ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2025 թվականի N 763-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ «12016. ՀՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 100 ՍՈՎՈՐՈՂ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12016. ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին լրավճարի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 763-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ «12016. ՀՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 100 ՍՈՎՈՐՈՂ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12016. ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին լրավճարի սահմանում» միջոցառման շրջանակներում գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող պետական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ մինչև 100 սովորող ունեցող հաստատություն) դասավանդող ուսուցիչներին (այսուհետ՝ ուսուցիչ) լրավճարի տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգով շահառուներ են համարվում Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող հաստատությունների ուսուցիչները, որոնց աշակերտների թիվը տվյալ ուսումնական տարվա սկզբում (սեպտեմբեր ամսվա երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտի դրությամբ) չի գերազանցում 99-ը (անկախ ուսումնական տարվա ընթացքում հաստատությունում սովորողների թվի փոփոխման հանգամանքից)։
3. Սույն կարգով սահմանված ամսական լրավճարը տրվում է մինչև 100 սովորող ունեցող հաստատության 1,0 դրույքից պակաս ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցիչներին առավելագույնը 0,5 դրույքի չափով՝ մինչև 1,0 դրույքի համար սահմանված դրույքաչափի լրանալը։
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված դրույքաչափը հավասարեցվում է տվյալ հաստատությունում սահմանված ուսուցչական դրույքաչափին, իսկ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դեպքում՝ 200.000 (երկու հարյուր հազար) դրամին։
5․ Հաստատությունում նախնական զինվորական պատրաստության կամ անվտանգ կենսագործունեության ուսուցչին (զինղեկ) դասավանդման դեպքում լրավճարը տրամադրվում է դասավանդվող դասաժամերի համար՝ դպրոցում հաշվարկվող դրույքաչափի նկատմամբ, իսկ կամավոր ատեստավորումն անցած լինելու դեպքում՝ բարձրացված դրույքաչափի նկատմամբ:
6․ Միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար սույն կարգով նախատեսված լրավճար չի տրամադրվում, իսկ այլ դպրոցում աշխատելու դեպքում նրանց լրավճարը տրամադրվում է սույն հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան։
7. Սույն կարգի 4-րդ կետում նշված դրույքաչափը չի ներառում տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին տրվող լրավճարը, դասղեկության համար նախատեսվող լրավճարը, մեթոդական միավորման ղեկավարին տրվող լրավճարը, բարձրլեռնային բնակավայրում տեղակայված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարը, ինչպես նաև ուսուցիչներին տրվող այլ լրավճարներն ու հավելավճարները։
8. Համատեղությամբ (նաև՝ հեռավար ուսուցման դեպքում) գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող այլ հաստատությունում աշխատող ուսուցիչներին լրավճար տրամադրվում է սույն հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան։
9․ Հաստատության լիազոր մարմնի տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանումը յուրաքանչյուր տարվա հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտի դրությամբ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից (այսուհետ՝ ԿԿՏՀ) ներբեռնում է միջոցառման շահառու հանդիսացող անձանց մասին տեղեկությունը, ուսումնասիրում է այդ տեղեկությունում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և՝
1) առարկություններ չունենալու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր քարտուղարին է ներկայացնում նշված տեղեկության վերաբերյալ իր դիրքորոշումը և վերջնական ամփոփ ցուցակները, որոնք սահմանված կարգով ներկայացվում են ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը.
2) առարկություններ ունենալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատությանը տեղեկացնում է ԿԿՏՀ մուտքագրված տվյալների անճշտության մասին, որը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկել դրանք։ Նշված ժամկետում տվյալների չշտկման դեպքում համապատասխան գրությամբ հաստատությանը տեղյակ է պահվում չշտկված տեղեկության մասով ֆինանսավորում չտրամադրվելու մասին, իսկ տվյալների շտկման դեպքում գլխավոր քարտուղարին է ներկայացնում նշված տեղեկության վերաբերյալ իր դիրքորոշումը և վերջնական ամփոփ ցուցակները, որոնք սահմանված կարգով ներկայացվում են ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը:
10․ Հաստատության լիազոր մարմնի ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանումը ուսումնասիրում է սույն կարգի 9-րդ կետում նշված և ստորաբաժանմանը մակագրված տեղեկությունում առկա ֆինանսական ցուցանիշները և՝
1) առարկություն չունենալու դեպքում նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում հաստատությունների հետ կնքվող պայմանագրերի նախագծերը.
2) առարկություններ ունենալու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է դրանք լրամշակման։
11․ Հաստատությունները սույն կարգով սահմանված լրավճարները ուսուցիչներին են փոխանցում ամենամսյա պարբերականությամբ, ինչպես նաև հաստատության լիազոր մարմնին եռամսյա պարբերականությամբ ներկայացնում են հաշվետվություններ ոչ ֆինանսական և ֆինանսական ցուցանիշների կատարման վերաբերյալ։
12. Հունվար կամ սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտից հետո սույն կարգի 2-րդ կետում նշված շահառուների կազմում նոր շահառու ավելանալու դեպքում վերջինիս տրամադրվող լրավճարը տրվում է սույն կարգի 2-րդ կետում նշված շահառու հանդիսանալու օրվանից սկսած:
13. Սույն կարգի 2-րդ կետում նշված շահառուների կազմից շահառուի դուրս գալու դեպքում վերջինս զրկվում է սույն կարգով լրավճար ստանալու իրավունքից սույն կարգի 2-րդ կետում նշված շահառու չհանդիսանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
12.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2025 թվական:
