Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-142-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2006-05.05.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.12/38(493) Հոդ.816
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հունիսի 15-ին

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է՝ 

ա) գրականության, գիտության, արվեստի բնագավառների ստեղծագործությունների նկատմամբ դրանց հեղինակների իրավունքների (այսուհետ՝ հեղինակային իրավունք) հետ կապված հարաբերությունները.

բ) կատարողների՝ իրենց կատարումների, հնչյունագրեր արտադրողների՝ իրենց պատրաստած հնչյունագրերի, ֆիլմ արտադրողների՝ իրենց ամրագրած ֆիլմերի, հեռարձակող կազմակերպությունների՝ իրենց հաղորդումների, հրատարակիչների՝ իրենց հրատարակությունների հրատարակչական ձևավորումների, տվյալների բազաներ պատրաստողների՝ իրենց պատրաստած տվյալների բազաների նկատմամբ իրավունքների (այսուհետ՝ հարակից իրավունքներ) հետ կապված հարաբերությունները.

գ) գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարումը։

 

Հոդված 2.

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենսդրությունը

 

1. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից։

2. Եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2


ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Հոդված 3.

Հեղինակային իրավունքի օբյեկտները

 

1. Հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը (այսուհետ` ստեղծագործություն), որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձևով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձևը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից:

2. Նյութական կրիչի վրա չամրագրված բանավոր ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող, եթե այն մատչելի է դարձել հանրությանը հրապարակային կատարման կամ այլ ձևով։

3. Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա:

4. Հեղինակային իրավունքի օբյեկտներ են՝

ա) գրական, գիտական ստեղծագործությունները, ինչպես նաև համակարգչային ծրագրերը.

բ) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.

գ) դրամատիկական և երաժշտադրամատիկական ստեղծագործությունները, սցենարները, սցենարային պլանները, լիբրետոները և բեմական ցուցադրման այլ ստեղծագործությունները.

դ) պարարվեստի և մնջախաղի ստեղծագործությունները.

ե) տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.

զ) տեսալսողական ստեղծագործությունները (կինո-հեռուստաֆիլմերը, անիմացիոն և մուլտիպլիկացիոն կինոնկարները, կարճ երաժշտական տեսահոլովակները, գովազդային, փաստագրական, փաստավավերագրական և այլ ֆիլմերը).

է) դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.

ը) լուսանկարչական և նման եղանակով ստեղծված ստեղծագործությունները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին.

թ) քաղաքաշինական, ճարտարապետական, այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները և դրանց լուծումները ինչպես ամբողջությամբ, այնպես էլ առանձին մասերը.

ժ) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային, երկրաբանությանը, քաղաքաշինությանը, ճարտարապետությանը և այլ գիտություններին վերաբերող քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները.

ժա) ածանցյալ ստեղծագործությունները, մասնավորապես՝

- այլ ստեղծագործությունների թարգմանությունները, ադապտացիաները, փոխադրումները, դաշնավորումներն ու վերադաշնավորումները, մշակումներն ու վերամշակումները, բեմականացումները, կինեմատոգրաֆիական վերափոխումները և գրականության, գիտության, արվեստի ստեղծագործությունների այլ վերափոխումները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին,

- ստեղծագործությունների ժողովածուները (հանրագիտարանները, անթոլոգիաները), տվյալների բազաները և այլ կազմածո ստեղծագործությունները, որոնք ըստ իրենց պարունակության ընտրության և (կամ) տեղաբաշխման ստեղծագործական աշխատանքի արդյունք են.

ժբ) ստեղծագործության մասերը (անվանումը, կերպարները և այլն), որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին և կարող են օգտագործվել ինքնուրույն.

ժգ) տառատեսակները.

ժդ) սույն հոդվածի առաջին մասի դրույթներին համապատասխանող այլ ստեղծագործություններ։

 

Հոդված 4.

Հեղինակային իրավունքի օբյեկտ չհամարվող ստեղծագործությունները

 

1. Հեղինակային իրավունքի օբյեկտներ չեն՝

ա) ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները.

բ) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը.

գ) պաշտոնական փաստաթղթերը՝ իրավական ակտերը, պայմանագրերը և դրանց պաշտոնական թարգմանությունները.

դ) պաշտոնական խորհրդանիշերն ու նշանները (դրոշներ, զինանշաններ, շքանշաններ, դրամանիշներ).

ե) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը.

զ) առանց մարդու ստեղծագործական գործունեության՝ տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները։

2. Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում:

 

Հոդված 5.

Ստեղծագործության հրապարակումը և լույսընծայումը

 

1. Ստեղծագործությունը համարվում է հրապարակված, եթե այն հեղինակի կողմից կամ նրա համաձայնությամբ առաջին անգամ մատչելի է դարձել հանրությանը հրապարակային արտասանության, հրապարակային կատարման, հրապարակային ցուցադրման, լույսընծայման (հրատարակման), հեռարձակման կամ հանրությանը մատչելի դարձնելու այլ միջոցներով:

2. Ստեղծագործությունը համարվում է լույս ընծայված (հրատարակված), եթե հեղինակի համաձայնությամբ ցանկացած միջոցներով, այդ թվում` էլեկտրոնային համակարգերի միջոցով, արտադրված ստեղծագործության օրինակները շրջանառության մեջ են դրվել բավարար քանակով։

Լույսընծայում չի համարվում դրամատիկական, երաժշտադրամատիկական, տեսալսողական կամ երաժշտական ստեղծագործության կատարումը, գրական ստեղծագործության ասմունքը, գրական կամ արվեստի ստեղծագործության հեռարձակումը, արվեստի ստեղծագործության ցուցադրումը և ճարտարապետական ստեղծագործություն հանդիսացող շինության կառուցումը։

 

Հոդված 6.

Հեղինակը

 

Հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ով ստեղծել է ստեղծագործությունը:

 

Հոդված 7.

Համահեղինակությունը

 

1. Երկու կամ ավելի անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է համահեղինակներին համատեղ՝ անկախ ստեղծագործության կառուցվածքից:

Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության առանձին մասը համարվում է ինքնուրույն նշանակություն ունեցող, եթե դա կարող է օգտագործվել ստեղծագործության մյուս մասերից անկախ:

Համահեղինակներից յուրաքանչյուրն իրավունք ունի ստեղծագործության իր ստեղծած ինքնուրույն նշանակություն ունեցող մասն օգտագործելու իր հայեցողությամբ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով։

Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ճանաչվում է, եթե հեղինակներից թեկուզ մեկը սույն օրենքով օգտվում է հեղինակային իրավունքից:

2. Ստեղծագործությունն ամբողջությամբ օգտագործելու իրավունքը պատկանում է համահեղինակներին համատեղ: Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով։

Պայմանագրի բացակայության դեպքում ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է բոլոր հեղինակներին համատեղ, իսկ ստացվող եկամուտը նրանց միջև բաշխվում է հավասար:

Համահեղինակությամբ ստեղծված և անբաժանելի ամբողջականություն համարվող ստեղծագործության համահեղինակներից ոչ մեկն իրավունք չունի առանց հիմնավորված պատճառաբանությունների արգելելու մյուս համահեղինակներին ստեղծագործության օգտագործումը:

 

Հոդված 8.

Հեղինակության կանխավարկածը

 

1. Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում, կամ նոտարի մոտ, կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է, և կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում:

2. Ստեղծագործությունը անանուն կամ կեղծանունով լույսընծայման դեպքում լույս ընծայող անձը, ում անունը կամ անվանումը նշված է ստեղծագործության վրա, այլ ապացույցների բացակայության դեպքում համարվում է հեղինակի ներկայացուցիչ և այդ կարգավիճակով իրավասու է պաշտպանելու հեղինակի իրավունքներն ու ապահովելու դրանց իրականացումը:

Սույն դրույթը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ այդպիսի ստեղծագործության հեղինակը չի բացահայտել իր անձը և չի հայտարարել իր հեղինակության մասին:

 

Հոդված 9.

Հեղինակային իրավունքի ծագումը և դրա մասին ծանուցումը

 

1. Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստով: Ստեղծագործությունը համարվում է ստեղծված, եթե այն արտահայտված է ընկալելու հնարավորություն թույլատրող որևէ օբյեկտիվ ձևով և կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից և որևէ այլ գործողության կատարումից:

2. Բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձը (հեղինակը կամ սույն օրենքով նախատեսված կարգով դրանք տիրապետող այլ անձը) հեղինակային իրավունքի մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշանը, որը զետեղվում է ստեղծագործության բնօրինակի կամ յուրաքանչյուր օրինակի վրա և կազմված է՝

ա) շրջանագծի մեջ վերցված լատինական «C» տառից.

բ) բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձի անունից կամ անվանումից.

գ) ստեղծագործության առաջին լույսընծայման տարեթվից:

 

Հոդված 10.

Հեղինակային իրավունքի և նյութական օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի հարաբերակցությունը

 

1. Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է անկախ այն նյութական օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքից, որում արտահայտված է ստեղծագործությունը:

2. Հեղինակի կողմից նյութական օբյեկտի օտարումը, որում արտահայտված է ստեղծագործությունը, ինքնին չի նշանակում հեղինակային իրավունքի օտարում:

 

Հոդված 11.

Հեղինակային իրավունքի բովանդակությունը

 

Հեղինակային իրավունքը հեղինակի բացառիկ անձնական ոչ գույքային և բացառիկ գույքային իրավունքներն են իր ստեղծագործության նկատմամբ։

 

Հոդված 12.

Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները

 

1. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները ապահովում են ստեղծագործության նկատմամբ նրա մտավոր և անձնական կապերը:

2. Հեղինակին են պատկանում ստեղծագործության նկատմամբ հետևյալ անձնական ոչ գույքային իրավունքները`

ա) ստեղծագործության հեղինակ ճանաչվելու (հեղինակության իրավունք).

բ) ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու (հեղինակի անվան իրավունք).

գ) ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու (հեղինակի համբավի և արժանապատվության իրավունք).

դ) ստեղծագործությունը ցանկացած ձևով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքը այլ անձի վերապահելու (հրապարակման իրավունք).

ե) ստեղծագործությունը հրապարակելու մասին նախկինում ընդունած որոշումից հրաժարվելու (հետկանչի իրավունք), եթե հրապարակվող ստեղծագործությունն այլևս չի համապատասխանում իր համոզմունքներին, և այդ հրապարակումը բացասական ազդեցություն կունենա իր հեղինակության վրա՝ ստեղծագործությունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց պատճառած վնասները (ներառյալ` բաց թողնված օգուտը) հատուցելու պայմանով։ Եթե ստեղծագործությունն արդեն իսկ լույս է ընծայվել, հեղինակը պարտավոր է հրապարակայնորեն ծանուցել դրա հետկանչի մասին: Ընդ որում, նա իրավունք ունի ստեղծագործության նախկինում պատրաստված օրինակները շրջանառությունից հանելու` հոգալով անհրաժեշտ ծախսերը: Սույն մասի դրույթները չեն տարածվում համակարգչային ծրագրերի, տեսալսողական ստեղծագործությունների, տվյալների բազաների, ինչպես նաև ծառայողական ստեղծագործությունների վրա, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

3. Անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի և անփոխանցելի են և պահպանվում են անժամկետ, բացառությամբ հետկանչի իրավունքի, որը գործում է միայն հեղինակի կյանքի ընթացքում։

 

Հոդված 13.

Հեղինակի գույքային իրավունքները

 

1. Գույքային իրավունքներն ապահովում են հեղինակի նյութական շահերը` տալով հեղինակին բացառիկ իրավունք` թույլատրելու կամ արգելելու իր ստեղծագործության կամ դրա օրինակների օգտագործումը։

Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև երրորդ անձանց թույլատրելու կամ արգելելու դրա օգտագործումը, մասնավորապես`

ա) ստեղծագործության վերարտադրումը (վերարտադրման իրավունք).

բ) ստեղծագործության տարածումը (տարածման իրավունք).

գ) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը (վարձույթով տալու իրավունք).

դ) ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը (փոխատվության իրավունք).

ե) ստեղծագործության թարգմանումը (թարգմանության իրավունք).

զ) ստեղծագործության վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը (վերափոխման իրավունք).

է) ստեղծագործության հաղորդումը հանրությանը (հանրությանը հաղորդման իրավունք).

ը) ստեղծագործության հրապարակային կատարումը (հրապարակային կատարման իրավունք).

թ) ստեղծագործության հրապարակային ցուցադրումը (հրապարակային ցուցադրման իրավունք).

ժ) ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք).

ժա) ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը (վերահեռարձակման իրավունք).

ժբ) ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով (մալուխով հաղորդման իրավունք).

