ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2025 թվականի N 679-Ն
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7.1-ին և 57-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը ներառելու դեպքերը, կարգը և ժամկետները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի N 679-Ն որոշման |
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1․ Սույն հավելվածով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7.1-ին և 57-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԱՏԳ ԱԱ) ծածկագրերը ներառելու դեպքերի, կարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները։
2. Ապրանքների, բացառությամբ անշարժ գույքի և օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների, մատակարարման գործարքների դեպքում օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան դուրս գրվող հարկային հաշվում, ճշգրտող հարկային հաշվում, հաշիվ վավերագրում, ճշգրտող հաշիվ վավերագրում (այսուհետ` հաշվարկային փաստաթուղթ) պարտադիր ներառվում է գործարքի առարկա հանդիսացող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։
3. Ապրանքների, բացառությամբ անշարժ գույքի, հիմնական միջոց համարվող շարժական գույքի և օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների, տեղափոխման դեպքում օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան դուրս գրվող ապրանքի տեղափոխության բեռնագրում (այսուհետ՝ բեռնագիր) պարտադիր ներառվում է տեղափոխվող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։
4. Հաշվարկային փաստաթղթում կամ բեռնագրում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառելու համար հիմք է ընդունվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշմանը համապատասխան էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում կամ բեռնագրում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառվում է առանձին սյունակով` 4 նիշի մակարդակով: Հաշվարկային փաստաթղթում կամ բեռնագրում ապրանքի անվանումը լրացվում է հարկ վճարողի կողմից: Ապրանքների նույնականացման ապահովման համար դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում կամ բեռնագրում հարկ վճարողի կողմից լրացվում է ապրանքի հստակ անվանումը` հաշվի առնելով 4 նիշի մակարդակով ԱՏԳ ԱԱ ծածկագրում ներառված տվյալ ապրանքի ամբողջական նկարագրությունը։
6. Դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում կամ բեռնագրում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը պարտադիր ներառվում է հետևյալ դեպքերում և ժամկետներում.
1) 2025 թվականի սեպտեմբերի 1-ից իրականացվող ապրանքների մատակարարման կամ ապրանքների տեղափոխման այն դեպքերում, երբ՝
ա․ մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքները Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով և այդ ապրանքները մատակարարվում կամ տեղափոխվում են այդ ապրանքները ներմուծող հարկ վճարողների կողմից,
բ․ մատակարարվող կամ տեղափոխվող ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել ԵՏՄ անդամ պետությունից և այդ ապրանքները մատակարարվում կամ տեղափոխվում են այդ ապրանքները ներմուծող հարկ վճարողների կողմից,
գ. մատակարարվում կամ տեղափոխվում են հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա ԱՏԳ ԱԱ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանք և 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ծածկագրերին դասվող ալկոհոլային արտադրանք.
2) 2025 թվականի նոյեմբերի 1-ից իրականացվող ապրանքների մատակարարման կամ ապրանքների տեղափոխման այն դեպքերում, երբ մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքներն արտադրվել են Հայաստանի Հանրապետությունում և այդ ապրանքները մատակարարվում կամ տեղափոխվում են այդ ապրանքներն արտադրող հարկ վճարողների կողմից, բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված դեպքերի.
3) 2026 թվականի հունվարի 1-ից իրականացվող ապրանքների մատակարարման կամ ապրանքների տեղափոխման սույն կետի 1-2-րդ ենթակետերով չնշված դեպքերից տարբերվող այլ դեպքերում։
7. Անկախ սույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ժամկետներից` հարկ վճարողները 2025 թվականի սեպտեմբերի 1-ից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում կարող են ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2025 թվական:
