ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2020 թվականի N 556-Ն
ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ առանձնահատկությունները ԵՎ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 27.10.22 N 1658-Ն)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 368-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել տրանսֆերային գնագոյացման մեթոդների առանձնահատկությունները և կիրառության կարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 27.10.22 N 1658-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 556-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ առանձնահատկությունները ԵՎ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ
(վերնագիրը լրաց. 27.10.22 N 1658-Ն)
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կարգավորվում են տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության ընդհանուր սկզբունքները և առանձնահատկությունները:
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված իմաստն ու նշանակությունը:
3. Վերահսկվող գործարքում կիրառված ֆինանսական ցուցանիշի պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև այդ գործարքի մասով շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան որոշելու նպատակով կիրառվում են տրանսֆերային գնագոյացման հետևյալ մեթոդները (այսուհետ՝ մեթոդներ)՝
1) համադրելի չվերահսկվող գնի մեթոդը.
2) վերավաճառքի գնի մեթոդը.
3) ծախսումներ գումարած մեթոդը.
4) զուտ շահույթի մեթոդը.
5) շահույթի բաշխման մեթոդը:
(3-րդ կետը փոփ. 27.10.22 N 1658-Ն)
4. Մեթոդների կիրառումը պարտադիր է միայն օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարքների համար։
5. Համակցված վերահսկվող գործարքների գնահատումը կատարվում է օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն:
6. Վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը որոշելու համար հարկ վճարողի կողմից տրանսֆերային գնագոյացման մեկից ավելի մեթոդների կիրառությունը պարտադիր չէ: Երկու և ավելի մեթոդների կիրառումը կարող է նպատակահարմար լինել այն դեպքում, երբ այն կհանգեցնի վերլուծության ենթակա վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության արժանահավատության բարձրացմանը:
7. Տրանսֆերային գնագոյացման առավել համապատասխան մեթոդ է համարվում այն մեթոդը, որն ընտրվել է օրենսգրքի 368-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթների համաձայն:
8. Եթե հարկ վճարողը վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը որոշելու նպատակով կիրառել է մեթոդներից որևէ մեկը (կամ մեկից ավելի), ապա հարկային մարմնի կողմից հարկ վճարողի վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության պարզումը հիմնվում է հարկ վճարողի կիրառած տրանսֆերային գնագոյացման մեթոդի (մեթոդների) վրա, եթե հարկ վճարողի կիրառած տրանսֆերային գնագոյացման մեթոդի (մեթոդների) ընտրությունը կատարվել է օրենսգրքի 368-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
9. Մեթոդների կիրառման համար կարող են օգտագործվել ներքին և արտաքին չվերահսկվող գործարքները, դրանց համակցությունը, ինչպես նաև օրենսգրքի 367-րդ հոդվածով սահմանված տեղեկատվության այլ աղբյուրներ: Ընդ որում, հավասար արժանահավատության դեպքում պետք է օգտագործել ներքին չվերահսկվող գործարքները:
10. Մեթոդների կիրառման համար թույլատրելի չէ օրենսգրքի 4-րդ հոդվածի 63-րդ մասի համաձայն հարկային գաղտնիք համարվող տեղեկատվության օգտագործումը, ինչպես նաև այնպիսի տեղեկատվության օգտագործումը, որի հասանելիությունը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության կամ որևէ օտարերկրյա պետության օրենսդրությամբ:
11. Մեթոդի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնվեն տեղեկատվության լիարժեքությունն ու հավաստիությունը, ինչպես նաև համադրելիության ճշգրտումների անցկացման հնարավորությունն ու հիմնավորումը:
12. Համադրելի չվերահսկվող գնի մեթոդը կարող է կիրառվել ցանկացած վերահսկվող գործարքի նկատմամբ, բացառությամբ համակցված վերահսկվող գործարքների: Օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-5-րդ կետերում նշված մեթոդները յուրաքանչյուր վերահսկվող գործարքի նկատմամբ առանձին կիրառելու անհնարինության դեպքում՝ կիրառվում են համակցված վերահսկվող գործարքների նկատմամբ:
13. Oրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-5-րդ կետերում նշված մեթոդները կարող են կիրառվել առանց պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխան գործարքի գնի հաշվարկի:
14. Ֆինանսական ցուցանիշները, որոնց հաշվարկման համար հիմք են հանդիսանում ֆինանսական հաշվետվությունների տվյալները, անհրաժեշտության դեպքում դարձվում են համադրելի՝ ապահովելով եկամուտների և ծախսերի հաշվարկի ժամանակ առկա տարբերությունների ոչ էական ազդեցությունը ֆինանսական ցուցանիշների վրա: Մասնավորապես, նշված տարբերությունները կարող են ի հայտ գալ այնպիսի իրավիճակում, երբ ֆինանսական ցուցանիշների հաշվարկի համար օգտագործվող ֆինանսական հաշվետվությունների կազմման կանոնները տարբերվում են ըստ տարբեր ստանդարտների կամ ըստ տարբեր երկրների օրենսդրությունների: Ֆինանսական հաշվետվության տվյալների համաձայն ֆինանսական ցուցանիշների հաշվարկման ժամանակ օգտագործվում է այն տեղեկատվությունը, որը հասանելի է եղել վերահսկվող գործարքի իրականացման պահին: Այն դեպքերում, երբ չվերահսկվող գործարքի՝ վերահսկվող գործարքի հետ համադրելիությունը գնահատելիս վերահսկվող գործարքի իրականացման հարկային տարվա վերաբերյալ տեղեկատվությունը դեռևս հայտնի չէ, ապա կարող է օգտագործվել`
1) վերահսկվող գործարքի կատարմանը նախորդող հարկային տարվա տեղեկատվությունը, կամ
2) վերահսկվող գործարքի կատարմանը նախորդող ոչ ավելի, քան 3 հարկային տարիներին վերաբերող տեղեկատվությունը, եթե դրանք բացահայտում են այնպիսի փաստեր, որոնք կարող են ազդել համեմատվող գործարքների համադրելիությունը որոշելու վրա։
15. Հարկային օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-5-րդ կետերում նշված մեթոդներից որևէ մեկի կիրառության նպատակով ընտրված ֆինանսական հաշվետվությունների տվյալների հիման վրա սահմանված ֆինանսական ցուցանիշները դիտարկվում են որպես արտաքին համադրելի գործարքների հիման վրա ձևավորված ֆինանսական ցուցանիշներ:
2. Համադրելի չվերահսկվող գնի մեթոդ
16. Համադրելի չվերահսկվող գնի մեթոդը վերահսկվող գործարքի առարկայի գնի համեմատումն է չվերահսկվող համադրելի գործարքի առարկայի գնի հետ՝ որոշելու վերահսկվող գործարքի գնի համապատասխանությունը պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին:
17. Այս մեթոդի կիրառության դեպքում գործարքի առարկայի բնութագրին` համադրելիության գործոնին, տրվում է առավել կարևորություն, քանի որ այս մեթոդի կիրառությունը ենթադրում է անմիջապես գործարքի առարկայի համեմատություն, ի տարբերություն այլ մեթոդների, որտեղ վերլուծվում են շահույթի կամ հասույթի տարբեր գործակիցներ:
18. Օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համադրելի չվերահսկվող գնի մեթոդն ունի կիրառման առաջնահերթություն օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերում սահմանված մեթոդների նկատմամբ:
19. Համադրելի չվերահսկվող գնի մեթոդի կիրառության ժամանակ վերլուծության ենթակա կողմի ընտրություն չի պահանջվում, քանի որ այս մեթոդի դեպքում վերլուծության ենթակա ֆինանսական ցուցանիշը` գինը, համաձայնեցված է երկու փոխկապակցված չհամարվող հարկ վճարողների միջև:
20. Համադրելի չվերահսկվող գնի մեթոդը կիրառվում է առնվազն մեկ համադրելի գործարքի վերաբերյալ արժանահավատ և հուսալի տեղեկատվության առկայության դեպքում:
21. Միայն մեկ համադրելի գործարքի մասին տեղեկատվության առկայության դեպքում այդպիսի գործարքի գինը կարող է միևնույն ժամանակ ճանաչվել պարզած ձեռքի հեռավորության տիրույթի նվազագույն և առավելագույն արժեք, միայն այն դեպքում, երբ վերլուծվող վերահսկվող գործարքի և համադրելի գործարքի նկատմամբ ամբողջությամբ իրականացվում են գործարքների համադրելիության կիրառվող բոլոր պայմանները կամ համապատասխան համադրելիության ճշգրտումների միջոցով ապահովվել է գործարքների լիարժեք համադրելիությունը:
22. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքի առարկան համադրելի չէ չվերահսկվող գործարքի առարկայի հետ և բավարար համադրելիության ապահովման համար համադրելիության որևէ ճշգրտումներ չեն կարող կիրառվել, ապա համադրելի չվերահսկվող գնի մեթոդի կիրառման փոխարեն պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին՝ վերլուծվող վերահսկվող գործարքի համապատասխանության պարզման համար առավել նպատակահարմար է կիրառել օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերում սահմանված մեթոդներից որևէ մեկը:
(22-րդ կետը փոփ., լրաց. 27.10.22 N 1658-Ն)
23. Համադրելի չվերահսկվող գնի մեթոդի կիրառության համար պետք է կիրառվեն այն համադրելի գործարքների գները, որոնք կատարվել են վերլուծվող վերահսկվող գործարքի իրականացման հարկային տարում, եթե օրենսգրքի 370-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:
24. Մեկից ավելի համադրելի գործարքների մասին տեղեկատվության առկայության դեպքում պարզած ձեռքի հեռավորության տիրույթը սահմանվում է օրենսգրքի 371-րդ հոդվածով սահմանված կարգով:
25. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառված գինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթում, հաշվի առնելով hամադրելիության ճշգրտումները, եթե դրանք կիրառելի են, ապա հարկման նպատակով ընդունվում է, որ վերլուծվող վերահսկվող գործարքի գինը համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին:
(25-րդ կետը փոփ. 27.10.22 N 1658-Ն)
25.1. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող գինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքում կիրառվող գինը՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։
(25.1-ին կետը լրաց. 27.10.22 N 1658-Ն)
3. Վերավաճառքի գնի մեթոդ
26․ Վերավաճառքի գնի մեթոդը վերլուծվող վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության որոշման մեթոդ է, որն իրականացվում է վերահսկվող գործարքի առարկայի վերավաճառքից ստացված հավելագինը համադրելի չվերահսկվող գործարքի առարկայի վերավաճառքից ստացված հավելագնի հետ համեմատելու միջոցով:
27. Վերավաճառքի գնի մեթոդի կիրառման դեպքում որպես հավելագին է դիտարկվում վաճառքների համախառն շահութաբերությունը, որը սահմանվում է որպես համախառն շահույթի և հասույթի հարաբերություն (առանց ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի):
28. Վերավաճառքի գնի մեթոդը կիրառվում է, երբ վերավաճառողը վերահսկվող գործարքում ձեռք բերված առարկայի վերավաճառքի դեպքում որևէ էական հավելյալ արժեք չի ավելացրել վերավաճառվող ապրանքի վրա:
29. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում վերավաճառք իրականացնողի կիրառած հավելագինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթում, հաշվի առնելով համադրելիության ճշգրտումները, եթե դրանք կիրառելի են, ապա հարկման նպատակներով ընդունվում է, որ այդպիսի վերահսկվող գործարքի հավելագինը համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին:
(29-րդ կետը փոփ. 27.10.22 N 1658-Ն)
30. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։
(30-րդ կետը խմբ. 27.10.22 N 1658-Ն)
4. «Ծախսումներ գումարած» մեթոդ
31. «Ծախսումներ գումարած» մեթոդը վերլուծվող վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության որոշման մեթոդ է, որն իրականացվում է վերահսկվող գործարքի առարկայի մատակարարման ընթացքում կատարված ուղղակի և անուղղակի ծախսերի նկատմամբ կիրառված հավելագինը համադրելի չվերահսկվող գործարքի առարկայի մատակարարման ընթացքում կատարված ուղղակի և անուղղակի ծախսերի նկատմամբ կիրառված հավելագնի հետ համեմատելու միջոցով:
32. «Ծախսումներ գումարած» մեթոդի կիրառման դեպքում որպես հավելագին է դիտարկվում ծախսերի համախառն շահութաբերությունը, որը սահմանվում է որպես համախառն շահույթի ու գործարքի առարկային վերաբերող ուղղակի և անուղղակի ծախսումների գումարի հարաբերություն:
33. «Ծախսումներ գումարած» մեթոդը կիրառվում է, երբ վերավաճառողը չի օգտագործում էական ոչ նյութական ակտիվներ և (կամ) կրում էական ռիսկեր:
34. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքի հավելագինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթում, հաշվի առնելով համադրելիության ճշգրտումները, եթե դրանք կիրառելի են, ապա հարկման նպատակով ընդունվում է, որ այդպիսի վերահսկվող գործարքում կիրառած հավելագինը համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին:
(34-րդ կետը փոփ. 27.10.22 N 1658-Ն)
35. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։
(35-րդ կետը խմբ. 27.10.22 N 1658-Ն)
5. Զուտ շահույթի մեթոդ
36. Զուտ շահույթի մեթոդը վերլուծվող վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության որոշման մեթոդ է, որն իրականացվում է վերահսկվող գործարքի արդյունքում առաջացած համապատասխան բազայի, մասնավորապես, ծախսումների, իրացումների, ակտիվների նկատմամբ ստացված զուտ շահույթը համադրելի չվերահսկվող գործարքի արդյունքում առաջացած միևնույն բազայի նկատմամբ ստացված զուտ շահույթի հետ համեմատելու միջոցով:
37. Զուտ շահույթի մեթոդի կիրառման ժամանակ վերահսկվող գործարքի համապատասխան բազայի ընտրությունն իրականացվում է օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների համաձայն:
38. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում վերլուծության ենթակա կողմի ֆինանսական ցուցանիշը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթում, հաշվի առնելով համադրելիության ճշգրտումները, եթե դրանք կիրառելի են, ապա հարկման նպատակներով ընդունվում է, որ այդպիսի վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին:
39. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում ստացված ֆինանսական ցուցանիշը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքի արդյունքում ստացված ֆինանսական ցուցանիշը՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։
(39-րդ կետը խմբ. 27.10.22 N 1658-Ն)
6. Շահույթի բաշխման մեթոդ
40. Շահույթի բաշխման մեթոդը վերլուծվող վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության որոշման մեթոդ է, որն իրականացվում է վերահսկվող գործարքին մասնակցող փոխկապակցված հարկ վճարողներից յուրաքանչյուրին տվյալ գործարքից ստացված շահույթի կամ վնասի այն մասնաբաժինը հատկացնելու միջոցով, որը փոխկապակցված չհամարվող անձը կարող էր ակնկալել համադրելի չվերահսկվող գործարքին մասնակցելիս: Սույն կետի կիրառության իմաստով՝ գործարքից ստացվող շահույթ է համարվում այդ գործարքի գծով ստացվող հասույթի և դրա գծով ծախսերի դրական տարբերությունը:
41. Շահույթի բաշխման մեթոդի կիրառման նպատակով վերլուծվող վերահսկվող գործարքի կողմերի շահույթը (վնասը) ճանաչվում է վերլուծվող ժամանակահատվածում վերահսկվող գործարքի համախառն հասույթի և ծախսերի տարբերությունը: Շահույթի բաշխման մեթոդը կիրառելիս անհրաժեշտ է հստակեցնել վերահսկվող գործարքի մասով համատեղ շահույթը կամ մնացորդային շահույթը:
(41-րդ կետը լրաց. 27.10.22 N 1658-Ն)
42. Շահույթի բաշխման մեթոդը, մասնավորապես, կարող է կիրառվել հետևյալ դեպքերում՝
●
վերահսկվող գործարքի շրջանակներում վերահսկվող գործարքի կողմերի գործունեության էական փոխկապակցվածության առկայության դեպքում,●
եթե հնարավոր չէ վերլուծել վերահսկվող գործարքի կողմերից յուրաքանչյուրի գործունեությունն առանձին-առանձին,●
վերահսկվող գործարքի կողմերից ավելի քան մեկի կողմից վերլուծվող վերահսկվող գործարքի վրա այնպիսի ոչ նյութական ակտիվների օգտագործման դեպքում, որոնք շահույթի մակարդակի վրա էական ազդեցություն են թողնում:43. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքի կողմերից յուրաքանչյուրի ստացած շահույթը (վնասը) գտնվում է շահույթի (վնասի) պարզած ձեռքի հեռավորության տիրույթում, որը շահույթի բաշխման մեթոդի համաձայն հաշվարկվել է վերլուծվող վերահսկվող գործարքի այդ կողմի համար, ապա հարկման նպատակով ընդունվում է, որ այդպիսի վերահսկվող գործարքը համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին:
44. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում ստացված շահույթը (վնասը) գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքի արդյունքում ստացված շահույթը (վնասը)՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։
(44-րդ կետը խմբ. 27.10.22 N 1658-Ն)
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 27.10.22 N 1658-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |