Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-0276-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.07.1996-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991/7(987) հոդ. 123, 15 ապրիլի 1991
Ընդունող մարմին
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.04.1991
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
02.04.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 11.06.96 ՀՕ-74)

2. Հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել.

ա) հասարակական-քաղաքական կազմակերպությունների գրանցման մասին դիմումը.

բ) հասարակական-քաղաքական կազմակերպությունների համագումարի կամ հիմնադիր ժողովի արձանագրությունը.

գ) հասարակական-քաղաքական կազմակերպության կանոնադրությունը 4 օրինակից, կարված և ստորագրված կազմակերպության բարձրագույն պաշտոնատար անձի (անձանց) կողմից: Կանոնադրության մեջ նշվում են կազմակերպության անվանումը, իրավաբանական հասցեն, նպատակներն ու խնդիրները, կառուցվածքը, սեփականության և միջոցների գոյացման աղբյուրները.

դ) հասարակական-քաղաքական կազմակերպության կանոնադրության մեջ թվարկված այն կազմակերպությունների կանոնադրությունները, որոնք հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցման պահից ձեռք են բերելու իրավաբանական անձի կարգավիճակ: Եթե այդ կազմակերպություններից որևէ մեկի կանոնադրությունը չհամապատասխանի օրենսդրության պահանջներին, ապա հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցումը մերժվում է.

ե) հասարակական-քաղաքական կազմակերպության սեփական միջոցների ցանկը, դրանց գոյացման աղբյուրները և օգտագործման ու տնօրինման վերաբերյալ փաստաթղթերը:

3. Նույն անվանումով հասարակական-քաղաքական կազմակերպությունների գրանցման ընթացքում առաջացած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի կողմից:

4. Հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցման մասին տեղեկատվությունը, որի մեջ նշվում է կազմակերպության անվանումը և իրավաբանական հասցեն, 10 օրվա ընթացքում հրապարակվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

5. «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտում թույլ տված կազմակերպության գրանցումը չի կատարվում մինչև կազմակերպության կողմից այդ խախտումների վերացումը:

6. Հասարակական-քաղաքական կազմակերպության ինքնալուծարքի կամ վերակազմավորման դեպքում կազմակերպությունը պարտավոր է այդ մասին 5 օրվա ընթացքում հայտնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

7. «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել սույն որոշման հրապարակման պահից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության  Գերագույն խորհրդի նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար`

ա. սահակյան

 

2 ապրիլի 1991 թվականի,

քաղ. Երևան

Հ.Ն.-0276-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.11.2006, ՀՕ-199-Ն 04.01.2007, Ն-0276-1
11.06.1996, ՀՕ-74 24.07.1996, Ն-0276-1
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան