ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում ԵԴ/0605/11/19 Գործ թիվ ԵԴ/0605/11/19
Վ․ Ռշտունի
Նախագահող դատավոր՝
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
Ս. Օհանյանի |
28 հուլիսի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 2-ի որոշման դեմ դիմող Նվեր Նիկոլայի Մանուկյանի ներկայացուցիչ Լ․Ասլանյանի վճռաբեկ բողոքը1,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Վ․Դոլմազյանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ դիմող Նվեր Նիկոլայի Մանուկյանի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։
2․ Վերոգրյալ որոշման դեմ դիմող Նվեր Մանուկյանի ներկայացուցիչ Լ․Ասլանյանի բողոքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ մերժվել է:
3․ Դիմող Ն․Մանուկյանի ներկայացուցիչ Լ․Ասլանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի փետրվարի 2-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 31-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Ն․Մանուկյանի ներկայացուցիչ Լ․Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մայիսի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Առաջին ատյանի դատարանը, մերժելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Ուսումնասիրելով դատախազ Վ.Դոլմազյանի` 17.12.2018թ-ի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը` [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ այն բխում է քրեական գործ հարուցելու հիմքը ստուգելու արդյունքում ձեռք բերված նյութերի արդյունքում ստացված տեղեկություններից:
(...) [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ բողոքարկվող որոշումը կայացվել է օրենքին համապատասխան, անձի իրավունքների խախտված լինելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ դատարանին չեն ներկայացվել, ուստի [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է մերժման»2 ։
6․ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում դիմող Ն․Մանուկյանի ներկայացուցիչ Լ․Ասլանյանը փաստել է. «(…) [Առաջին ատյանի դատարանի] որոշումն անհիմն է և չպատճառաբանված։
(…) Գտնում եմ, որ քրեական գործի հարուցման փուլում ձեռք չեն բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար»։ Արդյունքում բողոքաբերը խնդրել է․ (…) բավարարել վերաքննիչ բողոքը, բեկանել [Առաջին ատյանի դատարանի] որոշումը և վերացնել ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Վ․Դոլմազյանի՝ «քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 17․12․2018 թ․ որոշումը»3 ։
7․ Վերաքննիչ դատարանի՝ բողոքը մերժելու մասին որոշման համաձայն՝ «(…) [Ե]րբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կայացվել է դատախազի կողմից, ապա միևնույն է նշված որոշումը պետք է բողոքարկվի այն կայացրած դատախազի վերադասին և միայն դրանից հետո՝ դատարան:
(…) [Ն]յութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմող Նվեր Մանուկյանի և փաստաբան Լուսինե Ասլանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Վ.Դոլմազյանի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը չի բողոքարկվել վերադաս դատախազին:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, առանց ներկայացված բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու, պետք է մերժեր այն, մինչդեռ դատարանն ըստ էության քննել է ներկայացված բողոքը՝ անտեսելով, որ դիմող Նվեր Մանուկյանի և փաստաբան Լուսինե Ասլանյանի կողմից չի պահպանվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման դատավարական կարգը, մասնավորապես՝ վիճարկվող որոշումը սահմանված կարգով չի բողոքարկվել վերադաս դատախազին:
Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սահմանված կարգի խախտմամբ դիմող Նվեր Մանուկյանի փաստաբան Լուսինե Ասլանյանի կողմից դատարան ներկայացված բողոքը ենթակա է եղել մերժման: Ընդ որում՝ թեև Առաջին ատյանի դատարանը սխալ է պատճառաբանել իր որոշումը, այնուամենայնիվ, ըստ էության, կայացրել է գործի ելքը ճիշտ լուծող դատական ակտ, ուստի դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ»4:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակը, գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:
Մասնավորապես, բողոքաբերը վկայակոչելով վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու օրենսդրական պահանջն ու այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը, արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը, կաշկանդված լինելով վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում Առաջին ատյաին դատարանի դատական ակտի իրավաչափությունը ստուգելու դատավարական պահանջով, անկանխատեսելի հանգամանքով, վերաքննիչ վերանայման սահմաններից դուրս արձանագրել է դատական սխալ՝ ըստ էության քննարկման առարկա չդարձնելով վերաքննիչ բողոքը։
Ըստ բողոքաբերի, սահմանափակ վերաքննության մոդելի պայմաններում, Վերաքննիչ դատարանը դուրս գալով վերաքննիչ վերանայման սահմաններից չի ապահովել դատավարության մասնակցին տրված երաշխիքն առ այն, որ իր գործով դատական քննության ընթացքում դատարանը չի կատարի դատավարական հակառակորդի գործառույթ։
8․1․ Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքաբերը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անդրադառնալով բողոքարկման դատավարական կարգի պահպանվածության հարցին, պետք է նաև քննարկման առարկա դարձներ քրեական հետապնդման մարմնի կողմից վիճարկվող որոշման բողոքարկման ընթացակարգը պարզաբանելու պարտականությունը կատարված լինելու հարցը։ Հակառակ պարագայում, ըստ բողոքաբերի, խախտվում են դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքները։
9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 2-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք վիճարկվող որոշման բողոքարկման դատավարական կարգը պահպանված չլինելու հիմքով դիմող Ն․Մանուկյանի ներկայացուցիչ Լ․Ասլանյանի վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:
Վերաքննության գործառութային առանձնահատկությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ վերաքննիչ դատարանը, որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է ստորադաս ատյանի դատական ակտի հիմնավորվածությունն ու իրավաչափությունը։ Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ոչ միայն կանխորոշում են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկման առարկա դարձվեն վերաքննիչ վարույթի շրջանակներում, այլև նախանշում են վերաքննիչ վերանայման սահմանները։ Վերաքննիչ դատարանն իրավասու է դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից միայն այն դեպքում, երբ առկա է դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն անվերապահորեն պետք է հանգեցնի դատական ակտի բեկանման (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մաս) կամ առկա է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Մյուս բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կաշկանդված է դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով, հետևաբար իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ, վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դուրս արձանագրել դատական սխալ և ուղղել այն: Վերաքննիչ վերանայման սահմաններից դուրս գալու հիմքերի սահմանափակ և խիստ որոշակի շրջանակը կոչված է բացառելու վերադաս դատական ատյանի կողմից բողոքում չնշված, անկանխատեսելի հանգամանքներով սահմաններից դուրս գալը։ Հակառակ պարագայում, վերադաս դատարանը կիրականացնի գործի լրիվ ծավալով ըստ էության քննություն, ինչն անհամատեղելի կլինի մրցակցության սկզբունքից բխող՝ սահմանափակ վերանայման՝ օրենսդրորեն ամրագրված գաղափարի հետ5:
11․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Առաջին ատյանի դատարանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը հաստատելու մասին դատական ակտի6 դեմ, դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով, վերաքննիչ բողոք է բերել դիմող Ն․Մանուկյանի ներկայացուցիչ Լ․Ասլանյանը՝ փաստարկելով, որ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ ձեռք բերված չեն7։
- Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին՝ փաստարկելով, որ դատախազական հսկողության գործիքակազմի սպառումը նախապայման է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը գործադրելու համար, մինչդեռ, տվյալ դեպքում, իրավունքների պաշտպանության արտադատական միջոցը սպառված չլինելու պայմաններում Առաջին ատյանի դատարանն ըստ էության քննարկել է ներկայացված բողոքը։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, առանց անդրադառնալու վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերին և արձանագրելով, որ բողոքարկման կարգի խախտմամբ դատարան ներկայացված բողոքը ենթակա էր մերժման՝ առանց անդրադառնալու վիճարկվող որոշման իրավաչափության հարցին, սակայն հաշվի առնելով, որ Առաջին ատյանի դատարանը մերժելով դիմողի բողոքը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, գտել է, որ այն պետք է թողնել անփոփոխ8։
12․ Վերոշարադրյալ փաստական հանգամանքների վերլուծությունից բխում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն որոշման 10-րդ կետում նշված հիմքերի բացակայության պայմաններում, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից։ Այսինքն՝ անդրադառնալով քրեական հետապնդման մարմնի որոշման բողոքարկման ընթացակարգային բնույթի խախտման հարցին՝ Վերաքննիչ դատարանն իր կողմից կայացված դատական ակտը ոչ իրավաչափորեն հիմնավորել է այնպիսի փաստարկմամբ, որը ներկայացված չի եղել վերաքննիչ բողոքում: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը ներկայացված վերաքննիչ բողոքն ըստ էության քննարկման առարկա չի դարձրել ու չի անդրադարձել Առաջին ատյանի դատարանի կողմից բողոքի առնչությամբ տրված լուծման հիմնավորվածությանը և իրավաչափությանը։ Նման պայմաններում, խախտվել է Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների միջև գործառութային կապը, դատավարության մասնակցին տրված երաշխիքն առ այն, որ իր գործով դատական քննության ընթացքում վերաքննիչ դատարանը չի կատարի դատավարական հակառակորդի գործառույթ, և սահմանափակվել է դիմողի՝ վերաքննության մատչելիության իրավունքը։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սահմանափակված լինելով բողոքի առարկայով և սահմաններով, իրավասու չէր անդրադառնալ քրեական հետապնդման մարմնի վիճարկվող որոշման բողոքարկման դատավարական կարգի պահպանված լինելու հարցին։
Ընդհանրացնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող որոշման բողոքարկման դատավարական կարգը պահպանված չլինելու հիմքով դիմող Ն․Մանուկյանի ներկայացուցիչ Լ․Ասլանյանի վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, հիմնավոր չէ։
13. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 2-ի որոշումը բեկանելու համար:
Միևնույն ժամանակ, ապահովելով անձի՝ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքները, ինչպես նաև դատական վերանայման սահմանների վերընթաց նվազման սկզբունքի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը պետք է ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության9:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, պետք է քննության առնի դիմող Ն․Մանուկյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը` դրա հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի՝ սույն որոշման 8․1-րդ կետում վկայակոչված փաստարկին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Նվեր Նիկոլայի Մանուկյանի ներկայացուցիչ Լ․Ասլանյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 2-ի որոշումը բեկանել ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 67-70:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 74-75:
4 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 44-51:
5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Սաքունցի բողոքի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԼԴ/0001/11/10, Գեղամ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11, Արթուր Խուրշուդյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԱՔԴ/0065/01/11, Լուկաշ Վերանյանի գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ԵԿԴ/0074/01/17, Հենրիկ Բարսեղյանի ու Արման Մարջանյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԿԴ/0259/01/16 և Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումները։
6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
|
Ս. Օհանյան |