Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.01.2025
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2024
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/5632/02/15

2024 թ. 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/5632/02/15

Նախագահող դատավոր`

 Տ Նազարյան

Դատավորներ`

 Հ Ենոքյան

 Գ Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ․ ՔՈՉԱՐՅԱՆ

 

2024 թվականի դեկտեմբերի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայկանուշ Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ Հայկանուշ Բաղդասարյանի հայցի ընդդեմ Անդրանիկ Ավագյանի, Նատալյա Բարխուդարյանի և երրորդ անձ Մարիաննա Ավագյանի` կեղծ գործարքի անվավերության հետևանք կիրառելու ու վճռով սահմանված գումարի բռնագանձումը գույքի վրա տարածելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հայկանուշ Բաղդասարյանը պահանջել է որպես առոչինչ` կեղծ գործարքի անվավերության հետևանք, անվավեր ճանաչել Անդրանիկ Ավագյանի և Նատալյա Բարխուդարյանի միջև 11.03.2013 թվականին կնքված Երևանի Ադոնցի փողոցի 5-րդ շենքի թիվ 16 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ նաև՝ Պայմանագիր), կիրառել գործարքի անվավերության հետևանքները և նշված անշարժ գույքում Անդրանիկ Ավագյանի ունեցած բաժնեմասի վրա հօգուտ իրեն տարածել բռնագանձում՝ դատարանի վճռով սահմանված հայցագումարի և դրան համապատասխան տոկոսադրույքների չափով:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 17.05.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է, վճռվել է՝ «Որպես առոչինչ գործարքի` ք.Երևան, Ադոնցի փողոցի 5 շենքի թիվ 16 բնակարանի վերաբերյալ 11.03.2013 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանք մասնակի` Անդրանիկ Ավագյանի` 3/4 բաժնեմասի մասով անվավեր ճանաչել 11.03.2013 թվականին Նատալյա Բարխուդարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և ք.Երևան, Ադոնցի փողոցի 5 շենքի թիվ 16 բնակարանի 3/4 բաժնեմասի նկատմամբ ճանաչել Անդրանիկ Ավագյանի սեփականության իրավունքը: ք. Երևան, Ադոնցի փողոցի 5 շենքի թիվ 16 հասցեի բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների` միջև` նրանց բաժիններին համաչափ: Անդրանիկ Ավագյանի բաժնեմասի դիմաց ստացված գումարն ուղղել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԱՔԴ/0603/02/13 կատարողական թերթով սահմանված` բռնագանձվող գումարների մարմանը: Նատալյա Բարխուդարյանից և Անդրանիկ Ավագյանից համապարտության կարգով հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 8000 ՀՀ դրամ, որպես պետական տուրք: Նատալյա Բարխուդարյանից և Անդրանիկ Ավագյանից համապարտության կարգով հօգուտ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի բռնագանձել 62.000 ՀՀ դրամ` որպես փորձաքննության կատարման ծախս»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.10.2019 թվականի որոշմամբ Նատալյա Բարխուդարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 17.05.2019 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկանուշ Բաղդասարյանը (ներկայացուցիչ՝ Վաղինակ Աթոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անդրանիկ Ավագյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Նատալյա Բարխուդարյանը հանդիսանում է Անդրանիկ Ավագյանի կնոջ զարմուհին, իսկ Մարիաննա Ավագյանը՝ վերջինիս դուստրը, ինչը նշանակում է, որ նրանք չէին կարող տեղյակ չլինել տարիներ շարունակ դատարաններում այդ տան վերաբերյալ ընթացող դատական գործընթացներին:

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԿԴ1/0935/02/14 քաղաքացիական գործով 22.07.2016 թվականի որոշումից մեկ պարբերություն, անտեսել է նույն որոշմամբ ամրագրված այն դիրքորոշումը, որի համաձայն՝ կեղծ գործարքի հեռահար նպատակը կողմերի կամ նրանցից մեկի համար որևէ առավելություն ստանալը կամ որևէ սահմանափակում շրջանցելն է: Հեռահար նպատակի մասին կարող է վկայել, օրինակ, չկատարված պարտավորության, օրինական ուժի մեջ մտած՝ չկատարված դատական ակտի կամ այլ նմանատիպ հանգամանքների առկայությունը:

Այս դրույթը կարևոր է նրանով, որ Անդրանիկ Ավագյանը Հայկանուշ Բաղդասարյանի նկատմամբ ունի օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով սահմանված 33.000 ԱՄՆ դոլարի վճարման պարտավորություն: Ակնհայտ է, որ բնակարանի առուվաճառքի գործարքը, որը կնքվել է գումարը վերադարձնելու պարտականության կատարումից քսան օր առաջ (այդ ստացականով Անդրանիկ Ավագյանը պարտավորվել է գումարը վերադարձնել 31.03.2013 թվականին, իսկ առուվաճառքի գործարքը կատարվել է 11.03.2013 թվականին), կեղծ գործարք է:

 Վերաքննիչ դատարանը նշել է, որ գործարքը կեղծ լինելու համար անհրաժեշտ է, որպեսզի գործարքի երկու կողմերի նպատակը լինի իրավական հետևանքներ չառաջացնող գործարք կնքելը, մինչդեռ, չբացառելով վաճառող Անդրանիկ Ավագյանի կողմից նման նպատակի առկայությունը, հետևություն է արել, որ գնորդ Նատալյա Բարխուդարյանը վաճառողի այդ նպատակների մասին չի իմացել և կամահայտնություն է ունեցել իր համար գնելու բնակարան:

Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ գնորդ Նատալյա Բարխուդարյանը հանդիսանում է Անդրանիկ Ավագյանի կնոջ եղբոր աղջիկը, համարել է, որ նշվածն իրական կամահայտնության համար նշանակություն չունի և գտել է, որ ազգականների միջև նման գործարք հնարավոր է:

Վերաքննիչ դատարանը, որպես իր հետևության ապացույց, ի թիվս այլնի, նշել է, որ գնորդ Նատալյա Բարխուդարյանը կատարել է այդ տարիների գույքահարկի և հողի հարկի վճարումները: Այդ հանգամանքը, սակայն, որպես ապացույց դիտարկելը վիճահարույց է, քանի որ այդ վճարները չնչին գումարներ են կազմում։ Բացի այդ, վճարումները Նատալյա Բարխուդարյանի անունից կարող էին կատարել նաև այլ անձինք:

Վերաքննիչ դատարանն իր ապացույցների շարքում նշել է, որ նախկին սեփականատեր Անդրանիկ Ավագյանը, կարճ ժամանակ բնակվելով իր նախկին տանը, ազատել է այն, տեղափոխվել է Երևանի Մոլդովական փողոցի թիվ 2/1 շենքի 44-րդ բնակարանում բնակվելու և բնակարանը հանձնել է նոր սեփականատիրոջը: Մինչդեռ, այս պնդումն ամբողջովին կեղծ է և իրականությանը չի համապատասխանում, քանի որ գործում առկա է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 03.11.2018 թվականի գրությունը, որի համաձայն՝ Անդրանիկ Ավագյանը նշված հասցեում չի բնակվում: Ավելին՝ առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում հայցվոր կողմը դատարանին է ներկայացրել Անդրանիկ Ավագյանի տիկնոջ՝ Կարինե Բարխուդարյանի կողմից գազի և էլեկտրաէներգիայի 2012-2016 թվականների համար կատարված ամենամսյա վճարումների մասին անդորրագրերը, որտեղ նշված է, որ այդ վճարումները կատարվել են Երևանի Ադոնցի փողոցի 5-րդ շենքի թիվ 16-րդ բնակարանի համար: Այսինքն՝ այդ ընտանիքը բնակարանը «վաճառելուց» հետո շարունակել է բնակվել նույն բնակարանում՝ օգտագործելով գազ և էլեկտրաէներգիա:

Հատկանշական է, որ Անդրանիկ Ավագյանն իր աներորդու աղջկան «ճանաչել» է միայն դատաքննությունն սկսվելուց շատ ամիսներ, եթե ոչ տարիներ անց: Անդրանիկ Ավագյանը պնդել է, որ նրանց չի ճանաչում և չգիտի նրանց տեղը: Միայն փաստերի ճնշման տակ նա խոստովանել է իր և «գնորդի» ազգակցական կապի մասին:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել նաև վկաների ցուցմունքները, որոնք հաստատում են, որ, իբրև, Անդրանիկ Ավագյանը բնակարանը վաճառել է Նատալյա Բարխուդարյանին: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Եվգենիյա Ասատրյանը 16.11.2016 թվականին դատարանում տված ցուցմունքում հայտնել է, որ Նատալյա Բարխուդարյանն իրեն ուղղորդել և ցուցում է տվել, թե դատարանում ինչ ասի: Բացի այդ, 2016 թվականի ապրիլ ամսին վկան հայտնել է, որ մեկ տարուց ավելի է՝ Անդրանիկ Ավագյանի ընտանիքն այնտեղ չի ապրում այն դեպքում, երբ դատարանին ներկայացված գազի և էլեկտրաէներգիայի վճարման անդորրագրերը փաստում են հակառակը:

Մյուս վկան՝ Էլեոնորա Քարամյանը, դատարանում տված ցուցմունքում հայտնել է, որ Անդրանիկ Ավագյանն իր ընտանիքի հետ բնակվում է Մոլդովական հասցեում՝ զոքանչի հետ, սակայն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 03.11.2018 թվականի գրության համաձայն՝ Անդրանիկ Ավագյանը չի բնակվում Երևանի Մոլդովական փողոցի թիվ 2/1 շենքի 44-րդ բնակարանում: Այսինքն՝ այս վկան նույնպես իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ է հայտնել:

Միաժամանակ, հատկանշական է, որ ինչպես դատարանին, այնպես էլ՝ ոստիկանության բաժնին ուղղված դիմումներում Անդրանիկ Ավագյանը որպես իր բնակության վայր նշել է Երևանի Ադոնցի փողոցի 5-րդ շենքի թիվ 16-րդ բնակարան հասցեն: Ավելին՝ առուվաճառքի պայմանագրի կնքումից 6 տարի անց՝ 17.01.2019 թվականին, դատարանին հասցեագրված՝ գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ դիմումում Անդրանիկ Ավագյանը դարձյալ որպես իր հասցե նշել է Երևան քաղաքի Ադոնցի փողոցի թիվ 5 շենքի 16-րդ բնակարան հասցեն, թեև մինչ այդ դատական նիստերի ժամանակ հայտարարել է, որ բնակվում է Երևանի Մոլդովական փողոցի թիվ 2/1 շենքի 44-րդ բնակարանում:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.10.2019 թվականի որոշումը և Դատարանի 17.05.2019 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

 

2.1 Անդրանիկ Ավագյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի պատասխանը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի դրույթի խախտմամբ, այն է՝ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել 17.04.2020 թվականին, սակայն պատասխանը փոստային առաքմամբ ներկայացվել է 14.09.2020 թվականին: Միաժամանակ, վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը խնդրել է վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետի բացթողումը համարել հարգելի՝ «(...) հաշվի առնելով ՀՀ-ում և ամբողջ աշխարհում տիրող համաճարակային իրավիճակը և այն հանգամանքը, որ, գտնվելով տարիքային խոցելի խավում, եղել է հնարավորինս մեկուսացված և այդ իսկ պատճառով բաց է թողել վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետը (...)»::

Նկատի ունենալով վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձի փաստարկները, ինչպես նաև հաշվի առնելով, որ այն ներկայացնելու պահին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության համավարակի պատճառով հայտարարված էր կարանտին և առկա էին տեղաշարժման որոշակի սահմանափակումներ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անդրանիկ Ավագյանի միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը հայտնել է, որ վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ։

Հայկանուշ Բաղդասարյանի կողմից վիճարկվող գործարքը՝ բնակարանի առուվաճառքի պայմանագիրը, կնքվել է 11.03.2013 թվականին, և նշված ժամանակահատվածում Անդրանիկ Ավագյանը որևէ դատավարական վեճ չի ունեցել ոչ Հայկանուշ Բաղդասարյանի, ոչ այլ անձի հետ, այն էլ՝ գործարքի առարկան կազմող բնակարանի վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ակնհայտորեն բխում են գործի փաստերից և հիմնավորվում են ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԿԴ1/0935/02/14 գործով կայացված որոշման իրավական հիմնավորումներով:

Հատկանշական է, որ 11.03.2013 թվականի դրությամբ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահին Անդրանիկ Ավագյանի՝ Հայկանուշ Բաղդասարյանի հանդեպ ունեցած պարտավորության կատարման ժամկետը դեռևս լրացած չի եղել, վերջիններիս միջև դատական վեճ չի եղել, գույքի վրա որևէ արգելանք կամ սահմանափակում կիրառված չի եղել: Արդյունքում Նատալյա Բարխուդարյանը՝ մի կողմից, որպես գնորդ, և Անդրանիկ Ավագյանն ու Մարիաննա Ավագյանը՝ մյուս կողմից, որպես վաճառողներ, դրսևորելով բնակարան ձեռք բերելու և վաճառելու իրենց կամքը, ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ, կնքել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

Ավելին՝ գործում առկա են մի շարք ապացույցներ, որոնցով հիմնավորվում է, որ 11.03.2013 թվականի պայմանագիրը կնքելիս Նատալյա Բարխուդարյանի կամքը խաթարված չի եղել, վերջինիս իրական նպատակը եղել է անշարժ գույք ձեռք բերելը, իսկ այն ձեռք բերելուց հետո՝ ձեռնամուխ է եղել սեփականատիրոջ իր իրավունքներն ու պարտականություններն իրականացնելուն:

Միաժամանակ հարկ է նշել, որ Անդրանիկ Ավագյանի ընտանիքն առուվաճառքի գործարքից հետո վիճելի բնակարանում բնակվել է բացառապես Նատալյա Բարխուդարյանի թույլտվությամբ, քանի դեռ վերջինս իր ամուսնու և երեխաների հետ գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) թիվ ԵԱՔԴ/0603/02/13 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 24.12.2014 թվականին կայացված վճռում, որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ, նշել է, որ՝

«համաձայն ստացական վերնագրված փաստաթղթի ռուսերենից կատարված թարգմանության` «Ես՝ Անդրանիկ Նիկոլայի Ավագյանս, (անձնագիր՝ AK0655312, բնակվող՝ ք. Երևան, Ադոնցի փող., շ. 5, բն 16 հասցում)

Սույնով հայտնում եմ, որ 2012թ. նոյեմբերին Հայկանուշ Բաղդասարյանից պարտքով վերցրել եմ 33.000 ԱՄՆ դոլար, որոնք պարտավորվում եմ վերադարձնել մինչև 2013թ. մարտի 31-ը» (հատոր 1-ին, գ.թ. 6-11).

2) Նատալյա Բարխուդարյանի (գնորդ) և Անդրանիկ Ավագյանի ու Մարիաննա Ավագյանի (վաճառողներ) միջև 11.03.2013 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` վաճառողները պարտավորվել են նույն պայմանագրում նշված գնի դիմաց գնորդի սեփականությանը հանձնել ք. Երևան, Ադոնցի փողոցի 5 շենքի թիվ 16 բնակարանը: Անշարժ գուքի գինը կազմել է 12.000.000 ՀՀ դրամ: Պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման (հատոր 1-ին, գ.թ. 77).

3) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14032013-0-4008 վկայականի համաձայն` ք. Երևան, Ադոնցի փողոցի 5 շենքի թիվ 16 բնակարանի նկատմամբ գրանցված է Նատալյա Բարխուդարյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 112).

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 13.04.2013 թվականին տրված թիվ ԱՏ-12.04.2013-3-0070 տեղեկանքի համաձայն` Երևանի Ադոնցի փողոցի 5-րդ շենքի թիվ 16 բնակարանը սեփականության իրավունքով գրանցվել է Նատալյա Բարխուդարյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 12).

5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 26.04.2013 թվականին տրված թիվ ԱՏ-23.04.2013-2-0203 տեղեկանքի համաձայն` Երևանի Ադոնցի փողոցի 5-րդ շենքի թիվ 16 հասցեի անշարժ գույքը գրանցվել է՝ համաձայն 11.03.2013 թվականի առուվաճառքի պայմանագրի: Նախկին սեփականատերեր են հանդիսացել Անդրանիկ Ավագյանը (3/4), Մարիաննա Ավագյանը (1/4) բաժնեմասերով (հատոր 1-ին, գ.թ. 13).

6) 2013 թվականի, 2014 թվականի և 2015 թվականի գույքահարկի ու հողի հարկի վճարումների վերաբերյալ անդորրագրերի և 2014 թվականի, 2015 թվականի ու 2016 թվականի աղբահանության վճարումների ընդունման անդորրագրերի համաձայն` Ադոնցի փողոցի 5-րդ շենքի թիվ 16 բնակարանի նկատմամբ վճարումները կատարվել են Նատալյա Բարխուդարյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 113-121).

7) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, քննելով թիվ ԵԱՔԴ/0603/02/13 քաղաքացիական գործն՝ ըստ Հայկանուշ Բաղդասարյանի հայցի ընդդեմ Անդրանիկ Ավագյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, 24.12.2014 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն՝ վճռել է Անդրանիկ Ավագյանից հօգուտ Հայկանուշ Բաղդասարյանի բռնագանձել 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, սկսած 31.03.2013 թվականից մինչև գումարը հայցվոր Հայկանուշ Բաղդասարյանին վերադարձնելու օրը 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վրա հաշվարկել ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքները և այն բռնագանձել պատասխանող Անդրանիկ Ավագյանից հօգուտ Հայկանուշ Ֆրունզեի Բաղդասարյանի՝ միաժամանակ հօգուտ պետական բյուջեի որպես պետական տուրք բռնագանձելով գանձվող գումարի 2%-ը։ Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 6-11):

8) Վկա Եվգենիյա Ասատրյանի կողմից 17.11.2016 թվականին Դատարանում տված ցուցմունքի համաձայն՝ «Հայկանուշ Բաղդասարյանին չի ճանաչում, իսկ Նատալյա Բարխուդարյանն իրենց վերևի հարևանն է, բայց չի ապրում վիճելի հասցեում, վերջերս է գնել բնակարանը: Մինչ այդ ապրել են Անդրանիկ Ավագյանը և Կարինեն: Կարինեի սկեսրայրը մահացել էր, գնացել է նրանց տուն, վերջինս հայտնել է, որ Նատալյան իր բարեկամն է: Ինքը վաղուց լսել էր, որ նրանք բնակարանն ուզում են վաճառել: Մոտ երկու տարի է, ինչ բնակարանը վաճառել են, սկզբում ապրում էին, հետո նույն թվականի ապրիլ ամսից Նատալյան եկել, իրեն խնդրել է, որ դատարանում հանդես գա, որ գնել է այդ տունը, եկել-գնացել է, բայց չի ապրել, ինքը տարին մեկ անգամ չի բարձրացել նրանց տուն: Անդրանիկը շուրջ մեկ տարի չի բնակվել այդ բնակարանում: Վաճառելուց հետո բնակվում էր Նատալյան, նա ասել է, որ գնել են, դա ապրիլ ամսին էր: Կարինեն ասել է, որ վաճառել են նրան, մեկ տարի առաջ է տեսել, գնում-գալիս էր, շորեր էր վերցնում, տանում: Հիմա ոչ ոք չի ապրում, ապրիլ ամսից ոչ ոք չի ապրում» (հատոր 2-րդ, գ.թ. 6-8, դատական նիստի արձանագրություն).

9) «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 31.05.2018 թվականին տրված թիվ 124-01/Վ-017 փորձագետի եզրակացության համաձայն` գնահատման ենթակա Երևանի Արաբկիր համայնքի Ադոնց փողոցի 5-րդ շենքի թիվ 16 հասցեում գտնվող (վկայական 14032013-01-4008) 78.4քմ ընդհանուր մակերեսով բնակարանից Անդրանիկ Ավագյանին պատկանող 3/4-րդ բաժնեմասի բնեղենով առանձնացումը տեխնիկական և փորձագիտական տեսանկյունից հնարավոր չէ կատարել: Գնահատման ենթակա Երևանի Արաբկիր համայնքի Ադոնց փողոցի 5-րդ շենքի թիվ 16 հասցեում գտնվող բնակարանի ընդհանուր շուկայական արժեքը պայմանականորեն ընդունելով բավարար՝ ապրանքային վիճակում կարող է կազմել 22.700.000 ՀՀ դրամ: Գնահատվող բնակարանից Անդրանիկ Ավագյանին պատկանող 3/4-րդ բաժնեմասի արժեքը կարող է կազմել 17.025.000 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 2-12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի խախտում, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, հարկ է համարում կրկին անդրադառնալ կեղծ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին։

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):

Վկայակոչված հոդվածների վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրն անվավեր գործարքները դասակարգել է երկու խմբի՝ վիճահարույց գործարքներ, որոնք անվավեր են դատարանի կողմից այդպիսին ճանաչելու ուժով, և առոչինչ գործարքներ, որոնք անվավեր են օրենքի ուժով՝ անկախ նման ճանաչումից: Միաժամանակ օրենսդիրը որպես առոչինչ գործարքների տեսակ նախատեսել է նաև կեղծ գործարքը: Կեղծ գործարքներն առոչինչ համարելը պայմանավորված է նրանով, որ դրանցում իրականությունը խեղաթյուրվում է դիտավորյալ կերպով՝ բացասական ազդելով քաղաքացիական շրջանառության բարեխիղճ մասնակիցների շահերի վրա: Կեղծ գործարք կնքվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է ստեղծել իրավահարաբերության առկայության պատրանք՝ քողարկելու համար գործարքի կնքման իրական շարժառիթները: Այլ կերպ ասած՝ կեղծ գործարքը ծառայում է որպես միջոց՝ գործարքին մասնակից չհանդիսացող երրորդ անձի համար իրականությունը դիտավորյալ խեղաթյուրելու համար (տե՛ս Սուսաննա Խաչատրյանի ընդդեմ Զարինե Մարգարյանի, Աստինե Սարգսյանի թիվ ՍԴ/1308/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.09.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ կեղծ գործարքը համարվում է կամքի արատով գործարք, քանի որ այն չի պարունակում գործարքի կողմերի նպատակադրված կամային ակտը՝ ներքին կամքը, ուղղված իրավունքների և պարտականությունների ծագմանը, փոփոխմանը կամ դադարմանը: Կեղծ գործարքի դեպքում կողմերը չունեն իրական նպատակ՝ կնքելու գործարք՝ իրավունքներ և պարտականություններ առաջացնելով, փոփոխելով կամ դադարեցնելով, նրանց իրական նպատակը իրավահարաբերության պատրանք ստեղծելն է՝ իրական կամքը թաքցնելու նպատակով (տե՛ս, Վահե Հովսեփյանի ընդդեմ Կարեն Թամամյանի և Էդուարդ Երիցյանի` թիվ ԵՇԴ/1788/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը շինծու գործարքի վերաբերյալ նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ երկկողմ գործարքը կնքողներից միայն մեկ կողմի մոտ խաթարված կամքի առկայության դեպքում այդ գործարքը չի կարող գնահատվել շինծու, քանի որ նման փաստերի առկայությունը հնարավոր հիմք է տալիս հանգելու հետևության, որ հարցը վերաբերում է խաբեությամբ կնքված գործարքին (վիճահարույց գործարք), որի համար օրենսդիրը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդված) սահմանել է անվավեր ճանաչելու այլ հիմքեր և դրանից բխող հետևանքներ (տե՛ս, Հասմիկ Բլուրցյանն ընդդեմ Վահե Այվազյանի և մյուսների թիվ 3-793 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ կեղծ գործարքի առկայությունը գնահատելիս դատարանները պետք է գնահատման արժանացնեն գործարքի կողմերի մոտակա և հեռահար նպատակները՝ հաշվի առնելով, որ գործարքի կնքման մոտակա նպատակը գործարքի տպավորություն ստեղծելն է, իսկ հեռահար նպատակը՝ կողմերի կամ նրանցից մեկի համար որևէ առավելություն ստանալը կամ որևէ սահմանափակում շրջանցելը: Հեռահար նպատակի մասին կարող է վկայել, օրինակ, չկատարված պարտավորության, օրինական ուժի մեջ մտած՝ չկատարված դատական ակտի կամ այլ նմանատիպ հանգամանքների առկայությունը: Ի տարբերություն հեռահար նպատակի, որի առկայությունը հաստատելու համար կարող են ներկայացվել ուղղակի ապացույցներ, մոտակա նպատակն ապացուցելը բարդ է՝ հաշվի առնելով, որ այն վերաբերում է գործարքի կողմերի ներքին կամքին, հետևաբար մոտակա կամքը բացահայտելու համար կարող են ներկայացվել նաև անուղղակի ապացույցներ: (․․․)։

Վերոգրյալ իրավական վերլուծությունների համադրման արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել առանձնացնել կեղծ գործարքի հետևյալ տարրերը, որոնց գնահատումը կոնկրետ գործի շրջանակներում կնպաստի բացահայտելու կեղծ գործարքի առկայությունը՝

1. Կեղծ գործարքի օբյեկտն այն իրավահարաբերություններն են, որից կողմերը ցանկանում են խուսափել, այսինքն՝ կեղծ գործարք կնքելու իրական պատճառ հանդիսացող հարաբերությունները: Որպես հատուկ օբյեկտ կարելի է առանձնացնել քաղաքացիաիրավական շրջանառության այն կոնկրետ սուբյեկտի իրավունքներն ու օրինական շահերը, որոնք ոտնահարվում են կեղծ գործարք կնքելու հետևանքով (օրինակ՝ պարտավորության կատարումից խուսափելու նպատակով կնքված կեղծ գործարքի դեպքում պարտատիրոջ շահերը):

2. Օբյեկտիվ կողմից կեղծ գործարքները դրսևորվում են այնպիսի գործողություններով (անգործությամբ), որի արդյունքում ստեղծվում է իրական հարաբերության առկայության տպավորություն: Գործարքը կնքելուց հետո կողմերի վարքագիծը, որպես կանոն, դրսևորվում է անգործությամբ՝ կողմերը չեն իրականացնում համապատասխան գործողություններ գործարքի իրական հետևանքների առաջացման համար:

3. Կեղծ գործարքի սուբյեկտիվ կողմը դրսևորվում է գործարքի բոլոր կողմերի դիտավորությամբ: Կեղծ գործարքի առկայությունը հաստատելու համար բավարար չէ միայն մեկ կողմի դիտավորությունը՝ կնքելու կեղծ գործարք: Կողմերից մեկի դիտավորության բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ գործարքի կեղծ լինելը հաստատելու համար, քանի որ գործարքի բարեխիղճ կողմը չպետք է տուժի մյուս կողմի անբարեխղճության հետևանքով: Բացի այդ, կեղծ գործարքի նպատակը իրավահարաբերության պատրանք ստեղծելն է, իսկ նման տպավորություն ստեղծելու համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերն ի սկզբանե նման ցանկություն ունենան (տե՛ս նաև Ալբերտ Պետրոսսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանն ընդդեմ «Նորովի» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/0935/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի բովանդակությունից ակնհայտ է այն, որ գործարքի կեղծ լինելը պայմանավորված է դրա առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված լինելու հանգամանքով, իսկ այդ հանգամանքի առկայությունը կամ բացակայությունն օրենսդիրն ուղղակիորեն պայմանավորել է գործարքի կողմերի դիտավորությամբ: Նրանց կամքը պետք է ուղղված լինի այնպիսի ակնկալիքի առաջացմանը, որը ոչ միայն չի համապատասխանում կնքվելիք գործարքի համար օրենսդրի կողմից նախատեսված փաստական հետևանքներին, այլև կողմերը, ըստ էության, իրենց գործողություններով ձեռնպահ են մնում գործարքով ձեռք բերված իրավունքների իրականացումից` նպատակ հետապնդելով կեղծ գործարքի միջոցով շրջանցել որոշակի քաղաքացիաիրավական պարտավորության կատարումը:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հայկանուշ Բաղդասարյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով պահանջել է որպես առոչինչ` կեղծ գործարքի անվավերության հետևանք, անվավեր ճանաչել Անդրանիկ Ավագյանի և Նատալյա Բարխուդարյանի միջև 11.03.2013 թվականին կնքված Երևանի Ադոնցի փողոցի 5-րդ շենքի թիվ 16 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ նաև՝ Պայմանագիր), կիրառել գործարքի անվավերության հետևանքները և նշված անշարժ գույքում Անդրանիկ Ավագյանի ունեցած բաժնեմասի վրա հօգուտ իրեն տարածել բռնագանձում՝ դատարանի վճռով սահմանված հայցագումարի և դրան համապատասխան տոկոսադրույքների չափով:

Դատարանը, պատճառաբանելով, որ «(...) թեև 11.03.2013 թվականին կնքվել է բնակարանի առուվաճառքի գործարք, գործարքից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման, այսինքն՝ ըստ էության կողմերը փորձել են ստեղծել տպավորություն, որ կնքված գործարքն առաջացնում է համապատասխան իրավական հետևանքներ, միևնույն ժամանակ, սակայն, գործում առկա են բավարար վերաբերելի և թույլատրելի ապացույցներ, որոնք համակցության մեջ գնահատելու արդյունքում դատարանը գալիս է այն եզրահանգման, որ 11.03.2013 թվականին կնքված պայմանագիրը կեղծ է եղել, առանց որևէ իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության, և դրա կնքմամբ Անդրանիկ Ավագյանը փորձել է խուսափել Հայկանուշ Բաղդասարյանի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումից: (...)», 17.05.2019 թվականի վճռով հայցը բավարարել է՝ վճռել է. «Որպես առոչինչ գործարքի` ք. Երևան, Ադոնցի փողոցի 5 շենքի թիվ 16 բնակարանի վերաբերյալ 11.03.2013 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանք մասնակի` Անդրանիկ Ավագյանի` 3/4 բաժնեմասի մասով անվավեր ճանաչել 11.03.2013 թվականին Նատալյա Բարխուդարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և ք. Երևան, Ադոնցի փողոցի 5 շենքի թիվ 16 բնակարանի 3/4 բաժնեմասի նկատմամբ ճանաչել Անդրանիկ Ավագյանի սեփականության իրավունքը: ք. Երևան, Ադոնցի փողոցի 5 շենքի թիվ 16 հասցեի բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ։ Անդրանիկ Ավագյանի բաժնեմասի դիմաց ստացված գումարն ուղղել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԱՔԴ/0603/02/13 կատարողական թերթով սահմանված` բռնագանձվող գումարների մարմանը: Նատալյա Բարխուդարյանից և Անդրանիկ Ավագյանից համապարտության կարգով հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 8000 ՀՀ դրամ, որպես պետական տուրք: Նատալյա Բարխուդարյանից և Անդրանիկ Ավագյանից համապարտության կարգով հօգուտ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի բռնագանձել 62.000 ՀՀ դրամ` որպես փորձաքննության կատարման ծախս»:

Վերաքննիչ դատարանը 11.10.2019 թվականի որոշմամբ Նատալյա Բարխուդարյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 17.05.2019 թվականի վճիռը բեկանել է, և այն փոփոխել՝ հայցը մերժել է: Վերաքննիչ դատարանը նշել է, որ գործում առկա չեն բավարար ապացույցներ, որոնք կհիմնավորեին վիճելի գործարքի կեղծ լինելու հանգամանքը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ Դատարանը սույն գործով 11.03.2013 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի նկատմամբ անվավերության հետևանք է կիրառել մասնակի` Անդրանիկ Ավագյանի 3/4-րդ բաժնեմասի մասով, գտել է, որ գործարքը չի կարող միևնույն գնորդի պայմաններում մի մասով կեղծ լինել, այսինքն՝ բնակարանի 3/4-րդ բաժնեմասի սեփականատիրոջ մասով իրավական հետևանքներ չառաջացնելու նպատակ հետապնդի, սակայն նույն գնորդի և մյուս բաժնեմասի սեփականատիրոջ մասով հետապնդի իրավունքներ ու պարտականություններ առաջացնելու նպատակ: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ առկա չեն առուվաճառքի պայմանագիրը որպես կեղծ որակելու՝ օրենսդրի կողմից ամրագրված հատկանիշները:

ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

Համանման կարգավորումներ է նախատեսում նաև Նախկին օրենսգիրքը: Մասնավորապես, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի ու թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կեղծ գործարքի առկայությունը որոշելիս դատարանը յուրաքանչյուր գործով պետք է բացահայտի կեղծ գործարքին բնորոշ հատկանիշները: Ընդ որում, յուրաքանչյուր հատկանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտման արդյունքում՝ հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը:

Վերը նշված մեկնաբանությունների և իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով վիճարկվող գործարքի կեղծ լինելը վկայակոչող բողոքաբերի փաստարկների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ գործարքը կեղծ որակելու փաստն արձանագրելիս դատարանները նախևառաջ պետք է բացահայտեն կեղծ գործարքին բնորոշ հատկանիշները, որոնց առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտման արդյունքում՝ հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ մինչ կեղծ գործարքի առկայությունը հաստատված համարելը Դատարանը նախևառաջ պետք է բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատման առարկա դարձներ գործում առկա յուրաքանչյուր ապացույց՝ պարզելու համար՝

- կողմերի՝ գործարքի իրավական հետևանքները փաստացի առաջացնելու՝ ներքին կամքի բացակայությունը,

- գործարքի բոլոր կողմերի դիտավորությունը՝ ուղղված իրավահարաբերության ծագման տպավորություն ստեղծելուն,

- գործարքի կնքման առնչությամբ գործարքի բոլոր կողմերի մոտակա և հեռահար նպատակը։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն գործով Դատարանը չի իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատում՝ պարզելու համար կեղծ գործարքի վերը թվարկված պայմանների առկայությունը: Մասնավորապես, Դատարանը գործարքի կեղծ լինելը և կեղծ գործարքի կնքման իրական շարժառիթը հիմնավորել է՝ վկայակոչելով Հայկանուշ Բաղդասարյանի նկատմամբ Անդրանիկ Ավագյանի ունեցած պարտավորությունների կատարումից խուսափելու հեռահար նպատակը՝ հիմք ընդունելով թիվ ԵԱՔԴ/0603/02/13 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 24.12.2014 թվականի վճիռը: Այնինչ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի և պատասխանող Անդրանիկ Ավագյանի միջև առկա պարտավորության առկայությանը դեռևս բավարար հիմք չի կարող համարվել այն եզրահանգման գալու համար, որ պատասխանող Անդրանիկ Ավագյանը բնակարանն օտարել է հայցվորի հանդեպ պարտավորության կատարումից խուսափելու համար՝ հատկապես այն պարագայում, երբ վիճելի գործարքի կնքման պահին այդ պարտավորությունը դեռևս կետանցված չէր և առկա չէր դատական վեճ կամ բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

Այսպիսով, գործում առկա չեն բավարար ապացույցներ, պնդելու համար, որ պատասխանող Անդրանիկ Ավագյանը, կնքելով վիճելի գործարքը, չի ունեցել բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելու նպատակ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործարքի կեղծ կամ իրական լինելու հանգամանքը պետք է դիտարկել նաև գնորդի կողմից գործարքը կնքելուց հետո դրսևորած վարքագծի շրջանակներում։ Մասնավորապես, 2013 թվականին առուվաճառքի պայմանագիր կնքելուց և վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուց հետո որպես արդեն իսկ նշված բնակարանի սեփականատեր Նատալյա Բարխուդարյանը այդ գույքի նկատմամբ իրականացրել է բացառապես սեփականատիրոջ իրավազորություններ, որպիսի հանգամանքը հիմնավորվում է նաև վկաների ցուցմունքներով, իսկ գործում առկա վճարման անդորրագրերով հաստատվում է, որ գնորդը` պատասխանող Նատալյա Բարխուդարյանը, 2013, 2014, 2015 թվականների համար վճարել է վերը նշված գույքի գույքահարկը, ինչպես նաև 2014, 2015 և 2016 թվականների համար կատարել է աղբահանության վճարումները, թույլ է տվել նախկին սեփականատերերին բնակվել այդ բնակարանում, հետագայում խնդրել է ազատել այն, ինչն օրինաչափ է այն առումով, որ վերջինս, որպես արդեն իսկ նշված բնակարանի սեփականատեր, իրավունք ունի առանց որևէ սահմանափակման թույլ տալու իր սեփականությունը հանդիսացող բնակարանում բնակվել ցանկացած անձի, այնուհետև որոշ ժամանակահատված բնակվել է այդ բնակարանում հետևաբար՝ խոսք չի կարող լինել այն մասին, որ գնորդ Նատալյա Բարխուդարյանը գործարք կնքելու իրական նպատակ չի ունեցել և նրա իրական նպատակն ի սկզբանե եղել է իրավահարաբերության պատրանք ստեղծելը՝ իրական կամքը թաքցնելու նպատակով։

Ինչ վերաբերում է բողոքաբերի վկայակոչած այն փաստարկին, որ դատավարական փաստաթղթերում որպես իր հասցե նշել է Ադոնցի փողոցի 5-րդ շենքի թիվ 16 բնակարանի հասցեն, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված փաստն ինքնին, գործարքի կեղծ լինելու հանգամանքը հիմնավորող այլ ապացույցների բացակայության պայմաններում, բավարար չէ եզրահանգելու համար, որ ներկայիս սեփականատերը` Նատալյա Բարխուդարյանը, չի տիրապետում, օգտագործում և տնօրինում իր սեփականությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով չապացուցված են կեղծ գործարքին բնորոշ տարրերի առկայությունը, մասնավորապես՝ ապացուցված չէ, որ Պայմանագրի կողմերը ցանկացել են խուսափել որոշակի իրավահարաբերություններից, Պայմանագիրը դրսևորվել է այնպիսի գործողություններով (անգործությամբ), որի արդյունքում ստեղծվել է իրական հարաբերության առկայության տպավորություն և որ առկա է կեղծ գործարք կնքելու բոլոր կողմերի դիտավորությունը։

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նատալյա Բարխուդարյանի, Անդրանիկ Ավագյանի և Մարիաննա Ավագյանի միջև 11032013 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջներին համապատասխան ու առկա չեն հիմքեր այն կեղծ համարելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորությունը՝ մերժել Հայկանուշ Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը և օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի 11.10.2019 թվականի որոշումը՝ սույն որոշման պատճառաբանություններով:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմնավորվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով։

Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով։

Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով։

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը մերժվում է՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտը թողնվում է օրինական ուժի մեջ՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև ենթակա են բաշխման հետևյալ կերպ՝

Վերաքննիչ դատարանի 11102019 թվականի որոշմամբ Դատարանի 17052019 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու՝ Հայկանուշ Բաղդասարյանի հայցը մերժելու և դատական ծախսերի բաշխման մասով Հայկանուշ Բաղդասարյանից հօգուտ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի 62000 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության կատարման ծախս, հօգուտ ՀՀ պետական բյուջե՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար սահմանված և հետաձգված պետական տուրքի գումար, հօգուտ Նատալյա Բարխուդարյանի՝ որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար, բռնագանձման ենթակա լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանում և Վերաքննիչ դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։

Հայկանուշ Բաղդասարյանի կողմից վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված 20.000 ՀՀ դրամ նախապես վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցը նաև այդ մասով պետք է համարել լուծված։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական այլ ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պայմաններում այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2019 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ․ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան