ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2024 թվականի N 2035-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 792-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանում «10.1-ին և 19-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին և 19-րդ հոդվածին» բառերով․
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ Լիազոր մարմին)» բառերով.
3) որոշման և որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Լիազոր մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
4) կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում «զարգացումը, հատակագծումը, քաղաքացիների, հասարակության և պետության շահերի ապահովումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված հատուկ կանոնների և ընթացակարգերի անհրաժեշտությամբ ու կիրառմամբ» բառերը փոխարինել «կառուցապատումը, հատակագծումը, օգտագործումը, քաղաքացիների, հասարակության, պետության շահերի ապահովումը պահանջում են օրենսդրական լրացուցիչ լուծումներ» բառերով.
5) կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով և 19-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո համայնքի ղեկավարը դրանք 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է պետական կառավարման տարածքային մարմին` համաձայնեցման։ Վերջինս 5 աշխատանքային օրվա ընթացքում նշված փաստաթղթերը՝ իր եզրակացության հետ միասին, ներկայացնում է լիազոր մարմին՝ համաձայնեցման, իսկ բացասական կարծիքի դեպքում՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է համայնքին՝ հղում կատարելով համապատասխան իրավական ակտին:».
6) կարգի 12.2-րդ կետը «համաձայնեցմանը չեն ներկայացվում`» բառերից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշմամբ սահմանված դեպքերի» բառերով.
7) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.3-րդ կետով.
«12.3. Լիազոր մարմինը սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով և 19-րդ կետով սահմանված փաստաթղթերն ուսումնասիրում և ներկայացված առաջարկությունների փաստաթղթային կազմը լիարժեք չլինելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է առաջարկությունները ներկայացրած պետական կառավարման տարածքային մարմնին, վերջինս 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է համայնք, իսկ լրակազմ փաթեթի առկայության դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն: Լիազոր մարմինը սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով և 19-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է շահագրգիռ մարմիններ՝ կարծիքի: Շահագրգիռ մարմինների կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում կարծիք չներկայացնելը համարվում է դրական, իսկ կարծիք ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմինն ամփոփում է կարծիքները և տրամադրում է եզրակացություն:».
8) ուժը կորցրած ճանաչել կարգի 13-րդ և 14-րդ կետերը․
9) Կարգի 18-րդ կետում «3-րդ ենթակետի «ա», «բ», «գ» պարբերություններով» բառերը փոխարինել «3-րդ ենթակետով և 19-րդ կետով» բառերով.
10) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ VII և VIII գլուխներով.
«VII. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄԸ
19. Լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացվող փաստաթղթերում ներառվում են՝
1) հողամասի տեղադիրքը գլխավոր հատակագծի հիմնական գծագրի վրա 1:10000 կամ 1:5000 մասշտաբով.
2) իրավիճակային հատակագիծը՝ 1:500 կամ 1:1000 մասշտաբով՝ նշելով հողամասը, հարևան հողօգտագործումները, գոյություն ունեցող, վերակառուցվող և նախատեսվող շենքերը և շինությունները, դրանց բնույթը, շենքերի, շինությունների միջև հեռավորությունները, հողամասից 70 մ շառավղով միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ճանապարհները, դեպի գոյություն ունեցող և նախատեսվող շենքեր և շինություններ տրանսպորտային միջոցների մուտքի ու ելքի և տրանսպորտային միջոցների համար կայանատեղիի կազմակերպման, ինչպես նաև կառուցապատման սխեմաները (գծապատկերները), ինժեներական ենթակառուցվածքի գծային և կետային օբյեկտները և դրանց անվտանգության գոտիները՝ համաձայնեցված տնօրինող և շահագործող կազմակերպությունների հետ.
3) հողամասի WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով կազմված հատակագիծը.
4) համայնքի ղեկավարին ուղղված ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայտը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված ձևաչափին համապատասխան (Ձև N 1-1) և օբյեկտի նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) նախագիծը.
5) համայնքի ղեկավարի տեղեկանք-հիմնավորումը՝ համայնքի համար նախատեսվող օբյեկտի կարևորության, գլխավոր հատակագծով նախատեսված հեռանկարային զարգացման համապատասխան գոտիների սահմաններում համարժեք հողամասի տրամադրման անհնարինության պատճառների և առաջարկվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ.
6) տեղեկանք Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչություն ունենալու և հողամասին առնչվող այլ սահմանափակումների մասին.
7) անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականը (առկայության դեպքում).
8) հողամասի առկա վիճակը փաստող լուսանկարները, որոնցում արտացոլված կլինեն հարակից հողամասերը և ճանապարհները:
VIII. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
20. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեությունն իրականացվում է «Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքների համաձայն։»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի, Տաթևի համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման նախաբանում «10.1-ին և 19-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և 19-րդ հոդվածով» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2024 թվական: