահատական տալու նպատակով.
8) կատարում է այցելություններ երևույթների, իրադարձությունների, իրողությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման և գնահատման նպատակով, բացառությամբ հանդիպակաց ուսումնասիրությունների իրականացման դեպքերի.
9) կատարում է տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, առարկաների, փաստաթղթերի, սարքավորումների (այդ թվում՝ էլեկտրոնային) հետազոտում, տեղատեսություն, որի ընթացքում կարող են իրականացվել լուսանկարահանում, տեսաձայնագրառում, ձայնագրառում, փաստաթղթերի պատճենահանում, բացառությամբ հանդիպակաց ուսումնասիրությունների իրականացման դեպքերի.
10) կարող է իրականացնել ապրանքների, աշխատանքների, ծառայությունների փաստացի ձեռքբերման գների հետ համադրմանն ուղղված նույն կամ նույնանման ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, ինչպես նաև ապրանքների` օրենսդրությամբ սահմանված վաճառքի չափորոշիչների պարզելուն ուղղված ձեռքբերումներ կամ հարցումներ.
11) հատուկ փորձագիտական գնահատական պահանջող հարցերի պարզաբանման անհրաժեշտությունից ելնելով՝ նախաձեռնում է փորձաքննության իրականացում` անհրաժեշտության դեպքում այդ նպատակով առարկաներ, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելու միջոցով.
12) կատարված և ավարտված գործողությունների կամ դրանց փուլերի երկրորդման եղանակով ստացված արդյունքները համադրում է հաշվառմամբ արտացոլված արդյունքների հետ։
2. Մշտադիտարկման շրջանակներում Ծառայությունն իրավասու է՝
1) վերահսկվող օբյեկտներից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու իրականացվող մշտադիտարկմանն առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, տեղեկանքներ, պարզաբանումներ, այդ թվում՝ պետական կամ օրենքով պահպանվող գաղտնիք համարվող, բացառությամբ այլ օրենքներով սահմանված առանձնահատկությունների.
2) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ հավաքելու տեղեկատվություն էլեկտրոնային կամ թղթային կրիչներով, կատարվող հարցումների կամ օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով, ինչպես նաև առկա տեղեկատվական էլեկտրոնային բազաներին վարչապետի սահմանած կարգով առցանց հասանելիության միջոցով ստանալու և դասակարգելու հավաքված տեղեկությունները.
3) առցանց ստացվող, հարցումների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով հավաքվող տեղեկատվությունը համակարգված ամփոփելու և համադրելու վերլուծության առարկայի կամ վերլուծության ենթակա երևույթի փաստացի վիճակի հետ առկա իրողությունները պարզելու և դրանց համապատասխան գնահատական տալու նպատակով.
4) կատարելու այցելություններ երևույթների, իրադարձությունների, իրողությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման և գնահատման նպատակով:
3. Պետական կառավարման համակարգի մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող ոլորտներում վերահսկողական գործառույթներ իրականացնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում Ծառայությունն այդ մասին հայտնում է վարչապետին, որը կարող է հիմք հանդիսանալ համապատասխանաբար հանձնարարության կամ առաջարկության իրավասու մարմին` իրականացնելու տվյալ մարմնին օրենքով վերապահված և իր լիազորություններից բխող վերահսկողություն` արդյունքների վերաբերյալ տեղեկացնելով Ծառայությանը։
4. Վերահսկողության արդյունքների ամփոփման, ինչպես նաև գործունեության արդյունավետության բարձրացման, առկա բացթողումների և թերությունների վերացման վերաբերյալ վերահսկվող օբյեկտներին ներկայացվում են առաջարկություններ: Անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններ կարող են ներկայացվել նաև վարչապետին:
5. Ծառայությունը վերահսկողության արդյունքով կազմած տեղեկանքը տրամադրում է վարչապետին, օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ իրավասու մարմիններին, ինչպես նաև վարչապետի համաձայնությամբ՝ այլ անձանց:
6. Ծառայության կողմից պահանջվող տեղեկատվությունը ներկայացվում է առավելագույնը յոթ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ առանձին դեպքերում կարող է տրամադրվել ավելի ուշ ժամկետներում՝ Ծառայությանը դրա մասին նախապես տեղեկացնելով։
7. Ծառայության լիազորությունների իրականացումը խոչընդոտելն առաջացնում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն:
Հոդված 8. | Հանդիպակաց ուսումնասիրությունը |
1. Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրություններն իրականացվում են Ծառայության ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա՝ վարչապետի հանձնարարությամբ, կամ համաձայնեցնելով վարչապետի հետ: Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություններն իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն, ու առանց հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել վերահսկվող օբյեկտի կողմից ուսումնասիրվող գործարքի կատարումը կամ վերահսկվող օբյեկտի գործունեության օրինականությունը կամ արդյունավետությունը:
2. Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրությունները տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվում են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ վարչապետի հանձնարարությամբ, կամ համաձայնեցնելով վարչապետի հետ: Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություն տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ պետական կառավարման համակարգի մարմիններում և տարածքային կառավարման մարմիններում իրականացվող ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն, ու առանց տեղական ինքնակառավարման մարմնում հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող պետական կառավարման համակարգի մարմինների և տարածքային կառավարման մարմինների գործունեության օրինականությունը կամ արդյունավետությունը:
3. Հանդիպակաց ուսումնասիրությունը գործարքի մյուս կողմի մոտ սահմանափակվում է գործարքն ուսումնասիրելու պահի դրությամբ դրանով սահմանված պարտավորությունների փաստացի կատարման պայմանների նկատմամբ, փաստաթղթերի և այլ կրիչների ուսումնասիրմամբ և այդ նպատակով անձանցից նյութեր, առարկաներ, տեղեկատվություն ու պարզաբանումներ, ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում պահանջելով և ստանալով՝ առանց այդ անձանց բնականոն գործունեությունը խաթարելու։
Գ Լ ՈՒ Խ 3
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 9. | Ծառայության կառուցվածքը |
1. Ծառայության կառուցվածքին վերաբերող հարցերը կարգավորվում են օրենքով և Ծառայության կանոնադրությամբ:
2. Ծառայությունն ունի հիմնական մասնագիտական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, գլխավոր քարտուղար:
Հոդված 10. | Ծառայության կառավարումը և ղեկավարումը |
1. Ծառայության կառավարումն իրականացնում է վարչապետը։
2. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը: Ծառայության ղեկավարն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին:
3. Ծառայության ղեկավարը`
1) ապահովում է Ծառայության բնականոն գործունեությունը.
2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին.
3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Ծառայության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ, ներկայացնում է առաջարկություններ Ծառայության աշխատակիցներին պետական պարգևներով պարգևատրելու նպատակով.
4) խրախուսում է սույն օրենքով նախատեսված մարմինների կամ պետական հիմնարկների աշխատակիցներին, ինչպես նաև Ծառայության գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագրով, հուշանվերով, պատվոգրով կամ կրծքանշանով.
5) կասեցնում կամ դադարեցնում է իրեն անմիջական հաշվետու անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող ակտերի գործողությունները.
6) վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատակիցների թիվը, կանոնադրությունը, կառուցվածքը, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները.
7) ձևավորում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.
8) ընդունում է անհատական և ներքին իրավական ակտեր, հանձնարարագրեր, տալիս հանձնարարականներ, ցուցումներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը, ապահովում է Ծառայության աշխատակիցների գործողությունների (անգործության) դեմ բերված բողոքների հետագա ընթացքը.
9) պետական միջոցների կառավարման և ձևավորման ընթացքում ի հայտ եկած առերևույթ հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով ներկայացնում է գործողությունները, գործարքի կատարումը կամ դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները կասեցնելու վերաբերյալ առաջարկություններ.
10) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ Ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով.
11) ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում.
12) այլ մարմիններից, կազմակերպություններից, դրանց ղեկավար պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ, այդ թվում՝ պետական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ օրենքով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ․
13) սահմանում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
14) կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ.
15) իրականացնում է վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին օրենքով վերապահված այլ լիազորություններ:
4. Ծառայության ղեկավարի բացակայության դեպքում իր առաջարկությամբ և վարչապետի գրավոր համաձայնությամբ Ծառայության ղեկավարի պարտականությունները կատարում է Ծառայության ղեկավարի տեղակալներից մեկը, իսկ առաջարկության կամ համաձայնության բացակայության դեպքում՝ վարչապետի որոշմամբ՝ Ծառայության ղեկավարի տեղակալներից մեկը:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքով սահմանված` պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում վարչապետի՝ 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ սույն օրենքից բխող փոփոխությունների վերաբերյալ դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
3. Մինչև սույն օրենքով նախատեսված իրավական ակտերի ընդունումը գործում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նույն հարցի վերաբերյալ ընդունված իրավական ակտերն այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին, իսկ այդպիսի իրավական ակտերի բացակայության դեպքում պետական վերահսկողական ծառայությունը լիազորություններն իրականացնում է միայն օրենքով սահմանված կարգավորումների շրջանակում:
4. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված հանձնարարագրերը շարունակում են գործել:
5. Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-187-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2025 թվական:
