600.0136.09.04.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 ապրիլի 2025 թվականի |
N 136-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N161-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N522-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷՀՑ կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) ԷՀՑ կանոնների 2-րդ կետի 53.1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» պարբերությամբ.
«դ. էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված՝ էլեկտրակայանի հզորություն ավելացրած կամ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ստացած արտադրող, բացառությամբ էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող Արտադրողի.».
2) ԷՀՑ կանոնների 151-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «բացառապես իրենց Առաջնային պահուստի շրջանակում,» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը, իսկ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» պարբերությամբ.
«գ. Կարգավարման ենթակա են ԿԷԱ կայանները, իսկ ԷՀՑ կանոնների 152.1-ին կետի պահանջի առաջնահերթ բավարարման դեպքում՝ նաև ՊԷԱ կայանները, այն դեպքում, երբ Համակարգի օպերատորը օրական ԷՀԱՄ-ի ճշգրտման արդյունքում եզրակացրել է, որ այդ կայանների կարգավարումը կանխելու է էլեկտրաէներգետիկական համակարգում Արտառոց իրավիճակի առաջացումը, կամ էլեկտրաէներգետիկական համակարգի իրական ժամանակում աշխատանքի Անցումային ռեժիմները չեն հանգեցնելու Արտառոց իրավիճակի առաջացման կամ տարաժամկետելու են այն։ Համակարգի օպերատորը սույն պարբերության համաձայն տրված կարգավարական կարգադրության, այդ թվում՝ սույն պարբերությամբ նշված կայանների կարգավարման ժամկետի, դրանց նվազեցվող կամ ավելացվող հզորության չափաքանակների մասին հնարավորինս սեղմ ժամկետում համապատասխան հիմնավորումներով տեղեկացնում է այդ կայանին, Շուկայի օպերատորին, ՀԾՄ-ին և Հանձնաժողովին, իսկ ՊԷԱ կայանների դեպքում՝ նաև Երաշխավորված մատակարարին.»։
3) ԷՀՑ կանոնների 183.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«183.1. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների խախտման կամ դրա վտանգի դեպքում Համակարգի օպերատորն իրավունք ունի Սահմանափակման ենթակա արտադրողին տալ էլեկտրական էներգիայի՝ էլեկտրական ցանց առաքումը դադարեցնելու կամ սահմանափակելու վերաբերյալ կարգավարական կարգադրություն՝
1) 2024 թվականի հուլիսի 1-ից 2025 թվականի ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում Սահմանափակման ենթակա արտադրող դարձած անձանց առավելագույնը 1080 ժամով, բայց ոչ ավելի, քան օրական ութ ժամով` մարտի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում,
2) 2025 թվականի ապրիլի 12-ից հետո Սահմանափակման ենթակա արտադրող դարձած անձանց՝ առավելագույնը 2200 ժամով՝ օրացուցային տարվա ընթացքում:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 12-ից։ Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու հայտ ներկայացրած և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի համաձայն էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած, ինչպես նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի կնքման (տեխնիկական պայմանի ստացման) և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններով սահմանված կարգով էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագրում գրանցման համար դիմած և շուկայի կանոնների համաձայն միացման պայմանագիր կնքած (տեխնիկական պայման ստացած) և շուկայի կառավարման ծրագրում գրանցված՝ ԷՀՑ կանոնների համաձայն Սահմանափակման ենթակա արտադրողների էլեկտրական էներգիայի՝ էլեկտրական ցանց առաքումը դադարեցնելու կամ սահմանափակելու վերաբերյալ կարգավարական կարգադրությունը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը տալիս է ԷՀՑ կանոնների 183.1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
9 ապրիլի 2025 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 ապրիլի 2025 թվական:
