ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 1993 թ. N 90
Քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ԾԱՌԵՐԻ ՈՒ ԿԱՆԱՉ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում է, որ հանրապետությունում ստեղծված ներկայիս վառելիքաէներգետիկ ճգնաժամի պայմաններում կառավարությունը միջոցներ է ձեռնարկել բնակչությանը հեղուկ և կոշտ վառելիքով ապահովելու համար։
1992 թվականի ընթացքում հանրապետություն է ներմուծվել և կենցաղային կարիքների համար բնակչությանն իրացվել 77,8 հազար տոննա քարածուխ, 2200 տոննա նավթ, 2350 տոննա տեխնիկական նավթ, 4600 տոննա վառարանային հեղուկ վառելիք, 412,4 մլն խոր. մետր բնական գազ և 6,9 մլն խոր. մետր հեղուկ գազ։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը միաժամանակ նշում է, որ, չնայած ձեռնարկված միջոցներին, բնակչության վառելիքաէներգետիկ ռեսուրսներով ապահովման հարցում ստեղծվել է ծայրահեղ լարված վիճակ։
Տեղական իշխանությունների բացահայտ թողտվության պայմաններում առանձին քաղաքներում և շրջաններում մասսայական բնույթ են կրում ծառերի ու կանաչ տնկարկների ապօրինի հատումները, որոնց կանխման ուղղությամբ արդյունավետ պայքար չի ծավալվում նաև իրավապահ մարմինների կողմից։
Հանրապետության անտառապատ և կանաչապատ տարածքներում ծառերի ու կանաչ տնկարկների պահպանությունն ուժեղացնելու և ապօրինի հատումները կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» անտառատնտեսական արտադրական միավորմանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը՝ կանխել հանրապետության անտառապատ և կանաչապատ տարածքներում ծառերի ու կանաչ տնկարկների ապօրինի հատումները և ձեռնարկված միջոցների մասին մինչև 1993 թվականի մարտի 25-ը զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության դատախազությանը` ուժեղացնել պետական վերահսկողությունն անտառապատ և կանաչապատ տարածքներում ծառերի ու կանաչ տնկարկների պահպանության նկատմամբ և դրանց ապօրինի հատումներ կատարած անձանց ենթարկել օրենքով սահմանված խստագույն պատասխանատվության։
3. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` հանրապետությունում ծավալված ապօրինի ծառահատումների դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով`
ա) իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիների մասնակցությամբ ստեղծել հանձնաժողովներ և հանձնարարել նրանց շուրջօրյա հերթապահություն սահմանել անտառներում, այգիներում, պուրակներում և ավտոմոբիլային ճանապարհների եզրերի կանաչապատ տարածքներում, դրանցում հայտնաբերված ապօրինի ծառահատման յուրաքանչյուր դեպք ակտավորել ու մեղավոր անձանց նկատմամբ կիրառել օրենքով սահմանված պատժամիջոցներ,
բ) ամիսը մեկ գործադիր կոմիտեների նիստերում լսել հանձնաժողովների ինֆորմացիան կատարած աշխատանքների արդյունքների մասին։
4. «Հայանտառ» անտառատնտեսական արտադրական միավորմանը` հանրապետության բնակչությանը վառելափայտով և անտառանյութով ապահովելու համար առևտրական կազմակերպություններին դրանց տրամադրման նպատակով ճշտել 1993 թվականի պլանային սանիտարական հատումների առաջադրանքները՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության հետ։
5. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, Հայկոոպի վարչությանն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնակչությանը կոշտ և հեղուկ վառելիքով, ինչպես նաև ջեռուցիչ և տաքացուցիչ սարքերով ապահովելու համար։ Ձեռնարկված միջոցների մասին յուրաքանչյուր ամսվա մինչև 10-ը զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
6. Սահմանել, որ հանրապետությունում համատարած ապօրինի ծառահատումների կանխման և անտառապատ ու կանաչապատ տարածքներում ծառերի ու կանաչ տնկարկների պահպանության պատասխանատվությունը դրվում է պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների և ներքին գործերի բաժինների վարչությունների պետերի վրա։
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ 10-օրյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների հետ համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 1993 թվականի գարնանը հանրապետությունում մասսայական ծառատունկի անցկացման մասին որոշման նախագիծ։
8. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը և «Արմենպրես» լրատվական գործակալությանը` պարբերաբար լուսաբանել ապօրինի ծառահատումների դեմ պայքարի և կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը և մասսայական ծառատունկի կազմակերպման անհրաժեշտությունը՝ կապված շրջակա միջավայրի պահպանության հետ:
9. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության վրա և հանձնարարել նրան՝ եռամսյակը մեկ որոշման կատարման ընթացքի մասին տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն։
10. Դիմել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին արագացնելու նշված հարցերի վերաբերյալ ներկայացված օրենսդրական ակտերի քննարկումը և ընդունումը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
