ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 11.06.96 ՀՕ-74)
2. Հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել.
ա) հասարակական-քաղաքական կազմակերպությունների գրանցման մասին դիմումը.
բ) հասարակական-քաղաքական կազմակերպությունների համագումարի կամ հիմնադիր ժողովի արձանագրությունը.
գ) հասարակական-քաղաքական կազմակերպության կանոնադրությունը 4 օրինակից, կարված և ստորագրված կազմակերպության բարձրագույն պաշտոնատար անձի (անձանց) կողմից: Կանոնադրության մեջ նշվում են կազմակերպության անվանումը, իրավաբանական հասցեն, նպատակներն ու խնդիրները, կառուցվածքը, սեփականության և միջոցների գոյացման աղբյուրները.
դ) հասարակական-քաղաքական կազմակերպության կանոնադրության մեջ թվարկված այն կազմակերպությունների կանոնադրությունները, որոնք հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցման պահից ձեռք են բերելու իրավաբանական անձի կարգավիճակ: Եթե այդ կազմակերպություններից որևէ մեկի կանոնադրությունը չհամապատասխանի օրենսդրության պահանջներին, ապա հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցումը մերժվում է.
ե) հասարակական-քաղաքական կազմակերպության սեփական միջոցների ցանկը, դրանց գոյացման աղբյուրները և օգտագործման ու տնօրինման վերաբերյալ փաստաթղթերը:
3. Նույն անվանումով հասարակական-քաղաքական կազմակերպությունների գրանցման ընթացքում առաջացած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի կողմից:
4. Հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցման մասին տեղեկատվությունը, որի մեջ նշվում է կազմակերպության անվանումը և իրավաբանական հասցեն, 10 օրվա ընթացքում հրապարակվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:
5. «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտում թույլ տված կազմակերպության գրանցումը չի կատարվում մինչև կազմակերպության կողմից այդ խախտումների վերացումը:
6. Հասարակական-քաղաքական կազմակերպության ինքնալուծարքի կամ վերակազմավորման դեպքում կազմակերպությունը պարտավոր է այդ մասին 5 օրվա ընթացքում հայտնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
7. «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել սույն որոշման հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` |
ա. սահակյան |
2 ապրիլի 1991 թվականի, քաղ. Երևան Հ.Ն.-0276-1 |