ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2025 թվականի N 417-Լ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1833-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող՝ բռնի տեղահանվածների տվյալները (բնակության վայրը, անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը)։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված տվյալներն ստանալուց հետո 2-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող՝ բռնի տեղահանվածների ամփոփված տվյալները։
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ սույն միջոցառման շրջանակներում բռնի տեղահանվածների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամից (այսուհետ՝ հիմնադրամ) ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամին տրամադրել այդ անձանց 2025 թվականի ապրիլի 1-ից և վերջին սահմանահատումների վերաբերյալ տվյալները։
5. Սույն միջոցառման շրջանակներում նշանակվող սոցիալական աջակցության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:
6. Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված սոցիալական աջակցության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով Միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն) թույլատրել՝
1) ֆինանսավորողի կամ իր նախընտրած բանկի հետ կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ.
2) ֆինանսավորողին կամ իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին սոցիալական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին։
7․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1833-Լ որոշման N 2 հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով.
«3.1) ով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում.»:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 22-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 417-Լ որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Սույն միջոցառման նպատակն է լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին, որոնց անդամների (այսուհետ՝ բռնի տեղահանված անդամ) տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառուների կամ օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում կամ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում կամ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների (այդ թվում՝ մեկ անդամից բաղկացած) անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով համապատասխան հանձնաժողովի կայացրած որոշումների արդյունքում շահառուի կարգավիճակ ստացած անձինք (այսուհետ՝ շահառուներ)՝ բացառությամբ՝
1) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց.
2) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց.
3) պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող անձանց․
4) ընտանիքների, որոնց անդամներից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույքի միակ սեփականատեր, կամ ընտանիքի անդամներից մեկը կամ մի քանի անդամները միասին միևնույն գույքի նկատմամբ ունեն ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով (մեկ անդամը կամ ընտանիքի անդամները միասին՝ 50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք, կամ ընտանիքի անդամներից մեկը կամ մի քանի անդամները միասին միևնույն գույքի նկատմամբ ունեն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք (մեկ անդամը կամ ընտանիքի անդամները միասին՝ 50 տոկոս և ավելի մասնաբաժնով).
5) ընտանիքների, որոնց անդամներից մեկն ունի 2017 թվականից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոց (Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և համարանիշ ունեցող) կամ, եթե ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկի (ընտանիքում մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 15000 դրամը:
2. Սահմանել, որ՝
1) սույն միջոցառման իմաստով կարիքավոր ընտանիքներ են համարվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամտի չափը ցածր է 55000 դրամից: Ընդ որում, մեկ անդամի ամսական եկամտի չափը որոշվում է ընտանիքի ամսական եկամուտների հանրագումարի և ընտանիքի անդամների թվի հարաբերությամբ.
2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ամսական եկամտի կազմի մեջ ներառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածի 32-րդ կետի 1-10-րդ ենթակետերով սահմանված եկամտի տեսակները.
3) սույն միջոցառման շրջանակում բռնի տեղահանված անդամ է դիտարկվում նաև մինչև 18 տարեկան այն երեխան, որի ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն (այսուհետ՝ ծնող) տվյալ ընտանիքի բռնի տեղահանված անդամ է.
4) սույն հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով և սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված տեղեկատվության կիրառման համար հիմք են ընդունվում որոշման N 3 հավելվածի համաձայն ստացված տվյալները և որոշման N 1 հավելվածի 31-րդ կետի պահանջները։
3․ Սույն միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար։
4. Սոցիալական աջակցության ամսական չափը հաշվարկվում է ընտանիքի համար՝ հիմք ընդունելով ընտանիքում բռնի տեղահանված անդամների թիվը:
5. Սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է՝
1) ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ.
2) սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10000 դրամ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
11.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 417-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են սույն որոշման N 1 հավելվածով հաստատված միջոցառման շրջանակում սոցիալական աջակցության շահառու հանդիսացող ընտանիքների (այսուհետ՝ շահառուներ) ամենամսյա դրամական աջակցություն (այսուհետ՝ դրամական աջակցություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Դրամական աջակցությունը տրամադրում (վճարում) է ծառայությունը՝ հիմնադրամից ստացված վճարման ցուցակների հիման վրա։
3. Դրամական աջակցություն ստանալու համար սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետով սահմանված՝ բռնի տեղահանված անդամն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է մեկանգամյա դիմում՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Դրա համար դիմողը մուտք է գործում e-social.am կայքէջ, ստեղծում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված անհատական օգտահաշիվ` նույնականացվելով բնակչության պետական ռեգիստրի միջոցով և ներկայացնում՝
1) իր և ընտանիքի անդամների անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը).
2) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.
3) բնակավայրը (ընտրում է ցանկից).
4) բնակության վայրի հասցեն.
5) իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը և բանկը:
4․ Հիմնադրամը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը, իսկ դեկտեմբեր ամսվա դեպքում՝ մինչև դեկտեմբերի 20-ը, դիմումով ներկայացված տվյալները համեմատում (համադրում) է բնակչության պետական ռեգիստրի, անշարժ գույքի պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և համաձայն որոշման N 3 հավելվածի ստացված տվյալների հետ, և մերժվում կամ հաստատվում է դիմումը։
5. Դիմումը մերժվում է՝
1) այն անձի մասով, ում տվյալները հավաստի չեն (տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).
2) այն անձի մասով, ում մահվան պետական գրանցման վերաբերյալ տվյալներն առկա են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալներում.
3) այն անձի մասով, ով, համաձայն սույն որոշման N 1 հավելվածի 1-ին և 2-րդ կետերի, չի հանդիսանում բռնի տեղահանված անդամ․
4) այն անձի մասով, ով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում.
5) այն անձի մասով, ով բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ դիմումով ներկայացված բնակության վայրի հասցեով՝ բացառությամբ մինչև 18 տարեկան այն երեխայի, որի ծնողը հանդիսանում է տվյալ ընտանիքի անդամ.
6) այն անձի մասով, ում համար առկա է հաստատված դիմում.
7) եթե, համաձայն սույն որոշման N 1 հավելվածի 1-ին և 2-րդ կետերի, ընտանիքը չի հանդիսանում միջոցառման շահառու։
6. Դիմումը հաստատելու կամ մերժելու մասին էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում դիմողի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 3-րդ կետում դիմողի համար նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, իսկ դիմումը մերժելու դեպքում՝ նաև մերժելու հիմքերը։
7․ Դիմումը մերժվելու դեպքում կարող է ներկայացվել նոր դիմում, իսկ, եթե դիմումը չի մերժվում, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է՝ սկսած դիմելու ամսվանից՝ բացառությամբ մայիս ամսվա ընթացքում ներկայացված դիմումների, որոնց հիման վրա դրամական աջակցությունը վճարվում է նաև ապրիլ ամսվա համար:
8․ Հիմնադրամը սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետներից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծառայությանն է տրամադրում վճարման ցուցակները, որը վճարումներն իրականացնում է երեք աշխատանքային օրվա ընթացքում։
9․ Դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ սույն կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետում ներկայացված քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
10. Վճարման ցուցակում ներառվում են՝
1) բանկի անվանումը.
2) դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի (այդ թվում՝ ժամանակավոր վկայականի) սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), բջջային հեռախոսահամարը.
3) վճարման ենթակա գումարը։
11. Աջակցությունը բանկի կողմից վճարվում է դրամական աջակցության գումարը դիմողի քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե դիմողը սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը, ապա բանկը վճարումն իրականացնում է դիմողի՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում: Ընդ որում, եթե դրամական աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը բանկի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
12. Դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց և ենթակա չէ ժառանգման:
13. Դիմողը պարտավոր է ներկայացնել հավաստի տվյալներ (փաստաթղթեր), տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել դրամական աջակցություն չվճարելուն: Սույն կետով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով ավելի վճարված դրամական աջակցության գումարները ենթակա են հետգանձման օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
11.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
