ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի հունիսի 26-ին
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. Սույն օրենքը սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը:
(1-ին հոդվածը խմբ. 11.06.04 ՀՕ-110-Ն)
Հոդված 2. | ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
ա) ֆիզիկական կուլտուրա` մարդու առողջ ապրելակերպի և ֆիզիկական կատարելագործման համար հասարակության կողմից ստեղծված և օգտագործվող հոգևոր ու նյութական արժեքների ամբողջություն.
բ) ֆիզիկական դաստիարակություն` բնակչության առողջության ամրապնդմանը, աշխատունակության բարձրացմանը և երկարակեցությանը, ֆիզիկապես կոփված ու բարոյապես կայուն սերնդի ձևավորմանն ուղղված կազմակերպված գործընթաց.
գ) ֆիզկուլտուրայի շարժում` բնակչության ֆիզիկական կուլտուրայի մակարդակի բարձրացմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը նպատակաուղղված պետական և հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների գործունեություն.
դ) սպորտ` ֆիզիկական կուլտուրայի բաղկացուցիչ մաս, պատմականորեն առաջացած` մարդկանց մրցակցական գործունեության և մրցումների նախապատրաստման հատուկ մասնագիտական մարզումների գործընթաց.
ե) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմ` մարզաձևի լավագույն մարզիկներով, մարզիչ-մանկավարժներով, գիտնականներով, բժիշկներով և այլ մասնագետներով համալրված թիմ, որը նախապատրաստվում և Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո մասնակցում է միջազգային մարզական միջոցառումներին.
զ) սիրողական սպորտ` մարզական զանգվածային գործունեություն, ֆիզիկական դաստիարակության բաղկացուցիչ մաս, ըստ նախասիրության` տարբեր մարզաձևերում շնորհալի և հեռանկարային անհատներին ի հայտ բերելու միջոց.
է) պրոֆեսիոնալ սպորտ` սպորտի բնագավառում շահույթ հետապնդող գործունեություն, որին մասնակցում են պրոֆեսիոնալ մարզական կազմակերպությունները (լիգաներ, ակումբներ, թիմեր), սպորտը որպես մասնագիտություն ընտրած մարզիկները.
ը) օլիմպիական շարժում` սպորտի զարգացմանը, մարդու հոգևոր և ֆիզիկական կատարելությանը, միջազգային սպորտային փոխհամագործակցությանը նպատակաուղղված հասարակական շարժում.
թ) ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչներ` ֆիզիկական վարժությունների համալիր առաջադրանքներ, որոնց կատարման արդյունքներով բացահայտվում են բնակչության տարբեր տարիքային և առողջական խմբերի ֆիզիկական պատրաստականության մակարդակն ու առողջական վիճակը.
ժ) ուսումնամարզական ծրագրեր` ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչներին համապատասխան մշակված տարբեր մակարդակների և ուղղվածության ծրագրեր, որոնց հիման վրա կազմակերպվում է ուսումնամարզական գործընթացը.
ժա) մարզիչ-մանկավարժ` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ուսումնական ծրագրով մարզական, մանկավարժական գործունեություն իրականացնող մասնագիտական կրթություն ունեցող անձ:
ՀՈԴՎԱԾ 21. | ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(21-րդ հոդվածը լրաց. 11.06.04 ՀՕ-110-Ն)
Հոդված 3. |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի օրենսդրության խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված` պետության կողմից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը նպաստելու իրավական մեխանիզմների ստեղծումը.
բ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի գործառնության և զարգացման համար իրավական երաշխիքների ապահովումը.
գ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կառավարման իրավասությունների բաշխումն ու տարանջատումը, գործառույթների կանոնակարգումը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական հասարակական կազմակերպությունների, միությունների և ընկերությունների միջև.
դ) այդ բնագավառի իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների, պարտականությունների, պատասխանատվության սահմանումն ու փոխհարաբերությունների իրավական կարգավորումը:
Հոդված 4. | Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունը |
Պետությունը նպաստում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է տարեկան ծրագրի միջոցով: Տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:
(4-րդ հոդվածը խմբ. 18.04.03 ՀՕ-540-Ն)
Հոդված 5. |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են`
ա) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումն ու երկարակեցության ապահովումը.
բ) տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.
գ) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը.
դ) բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը.
ե) պետական ծրագրի միջոցով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործումը:
Հոդված 6. |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական երաշխիքներն են`
ա) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու, այդ բնագավառը որպես մասնագիտություն ընտրելու, ֆիզկուլտուրային և օլիմպիական շարժմանը մասնակցելու մարդկանց հավասար իրավունքների ապահովումը.
բ) բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովումը, «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդումն ուսումնական բոլոր հաստատություններում` ուսումնառության ամբողջ ընթացքում.
գ) Հայաստանի Հանրապետության առաջնությունների, համահայկական խաղերի անցկացման, օլիմպիական խաղերին, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին, միջազգային և այլ մրցաշարերին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ու մարզիկների նախապատրաստման և մասնակցության ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին.
դ) աջակցությունը մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի ընդլայնմանը, դրանց նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը.
ե) այդ բնագավառի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման ապահովումը, բնակչության ֆիզիկական դաստիարակության և բարձրագույն նվաճումների` սպորտի հիմնահարցերին վերաբերող գիտական հետազոտությունների նպատակային ֆինանսավորումը.
զ) աջակցությունը ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական և ուսումնական բազաների պահպանմանն ու նպատակային օգտագործմանը, նոր ուսումնամարզական բազաների կառուցմանը.
է) մարզական գույքի արտադրության և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում այլ տնտեսական գործունեության խթանումը:
Հոդված 7. | ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) հաստատում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական քաղաքականության հայեցակարգը.
բ) (կետն ուժը կորցրել է 18.04.03 ՀՕ-540-Ն)
գ) սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական պատվերի տեղադրման կարգը.
դ) հաստատում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի նորմատիվ ակտերը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(7-րդ հոդվածը փոփ. 18.04.03 ՀՕ-540-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ
ԵՎ ՍՊՈՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 8. | Հայաստանի Հանրապետության ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ |
Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգը պետական կառավարման լիազորված մարմնի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների ամբողջությունն է: Այդ համակարգի մասն են կազմում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հետևյալ հասարակական կազմակերպությունները`
ա) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն.
բ) մարզաձևերի ազգային ֆեդերացիաները.
գ) այլ մարզական հասարակական կազմակերպությունները, միությունները և ընկերությունները:
Հոդված 9. | Հայաստանի Հանրապետության ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը`
ա) իրականացնում է բնագավառի պետական քաղաքականությունը.
բ) համադասում է պետական և տարեկան ծրագրերի մշակման գործընթացը: Մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում այդ ծրագրերով նախատեսված պետական պատվերների տեղադրման կարգը.
գ) համադասում է բնակչության շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական աշխատանքները, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի համալրման գործընթացը.
դ) շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, այլ մարզական կազմակերպությունների հետ մշակում և հաստատում է ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչները: Մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի նորմատիվ ակտերը.
ե) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ կազմում և հաստատում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների, սովորող երիտասարդության և ուսանողների ֆիզիկական դաստիարակության պետական ծրագրերը.
զ) իրականացնում է այդ բնագավառի գիտամեթոդական ապահովումը, կազմակերպում է ֆիզկուլտուրային կադրերի, այդ թվում` մարզիչ-մանկավարժների պատրաստումը և վերապատրաստումը.
է) համագործակցում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ.
ը) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացմամբ հաստատում է օլիմպիական խաղերի նախապատրաստման քառամյա փուլային ծրագիրը, հանրապետական մարզական և զանգվածային միջոցառումների օրացուցային պլանը.
թ) աջակցում է հաշմանդամների շրջանում ֆիզկուլտուրային և մարզական ծրագրերի իրականացմանը.
ժ) իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային պայմանագրեր.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 10. | Հայաստանի Հանրապետության ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տարածքային կառավարման մարմինները`
ա) հսկողություն են իրականացնում տարածքում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ.
բ) համադասում են մանկապատանեկան մարզադպրոցների, հանրակրթական դպրոցների, մարզական հերթափոխի պատրաստման, մարզաձևերի զարգացման և Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործընթացը.
գ) աջակցում են մարզական կազմակերպությունների հանրապետական առաջնություններին, միջազգային մրցումներին մարզի և համայնքների մարզիկների ու թիմերի մասնակցությանը.
դ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 11. | Հայաստանի Հանրապետության ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները նպաստում են`
ա) համայնքի տարածքում պետական ծրագրերի իրագործմանը.
բ) նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական և այլ ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի ուսուցման գործընթացին.
գ) համայնքների բնակչության հետ ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումների կազմակերպմանը.
դ) Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ստեղծման, բարելավման և հետագա ամրապնդման գործընթացին.
ե) մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի ընդլայնմանը և մարզաձևերի զարգացմանը:
Հոդված 12. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ |
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (այսուհետ` ՀԱՕԿ) գլխավորում է օլիմպիական շարժումը երկրում:
Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի և օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ ՀԱՕԿ-ը մշակում և իրագործում է բարձրագույն նվաճումների` սպորտի զարգացման միասնական քաղաքականությունը:
ՀԱՕԿ-ը գործում է Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիային, իր կանոնադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:
ՀԱՕԿ-ն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցությունն օլիմպիական խաղերին ու Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մյուս միջոցառումներին:
Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը և մարզիկներն օլիմպիական խաղերին և Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցումներին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո:
Օլիմպիական շարժման և բարձրագույն նվաճումների` սպորտի զարգացման հարցերում ՀԱՕԿ-ը համադասում է հասարակական մարզական կազմակերպությունների աշխատանքները:
ՀԱՕԿ-ը մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացմամբ մշակում է օլիմպիական խաղերի նախապատրաստման քառամյա փուլային ծրագիրը:
ՀԱՕԿ-ը Միջազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշների, նշանաբանների պահապանն է մեր երկրում: Հայաստանի օլիմպիական խորհրդանիշները գովազդային կամ այլ նպատակներով կարող են օգտագործվել միայն ՀԱՕԿ-ի թույլտվությամբ և պայմաններով:
ՀԱՕԿ-ն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է պետական բյուջեի նպատակային հատկացումների, ֆինանսական սեփական միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրների հաշվին:
Հոդված 13. | ՄԱՐԶԱՁևԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ |
Մարզաձևերի ազգային ֆեդերացիաները`
ա) մշակում և իրականացնում են մարզաձևերի զարգացման ծրագրեր, կազմակերպում են հանրապետական առաջնություններ, ուսանողական մարզական խաղեր, նախապատրաստում են Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերին և մարզիկներին` աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար.
բ) քառամյա փուլային ծրագրով նախապատրաստում են Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը` օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
Հոդված 14. | ԱՅԼ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Այլ մարզական հասարակական կազմակերպությունները, միությունները և ընկերություններն իրականացնում են ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական զանգվածային միջոցառումներ, ինչպես նաև մարզաձևերի զարգացման և մարզական հերթափոխի պատրաստման ծրագրեր:
Գ Լ ՈՒ Խ 3.
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 15. | ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ |
Պետական ու համայնքային ենթակայության ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպության գործունեությունն ապահովելու նպատակով հիմնադիրը կազմակերպությանն է հանձնում շենքեր, շինություններ, մարզական և այլ անհրաժեշտ գույք, որոնք պետք է օգտագործվեն կանոնադրական խնդիրներն իրականացնելու նպատակով:
Ոչ պետական ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպությունների սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք, բացի գույքի այն տեսակներից, որոնք արգելված են Հայաստանի Հանրապետության օրենքներով:
Հոդված 16. | ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ և ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ |
Պետական բյուջեից ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է պետական պատվերի տեղադրման, նպատակային ծրագրերի և դրամաշնորհների ձևով:
Ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպությունների ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները.
բ) սեփական միջոցները, որոնք գոյանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ ձևերից.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ միջոցները:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՄԱՐԶԻԿՆԵՐԸ: ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Հոդված 17. | ՍԻՐՈՂԱԿԱՆ և ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ |
Սիրողական մարզիկներ են համարվում այն անձինք, որոնք մրցումներին նախապատրաստվում և մասնակցում են սիրողական սկզբունքով:
Պրոֆեսիոնալ մարզիկներ են համարվում սպորտը որպես մասնագիտություն ընտրած անձինք, որոնք իրենց մարզական գործունեության համար վարձատրվում են:
Պրոֆեսիոնալ մարզիկի գործունեությունը կարգավորվում է ազգային ֆեդերացիաների և մարզական այլ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով:
Հոդված 18. | ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ և ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Մարզական գործունեության մասին պայմանագիրը կնքվում է մարզիկի և մարզական կազմակերպության միջև:
Պայմանագիրը պետք է բովանդակի մարզիկի իրավունքները և պարտավորությունները, բժշկական, սոցիալական ապահովագրության, պայմանագրի ժամկետի երկարաձգման, պայմանագրի լուծման, մարզումների, միջոցառումների մասնակցության անհրաժեշտ պայմանների ստեղծման, նյութական ապահովման վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև այլ պայմաններ:
Մարզիկների տեղափոխություններն այլ մարզական կազմակերպություններ կամ օտարերկրյա ակումբներ կարող են իրականացվել պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) դրանում նախատեսված պարտավորությունների կատարման դեպքում:
Մարզական կազմակերպությունների փոխադարձ համաձայնության դեպքում մարզիկի տեղափոխությունը կարող է իրականացվել նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալը:
Մարզիկների` կազմակերպությունից կազմակերպություն տեղափոխության կանոնները, տրանսֆերտային վճարումները, փոխհատուցումները, մարզիկին պատրաստող ակումբի շահերը կարգավորվում են պայմանագրերով` օրենսդրությանը համապատասխան:
Պետական պատվերով ֆինանսավորվող ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպություններում ընդգրկված մարզիկների և մարզիչների տեղափոխությունների կարգն այլ մարզական կազմակերպություններ սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը:
Հոդված 19. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|