ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի մայիսի 15-ին
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մանես և Վալեքս», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Կապանի լեռնահարստացման կոմբինատ», «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ», «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունների, «Հրազդանցեմենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վարձակալական ձեռնարկության և Չարենցավանի «Ձուլակենտրոն» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություններ) կողմից վճարվող բնապահպանական վճարներից մասհանումներ են կատարվում և առանձին տողով արտացոլվում այն համայնքների բյուջեների վարչական մասում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն:
Համայնքների ցանկը և բնապահպանական վճարներից նրանց վարչական բյուջեներ մասհանվող գումարների չափերը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Մասհանումները տվյալ (այսուհետ` առաջիկա) բյուջետային տարվա ընթացքում կատարվում են անմիջապես պետական բյուջեից` սուբվենցիայի տեսքով սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված նախապայմանների կատարման դեպքում: Մասհանումների չափերը որոշվում են` ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ տարվա արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված բնապահպանական վճարի գումարից:
(1-ին հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-281)
Հոդված 2. Բնապահպանական վճարներից համայնքների վարչական բյուջեներ մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և օգտագործվում են տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի (այսուհետ` Ծրագիր) իրականացման համար:
Հոդված 3. (մասը հանվել է 14.12.01 ՀՕ-281)
Ծրագրի նախագիծը մշակում և հրապարակում է համայնքի ղեկավարը:
Ընկերությունները, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական այլ անձինք Ծրագրի նախագծի վերաբերյալ կարող են համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առաջարկություններ դրա հրապարակումից հետո` 15 օրյա ժամկետում:
Ծրագիրը ներառում է`
ա) համայնքի ընդերքի, նրա վարչական սահմաններում գտնվող անտառային, ջրային և օդային տարածքների, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի պահպանման ու վերականգնման միջոցառումները.
բ) համայնքի բնակչության առողջության պահպանմանը նպատակաուղղված այն միջոցառումները, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է ընկերությունների գործունեությամբ.
գ) ծրագրային միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները:
Մինչև Ծրագրի հաստատումը նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները համաձայնեցվում են բնապահպանության և առողջապահության բնագավառներում լիազորված պետական մարմինների հետ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Համաձայնություն չտալու դեպքում Ծրագրի ներկայացման օրվանից` 15-օրյա ժամկետում, համապատասխան լիազորված մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ավագանուն, համայնքի ղեկավարին և համապատասխան մարզպետին` նշելով համաձայնություն չտալու հիմքերը:
Համայնքի ավագանին իրավասու է Ծրագիրը վերադարձնել համայնքի ղեկավարին` ավագանու սահմանած ժամկետում այն լրամշակելու նպատակով:
Բնապահպանության և առողջապահության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված ծրագրի նախագիծը համայնքի ղեկավարի կողմից ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը: Համայնքի ավագանու կողմից հաստատված ծրագրի ֆինանսավորման համար առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված մասհանումների շրջանակներում հատկացումներ նախատեսելու հարցը քննարկման առարկա դարձնելու նպատակով նշված ծրագիրը առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացման համար Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը.
ա) համադրելով սույն հոդվածի համաձայն ստացված բոլոր ծրագրերը և հաշվի առնելով այդ ծրագրերի ֆինանսավորման համար առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում սույն օրենքի 1-ին հոդվածի համապատասխան նախատեսվելիք հատկացումների ընդհանուր գումարները, կազմում է առաջիկա բյուջետային տարում պետական բյուջեից ծրագրերի ֆինանսավորման համար մասհանումներ ստացող համայնքների ցանկի նախագիծը` այդ ցանկում ընդգրկված համայնքների բյուջեներին հատկացվելիք մասհանումների գումարների բաշխմամբ, որը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում.
բ) մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 20-ը պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնում է վերջիններիս կողմից ներկայացված ծրագրերի գծով առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում նախատեսվելիք հատկացումների չափի մասին:
Ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
(3-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 14.12.01 ՀՕ-281)
Հոդված 4. Ֆինանսական համահարթեցման նպատակով տվյալ համայնքին տրամադրվելիք դոտացիայի չափը ենթակա չէ նվազեցման սույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե մուտքագրված բնապահպանական վճարներից կատարվող մասհանման չափով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|