ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2025 թվականի N 240-Ա
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 36-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը և 37-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի, 4-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող, 2025 թվականի փետրվարի 20-ի դրությամբ 1,131,656,377.90 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մյասնիկյան պողոտա 5/1 հասցեում գտնվող՝ 0,3501 հա հողամասով և դրա վրա գտնվող 2868,6 քառ.մետր մակերեսով վարչական շենքով, 18 քառ.մետր մակերեսով թիթեղյա ավտոտնակով, 74,7 քառ.մետր մակերեսով պահակակետով, 91,9 քառ.մետր մակերեսով լաբորատորիայով, 118,9 քառ.մետր մակերեսով պահեստով, 68,7 քառ.մետր և 30,3 քառ.մետր մակերեսներով օժանդակ շինություններով (համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 2670239 վկայականի՝ առկա է նաև ինքնակամ կառուցված 19,3 քառ.մետր մակերեսով կաթսայատուն, իսկ 0,0118 հա հողամասն ընկերությանը տրամադրված է վարձակալական հիմունքներով, այսուհետ՝ անշարժ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների գրանցումը՝ առաջացող ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին.
2) գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելուց առաջացող ավելացված արժեքի հարկի և շահութահարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով։
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված սույն որոշման 1-ին կետում նշված վարչական շենքից 2043,81 քառ.մետր մակերեսով տարածքը (որից 1792,61 քառ.մետր մակերեսով 2-րդ մասնաշենքը և 1-ին մասնաշենքի 251,2 քառ.մետր մակերեսով 2-րդ հարկը) ամրացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, իսկ 0,3501 հա մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող վարչական շենքից 824,79 քառ.մետր մակերեսով տարածքը, 18 քառ.մետր մակերեսով թիթեղյա ավտոտնակը, 74,7 քառ.մետր մակերեսով պահակակետը, 91,9 քառ.մետր մակերեսով լաբորատորիան, 118,9 քառ.մետր մակերեսով պահեստը, 68,7 քառ.մետր և 30,3 քառ.մետր մակերեսներով օժանդակ շինություններն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։
5. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքից 0,3501 հա մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող վարչական շենքից 824,79 քառ.մետր մակերեսով տարածքը, 18 քառ.մետր մակերեսով թիթեղյա ավտոտնակը, 74,7 քառ.մետր մակերեսով պահակակետը, 91,9 քառ.մետր մակերեսով լաբորատորիան, 118,9 քառ.մետր մակերեսով պահեստը, 68,7 քառ.մետր և 30,3 քառ.մետր մակերեսներով օժանդակ շինությունները մեկ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ընկերությանը:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և կոմիտեի նախագահների հետ համատեղ, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերն իրականացնելով համապատասխան մարմինների միջոցների հաշվին։
7. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 6-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 5-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի կնքման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 1317-Ա որոշումը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
