ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2023 թվականի N 532-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽԵՑԳԵՏՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ինչպես նաև «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
14.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 532-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽԵՑԳԵՏՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Մեր երկրի առջև ներկայումս ծառացած և հրատապ լուծում պահանջող կարևորագույն խնդիրներից է համարվում հայրենական արտադրության խթանումը, որի իրականացման համար անհրաժեշտ է ձեռնամուխ լինել ագրոպարենային ոլորտում արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև բնական ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործմանը։
Հայաստանի Հանրապետության սահմանափակ հողատարածքը և հատկապես հողային հաշվեկշռում գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի ցածր տեսակարար կշիռը հրատապ են դարձնում պարենի արտադրության նպատակով կիրառվող այլընտրանքային բնական ռեսուրսների օգտագործման մակարդակի կտրուկ ընդլայնումը։ Այս տեսանկյունից կարևորվում են մեր երկրի բարձրորակ քաղցրահամ ջրերի առկա պաշարների լիարժեք օգտագործումը ոչ միայն ձկնաբուծության, այլև խեցգետինների բուծման նպատակով։
1․ ԽԵՑԳԵՏՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի բնակլիմայական պայմանները, ջրածածկ տարածքների ստորջրյա ռելիեֆը և ջրի որակական հատկանիշները բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծում գետի խեցգետնի աճի և բազմացման համար։ Խեցգետնի ընդարձակ պաշարները հնարավորություն ընձեռեցին իրականացնել նաև դրանց արդյունահանումը, ինչը լայն թափ ստացավ հատկապես վերջին 3 տասնամյակների ընթացքում։ Արդյունահանմանը զուգահեռ իրականացվեց նաև խեցգետնի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն և մի շարք եվրոպական երկրներ։ Խեցգետնի արտահանման ծավալները կտրուկ աճեցին հատկապես մեր դարաշրջանի երկրորդ տասնամյակի կեսերին, երբ տարեկան որսվում էր շուրջ 3 հազար տոննա խեցգետին, որից ավելի քան երկու հազար տոննան արտահանվում էր։
2. Խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը՝ առավելապես Սևանա լճից, ինչպես նաև խեցգետնի ժանտախտ հիվանդությունը, հանգեցրին դրա պաշարների կտրուկ նվազմանը։
3. Խեցգետնի բնական պաշարների ցածր մակարդակը՝ մի կողմից և արտահանման ոլորտում ունեցած հաջող փորձն ու իրացման ընդարձակ շուկայի առկայությունը՝ մյուս կողմից, ստիպում են քայլեր ձեռնարկել ապրանքային խեցգետնի արտադրության այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ։ Այս առումով արդյունավետ լուծում կարող է հանդիսանալ արհեստական եղանակով խեցգետինների բուծումը, ինչը կարող է զարկ տալ արդյունաբերական խեցգետնաբուծությանը։
4. Ներկայումս աշխարհի շատ երկրներում գործում են խեցգետինների բուծման համալիրներ, որոնցում արհեստական եղանակով բուծում են առավել բարձր աճման ինտենսիվությամբ, մեծ կենդանի զանգվածով, բարեհաճ ապրանքային տեսքով և համային բարձր հատկանիշներով օժտված խեցգետիններ։ Դա հնարավորություն է ընձեռում առավել արդյունավետ շահագործելու արտադրական և ջրային մակերեսները, խնայողաբար օգտագործելու ջուրը, համեմատաբար կարճ ժամանակահատվածում միավոր մակերեսից ստանալու ավելի շատ արտադրանք և զերծ մնալու բնական ռեսուրսների անխնա օգտագործումից։
5. Արհեստական պայմաններում խեցգետինների բուծումը մեր հանրապետությունում ունի նաև ռազմավարական նշանակություն, քանի որ խեցգետնաբուծական տնտեսություններ կարող են հիմնվել ոչ միայն ցածրադիր գոտիներում, այլև նախալեռնային, նույնիսկ լեռնային վայրերում և հատկապես սահմանամերձ գյուղերում, որտեղ այն կհանդիսանա միակ եկամտային ոլորտը, քանզի երկրագործությամբ զբաղվելու համար չկան նպաստավոր պայմաններ, իսկ անասնաբուծության զարգացման հնարավորությունները բավականին սահմանափակ են։
2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
6. Ծրագրի նպատակն է պետության կողմից ցուցաբերվող ուղղորդված աջակցության միջոցով, ջրախնայողության համակարգերի կիրառմամբ հանրապետությունում խեցգետինների արհեստական բուծման և ինտենսիվ աճեցման ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը, բարձրարժեք սննդամթերքի արտադրությունը և դրանց արտահանման ծավալների ավելացումը։
3. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
7. Արդյունաբերական եղանակով ձկնաբուծության և ակվակուլտուրայի զարգացման ներկայիս միտումներն ուղղված են արհեստական պայմանները պայմանավորող գործոնների այնպիսի ներդաշնակության ապահովմանը, ինչը հնարավորություն կընձեռի նյութական և բնական պաշարների նվազագույն ծախսումներով միավոր արտադրական տարածքից ստանալու առավելագույն արտադրանք։
8. Այդպիսի դրսևորումներ են կիրառվում նաև արհեստական եղանակով խեցգետինների բուծման և ինտենսիվ աճեցման ժամանակակից տեխնոլոգիաներում։ Ընդ որում՝ տեխնոլոգիական գործընթացում առանցքային ուշադրություն է դարձվում ոչ միայն ջրի ֆիզիկաքիմիական ցուցանիշների, այլև ջրավազանների տիպի, օգտագործվող կոնստրուկցիաների և անգամ բուծման նպատակով ընտրվող խեցգետնի տեսակների նկատմամբ։
9. Վերոհիշյալ մոտեցումների համադրմամբ աշխարհի շատ երկրներում մշակվել են արհեստական պայմաններում բազմահարկ ջրավազաններում խեցգետինների բեղմնավորման, խեցգետնիկների ստացման և դրանց ինտենսիվ աճեցման տեխնոլոգիաներ։ Նշված տեխնոլոգիաների շարքում իր արդյունաբերական, շահագործման դյուրինությամբ և մատչելիությամբ, ջրի շրջանառության փակ համակարգի կիրառման շնորհիվ ջրի էական խնայողությամբ առանձնանում են «բազմահարկ ջրավազանների միջոցով» խեցգետինների բուծման փոքր, միջին և խոշոր համալիրները։
10. Խեցգետնի բուծման փոքր համալիրը կանխատեսվում է տարեկան առնվազն 6 տոննա (ամսական՝ 0․5 տոննա), միջինը՝ առնվազն 12 (ամսական՝ 1 տոննա), իսկ խոշորը՝ առնվազն 18 տոննա (ամսական՝ 1.5 տոննա) ապրանքային խեցգետին արտադրելու համար և դրանք ներառում են համապատասխանաբար 460 մ2, 800 մ2 և 1000 մ2 (± 10% շեղումով) միջին մակերեսով արտադրական տարածք։ Խեցգետինների բուծման համալիրների տեխնիկական և տեխնոլոգիական բնութագիրը ներկայացված է 2-րդ աղյուսակում։
11. Համալիրները բաղկացած են ինկուբատորային և խեցգետնիկների ստացման, ինչպես նաև ինտենսիվ աճեցման արտադրամասերից։ Արտադրամասերում տեղակայվելու են բազմահարկ տիպի փակ ջրավազաններ։ Խեցգետինների բուծման որոշակի փուլերում (ապրիլից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում) աճման ինտենսիվությունը խթանելու նպատակով արտադրական տարածքի հետ համատեղ նպատակահարմար է շահագործել նաև բացօթյա ջրային տարածքներ՝ 1200-ից մինչև 4000 մ2 մակերեսով, որոնցում ջրափոխության գործընթացն իրականացվում է ամսական մեկ անգամ՝ թարմացնելով ջրի ծավալի մեկ երրորդը։ Տնտեսավարողների համար առաջարկվող բացօթյա ջրավազաններում խեցգետնադրման խտությունը 1 մ2 մակերեսով կազմում է մինչև 7 առանձնյակ, ջուրը պետք է լինի ոչ թթվային (pH=7-9), ջրի ջերմաստիճանը՝ 18-250 C, իսկ թթվածնի պարունակությունը՝ 5 մգ/լիտր։
12. Ինկուբատորային և խեցգետնիկների ստացման արտադրամասն ունի տարբեր տիպերի ջրավազանների մի քանի խմբեր, որոնցում առանձին – առանձին խնամվում են արու խեցգետինները, բեղմնավորված ձվերով էգ խեցգետինները, մայրական կազմի վերանորոգման համար նախատեսված մատղաշը, ինչպես նաև ստացված և աճեցման առաջին փուլում գտնվող խեցգետնիկները։
13. Ինտենսիվ աճեցման արտադրամասն ունի մի քանի խումբ ջրավազաններ, որոնցում տեղակայվում է ինտենսիվ աճեցման տարբեր փուլերում գտնվող խեցգետնի մատղաշը։
14. Խեցգետնաբուծական համալիրների շահագործման նպատակով մատղաշ խեցգետնիկներով և աճեցման համար մայրական կազմի սեռահասուն խեցգետիններով ջրավազանները համալրելու պահից մինչև իրացման ենթակա ապրանքային խեցգետնի կանոնավոր ամսական արտադրության ժամանակահատվածը կազմում է 8-10 ամիս։
15. Համալիրներում նախատեսվում է բուծել ավստրալիական կարմրաչանչ խեցգետին, որն ի տարբերություն մյուս տեսակների՝ համեմատաբար խոշոր է, ունի գրավիչ ապրանքային տեսք, դուրեկան համ և աճի բարձր ինտենսիվություն։ Արդեն 8 ամսական հասակում ինտենսիվ աճեցված խեցգետինների կենդանի զանգվածը կազմում է շուրջ 100 գրամ, իսկ մաքուր մսեղիքը կազմում է կենդանի զանգվածի գրեթե 35%-ը։
16. Կարևորելով նյութական և բնական պաշարների խնայողաբար օգտագործման, արտադրական գործընթացների արդյունավետության բարձրացման և շահառուների եկամուտների ավելացման հանգամանքը, անհրաժեշտություն է առաջացել պետական աջակցությամբ խթանելու խեցգետինների արհեստական բուծման և աճեցման տնտեսությունների հիմնման գործընթացը։
4. ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
17. Ծրագրի մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
2) ներդրում իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու) որոնք՝
ա․ ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ,
բ․ ունեցել են բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ.
3) խեցգետինների բուծման համալիրի սարքավորումներ, օժանդակ պարագաներ և կենդանի խեցգետիններ հատկացնող և տեխնոլոգիական ապահովման համար ծառայություններ մատուցող ընկերությունը (այսուհետ՝ մատակարար)։
18. Ծրագրի շրջանակներում պետական աջակցությունն իրականացվելու է 2024-2026 թվականներին, ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով փոխհատուցելով N 3 աղյուսակում ներկայացված ներդրումների համար կատարված ծախսերի 50%-ը, բայց ոչ ավելի, քան N 3 աղյուսակում ներկայացված յուրաքանչյուր ծախսային հոդվածի համար սահմանված արժեքի 50%-ը (հաշվարկվել են ծրագրի բյուջեն ձևավորելու համար և ունեն կողմնորոշիչ բնույթ)։ Ծրագրով կանխատեսվում է հիմնել 4 փոքր և մեկական՝ միջին և խոշոր խեցգետնաբուծական համալիրներ, որոնց փոխհատուցման համար տարեկան անհրաժեշտ գումարը կկազմի 299,0 մլն դրամ։
19. Շահառուի և մատակարարի կամ մատակարարների միջև պայմանագիրը կնքվելու դեպքում մատակարարները մատակարարում են կենդանի խեցգետինները, անհրաժեշտ սարքավորումները, համալիրի շահագործման համար անհրաժեշտ բոլոր դետալներն ու հանգույցները, ինչպես նաև նախագծանախահաշվային փաթեթը։ Վերջինս ներառում է համալիրի ընդհանուր տեսքի պատկերը, շինությունների տեղակայման և ջրավազանների տեղադրման գծագրերը, համակարգի կենսաբանական ֆիլտրման, թմբուկային ֆիլտրման, աէրացիայի, ջրամատակարարման և ջրահեռացման սխեմաներն ու գծագրերը, համալիրի սպասարկման համար անհրաժեշտ կամրջակների և հարթակների, առանձին դետալների և հանգույցների տեղադիրքի գծագրերը։
20. Մատակարարները պետք է տրամադրեն ավստրալիական կարմրաչանչ խեցգետնի բուծման, աճեցման և խնամքի, կերերի տեսակների և կերակրման նորմաների վերաբերյալ համապատասխան ձեռնարկ և համալիրի շահագործման պահից ութ ամսվա ընթացքում պետք է մատուցեն խորհրդատվական ծառայություն՝ խեցգետինների աճեցման ընթացքի վերաբերյալ։ Խեցգետինների բուծման համալիրների տեխնիկական և տեխնոլոգիական բնութագիրը ներկայացված է N 2 աղյուսակում։
21. Ծրագրին մասնակցելու նպատակով շահառուն պետք է նախարարություն ներկայացնի՝
1) դիմում.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) անշարժ գույքի նկատմամբ սեփականության վկայականի պատճենը, եթե լրացուցիչ կառուցապատում է իրականացվել, ապա կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը կամ վարձակալության պայմանագրի պատճենը.
4) եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա ներկայացնում է նաև անշարժ գույքի համասեփականատիրոջ(ների) համաձայնությունը՝ նոտարական վավերացմամբ.
5) բարվոք վարկային պատմության վերաբերյալ ԱՔՐԱ տեղեկատվություն.
6) հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք.
7) մատակարարի կամ մատակարարների հետ կնքված պայմանագիր՝ խեցգետնաբուծական համալիրի ամբողջական սարքավորումները, անհրաժեշտ գույքը, ինչպես նաև նստեցման համար մատղաշ խեցգետնիկներ և աճեցման համար մայրական կազմի առանձնյակներ մատակարարելու վերաբերյալ.
8) շինարարության թույլտվություն, եթե նախատեսվում է շինարարություն.
9) ծրագրով ներկայացված համալիրի չափորոշիչներին համապատասխանող ճարտարապետաշինարարական նախագիծ (նոր կառուցվող շինությունների կամ վերակառուցման դեպքում)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներին համապատասխան.
10) ջրամատակարարող ընկերության հետ կնքված ջրօգտագործման պայմանագիր։
22. Նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխան գրությամբ՝ փոստային կամ էլեկտրոնային եղանակով շահառուին տեղեկացնում փաստաթղթերի ընդունման և դրանց ամբողջականության վերաբերյալ։ Փաստաթղթերի ամբողջական չլինելու, կամ դրանցում սխալների առկայության դեպքում շահառուին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում համալրել անհրաժեշտ փաստաթղթերը կամ շտկել սխալները։ Սխալները շտկելուց և փաստաթղթերի փաթեթն ամբողջականացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին գրավոր տեղեկացվում է պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Խեցգետնաբուծական համալիրներ ձեռք բերելու վերաբերյալ դիմումների և կից փաստաթղթերի ընդունումը սկսվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից և դադարեցվում է 2025 թվականի նոյեմբերի 1-ին:
23. Փաստաթղթերի համապատասխանության դեպքում նախարարության և շահառուի միջև 15 օրվա ընթացքում կնքվում է պայմանագիր (պայմանագրի ձևը հաստատվում է նախարարի հրամանով):
24. Ծրագրին մասնակցելու պայմանագրում ամրագրվում են հետևյալ դրույթները՝
1) պայմանագիրը կնքելու պահից համալիրն առավելագույնը մեկ տարվա ընթացքում շահագործման հանձնելու պարտավորությունը չկատարելու (նշված ժամանակահատվածում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, նախարարության համաձայնությամբ, համալիրի շահագործման հանձնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև հինգ ամսով), ինչպես նաև սահմանված ժամկետում շահագործման չհանձնելու դեպքում ծախսերի փոխհատուցում չի տրամադրվում.
2) պայմանագիրը կնքելուց և փոխհատուցում տրամադրելուց հետո առնվազն հինգ տարի բացառապես խեցգետնաբուծության նպատակով օգտագործելը.
3) հինգ տարվա ընթացքում նախարարությանն ամենամյա հաշվետվություն ներկայացնելը (մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը), որը պետք է ներառի տեղեկատվություն՝ հաշվետու տարում համալիրի գործունեության, այդ թվում՝ խեցգետնի արտադրության և իրացման, ինչպես նաև ֆինանսական հոսքերի վերաբերյալ.
4) պայմանագիրը կնքելուց հետո առնվազն 5 տարի չօտարել:
25. Պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե այն կնքելուց հետո չորրորդ ամսում իրականացվող մոնիթորինգի արդյունքում արձանագրվի, որ շահառուի կողմից խեցգետնաբուծական համալիրի հիմնման գործնական աշխատանքներ չեն իրականացվել։
26. Ծախսերի փոխհատուցումն իրականացնում է նախարարությունը՝ դիմումատուի հաշվին գումարը փոխանցելու միջոցով։ Նախատեսված գումարի 50 տոկոսի փոխհատուցումը (18-րդ կետով նախատեսված գումարի չափով) իրականացվում է շահառուի կողմից մատակարարի տրամադրած սարքավորումները ստանալուց, ինչպես նաև շինարարական մոնտաժային աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց և համալիրը շահագործման հանձնելուց հետո (մոնիթորինգի դրական արդյունքների հիման վրա), 10 աշխատանքային օրվա ընթացքում` 27-րդ կետով նախատեսված տեղազննության արձանագրությունները ստորագրելու օրվանից սկսած։
27. Մինչև փոխհատուցումը, նախարարության ներկայացուցիչն իրականացնում է տեղազննություն՝ սարքավորումները, անհրաժեշտ գույքը, խեցգետնադրման համար մատղաշ խեցգետնիկները և աճեցման համար մայրական կազմի առանձնյակները ստանալու, ինչպես նաև շինարարական մոնտաժային աշխատանքներն ավարտելու և համալիրը շահագործելու փաստերն ուսումնասիրելու նպատակով՝ կազմելով տեղազննության արձանագրություն։
28. Ծրագրի շրջանակներում շահառուները նույն նպատակի համար չեն կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության այլ ծրագրերից, իսկ յուրաքանչյուր շահառու կարող է ստանալ միայն մեկ միավոր խեցգետնաբուծական համալիրի համար նախատեսված ծախսերի փոխհատուցում։
29. Պայմանագրի դրույթները խախտելու դեպքում՝ այն հայտնաբերելու պահից սկսած եռամսյա ժամկետում փոխհատուցման գումարները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ չվերադարձնելու դեպքում այն կգանձվի դատական կարգով։
5. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՂՄՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
30. Ծրագրի իրականացման հնարավոր ռիսկեր են համարվում՝
1) բնակլիմայական պայմանների պատճառով շինարարական մոնտաժային աշխատանքների ձգձգումը, որի ազդեցությունը գրեթե զրոյանում է՝ սարքավորումների մոնտաժման գործընթացն ամբողջությամբ շինության ներսում իրականացնելու շնորհիվ.
2) շինարարական մոնտաժային գործընթացում տեխնոլոգիական անհամապատասխանության և տեխնիկական խնդիրների ի հայտ գալը, ինչը բացառվում է, քանի որ մատակարարի կողմից տրամադրվում է միմյանց հետ փոխկապակցված սարքավորումների, դետալների և անհրաժեշտ հանգույցների ու այլ պարագաների ամբողջական լրակազմ համալիր.
3) սահմանված տեխնոլոգիաներին չհամապատասխանող խեցգետինների բուծումը, որը մեղմվում է մատակարարի կողմից սահմանված տեխնոլոգիաներին համապատասխանող խեցգետինների տրամադրմամբ:
6. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
31. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024-2026 թվականներին, որի շրջանակներում հնարավորություն կընձեռվի 3 տարվա ընթացքում մեր երկրում հիմնելու 18 խեցգետնաբուծական համալիր։ Դա թույլ կտա արհեստական եղանակով խեցգետնի արտադրության ծավալներն ավելացնել ավելի քան 160 տոննայով և դրա գերակշիռ մասն արտահանել։ Ծրագրի իրականացման համար կանխատեսվող ֆինանսական միջոցներն ըստ տարիների ներկայացված են N 1 աղյուսակում։
Աղյուսակ 1
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Տարիները |
2024 թ․ |
2025 թ․ |
2026 թ․ |
Ընդամենը | |
Հիմնադրվող խեցգետնաբուծական համալիրների քանակը (միավոր) |
փոքր |
4 |
4 |
4 |
12 |
միջին |
1 |
1 |
1 |
3 | |
խոշոր |
1 |
1 |
1 |
3 | |
Փոխհատուցման համար անհրաժեշտ գումարը (մլն դրամ) |
299,0 |
299,0 |
299,0 |
897,0 |
32. Ծրագրով նախանշված տարբեր հզորության համալիրների հիմնման վերաբերյալ հայտերի բացակայության դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դրանց համալրումը կիրականացնի ծրագրով նախատեսված այլ հզորությամբ համալիրների հիմնման նպատակով ստացված հայտերի հաշվին։
7. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
33. Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռվի՝
1) ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման միջոցով կազմակերպելու բարձրարժեք սննդամթերքի արտադրություն.
2) հանրապետությունում ներդնելու արդյունաբերական եղանակով խեցգետինների արհեստական աճեցման տեխնոլոգիան՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց և ավելացնելու խեցգետնի արտահանման ծավալները․
3) խեցգետնի արտադրության տարեկան ծավալն ավելացնելու 162 տոննայով կամ տարեկան ստանալու 1 մլրդ 620 մլն դրամի չափով համախառն արտադրանք.
4) նպաստելու արտադրատնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը.
5) էականորեն ավելացնելու ակվակուլտուրայի ոլորտում գործունեություն իրականացնող շահառուների եկամուտները․
6) ստեղծելու շուրջ 65 նոր աշխատատեղեր (համաձայն տեխնոլոգիական սխեմաների).
7) ծրագրի շրջանակներում ջրախնայող համակարգերի ներդրմամբ կստեղծվի հնարավորություն արտադրելու բարձրարժեք սննդամթերք՝ 20մ3 կամ 0.25 լ/վրկ 6 տոննա, 40 մ3 կամ 0.5 լ/վրկ 12 տոննա, 60 մ3 կամ 0.75 լ/վրկ 32 տոննա խեցգետին, որի տարեկան հասույթը կանխատեսվում է 324.0 մլն դրամ, իսկ հանրապետությունում արդյունագործական ձկնաբուծության համար սահմանված է ջրօգտագործման չափաքանակ 1 լիտր/վրկ ջրաելքով նվազագույնը իշխանազգի ձկնատեսակների համար՝ 700 կգ, թառափազգիների համար՝ 800 կգ, իսկ երկուսը միասին՝ 750 կգ արտադրության ծավալ:
34․ Ծրագրի իրականացումը թույլ կտա լուծել նաև կարևոր բնապահպանական խնդիր՝ պահպանել խեցգետնի բնական պաշարները, ինչը թույլ կտա մոտ ապագայում գրեթե լիովին վերականգնել խեցգետնի երբեմնի հարուստ պոպուլյացիան։
Աղյուսակ 2
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐԻ ԲՈՒԾՄԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Համալիրների տարեկան արտադրական հզորությունը (տոննա) | ||
փոքր |
միջին |
խոշոր | |||
Ջրավազանների միջին օգտակար մակերեսը | |||||
1. |
Ինտենսիվ աճեցման արտադրամաս* |
մ2 |
950* |
1800* |
2700* |
2. |
Ինկուբատորային և խեցգետնիկների ստացման արտադրամաս |
մ2 |
30 |
80 |
140 |
Շինությունների միջին մակերեսը և բարձրությունը | |||||
3. |
Աճեցման հատվածի շինություններ |
մ2 |
400 |
700 |
900 |
4. |
Ինկուբացիոն հատվածի շինություններ |
մ2 |
40 |
60 |
80 |
5. |
Տեխնիկական բնույթի շինություններ |
մ2 |
20 |
40 |
70 |
6. |
Շինությունների ընդհանուր մակերեսը |
մ2 |
460 |
800 |
1000 |
7. |
Շինությունների բարձրությունը |
մետր |
5 |
5 |
5 |
Ջրավազաններում ջրի միջին ծավալը | |||||
8. |
Խեցգետինների ջրավազաններում ջրի ընդհանուր ծավալը |
մ3 |
250 |
500 |
750 |
9. |
Ջրի առավելագույն պահանջարկը |
մ3/օր |
20 մ3/օր կամ 0,25 լիտր/վրկ |
40 մ3/օր կամ 0,5 լիտր/վրկ |
60 մ3/օր կամ 0,75 լիտր/վրկ |
էլեկտրաէներգիայի միջին սպառումը | |||||
10 |
Տեխնոլոգիական գծերի էլեկտրաէներգիայի պահանջարկը |
կվտ/ժամ |
15 |
25 |
32 |
*առաջարկվող հաշվարկային մակերես
Աղյուսակ 3
ԽԵՑԳԵՏՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
NN ը/կ |
Ծախսերը |
Չափի միավորը |
Գումարը | ||
փոքր |
միջին |
խոշոր | |||
Ներդրումային ծախսեր | |||||
1 |
Կոնստրուկցիաներ և սարքավորումներ |
հազար ՀՀ դրամ |
55250 |
101500 |
143850 |
2 |
Համակարգի նախագիծ |
հազար ՀՀ դրամ |
8200 |
12188 |
16890 |
3 |
Խեցգետնադրման համար մատղաշ* խեցգետնիկներ |
հազար ՀՀ դրամ |
7140 (51 հազար) |
13440 (96 հազար) |
19040 (136 հազար) |
4 |
Աճեցման համար մայրական կազմի առանձնյակներ* |
հազար ՀՀ դրամ |
1410 (380 առանձնյակ) |
2772 (720 առանձնյակ) |
4010 (1110 առանձնյակ) |
Ընդամենը՝ ներդրումային ծախսեր |
հազար ՀՀ դրամ |
72000 |
129900 |
183790 |
* Խեցգետնադրման (նստեցման) համար մատղաշ խեցգետնիկների և աճեցման համար մայրական կազմի առանձնյակների արժեքների հաշվարկներում հաշվի են առնվել ավստրալիական կարմրաչանչ խեցգետնի համաշխարհային շուկայում ձևավորված գները։
35. Ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում կիրականացվի մոնիթորինգ։ Մոնիթորինգը կանցկացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան լիազոր կազմակերպությունը՝ եռամսյա պարբերականությամբ։ Մոնիթորինգի ընթացքում տեղում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում կորոշվեն իրականացվող աշխատանքների բնույթը և տեխնոլոգիական չափորոշիչներին դրանց համապատասխանության հանգամանքը, որոնց հիման վրա կարվեն եզրահանգումներ և կտրվեն ցուցումներ։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
14.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|