ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մայիսի 10-ին
«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ բաժնի 9-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ԵՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ (ՎԻԶԱՆԵՐ) ՏԱԼՈՒ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1-ին հոդվածով.
«Հոդված 37.1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիություն չունեցող անձանց տալիս է Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականներ:
Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ կորած, անվավեր, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի դեպքում, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիություն չունեցող անձանց՝ կորած, անվավեր, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի ճամփորդական փաստաթղթի դեպքում, օտարերկրյա պետությունից շտապ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը և այն տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|