ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2021 թվականի N 2087-Ն
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՀԱՐԹԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՈՒԺՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԱՅՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 22․1-ին հոդվածները, 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 42․1-ին հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 10-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 23.11.23 N 2054-Ն)
1․ Հաստատել՝
1) օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը, հասանելիություն ունեցող պետական մարմինները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը, հայտերի լրացման և ներկայացման կարգը, աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին տրամադրվող բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի ձևը, այն ստանալու համար պահանջվող փաստաթղթերը, տրամադրման կարգը և ժամկետը, աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի քարտի ձևը, տրամադրման կարգը և ժամկետը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու, ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ժամանակավոր կացության կարգավիճակի քարտը վերականգնելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական տուրքերը գանձող մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:
(2-րդ կետը փոփ. 23.11.23 N 2054-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
4. Սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով սահմանված պետական մարմինները սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում ապահովում են իրենց վերապահված գործառույթների իրականացումը միասնական էլեկտրոնային հարթակում։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2087-Ն որոշման |
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
1. Օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը (այսուհետ՝ հարթակ) վարում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (այսուհետ՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)։
(1-ին կետը փոփ. 23.11.23 N 2054-Ն)
2. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝
1) հարթակի կիրառմամբ իրականացնում է պետական մարմինների, գործատուների և օտարերկրացիների միջև հաղորդակցությունը, օտարերկրացու աշխատանքային գործունեությունը թույլատրելու գործընթացում ապահովում է սույն հավելվածով սահմանված պետական մարմինների հասանելիությունը հարթակին և իրենց անմիջական գործառույթներն իրականացնելուց հետո արգելափակում է պետական մարմինների հասանելիությունն օտարերկրացու կամ նրա գործատուի վերաբերյալ տեղեկություններին.
2) հարթակի միջոցով հավաքում և մշակում է օտարերկրացու անձնական տվյալները.
3) օտարերկրացու կողմից թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար հայտի շրջանառության ընթացքում հայտնաբերված սխալների և վրիպակների, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ, փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին հարթակի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով կամ փոստով ծանուցում է դիմումատուին.
4) կասեցնում է վարույթը, եթե գործատուի կողմից մուտքագրված՝ օտարերկրացու տվյալների համադրման արդյունքում հայտնաբերվել է, որ նույն օտարերկրացու վերաբերյալ առկա է ընթացիկ վարույթ նույն կամ այլ հիմքերով: Եթե գոյություն ունի միևնույն օտարերկրացու, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական ակտ, ապա վարույթը կարճվում է.
5) «Օտարերկրացիների մասին» օրենքով և սույն որոշմամբ նախատեսված կարգով օտարերկրացուն աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու, մերժելու կամ կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դիմումը բավարարելու, մերժելու կամ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճելու, կասեցնելու կամ հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, ինչպես նաև բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տրամադրելու, մերժելու կամ երկարաձգելու վերաբերյալ դիմումը բավարարելու, մերժելու կամ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճելու, կասեցնելու կամ հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում կայացնում է հարթակի միջոցով դիմումն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում.
6) «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ի մասի «ժէ» կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում տրամադրում է բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք՝ համաձայն սույն որոշման N 3 հավելվածի.
7) հանրային ծառայությունների համարանիշ (այսուհետ՝ ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք ստանալու վերաբերյալ օտարերկրացու դիմումի հիման վրա տրամադրում է ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք.
8) աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների տվյալների Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի շտեմարանի հետ համադրման արդյունքում հայտնաբերված անհամապատասխանության դեպքերի վերաբերյալ հարթակի միջոցով այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով.
9) խորհրդատվություն է տրամադրում գործատուներին և օտարերկրացիներին հարթակի կիրառման և օգտագործման վերաբերյալ.
10) hավաքագրում, մշակում, ամփոփում է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն իրականացնող օտարերկրացիների վերաբերյալ վիճակագրական տվյալները և տրամադրում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին։
(2-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 23.11.23 N 2054-Ն)
3. Հարթակին հասանելիություն ունեցող պետական մարմիններն են՝
1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ՝ ԱԱԾ), որը՝
ա. սույն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով և ժամկետում վերբեռնում է գրավոր եզրակացություն և հարթակի համապատասխան դաշտում կատարում է նշում օտարերկրացուն աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ,
բ. հարթակի միջոցով ծանուցում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը եզրակացություն տրամադրելու համար լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ ոստիկանություն) Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը տրամադրում է հասանելիություն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի էլեկտրոնային քարտադարանին.
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ ԱՍՀՆ), որը՝
ա. կատարում է նշում, հարթակի համապատասխան դաշտում թափուր աշխատատեղը համալրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության քաղաքացու առաջադրման, կամ առաջադրման բացակայության մասին՝ համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի,
բ․ վերբեռնում է գրավոր եզրակացություն և հարթակի համապատասխան դաշտում կատարում է նշում «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված հիմքի առկայության մասին,
գ. վերբեռնում է գրավոր եզրակացություն և հարթակի համապատասխան դաշտում կատարում է նշում «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժզ» կետին համապատասխանելու վերաբերյալ,
դ. հարթակի միջոցով ծանուցում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը եզրակացություն տրամադրելու համար լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ.
4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ ԱՆ), որը՝
ա․վերբեռնում է գրավոր եզրակացություն և հարթակի համապատասխան դաշտում կատարում է նշում «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ե», «զ» կետերին համապատասխանելու վերաբերյալ,
բ․հարթակի միջոցով ծանուցում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը եզրակացություն տրամադրելու համար լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ.
5) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ ԿԳՄՍՆ), որը՝
ա․ վերբեռնում է գրավոր եզրակացություն և հարթակի համապատասխան դաշտում կատարում է նշում «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «թ», «ժբ»,«ժե»,«ժթ» կետերին համապատասխանելու վերաբերյալ,
բ․ հարթակի միջոցով ծանուցում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը եզրակացություն տրամադրելու համար լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ.
6) Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետ՝ ԱԱՏՄ), որը՝
ա․ սույն հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետի հիմքով հարթակի միջոցով համապատասխան դիմում ստանալու դեպքում իր լիազորությունների շրջանակում իրականացնում է պետական վերահսկողություն,
բ․ հարթակի միջոցով Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը տրամադրում է տեղեկություն սույն հավելվածի 2-րդ կետի 9-րդ հիմքով ստացված դիմումի ընթացքի և ստուգումների արդյունքների վերաբերյալ,
գ․ հարթակի միջոցով տեղեկացնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը օտարերկրացի աշխատողների աշխատանքային իրավունքների բացահայտված խախտումների վերաբերյալ.
7) Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը (այսուհետ՝ հանձնակատարի գրասենյակ), որը՝
ա․ վերբեռնում է գրավոր եզրակացություն և հարթակի համապատասխան դաշտում կատարում է նշում «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ի» կետին համապատասխանելու վերաբերյալ,
բ․հարթակի միջոցով ծանուցում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը եզրակացություն տրամադրելու համար լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ.
8) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ ՊԵԿ), որը՝
ա․ hարկային հսկողության շրջանակներում կատարում է հարցումներ հարթակի տվյալների շտեմարանին՝ գործատուների և վերջիններիս օտարերկրացի աշխատողների աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի, Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների բնակության օրինականությունը հավաստող հիմքերի վերաբերյալ.
բ. հարթակին տրամադրում է հասանելիություն ՊԵԿ տվյալների շտեմարանին սույն որոշմամբ նախատեսված դեպքերում և կարգով ինքնաշխատ հարցումներ ուղարկելու և հարթակում գրանցված օտարերկրացիների և ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիների մասով յուրաքանչյուր ամիս հաշվարկված եկամտային հարկի վերաբերյալ և ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիների՝ հարթակում գրանցման մասով՝ ՊԵԿ տվյալների շտեմարանում որպես աշխատող հաշվառված լինելու վերաբերյալ տվյալներ ստանալու համար.
9) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (այսուհետ՝ ԱԳՆ), որը՝
ա․ կատարում է հարցումներ հարթակի տվյալների շտեմարանին՝ աշխատանքային գործունեության հիմքով օտարերկրացի աշխատողների ժամանակավոր կացության կարգավիճակի վերաբերյալ։
(3-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 23.11.23 N 2054-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 23.11.23 N 2054-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2087-Ն որոշման |
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՈՒԺՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի (այսուհետ՝ հարթակ) միջոցով՝
1) օտարերկրացուն տրամադրվում է ժամանակավոր կացության կարգավիճակ աշխատանքային գործունեության հիմքով՝ աշխատանքի թույլտվություն ստանալու կամ աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունների ցանկին համապատասխանելու ընթացակարգերով.
2) «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետի համաձայն՝ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ պետության քաղաքացի հանդիսացող անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների գրանցում, որի հիման վրա տրամադրվում է բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք։
2. Հարթակի միջոցով աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով դիմում (այսուհետ՝ դիմում) ներկայացնելու քայլերի հերթականությունը և լրացվող դաշտերի կառուցվածքը՝
1) գործատուի գրանցումը հարթակում․
ա. գրանցվելու համար գործատուն անցնում է խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի, շարժական քարտի (mobile ID)՝ իսկ գործատուի գործադիր մարմնի ղեկավարի օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում՝ սույն ենթակետի «բ» պարբերությամբ նշված տվյալները Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն անձամբ ներկայացնելու միջոցով,
բ. գործատու օգտատիրոջ գրանցման համար անհրաժեշտ է լրացնել իրավաբանական անձի hարկ վճարողի հաշվառման համարի (այսուհետ՝ ՀՎՀՀ), գործատուի էլեկտրոնային փոստի հասցեի (իրավաբանական անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե), գրանցումն իրականացնող անձի անձնական էլեկտրոնային փոստի հասցեի, փաստացի գործունեության հասցեի, հեռախոսահամարի, գաղտնաբառի դաշտերը։ Գործատու օգտատերը, կատարելով նշում համապատասխան դաշտում, համաձայնություն է տալիս անհրաժեշտ տեղեկատվությունը հարթակից իր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ստանալու վերաբերյալ, և այն համարվում է փոխադարձ համաձայնությամբ պատշաճ ծանուցում,
գ. սույն կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ նշված գործողությունները հարթակի կողմից հաստատվելուց (խիստ նույնականացումը անցնելուց) հետո օգտատիրոջ հանրային ծառայությունների համարանիշը (այսուհետ՝ ՀԾՀ-ն) և մուտքագրված ՀՎՀՀ-ն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստր)՝ համադրման նպատակով: Հարթակում գործատու իրավաբանական անձին կարող է գրանցել միայն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում տվյալ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար նշված անձը,
դ. գրանցումից հետո գործատուին հարթակից ինքնաշխատ եղանակով ուղարկվում է գրանցումը հաստատող էլեկտրոնային նամակ, որում առկա հղումով անցնելուց և առաջին անգամ հարթակ մուտք գործելուց հետո գործընթացը համարվում է ավարտված,
ե. գրանցման գործընթացն ավարտելուց հետո գործատուն կարող է հանդես գալ հարթակում լիազորված ֆիզիկական անձի (անձանց) միջոցով,
զ. լիազորված ֆիզիկական անձ ավելացնելու համար գործատուն անցնում է համապատասխան դաշտ և ավելացնում այդ անձի էլեկտրոնային փոստի հասցեն: Հարթակն ինքնաշխատ եղանակով գեներացնում է հրավերի նամակը, որը պարունակում է համապատասխան հղում,
է. լիազորված ֆիզիկական անձն անցնում է ինքնաշխատ եղանակով ստացված էլեկտրոնային նամակում նշված հղումով, որից հետո վերջինիս առաջարկվում է գրանցվել կամ մուտք գործել առկա օգտահաշվով: Լիազորված ֆիզիկական անձը գրանցվելու դեպքում անցնում է սույն կետի 1-ի ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված գործընթացը՝ առանց իրավաբանական անձի վերաբերյալ տվյալների լրացման,
ը. հարթակն ինքնաշխատ եղանակով պարբերաբար իրականացնում է հարթակում գրանցված իրավաբանական անձանց տվյալների համադրում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված տվյալների շտեմարանի հետ։ Համադրման արդյունքում գործատու իրավաբանական անձի կողմից հարթակում ստեղծված օգտահաշիվը ապաակտիվացվում է, եթե հարթակի կողմից հայտնաբերվում է գործատու իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևի փոփոխման, գործունեության կասեցման վերաբերյալ փաստ,
թ. գործատու իրավաբանական անձի լուծարման, իսկ գործատու ֆիզիկական անձի մահվան դեպքում հարթակի տվյալների շտեմարանից ապաակտիվացվում է համապատասխան օգտահաշիվը,
ժ. գործատու իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության դեպքում գործադիր մարմնի նոր ղեկավարն անցնում է սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված գործընթացը.
2) հարթակում գրանցվելուց և մուտք գործելուց հետո գործատուն ստեղծում է թափուր աշխատատեղի նոր նկարագիր (այսուհետ՝ նկարագիր)։ Նկարագրի ստեղծման ընթացքում հարթակն առաջարկում է ընտրել երկու տարբերակներից մեկը`
ա. «Աշխատանքի թույլտվություն»,
բ. «Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություններ»․
3) եթե ընտրվել է սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նշված տարբերակը, ապա համապատասխան դաշտում լրացվում է առաջարկվող աշխատատեղի և (կամ) պաշտոնի նկարագիրը և մուտքագրվում են օտարերկրացու տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, օրը, քաղաքացիությունը, մշտական բնակության երկիրը, սեռը, անձնագրի սերիան և համարը, անձնագրի տրման ամսաթիվը և վավերականության ժամկետը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, օտարերկրացու կրթության մակարդակի վերաբերյալ նշումը), ինչպես նաև վերբեռնվում է անձնագրի լուսապատճենը, դրա նոտարական թարգմանությունը (անհրաժեշտության դեպքում), գործատուի կողմից համապատասխան օտարերկրացուն աշխատանքի ընդունելու պարտավորությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը, կրթությունը հաստատող փաստաթղթի լուսապատճենը (ըստ անհրաժեշտության), ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարանիշը (եթե առկա է), գունավոր լուսանկարը՝ 35*45 մմ չափի, պետական տուրքը վճարված լինելու փաստը հավաստող փաստաթղթի լուսապատճենը (վճարման անդորրագիր) կամ կատարվում է նշում հարթակի համապատասխան դաշտում՝ պետական տուրք վճարելուց ազատված լինելու մասին.
3․1) օտարերկրացու տվյալները մուտքագրելուց հետո տվյալներում նշված էլ․ փոստի հասցեին հարթակն ինքնաշխատ ուղարկում է օտարերկրացու գրանցումը հաստատող նամակ, որում առկա հղումով անցնելուց հետո օտարերկրացին բացում է իր օգտահաշվի գրանցման էջը։ Կատարելով նշում համապատասխան դաշտում՝ օտարերկրացին համաձայնություն է տալիս ՊԵԿ շտեմարանում առկա իր եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի, սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկությունների, Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի էլեկտրոնային քարտադարանում իր վերաբերյալ առկա տվյալների մշակման վերաբերյալ և անհրաժեշտ տեղեկատվությունը հարթակից իր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ստանալու վերաբերյալ, և այն համարվում է փոխադարձ համաձայնությամբ պատշաճ ծանուցում, ինչից հետո ստեղծում է իր գաղտնաբառը և ակտիվացնում օգտահաշիվը․
4) «Հաստատել» կոճակը սեղմելուց հետո նկարագիրը և օտարերկրացու տվյալները պահպանվում են հարթակում: Հարթակում նկարագրի և օտարերկրացու տվյալների պահպանումը համարվում է գործատուի կողմից ներկայացված դիմում՝ առկա թափուր աշխատատեղն օտարերկրյա քաղաքացու կողմից զբաղեցնելու և համապատասխան օտարերկրացուն աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ վարչական վարույթ սկսելու համար.
5) նկարագիրը հարթակում պահպանելու պահին հարթակն այն ինքնաշխատ եղանակով ուղարկում է ԱՍՀՆ օպերատորին, որը 15 աշխատանքային օրվա ընթացքում հարթակում նկարագրի վերաբերյալ կատարում է հետևյալ նշումները՝
ա. «Թափուր աշխատատեղը լրացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիով»,
բ. «Թափուր աշխատատեղը կարող է լրացվել օտարերկրյա քաղաքացիով»,
գ. «Աշխատաշուկայի վիճակի վերլուծության հիման վրա թույլ չի տրվում նշված աշխատանքը»,
դ․ «Առկա են սխալներ և վրիպակներ կամ անհրաժեշտ են լրացուցիչ տեղեկություններ».
6) (ենթակետն ուժը կորցրել է 23.11.23 N 2054-Ն)
7) եթե սույն կետի 5-րդ ենթակետով սահմանված կարգով և ժամկետում ԱՍՀՆ որևէ գործողություն չի կատարում՝ հարթակն ինքնաշխատ եղանակով գեներացնում է սույն կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված նշումը.
8) (ենթակետն ուժը կորցրել է 23.11.23 N 2054-Ն)
9) (ենթակետն ուժը կորցրել է 23.11.23 N 2054-Ն)
10) եթե ընտրվել է սույն կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության տարբերակը, բացի նկարագրից՝ գործատուն ընտրում է համապատասխան բացառությունը և կցում օտարերկրացու ընտրված բացառությանը համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ.
11) գործատուի կողմից աշխատանքի նկարագիրը և օտարերկրացու տվյալները մուտքագրելուց հետո ԱԱԾ-ի օպերատորն ինքնաշխատ եղանակով ստանում է ծանուցում՝ հարթակ մուտքագրված նոր դիմումի վերաբերյալ.
12) ԱՍՀՆ օպերատորի կողմից սույն կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված նշումը վերբեռնելու կամ սույն կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով հարթակի կողմից ինքնաշխատ եղանակով ԱՍՀՆ օպերատորի դրական նշումը գեներացված լինելուց հետո ԱԱԾ-ն 5 աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնում է եզրակացություն՝ օտարերկրացուն հայցվող կարգավիճակի տրամադրման վերաբերյալ.
13) եթե սույն կետի 12-րդ ենթակետով նախատեսված ժամկետում ԱԱԾ-ն եզրակացություն չի տալիս, ապա եզրակացությունը համարվում է դրական.
14) ստացված եզրակացությունների հիման վրա Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կայացնում է որոշում.
15) սույն կետով նախատեսված կարգով գործատուի կողմից օտարերկրացու տվյալները մուտքագրելու պահից հարթակը ինքնաշխատ եղանակով գեներացնում է օտարերկրացու օգտահաշիվ մուտք գործելու համար նախատեսված մուտքանունը և գաղտնաբառը, որոնք ուղարկվում են գործատուի կողմից նշված օտարերկրացու էլեկտրոնային փոստի հասցեին: Այն դեպքում, երբ հարթակում արդեն առկա է նշված օտարերկրացու ակտիվ օգտահաշիվ, ապա նոր վարույթ սկսելու մասին ծանուցումն ուղարկվում է այդ օգտահաշվին.
16) օտարերկրացու օգտահաշիվը հնարավորություն է տալիս ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք ստանալու, ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ժամանակավոր կացության քարտը կորցնելու դեպքում այն նորով փոխարինելու դիմումներ ներկայացնելու, ինչպես նաև «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով և սույն որոշմամբ նախատեսված այլ գործողություններ իրականացնելու համար.
17) ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի երկարաձգման հայտը այլ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու համար, լրացնում է համապատասխան գործատուն՝ սույն կետի համաձայն.
18) եթե ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի երկարաձգումն անհրաժեշտ է նույն գործատուի մոտ աշխատանքը շարունակելու համար, ապա երկարաձգման դիմումը հարթակում լրացնում է տվյալ օտարերկրացին.
19) երկարաձգման դիմում գործատուի կամ օտարերկրացու կողմից կարող է ներկայացվել ոչ շուտ քան գործող ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտից 60 օր առաջ և ոչ ուշ, քան 30 օր առաջ։
(2-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 23.11.23 N 2054-Ն)
3. Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունների ընթացակարգով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը․
1) եթե գործատուն ընտրել է «Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություններ» տարբերակը, ապա հարթակն ինքնաշխատ եղանակով հայտն ուղարկում է համապատասխան լիազոր մարմին և ԱԱԾ, որոնք 10 աշխատանքային օրվա ընթացքում հարթակի միջոցով տրամադրում են եզրակացություն՝ օտարերկրացու նշված բացառությանը համապատասխանելու և օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ.
2) (ենթակետն ուժը կորցրել է 23.11.23 N 2054-Ն)
3) (ենթակետն ուժը կորցրել է 23.11.23 N 2054-Ն)
4) համապատասխան լիազոր մարմնից և ԱԱԾ-ից համապատասխան եզրակացություններն ստանալուց հետո Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կայացնում է որոշում՝ ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:
(3-րդ կետը փոփ., խմբ. 23.11.23 N 2054-Ն)
4. ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների գրանցումը հարթակում.
1) ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացին հարթակում գրանցվելու համար լրացնում է իր անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, սեռը, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, տրամադրման ամսաթիվը և վավերականության ժամկետը, ՀԾՀ-ն կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, աշխատանքային պայմանագրի սկզբի և ավարտի ամսաթվերը, ինչպես նաև վերբեռնում է անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, գունավոր լուսանկարը՝ 35x45 մմ չափի, աշխատանքային պայմանագրի լուսապատճենը։
Կատարելով նշում համապատասխան դաշտում՝ ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացին համաձայնություն է տալիս ՊԵԿ շտեմարանում առկա իր եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի, սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկությունների մշակման և անհրաժեշտ տեղեկատվությունը հարթակից իր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ստանալու վերաբերյալ, և այն համարվում է փոխադարձ համաձայնությամբ պատշաճ ծանուցում.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվությունը ԵԱՏՄ քաղաքացու կողմից մուտքագրվելուց հետո հարթակն ինքնաշխատ եղանակով ստուգում է մուտքագրված տվյալների իսկությունը՝ համադրելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) տվյալների շտեմարանի հետ: Համադրման դրական արդյունքի դեպքում հարթակը թույլատրում է ավարտել գրանցումը.
2.1) «Հաստատել» կոճակը սեղմելուց հետո ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու տվյալները պահպանվում են հարթակում: Հարթակում ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու տվյալների պահպանումը համարվում է ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու կողմից ներկայացված դիմում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տրամադրելու վերաբերյալ վարչական վարույթ սկսելու համար.
3) Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստացված տվյալների հիման վրա, ինչպես նաև ՊԵԿ-ի տվյալների շտեմարանի հետ համադրելու արդյունքում կայացնում է սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկանքի վերաբերյալ հետևյալ որոշումներից մեկը՝ «Տրամադրել տեղեկանք» կամ «Մերժել տեղեկանքի տրամադրումը».
3.1) Եթե Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ընդունվել է սույն կետի 3-րդ ենթակետում նշված «Տրամադրել տեղեկանք» որոշումը, ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացուն տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք՝ հարթակ վերբեռնված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետով։ Եթե հարթակ վերբեռնվել է անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր, ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացուն տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք 1 տարի վավերականության ժամկետով.
4) սույն կետի 1-ին ենթակետում լրացված և վերբեռնված տվյալներում առկա թերությունների դեպքում ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացին հարթակի միջոցով ստանում է համապատասխան հաղորդագրություն՝ առկա թերությունները շտկելու վերաբերյալ.
5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված գործողությունը 3 աշխատանքային օրվա ժամկետում կատարելու դեպքում ԵԱՏՄ քաղաքացին սեղմում է «Հաստատել» կոճակը, ինչից հետո տեղի են ունենում 2-րդ և 3-րդ ենթակետերում նկարագրված գործողությունները.
6) հարթակում գրանցվելուց և օգտահաշիվ մուտք գործելուց հետո ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացին կարող է հարթակի միջոցով ներկայացնել տրամադրված բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի գործողության ժամկետը երկարաձգելու, կորսված՝ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը վերականգնելու դիմումները.
7) հարթակում գրանցված ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացին իր օգտահաշվում լրացնում և վերբեռնում է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն չիրականացնող՝ ընտանիքի անդամների տվյալները.
8) հարթակում գրանցված ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացին լրացնում և վերբեռնում է իր ընտանիքի անդամների սույն կետի 1-ին ենթակետում նշված տվյալները (բացառությամբ՝ աշխատանքային պայմանագրի սկզբի և ավարտի ամսաթվերի, աշխատանքային պայմանագրի լուսապատճենի, գործատու իրավաբանական անձի անվանման կամ ֆիզիկական անձ գործատուի անվան, ազգանվան), ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալը ապացուցող փաստաթղթերի լուսապատճենները.
8.1) սույն կետի 7-րդ ենթակետով նախատեսված գործողությունն իրականացնելուց և 8-րդ ենթակետով նախատեսված տվյալները մուտքագրելուց հետո ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու ընտանիքի անդամի տվյալները պահպանվում են հարթակում: Հարթակում ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու ընտանիքի անդամի տվյալների պահպանումը համարվում է ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու կողմից ներկայացված դիմում՝ իր ընտանիքի անդամին Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տրամադրելու վերաբերյալ վարչական վարույթ սկսելու համար.
8.2) ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու ընտանիքի անդամին Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տրամադրելու վերաբերյալ վարույթն սկսված է համարվում սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված գործողությունը կատարելուց հետո.
9) հարթակ մուտքագրված ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու ընտանիքի անդամների տվյալների հիման վրա Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝ «Տրամադրել տեղեկանք» կամ «Մերժել տեղեկանքի տրամադրումը»:
(4-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 23.11.23 N 2054-Ն)
5. Հարթակի գործառույթները՝
1) հարթակը պետական մարմինների օպերատորների համար գեներացնում է լրացուցիչ աղյուսակներ և ընձեռում լրացուցիչ գործառութային հնարավորություններ.
2) գեներացնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ԱԱԾ-ին հասանելի աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակը հաստատող քարտի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին տրամադրված՝ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի տվյալները (հարթակում օտարերկրացու գրանցման հերթական համարը, տրամադրված ժամանակավոր կացության քարտի կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի հերթական համարը, ՊԵԿ-ի շտեմարանի հետ համադրման մասին տեղեկությունը, աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտի օրը, ամիսը, տարին և այլն).
3) աշխատանքային գործունեության հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակի վավերականության ժամկետը լրանալու դեպքում հարթակը գեներացնում է այն օտարերկրացիների ցանկը, որոնց կարգավիճակի վավերականության ժամկետը լրացել է։ Սույն ենթակետում նշված ցանկում արտահայտվում են Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու մասին տեղեկությունները (ինքնաշխատ եղանակով ստուգվում է ՍԷԿՏ համակարգի հետ), Հայաստանի Հանրապետությունում այլ հիմքով օրինական բնակության իրավունք ստանալու մասին տեղեկությունները (ինքնաշխատ եղանակով ստուգվում է բնակչության պետական ռեգիստրի, կացության կարգավիճակ ստացած անձանց և Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող և փախստական ճանաչված անձանց տվյալների շտեմարանների հետ).
4) յուրաքանչյուր եռամսյակ հարթակն ինքնաշխատ եղանակով ՊԵԿ-ի տվյալների շտեմարանի հետ համադրում և գեներացնում է այն օտարերկրացիների ցանկը, որոնց աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի վավերականության ժամկետը չի լրացել, սակայն նրանց մասին ՊԵԿ-ի շտեմարանում տվյալներ չեն հայտնաբերվել.
5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերը հայտնաբերելիս՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հարթակի միջոցով այդ մասին տեղեկացնում է ԱԱՏՄ՝ պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով.
6) հարթակում անձնական տվյալները հավաքագրվում, մշակվում և պահվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։
(5-րդ կետը փոփ. 23.11.23 N 2054-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 23.11.23 N 2054-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2087-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՈՒԺՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԱՅՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ
1. Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին տրամադրվող բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի ձևը, այն ստանալու համար պահանջվող փաստաթղթերը, տրամադրման կարգը և ժամկետը.
1) Հայաստանի Հանրապետությունում համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին տրամադրվող բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը (այսուհետ՝ տեղեկանք) 54x85,7 մմ չափերի, պոլիմերային նյութից պատրաստված, Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն իրականացնող Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիներին տրվող փաստաթուղթն է.
2) տեղեկանքի ամբողջ մակերևույթը սպիտակ է, որի վրա կան նարնջագույն (HTML Hex # F1AD33) հորիզոնական շերտագծեր.
3) տեղեկանքի դիմերեսի վերին եզրից 3,17 մմ հեռավորության վրա՝ տեղեկանքի երկայնքով, միմյանցից 0,35 մմ հեռավորությամբ անցնում են նարնջագույն 5,34 մմ բարձրությամբ հորիզոնական շերտագծեր, որոնց միջև տեղեկանքի ամբողջ երկարությամբ 0,35 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն միգրացիայի և քաղաքացիության ծառայություն բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք».
4) դիմերեսի վերևի հորիզոնական շերտագծի վրա՝ տեղեկանքի դիմերեսի ձախ եզրից 4,18 մմ հեռավորության վրա, 5 կետաչափ տառաչափով, սպիտակ գույնով, հայերեն մեծատառերով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը.
5) դիմերեսի ներքևի հորիզոնական շերտագծի վրա՝ տեղեկանքի դիմերեսի ձախ եզրից 4,18 մմ հեռավորության վրա, 5 կետաչափ տառաչափով, սպիտակ գույնով, ռուսերեն մեծատառերով տպագրված են «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ» բառերը.
6) դիմերեսի վերևի հորիզոնական շերտագծի վրա՝ տեղեկանքի դիմերեսի ձախ եզրից 49 մմ հեռավորության վրա, 5 կետաչափ տառաչափով, սպիտակ գույնով, հայերեն մեծատառերով տպագրված են «ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ» բառերը, որի ներքևի հատվածում՝ տեղեկանքի դիմերեսի ձախ եզրից 59,2 մմ հեռավորության վրա, 3 կետաչափ տառաչափով, սպիտակ գույնով, հայերեն մեծատառերով տպագրված են «ԱՇԽԱՏԱՆՔ (ԵԱՏՄ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ)» բառերը.
7) դիմերեսի ներքևի հորիզոնական շերտագծի վրա՝ տեղեկանքի դիմերեսի ձախ եզրից 51,36 մմ հեռավորության վրա, 5 կետաչափ տառաչափով, սպիտակ գույնով, ռուսերեն մեծատառերով տպագրված են «СПРАВКА ПОДТВЕРЖДАЮЩАЯ ЗАКОННОСТЬ ПРОЖИВАНИЯ» բառերը.
8) ներքևի հատվածում՝տեղեկանքի դիմերեսի ձախ եզրից 68,9 մմ հեռավորության վրա, 3 կետաչափ տառաչափով, սպիտակ գույնով, ռուսերեն մեծատառերով տպագրված են «РАБОТА (ДОГОВОР О ЕАЭС)» բառերը.
9) հորիզոնական շերտագծերից ներքև՝ տեղեկանքի դիմերեսի ձախ եզրից 10,76 մմ և վերևի եզրից 15,52 մմ հեռավորության վրա, տեղակայված է 7 մմ/2,1 մմ հարաբերակցությամբ Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով ուղղանկյուն, որի ներքևի հատվածում՝ տեղեկանքի դիմերեսի ձախ եզրից 4,2 մմ հեռավորության վրա, տեղակայված է 20 մմ լայնությամբ և 25 մմ բարձրությամբ գունավոր լուսանկարի անձնավորման դաշտը։ Դաշտի ներքևի հատվածում՝ տեղեկանքի դիմերեսի ձախ եզրից 10,76 մմ և տեղեկանքի դիմերեսի վերին եզրից 42,68 մմ հեռավորության վրա, տեղակայված է 7 մմ լայնությամբ և 1,4 մմ բարձրությամբ Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով ուղղանկյուն.
10) տեղեկանքի դիմերեսի ձախ եզրից 8 մմ և տեղեկանքի դիմերեսի վերևի եզրից 45,5 մմ հեռավորության վրա տեղակայված է 3 մմ բարձրությամբ և 12,4 մմ լայնությամբ տեղեկանքի համարի անձնավորման դաշտը.
11) տեղեկանքի դիմերեսի ձախ եզրից 40,9 մմ և տեղեկանքի դիմերեսի վերին եզրից 15,5 մմ հեռավորության վրա տեղակայված է 30 մմ լայնությամբ և 28,8 մմ բարձրությամբ ետնապատկեր՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը.
12) հորիզոնական նարնջագույն շերտագծերից ներքև՝ տեղեկանքի դիմերեսի ձախ եզրից 27,2 մմ հեռավորության վրա, 4 կետաչափ տառաչափով, բաց նարնջագույնով, հայերեն և ռուսերեն տպագրված են անձնավորման դաշտերի անվանումները` հետևյալ հերթականությամբ․
ա․ Անուն/ Имя,
բ․ Ծնվել է/Дата рождения,
գ․ ՀԾՀ/НЗОУ,
դ․ Տրված է/ Дата выдачи,
ե․ Վավերական է/ Срок действия.
13) տեղեկանքի դիմերեսի ձախ եզրից 53,3 մմ հեռավորության վրա` «Անուն/ Имя» անձնավորման դաշտի անվանմանը զուգահեռ, նարնջագույնով տպագրված է «Ազգանուն/Фамилия» անձնավորման դաշտի անվանումը, իսկ «Ծնվել է/Дата рождения» անձնավորման դաշտի անվանմանը զուգահեռ՝ «Քաղաքացիություն/Гражданство» անձնավորման դաշտի անվանումը, «ՀԾՀ/НЗОУ» անձնավորման դաշտին զուգահեռ՝ «Սեռը/Пол» անձնավորման դաշտի անվանումը, «Տրված է/Дата выдачи» անձնավորման դաշտին զուգահեռ` «Անձնագրի N/ Паспорт N» անձնավորման դաշտի անվանումը.
14) տեղեկանքի դիմերեսի ձախ եզրից 50 մմ և տեղեկանքի դիմերեսի վերևի եզրից 45,7 մմ հեռավորության վրա 5 կետաչափ տառաչափով, սպիտակ գույնով հայերեն տպագրված են «Ում կողմից՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բառերը, որի ներքևի հատվածում 5 կետաչափ տառաչափով, սպիտակ գույնով ռուսերեն՝ «Выдано Службой миграции и гражданства» բառերը.
15) տեղեկանքի դիմերեսի ձախ եզրից 76,3 մմ և տեղեկանքի դիմերեսի վերին եզրից 45,5 մմ հեռավորության վրա տեղակայված է 5 մմ և 3,1 մմ բարձրությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարբերանշանը.
16) տեղեկանքի դարձերեսին տեղեկանքի ձախ եզրից 9 մմ և վերին եզրից 6 մմ հեռավորության վրա անցնում է սպիտակ գույնի շերտագիծ, որտեղ հատուկ գծային կոդ տառատեսակով անձնավորվում է վկայականի համարը.
16.1) տեղեկանքի դարձերեսին տեղեկանքի ձախ եզրից 65 մմ և վերին եզրից 5 մմ հեռավորության վրա տպագրվում է քարտի «արագ արձագանքի կոդը» (Quick Response code կրճատ՝QR code).
17) տեղեկանքի դարձերեսին տեղեկանքի վերին եզրից 22 մմ հեռավորության վրա տեղեկանքի ամբողջ լայնությամբ անցնում է 16 մմ բարձրությամբ հոծ մուգ նարնջագույն շերտագիծ, որի վրա առանձին կետերով, հայերեն և ռուսերեն տպագրված են հետևյալ նախադասությունները՝
ա․ «Սույն տեղեկանքը կրողն ունի Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվելու իրավունք։»,
բ․ «Обладатель данной справки имеет законное право на проживание на территории Республики Армения.».
18) տեղեկանքի դարձերեսին, շերտագծի ներքևի հատվածում առանձին կետերով, հայերենով և ռուսերենով տպագրված են հետևյալ նախադասությունները․
ա․ «Սույն տեղեկանքը կորցնելու դեպքում տիրապետողը պարտավոր է անհապաղ դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն:»,
բ․ «В случае утери данной cправки владелец должен немедленно обратиться в Службу миграции и гражданства.».
19) տեղեկանքը պատրաստվում է սերիաներով՝ յուրաքանչյուրը 99999 տպաքանակով։ Սերիան նշագրվում է լատիներեն մեծատառերով (AD, AE, AF): Տեղեկանքի համարակալումն սկսվում է 00001 և ավարտվում` 99999 թվանշաններով։ Համապատասխան սերիայի տեղեկանքների քանակի սպառման դեպքում փոփոխվում է սերիայի 2-րդ տառը.
20) (ենթակետն ուժը կորցրել է 23.11.23 N 2054-Ն)
21) տեղեկանքը օտարերկրացին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ստանում է անձամբ՝ տեղեկանքի տրամադրման մասին որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օր հետո: Տեղեկանքի ստացումը հավաստվում է օտարերկրացու ստորագրությամբ, որը վերբեռնվում է հարթակ.
22) տեղեկանքը կորցնելու դեպքում ԵԱՏՄ անդամ պետության՝ Հայաստանում աշխատանքային գործունեություն իրականացնող քաղաքացին անձամբ հարթակի միջոցով դիմում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը վերաթողարկում է տրամադրված տեղեկանքը՝ նոր հերթական համարով.
23) ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու՝ Հայաստանում աշխատանքային գործունեություն չիրականացնող ընտանիքի անդամի կողմից, տրամադրված տեղեկանքը կորցնելու դեպքում՝ վերականգնման վերաբերյալ դիմումը ներկայացնում է հարթակում գրանցված ընտանիքի անդամը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը վերաթողարկում է տրամադրված տեղեկանքը՝ նոր հերթական համարով։
(1-ին կետը փոփ., խմբ., լրաց. 23.11.23 N 2054-Ն)
2. Աշխատանքային գործունեության հիմքով տրամադրվող ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող քարտի ձևը, տրամադրման կարգը և ժամկետը.
1) աշխատանքային գործունեության հիմքով տրամադրվող ժամանակավոր կացության քարտը (այսուհետ՝ քարտ) 54x85,7 մմ չափերի, պոլիմերային նյութից պատրաստված, օտարերկրացու աշխատանքային գործունեության հիմքով Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթն է.
2) քարտի ամբողջ մակերևույթը սպիտակ է, որի վրա կան մուգ կապույտ (HTML Hex # 324157) հորիզոնական շերտագծեր.
3) քարտի դիմերեսի վերին եզրից 3,17 մմ հեռավորության վրա՝ քարտի երկայնքով, միմյանցից 0,35 մմ հեռավորությամբ անցնում են մուգ կապույտ գույնի 5,24 մմ բարձրությամբ հորիզոնական շերտագծեր, որոնց միջև քարտի ամբողջ երկարությամբ 0,3 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն միգրացիայի և քաղաքացիության ծառայություն աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության քարտ».
4) դիմերեսի վերևի հորիզոնական շերտագծի վրա ՝ քարտի դիմերեսի ձախ եզրից 4,18 մմ հեռավորության վրա, 5 կետաչափ տառաչափով, սպիտակ գույնով, հայերեն մեծատառերով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը.
5) դիմերեսի ներքևի հորիզոնական շերտագծի վրա՝ քարտի դիմերեսի ձախ եզրից 4,18 մմ հեռավորության վրա, 5 կետաչափ տառաչափով, սպիտակ գույնով, անգլերեն մեծատառերով տպագրված են «REPUBLIC OF ARMENIA» բառերը.
6) դիմերեսի վերևի հորիզոնական շերտագծի վրա՝ քարտի դիմերեսի ձախ եզրից 51,43 մմ հեռավորության վրա, 5 կետաչափ տառաչափով, սպիտակ գույնով, հայերեն մեծատառերով տպագրված են «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ» բառերը, որի ներքևի հատվածում՝ քարտի ձախ եզրից 65,25 մմ հեռավորության վրա, 3 կետաչափ տառաչափով, սպիտակ գույնով, հայերեն մեծատառերով տպագրված են «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» բառերը.
7) դիմերեսի ներքևի հորիզոնական շերտագծի վրա՝ քարտի դիմերեսի ձախ եզրից 54,41 մմ հեռավորության վրա, 5 կետաչափ տառաչափով, սպիտակ գույնով, անգլերեն մեծատառերով տպագրված են «TEMPORARY RESIDENCE CARD» բառերը, որի ներքևի հատվածում՝ քարտի ձախ եզրից 74 մմ հեռավորության վրա, 3 կետաչափ տառաչափով, սպիտակ գույնով, անգլերեն մեծատառերով տպագրված են «WORK ACTIVITY» բառերը.
8) հորիզոնական շերտագծերից ներքև՝ քարտի դիմերեսի ձախ եզրից 10,76 մմ և վերևի եզրից 15,52 մմ հեռավորության վրա, տեղակայված է 7 մմ/2,1 մմ հարաբերակցությամբ Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով ուղղանկյուն, որի ներքևի հատվածում՝ քարտի դիմերեսի ձախ եզրից 4,2 մմ հեռավորության վրա, տեղակայված է 20մմ լայնությամբ և 25մմ բարձրությամբ գունավոր լուսանկարի անձնավորման դաշտը։ Դաշտի ներքևի հատվածում՝ քարտի դիմերեսի ձախ եզրից 10,76 մմ և քարտի դիմերեսի վերին եզրից 42,68 մմ հեռավորության վրա, տեղակայված է 7 մմ լայնությամբ և 1,4 մմ բարձրությամբ Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով ուղղանկյուն.
9) քարտի դիմերեսի ձախ եզրից 8 մմ և քարտի դիմերեսի վերևի եզրից 45,5 մմ հեռավորության վրա տեղակայված է 3 մմ բարձրությամբ և 12,4 մմ լայնությամբ քարտի համարի անձնավորման դաշտը.
10) քարտի դիմերեսի ձախ եզրից 40,9 մմ և քարտի դիմերեսի վերին եզրից 15,5 մմ հեռավորության վրա տեղակայված է 30 մմ լայնությամբ և 28,8 մմ բարձրությամբ ետնապատկեր՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը.
11) հորիզոնական մուգ կապույտ շերտագծերից ներքև՝ քարտի դիմերեսի ձախ եզրից 27,2 մմ հեռավորության վրա, 4 կետաչափ տառաչափով, մուգ կապույտ գույնով, հայերեն և անգլերեն տպագրված են անձնավորման դաշտերի անվանումները` հետևյալ հերթականությամբ՝
ա․ Անուն/ Name,
բ․ Ծնվել է/ Date of birth,
գ․ ՀԾՀ/SSN,
դ․ Տրված է/ Date of issue,
ե․ Վավերական է/ Date of expiry.
12) քարտի դիմերեսի ձախ եզրից` 53,3 մմ հեռավորության վրա` «Անուն/Name» անձնավորման դաշտի անվանմանը զուգահեռ, մուգ կապույտ գույնով տպագրված է «Ազգանուն/Surname» անձնավորման դաշտի անվանումը, իսկ «Ծնվել է/Date of birth» անձնավորման դաշտի անվանմանը զուգահեռ՝ «Քաղաքացիություն/ Citizenship» անձնավորման դաշտի անվանումը, «ՀԾՀ /SSN» անձնավորման դաշտին զուգահեռ՝ «Սեռը/Sex» անձնավորման դաշտի անվանումը,«Տրված է/Date of issue» անձնավորման դաշտին զուգահեռ` «Անձնագրի N/ Passport N» անձնավորման դաշտի անվանումը.
13) քարտի դիմերեսի ձախ եզրից 50 մմ և քարտի դիմերեսի վերևի եզրից 45,7 մմ հեռավորության վրա 4 կետաչափ տառաչափով, սպիտակ գույնով հայերեն տպագրված են «Ում կողմից` Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բառերը, որի ներքևի հատվածում 4 կետաչափ տառաչափով, սպիտակ գույնով անգլերեն՝ «Issued by Migration Service» բառերը.
14) քարտի դիմերեսի ձախ եզրից 24,57 մմ և վերին եզրից 45,5 մմ հեռավորության վրա տեղակայված է 5մմ և 3,1 մմ բարձրությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարբերանշանը.
15) քարտի դարձերեսին քարտի ձախ եզրից 24,86 մմ և վերին եզրից 9,3 մմ հեռավորության վրա անցնում է սպիտակ գույնի շերտագիծ, որտեղ հատուկ գծային կոդ տառատեսակով անձնավորվում է վկայականի համարը.
15.1) քարտի դարձերեսին տեղեկանքի ձախ եզրից 65 մմ և վերին եզրից 5 մմ հեռավորության վրա տպագրվում է քարտի «արագ արձագանքի կոդը» (Quick Response code կրճատ՝ QR code).
16) քարտի դարձերեսին քարտի վերին եզրից 22 մմ հեռավորության վրա քարտի ամբողջ լայնությամբ անցնում է 16 մմ բարձրությամբ հոծ մուգ կապույտ շերտագիծ, որի վրա առանձին կետերով, հայերենով և անգլերենով տպագրված են հետևյալ նախադասությունները․
ա․ «Սույն քարտը տիրապետողն ունի Հայաստանի Հանրապետությունում աշխատելու, Հայաստանի Հանրապետություն մուտքի և ելքի իրավունք։»,
բ․ «The holder of this card has a right to work in the Republic of Armenia, enter and exit the Republic of Armenia».
17) քարտի դարձերեսին, շերտագծի ներքևի հատվածում առանձին կետերով, հայերեն և անգլերեն տպագրված են հետևյալ նախադասությունները․
ա․ «Սույն քարտը կորցնելու դեպքում տիրապետողը պարտավոր է անհապաղ դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն»,
բ․ «In case of loss of this card the holder should immediately apply to the Migration and Citizenship Service».
18) քարտը պատրաստվում է սերիաներով՝ յուրաքանչյուրը 99999 տպաքանակով։ Սերիան նշագրվում է լատիներեն մեծատառերով (AA, AB, AC): Քարտի համարակալումն սկսվում է 00001 և ավարտվում` 99999 թվանշաններով։ Համապատասխան սերիայի քարտերի քանակի սպառման դեպքում փոփոխվում է սերիայի 2-րդ տառը.
19) օտարերկրացին քարտն անձամբ ստանում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի քարտի տրամադրման մասին որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օր հետո: Քարտի ստացումը հավաստվում է օտարերկրացու ստորագրությամբ, որը վերբեռնվում է հարթակ.
20) քարտը կորցնելու դեպքում օտարերկրացին անձամբ հարթակի միջոցով դիմում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը վերաթողարկում է օտարերկրացուն տրամադրված քարտը՝ նոր հերթական համարով։
(2-րդ կետը փոփ., լրաց. 23.11.23 N 2054-Ն)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 23.11.23 N 2054-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.02.2024, N 217-Ն | 01.03.2024, N 2087-Ն | |
23.11.2023, N 2054-Ն | 01.01.2024, N 2087-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|