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ձևերով ու եղանակներով օգտագործում:

2. Հեղինակն իրավունք ունի նաև արգելելու ստեղծագործության՝ առանց իր թույլտվության պատրաստված օրինակների ներմուծումը:

3. Բացառությամբ սույն օրենքի 22-26-րդ և 36-րդ հոդվածների, հեղինակն իրավունք ունի ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձևի դիմաց ստանալու հեղինակային վարձատրություն։ Հեղինակային վարձատրությունից հրաժարվելու մասին պայմանագիրն առոչինչ է։

4. Հեղինակային վարձատրության չափը և վճարման կարգը սահմանվում են պայմանագրով, որը կնքվում է՝

ա) հեղինակի և ստեղծագործությունն օգտագործողի միջև.

բ) գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության և ստեղծագործությունն օգտագործող անձանց միջև.

գ) բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձանց և օգտագործողների միջև։

5. Ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, վարձույթով տալու, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններն արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

6. Ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալու կամ փոխատվության իրավունքը պատկանում է հեղինակին, անկախ այդ օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից։ Նշված իրավունքը չի տարածվում այն համակարգչային ծրագրերի վրա, որոնք ինքնին վարձույթի հիմնական օբյեկտ չեն կամ ընդգրկված են որևէ մեքենայի կամ արտադրանքի մեջ և բնականոն օգտագործման ընթացքում չեն կարող վերարտադրվել կամ պատճենահանվել:

7. Օրինական ճանապարհով լույս ընծայված ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վաճառքի կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցով քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու դեպքում դրանց հետագա տարածումն իրականացվում է առանց հեղինակի թույլտվության և հեղինակային վարձատրության, բացառությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

 

Հոդված 14.

Վերարտադրումը

 

Սույն օրենքի իմաստով վերարտադրում է համարվում ստեղծագործության ուղղակի կամ անուղղակի, ժամանակավոր կամ մշտական ամրագրումը ցանկացած կրիչի վրա, ցանկացած միջոցներով և ձևով, ամբողջությամբ կամ մասնակի:

 

Հոդված 15.

Տարածումը

 

Սույն օրենքի իմաստով տարածում է համարվում ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները շրջանառության մեջ դնելը վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցներով, ինչպես նաև դրանց ներմուծումը։

 

Հոդված 16.

Վարձույթը

 

Սույն օրենքի իմաստով վարձույթ է համարվում ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների սահմանափակ ժամանակահատվածով օգտագործման տրամադրումը` ուղղակի կամ անուղղակի տնտեսական կամ առևտրային օգուտ ստանալու նպատակով։

 

Հոդված 17.

Փոխատվությունը

 

Սույն օրենքի իմաստով փոխատվություն է համարվում ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների սահմանափակ ժամանակահատվածով օգտագործման տրամադրումը հանրային ազատ այցելության համար նախատեսված հաստատությունների միջոցով՝ առանց ուղղակի կամ անուղղակի տնտեսական կամ առևտրային օգուտ ստանալու:

 

Հոդված 18.

Հրապարակային ցուցադրումը

 

Սույն օրենքի իմաստով հրապարակային ցուցադրում է համարվում ստեղծագործության ցուցադրումն անմիջականորեն կամ տեխնիկական սարքերի օգնությամբ այն վայրերում, որտեղ կարող են ներկա գտնվել մտերիմների սովորական շրջանակին չպատկանող անձինք, անկախ նրանց գտնվելու վայրից և ժամանակից։

 

Հոդված 19.

Հանրությանը հաղորդումը

 

1. Սույն օրենքի իմաստով հանրությանը հաղորդում է համարվում ոչ նյութականացված ձևով ստեղծագործությունը հանրության անդամներին մատչելի դարձնելն անմիջական կատարման միջոցով կամ դրա տեսաձայնագրության հաղորդման միջոցով՝ հաղորդալարով կամ առանց հաղորդալարի:

2. Հանրությանը հաղորդումը նաև ստեղծագործության մատչելի դարձնելն է հանրության անդամներին այնպիսի ձևով, որ այն հասանելի լինի հանրության անդամներին նրանց կողմից անհատապես ընտրված ցանկացած վայրում և պահին, մասնավորապես համակարգչային կամ նմանատիպ ցանցերի միջոցով:

 

Հոդված 20.

Հրապարակային կատարումը

 

Սույն օրենքի իմաստով հրապարակային կատարում է համարվում ստեղծագործության ոչ նյութական ձևով մատուցումը ասմունքի, խաղի, երգի, պարի կամ այլ միջոցներով ինչպես անմիջական կատարման, այնպես էլ տեխնիկական սարքերի օգնությամբ այն վայրերում, որտեղ ներկա են կամ կարող են ներկա գտնվել անձինք, ովքեր չեն պատկանում ընտանիքի կամ մտերիմների սովորական շրջանակին, անկախ այն բանից` նրանք միաժամանակ ներկա են նույն վայրում, թե տարբեր ժամանակ` տարբեր վայրերում:

 

Հոդված 21.

Հեռարձակումը և վերահեռարձակումը

 

1. Սույն օրենքի իմաստով հեռարձակում է համարվում էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց ազդանշանների տարածումը հաղորդալարով (ներառյալ՝ մալուխային կապը) կամ առանց հաղորդալարի (ներառյալ՝ ռադիո, հեռուստատեսային կամ արբանյակային կապը)՝ այդ պատկերները կամ հնչյունները հասարակության անդամներին մատչելի դարձնելու նպատակով: Հեռարձակում է համարվում նաև կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակոդավորման միջոցները հասարակությանը տրամադրվել են հեռարձակող կազմակերպության կողմից կամ նրա համաձայնությամբ։

2. Վերահեռարձակում է համարվում հեռարձակող կազմակերպության հաղորդման միաժամանակյա կամ արդեն հեռարձակված և գրառված հաղորդման հետագա հեռարձակումը մեկ այլ հեռարձակող կազմակերպության կողմից։

3. Սույն հոդվածի առաջին մասի իմաստով արբանյակային կապով հաղորդում է համարվում հեռարձակող կազմակերպության հսկողությամբ և պատասխանատվությամբ հանրության համար նախատեսված ծրագիր կրող ազդանշանների հաղորդումը արբանյակ և հետ-երկիր` հաղորդակցության չընդհատվող շղթայով:

 

Հոդված 22.

Ստեղծագործության ազատ օգտագործումը

 

1. Ազատ օգտագործում է համարվում առանց հեղինակի համաձայնության և վարձատրության, սակայն հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի պարտադիր նշումով, ստեղծագործության օգտագործումը, որը չի հակասում ստեղծագործության բնականոն օգտագործման պահանջներին և չի վնասում ստեղծագործության նկատմամբ հեղինակի օրինական շահերը: 

2. Ազատ օգտագործմամբ թույլատրվում է՝

 ա) գիտական, հետազոտական, բանավիճային, քննադատական և տեղեկատվության նպատակով օրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության քաղվածքների մեջբերումը (ցիտումը) բնագրով կամ թարգմանաբար, այդ թվում` թերթերի և ամսագրերի հոդվածներից քաղվածքների վերարտադրումը մամուլի տեսության ձևով՝ մեջբերման նպատակն արդարացնող ծավալով.

բ) օրինական ճանապարհով հրապարակված գրական և արվեստի ստեղծագործությունների ու դրանցից քաղվածքների օգտագործումը լուսաբանման նպատակով՝ ուսուցողական բնույթի հրատարակություններում, հեռարձակող կազմակերպության հաղորդումներում, ձայնագրություններում և տեսագրություններում՝ ուսուցումը լուսաբանելու նպատակն արդարացնող ծավալով, իսկ տվյալների բազաների օգտագործման դեպքում՝ ուսուցումը լուսաբանելու համար՝ ոչ առևտրային նպատակն արդարացնող ծավալով.

գ) տնտեսական, քաղաքական, սոցիալական ու կրոնական ընթացիկ հարցերին վերաբերող և օրինական ճանապարհով մամուլում հրապարակված հոդվածների կամ նմանօրինակ հեռարձակված ստեղծագործությունների վերարտադրումը մամուլում և հեռարձակումը, եթե հեղինակը նման օգտագործումը նախապես չի արգելել.

դ) հրապարակավ արտասանված ելույթների, զեկույցների, հայտարարությունների և նմանօրինակ այլ ստեղծագործությունների վերարտադրումը մամուլում ու հեռարձակումը՝ տեղեկատվության նպատակն արդարացնող ծավալով.

ե) լուսանկարչության, կինոարվեստի, հեռարձակման միջոցներով ընթացիկ իրադարձությունների մասին հաղորդման նպատակով դրանց ընթացքում տեսած կամ լսած գրական և արվեստի ստեղծագործությունների վերարտադրումը և հրապարակային հաղորդումը՝ տեղեկատվության նպատակն արդարացնող ծավալով.

զ) դատական և վարչական վարույթի նպատակների համար ստեղծագործության օգտագործումը նպատակն արդարացնող ծավալով, բացառությամբ համակարգչային ծրագրերի: Այդպիսի դեպքերում հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի նշումը պարտադիր չէ.

է) օրինական ճանապարհով հրապարակված երաժշտական ստեղծագործության հրապարակային կատարումը՝

- պաշտոնական, կրոնական, ինչպես նաև ծիսական արարողությունների ժամանակ՝ արարողության բնույթն արդարացնող ծավալով,

- կրթական հաստատություններում կրթական գործունեություն իրականացնելիս ուսուցիչների և ուսանողների մասնակցությամբ, եթե ունկնդիրներն ուսուցիչներ և ուսանողներ են, ինչպես նաև կրթական հաստատության հետ անմիջական կապ ունեցող անձինք են (ծնողներ, խնամակալներ, հոգաբարձուներ, դաստիարակներ): Այդպիսի դեպքերում հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի նշումը պարտադիր չէ.

ը) օրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության ուռուցիկ կետային տպատառերով կամ կույրերի համար նախատեսված այլ հատուկ եղանակներով վերարտադրումը առանց շահույթ ստանալու, բացառությամբ հատուկ այդպիսի եղանակով ստեղծված ստեղծագործությունների վերարտադրման.

թ) ցուցահանդեսներում, աճուրդներում, տոնավաճառներում կամ հավաքածուներում ցուցադրված ստեղծագործությունների վերարտադրումն ու տարածումը այդ նպատակով հրատարակվող կատալոգներում ցուցադրումը կազմակերպող անձի կողմից՝ նշելով յուրաքանչյուր ստեղծագործության անվանումն ու հեղինակի անունը, եթե դրանք նշված են օգտագործված ստեղծագործության վրա.

ժ) հրապարակված ստեղծագործության վերափոխումը, եթե՝

- այն անձնական կամ այլ ներքին նպատակների համար վերափոխություն է և նախատեսված կամ մատչելի չէ հանրությանը,

- այն վերափոխվում է պարոդիայի (ծաղրագրության) կամ ծաղրանկարի՝ պայմանով, որ շփոթություն չի առաջացնի ստեղծագործության բնագրի (սկզբնաղբյուրի) նկատմամբ:

3. Առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակային վարձատրության թույլատրվում են ստեղծագործության վերարտադրման կարճատև կամ հազվադեպ՝ ժամանակավոր գործողությունները, որոնք ինքնուրույն տնտեսական նշանակություն չունեն, տեխնոլոգիական գործընթացի անքակտելի և էական մասն են հանդիսանում և որոնց նպատակն է՝

ա) միջնորդի միջոցով երրորդ կողմերի միջև ցանցում ստեղծագործության տարածման հնարավորության ընձեռումը.

բ) ստեղծագործության օրինական օգտագործման հնարավորության ընձեռումը:

 

Հոդված 23.

Ստեղծագործության վերարտադրումը անձնական նպատակով

 

Առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակային վարձատրության թույլատրվում է օրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության վերարտադրումը բացառապես անձնական, ոչ առևտրային նպատակներով օգտագործելու համար, եթե դրանով չեն վնասվում հեղինակի օրինական շահերը։

Սույն դրույթը չի տարածվում շինությունների և համանման կառույցների տեսքով ճարտարապետական ստեղծագործությունների, մեքենայաընթեռնելի տվյալների բազաների կամ դրանց էական մասերի, համակարգչային ծրագրերի, ամբողջական գրքերի, տպագրված նոտային տեքստերի վերարտադրման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։

 

Հոդված 24. Ստեղծագործության վերարտադրումն արտատպման եղանակով (ռեպրոգրաֆիական վերարտադրություն)

 

1. Արտատպման եղանակով վերարտադրում է համարվում գրավոր կամ այլ գրաֆիկական ստեղծագործության բնօրինակի կամ պատճենի մեկ կամ ավելի օրինակների ցանկացած չափի (մեծացված կամ փոքրացված) և ձևի ճշգրիտ վերարտադրումը լուսապատճենման կամ տեխնիկական այլ եղանակներով, բացառությամբ տպագրական տպաձևերի եղանակների կիրառման:

2. Արտատպման եղանակով վերարտադրումը չի ընդգրկում նշված պատճենի էլեկտրոնային (ներառյալ` թվային), օպտիկական կամ այլ մեքենայաընթեռնելի տեսքով պահպանումը կամ վերարտադրումը:

3. Առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակային վարձատրության, սակայն հեղինակի անվան և սկզբնաղբյուրի պարտադիր նշումով ու առանց շահույթ ստանալու թույլատրվում է՝

ա) օրինական ճանապարհով լույս ընծայված ստեղծագործության արտատպման եղանակով մեկ օրինակի վերարտադրումը գրադարանների և արխիվների, կրթական և մշակութային հաստատությունների կողմից՝ կորած կամ վնասված օրինակների վերականգնման կամ փոխարինման նպատակով, ինչպես նաև այլ գրադարաններում ստեղծագործության օրինակի կորստյան դեպքում դրանց օրինակ տրամադրելու համար, եթե սովորական պայմաններում այդպիսի օրինակի ձեռքբերումն այլ ճանապարհով անհնարին է.

բ) ժողովածուներում, թերթերում և այլ պարբերական հրատարակություններում օրինական ճանապարհով լույս ընծայված առանձին հոդվածների, փոքրածավալ ստեղծագործությունների և լույս ընծայված այլ գրավոր ստեղծագործությունների կարճ հատվածների արտատպման եղանակով մեկ օրինակի վերարտադրումը գրադարանների ու արխիվների կողմից՝ ուսումնական և գիտահետազոտական նպատակներով (ֆիզիկական անձանց պահանջով), ինչպես նաև կրթական հաստատությունների կողմից՝ լսարանային պարապմունքների համար, բացառությամբ համակարգչային ծրագրերի.

գ) ամբողջական գրքի մեկ օրինակի վերարտադրումը արտատպման եղանակով, եթե այդպիսի ստեղծագործությունը տպագրությունից դուրս է եկել ոչ պակաս, քան երկու տարի առաջ.

դ) երաժշտական ստեղծագործության տպագրված նոտային տեքստի մեկ օրինակի ձեռագիր վերարտադրումը։

 

Հոդված 25. Այցելության համար բաց վայրերում տեղադրված ստեղծագործության օգտագործումը

 

Առանց հեղինակի համաձայնության և հեղինակային վարձատրության վճարման թույլատրվում է ոչ առևտրային նպատակով վերարտադրել, հեռարձակել այցելության համար բաց վայրերում տեղադրված ճարտարապետական, լուսանկարչական կամ կերպարվեստի ստեղծագործությունը։

 

Հոդված 26.

Կարճատև օգտագործման համար ձայնագրության կամ տեսագրության պատրաստումը և ազատ օգտագործումը հեռարձակող կազմակերպության կողմից

 

1. Հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի առանց հեղինակի համաձայնության և հավելյալ վարձատրության կարճատև օգտագործման համար կատարելու ձայնագրություն կամ տեսագրություն այն ստեղծագործությունից, որի համար ստացել է հեռարձակման իրավունք, եթե տվյալ հեռարձակող կազմակերպությունն այդ ձայնագրությունը կամ տեսագրությունը կատարում է իր տեխնիկական միջոցներով և իր հաղորդումների համար:

2. Հեռարձակող կազմակերպությունը պարտավոր է նման ձայնագրության կամ տեսագրության ստեղծումից 6 ամիս անց ոչնչացնել այն, եթե այդ կարճատև օգտագործման ձայնագրության կամ տեսագրության հետագա օգտագործումը համաձայնեցված չէ ստեղծագործության հեղինակի հետ:

3. Կարճատև օգտագործման ձայնագրությունը կամ տեսագրությունն առանց ստեղծագործության հեղինակի համաձայնության կարող է պահպանվել պաշտոնական արխիվներում, եթե դա բացառապես վավերագրական բնույթի է:

 

Հոդված 27.

Կերպարվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

 

1. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջելու վերարտադրման կամ վերամշակման իր իրավունքն իրագործելու հնարավորություն ընձեռել իրեն, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ օրինական շահերը: Ընդ որում, սեփականատերը պարտավոր չէ ստեղծագործությունը հասցնել հեղինակի գտնվելու վայրը: Նշված հնարավորությունն ընձեռելիս սեփականատերը կարող է հեղինակից պահանջել ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի շուկայական գնի չափով գրավի կամ այլ միջոցի ապահովում:

Նշված իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ ծախսերը հոգում է հեղինակը, որը պատասխանատվություն է կրում նաև ստեղծագործության բնօրինակին կամ օրինակին պատճառած որևէ վնասի համար:

2. Հեղինակի կողմից կերպարվեստի ստեղծագործության նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը (հատուցելի կամ անհատույց) այլ անձի համարվում է ստեղծագործության նկատմամբ սեփականության իրավունքի առաջին օտարում:

3. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն օգտվում է իր կողմից օտարված կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը սեփականատիրոջ կողմից կամ աճուրդասրահի, պատկերասրահի, գեղարվեստական սրահի, խանութի կամ այլ գործակալի միջոցով վաճառքի մասին տեղեկացվելու և յուրաքանչյուր վերավաճառքի գնի հինգ տոկոսը վաճառողից ստանալու անօտարելի իրավունքից (վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունք)։

Կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը վաճառող սեփականատերը պատասխանատու է հեղինակին հասանելիք վարձատրության վճարման համար։ Եթե վաճառքն իրականացվել է նշված կազմակերպությունների կամ որևէ գործակալի միջոցով, ապա այդ սեփականատիրոջ հետ պատասխանատվություն են կրում նաև նշված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք։

Վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունքի կիրարկումն իրականացվում է վաճառքի գնի 250.000 դրամից սկսած:

4. Սույն օրենքի իմաստով կերպարվեստի բնօրինակ ստեղծագործություններ են համարվում գրաֆիկական կամ պլաստիկ արվեստի ստեղծագործությունները, ինչպիսիք են նկարները, գծանկարները, գեղանկարները, կոլաժները, փորագրությունները, նկարազարդ գորգերը, քանդակները, լիտոգրաֆիական, կերամիկական, լուսանկարչական, ոսկերչական արվեստի ստեղծագործությունները, պայմանով, որ դրանք պատրաստված են հեղինակի կողմից կամ բնօրինակ համարվող օրինակներ են։

Սույն օրենքի իմաստով բնօրինակ են համարվում այն օրինակները, որոնք պատրաստվել են սահմանափակ քանակով անձամբ հեղինակի կողմից կամ նրա թույլտվությամբ։ Այդպիսի օրինակները պետք է համարակալված, ստորագրված կամ այլ անհրաժեշտ ձևով թույլատրված լինեն հեղինակի կողմից:

5. Սույն հոդվածի երրորդ մասում նշված վարձատրության ստացումն ու հեղինակին կամ նրա իրավահաջորդին վճարումն իրականացվում է հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության միջոցով:

6. Կերպարվեստի բնօրինակ ստեղծագործության սեփականատերը, աճուրդասրահը կամ այլ գործակալը վաճառքից հետո` 30 օրվա ընթացքում, գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությանը տեղեկություններ է ներկայացնում վաճառված բնօրինակների, վաճառքի գնի և վաճառողի մասին։

7. Վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունքը փոխանցվում է ժառանգաբար և գործում է մինչև ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետի ավարտը։

8. Սույն հոդվածի երրորդ մասում նշված իրավունքից կարող են օգտվել օտարերկրյա պետությունների քաղաքացիները՝ փոխադարձության սկզբունքով։

 

Հոդված 28.

Ճարտարապետական ստեղծագործությունների նկատմամբ իրավունքների առանձնահատկությունները

 

1. Հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող կամ այդպիսի օբյեկտ պարունակող շենքի կամ շինության սեփականատերն առանց հեղինակի թույլտվության կարող է օրենքով սահմանված կարգով փոփոխություն կատարել շենքի կամ շինության մեջ, վերակառուցել կամ քանդել դա, եթե տվյալ շենքի կամ շինության կառուցման կամ ձեռքբերման պայմանագրով (փաստաթղթերով) այլ բան նախատեսված չէ (բացառություն են կազմում որպես պատմամշակութային անշարժ հուշարձան, պետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված կարգով պահպանվող համալիրները, շենքերը, շինությունները, քանդակները, զարդաքանդակները, նախշերը և որմնանկարները)։

 2. Ճարտարապետության, քաղաքաշինության, այգեպուրակային արվեստի ստեղծագործության հեղինակներն առաջնահերթ իրավունք ունեն մասնակցելու դրանց գործնական իրականացմանը, ինչպես նաև սույն հոդվածի առաջին մասով նախատեսված փոփոխությունների կատարմանը, եթե հեղինակային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

 

Հոդված 29.

Ժողովածո ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

 

1. Ժողովածո կամ այլ կազմածո ստեղծագործության կազմողին, տվյալների բազա ստեղծողին է պատկանում դրանց պարունակության ստեղծագործական աշխատանքի արդյունք հանդիսացող ընտրության ու տեղաբաշխման նկատմամբ հեղինակային իրավունքը։

2. Կազմողն օգտվում է հեղինակային իրավունքից, եթե պահպանել է ժողովածուում ընդգրկված յուրաքանչյուր ստեղծագործության հեղինակի իրավունքները։

3. Ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունների հեղինակներն իրավասու են օգտագործելու իրենց ստեղծագործությունները` անկախ ժողովածո ստեղծագործությունից։

4. Կազմողի հեղինակային իրավունքն արգելք չի հանդիսանում այլ անձանց իրականացնելու նույն ստեղծագործությունների ընտրությունն ու տեղաբաշխումն իրենց ժողովածո ստեղծագործություններում, եթե պահպանված են սույն հոդվածի երկրորդ մասի պահանջները։

 

Հոդված 30.

Թարգմանության կամ այլ ածանցյալ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

 

1. Թարգմանությունները և այլ ածանցյալ ստեղծագործություններն ինքնուրույն ստեղծագործություններ են և պահպանվում են որպես բնօրինակներ:

2. Թարգմանիչներին կամ այլ ածանցյալ ստեղծագործությունների հեղինակներին է պատկանում իրենց կատարած թարգմանությունների, վերափոխումների, հարմարեցումների կամ այլ վերամշակումների նկատմամբ հեղինակային իրավունքը՝ անկախ թարգմանվող կամ վերամշակվող ստեղծագործության հեղինակային իրավունքի օբյեկտ համարվելու հանգամանքից։

3. Թարգմանիչը կամ այլ ածանցյալ ստեղծագործության հեղինակն օգտվում է հեղինակային իրավունքից, պայմանով, որ պահպանված են թարգմանության կամ այլ վերափոխման ենթարկված ստեղծագործության նկատմամբ հեղինակի իրավունքները։

4. Թարգմանչի կամ այլ ածանցյալ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն արգելք չի հանդիսանում այլ անձանց իրականացնելու նույն ստեղծագործությունների իրենց թարգմանությունները կամ այլ վերափոխումները, եթե պահպանված են սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված պահանջները:

 

Հոդված 31.

Կոլեկտիվ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

 

1. Կոլեկտիվ ստեղծագործություն է համարվում որևէ անձի (այսուհետ՝ կազմակերպող անձ) նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ երկու կամ ավելի ֆիզիկական անձանց ստեղծած ստեղծագործությունը։

2. Կոլեկտիվ ստեղծագործության ստեղծումը կազմակերպող անձինք, ովքեր լույս են ընծայում հանրագիտարաններ, հանրագիտարանային բառարաններ, գիտական աշխատությունների պարբերական և շարունակական ժողովածուներ, թերթեր, ամսագրեր և այլ պարբերական հրատարակություններ, բացառիկ իրավունք ունեն ամբողջությամբ օգտագործելու այդպիսի ստեղծագործությունը։ Այդ անձինք իրավասու են նշելու իրենց անունը (պարբերականի անվանումը) կամ պահանջելու նման նշում՝ տվյալ կոլեկտիվ ստեղծագործության ցանկացած օգտագործման դեպքում:

3. Կոլեկտիվ ստեղծագործության մեջ ընդգրկված ստեղծագործությունների հեղինակները պահպանում են իրենց ստեղծագործություններն այլ ձևով և եղանակով օգտագործելու բացառիկ իրավունքը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

4. Կազմակերպող անձը ստեղծագործության հեղինակ չէ:

 

Հոդված 32.

Հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը

 

1. Հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է հարցազրույց տվող և հարցազրույց անցկացնող անձանց՝ որպես համահեղինակների, եթե նրանց միջև չկա այլ պայմանավորվածություն:

2. Հարցազրույցի հրապարակումը թույլատրվում է հարցազրույց տվող և հարցազրույց անցկացնող անձանց համաձայնությամբ:

 

Հոդված 33.

Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

 

1. Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով աշխատողի կողմից ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները պատկանում են գործատուին, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

2. Հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագիրը հեղինակի համար կարող է նախատեսել վարձատրություն ծառայողական ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձևի համար դրա հաշվարկման ու վճարման կարգը և պարունակել ստեղծագործության օգտագործման այլ պայմաններ:

3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ծառայողական հանձնարարությունների կամ պարտականությունների կարգով ստեղծված հանրագիտարանների, հանրագիտարանային բառարանների, գիտական աշխատությունների, պարբերական ու շարունակական ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների վրա:

 

Հոդված 34.

Տեսալսողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

 

1. Տեսալսողական ստեղծագործությունը ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա միմյանց հետ կապակցված պատկերների ամրագրված շարք է, որը հանդիսանում է ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունք և համապատասխան տեխնիկական սարքերի միջոցով հնարավոր է դիտել, իսկ ձայնի ուղեկցության դեպքում՝ նաև լսել։

2. Տեսալսողական ամբողջական ստեղծագործության հեղինակներն են բեմադրող ռեժիսորը, սցենարի հեղինակը, հատկապես տվյալ ստեղծագործության համար ստեղծված երաժշտական ստեղծագործության հեղինակը, երկխոսության հեղինակը, բեմադրող օպերատորը:

3. Տեսալսողական ստեղծագործության ստեղծման մասին արտադրողի հետ կնքված պայմանագրով հեղինակների գույքային իրավունքները, այդ թվում՝ ենթագրության և կրկնօրինակման ենթարկելու բացառիկ իրավունքը, անցնում են տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողին։

Տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողի և հեղինակների փոխհարաբերությունները, այդ թվում` հեղինակին պարտադիր վարձատրություն վճարելու հարցը, կարգավորվում են պայմանագրով։ Պայմանագրի բացակայության դեպքում հեղինակները պահպանում են ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր եղանակի համար արդարացի վարձատրություն ստանալու իրենց իրավունքը, որից հրաժարվելու մասին պայմանագիրն առոչինչ է։

4. Տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողը տվյալ ստեղծագործության հեղինակ կարող է համարվել, եթե նա միաժամանակ սույն հոդվածի երկրորդ մասում նշված հեղինակներից մեկն է:

5. Տեսալսողական ստեղծագործության մեջ որպես բաղադրիչ մաս ընդգրկված (սցենարի համար հիմք հանդիսացող վեպ և այլն) ինչպես նախկինում գոյություն ունեցող, այնպես էլ դրա վրա աշխատելու ընթացքում ստեղծված (բեմադրող նկարչի, զգեստները ձևավորող նկարչի և այլոց կողմից) ստեղծագործությունների հեղինակներից յուրաքանչյուրն օգտվում է իր ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքից:

Այդպիսի ստեղծագործությունների հեղինակները, ովքեր համաձայնություն են տվել իրենց ստեղծագործությունները տեսալսողական ստեղծագործության մեջ ընդգրկելու մասին, իրավասու չեն արգելելու կամ որևէ ձևով սահմանափակելու տեսալսողական ստեղծագործության օգտագործումը:

6. Տեսալսողական ստեղծագործության հեղինակները տեսալսողական ստեղծագործության բնօրինակը կամ դրա օրինակները վարձույթով տալու ժամանակ պահպանում են հեղինակային վարձատրություն ստանալու իրենց իրավունքները: Վարձատրության հավաքումը, բաշխումը և վճարումն իրականացվում է հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների միջոցով:

7. Տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողն իրավասու է այդ ստեղծագործության ցանկացած օգտագործման դեպքում նշելու իր անունը կամ անվանումը կամ պահանջելու այդպիսի նշում:

8. Առանց հեղինակների և գույքային իրավունքները կրող այլ անձի (իրավատիրոջ) համաձայնության արգելվում է տեսալսողական ստեղծագործության բնօրինակի (նեգատիվի) ոչնչացումը։

 

Հոդված 35.

Համակարգչային ծրագիրը և դրա նկատմամբ հեղինակային իրավունքը

 

1. Սույն օրենքի իմաստով համակարգչային ծրագիր է համարվում ցանկացած ձևով արտահայտված ծրագիրը, ներառյալ` դրա ստեղծման համար անհրաժեշտ նախապատրաստական նյութերը։

Համակարգչային ծրագիրը պահպանվում է, եթե դա յուրօրինակ է և հեղինակի մտավոր ստեղծագործական աշխատանքի արդյունք է:

2. Եթե սույն օրենքի 36-րդ հոդվածով այլ բան նախատեսված չէ, ապա համակարգչային ծրագրի հեղինակը բացառիկ իրավունք ունի կատարելու կամ թույլատրելու հետևյալ գործողությունները՝

ա) համակարգչային ծրագրի մշտական կամ ժամանակավոր վերարտադրությունը ցանկացած միջոցներով և ձևով, մասամբ կամ ամբողջությամբ։ Եթե համակարգչային ծրագրի լիաբեռնման, ցուցադրման, գործարկման, տարածման կամ պահեստավորման համար անհրաժեշտ է դրա վերարտադրումը, ապա անհրաժեշտ է հեղինակի թույլտվությունը.

բ) համակարգչային ծրագրի թարգմանությունները, մշակումները, հարմարեցումները կամ ցանկացած այլ փոփոխությունները և դրանց արդյունքների վերարտադրումը՝ առանց խախտելու իր թույլտվությամբ այդ փոփոխությունները կատարող անձի իրավունքները.

գ) ցանկացած ձևով համակարգչային ծրագրի բնօրինակի կամ օրինակների տարածումը, ներառյալ` վարձույթով տալը և փոխատվությունը։

 

Հոդված 36.

Համակարգչային ծրագրերի ազատ վերարտադրումը: Համակարգչային ծրագրերի ապաբանաքաղումը (դեկոմպիլյացիա)

 

1. Համակարգչային ծրագրի օրինակն օրինական տնօրինողը (այսուհետ՝ օգտագործող) առանց հեղինակի համաձայնության և հավելյալ վարձատրության իրավունք ունի եզակի օրինակով դա վերարտադրելու կամ վերափոխելու, եթե այդ օրինակը կամ վերափոխումն անհրաժեշտ է՝

ա) օգտագործողի տեխնիկական միջոցների զուգակցությամբ օգտագործման համար, բացառապես այն նպատակով և ծավալով, որոնց համար նախատեսված է ծրագիրը, ներառյալ՝ դրանում առկա ակնհայտ սխալների ուղղման համար.

բ) օրինական ճանապարհով ձեռք բերված համակարգչային ծրագիրը կամ օրինակը փոխարինելու համար՝ դրա կորստյան, ոչնչացման կամ ոչ պիտանի լինելու դեպքում:

2. Օգտագործողը ծրագիրը լիաբեռնելիս, ցուցադրելիս, գործադրելիս, հաղորդելիս կամ հիշողության մեջ պահելու՝ իրեն լիազորված գործողություններից որևէ մեկը կատարելիս առանց հեղինակի համաձայնության և հավելյալ վարձատրության իրավունք ունի ծրագրի ցանկացած տարրի հիմքում ընկած գաղափարներն ու սկզբունքները որոշելու նպատակով զննելու, ուսումնասիրելու կամ փորձարկելու ծրագրի գրառումը:

3. Օգտագործողն առանց հեղինակի համաձայնության և հավելյալ վարձատրության իրավունք ունի վերարտադրելու և վերափոխելու ծրագրի օբյեկտային կոդը ելքային տեքստի (համակարգչային ծրագրի ապաբանաքաղում) կամ այլ անձանց հանձնարարելու այդ գործողությունների իրականացումը, եթե դրանք անհրաժեշտ են ինքնուրույն ստեղծված համակարգչային ծրագիրն այլ ծրագրերի հետ փոխգործողության ունակության հասնելու նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու համար, եթե առկա են հետևյալ պայմանները`

ա) օրինական օգտագործողի կամ նրա հանձնարարությամբ գործող անձանց համար փոխգործողության ունակության հասնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը նախօրոք մատչելի չէր այլ աղբյուրներից.

բ) նշված գործողությունները սահմանափակված են ապաբանաքաղվող ծրագրի մասերով, որոնք անհրաժեշտ են փոխգործողության ունակության հասնելու համար: Վերոհիշյալ ապաբանաքաղման արդյունքում ստացված տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն ինքնուրույն ստեղծված համակարգչային ծրագրի փոխգործողության ունակության հասնելու նպատակով և չի կարող փոխանցվել այլ անձանց, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք անհրաժեշտ են ինքնուրույն ստեղծած համակարգչային ծրագրի փոխգործողության ունակության համար, կամ օգտագործվել իր տեսքով ապաբանաքաղողին նման համակարգչային ծրագրի մշակման, արտադրման կամ շուկայի հետազոտման համար կամ հեղինակային իրավունքը խախտող որևէ այլ գործողություն իրականացնելու համար:

 

Հոդված 37.

Գույքային իրավունքների գործողության ժամկետը

 

1. Հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում և շարունակում են գործել նրա մահից հետո՝ 70 տարի:

2. Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները գործում են համահեղինակների կյանքի ընթացքում և շարունակում են գործել համահեղինակներից վերջինի մահից հետո՝ 70 տարի:

3. Կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործությունների դեպքում հեղինակի գույքային իրավունքները ծագում են ստեղծագործությունն օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դառնալու պահից և գործում են 70 տարի: Եթե նշված ժամկետում կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործության հեղինակի անձը բացահայտվում է, ապա կիրառվում են սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետները:

4. Կոլեկտիվ ստեղծագործությունների նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետը հաշվարկվում է սույն հոդվածի երրորդ մասում նշված կարգով։

5. Եթե ստեղծագործությունը հրատարակվում է մասերով (հատորներով, պրակներով, շարքերով, սերիաներով, միջարկներով և այլն) և եթե դրա նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետը հաշվարկվում է ստեղծագործությունն օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դարձնելու պահից, ապա գույքային իրավունքների գործողության ժամկետը յուրաքանչյուր մասի համար հաշվարկվում է առանձին:

6. Տեսալսողական ստեղծագործությունների նկատմամբ գույքային իրավունքները գործում են դրանց հեղինակներից (ռեժիսոր, սցենարի հեղինակ, երկխոսության հեղինակ, տվյալ ստեղծագործության համար հատուկ գրված երաժշտության հեղինակ, բեմադրող օպերատոր) վերջինի մահից հետո՝ 70 տարի:

7. Գույքային իրավունքների գործողության ժամկետը լրանալուց հետո ստեղծագործությունը դառնում է հանրության սեփականությունը: Հանրության սեփականություն դարձած ստեղծագործությունը կարող է ազատ օգտագործել յուրաքանչյուր անձ՝ առանց հեղինակային վարձատրություն վճարելու, սակայն պահպանելով հեղինակի անվան, հեղինակության և համբավի ու արժանապատվության իրավունքները:

8. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:

 

Հոդված 38.

Հեղինակային իրավունքի անցումը ժառանգաբար և փոխանցումը

 

1. Հեղինակային իրավունքը փոխանցվում է ժառանգաբար:

2. Ժառանգաբար չեն փոխանցվում հեղինակության իրավունքը, անվան իրավունքը, համբավի և արժանապատվության իրավունքը, հետկանչի իրավունքը:

3. Հեղինակի ժառանգներն իրավասու են իրականացնելու հեղինակության իրավունքի, անվան իրավունքի, համբավի և արժանապատվության իրավունքի պաշտպանությունը` առանց ժամկետային սահմանափակման:

Ժառանգների բացակայության դեպքում նշված իրավունքների պաշտպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:

4. Հեղինակի գույքային իրավունքները կարող են պայմանագրով փոխանցվել (զիջվել) այլ անձի՝ վերջինիս և հեղինակի, նրա ժառանգների կամ նրանց հետագա իրավահաջորդների հետ կնքած պայմանագրով:

5. Գույքային իրավունքները կարող են իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։

 

Հոդված 39. Ստեղծագործության օգտագործման թույլտվությունը: Հեղինակային պայմանագիրը

 

1. Այլ անձինք ստեղծագործությունը կարող են օգտագործել միայն ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի (ստեղծագործության հեղինակ կամ այլ անձ, որին այդ իրավունքներն անցել են օրենքով սահմանված կարգով, այսուհետ՝ իրավատեր) թույլտվությամբ՝ հեղինակային պայմանագրի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Հեղինակային պայմանագիրը, որը կարգավորում է իրավատիրոջ և ստեղծագործության օգտագործման թույլտվություն ստացած անձի (այսուհետ՝ օգտագործող) փոխհարաբերությունները, հատուցելի է և կարող է լինել բացառիկ կամ ոչ բացառիկ:

3. Հեղինակային ոչ բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին տրամադրում է ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու պայմանագրում նշված սահմաններում օգտագործելու իրավունք` պահպանելով ստեղծագործության նկատմամբ բացառիկ իրավունքները, այդ թվում՝ այլ անձանց ստեղծագործության օգտագործման թույլտվության իրավունքը:

4. Հեղինակային բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին է փոխանցում ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու պայմանագրով նախատեսված սահմաններում օգտագործելու բացառիկ իրավունքը` պահպանելով ստեղծագործության օգտագործման իրավունքն այն մասով, որը նախատեսված է պայմանագրով: Այս դեպքում այլ անձանց կողմից ստեղծագործության օգտագործումն արգելելու իրավունքը կարող է իրականացնել իրավատերը, եթե դա չի կատարում օգտագործողը:

5. Հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները համարվում են ոչ բացառիկ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

6. Ապագայում ստեղծագործություն ստեղծելու հեղինակի իրավունքները սահմանափակող պայմանագրի պայմաններն առ ոչինչ են:

7. Հեղինակային պայմանագրի առարկա չեն կարող լինել պայմանագիրը կնքելու պահին անհայտ ստեղծագործության օգտագործման իրավունքները:

 

Հոդված 40. Հեղինակային պայմանագրի պայմանները և ձևերը

 

1. Հեղինակային պայմանագրում նշվում են փոխանցվող իրավունքների ծավալը, ստեղծագործությունն օգտագործելու եղանակները, օգտագործման իրավունքի փոխանցման ժամկետն ու վարձատրության չափը, վարձատրության չափի որոշման կարգը, վճարման ժամկետն ու կարգը, ինչպես նաև այլ պայմաններ, որոնք կողմերը կհամարեն էական:

2. Հեղինակային պայմանագրում վարձատրությունը որոշվում է որպես ստեղծագործության համապատասխան օգտագործումից ստացված եկամտի տոկոս, իսկ ստեղծագործության բնույթով պայմանավորված դրա անհնարինության դեպքում՝ պայմանագրում ամրագրված որոշակի գումարի տեսքով կամ կողմերի համար ընդունելի այլ եղանակով: Ընդ որում, ամրագրված գումարի չափը չի կարող ավելի ցածր լինել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերից։ Վարձատրությունն ամրագրված գումարի տեսքով որոշելիս պայմանագրում սահմանվում է ստեղծագործության առավելագույն տպաքանակը:

3. Հեղինակային պայմանագրում տարածքի վերաբերյալ, որի սահմաններում գործում է ստեղծագործության օգտագործման իրավունքը, պայմանի բացակայության դեպքում պայմանագրի գործողությունը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության տարածքով:

4. Հեղինակային պայմանագրով չնախատեսված մնացած բոլոր իրավունքները պահպանվում են հօգուտ իրավատիրոջ:

5. Հեղինակային պայմանագիրը գործում է այդ պայմանագրում նշված ժամկետում, սակայն դադարում է գույքային իրավունքների գործողության ժամկետը լրանալու պահից։ Լիցենզային պայմանագրում ժամկետի պայմանի բացակայության դեպքում դրա գործողության սահմանված ժամկետ համարվում է հինգ տարին:

6. Պայմանագրի յուրաքանչյուր կողմ կարող է հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձանց՝ միայն պայմանագրով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:

7. Հեղինակային պայմանագրի պայմանները, որոնք հակասում են սույն օրենքի դրույթներին, կամ սահմանափակում են որոշակի բնագավառում կամ որոշակի տեսակի ստեղծագործություն ապագայում ստեղծելու հեղինակի իրավունքները, առ ոչինչ են:

8. Հեղինակային պայմանագիրը կնքվում է գրավոր:

 

Հոդված 41. Հեղինակային պայմանագրի խախտման դեպքում կողմերի պատասխանատվությունը

 

Հեղինակային պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարած կողմը պետք է փոխհատուցի մյուս կողմին պատճառած վնասը (ներառյալ` բաց թողնված օգուտը):

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

Հոդված 42. Կատարումը և կատարողները

 

1. Կատարում է համարվում դերասանի, երգչի, երաժշտի, պարողի, դիրիժորի, խմբավարի կամ այլ անձի կատարումը, որը դերակատարում, երգում, ասմունքում, ներկայացնում կամ այլ ձևով կատարում է գրական կամ գեղարվեստական ստեղծագործություն, այդ թվում՝ ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործություններ:

2. Կատարողներ են համարվում դերասանները, երգիչները, երաժիշտները, պարողները, դիրիժորները, խմբավարները և այլ անձինք, ովքեր դեր են կատարում, երգում են, արտասանում, կարդում, նվագում կամ այլ ձևով կատարում են գրական կամ գեղարվեստական ստեղծագործություններ, կրկեսային, տիկնիկային, էստրադային և համանման այլ ներկայացումներ, ինչպես նաև ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործություններ:

 

Հոդված 43. Կատարողի իրավունքները

 

Կատարողն իր կատարման նկատմամբ ունի բացառիկ անձնական ոչ գույքային և բացառիկ գույքային իրավունքներ։

 

Հոդված 44. Կատարողի անձնական ոչ գույքային իրավունքները

 

1. Կատարողին են պատկանում իր կատարման նկատմամբ հետևյալ անձնական ոչ գույքային իրավունքները`

ա) կատարող ճանաչվելու իրավունքը.

բ) կատարումը հնարավոր աղավաղումներից, կատարողի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու իրավունքը:

2. Կատարողի անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի և անփոխանցելի են և պահպանվում են անժամկետ:

 

Հոդված 45. Կատարողի գույքային իրավունքները

 

1. Կատարողը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր կատարումը ցանկացած ձևով և եղանակով և կատարման օգտագործման յուրաքանչյուր ձևի համար ստանալու վարձատրություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Կատարողն իրավունք ունի թույլատրելու կամ արգելելու երրորդ անձանց իրականացնել հետևյալ գործողությունները՝

ա)  հեռարձակել կենդանի կատարումը կամ իրականացնել դրա հրապարակային այլ հաղորդումը, եթե այդպիսի հաղորդման համար չի օգտագործվում մինչ այդ իրականացված կատարման ամրագրումը, կամ օգտագործվող կատարումը մինչ այդ չի հեռարձակվել.

բ) նախկինում չամրագրված կատարման ամրագրումը.

գ) կատարման ամրագրման ուղղակի կամ անուղղակի վերարտադրումը.

դ) իր կատարումը պարունակող հնչյունագրերն ու տեսագրությունները վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ ձևով տարածումը, այդ թվում՝ ներմուծումը.

ե) կատարման ամրագրման հեռարձակումը, եթե ի սկզբանե այդ ամրագրումն իրականացվել է ոչ առևտրային նպատակով.

զ) կատարման ամրագրումների վարձույթով տալը.

է) կատարման ամրագրումների փոխատվությունը.

ը) կատարման ամրագրումները հանրությանը մատչելի դարձնելը։

3. Կատարողն իրավունք ունի նաև արգելելու կատարումների` առանց իր թույլտվության պատրաստված ամրագրումների օրինակների ներմուծումը:

4. Եթե կատարումների ամրագրումների օրինակները քաղաքացիական շրջանառության մեջ են դրվել վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ ձևով, ապա դրանց հետագա տարածումը, այդ թվում` ներմուծումը, իրականացվում է առանց կատարողի համաձայնության և վարձատրության։

5. Առևտրային նպատակով լույս ընծայված կատարումների ամրագրումների օրինակները վարձույթով տալու իրավունքը պատկանում է կատարողին, անկախ այդ օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից: Կատարողը պահպանում է վարձույթով տալու համար արդարացի վարձատրություն ստանալու իր իրավունքը, որից հրաժարվելու մասին պայմանագիրն առ ոչինչ է: Այդ իրավունքը կարող է իրականացվել գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության միջոցով:

6. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված թույլտվությունները տալիս է կատարողը, իսկ կատարողների խմբի դեպքում՝ նրանց լիազորած անձը՝ օգտագործողի հետ գրավոր պայմանագիր կնքելու միջոցով: Ընդ որում, կատարողների խմբի համար կազմված պայմանագիրը չի կարող տարածվել մենակատարների և դիրիժորների վրա:

7. Տեսալսողական ստեղծագործություն ստեղծելու համար կատարողի և տեսալսողական ստեղծագործության ամրագրումն արտադրողի միջև անհատական կամ կոլեկտիվ պայմանագիր կնքելը հանգեցնում է կատարողի կողմից սույն հոդվածի երկրորդ մասում նշված իրավունքների փոխանցմանը արտադրողին, եթե նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում, կատարողը պահպանում է այդպիսի տեսալսողական ստեղծագործության օրինակները վարձույթով տալու և սույն հոդվածի երկրորդ մասում թվարկված այլ ձևերով օգտագործելու համար արդարացի վարձատրություն ստանալու իր իրավունքը:

Կատարողի կողմից այդպիսի իրավունքների տրամադրումը սահմանափակվում է բուն տեսալսողական ստեղծագործության օգտագործումով, և եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա այդպիսի իրավունքների տրամադրումը չի ընդգրկում տեսալսողական ստեղծագործության մեջ ամրագրված հնչյունները կամ պատկերներն առանձին օգտագործելու իրավունքը:

8. Կատարողի կողմից ծառայողական պարտականությունների կամ գործատուի հանձնարարությունների կատարման կարգով իրականացված կատարման նկատմամբ գույքային իրավունքները պատկանում են գործատուին, եթե նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

9. Կատարողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։

Կատարողը կարող է նաև պայմանագրով կատարման օգտագործման թույլտվություն տալ երրորդ անձանց: Պայմանագրում նշվում են կատարման օգտագործման եղանակն ու ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, պայմանագրի գործողության ժամկետը, տարածքը և այլն:

Կատարողի գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։

 

Հոդված 46. Հնչյունագիրը և հնչյունագիր արտադրողը

 

1. Հնչյունագիր համարվում է կատարման հնչյունների կամ այլ հնչյունների կամ դրանց թվային կամ որևէ այլ ձևով ներկայացման ամրագրումը բացառապես ունկնդրելու համար, բացի դրանց ամրագրման այն ձևից, որն ընդգրկված է այլ տեսալսողական ստեղծագործություններում։

2. Հնչյունագիր արտադրող է համարվում ֆիզիկական կամ իրավաբանական այն անձը, որի նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ իրականացվել է կատարման կամ այլ հնչյունների կամ հնչյունների ներկայացման առաջին ամրագրումը:

 

Հոդված 47. Հնչյունագիր արտադրողի իրավունքները

 

1. Հնչյունագիր արտադրողն իրավունք ունի ցանկացած ձևով օգտագործելու իր հնչյունագիրը և հնչյունագրի օգտագործման յուրաքանչյուր ձևի համար ստանալու վարձատրություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։

2. Հնչյունագիր արտադրողը բացառիկ իրավունք ունի արգելելու կամ թույլատրելու երրորդ անձանց իրականացնել հետևյալ գործողությունները՝

ա) հնչյունագրի ուղղակի կամ անուղղակի վերարտադրումը.

բ) հնչյունագրի բնօրինակի կամ օրինակների տարածումը, այդ թվում՝ ներմուծումը.

գ) հնչյունագրի բնօրինակի կամ օրինակների վարձույթով տալը.

դ) հնչյունագրի բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը.

ե) հնչյունագրի հեռարձակումը.

զ) հնչյունագիրը հանրությանը մատչելի դարձնելը։

3. Հնչյունագիր արտադրողն իրավունք ունի նաև արգելելու առանց իր թույլտվության պատրաստված հնչյունագրերի օրինակների ներմուծումը:

4. Եթե օրինական արտադրված հնչյունագրի օրինակները քաղաքացիական շրջանառության մեջ են դրվել վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ ձևով, ապա դրանց հետագա տարածումը, այդ թվում՝ ներմուծումը, իրականացվում է առանց հնչյունագիր արտադրողի համաձայնության և վարձատրության։

5. Առևտրային նպատակով լույս ընծայված հնչյունագրերի օրինակները վարձույթով տալու իրավունքը պատկանում է հնչյունագիր արտադրողին` անկախ այդ հնչյունագրերի օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից: Հնչյունագիր արտադրողը պահպանում է այդպիսի օրինակները վարձույթով տալու համար արդարացի վարձատրություն ստանալու իր իրավունքը, որից հրաժարվելու մասին պայմանագիրն առ ոչինչ է:

6. Հնչյունագիր արտադրողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։

7. Հնչյունագիր արտադրողը կարող է նաև պայմանագրով երրորդ անձանց հնչյունագիրն օգտագործելու թույլտվություն տալ: Պայմանագրում նշվում են հնչյունագրի օգտագործման եղանակն ու ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, պայմանագրի գործողության ժամկետը, տարածքը և այլն:

8. Հնչյունագրի նկատմամբ գույքային իրավունքները կարող են համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։

 

Հոդված 48. Ֆիլմը և ֆիլմի առաջին ամրագրման արտադրողը

 

1. Սույն օրենքի իմաստով «ֆիլմ» նշանակում է տեսալսողական ստեղծագործություն կամ շարժվող պատկերներ՝ ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա:

2. Շարժվող պատկերներ համարվում է միմյանց փոխկապակցված պատկերների ամրագրված շարքը՝ ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա, որը հնարավոր է դիտել, իսկ ձայնի ուղեկցության դեպքում՝ նաև լսել։ Շարժվող պատկերներն ստեղծագործական աշխատանքի արդյունք չեն և հեղինակային իրավունքի օբյեկտ չեն համարվում։

3. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողն այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, ում նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ առաջին անգամ ամրագրվել է ֆիլմը։

 

Հոդված 49. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողի իրավունքները

 

1. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողն իրավունք ունի ցանկացած ձևով օգտագործելու իր ամրագրումը և ամրագրման օգտագործման յուրաքանչյուր ձևի համար ստանալու վարձատրություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց արգելելու կամ թույլատրելու իրականացնել հետևյալ գործողությունները՝

ա) ամրագրման բնօրինակի կամ օրինակների ուղղակի կամ անուղղակի վերարտադրումը.

բ) ամրագրման բնօրինակի կամ օրինակների տարածումը, այդ թվում` ներմուծումը.

գ) ամրագրման բնօրինակի կամ օրինակների վարձույթով տալը.

դ) ամրագրման բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը.

ե) ամրագրման հեռարձակումը.

զ) ամրագրումը հանրությանը մատչելի դարձնելը։

3. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողն իրավունք ունի նաև արգելելու առանց իր թույլտվության պատրաստած ամրագրման օրինակների ներմուծումը:

4. Եթե օրինական արտադրված ֆիլմի ամրագրման օրինակները քաղաքացիական շրջանառության մեջ են դրվել վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցով, ապա դրանց հետագա տարածումը, այդ թվում՝ ներմուծումը, իրականացվում է առանց ֆիլմ արտադրողի համաձայնության և վարձատրության։

5. Առևտրային նպատակով լույս ընծայված ֆիլմի օրինակները վարձույթով տալու իրավունքը պատկանում է ֆիլմի առաջին ամրագրման արտադրողին` անկախ այդ օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից, և պահպանում է այդպիսի օրինակները վարձույթով տալու համար արդարացի վարձատրություն ստանալու իր իրավունքը, որից հրաժարվելու մասին պայմանագիրն առ ոչինչ է:

6. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։

Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողը կարող է պայմանագրով այլ անձանց փոխանցել նաև ֆիլմը օգտագործելու իրավունքը: Պայմանագրում նշվում են ֆիլմի օգտագործման ձևերն ու ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, պայմանագրի գործողության ժամկետը, տարածքը և այլն:

7. Ֆիլմի առաջին ամրագրման նկատմամբ գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։

 

Հոդված 50. Հեռարձակող կազմակերպությունը և նրա հաղորդումը

 

1. Հեռարձակող կազմակերպություն է համարվում այն անձը, որի նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ հեռարձակվում կամ պատրաստվում ու հեռարձակվում են հաղորդումներ։

2. Հեռարձակող կազմակերպության հաղորդում է համարվում տարածման համար նախատեսված պատկերներ և (կամ) հնչյուններ կամ այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված նյութի ամբողջությունը, որը պատրաստել է եթեր հեռարձակող կամ մալուխային կապով հեռարձակող կազմակերպությունը կամ նրա պատվերով և միջոցներով՝ այլ անձ:

 

Հոդված 51. Հեռարձակող կազմակերպության իրավունքները

 

1. Հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի ցանկացած ձևով օգտագործելու իր հաղորդումը և հաղորդման օգտագործման յուրաքանչյուր ձևի համար ստանալու վարձատրություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Հեռարձակող կազմակերպությունը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց արգելելու կամ թույլատրելու իրականացնել հետևյալ գործողությունները՝

ա) հաղորդման ամրագրումը.

բ) ամրագրված հաղորդման ուղղակի կամ անուղղակի վերարտադրումը.

գ) ամրագրված հաղորդման օրինակների տարածումը, այդ թվում` ներմուծումը.

դ) հաղորդման վերահեռարձակումը.

ե) հաղորդման հաղորդումը հանրության համար վճարովի մուտքով վայրերում.

զ) հաղորդումը հանրությանը մատչելի դարձնելը:

3. Հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի նաև արգելելու առանց իր թույլտվության պատրաստված հաղորդման ամրագրման օրինակների ներմուծումը:

4. Հեռարձակող կազմակերպությունը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։

Հեռարձակող կազմակերպությունը կարող է պայմանագրով այլ անձանց փոխանցել նաև հաղորդումն օգտագործելու իրավունքը: Պայմանագրում նշվում են հաղորդման օգտագործման եղանակն ու ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, տարածքը և այլն:

5. Հաղորդման նկատմամբ գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։

 

Հոդված 52.

Հարակից իրավունքների ծագման պայմանները և այդ իրավունքների մասին ծանուցումը

 

1. Հարակից իրավունքների ծագման և իրագործման համար գրանցման կամ որևէ այլ գործողության կատարում չի պահանջվում:

2. Հնչյունագիր արտադրողների հարակից իրավունքների մասին ծանուցելու նպատակով ամրագրման կրիչի յուրաքանչյուր օրինակի կամ դա պարունակող տուփի վրա կարող է դրվել հարակից իրավունքների պահպանության նշանը, որը կազմված է՝

ա) շրջանագծի մեջ վերցված լատինական «P» տառից.

բ) հարակից իրավունքների իրավատիրոջ անունից կամ անվանումից.

գ) հնչյունագրի առաջին լույսընծայման տարեթվից:

 

Հոդված 53.

Կատարողի, հնչյունագիր կամ ֆիլմ արտադրողի, հեռարձակող կազմակերպության իրավունքների սահմանափակումները

 

Առանց կատարողի, հնչյունագիր կամ ֆիլմ արտադրողի կամ հեռարձակող կազմակերպության համաձայնության և վարձատրության` թույլատրվում է օգտագործել կատարումը, հնչյունագիրը, ֆիլմը կամ հաղորդումը՝ կիրառելով սույն օրենքի 22-26-րդ հոդվածներով նախատեսված դրույթները կատարման, հնչյունագրի, ֆիլմի կամ հաղորդման նկատմամբ, եթե նման օգտագործումը չի հակասում կատարման, հնչյունագրի, ֆիլմի կամ հաղորդման, ինչպես նաև դրանց մեջ ընդգրկված գիտության, գրականության և արվեստի բնագավառների ստեղծագործությունների բնականոն օգտագործման պահանջներին և չի վնասում հարակից իրավունքների իրավատերերի և նշված ստեղծագործությունների հեղինակների օրինական շահերը:

 

Հոդված 54. Առևտրային նպատակով լույս ընծայված հնչյունագրի օգտագործումը

 

1. Եթե առևտրային նպատակով լույս ընծայված հնչյունագիրը կամ դրա օրինակը օգտագործվում է ուղղակիորեն հեռարձակման կամ ցանկացած միջոցներով հանրությանը հաղորդելու նպատակով, ապա օգտագործողի կողմից միանվագ արդարացի վարձատրություն է վճարվում կատարողին և հնչյունագիր արտադրողին:

2. Կատարողի և հնչյունագիր արտադրողի միջև վարձատրության բաշխումը կատարվում է նրանց միջև կնքված պայմանագրի համաձայն, իսկ դրա բացակայության դեպքում հասանելիք վարձատրությունը նրանց միջև բաշխվում է հավասարաչափ:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված վարձատրության հավաքումը, կատարողների և հնչյունագրեր արտադրողների միջև բաշխումն իրականացվում է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունների միջոցով։

 

Հոդված 55. Հրատարակչի իրավունքը

 

1. Հրատարակությունների հրատարակչական ձևավորումների նկատմամբ բացառիկ իրավունքները պատկանում են տվյալ ձևավորումն իրականացրած հրատարակչին:

2. Հրատարակիչն իրավունք ունի արգելելու կամ թույլատրելու երրորդ անձանց իր հրատարակությունների հրատարակչական ձևավորումների վերարտադրությունը:

3. Հրատարակիչը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։

4. Հրատարակիչը կարող է պայմանագրով այլ անձանց փոխանցել նաև հրատարակչական ձևավորումն օգտագործելու իրավունքը: Պայմանագրում նշվում են օգտագործման ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, տարածքը և այլն:

5. Հրատարակչական ձևավորման նկատմամբ գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։

 

Հոդված 56. Անտիպ ստեղծագործությունների պահպանությունը

 

Ցանկացած անձ, որը գույքային իրավունքների գործողության ժամկետի ավարտից հետո առաջին անգամ օրինական ճանապարհով հրատարակում կամ այլ միջոցներով հանրությանը մատչելի է դարձնում անտիպ ստեղծագործությունը, օգտվում է հեղինակի՝ սույն օրենքով նախատեսված գույքային իրավունքներին համարժեք իրավունքներից։

 

Հոդված 57.

Քննադատական և գիտական աշխատությունների հրատարակությունների նկատմամբ իրավունքը

 

1. Ցանկացած անձ, որը պատրաստում է հանրության սեփականությունը դարձած աշխատությունների քննադատական կամ գիտական հրատարակությունները, որոնք էականորեն տարբերվում են տվյալ աշխատության արդեն հայտնի հրատարակություններից, օգտվում է հեղինակի՝ սույն օրենքով նախատեսված գույքային իրավունքներին համարժեք իրավունքներից։

2. Սույն հոդվածի առաջին մասի դրույթը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ հանրության սեփականություն դարձած աշխատությունն ինքնին հեղինակային իրավունքի օբյեկտ չէ:

 

Հոդված 58.

Տվյալների բազան և տվյալների բազա պատրաստողը

 

1. Սույն օրենքի իմաստով տվյալների բազան ստեղծագործությունների, տվյալների կամ այլ անկախ նյութերի համակարգված կամ հետևողական ձևով դասավորված հավաքածու է, որի տարրերը անհատապես մատչելի են էլեկտրոնային կամ այլ միջոցներով և որոնց ձեռքբերումը, ճշգրտումը կամ ներկայացումը պահանջում է որակական և (կամ) քանակական էական ներդրում:

2. Սույն օրենքի իմաստով տվյալների բազա պատրաստող է համարվում ցանկացած անձ, որն իր նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ որակապես և (կամ) քանակապես էական ներդրում է կատարել տվյալների բազայի պարունակության ձեռքբերման, ճշգրտման կամ ներկայացման համար:

3. Տվյալների բազայի պարունակության որևէ որակական կամ քանակական էական փոփոխություն, ներառյալ` հաջորդական լրացումների, վերացումների կամ ձևափոխումների հավաքական արդյունքից բխող որևէ էական փոփոխություն, որը հանգեցնում է տվյալների բազայի համար որակական կամ քանակական էական նոր ներդրումների, համարվում է որպես այդ ներդրումից բխող նոր տվյալների բազա:

 

Հոդված 59.

Տվյալների բազա պատրաստողի իրավունքները

 

1. Տվյալների բազա պատրաստողն իրավունք ունի արգելելու տվյալների բազայի ամբողջ պարունակության կամ դրա որակապես և (կամ) քանակապես էական մասի դուրսհանումը և (կամ) վերաօգտագործումը:

2. Սույն օրենքի իմաստով՝

ա) դուրսհանում է համարվում տվյալների բազայի ամբողջ պարունակությունը կամ դրա էական մասը մշտապես կամ ժամանակավորապես ցանկացած միջոցներով կամ եղանակով մեկ այլ միջավայր փոխանցելը.

բ) վերաօգտագործում է համարվում տվյալների բազայի ամբողջ պարունակությունը կամ դրա էական մասը հանրությանը մատչելի դարձնելու ցանկացած ձև՝ օրինակների տարածման, վարձույթով տալու, ուղիղ կապի ռեժիմի (on-line) կամ փոխանցման այլ ձևերի միջոցով։

Տվյալների բազայի բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը հանրության համար մատչելի հաստատության միջոցով դուրսհանում և (կամ) վերաօգտագործում չի համարվում:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքը կարող է կիրառվել անկախ տվյալների բազայի պարունակության հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների պահպանությունից կամ պահպանության առարկա լինելուց և չպետք է վնասի տվյալների բազայում ընդգրկված ստեղծագործությունների հեղինակների իրավունքները կամ հարակից իրավունքները:

4. Տվյալների բազայի պարունակության ոչ էական մասերի կրկնվող կամ հետևողական դուրսհանումը և (կամ) վերաօգտագործումը չի թույլատրվում, եթե այդ գործողությունները հակասում են տվյալների բազայի բնականոն օգտագործման պահանջներին կամ անհիմն վնասում են տվյալների բազա պատրաստողի օրինական շահերը:

5. Տվյալների բազա պատրաստողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։

Տվյալների բազա պատրաստողը կարող է պայմանագրով այլ անձանց տրամադրել նաև տվյալների բազայի օգտագործման իրավունքը: Պայմանագրում նշվում են տվյալների բազայի օգտագործման եղանակն ու ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, տարածքը և այլն:

6. Տվյալների բազայի նկատմամբ սույն հոդվածով նախատեսված գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։

 

Հոդված 60.

Տվյալների բազան օրինական օգտագործողների իրավունքներն ու պարտականությունները

 

1. Տվյալների բազա պատրաստողը չի կարող որևէ եղանակով հանրությանը մատչելի դարձած տվյալների բազան օրինական օգտագործողին արգելել դրա պարունակության որակական և (կամ) քանակական ոչ էական մասերի ցանկացած նպատակով դուրսհանումը և (կամ) վերաօգտագործումը։ Եթե տվյալների բազայի օրինական օգտագործողը լիազորված է դուրս հանել և (կամ) վերաօգտագործել տվյալների բազայի միայն մի մասը, ապա սույն դրույթը կիրառվում է միայն այդ մասի նկատմամբ:

2. Որևէ եղանակով հանրությանը մատչելի դարձած տվյալների բազան օրինական օգտագործողի գործողությունները չպետք է հակասեն տվյալների բազայի բնականոն օգտագործման պահանջներին կամ անհիմն վնասեն տվյալների բազա պատրաստողի օրինական շահերը։

3. Որևէ եղանակով հանրությանը մատչելի դարձած տվյալների բազան օրինական օգտագործողը չպետք է որևէ ձևով վնաս պատճառի տվյալների բազայում ընդգրկված ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների նկատմամբ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջը:

4. Որևէ եղանակով հանրությանը մատչելի դարձած տվյալների բազան օրինական օգտագործողն առանց տվյալների բազա պատրաստողի թույլտվության կարող է դուրս հանել կամ վերաօգտագործել դրա պարունակության էական մասը՝

ա) ոչ էլեկտրոնային տվյալների բազայի պարունակությունն անձնական օգտագործման նպատակով դուրս հանելու դեպքում. 

բ) ուսուցման կամ գիտական հետազոտությունների լուսաբանման նպատակներով դուրսհանման դեպքում՝ ոչ առևտրային նպատակն արդարացնող ծավալով, սկզբնաղբյուրի պարտադիր նշումով.

գ) հասարակության անվտանգության կամ վարչական կամ դատական ընթացակարգի նպատակներով դուրսհանման և (կամ) վերաօգտագործման դեպքում:

 

Հոդված 61.

Հարակից իրավունքների գործողության ժամկետները

 

1. Կատարողի գույքային իրավունքները ծագում են կատարման պահից և գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում կատարման ամրագրումն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի է դարձել, ապա կատարողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) և գործում են 50 տարի։

2. Հնչյունագիր արտադրողի գույքային իրավունքները ծագում են ամրագրման պահից և գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում հնչյունագիրն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի է դարձել, ապա հնչյունագիր արտադրողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) և գործում են 50 տարի։

3. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողի գույքային իրավունքները ծագում են ամրագրման պահից և գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում ֆիլմը օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի դարձել, ապա ֆիլմ արտադրողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) և գործում են 50 տարի:

4. Հաղորդման նկատմամբ հեռարձակող կազմակերպության գույքային իրավունքները ծագում են առաջին հեռարձակման պահից և գործում են 50 տարի։

5. Հրատարակչի իրավունքը ծագում է ստեղծագործության հրատարակման պահից և գործում է 50 տարի:

6. Տվյալների բազա պատրաստողի իրավունքները ծագում են տվյալների բազայի պատրաստումն ավարտելու պահից և գործում են 15 տարի։

Եթե մինչև նշված ժամկետի ավարտը տվյալների բազան որևէ եղանակով մատչելի է դարձել հանրությանը, ապա տվյալների բազա պատրաստողի գույքային իրավունքների պահպանության ժամկետը հաշվարկվում է տվյալների բազան առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից:

7. Անտիպ ստեղծագործության նկատմամբ իրավունքները ծագում են առաջին անգամ օրինական ճանապարհով դրա հրատարակման կամ այլ միջոցներով հանրությանը մատչելի դարձնելու պահից և գործում են 25 տարի։

8. Քննադատական և գիտական աշխատությունների հրատարակությունների նկատմամբ իրավունքները ծագում են ստեղծագործության առաջին օրինական հրատարակման պահից և գործում են 30 տարի։

9. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:

 

Հոդված 62.

Հեղինակի և հարակից իրավունքների իրավատերերի իրավունքների փոխհարաբերությունները

 

1. Կատարողներն իրենց իրավունքները պետք է իրականացնեն առանց վնաս հասցնելու ստեղծագործության հեղինակի իրավունքներին:

2. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողները, հնչյունագիր արտադրողները չպետք է վնաս հասցնեն հեղինակների և կատարողների իրավունքներին:

3. Հեռարձակող կազմակերպությունները չպետք է վնաս հասցնեն հեղինակների, կատարողների, հնչյունագիր և ֆիլմ արտադրողների իրավունքներին:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 63.

Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունները

 

1. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի գույքային իրավունքների կառավարումն ապահովելու նպատակով, երբ այդ իրավունքների իրականացումն անհատական կարգով գործնականում դժվար է կամ անհնար, ստեղծվում են գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող ոչ առևտրային, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններ (այսուհետ՝ կազմակերպություն):

Այդպիսի կազմակերպությունները ստեղծվում են անմիջականորեն հեղինակների կամ հարակից իրավունքների իրավատերերի կողմից և իրականացնում են գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարումը նրանցից գրավոր պայմանագրով ստացված լիազորությունների շրջանակում։

Գրանցման են ենթակա այն կազմակերպությունները, որոնք ներկայացնում են իրավատերերի զգալի մասին և ունեն իրենց գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և անձնակազմ։

Նույն կատեգորիայի իրավունքների (հրապարակային կատարման, ձայնագրության միջոցով վերարտադրության, կերպարվեստի ստեղծագործության վերավաճառքից վարձատրության, հեռարձակման, մալուխային կապով հաղորդման, անձնական նպատակով վերարտադրության, կատարողների և հնչյունագիր արտադրողների իրավունքների) կոլեկտիվ հիմունքներով կառավարման նպատակով չի կարող ստեղծվել մեկից ավելի կազմակերպություն:

Կոլեկտիվ հիմունքներով կարող են իրականացվել՝

ա) հրապարակային կատարման,

բ) հանրությանը հաղորդման,

գ) ձայնատեսագրության միջոցով վերարտադրության,

դ) հեռարձակման և վերահեռարձակման,

ե) մալուխային կապով հաղորդման և վերահաղորդման գույքային իրավունքների կառավարումը:

2. Օգտագործման որևէ ձևի համար գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության առկայության դեպքում սույն հոդվածով նախատեսված իրավունքներն իրականացվում են կազմակերպության միջոցով։

3. Կոլեկտիվ հիմունքներով կառավարվում է վարձատրության իրավունքը հետևյալ դեպքերում՝

ա) առևտրային նպատակով արտադրված հնչյունագիրը՝ հեռարձակման, վերահեռարձակման, մալուխով հաղորդման կամ վերահաղորդման միջոցով օգտագործելու.

բ) առևտրային նպատակով արտադրված հնչյունագրում ամրագրված կատարումը՝ հեռարձակման, վերահեռարձակման, մալուխով հաղորդման կամ վերահաղորդման միջոցով օգտագործելու.

գ) կերպարվեստի ստեղծագործության վերավաճառքի.

դ) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները կամ կատարման ձայնագրության կամ ձայնատեսագրության օրինակը վարձույթով տալու.

ե) ստեղծագործությունները, կենդանի կատարումը կամ հնչյունագրում ամրագրված կատարումը (բացառությամբ առևտրային նպատակով արտադրված հնչյունագրերում ամրագրվածների), ինչպես նաև տեսալսողական ամրագրումներն ու հնչյունագրերը մալուխային վերահաղորդման միջոցով օգտագործելու:

4. Կազմակերպությունը հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերից, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող նույնատիպ կազմակերպություններից համապատասխան պայմանագրերով ստացված լիազորությունների սահմաններում լիցենզային պայմանագրերով թույլատրում է օգտագործողներին օգտագործելու ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը, իրականացնում է հեղինակային վարձատրության հաշվարկումն ու հավաքումը օգտագործող կազմակերպություններից:

5. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտներին առնչվող հարաբերությունները կազմակերպության և օգտագործողների միջև կարգավորվում են լիցենզային պայմանագրով։ Պայմանագրի պայմանները պետք է միանման լինեն նույն կատեգորիայի բոլոր օգտագործողների համար։ Կազմակերպությունը չի կարող հրաժարվել օգտագործողների հետ պայմանագիր կնքելուց` առանց բավարար հիմքերի։

6. Հասարակական միջոցառումներ կազմակերպողները և հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների օբյեկտների այլ օգտագործողները չեն կարող հրաժարվել կազմակերպության հետ լիցենզային պայմանագիր կնքելուց` առանց բավարար հիմքերի։ Օգտագործողները նախապես ձեռք են բերում սույն օրենքով նախատեսված թույլտվությունը և օգտագործումից հետո` 15 օրվա ընթացքում, գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությանն են ներկայացնում օգտագործված ստեղծագործությունների ցանկը, հեղինակներին հասանելիք վարձատրության ճշգրիտ հաշվարկման ու բաշխման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

7. Հեռարձակող կազմակերպությունները յուրաքանչյուր ամիս գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությանն են ներկայացնում հեռարձակված ստեղծագործությունների ցանկը։

 

Հոդված 64.

Կազմակերպության գործառույթները

 

1. Կազմակերպությունն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) կնքում է օգտագործողների հետ լիցենզային պայմանագրեր՝ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման վերաբերյալ.

բ) համաձայնեցնում է օգտագործողների հետ վարձատրության չափը և լիցենզային պայմանագրի այլ պայմաններ.

գ) համաձայնեցնում է օգտագործողների հետ վարձատրության չափը սույն օրենքով նախատեսված այն դեպքերի համար, երբ վարձատրության հավաքումը կազմակերպությունն իրականացնում է առանց լիցենզային պայմանագիր կնքելու (օրինակ՝ վարձույթով տալը, առևտրային նպատակով հնչյունագրերի օգտագործումը և այլն).

 դ) հավաքում է ստեղծագործության կամ հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման համար սույն հոդվածի «բ» և «գ» կետերով նախատեսված վարձատրությունը, բաշխում և վճարում իր կողմից ներկայացվող հեղինակային կամ հարակից իրավունքների իրավատերերին.

ե) իրավատերերի ցանկության դեպքում ի պահ է վերցնում հեղինակի ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը և տալիս այդ մասին համապատասխան փաստաթուղթ.

զ) կնքում է փոխադարձ պահպանության համաձայնագրեր օտարերկրյա պետություններում գործող նմանատիպ կազմակերպությունների հետ.

է) հավաքում, բաշխում ու վճարում իրականացնելիս առաջացած փաստացի ծախսերը ծածկելու համար հավաքված գումարներից սահմանված կարգով կատարում է մասհանում.

ը) պահպանվող և չպահպանվող օբյեկտների միաժամանակյա օգտագործման դեպքում չպահպանվող օբյեկտների օգտագործման համար հաշվարկված գումարը փոխանցում է հատուկ հիմնադրամներ, որոնք ստեղծվում են իր կողմից՝ իր ներկայացրած հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի համաձայնությամբ և ի շահ նրանց.

թ) հեղինակին կամ հարակից իրավունքների իրավատիրոջն օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետում չհայտնաբերելու դեպքում նրան հասանելիք գումարն օգտագործում է ի շահ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների այլ իրավատերերի և կազմակերպության զարգացման.

ժ) իրականացնում է այլ գործողություններ՝ համաձայն հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերերի կողմից տրված լիազորությունների.

ժա) կատարում է ցանկացած իրավաբանական գործողություն, որն անհրաժեշտ է իր կողմից կառավարվող իրավունքների պաշտպանության համար.

ժբ) իրավատերերի ցանկությամբ նրանց ներկայացնում է ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման մասին տեղեկատվություն։

2. Կազմակերպությունը սույն օրենքով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5


ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 65.

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտում համարվող գործողությունները

 

1. Սույն օրենքով պահպանվող ստեղծագործության կամ դրա էական մասի կամ հարակից իրավունքների օբյեկտի ցանկացած օգտագործում անօրինական է, եթե նախապես, մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ թույլտվությունը։

Ստեղծագործության էական մաս է համարվում ստեղծագործության որևէ մասը, որը տվյալ ստեղծագործությանը ծանոթ ցանկացած անձ ինքնուրույն կարող է նույնականացնել որպես այդ ստեղծագործության մաս։

2. Անձը, որը չի կատարում սույն օրենքի պահանջները, համարվում է հեղինակային իրավունքը կամ հարակից իրավունքները խախտող։

3. Առանց իրավատիրոջ թույլտվության պատրաստված կամ տարածված իրավունքի օբյեկտի օրինակները համարվում են կեղծ կամ նմանակված (կոնտրաֆակտ)։

Նմանակված օրինակ է համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքով պահպանվող ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) այն օրինակը, որն առանց հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի համաձայնության Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում այլ պետություններից, որտեղ այդ ստեղծագործությունը, հնչյունագիրը (կամ տեսագրությունը) երբևէ չի պահպանվել, կամ դադարել է դրա պահպանությունը:

4. Ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը առանց դրանց ստեղծագործական վերամշակման և առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման և որպես իրենը ներկայացնելը կամ ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը համարվում է գրագողություն։

5. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների խախտման համար նախատեսվում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 66.

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանությունը

 

1. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան:

2. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով, դատական կարգով, իր իրավունքները խախտողից կարող է պահանջել՝

ա) իր իրավունքների ճանաչում.

բ) մինչև իրավախախտումը գոյություն ունեցող դրության վերականգնում և իրավունքը խախտող կամ խախտման վտանգ պարունակող գործողությունների կասեցում.

գ) նմանակված օրինակների, դրանց պատրաստման համար օգտագործվող նյութերի ու սարքավորումների բռնագրավում կամ ոչնչացում.

դ) վնասի հատուցում (ներառյալ՝ բաց թողնված օգուտը)` օրենքով սահմանված կարգով.

 ե) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ փաստացի խախտման վնասին համարժեք վնասների հատուցում, ներառյալ՝ բաց թողնված օգուտը.

զ) դատական վճռի հրապարակումը Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվության միջոցներով՝ դատարանի կողմից նախատեսված չափով և մասով, իրավախախտողի միջոցների հաշվին.

է) իր իրավունքների պաշտպանության հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների կիրառում:

3. Սույն հոդվածի երկրորդ մասի «գ», «դ» և «ե» կետերում նշված միջոցների ընտրության իրավունքը պատկանում է հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջը:

4. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերը կարող է պահանջել, որ այն անձինք, ովքեր որևէ կերպ առնչվում են սույն օրենքով պահպանվող իրավունքների խախտմանը (արտադրողներ, տպագրողներ, ներկրողներ, նմանակված օրինակներ կամ իրավախախտում առաջացնող սարքավորումներ տիրապետողներ), պահանջի դեպքում անմիջապես տեղեկություններ հայտնեն կեղծ օրինակների արտադրությանը և տարածմանը մասնակցող երրորդ անձանց, ինչպես նաև այդ օրինակների ձեռքբերման աղբյուրների ու տարածման ուղիների մասին և ներկայացնեն խախտմանն առնչվող փաստաթղթերը։

Սույն մասում նշված անձինք, որոնք հրաժարվում են տրամադրել պահանջված տեղեկությունը կամ փաստաթղթերը, պատասխանատվություն են կրում այն վնասների համար, որոնք կարող են պատճառվել նշված պարտականությունը կատարելուց հրաժարվելու հետևանքով։

5. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ չպահանջած նմանակված օրինակները, ինչպես նաև դրանց ստեղծման և վերարտադրման համար օգտագործված նյութերն ու սարքավորումները դատարանի վճռով կարող են ոչնչացվել:

 

Հոդված 67.

Տեխնիկական միջոցների պաշտպանությունը

 

1. Ցանկացած անձ, որը, գիտակցաբար կամ գիտակցելու համար բավարար հիմքեր ունենալով, շրջանցում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության տեխնիկական միջոցները, պատրաստում, ներմուծում, տարածում, վաճառում, վարձույթով տալիս, վաճառքի կամ վարձույթով տալու համար գովազդում կամ առևտրային նպատակներով տնօրինում է սարքեր, արտադրանք կամ բաղադրամասեր կամ մատուցում է ծառայություններ` 

ա) որոնք առաջադրվում, գովազդվում կամ շուկա են հանվում հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության տեխնիկական միջոցները շրջանցելու նպատակով,  

բ) որոնց օգտագործման և (կամ) կիրառման արդյունքի հիմնական նպատակը հանդիսանում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության ցանկացած տեխնիկական միջոցի շրջանցումը,

գ) որոնք ի սկզբանե նախատեսված, արտադրված, հարմարեցված կամ կատարված են հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության տեխնիկական միջոցների շրջանցման հնարավորություն ստեղծելու կամ շրջանցումը հեշտացնելու նպատակով՝

ենթարկվում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման համար նախատեսված պատասխանատվությանը համարժեք պատասխանատվության:

2. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության տեխնիկական միջոցներ են համարվում ցանկացած սարքեր կամ դրանց բաղադրիչ մասերը, որոնք նախատեսված են բնականոն օգտագործման ընթացքում արգելելու կամ սահմանափակելու ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների նկատմամբ այն գործողությունները, որոնք թույլատրված չեն հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ կողմից:

Տեխնիկական միջոցը համարվում է արդյունավետ, եթե պահպանվող ստեղծագործության կամ այլ օբյեկտների օգտագործումը վերահսկվում է իրավատիրոջ կողմից՝ կիրառելով մուտքի վերահսկման կամ պաշտպանության գործընթացներ, ինչպիսիք են պաշտպանության ապահովման նպատակով ստեղծագործության կամ այլ օբյեկտի կոդավորումը, խառնաշփոթ դասավորումը կամ այլ ձևափոխումը կամ պատճենումը վերահսկելու մեխանիզմը:

 

Հոդված 68.

Իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվության պաշտպանությունը

 

1. Ցանկացած անձ, որը գիտակցաբար՝

ա) առանց թույլտվության վերացնում կամ փոխում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կառավարման վերաբերյալ ցանկացած էլեկտրոնային տեղեկատվությունը,

բ) տարածում է, տարածման նպատակով ներմուծում, հեռարձակում, հանրությանը հաղորդում կամ մատչելի է դարձնում սույն օրենքով պահպանվող ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը, որի վրա իրավունքների կառավարման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվությունը վերացվել կամ փոփոխվել է առանց թույլտվության,

գ) գիտակցում է կամ բավականաչափ հիմքեր ունի գիտակցելու, որ այդպիսի գործողություններով նա դրդում, հնարավորություն է տալիս, նպաստում է հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների որևէ խախտման կամ թաքցնում է դա՝

ենթարկվում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման համար նախատեսված պատասխանատվությանը համարժեք պատասխանատվության:

2. Իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվություն է համարվում իրավատերերի կողմից տրամադրված ցանկացած տեղեկատվություն, որը նույնականացնում է ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը, հեղինակին կամ հարակից իրավունքների իրավատերերին կամ ստեղծագործության կամ հարակից իրավունքների օբյեկտի օգտագործման պայմանների և ժամկետների մասին տեղեկատվությունը և այդպիսի տեղեկատվություն պարունակող կամ ներկայացնող համապատասխան թվերը կամ կոդերը, որոնք նշված են ստեղծագործության կամ հարակից իրավունքների օբյեկտի օրինակի վրա կամ ի հայտ են գալիս ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը հանրությանը հաղորդելիս:

 

Հոդված 69.

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման վերաբերյալ հայցի ապահովման միջոցները

 

1. Դատարանը կարող է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով, գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկել՝ արգելանք դնել ստեղծագործությունների, տվյալների բազաների, հնչյունագրերի կամ տեսագրությունների ենթադրվող նմանակված բոլոր օրինակների, ինչպես նաև դրանց ստեղծման և վերարտադրման համար նախատեսված նյութերի ու սարքավորումների վրա, արգելել որոշակի գործողությունների կատարումը:

2. Դատարանն իրավասու է արգելելու նմանակված օրինակների, ներառյալ` ներմուծված օրինակների մուտքն առևտրային ցանց այդ ապրանքների մաքսազերծումից հետո, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել, որ այն օրինակները, որոնք նմանակված են ճանաչվել, հանվեն առևտրային ցանցից իրավախախտողի հաշվին՝ առանց փոխհատուցման և առանց իրավատիրոջը վնաս պատճառելու, կամ ոչնչացվեն։

3. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների խախտման դեպքում ներկայացված կամ հետագայում ներկայացվելիք քաղաքացիական հայցի ապահովման նպատակով դատարանն իրավունք ունի անմիջականորեն կալանք դնելու ենթադրվող նմանակված բոլոր օրինակների, ինչպես նաև դրանց ստեղծման և վերարտադրման համար նախատեսված նյութերի ու սարքավորումների վրա, անհրաժեշտության դեպքում՝ դրանք առգրավելու և ոչնչացնելու:

 

Գ Լ ՈՒ Խ  6


ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 70.

Օրենքի գործողությունը

 

1. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների և կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ տվյալ ստեղծագործության ստեղծման կամ հրապարակման վայրից։

2. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների կամ կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, սակայն նրանց ստեղծագործությունները կամ կատարումներն առաջին անգամ լույս են ընծայվել Հայաստանի Հանրապետությունում, եթե հեղինակը կամ կատարողը Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձ է։

Ստեղծագործությունը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին անգամ լույս ընծայված է համարվում նաև, եթե առաջին անգամ այլ պետության տարածքում լույս ընծայվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, լույս է ընծայվում Հայաստանի Հանրապետության տարածքում:

3. Սույն օրենքի դրույթները կիրառվում են նաև հնչյունագրերի նկատմամբ, որոնց արտադրողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են կամ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձինք։ Օտարերկրյա հնչյունագիր արտադրողի հնչյունագրերի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի երկրորդ մասի դրույթները։

4. Սույն հոդվածի երրորդ մասի դրույթները համապատասխանաբար կիրառվում են ֆիլմերի, ռադիոհեռուստատեսային հաղորդումների, անտիպ ստեղծագործությունների հրատարակությունների, ինչպես նաև տվյալների բազաների նկատմամբ։

 

Հոդված 71.

Օտարերկրյա անձանց իրավունքները

 

Օտարերկրյա պետությունների քաղաքացիները կամ ռեզիդենտները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով, օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ռեզիդենտներին հավասար:

 

Հոդված 72.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործող հեղինակային իրավունքը և հարակից իրավունքները շարունակում են գործել սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան և ժամկետներում:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների այն օբյեկտների վրա, որոնց նկատմամբ նախկինում ձեռք բերած իրավունքների գործողության ժամկետները նախկին օրենսդրությամբ լրացած էին, սակայն սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված գործողության ժամկետները դեռևս չեն լրացել:

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերի դրույթները կիրառվում են նաև հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների այն օբյեկտների նկատմամբ, որոնք ստեղծվել, պատրաստվել, հանրությանը մատչելի են դարձվել, կատարվել, հրատարակվել կամ հեռարձակվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, պայմանով, որ ծագման երկրի օրենսդրությամբ դրանց նկատմամբ վերապահված իրավունքների գործողության ժամկետը չի լրացել (անկախ նախկին գործողություններից), և այդ երկիրը հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բնագավառի՝ Հայաստանի Հանրապետության որևէ միջազգային պայմանագրի կողմ է, եթե միջազգային պայմանագրով կամ այդ երկրի օրենսդրությամբ նույնպիսի պահպանություն է ընձեռվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված, հրատարակված, պատրաստված, հանրությանը մատչելի դարձված, կատարված կամ հեռարձակված հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտներին:

4. Սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` պահպանվող օբյեկտների՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրինական վերարտադրված օրինակները կարող են ազատ տարածվել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում:

5. Սույն օրենքի դրույթները կիրառվում են նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ավելի, քան 15 տարի առաջ պատրաստված տվյալների բազաների նկատմամբ:

 

Հոդված 73.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Ուժը կորցրած ճանաչել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (8 դեկտեմբերի 1999 թվականի, ՀՕ-28):

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հուլիսի 4
Երևան
ՀՕ-142-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.09.2013, ՀՕ-106-Ն 09.11.2013, ՀՕ-142-Ն
18.03.2013, ՀՕ-22-Ն 05.05.2013, ՀՕ-142-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան