Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.05.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2023

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/5753/05/19

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5753/05/19

Նախագահող դատավոր՝

 Ա. Առաքելյան

Դատավորներ՝

 Ք. Մկոյան

 Կ. Գևորգյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող 

Ռ. Հակոբյան

զեկուցող

Հ. Բեդևյան

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. Հակոբյան

 

2023 թվականի մայիսի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.06.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «ՄԻՏԱՐԻՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանի 22.03.2019 թվականի թիվ 11-5/19515-19 գրությունը, Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 04.06.2019 թվականի թիվ 39/9 որոշումն անվավեր ճանաչելու և պատասխանողին համապատասխան գործողություններ` ուղղված Ընկերությունն իրեն պատկանող ադամանդե քարերն օրինական կարգով ստանալու ուղղությամբ, կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանի 22.03.2019 թվականի թիվ 11-5/19515-19 գրությունը, Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 04.06.2019 թվականի թիվ 39/9 որոշումը և պարտավորեցնել Կոմիտեին Ընկերությանը պատկանող ադամանդե քարերն օրինական կարգով ստանալու ուղղությամբ համապատասխան գործողություններ կատարել:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ՝ Դատարան) 02.04.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան, դատավորներ՝ Կ. Բաղդասարյան, Ա. Սարգսյան) 27.10.2021 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.04.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.12.2021 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.10.2021 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.06.2022 թվականի որոշմամբ Գոռ Բաբայանի՝ որպես դատավարությանը մասնակից չդարձված անձի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 02.04.2020 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով վճիռը կայացվել է 20.04.2020 թվականին, Գոռ Բաբայանը 14.04.2021 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտե` խնդրելով տեղեկություն հայտնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում քննվող թիվ ՎԴ/5753/05/19 վարչական գործով վեճի առարկա հանդիսացող` իր կողմից ՀՀ ներմուծված ապրանքների ճակատագրի մասին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 14.04.2021 թվականի դիմումով տեղեկություն խնդրելով Վերաքննիչ դատարանում գտնվող գործի մասին, Գոռ Բաբայանն արդեն իսկ իմացել է կամ կարող էր իմանալ 20.04.2020 թվականի վճռի առկայության մասին, հետևաբար, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ուներ 14.04.2021 թվականից սկսած` երեք ամսվա ընթացքում` մինչև 14.07.2021 թվականը, ինչը նշանակում է, որ Գոռ Բաբայանը վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց է թողել:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ պատասխանողի կողմից ներկայացված դիմումը որևէ կերպ չի հաստատում այն հանգամանքը, որ Գոռ Բաբայանը մինչև բողոքում նշված ժամկետը՝ 25.11.2021 թվականը, իմացել է կամ պարտավոր էր իմանալ վիճարկվող դատական ակտի մասին, քննարկման առարկա չի դարձրել բողոք բերելու համար սահմանված ժամկետը հարգելի համարելու հարցը, ինչպես նաև գնահատական չի տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված «կարող էին իմանալ» եզրույթին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.06.2022 թվականի որոշումը` 02.04.2020 թվականի վճիռը թողնելով անփոփոխ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 09.10.2018 թվականի Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսային զննման (տեսազննման) ակտի համաձայն` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահում մաքսային հսկողության գոտում զննության է ենթարկվել ԱՄԷ Շարժա քաղաքից թիվ G90246 չվերթով Երևան ժամանած Գոռ Բաբայանի ուղեբեռը, արդյունքում` Գոռ Բաբայանի թիվ G9674277 ուղեկցող ուղեբեռում` կարմիր գույնի «Տ» գրառմամբ ճամպրուկի մեջ առկա «SMOG» ապրանքանիշի 2 հատ ջինսե տաբատների գրպաններից հայտնաբերվել են 8 հատ պոլիէթիլենային պարկեր, որոնցից յուրաքանչյուրի մեջ առկա են եղել հետևյալ քաշերով ադամանդների նմանվող քարեր` 44.31 կարատ, 20.41 կարատ, 15.03 կարատ, 10.51 կարատ, 32.163 կարատ, 10 կարատ, 10.14 կարատ, 10.05 կարատ (հատոր 1-ին, գ.թ. 19-21),

2 09.10.2018 թվականին ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ և ապրանքներ, տրանսպորտային միջոցներ և փաստաթղթեր վերցնելու մասին արձանագրություններ (հատոր 1-ին, գթ 112-118),

3Կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի ավագ հետաքննիչ Հովիկ Սաֆարյանի 24.12.2018 թվականի որոշմամբ Գոռ Բաբայանի կողմից խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով օրենքով սահմանված հայտարարագիր չներկայացնելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է` հանցակազմի բացակայության հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 49-55),

4 27.12.2018 թվականի թիվ 224695 ապրանքների հայտարարագրի համաձայն` ԱՁ Գոռ Բաբայանը հայտարարագրել է 45.73 կարատ, 0.009146 բրուտտո քաշով և 26909.85 ԱՄՆ դոլար արժեքով մշակված բնական ալմաստ (հատոր 1-ին, գթ 97),

5 27.12.2018 թվականի թիվ 224697 ապրանքների հայտարարագրի համաձայն ` ԱՁ Գոռ Բաբայանը հայտարարագրել է 106.88 կարատ, 0.078854 բրուտտո քաշով և 18,574.5 ԱՄՆ դոլար արժեքով մշակված բնական ալմաստ (հատոր 1-ին, գթ 98), 8 Հայաստանի Հանրապետության Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ա.Մնացականյանի 04.02.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 22 որոշմամբ Գոռ Բաբայանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով` տուգանվելով մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված ադամանդների մաքսային արժեքի չափով` 20.490.610 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 56-61),

 6 Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը 22.03.2019 թվականի թիվ 11-5/19515-19 գրությամբ Ընկերության տնօրեն Միհրան Սարգսյանին հայտնել է. «2018 թվականի հոկտեմբերի 9-ին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահում ՀՀ ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցները մաքսային հսկողության գոտու «կանաչ ուղու» ելքը հատելուց հետո կանգնեցրել և զննության են ենթարկել Գոռ Բաբայանի ուղեբեռը, որում ջինսե տաբատների վրա հայտնաբերել են նախապես պատրաստված թաքստոցներ, որոնցում էլ հայտնաբերվել են, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված թվով 8 պոլիէթիլենային փաթեթ` տարբեր չափերի ադամանդներ։

ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն` որպես մաքսային ընթացակարգերով ձևակերպվող ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ` անդամ պետության անձը` որն օտարերկրյա անձի կետ կնքված այն գործարքի կողմերից է, որի հիման վրա ապրանքները տեղափոխվում են Միության մաքսային սահմանով, որի անունից և (կամ) որի հանձնարարությամբ կնքվել է նշված գործարքը, որն ունի ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք, եթե ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխվում են այն գործարքի շրջանակներից դուրս, որի կողմերից մեկն օտարերկրյա անձ է, որը Միության մաքսային տարածքում գտնվող օտարերկրյա ապրանքների մասով օտարերկրյա անձի կամ անդամ պետության անձի հետ կնքված գործարքի կողմերից է։

Նշված դեպքով նախապատրաստված նյութերում առկա փաստաթղթերով, մասնավորապես, մաքսային հայտարարագրով և հաշիվ-ապրանքագրերով հիմնավորվել է, որ վերոնշյալ ադամանդները պատկանում են Գոռ Բաբայանին, հետևաբար ադամանդները չեն կարող տրամադրվել Ձեզ:» (հատոր 1-ին, գ.թ. 23-24),

7 Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 04.06.2019 թվականի թիվ 39/9 որոշմամբ Ընկերության ներկայացուցչի դիմում-բողոքը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 30-32),

8 Գոռ Բաբայանը 14.04.2021 թվականին Կոմիտեին ուղղված դիմումով խնդրել է տեղեկություն հայտնել թիվ ՎԴ/5753/05/19 վարչական գործով վեճի առարկա հանդիսացող, իր կողմից ՀՀ ներկրված և Ընկերությանը պատկանող 04.02.2019 թվականի վարչական տույժ նշանակելու որոշմամբ խնդրո առարկա հանդիսացող գույքի ճակատագրի մասին (հատոր 5-րդ, գ.թ. 47)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատավարության մասնակից չդարձված անձանց կողմից դատական ակտը բողոքարկելու ժամկետներին։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35, 36, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել է դատավարությանը մասնակից չդարձված անձանց ինստիտուտին՝ այն դարձնելով գնահատման առարկա: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, Լաուրա Մկրտչյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը)։

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատավարության մասնակից չդարձված անձանց կողմից դատական ակտը բողոքարկելու ժամկետներին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի (...) դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարության մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած՝ երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին։ Այդպիսի վերաքննիչ բողոք չի կարող բերվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է։

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը հստակ նախատեսել է այն դատավարական ժամկետը, որի ընթացքում գործն ըստ էության լուծող դատական ակտը կարող է վերաքննության կարգով բողոքարկվել դատավարության մասնակից չդարձված այն անձանց կողմից, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, այն է՝ վերջիններս իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած՝ երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին` բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։ Միաժամանակ, օրենսդիրը սահմանել է, որ վերը նշված ժամկետից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որը բավարարվել է։

Մյուս կողմից, օրենսդիրը սահմանել է վերը նշված ժամկետը չպահպանելու իրավական հետևանքները, որոնք նախատեսված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որի համաձայն՝ վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերվելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացվելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «իմացել է» կամ «կարող էր իմանալ» եզրույթներին` նկատի ունենալով, որ օրենսդիրը դատավարության մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու ժամկետի հաշվարկի սկիզբը կապել է այդ դատական ակտի մասին վերջիններիս կողմից հաստատապես իմանալու կամ իմանալու հավանականության հետ։

Այսպես՝

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ նշել է, որ «իմացել է» և «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» հասկացությունների բովանդակությունները հավասար իմաստային ծանրաբեռնվածություն չունեն: Եթե այդ հասկացությունները մեկնաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը՝ ուշադրությունից դուրս կմնա խախտման մասին հաստատապես իմանալու նպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու և «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու անհրաժեշտությունը։

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը։ Մինչդեռ, «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշում)։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ «կարող էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն իրավիճակին, երբ թեև գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն որոշակի ապացույցների առկայության պարագայում ողջամտորեն ենթադրվում է, որ սուբյեկտն իրական հնարավորություն է ունեցել ձեռնարկել իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված իրավաչափ գործողություններ՝ զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից։

Ամբողջ վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր գործով դատավարության մասնակից չդարձված անձի կողմից իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու եռամսյա ժամկետը հաշվարկելիս դատարանը պետք է հիմք ընդունի կոնկրետ գործով առկա ապացույցները՝ բացահայտելու համար բողոքարկվող դատական ակտի մասին բողոք բերած անձի կողմից հաստատապես իմանալու կամ իմանալու հավանականությունը, ըստ այդմ, որոշելով դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում բողոքարկված լինելու կամ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու հանգամանքը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով դիմելով Դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանի 22.03.2019 թվականի թիվ 11-5/19515-19 գրությունը, Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 04.06.2019 թվականի թիվ 39/9 որոշումը և պարտավորեցնել Կոմիտեին Ընկերությանը պատկանող ադամանդե քարերը օրինական կարգով ստանալու ուղղությամբ համապատասխան գործողություններ կատարել:

Դատարանը 02.04.2020 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ գործում առկա փաստաթղթերի համաձայն` վիճելի ապրանքը պատկանում է ԱՁ Գոռ Բաբայանին, հետևաբար, հայցվորի փաստարկները` ադամանդները իրեն պատկանելու մասով, դատարանը համարել է անարժանահավատ։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 27.10.2021 թվականի որոշմամբ, մերժելով Ընկերության վերաքննիչ բողոքը, Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` գտնելով, որ Դատարանը սույն գործի քննության արդյունքում իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ վիճելի ապրանքը պատկանում է ԱՁ Գոռ Բաբայանին։

Դատարանի 02.04.2020 թվականի վճռի դեմ որպես դատավարությանը մասնակից չդարձված անձ վերաքննիչ բողոք է ներկայացրել Գոռ Բաբայանը՝ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը՝ որպես հիմնավորում նշելով, որ Դատարանի 02.04.2020 թվականի դատական ակտի մասին տեղեկացել է 25.11.2021 թվականին։

Վերաքննիչ դատարանը 22.02.2022 թվականի որոշմամբ որպես դատավարությանը մասնակից չդարձված անձ Գոռ Բաբայանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ՝ արձանագրելով, որ չի անդրադառնում ներկայացված միջնորդությանը, քանի որ բողոքաբերի կողմից հայտնած տեղեկության համաձայն՝ վերջինս Դատարանի 02.04.2020 թվականի դատական ակտի մասին տեղեկացել է 25.11.2021 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացվել է 08.12.2021 թվականին։

Վերաքննիչ դատարանի 21.06.2022 թվականի որոշմամբ Գոռ Բաբայանի՝ որպես դատավարությանը մասնակից չդարձված անձի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 02.04.2020 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության, այն պատճառաբանությամբ, որ Դատարանն իր 02.04.2020 թվականի վճռով հաստատել է ֆիզիկական անձ Գ. Բաբայանի իրավունքներին և պարտականություններին անխուսափելիորեն և ուղղակիորեն վերաբերող փաստ, ուստի, Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով պարտավոր էր Գ.Բաբայանին ներգրավել գործով որպես երրորդ անձ, ինչը չի կատարվել: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ պատասխանողի կողմից ներկայացված դիմումը որևէ կերպ չի հաստատում այն հանգամանքը, որ Գոռ Բաբայանը մինչև բողոքում նշված ժամկետը՝ 25.11.2021 թվականը, իմացել է կամ պարտավոր էր իմանալ վիճարկվող դատական ակտի մասին:

 

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ ընդգծել է, որ, ի տարբերություն վերաքննիչ բողոքը վերադարձնելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումների, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման՝ անմիջական կարգով վճռաբեկ բողոքարկման իրավական հնարավորություն չի նախատեսում։ Անմիջական բողոքարկման ընթացակարգի բացակայությունը, սակայն, չի բացառում նման որոշման բողոքարկման հնարավորությունը գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում: Մասնավորապես, բողոք բերող անձը գործն ըստ էության լուծող դատական ակտի իրավաչափությունը կարող է վիճարկել նաև վերաքննության վարույթի ոչ իրավաչափ հարուցված լինելու հիմքով՝ մասնավորապես փաստարկելով այն հանգամանքը, որ առկա է եղել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմք, ինչը, սակայն, անտեսվել է վերաքննիչ դատարանի կողմից, և որն օբյեկտիվ կասկած է հարուցել վերաքննության վարույթի հետագա փուլերի և դրանք եզրափակող գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինականության վերաբերյալ։ Նման դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, այդուհանդերձ, հիմնավորվում է, որ վերաքննիչ դատարանում առկա է եղել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմք, ինչն անտեսվել է դատական այս ատյանի կողմից, ապա դատավարական այդպիսի խախտումը պետք է հանգեցնի գործն ըստ էության լուծող դատական ակտի բեկանման, քանի որ թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Մասնավորապես, քննարկվող իրավիճակում գործում է կանխավարկած առ այն, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտ այդպես էլ չէր կայացվի (տե՛ս, Նոնա Գալստյանն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի թիվ ՎԴ/11508/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.11.2021 թվականի որոշումը)։

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը որպես Գոռ Բաբայանի կողմից բողոքարկվող դատական ակտի մասին իրազեկված լինելու օր դիտարկել է 25.11.2021 թվականը՝ հիմք ընդունելով Գոռ Բաբայանի կողմից միջնորդությամբ հայտնված տեղեկությունը, որն ըստ էության համարել է բավարար՝ եզրահանգելով, որ չի անդրադառնում ներկայացված միջնորդությանը, քանի որ բողոքաբերի կողմից հայտնած տեղեկության համաձայն՝ վերջինս Դատարանի 02.04.2020 թվականի դատական ակտի մասին տեղեկացել է 25.11.2021 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացվել է 08.12.2021 թվականին։

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գոռ Բաբայանը դեռևս 14.04.2021 թվականին Կոմիտեին ուղղված դիմումով խնդրել է տեղեկություն հայտնել թիվ ՎԴ/5753/05/19 վարչական գործով վեճի առարկա հանդիսացող, իր կողմից ՀՀ ներկրված և Ընկերությանը պատկանող 04.02.2019 թվականի վարչական տույժ նշանակելու որոշմամբ խնդրո առարկա գույքի ճակատագրի մասին, այսինքն, Գոռ Բաբայանը դեռևս 14.04.2021 թվականին իրական հնարավորություն է ունեցել ձեռնարկել թիվ ՎԴ/5753/05/19 վարչական գործով կայացված դատական ակտի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված իրավաչափ գործողություններ, որպիսի հանգամանքով պայմանավորված Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից կայացված 02.04.2020 թվականի դատական ակտի մասին Գոռ Բաբայանը կարող էր իմանալ առնվազն 14.04.2021 թվականից, երբ վկայակոչված դատական ակտի դեմ Ընկերության վերաքննիչ բողոքը քննվում էր ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։ Նման պայմաններում Դատարանի կողմից կայացված 02.04.2020 թվականի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը Գոռ Բաբայանի կողմից կարող էր ներկայացվել մինչև 15.07.2021 թվականը, մինչդեռ, վերաքննիչ բողոքը վերջինիս կողմից փոստային առաքման եղանակով ներկայացվել է 08.12.2021 թվականին, որպիսի պարագայում վերջինս բաց է թողել Դատարանի 02.04.2020 թվականի գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում վերաքննիչ վարույթը վերադառնում է մեկնարկային կետին, այսինքն՝ վերաքննության վարույթի հարուցման փուլ, որի շրջանակներում պետք է քննարկվի Գոռ Բաբայանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոք ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն նման պայմաններում է հնարավոր ապահովել անձի իրավունքների ամբողջ ծավալով վերականգնումը:

 

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ վերաքննիչ բողոքի ըստ էության քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի եզրահանգումների կապակցությամբ ներկայացված վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

 

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մասնակի բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.06.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` վերաքննիչ բողոքի ընդունելիության հարցը քննարկելու համար:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Հ. Բեդևյան

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: