ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1456-Ա |
«17» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Լենդրուշ Հովհաննիսյանի 2025 թվականի մարտի 26-ի թիվ Դ-32256-25 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:
Դիմումի առարկայի քննության կապակցությամբ 2025 թվականի ապրիլի 11-ին, ժամը 11.00-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Լենդրուշ Հովհաննիսյանի ներկայացուցիչ՝ Էդիկ Հովհաննիսյանը:
Ուսումնասիրելով 2025 թվականի մարտի 26-ի թիվ Դ-32256-25 դիմումը, դրան կից ներկայացված նյութերը, 2025 թվականի ապրիլի 11-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2025 թվականի մարտի 26-ի թիվ Դ-32256-25 դիմումով (այսուհետ՝ նաև Դիմում), ինչպես նաև վարույթի լսումների ժամանակ ներկայացված փաստերի համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 27-ին Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի թիվ 49 հասցեի մոտ գտնվող բանջարեղենի խանութի դիմաց կայանված՝ Լենդրուշ Հովհաննիսյանի սեփականությունը հանդիսացող «Toyota Camry 2.5» մակնիշի «77 EH 877» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա բնակելի տան տանիքից ընկել է սառույցի մեծ կտոր, ինչի արդյունքում փոխադրամիջոցը վնասվել է:
Լենդրուշ Հովհաննիսյանի ներկայացուցիչ՝ Էդիկ Հովհաննիսյանը, հիմք ընդունելով Դիմումին կից ներկայացված ապացույցները և «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մարտի 17-ին կազմված՝ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ 25-0798 եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել Դիմումում նկարագրված պատահարի արդյունքում պատճառված վնասը, որը կազմում է 388,000 (երեք հարյուր ութսունութ հազար) ՀՀ դրամ, ինչպես նաև խնդրել է փոխհատուցել նշված փորձագիտական եզրակացության համար վճարված 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ գումարը՝ որպես իրավունքի պաշտպանության նպատակով կատարված ծախս:
2022 թվականի հունվարի 22-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ XB564397 վկայագրի համաձայն՝ «Toyota Camry 2.5» մակնիշի «77 EH 877» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Լենդրուշ Հովհաննիսյանի սեփականությունը:
Դիմումում նկարագրված պատահարի կապակցությամբ՝ դեռևս 2025 թվականի փետրվարի 28-ին Երևանի քաղաքապետարան ներկայացված թիվ Դ-21967-25 դիմումի քննարկման շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի թիվ 49 հասցեում գտնվող շինությունը չի հանդիսանում բազմաբնակարան շենք, իսկ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից տրամադրվել է Ահարոնյան փողոցի թիվ 49 հասցեում գտնվող բանջարեղենի խանութի աշխատակցի կողմից կազմված գրավոր հայտարարությունը, որի համաձայն՝ Դիմումում նկարագրված սառցե կտորն ընկել է հարևան տան տանիքից:
Վարույթի լսումների ընթացքում Լենդրուշ Հովհաննիսյանի ներկայացուցիչ՝ Էդիկ Հովհաննիսյանը, ի լրումն Դիմումում ներկայացված փաստերի, հայտնել է, որ շինությունը, որի տանիքից պոկվել և ընկել է սառցե կտորը, պատկերված է Դիմումին կից ներկայացված լուսանկարում, որտեղ երևում է առևտրի կետը (բանջարեղենի խանութ), որի անմիջապես հարևանությամբ գտնվում է եռահարկ շինություն, որն արտաքինից նման է անհատական բնակելի տան:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քննարկվող պարագայում, ելնելով վնասի փոխհատուցման պահանջի հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե արդյոք Երևանի քաղաքապետարանը կրում է Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի թիվ 49 հասցեում գտնվող շինության պահպանման և պատշաճ շահագործման պարտականություն, արդյո՞ք Երևանի քաղաքապետարանի կողմից դրսևորվել է ոչ իրավաչափ գործողություն կամ անգործություն, և արդյո՞ք Դիմումի առարկա վնասը հանդիսանում է վարչական մարմնի ենթադրյալ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը (պատճառահետևանքային կապ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Քննարկվող պարագայում՝ Դիմումում նկարագրված պատահարը չի առնչվում Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքից սառցե կտոր ընկնելուն, ինչպես նաև նկարագրված պատահարը չի հանդիսանում Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը: Վարույթով ձեռք բերված ապացույցների և պարզված փաստական հանգամանքների գնահատմամբ հաստատված է համարվում, որ Երևան համայնքը ենթադրյալ վնասի հատուցման հարցում պատասխանատվություն կրող սուբյեկտ չի հանդիսանում, քանի որ Դիմումում նկարագրված շինության տանիքի պահպանման և պատշաճ շահագործման ապահովման պարտականություն Երևանի քաղաքապետարանը չի կրում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն, անդրադառնալով վնասի հատուցման օրենսդրական կարգավորումներին, ընդգծել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ: (տես՝ Նելլի Մկրտչյանի ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով 04․10․2013 թվականի որոշումը)։»:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:
Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի թիվ 49 հասցեում գտնվող շինությունը չի գտնվում Երևան համայնքի պահպանման, հոգածության և պատշաճ շահագործման պատասխանատվության ներքո, իսկ Լենդրուշ Հովհաննիսյանի կողմից չեն ներկայացվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի պահանջներից բխող՝ Դիմումի առարկա վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու վերաբերյալ ապացույցներ, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 163-րդ, 164-րդ, 1058-րդ, 1071.1-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին Լենդրուշ Հովհաննիսյանի 2025 թվականի մարտի 26-ի թիվ Դ-32256-25 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |
