Գլխավոր տեղեկություն
Համար
N 1315-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.03.2022-15.03.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.11/83(1172) Հոդ.1020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2015 թվականի N 1315-Ն

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 59-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման կարգը հաստատելու մասին» N 59-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշման

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում բուծվող կենդանիները ենթակա են համարակալման:

3. Կենդանիների համարակալումը գյուղատնտեսական կենդանիների (բացառությամբ թռչունների, մեղուների) և տնային կենդանիների ականջներին ծածկագրավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների կամ մարմնի որոշակի մասերին էլեկտրոնային չիպերի` կրիչների ամրացումն է, որը հնարավորություն է ընձեռում անհատականացնելու և հաշվառելու կենդանիներին։

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

4. Կենդանիների համարակալման աշխատանքներն իրականացվում են համայնքն սպասարկող անասնաբույժի միջոցով, որի հետ հարաբերությունները կարգավորվում են համապատասխան պայմանագրով:

5. Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջների բաղկացուցիչ մասերն են՝

1) ականջապիտակները, որոնք պետք է պատրաստված լինեն ջերմակայուն պոլիմերային նյութից. «իգական» կցամասի երկարությունը՝ 65 մմ-ից մինչև 85 մմ, լայնությունը՝ 50 մմ-ից մինչև 65 մմ, իսկ «արական» կցամասի երկարությունը՝ 55 մմ-ից մինչև 75 մմ, լայնությունը՝ 50 մմ-ից մինչև 65 մմ, երկկողմանի ընթեռնելի նույնանման նիշերով պիտակներն ամրացվում են կենդանու ձախ և աջ ականջներին՝ նախատեսված հատուկ դակիչով.

2) անձնագիրը՝ խոշոր եղջերավոր կենդանիների համար, որը հատկացվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ականջապիտակ ունեցող յուրաքանչյուր կենդանու համար։ Կենդանու անձնագրում ներառվում են կենդանու հաշվառման համարը, ծննդյան տարեթիվը, սեռը, ցեղը, տեղաշարժի մասին տվյալները, անասնաբուժական միջոցառումների անվանումները և դրանց իրականացման ժամկետները, սպանդի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ամիսը, ամսաթիվը, տարեթիվը։ Անձնագիրը լրացնելուց հետո այն տրվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ նրանց կողմից լիազորված անձին.

3) գրանցամատյանը, որը վարում է համայնքն սպասարկող անասնաբույժը, և որում մուտքագրվում են համարակալված կենդանու անհատական տվյալները, կենդանու շարժի, սպանդի, անկման, անասնաբուժական կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների անվանումներն ու իրականացման ժամկետները.

4) էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով մուտքագրվում է կենդանու առողջության, համարակալման ու հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը: Անհրաժեշտության դեպքում այն հնարավորություն է ընձեռում վերլուծելու և ապահովելու ձևավորվող տվյալների բազայի անվտանգությունն ու պահպանումը:

(5-րդ կետը խմբ. 10.09.20 N 1493-Ն, փոփ. 03.03.22 N 257-Ն)

6. Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջների բաղկացուցիչ մասերն են՝

1) ականջապիտակները, որոնք պետք է պատրաստված լինեն ջերմակայուն պոլիմերային նյութից. մինչև 40 մմ երկարությամբ և 38 մմ լայնությամբ, երկկողմանի ընթեռնելի նույնանման նիշերով պիտակներն ամրացվում են կենդանու ձախ ականջին՝ նախատեսված հատուկ դակիչով.

2) անձնագիրը՝ մանր եղջերավոր կենդանիների համար, որը հատկացվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ականջապիտակ ունեցող յուրաքանչյուր կենդանու համար։ Կենդանու անձնագրում ներառվում են կենդանու հաշվառման համարը, ծննդյան տարեթիվը, սեռը, ցեղը, տեղաշարժի մասին տվյալները, անասնաբուժական միջոցառումների անվանումները և դրանց իրականացման ժամկետները, սպանդի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ամիսը, ամսաթիվը, տարեթիվը։ Անձնագիրը լրացնելուց հետո այն տրվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ նրանց կողմից լիազորված անձին.

3) գրանցամատյանը, որը վարում է համայնքն սպասարկող անասնաբույժը և որում մուտքագրվում են համարակալված կենդանու անհատական տվյալները, կենդանու շարժի, սպանդի, անկման, անասնաբուժական կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների անվանումներն ու իրականացման ժամկետները.

4) էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով մուտքագրվում է կենդանու առողջության, համարակալման ու հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, և որն ապահովում է ձևավորվող տվյալների բազայի անվտանգությունն ու պահպանումը:

(6-րդ կետը փոփ., խմբ. 10.09.20 N 1493-Ն)

7. Հայաստանի Հանրապետությունում խոզերի համարակալմանը ներկայացվող պահանջների բաղկացուցիչ մասերն են՝

1) ականջապիտակները` կենդանիների խմբերի համարով.

2) գրանցամատյանը, որը վարում է համայնքն սպասարկող անասնաբույժը, և որում մուտքագրվում են համարակալված կենդանիների խմբերի, կենդանիների շարժի, սպանդի, անկման վերաբերյալ տվյալները, անասնաբուժական կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների անվանումներն ու իրականացման ժամկետները.

3) էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով մուտքագրվում է կենդանու առողջության, համարակալման ու հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, և որն ապահովում է ձևավորվող տվյալների բազայի անվտանգությունն ու պահպանումը:

8. Հայաստանի Հանրապետությունում միասմբականի կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջների բաղկացուցիչ մասերն են`

1) միկրոչիպը. մինչև 13 մմ երկարությամբ և 2 մմ տրամագծով (բրնձի հատիկի չափ) տեղակայվում է կենսաապակուց պատրաստված պատիճի մեջ, որն օրգանիզմի համար անվնաս է, և որը ներմաշկային եղանակով ներարկվում է մեկանգամյա օգտագործման համար նախատեսված հատուկ ներարկիչի միջոցով.

2) տեսածրիչը (սկաներ), որի միջոցով հնարավորություն է ընձեռվում ընթերցելու կենդանու անհատական համարը (15 սմ-1 մ հեռավորության վրա), որն արտացոլվում է սկաների էկրանի վրա.

3) էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով մուտքագրվում է կենդանու առողջության, համարակալման ու հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, և որն ապահովում է ձևավորվող տվյալների բազայի անվտանգությունն ու պահպանումը:

9. Հայաստանի Հանրապետությունում տնային կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջների բաղկացուցիչ մասերն են`

1) միկրոչիպը. մինչև 13 մմ երկարությամբ և 2 մմ տրամագծով (բրնձի հատիկի չափ) տեղակայվում է կենսաապակուց պատրաստված պատիճի մեջ, որն օրգանիզմի համար անվնաս է, և որը ներմաշկային եղանակով ներարկվում է մեկանգամյա օգտագործման համար նախատեսված հատուկ ներարկիչի միջոցով.

2) տեսածրիչը (սկաներ), որի միջոցով հնարավորություն է ընձեռվում ընթերցելու կենդանու անհատական համարը (15 սմ-1 մ հեռավորության վրա), որն արտացոլվում է սկաների էկրանի վրա.

3) էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով մուտքագրվում է կենդանու առողջության, համարակալման ու հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, և որն ապահովում է ձևավորվող տվյալների բազայի անվտանգությունն ու պահպանումը:

10. Լիազոր մարմնի կողմից իրականացվում է հաշվառված կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակման և տեղեկատվական համակարգի վարման կարգը:

 

III. ԱԿԱՆՋԱՊԻՏԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ

 

11. Եթե կենդանուն ամրացված ականջապիտակը դարձել է անընթեռնելի, վնասվել կամ կորել է, ապա անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք 7-օրյա ժամկետում տեղեկացնում են համայնքն սպասարկող անասնաբույժին՝ նոր հաշվեպիտակ ստանալու համար: Վնասված ականջապիտակը հանվում է կենդանու ականջից, և 30 օրվա ընթացքում ամրացվում է նոր ականջապիտակ` համապատասխան փոփոխություն կատարելով կենդանու անձնագրում և գրանցամատյանում:

(11-րդ կետը փոփ. 10.09.20 N 1493-Ն)

12. Եթե անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կենդանու անձնագրում և հաշվառման գրանցամատյանում հայտնաբերում են գրանցումների անճշտություն, կամ անձնագիրը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, ապա անձնագրի փոխարինման համար դիմում են համայնքն սպասարկող անասնաբույժին` ներկայացնելով փոխարինման ենթակա անձնագիրը:

(12-րդ կետը փոփ. 10.09.20 N 1493-Ն)

13. Անձնագրի կորստի դեպքում՝ անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք 7 օրվա ընթացքում դիմում են համայնքն սպասարկող անասնաբույժին և ստանում նոր անձնագիր: Նոր անձնագրում պետք է լինի «Կրկնօրինակ» նշումը:

(13-րդ կետը փոփ. 10.09.20 N 1493-Ն)

14. Համայնքն սպասարկող անասնաբույժը վնասված կամ կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիրը տալիս է 14 օրվա ընթացքում: Նոր տրված անձնագրում պետք է գրանցվեն նախկին անձնագրում ամրագրված կենդանու անհատականացման բոլոր համարները, ինչպես նաև տվյալներ իրականացված անասնաբուժական միջոցառումների մասին:

15. Կենդանու հարկադիր սպանդի կամ անկման դեպքում՝ անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք անհապաղ տեղեկացնում են համայնքն սպասարկող անասնաբույժին և 7 օրվա ընթացքում հանձնում են կենդանու անձնագիրն ու ականջապիտակը: Հանձնված անձնագրերն ու ականջապիտակներն ակտավորվում և ոչնչացվում են:

(15-րդ կետը փոփ. 10.09.20 N 1493-Ն)

16. Վնասված կամ կորած ականջապիտակները և անձնագրերը սահմանված ժամկետում նորով չփոխարինվելու, ինչպես նաև դրա վերաբերյալ համայնքն սպասարկող անասնաբույժին չտեղեկացվելու դեպքում նշված կենդանին հանվում է տեղեկատվական համակարգի հաշվառումից:

17. Այլ երկրներից ներմուծվող կենդանիները պետք է համարակալվեն 30 օրվա ընթացքում:

(հավելվածը խմբ., փոփ. 10.09.20 N 1493-Ն, փոփ. 03.03.22 N 257-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.03.2024, N 357-Ն 15.03.2024, N 1315-Ն
03.03.2022, N 257-Ն 04.03.2022, N 1315-Ն
10.09.2020, N 1493-Ն 16.09.2020, N 1315-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան