ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի մայիսի 19-ին
«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) տասնմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«արհեստագործական ուսումնարան` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է արհեստագործական կրթական ծրագիր.».
2) տասներկուերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«քոլեջ` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագիր.»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մատչելիությունը, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմաններ տրամադրելու և ներառման միջոցով.».
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) մասնագիտական կրթություն և ուսուցում ստանալու հավասար հնարավորություններ՝ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման և ներառման միջոցով։»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.
«Հոդված 18.1. |
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատության տնօրենը և նրա իրավասությունը |
1. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրեն, բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատության համապատասխան ստորաբաժանումների պետերի, կարող է ընտրվել կամ նշանակվել այն անձը, որն ունի արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) (այսուհետ՝ Հավաստագիր)։
2. Արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենն ընտրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով:
3. Արհեստագործական և միջին մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենը, ինչպես նաև ուսումնական հաստատության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը նշանակվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով։
4. Արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել, իսկ արհեստագործական և միջին մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատության տնօրեն, ինչպես նաև ուսումնական հաստատության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավար կարող է նշանակվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և Հավաստագիր ստացած անձը:
5. Հավաստագիր ստանալու համար կարող է դիմել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, սույն օրենքով սահմանված կարգով ստացած վերապատրաստման վկայական և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ։
6. Հավաստագիր ստանալու համար դիմած անձի վերապատրաստում կարող են իրականացնել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված (երաշխավորված) կազմակերպությունները։
7. Հավաստագրումն անցկացվում է հետևյալ փուլերով.
1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.
2) քննություն` թեստավորման և հարցազրույցի միջոցով.
3) Հավաստագրի շնորհում` հինգ տարի ժամկետով:
8. Հավաստագրման քննությունների կազմակերպման և հավաստագրման ընթացակարգերը, ինչպես նաև հավաստագրման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
9. Հավաստագրումը կազմակերպվում է առնվազն տարին մեկ անգամ:
10. Հավաստագրման գործընթացի մասին հայտարարությունը հրապարակվում է քննություններն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
11. Հավաստագրման քննությունների հարցաշարի բովանդակությունը կազմվում է կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները և գործնական կարողությունները ստուգելու նպատակով:
12. Հավաստագրման քննությունը հավաստագրման ընթացակարգով հանձնած անձին շնորհվում է Հավաստագիր:
13. Հավաստագիր ստացած անձանց ցուցակը հրապարակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ հավաստագրման ընթացակարգով սահմանված ժամկետում:
14. Հավաստագրման քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմին` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
15. Հավաստագիր ստացած անձը կարող է Հավաստագիրը ստանալու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, մասնակցել արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, իսկ ոչ պետական ուսումնական հաստատության, ինչպես նաև ուսումնական հաստատության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման դեպքում՝ կանոնադրությամբ սահմանված կարգով նշանակվել ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:
16. Արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնում է`
1) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ցանկին համապատասխան փաստաթղթերը.
2) Հավաստագիրը.
3) ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագիրը:
17. Արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թեկնածուի ղեկավարման գործնական հմտությունները ստուգելու նպատակով խորհուրդն անցկացնում է հարցազրույց` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հարցաշարի հիման վրա:
18. Մրցույթում հաղթած և օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնի ղեկավարի հետ աշխատանքային պայմանագիր կնքած արհեստագործական կամ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը` անկախ Հավաստագրի հնգամյա ժամկետի լրանալուց, իսկ ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենը, ինչպես նաև ուսումնական հաստատության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը պաշտոնավարում է մինչև հավաստագրի ժամկետի լրանալը:
19. Հավաստագիր ստացած անձը կարող է մինչև Հավաստագրի ժամկետի լրանալը դիմել և սահմանված կարգով հավաստագրվել:
20. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրեն չի կարող առաջադրվել և ընտրվել (նշանակվել) այն անձը, որը`
1) սահմանված կարգով չի ստացել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր.
2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
4) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեությանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է կառավարությունը.
5) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
21. Արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենը`
1) խորհրդի քննարկմանն է ներկայացնում արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
2) պատասխանատու է մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների (որակավորման չափորոշիչների) և կարողությունների զարգացմանը միտված մոդուլային ուսուցման ծրագրի կատարման չափանիշներն ապահովող համապատասխան կրթության և ուսուցման գործընթացի կազմակերպման, ուսանողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար.
3) ղեկավարում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը, աջակցում է տվյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքին.
4) կազմում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և տվյալ ուսումնական հաստատության խորհրդի հավանությամբ ներկայացնում լիազոր մարմին.
5) խորհրդի հավանությանն է ներկայացնում արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը.
6) իրականացնում է օրենքով և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 18.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընտրված (նշանակված) արհետագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների վրա՝ մինչև օրենքով սահմանված նրանց լիազորությունների ժամկետի ավարտը։ Իսկ անժամկետ պայմանագրով պաշտոնավարող տնօրենները մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը վերապատրաստվում են, ստանում Հավաստագիր և մասնակցում տնօրենի ընտրության մրցույթին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի։ Իսկ արհեստագործական և միջին մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև ուսումնական հաստատությունների արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումների ղեկավարները մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը վերապատրաստվում են և մասնակցում հավաստագրմանը։ Հավաստագիր չստացած տնօրենի լիազորությունները դադարեցվում են:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հունիսի 5 Երևան ՀՕ-18-Ն |