ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2518-Ա |
«08» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 26.03.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԳՀԾՁԲ-24/64 ծածկագրով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարածքում հրատապ լուծում պահանջող ծառայությունների ձեռքբերման ընթացակարգին հայտ է ներկայացրել նաև «Կարմա Գրուպ» ՍՊ ընկերությունը, որը գնման ընթացակարգի շրջանակում չի ճանաչվել, որպես ընտրված մասնակից:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը հասանելի տեղեկատվական շտեմարաններում առկա տեղեկատվության վերլուծությամբ պարզվել է, որ «Կարմա Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Սամվել Աշոտի Զաքարյանը 2022 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև օրս հանդիսանում է նաև «Զաքարյան Շին» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի բաժնետեր և տնօրեն, և որ «Զաքարյան Շին» ՍՊ ընկերությունը 2023 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 8-ը ներառված է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
«Կարմա Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Սամվել Աշոտի Զաքարյանը և «Զաքարյան Շին» ՍՊ ընկերության միջև առկա է փոխկապակցվածություն:
«Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ «Բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք` որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:....»:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» (այսուհետ՝ Կարգ) 119-րդ կետի 2-րդ ենթակետի՝ «Գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով` 1) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են, կամ վարում են ընդհանուր տնտեսություն, կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.
2) ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝
ա. տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին տնօրինող մասնակից,
բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ,
գ. տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող կոլեգիալ մարմնի նախագահ, անդամ,
դ. իրավաբանական անձի այնպիսի աշխատակից, որն աշխատում է գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման հարցում որևէ էական ազդեցություն ունի.»:
Համաձայն Կարգի 121-րդ կետի պահանջների՝ «Մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:»:
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
(նախաբանը փոփ. 09.07.24 N 2538-Ա)
1. «Կարմա Գրուպ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
(1-ին կետը փոփ. 09.07.24 N 2538-Ա)
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |