Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 92-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
13.09.2024
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2024

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2024 թվականի

ք. Երևան

թիվ 92-Ա

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 87-Ա ՈՐՈՇՄԱՄԲ «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2024 թվականի սեպտեմբերի 13-ի նիստում քննարկեց Հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 30-ի թիվ 87-Ա որոշմամբ «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության (այսուհետ նաև` ցանցային օպերատոր) նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու մասին հարցը:

Քննարկման արդյունքում Հանձնաժողովն ամրագրեց հետևյալը.

Հանձնաժողովը «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերությանը տրամադրել է ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա՝ 29-ը դեկտեմբերի 2022 թվականից առ 29-ը դեկտեմբերի 2032 թվականը գործողության ժամկետով (սփռման տարածքը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ):

Հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 2024 թվականի օգոստոսի 15-ին ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ՝ հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ամրագրված պահանջի խախտումը:

Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում հաստատված է համարել այն փաստը, որ ցանցային օպերատորի կողմից առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովվել տեսալսողական հաղորդումների վերահաղորդումը, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման և խախտումը չվերացնելու դեպքում, նաև լիցենզիայի դադարեցման հիմք են։

Հանձնաժողովը, ղեկավարվելով Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 14-րդ կետով, 42-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 6-րդ մասով, 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, 2024 թվականի օգոստոսի 30-ին ընդունել է ««ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» թիվ 87-Ա որոշումը՝ կասեցնելով ցանցային օպերատորի լիցենզիայի գործողությունը տասն օր ժամկետով:

2024 թվականի օգոստոսի 30-ի թիվ 87-Ա որոշումն ուժի մեջ է մտել այն ցանցային օպերատորին պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվել որոշումն ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ 2024 թվականի սեպտեմբերի 05-ից: Այսպիսով, կասեցման ժամկետն է 05․09․2024թ․-ից-15․09․2024թ-ը։

Հանձնաժողովն արձանագրում է, որ ցանցային օպերատորը սահմանված ժամկետում վերացրել է նշված խախտումները և որպես ապացույց Հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի օգոստոսի 30-ի թիվ Ե/04/04․1/638-24 գրությամբ պահանջված տեղեկատվությունը:

 

Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.

Այսպիսով, սույն գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովն արձանագրում է, որ Հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 30-ի թիվ 87-Ա որոշմամբ ցանցային օպերատորի նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը կիրառվել է տասն օր ժամկետով՝ 2024 թվականի սեպտեմբերի 05-ից սեպտեմբերի 14-ը և կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից՝ 2024 թվականի սեպտեմբերի 15-ից, քանի որ վերացվել են ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման հիմք հանդիսացած խախտումները։

Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ hեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:

«Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:

«Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է.

Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից:

Վերը նշված փաստական և իրավական հիմնավորումներից ակնհայտ է, որ Հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 30-ի թիվ 87-Ա որոշմամբ լիցենզիայի գործողությունը կասեցվել է տասն օր ժամկետով, հետևաբար, «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից՝ 2024 թվականի սեպտեմբերի 15-ից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով ` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

 

1. Վերացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 87-Ա որոշմամբ «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը՝ 2024 թվականի սեպտեմբերի 15-ին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 15-ին:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահի

պաշտոնակատար

Գ. Մամիկոնյան

 

2024 թ. սեպտեմբերի 13

ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան