ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2025 թվականի N 613-Ն
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
3․ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը սույն որոշման հավելվածով հաստատված ցանկում ներառված շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումների մասնակցության արդյունքում ձեռք բերված կրեդիտները հաշվի են առնվում հավաստագրման հերթական հնգամյա շրջափուլի ընթացքում։
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
22.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականիմայիսի 22-ի N 613-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
1. Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն
1.1. Ծրագրի նկարագիր. դասընթացը նպատակ ունի բուժաշխատողներին սովորեցնելու արտակարգ իրավիճակներում տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերել, արագ արձագանքել անհետաձգելի իրավիճակների ժամանակ և կյանքի համար վտանգավոր իրավիճակներում տուժածներին ցուցաբերել առաջին բուժօգնություն՝ մինչև մասնագիտական թիմերի ժամանումը, կազմակերպել թիմային աշխատանք։
1.2. Ուսուցանվող գիտելիքների շրջանակ.
1) Առաջին բուժօգնության հիմունքներ՝ ներածական մաս, արտակարգ իրավիճակների պայմաններում առաջին բուժօգնության կազմակերպում, հիմնական սկզբունքների ներկայացում.
2) Սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ)՝ մեծահասակների, 0-1 տարեկան և 1 տարեկանից բարձր երեխաների ՍԹՎ-ի հիմնական բաղադրիչները և տարբերությունները, սրտի անուղղակի մերսում, ցուցում, կատարման տեխնիկա, ՍԹՎ-ի ավարտը, արդյունավետության և անարդյունավետության գնահատում, արտահիվանդանոցային ՍԹՎ-ի հիմնական բաղադրիչները և տարբերությունները.
3) Ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորների օգտագործում՝ ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորների կարևորությունը, ճիշտ և վաղ կիրառման կարևորությունը և հմտությունները.
4) Բազմափրկարար սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ) իրականացնելիս թիմային աշխատանքի կազմակերպում և արդյունավետ թիմի անդամի դրսևորում.
5) Թոքերի արհեստական արդյունավետ օդափոխություն սարքի միջոցով՝ ցուցումը, կատարման տեխնիկան, ավարտը.
6) Շնչառություն, շնչուղիների անցանելիություն, օտար մարմնով շնչուղիների խցանման վերացում տարբեր տարիքային խմբերում՝ շնչուղիների անցանելիություն, շնչառություն և արյան շրջանառություն (ABC), օտար մարմնի հեռացում շնչուղիներից, արհեստական շնչառություն, մանեկենի վրա արհեստական շնչառության տեխնիկայի ցուցադրում (բերան-բերան, բերան-քիթ, Ամբու պարկ).
7) Առաջին բուժօգնություն վնասվածքի հետ կապված անհետաձգելի վիճակների դեպքում՝ վերքերի, վնասվածքների, արյունահոսությունների, այրվածքների, կոտրվածքների դեպքում, ինչպես նաև շոկային իրավիճակների վաղ հայտնաբերում և առաջին բուժօգնություն։
Տևողությունը՝ 12 ժամ (12 ՇՄԶ կրեդիտ)։
Թիրախային լսարան՝ ավագ և միջին բուժաշխատողներ։
2. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ
2.1. Ծրագրի նկարագիր. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ» դասընթացը նպատակ ունի բուժաշխատողներին սովորեցնելու մասնագիտական գործունեության հիմքում վարքաբանությունը։ Դասընթացն իր մեջ ներառում է բուժաշխատողի վարքագծի հիմնական ասպեկտները, որոնք ապահովում են արդյունավետ և հարգալից փոխհարաբերություններ պացիենտների, գործընկերների և ընդհանրապես հասարակության հետ։
2.2. Ուսուցանվող գիտելիքների շրջանակ.
1) Բուժաշխատողի էթիկական պարտականությունները. պացիենտների նկատմամբ համակրանք, հարգանք, գաղտնիություն և տեղեկացված համաձայնություն.
2) Բուժաշխատողների փոխհարաբերությունները. գործընկերների, պացիենտների և նրանց ընտանիքների, երրորդ անձանց հետ, ինչպես նաև թիմային աշխատանքի նշանակությունը.
3) Մասնագիտական պատասխանատվությունը. բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմի ապահովում, ինչպես նաև բժշկական գիտելիքների շարունակական ձեռքբերում.
4) Բժշկական գաղտնիք համարվող տվյալները և դրանց պահպանման կանոնները. ինչպես պաշտպանել պացիենտների տվյալները և խուսափել էթիկական խախտումներից.
5) Իրազեկված համաձայնություն. բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ իրազեկված համաձայնության ստացման կարգը և առանձնահատկությունները.
6) Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողով. հանձնաժողովի գործունեությունը, վերջինիս կողմից կայացվող որոշումները և դրանց իրավական հետևանքները։
Տևողությունը՝ 10 ժամ (10 ՇՄԶ կրեդիտ)։
Թիրախային լսարան՝ ավագ և միջին բուժաշխատողներ։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
22.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2025 թվական:
